Կորոնավիրուսով վարակված մոտ 650 անձի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր |armenpress.am|
19:05 - 06 հուլիսի, 2020

Կորոնավիրուսով վարակված մոտ 650 անձի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության վերջին օրերի վիճակագրության համաձայն ընդհանուր թեստավորվածների 30 տոկոսի մոտ գրանցվում է վարակ: Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Լավ է այն իմաստով, որ աճ չկա, սակայն վատ է այն իմաստով, որ այդ թվերը մնում են բացարձակ առումով մեծ: Մեր խնդիրը մնում է նույնը, շարունակել իրականացնել մեր գործողությունները, որպեսզի նաև բացարձակ թվերով ունենանք անկում»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ բուժհաստատություններում հուլիսի 5-ի դրությամբ հանրապետությունում մահճակալային ընդհանուր ֆոնդը հասել է 2 հազար 600-ի: Դրանից 2 հազար 300-ը սովորական մահճակալներ են, մոտ 300-ը վերակենդանացման բաժնի մահճակալներն են: Մահճակալային ֆոնդի զբաղեցվածությունը կրկին մնում է բարձր, հատկապես վերակենդանացման բաժանմունքներում: Հանրապետությունում մոտ 650 հոգու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր: Նրանցից 47-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին:

«Այսօր ժամը 15:00-ի դրությամբ չունենք տնային պայմաններում քաղաքացի, որն ունի հրատապ հոսպիտալացման կարիք: Վերադառնալով միջոցառումների արդյունավետությանը, ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք մի բան՝ այս ծանր, բայց կայուն վիճակը մեր հակահամաճակարային միջոցառումների շնորհիվ է: Դրանից բացի, դիմակների պատշաճ կրումը մեզ մոտ նույնպես ապացուցվել է, որ էֆեկտիվ է: Եթե այդպես չլիներ, ապա մենք ունենալու էինք ոչ թե օրական 500, 600, 700 դեպք, այլ ավելի շատ դեպքեր»,-ասաց Արսեն Թորոսյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք հետևում են անվտանգության կանոններին, պատշաճ ձևով կրում են դիմակներ:  Նրանք իրենց այդ վարքագծով կանխել են տասնյակ, եթե ոչ 100-ավոր մահեր: Նախարարն ընդգծեց, որ ջանքերը պետք է ավելացնել և շարունակել պահպանել անվտանգության կանոնները: Այդ դեպքում կա իրական հնարավորություն թվերն իջեցնելու:

Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել