Հայաստան

Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ

Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին շնորհավորել է Ազգային տոնի՝ երկրի թագավորի ծննդյան կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին, Նիդեռլանդների Թագավորություն Թագավորի օրվա կապակցությամբ։ Հետևելով մեր նախորդ քննարկումներին՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը համատեղ՝ Հայաստան-Նիդեռլանդներ և Հայաստան-Եվորպական միություն նախաձեռնություններով»,-նշված է նախարարի գրառման մեջ։ X-ի մեկ այլ գրառմամբ Նիդեռլանդների Թագավորությանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Նիդեռլանդների կառավարությանն ու ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա առթիվ։ Հայաստանը գնահատում է ամուր քաղաքական երկխոսությունը և գործընկերությունը Նիդեռլանդների Թագավորության հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և հավատարիմ է ավելի խորացնելու հարաբերությունները նաև Եվրոպական միության միջոցով»,-նշված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։  
15:45 - 27 ապրիլի, 2024
Հստակ օրակարգ, քաղաքական առաջնորդություն և գործողությունների ճանապարհային քարտեզ․ Ազնավուրի հրապարակում ընթանում է հանրահավաք

Հստակ օրակարգ, քաղաքական առաջնորդություն և գործողությունների ճանապարհային քարտեզ․ Ազնավուրի հրապարակում ընթանում է հանրահավաք

Երևանի Ազնավուրի հրապարակում ընթանում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության և Ռեալիստների դաշինքի հանրահավաքը՝ «Վիճակը պայթյունավտանգ է» կարգախոսով։  Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, Ռեալիստների դաշինքի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ քաղաքական ուժերը պետք է Երևանում քաղաքական օրակարգ ձևավորեն։ Նրա խոսքով՝ Տավուշը դիմադրության արժանապատիվ խորհրդանիշ է, սակայն հաջողության հնարավոր չի լինի հասնել, եթե այդ դիմադրությունը քաղաքական կապիտալիզացիայի չենթարկվի Երևանում։  «Խորհրդարանական ընդդիմությունը երկու քայլ պետք է անի․ սկսի իմպիչմենտի գործընթաց, որը գուցե խթան հանդիսանա, որ հասարակությունը այլընտրանք տեսնի ու դուրս գա, կամ էլ ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի»։ Սուրենյանցը արձանագրեց՝ ցավոք սրտի, Տավուշի պրոցեսը հասել է անշրջելիության կետի․ «մենք չկարողացանք այնպիսի գործընթաց գեներացնել, որ այդ միակողմանի զիջումների դեմը առնենք, դուք շատ լավ գիտեք, որ պրոցեսը մեծ թափով առաջ է գնում»։ Նրա կարծիքով՝ պետք է հստակ օրակարգ, քաղաքական առաջնորդություն և գործողությունների ճանապարհային քարտեզ։ Սուրենյանցը նաև հայտնեց, որ հինգշաբթի օրը բոլոր ընդդիմադիր կուսակցություններին հրավիրելու են քննարկման, քանի որ ոչ մեծ, ոչ էլ փոքր կուսակցությունները ինքնուրույն չեն կարող լուծել այս խնդիրը։
15:33 - 27 ապրիլի, 2024
Տեսե՞լ եք սյունի նկարը․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ

Տեսե՞լ եք սյունի նկարը․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ։ Բանախոսության ժամանակ նա արձանագրեց՝ քաղաքացին պետություն ունենալու կարևոր ու անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար պայման։  «Ո՞րն է հաջորդ պայմանը պետություն ունենալու․ դա տարածքային ամբողջականությունն է։ Չի կարող լինել պետություն առանց տարածքի»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մինչև Գավառ հասնելը հացի արտադրամասում քաղաքացիներից մեկը վարչապետին հարցրել է՝ «ինչու՞ են գյուղերը տալիս թուրքերին»․ «Սա շատ կարևոր հարց է․ ես չեմ ուզում հիմա էն քաղաքական մակարդակներում ասածս ասել, որ ՀՀ-ում երբեք այդպիսի գյուղ չի եղել․ էդ մասը չեմ ուզում ասել։ Բայց ուզում եմ ասել՝ էս որոշումները մենք ինչի համար ենք կայացնում․ կայացնում ենք ֆիքսելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Տեսե՞լ եք էն սյունի նկարները, որ հրապարակվել է․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է։ Մենք էս որոշումները կայացնում ենք այն արձանագրմամբ, որ եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, երկրորդը տարածքն է ու տարածքային ամբողջականությունը»։  Փաշինյանի խոսքով՝ տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք, քանի որ տարածք կարող է լինել, բայց չլինել միջազգայնորեն ճանաչված։  «Երբ մենք փորձում ենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը փորձում ենք խառնել մեր միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգայնորեն ճչանաչված դարձնելու ռիսկի ենք ենթարկում մեր պետությունը։ Ինչը և մենք երկար տարիներ արել ենք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ չի ուզում խոսել դրա մասին։  «Մի տեղ փակ խոսակցություն էր (կուսակցական ֆորմատում), եւ ես այդ հարցը տալիս էի՝ հարց են հնչեցնում (մարդիկ-խմբ․)՝ ինչու եք չորս գյուղը տալիս Ադրբեջանին, ես ասում եմ՝ մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է, որպես փաստարկ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու՝ այն ըմբռմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինել ոչ միայն նրանք, ում մենք սովորաբար ընկալում ենք որպես թշնամի, այլև նրանք, ում մենք համարել, համարում կամ կհամարենք բարեկամ։ Սա մեր քաղաքականության հասունության շատ կարևոր պահն է, որ մենք կարողանանք աշխարհը ընկալել այնպիսին, ինչպիսին այն կա իրականում։ Իսկ աշխարհը շատ վտանգավոր տեղ է․ լավ տեղ, հաճելի տեղ, իհարկե, բայց պետք է չմոռանալ, որ շատ վտանգավոր տեղ է։ Եթե մենք շարունակենք աշխարհը ընկալել երկու հարթությամբ, մենք խնդիրներ կունենանք։ Եվ մենք ունենք արդեն այդ խնդիրները և դրա պատճառներից մեկը այն է, որ մենք աշխարհը ընկալել ենք և, ցավոք, երբեմն չենք շարունակում ընկալել որպես վտանգավոր տեղ»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
12:23 - 27 ապրիլի, 2024
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
 |azatutyun.am|

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան |azatutyun.am|

azatutyun.am: Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ «Տեխնիկապես ավարտվել, նշանակում է, որ արձանագրվել, վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմաթայի հռչակագրի։ Այսինքն Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանի անցման կետերում են այդ սյուները տեղադրված», - նշեց Խաչատրյանը։ Կառավարությունը երեկ հայտարարեց, որ Հայաստան- Ադրբեջան սահմանին տեղադրվել է 20 սահմանային սույն։ Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները «Ազատության» հետ զրույցում նշում են, որ խոսքը 10-12 կմ մասին է։ ՔՊ-ական Վահե Ղալումյանն, ով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրն է, ասաց, թե իր տեղեկություններով, սյուների միջև հեռավորությունը 500 մետր է։ Եթե արդեն 20 սյուն է տեղադրվել, ուրեմն խոսքը մոտ 10 կմ-ի մասին է, որն արդեն սահմանազատված կարելի է համարել։
17:45 - 26 ապրիլի, 2024
Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակի շուրջ

Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակի շուրջ

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի տեղակալ Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև առկա համագործակցության մակարդակը և՛ երկկողմ և՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված հայ և սիրիացի ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա: Այս համատեքստում ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկայի պահպանման կարևորությունը:  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նախորդ տարվա սեպտեմբերին Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Սիրիա կատարած այցին և Հայաստանի կողմից սիրիացի ժողովրդին տրամադրված մարդասիրական օգնությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում անվտանգային իրավիճակի շուրջ` նշելով, որ երկու տարածաշրջաններում կայունության հաստատումը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Սիրիա փոխգործակցության ընդլայնման համար:
17:30 - 26 ապրիլի, 2024
Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու Ադրբեջանի դժգոհությանը
 |azatutyun.am|

Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու Ադրբեջանի դժգոհությանը |azatutyun.am|

azatutyun.am: Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումը խթանելու մասին, ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ արձագանքելով Հայաստանին զենք մատակարարելու հարցով Ադրբեջանի դժգոհություններին։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց մենք նաև Հնդկաստանի պաշտպանական արտահանման խթանման քաղաքականություն ենք վարում», - ասել է Ջեյսվալը։ Ապրիլի 23-ին Բաքվում՝ միջազգային համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն չի կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին Ադրբեջանի դեմ։
16:18 - 26 ապրիլի, 2024
Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին
 |factor.am|

Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին |factor.am|

factor.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բեռլինում հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ ասել էիք, որ բոլոր հարցերը լուծվելու են քննարկման միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն։ Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում։ Մենք գոհ ենք սահմանազատման նախնական պայմանավորվածությունից։ Ես խրախուսում եմ համարձակ քայլն այս ուղղությամբ»,- ասել է Շոլցը։ Նա նշել է, որ հավատում են այս տարի խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարին։
15:09 - 26 ապրիլի, 2024
Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորների ցանկը։ Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը 3 թեկնածու է առաջադրել։ Վահե Գրիգորյան՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Նորա Կարապետյան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Վիգեն Քոչարյան՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ավելի վաղ ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը հաստատել էր առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների ցուցակը հետևյալ կազմով․ Ալումյան Հայկ Գրիգորյան Լիզա Գրիգորյան Վահե Կարապետյան Նորա Մազմանյան Արմեն Մարգարյան Աննա Քոչարյան Վիգեն
12:36 - 26 ապրիլի, 2024