Խմբակցությունների` լսումներ հրավիրելու սահմանափակումները հանելու նախագիծը չընդգրկվեց քառօրյայի օրակարգ |hetq.am|
12:03 - 26 մայիսի, 2020

Խմբակցությունների` լսումներ հրավիրելու սահմանափակումները հանելու նախագիծը չընդգրկվեց քառօրյայի օրակարգ |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենք»-ում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը չընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Նախագիծը չէր ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, և օրակարգ ներառվելու համար պիտի քվեարկության ներկայացվեր:

Մինչ քվեարկությունը նախագիծը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` ասելով, որ նախագիծը վերաբերում է խորհրդարանական լսումներին, ապա հիշեցրեց, որ նմանատիպ նախագծեր հեղինակել են նաև ԲՀԿ պատգամավորները:

«Մեր նախաձեռնությունը տարբերվում է նրանով, որ մենք խմբակցություններին վերապահվող` լսումներ անցկացնելու իրավունքը մեկ հնարավորությունից դարձնում ենք անսահման, սահմանանափակումները հանում ենք»,-ասաց նա:

Սիմոնյանի խոսքով`գործող օրենքով կա ևս մեկ սահմանափակում. խմբակցությունը կարող է լսում հրավիրել միայն այն հարցով, որի կապակցությամբ  խմբակցությունը կամ խմբակցության պատգամավորները նախագիծ են հեղինակել:

«Առաջարկում ենք, որ սահմանափակված չլինենք որևէ առարկայով, սա խորհրդարանական մշակույթի զարգացման տեսանկյունից անհրաժեշտ քայլ է: Առաջարկում եմ հնարավորություն տանք այս հարցը քննարկելու»,-ասաց Սիմոնյանը:

Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Իր ելույթում նա նշեց, որ լսումների քանակի հետ կապված ոդիսականը  չի դադարում:

«Ամենացավալին այն է, որ ոչ ոք չի կենտրոնանում նրա վրա, որ փորձի լսում կազմակերպել, այլ փորձ է կատարում փոփոխել օրենսդրությունը: Մենք չունենք բավարար խտության պրակտիկա՝ ասելու, որ առկա կանոնակարգումները թույլ չեն տալիս խմբակցություններին իրացնել լսումներ հրավիրելու իրավունքը»,-ասաց նա:

 Վարդանյանը կոչ արեց ավելի կենտրոնանալ լսումների անցկացման, քան օրենսդրությունը փոխելու վրա:

Նախագիծը ներկայացվեց քվեարկության և, չստանալով բավարար ձայներ, չընդգրկվեց քառօրյայի օրակարգ:

«ԱԺ կանոնակարգ-օրենքի» համաձայն` խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել Ազգային ժողովի նախագահը, մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով, խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով: Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել