Արդարադատության փոխնախարարը ներկայացրեց պարեկային ծառայություն ստեղծելու օրինագծի փոփոխությունները |armenpress.am|
14:19 - 02 հունիսի, 2020

Արդարադատության փոխնախարարը ներկայացրեց պարեկային ծառայություն ստեղծելու օրինագծի փոփոխությունները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց պարեկային ծառայություն ստեղծելու օրինագիծը, որում կատարվել է մեկ փոփոխություն:

«Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:

«Առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությամբ՝ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից»,- ասաց Գրիգորյանը:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:

Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-­ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում:

Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, լրիվ նոր հագեցվածություն զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով:

Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ, այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով, ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոն, որը զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, ապահովելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել