Պարեկային ծառայողները վարչական արձանագրություններ կազմելու համար կունենան պլանշետներ |armenpress.am|
11:27 - 27 մայիսի, 2020

Պարեկային ծառայողները վարչական արձանագրություններ կազմելու համար կունենան պլանշետներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների փոխարեն նախատեսվող պարեկային ծառայության ներդրման արդյունքում վարչական արձանագրությունների կազմման գործընթացները առավելագույնս կավտոմատացվեն, պարեկային ծառայողները կունենան պլանշետներ:

ԱԺ-ում «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին, թե արյդոք նախատեսվո՞ւմ է ստեղծել էլեկտրոնային որևէ հարթակ, որում մուտք կատարելով՝ վարչական իրավախախտման արձանագրություններն ավտոմատ կերպով կմուտքագրվեն համակարգ:

«Լինելու է տեխնիկական հագեցման մաս՝ մասնավորապես էլեկտրոնային գործիքների ներդրմամբ, GPS քարտերի ներդրմամբ, բազաներին որոշակի հասանելիություն ունենալով, նաև տեսախցիկներով: Վարչական իրավախախտումների արձանագրումը տեսախցիկներով հնարավոր է: Եվ ավտոմատացումը կենտրոնական դեր է ունենալու: Արդեն ունենք ծրագիր՝ պարեկային ծառայողներին պլանշետներով հագեցնելու հնարավորություն, որպեսզի նրանք ձեռամբ արձանագրություններ չկազմեն: Դա հնարավորություն կտա հասանելիություն ունենալ տարբեր բազաներին և կազմել էլեկտրոնային արձանագրություններ»,-ասաց Գրիգորյանը:

Նա նաև նշեց՝ պարեկային ծառայությունն անընդհատ շարժման մեջ է լինելու: Ուստի վարչական արձանագրությունների կազմման գործընթացը ավտոմատացվելու է առավելագույնս, որպեսզի ժամանակի խնայողություն արվի, ամեն մի իրավախախտման ժամանակ ծառայողը երկար ժամանակ կանգնած չմնա մի վայրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել