ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի
20:56 - 18 հունվարի, 2021

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի

Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:

Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցների՝ արտգործնախարարներն անդրադարձան տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը: 

Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման և այդ գործում միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածության կարևորության վրա: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել