Եգիպտոս

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու օրվա ընթացքում մարդասիրական օգնությունը կփոխանցվի Գազայի տառապյալ բնակիչներին։ Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ: Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-6-ը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ։
19:14 - 28 մարտի, 2024
Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա
 |azatutyun.am|

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը, Եգիպտոսի աջակցությամբ, 29, 94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազա` ռազմական գործողությունների արդյունքում Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծայրագույն պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի համար․ որոշումն այսօր կառավարության նիստում հաստատվեց։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։ Օգնությունը հիմնականում ներառում է մթերք և դեղամիջոցներ։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Ներքին գործերի նախարարությանը հատկացվեց շուրջ 19 մլն դրամ, մինչև Եգիպտոս հումանիտար օգնության տեղափոխումը կապահովի Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացրեց ներգին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մարտի սկզբին Եգիպտոս այցի և նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին ասել էր, որ Երևանը միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին նաև նշելով, որ Երևանը Կահիրեի աջակցության ու խորհրդատվության կարիքն ունի` Հայաստանի կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված։
12:49 - 28 մարտի, 2024
Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Փաշինյանը՝ Կահիրեի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Փաշինյանը՝ Կահիրեի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ վարչապետին դիմավորել են Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Գրիգոր Օգոստինոս Գուսանը: Վարչապետը կատարել է մոմառավառություն և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Հաջորդիվ վարչապետը առաջնորդարանում կարճատև հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի: Վարչապետն անդրադարձել է Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և այլ թեմաների: «Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին։ Ակնհայտորեն այդ հարցում Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքն ունենք, քանի որ գիտեք՝ պարզ չեն լոգիստիկ շղթաները։ Նախնական պայմանավորվածություն ունեցանք, կարծում եմ՝ գործնականում արդեն հնարավորինս արագ կկարողանանք իրագործել»,- ասել է վարչապետը։ 
17:36 - 06 մարտի, 2024
Նիկոլ Փաշինյանը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Կահիրեում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Վերջինս կարևորել է միջազգային տարբեր հարցերի շուրջ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, այդ թվում` դիրքորոշումների ու տեսակետների ներկայացման նպատակով: Ահմեդ Աբուլ Ղեյտը հիշատակել է հայ և արաբ ժողովուրդների դարավոր սերտ կապերը, ինչը լավ հիմք է համագործակցության զարգացման համար: Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ և հավելել, որ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես՝ Գազայի հատվածում, ստեղծված իրավիճակի շուրջ: Կարևորվել է խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
21:00 - 05 մարտի, 2024
Վարչապետն Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարանում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին

Վարչապետն Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարանում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին

Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ Թավադրոս Երկրորդի հետ: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը պատրիարքարան և ընդգծել հայ համայնքի կարևորագույն դերը Եգիպտոսի հասարակական, քաղաքական կյանքում: Թավադրոս Երկրորդն ընդգծել է Ղպտի ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև սերտ կապն ու համագործակցությունը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ մեր երկրում ջերմությամբ են հիշում Թավադրոս Երկրորդի Հայաստան կատարած այցը:   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և Եգիպտոսի նախագահի հանդիպման արդյունքներին, երկու երկրների կապերի հետագա ամրապնդմանը վերաբերող հարցերի:
20:57 - 05 մարտի, 2024
Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում. Նիկոլ Փաշինյան

Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Եգիպտոսի նախագահն իր խոսքում նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան,Հարգելի ներկաներ և հյուրեր, Նախևառաջ՝ ցանկանում եմ իմ ուրախությունը հայտնել բարեկամ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և նրա պատվիրակությանը հյուրընկալելու առթիվ, ինչը հաստատում է երկու կողմերի հետաքրքրությունն ու վճռականությունը` համագործակցության զարգացման և ամրապնդման ճանապարհին: Այդ համագործակցությունը կիրացնի երկու ժողովուրդների շահերը՝ նաև հենվելով պատմական երկարամյա հարաբերությունների վրա, որոնք կապում են երկու երկրներին: Հազարավոր հայեր ապրել են Եգիպտոսում և իրենց նպաստը բերել եգիպտական հասարակության զարգացման մեջ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և արվեստի։ Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր մեր կողմից անցկացրած բանակցությունները հաստատել են երկու երկրների սպասումները, որպեսզի ավելացնենք առևտրաշրջանառության ծավալները, ինչպես նաև ուժեղացնենք ներդրումային գործոնը երկու կողմերի միջև, ինչը կհամապատասխանի երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Համագործակցությունը կարող է զարգանալ նոր ոլորտներում ևս, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սննդային և դեղագործական արդյունաբերության։ Նաև այսօրվա խորհրդակցությունների ընթացքում հաստատել ենք եգիպտական փորձի փոխանակման պատրաստակամությունը` ենթակառուցվածքների, շինարարության, տրանսպորտի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում: Ինչպես նաև մենք օգուտ կքաղենք հայկական փորձից, կոնկրետ հայկական այն ընկերություններից, որոնք աչքի են ընկնում արհեստական բանականության ոլորտում։ Քննարկումների ընթացքում առանձնահատուկ կերպով ընդգծվել է տնտեսական և տեխնիկական համագործակցության ոլորտում երկկողմ հանձնաժողովների համատեղ նիստերի կիրառման անհրաժեշտությունը: Հարգարժան պարոնայք և հյուրեր, Ես մեծարգո վարչապետին ներկայացել եմ այն ջանքերը, որոնք Եգիպտոսը գործադրում է Գազայի օկուպացված հատվածում, ինչպես նաև արևմտյան ափում հրադադարի հասնելու համար, որով հնարավորություն կստեղծվի պաղեստինյան հիմնահարցում ինքնավար Պաղեստինի Հանրապետության ձևավորմանը 1967 թվականի հունիսի 4-ի սահմանագծի հիման վրա և նրա մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը: Անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատել` պատերազմի և ավերածությունների փոխարեն: Ինչպես նաև այս բանակցությունների ընթացքում հաստատել ենք Եգիպտոսի աջակցությունը ցանկացած նախաձեռնությունների, որոնք ձգտում են խաղաղության և կայունության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք մեր ամբողջական աջակցությունն ենք հայտնում երկխոսությանը և բանակցային պրոցեսին` ձգտելով համապարփակ, արդարացի խաղաղության հաստատմանը: Սա կստեղծի նոր փուլ` աճի և զարգացման, ինչը կծառայի տարածաշրջանի ժողովուրդների շահերին: Խոսքիս վերջում ցանկանում եմ կրկին ողջունել Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետի այցը Եգիպտոս: Ես իմ հույսն եմ հայտնում, որ այս այցով կլինի շատ կարևոր քայլ, որպեսզի երկու բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում ամրապնդվի և հզորանա համատեղ համագործակցությունը, ինչը կհարստացնի հարաբերությունները և պատմական կապերը, որոնք համախմբում են երկու երկրների ժողովուրդներին: Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ»: Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Ձերդ Գերազանցություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսի, Հարգելի ներկաներ,Տիկնայք և պարոնայք, Նախևառաջ՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին` Եգիպտոս պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։Եգիպտոսը Միջին Արևելքում Հայաստանի առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում հանդիպման այս հնարավորությունը: Մեր երկրների բարձրագույն քաղաքական ղեկավարության միջև շփումների պարբերականությունը, փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը ոչ միայն վկայությունն են մեր երկրների միջև ջերմ հարաբերությունների, այլև ապագային ուղղված համատեղ տեսլականի մասին են վկայում: Պայմանավորված Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ստեղծված լարվածությամբ ու ծավալվող գործընթացներով՝ նախագահ աս-Սիսիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել ենք անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև, համապատասխանաբար, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և Եգիպտոսի ջանքերին։ Կարևորելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային գործընկերների աջակցությունը՝ նախագահ աս-Սիսիին հայտնել եմ Հայաստանի բարձր գնահատանքն այդ հարցում Եգիպտոսի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման համար: Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները՝ հիմք ընդունելով երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման գործընթացի իրականացումը՝ համաձայն 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունության համար առանցքային է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման և փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա։ Այս առնչությամբ մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի կյանքի կոչումը կարող է լիովին փոխել իրավիճակը տարածաշրջանում և փոխշահավետ համագործակցություն հաստատել՝ կապելով Արևելքն Արևմուտքին և Հյուսիսը Հարավին։ Պարոն նախագահ, Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ: Մենք ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը և միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին: Այս հարցում բարձր ենք գնահատում Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու և օտարերկրացիներին տարհանելու հարցերում։ Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիիսին` այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն: Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին։ Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր Հայաստանը և Եգիպտոսն արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև մի շարք բազմակողմ հարթակներում։ Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և երկխոսության մեջ: Չեմ կարող չնշել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններում առանձնահատուկ դերակատարություն ունի եգիպտահայ համայնքը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերում ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ՝ այսօր մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը։ Այս առնչությամբ հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ այն հոգատարության համար, որը պետական մակարդակով մշտապես վայելել են ու շարունակում են վայելել Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցները։ Մեծարգո նախագահ, Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ եգիպտացի ներդրողների հետաքրքրության աճը. եգիպտական հայտնի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ են այցելել մեր երկիր՝ տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով։ Հուսով եմ, որ այս այցի շրջանակում եգիպտացի գործարարների հետ կայանալիք հանդիպմանը ևս լրացուցիչ խթան կհաղորդենք տնտեսական հարաբերություններին: Ներկայումս առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվում են գործնական քայլեր։ Ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել Հայաuտանի Հանրապետության և Եգիպտոuի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում կգումարվի նաև գործարար համաժողով։ Տարվա ընթացքում ակնկալվում է ևս երկու ոլորտային գործարար համաժողովների անցկացում։ Հայաստանի կառավարությունը կխրախուսի հայաստանցի գործարարներին՝ մասնակցելու Կահիրեում կայանալիք նշյալ համաժողովներին։ Երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը։ Մեր քաղաքացիների համար Եգիպտոսը տարիներ շարունակ հանդիսանում է հանգստի նախընտրելի ուղղություններից մեկը, և տարեցտարի մեր զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է։ Մեծարգո նախագահ աս-Սիսի, Ամփոփելով խոսքս՝ վերստին ցանկանում եմ ընդգծել վերջին երկու տարիներին բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը և մեր պետություններին մաղթել ամուր փոխհարաբերություններ և նոր ձեռքբերումներ համատեղ աշխատանքում՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ հյուրընկալության համար։ Շնորհակալ եմ»:
18:56 - 05 մարտի, 2024
Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները

Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի՝ Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ՀՀ շարունակական ջանքերին՝ իր եգիպտացի գործընկերոջը ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներն արդարացի են և լեգիտիմ՝ հիմնված հանրահայտ սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հարգման անհրաժեշտության վրա: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ արտահայտված շահագրգռվածությունը և փոխադարձության ու հավասարության սկզբունքներով գործընթացն առաջ տանելու քաղաքական կամքը։
18:13 - 05 մարտի, 2024
Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոս և ընդգծել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների բազմոլորտ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, նշելով, որ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին շեշտել է հայ և եգիպտացի ժողովուրդների բազմադարյա սերտ կապերի փաստը` հավելելով, որ Եգիպտոսի հայ համայնքն իր ուրույն դերն ունի տարբեր ոլորտների զարգացման գործում: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եգիպտոսի հետ կապերի ընդլայնման ու խորացման գործում: Վարչապետը կարևորել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումն ու խորացումը և առկա ներուժի իրացման գործում ընդգծել գործարար կապերի զարգացման անհրաժեշտությունը:  ՀՀ վարչապետը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ավիահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի ոլորտներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է խաղաղության և կայունության ամրապնդումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Վարչապետ Փաշինյանը Եգիպտոսի գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ և անդրադարձել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին: Նիկոլ Փաշինյանի և Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարարության միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի միջազգային զարգացման համագործակցության նախարար Ռանիա Էլ Մաշաթը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի գյուղատնտեսության և հողերի բարելավման նախարարության միջև ստորագրվել է գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության մասին 2024-2026 թվականների իրականացման ծրագիրը: Այն ստորագրել են Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Էլ Սայեդ Էլ Քասերը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: 
16:55 - 05 մարտի, 2024
Նիկոլ Փաշինյանին Կահիրեի միջազգային օդանավակայանում դիմավորել է Եգիպտոսի վարչապետը

Նիկոլ Փաշինյանին Կահիրեի միջազգային օդանավակայանում դիմավորել է Եգիպտոսի վարչապետը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Կահիրեի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլը: Դիմավորման պաշտոնական արարողության շրջանակում հնչել են երկու երկրների օրհներգերը, այնուհետև վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Մարտի 5-ին վարչապետ Փաշինյանն առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ Ալ-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:  ՀՀ վարչապետն կայցելի Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կկայանա հանդիպում եգիպտացի գործարարների հետ:   
13:56 - 05 մարտի, 2024
Էրդողանը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ
 |armenpress.am|

Էրդողանը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին 12 տարի ընդմիջումից հետո պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Եգիպտոսի նախագահի կողմից Իթթիհադիե պալատում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների նախագահների հանդիպումը: Հանդիպմանը, բացի երկկողմ հարաբերություններից, օրակարգային ամենակարևոր հարցեր են եղել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, Արևելյան Միջերկրական ծովում համագործակցությունը, Լիբիայում ծավալվող քաղաքական իրադարձությունները, Սիրիայում տիրող իրավիճակը և երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Էրդողանին Եգիպտոս այցի ժամանակ ուղեկցում են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը։
18:13 - 14 փետրվարի, 2024
Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ուրույն տեղ ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ուրույն տեղ ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները։ Կայացել են նախարար Միրզոյանի այցերը Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն: ՀՀ անկախության շրջանում առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարական մակարդակով նիստին: Հիշեցնենք, որ նախարար Միրզոյանի այցը Սիրիայի, մասնավորապես Դամասկոս և Հալեպ քաղաքներ կայացավ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, և այցի ժամանակ նախարարը փոխանցեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված հումանիտար աջակցությունը: Ի թիվս այլ միջազգային պայմանագրերի, ստորագրվել է ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, որը շուտով՝ փետրվարի 1-ին ուժի մեջ կմտնի:  Բազմակողմ հարթակներում կայացել են նաև նախարար Միրզոյանի հանդիպումները Հորդանանի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների, Արաբական պետությունների լիգայի և Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարների հետ: Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև: Տարվա ընթացքում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Օմանի և Թունիսի արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով՝ փոխնախարար Վահան Կոստանյանի համանախագահությամբ:
12:33 - 13 հունվարի, 2024
Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են հետամուտ լինել Գազայում հրադադարի հաստատմանը
 |armenpress.am|

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են հետամուտ լինել Գազայում հրադադարի հաստատմանը |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսի և Ռուսաստանի նախագահներ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Գազայում, հումանիտար օգնության առաքումը անկլավ և պայմանավորվել են շարունակել պաղեստինյան հատվածում հրադադարի հաստատմանն ուղղված համատեղ ջանքերը: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտարարել է Եգիպտոսի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։ Նա հավելել է, որ կողմերը քննարկել են Եգիպտոսի միջոցով հակամարտության գոտի ամենամեծ քանակությամբ մարդասիրական օգնություն հասցնելու հարցը, որն անհրաժեշտ է Գազայի ժողովրդին։ Ալ-Սիսին և Պուտինը պայմանավորվել են ապագայում նույնպես լրջորեն հետամուտ լինել հրադադարի հաստատմանը։ Նրանց կարծիքով՝ միջազգային հանրությունը նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնի այդ նպատակին հասնելու համար:
16:12 - 09 դեկտեմբերի, 2023