Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն. զինծառայողների փոխհատուցման մանրամասները |hetq.am|
19:24 - 06 նոյեմբերի, 2020

Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն. զինծառայողների փոխհատուցման մանրամասները |hetq.am|

hetq.am: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) այսօրվանից սկսել է այս տարվա սեպտեմբերի 27-ն արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ կատարելու գործընթացը: Սրան զուգահեռ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է հիմնադրամին վճարվող ամսական 1000 դրամները դարձնել 3000 դրամ: 

Հատուցման գործընթացի, առաջացող խնդիրների ու սպասվելիքի մասին «Հետքը» զրուցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ:

-Պրն Ավետիքյան, այսօր արդեն կատարվե՞լ են հատուցումներ:

-Այո, այսօր առաջին հատուցում ենք արել այս պատերազմի ընթացքում 10 զոհված զինծառայողների ընտանիքներին: Զոհվածների թվում և՛ սպասներ են, և՛ պայմանագրային զինծառայողներ, և՛ պարտադիր ժամկետային: Այսօր հաշիվներ կբացվեն շահառուների՝ զոհվածների ընտանիքի անդամների համար:  Հաշվիները բացվում են մեզ հետ համագործակցող բանկերում: Մենք կտեղեկացնենք շահառուներին, նրանք բանկային փաստաթղթերը կստորագրեն և միանվագ, այնուհետև՝  յուրաքանչյուր ամիս նրանք կստանան այդ գումարները:  10 զինծառայողների ընտանիքների հաշվեհամարներին միայն այսօր կփոխանցվի 102 մլն 300 հազար դրամ: Դա միանվագ գումարն է՝ յուրաքանչյուրի հաշվով 10 մլն դրամ և առաջին ամսվա փոխհատուցումները:  Հետագայում 20 տարի՝ ամեն ամիս նրանք կստանան ամսական հատուցումները:

-Ունե՞ք տվյալներ, թե քանի շահառու կա այս պահին:  

-Թե որքան դեպքեր ու շահառուներ կան և կունենանք, չենք կարող ասել: Յուրաքանչյուր զոհված զինծառայող կարող է ունենալ 2,3,4 և ավելի շահառուներ: Եթե  հաշմանդամության կարգ ստացած զինծառայող է, ապա ինքն է հանդիսանում շահառու: 

-Ի՞նչ փուլերով են հաստատվում շահառուները: Դու՞ք եք իրենց գտնում, թե՞ իրենք ձեզ:

-Երկու տարբերակով էլ հնարավոր է: Նախ առաջին փուլով հաստատվում է շահառուն՝ Պաշտպանության նախարարության կողմից: Նախկինում շահառուների հաստատման գործընթացը կազմակերպում էր Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանու­թյան վարչությունը: Գտնում էին շահառուներին, կազմակերպում էին թղթաբանությունը և ամբողջ փաթեթը ուղարկում էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ: Հիմնադրամն էլ կազմակերպում էր  հատուցման գործընթացը:  Բայց, պարզ է, որ այս պահին ՊՆ-ի ռեսուրսները բավարար չեն դրա համար: Կառավարությունը որոշում է կայացրել և համայանքներին հանաձնարարել մասնակից դառնալ այս գործընթացին: Մարզպետարանները և Երևանում ՝ թաղապետարանները, իրենք են կապվում շահառուների հետ, հայտնաբերում և աշխատում նրանց հետ: Նրանք պետք է պատրաստեն փաթեթները և ուղարկեն ՊՆ, որից հետո ՊՆ-ն արդեն հաստատում է շահառուներին և ցանկերն ուղարկում հիմնադրամ: Հիմադրամը հատուցումները կատարում է ՊՆ-ի ուղարկած փաթեթների հիման վրա: 

-Շահառուներին հայտնաբերելու կամ հենց շահառուների կողմից գրանցվելու համար ժամկետային սահմանափակումներ կա՞ն:

-Ոչ, ժամկետային սահմանափակումներ չկան: Այդ գումարը հավերժ մնում է շահառուների իրավունքը: Բոլորը հատուցվելու են՝ անկախ նրանից, թե երբ են մեզ դիմել, երբ է հաստատվել նրանց շահառու լինելը:  Ես խնդրում եմ, որ պոտենցիալ շահառուները չդիմեն միանգամից հիմնադրամին, քանի որ իմ նշած երկու օղաներով պետք է դեռևս հաստատվեն՝ համայնքի սոցիալական հարցերով զբաղվող վարչության, հետո՝ ՊՆ-ի: Շահառուները կարող են դիմել իրենց համայանքապետարաններ, մենք նաև հրապարակել ենք, թե ինչ փասաթղթեր են անհրաժեշտ: Եթե իրենք ինքնուրույն դիմելու ցանկություն չունեն՝ ամենատարբեր պաճառներով, ապա կարող են սպասել և համայանքներից իրենց հետ կկապվեն ու կաշխատեն: Մենք  ունենք նաև արդեն 190 կամավոր, որոնք պատրաստ են աշխատել շահառուների հետ՝ համայնքապետարանների ու թաղապետարանների ներքո: Փաստաբաններրի պալատի կազմում գործող Հանրային շահերի պաշտպանի գրասենյակը ևս պատրաստակամություն է հայտնել  անվճար խորհրդատվություն տրամադրել հատկապես բարդ դեպքերի համար: Օրինակ՝ երբ ամուսիններ են, իրար հետ են ապրել, բայց՝  ոչ իրավական կարգավիճակով: Այս դեպքերում նրանց անհատական մոտեցում ենք ցույց տալիս:

Այս ամենը երկար գործընթաց է: Հատկապես վիրավորների դեպքում:

-Եթե մեկ զինծառայողի դեպքով լինում են մեկից ավելի շահառուներ, ինչպե՞ս է կազմակերպվում այս գործընթացը:

-Շահառուներ կարող են լինել ծնողները, ամուսինը, երեխաները և բացառիկ դեպքեր են լինում, երբ քույրն է կամ եղբայրը:  Երբ շահառուները նույնականացվում են, հաստատվում են, իրենք են որոշում, թե ում հաշվին պետք է փոխանցվի գումարը: Կարող են, օրինակ, դիմում գրել և ասել, որ ցանկանում են՝ գումարը փոխանցվի  ընտանիքի անդամներից մեկի անունով:  Որպես կանոն՝ ընտանիքի մոր անունով:  Եթե չկա այդպիսի համաձայնություն, ապա յուրաքանչյուր շահառուի համար առանձին հաշիվ է բացվում և ընդհանուր գումարը բաժանվում է շահառուների միջև: 

-Կոնկրետ օրինակով հասկանանք: Ենթադրենք ժամկետային զինծառայող է մահացել և նրա ընտանիքին տրվելու է միանվագ 10 մլն դրամ ու 20 տարի՝ ամեն ամիս 200 հազար դրամ: Զինծառայողն ունի, օրինակ, հինգ շահառու՝ հայր, մայր, կին և երկու երեխա: Ինչպե՞ս է բաշխվում գումարը:

-Այդ պարագայում 10 միլիոն դրամը կբաժանվի հինգ մասի՝ յուրաքանչյուրը  կստանա 2 մլն դրամ: Եթե երեխաները անչափահաս են, ապա՝ գումարը կստանան մոր անունով: Նույն կերպ առաջիկա 20 տարիներին ամեն ամիս հատուցվող 200 դրամը կբաշխվի նրանց միջև: Կան բազմաթիվ այլ հանգամանքներ ևս: Օրինակ՝ հնարավոր է տվյալ զինծառայողի ծնողներն ամուսնալուծված են կամ ապրում են տարբեր տեղերում: Կամ՝ երեխաները չափահաս են, ամուսնացած և այլն: Ամեն ընտանիք  յուրահատուկ է, և այս հատուցման համակարգն այնպես է կառուցված, որ յուրքանյուր առանձնահատկություն հաշվի է առնված: 

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել