Հետեւանքը աղետալի կլինի Ադրբեջանի իշխանության համար. Իմ քայլի պատգամավոր |lragir.am|
11:18 - 14 հուլիսի, 2020

Հետեւանքը աղետալի կլինի Ադրբեջանի իշխանության համար. Իմ քայլի պատգամավոր |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։

Ինչպե՞ս եք գնահատում Տավուշի մարզում վերջին 2 օրերին տեղի ունեցածը, որոնց արձագանքել է նաև միջազգային հանրությունը: Մասնավորապես, հայտարարություն են տարածել համանախագահները, ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ էր հրավիրել, որը սակայն հետաձգվել է անորոշ ժամանակով: Սա մտահոգիչ չէ՞:

Բնականաբար, այն ինչ տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, արժանի է դատապարտման: Սա հերթական սադրանքն է, և Ադրբեջանը տարիների ընթացքում այսպիսի մարտավարություն հաճախ է կիրառել: Վերջին տարիներին համեմատաբար քիչ էր, բայց մենք միշտ էլ գիտեինք, որ նման զարգացումներ հնարավոր են: Այս անգամ ադրբեջանական  կողմը շատ կոշտ պատասխան է ստացել հայկական բանակից և կարծում եմ, որ մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, թե ինչ դրական փոփոխություններ են տեղի ունեցել հայկական զինված ուժերում վերջին 2 տարիների ընթացքում:

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա մենք տեսանք մի շարք արձագանքներ, մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ-ն, ԵՄ հատուկ ներկայացուցիչը, կարծում եմ՝ էլի կտեսնենք: Ընդհանրապես, սովորաբար միջազգային արձագանքը լինում է այնպիսին, որ կողմերին կոչ են անում զերծ մնալ նմանատիպ գործողություններից: Մենք իհարկե, աշխատում ենք բոլոր միջազգային կազմակերպությունների, մեր միջազգային գործընկերների հետ և հստակ տեղեկատվություն ենք տրամադրում այն մասին, թե ով է ձեռնարկել այս ագրեսիվ գործողությունները: Հետագայում հենց իրենց՝ այդ կազմակերպությունների պատասխանատվության վրա է, թե արդյոք իրենց հստակ դիրքորոշում արտահայտում են, թե ոչ: Կարծում եմ՝ այստեղ հենց իրենց շահերից է բխում, որ նրանք հստակ դիրքորոշում արտահայտեն:

Շատ կարևոր է, որ բոլորս հասկանանք, որ Հայաստանն ի վիճակի է ինքն իրեն պաշտպանել՝ անկախ նրանից, թե ինչ կասի այս կամ այն միջազգային կազմակերպությունը: Բայց հենց այդ միջազգային կազմակերպության հեղինակության համար շատ կարևոր է, որ այդ կազմակերպությունը հստակ գնահատականներ տա: Կարևոր չէ, թե ինչ կազմակերպության մասին ենք խոսում: Ցանկացած կազմակերպություն կարող է և հստակ գնահատական տալ, և ոչ հստակ գնահատական տալ, և բոլոր այդ կազմակերպությունների հեղինակության, իրենց հետագա գործունեության համար ավելի ճիշտ է, որ նրանք հստակ գնահատումներ տան:

ՀԱՊԿ-ը գրեթե միշտ ձեռնպահ է մնում ադրբեջանական կողմից որևէ գնահատական տալուց: Այս հանգամանքն ինչպե՞ս եք գնահատում և ընդհանրապես, ՀՀ իշխանությունն ինչ ակնկալիք ունի ՀԱՊԿ-ից:

Նույն բանը կարող ենք ասել նաև ՀԱՊԿ-ի համար: Այս կառույցի շրջանակներում համագործակցությունն, ընդհանուր առմամբ, եղել է օգտակար Հայաստանի համար: Դա նաև նպաստում է, որ մեր բանակը վերազինվի: Նաև շատ կարևոր է հայ-ռուսական երկկողմանի համագործակցությունը, Այնպես որ, մենք շատ բարձր ենք գնահատում այդ ամենը, բայց միաժամանակ ակնկալում ենք, որ այս հարցում կլինի ՀԱՊԿ-ի հստակ դիրքորոշումը: Կրկնեմ, որ դա բխում է հենց միջազգային կազմակերպությունների շահերից, որքան հստակ լինեն նրանք իրենց գնահատականներում, այնքան ավելի բարձր կլինի նրանց հեղինակությունը և այնքան ավելի լավ կընկալվեն: Մնացածի վերաբերյալ պետք է պարզապես սպասենք ու տեսնենք, թե ինչ արդյունք կլինի: Մենք բոլոր մեր միջազգային գործընկերներին հստակ տեղեկատվություն ենք տալիս այն մասին, թե ինչ է կատարվում, անում ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է:

Ձեր կարծիքով, որքանո՞վ սա կարելի է դիտարկել որպես պատերազմական գործողությունների վերսկսում, թե՞ սա Ադրբեջանի հերթական ներթափանցման փորձն է:

Առայժմ սա սահմանափակ գործողություն է, բայց, իհարկե, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Այստեղ պետք է ասեմ, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած զարգացման, նաև պատրաստ են ցանկացած ռազմական խնդիր, որն իրենց առջև դրվի, կարող են իրականացնել: Լայնածավալ ռազմական գործողություններ սկսելը չի բխում առաջին հերթին Ադրբեջանի շահերից: Եթե Ադրբեջանի ղեկավարությունն այնքան խելահեղ գտնվի, որ գնա լայնածավալ ռազմական գործողությունների, ապա դրա գինը առաջին հերթին կվճարի Ադրբեջանի ժողովուրդը: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանի ղեկավարությանն այդքան էլ չի հետաքրքրում Ադրբեջանի ժողովրդի վճարած գինը, որում մենք ևս մեկ անգամ երեկ համոզվեցինք: Բայց ես կարծում եմ, որ այս ամենի հետևանքները աղետալի կլինեն նաև Ադրբեջանի իշխանությունների համար:

Նման դեպքեր եղել են նաև նախկինում, հատկապես 2016-ի ապրիլյան պատերազմին նախորդող ժամանակաշրջանում:, 2015-ին, 2014-ին: Սա ադրբեջանական կողմի, այսպես ասած, սիրված միջոցներից մեկն է՝ սադրանքներ կազմակերպել սահմանին, սրել իրավիճակը, որը սովորական ուղեկցվում է ռազմատենչ հռետորաբանության հետ: Բայց այս դեպքում Ադրբեջանի համար խնդիրն այն է, որ հայկական զինված ուժերի հնարավորությունները հիմա բավական ավելի մեծ են, քան 5-6 տարի առաջ, և յուրաքանչյուր նման սադրանք՝ արժանանալու է շատ ավելի կոշտ ու ցավոտ պատասխանի, ինչը մենք տեսանք երեկ: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով Ադրբեջանի ներքին իրավիճակը, այսօր Ադրբեջանի իշխանության համար խելահեղություն կլիներ լայնածավալ ռազմական գործողությունների գնալը:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել