Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Արման Բաբաջանյանի սխալ պնդումները Հայ առաքելական եկեղեցու մասին
 |media.am|

Արման Բաբաջանյանի սխալ պնդումները Հայ առաքելական եկեղեցու մասին |media.am|

media.am: «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը մայիսի 8-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցին 44-օրյա պատերազմում համախմբման և մոբիլիզացիայի մասին հայտարարություն չի արել, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի տարածքների վրա հարձակման ժամանակ «ծպտուն չի հանել». «Եկեղեցին որևէ անգամ ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում հայտարարություն՝ համախմբման, համերաշխության, ներդաշնակեցման մեր բոլորի տրամադրությունները, ուշք ու միտքը կետրոնացնելու համար հայտարարություն տարածե՞լ է։ Ոչ։ Եկեղեցին երբեևէ մոբիլիզացիայի վերաբերյալ որևէ հայտարարություն տարածե՞լ է էն ժամանակ, երբ որ…. 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին հարձակում էր իրականացվում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամաբ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախը երբ որ հայաթափվում էր, դուք տեսե՞լ եք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը որևէ ծպտուն հանի էդ դաժան իրադարձությունների կապակցությամբ։ Դուք տեսե՞լ եք մի հոգևորական, որ Գորիսում գնա արցախցի դիմավորի, տասը արցախցի եկեղեցին տանի, իր հարկի տակ պահի»,- ասաց Բաբաջանյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ Բաբաջանյանն այս պնդումներն արել էր նաև Freenews-ի եթերում։ Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, պարզեց, որ Արման Բաբաջանյանի այս պնդումները սխալ են։ Եկեղեցին 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս համախմբման, միասնականության և ուժերի մոբիլիզացիայի կոչեր է արել, կազմակերպել դրամահավաքներ՝ հավաքված գումարը նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին, զորակցություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հետագայում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացման ժամանակ, եկեղեցին ևս հանդես է եկել համախմբման կոչերով, իսկ Արցախի հայության տեղահանումից հետո աջակցության ծրագրեր իրականացրել նրանց համար։ Եկեղեցին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի հարձակման օրը, Մայր Աթոռի ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվեց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ուղերձը, որում կար համախմբման կոչ՝ «Կոչ եմ անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների»։ Նույն օրը նա հեռախոսազրույց էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այդ օրերի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Երկու դեպքում էլ ընդգծել էր «աշխարհասփյուռ հայության» համախմբման անհրաժեշտությունը։ Սեպտեմբերի 29-ի իր ուղերձում Գարեգին Երկրորդը կրկին ուժերը միավորելու կոչ արեց՝ ազգային միասնականությունն ու համախմբումն անվանելով հաղթանակի երաշխիք։ Սկսած սեպտեմբերի 30-ից Ամենայն հայոց կաթողիկոսը հանգանակություն էր նախաձեռնել։ Հավաքված միջոցները, ըստ հաղորդագրությունների, տրամադրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։ Հոկտեմբերի 1-ին հայտարարվեց Մայր աթոռի միջոցներից Համահայկական հիմնադրամին 500.000 դոլար փոխանցելու որոշման մասին։ Նույն ամսվա 14-ին հայտարարվեց, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից փոխանցվել է 15 մլն ռուբլի, Գերմանիայի հայոց թեմից 50 հազար եվրո, Ֆրանսիայի հայոց թեմից 60 հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ 37 հազար դոլար։ Հոլանդիայի Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից հանգանակվել և փոխանցվել է 87 հազար եվրո։ Հոկտեմբերի 3-ին, 11-ին, 14-ին, նոյեմբերի 1-ին եկեղեցին ևս համախմբման ու միասնականության կոչերով է հանդես եկել։ Ավելի ուշ Ամենայն հայոց կաթողիկոսը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նաև կոչ արեցին զենք վերցնել ու պահել սահմանագիծը։ Հոկտեմբերի 27-ին հանդիպում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Երկրորդի միջև, որի ժամանակ կաթողիկոսը եկեղեցու զորակցությունը հայտնեց Հայաստանի և Արցախի կառավարություններին։ Այս ամենով հանդերձ՝ 2020-ի դեպտեմբերի 8-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորել էր Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները՝ «կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։ Կաթողիկոսը 2021, 2022, 2023 թթ.-ի հարձակումների ժամանակ «ծպտուն հանել է» 2021-ի մայիսի 12-ին՝ ադրբեջանական ուժերի ներխուժման ժամանակ, Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջում որևէ հրապարակում չի եղել։ Մայիս ամսվա ընթացքում, սակայն, եկեղեցին համախմբման կոչ արել է։ Մայիսի 26-ին Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցները հորդորել են համախմբվել արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարման ու իրավիճակի կայունացման համար։ Նույն տարում Ադրբեջանի նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ Մայր Աթոռը կոչ արեց միջազգային հանրությանը և միջկրոնական կառույցներին հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները։ Միևնույն ժամանակ հորդորեց համախմբվել աշխարհասփյուռ հայությանը՝ պայքարելու Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:24 - 10 մայիսի, 2024
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց, Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի: Այս տարի խորհրդանշական զուգադիպությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձումը և Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու հիշատակի օրը: Ազգային, պետական ու եկեղեցական կարևորագույն այս տոների համընկնումով Մայիսի 9-ը ամբողջացնում է խորհուրդը հաղթանակի:   Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը: Ցավալի կորուստների և դառն պարտությունների մեջ մենք վերստին դառնում ենք դեպի Կյանքի Աղբյուրը, դեպի Ամենախնամն Աստված, որ հազարամյակների փորձությունների ու մաքառումների, արհավիրքների ու աղետների մեջ կյանքի ու հարատևության շնորհով օրհնեց մեզ և ոգեշնչեց՝ ասելով. «Քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33): Մենք ժառանգներն ենք մի ժողովրդի, որ մահվան ու տառապանքների դեմ գոտեմարտում երբեք չկորցրեց իր հավատն առ Աստված, պահեց հավատարմությունը իր հոգևոր-ազգային արժեքներին և չհրաժարվեց իր ինքնությունից: Մենք հետնորդներն ենք մեր հերոս նախնյաց, որոնց փառապանծ գործերով հզորացել ու պայծառացել է ազգն ու հայրենիքը, դպրությունը, գիտությունն ու մշակույթը։ Հայրենի հողը շենացնելու, հայոց պետականությունը վերականգնելու նվիրական տեսիլքը վառ պահելու համար մեր հայրերը 1441 թվականին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրեցին Հայոց Հայրապետական Աթոռը: Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր տունն է, հայոց անկախ պետականության կերտման դարբնոցը, մեր ժողովրդի հաղթանակների ու հարատևության խորհրդանիշը և ազգային մեր անաղարտ ինքնության ջահակիրն ու պահապանը: Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների: Հաղթանակ՝ փորձությունների դեմ, հաղթանակ՝ ինքնության ու արժանապատվության համար մղվող պայքարում, հաղթանակ՝ առ հայրենին ու առ սրբազան արժեքները հավատարմության: Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք, այլոց արժանապատվությունը նսեմացնելու, սրբությունները ոտնահարելու և ինքնությունը ոչնչացնելու չարորակ նկրտում: Մեր հաղթանակները ամրապնդում են կամքն ու վճռականությունը՝ հասնելու խաղաղության, անվտանգ պահելու մեր ժողովրդին, վերահաստատելու համազգային սերն ու համերաշխությունը: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով անհանգստացած աշխարհասփյուռ Մեր զավակների։ Այդ տագնապներով են նաև այս օրերին իրենց ընդվզումի ձայնը բարձրացնում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցները։ Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ Արդ, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև, հիշենք մեր նախնիների սխրանքները, թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան: Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի։ Աղոթենք միասնաբար, որ Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, նոր կորուստներից ու աղետներից հեռու պահի մեր հայրենիքն ու ազգը և Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո շնորհի անվտանգ կյանք ու ստեղծարար հաջողություններ այսօր և միշտ. ամեն»։
13:37 - 09 մայիսի, 2024
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ

Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ

Գերագույն Հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել․   «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։   Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման:   Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին: Մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք արդար մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով և դրսևորել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից: Հասարակական կարգի պահպանության համար պատասխանատու ծառայություններից ակնկալում ենք բացառապես օրենսդրությանը խիստ համապատասխան գործելաոճ։   Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները: Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։   Ազգային մեր արժանապատվությունը, հայրենի պետության և սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը պետք չէ տեղի տան անհուսության, անհանդուրժողության և երկչոտության, թշնամանքի և ատելության առջև։   Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը և մեր ժողովրդի կյանքից ներս զորացնի սիրո, համերաշխության ու միաբանության ոգին: Ամեն»։:
18:15 - 07 մայիսի, 2024
Փաշինյանի կարծիքով՝ «հոգեւոր առաջնորդությունը ձախողած» հոգեւորականները քաղաքական հայտ են ներկայացնում

Փաշինյանի կարծիքով՝ «հոգեւոր առաջնորդությունը ձախողած» հոգեւորականները քաղաքական հայտ են ներկայացնում

Մենք եկեղեցու հետ չենք հակամարտում։ Այս մասին ասուլիսի ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համատեքստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ եկեղեցին իրենց հետ հակամարտում է, թե ոչ՝ ինքը պիտի պատասխանի։ «Եթե որոշ հոգեւորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դրա ներկայացումը նշանակում ա, որ նրանք խոստովանում են հոգեւոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը։ Ի միջի այլոց, կարելի ա ուշադիր հետեւել․ էսօր կան Հայաստանում հոգեւորականներ, ովքեր իրոք հոգեւոր առաջնորդություն են իրականացնում։ Ի՞նչն ա հոգեւոր առաջնորդությունը, դա մարդկանց օգնելն ա, աջակցելն ա, պայմանական ասած, Աստծո հետ հարաբերություններում, որ մարդն ինքն իր հետ ներդաշնակություն գտնի։ Եւ այսօր կան հոգեւորականներ, որոնք հենց ճշգրիտ էդ գործունեությունն են իրականացնում, հոգեւոր համայնքներ կան, հոգեւոր կյանքով են ապրում»։ Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգեւորականները, որոնք հոգեւոր առաջնորդությունը ձախողել են․ «Մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են, եւ, ցավոք սրտի, էս դիրքի եւ իրադրության մեջ են հայտնված շատ բարձրաստիճան հոգեւորականներ, ոչ բոլորը, բայց շատերը։ Վախենամ, որ ամենաբարձր մակարդակում հենց հոգեւոր առաջնորդությունն են ձախողել»։ Փաշինյանն անդրադարձավ նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կարգախոսներին․ «էդ ի՞նչ կարգախոսներ են օգտագործում, ասում են «տաճարը հաղթելու է փողոցին», չէ՞, տաճարը ո՞նց ա փողոցին հաղթելու, փողոցում ովքե՞ր են, փողոցում ՀՀ քաղաքացիներն են, փողոցում մարդիկ են, երիտասարդներ են, մեծահասակներ են, ո՞նց ա հաղթելու փողոցին, այսինքն՝ բան ե՞նք անելու, սրճարանները փակելու ենք, տեղը մոմավառության կետեր ե՞նք բացելու, հրապարակները փակելու ենք, տեղը մոմավաճառության կետեր ե՞նք բացելու։ Ժողովրդի կամքն անկասելի է, ժողովրդի կա՛մքը, ժողովրդի կա՛մքը։ Ժողովրդի կամքը ՀՀ-ում բարձրագույն իշխանություն է, ինչ ուզենա՝ կանի, բայց ժողովրդի՛ կամքը, եւ ես համոզված եմ, որ ժողովրդի կամքն ուզում ա խաղաղություն։ Էսօր մարդիկ դուրս են եկել, բացահայտ պատերազմ են քարոզում, ո՞ւմ անունից են պատերազմը քարոզում, ի միջի այլոց․․․։ Եւ, էս ժողովրդի կամքն անկասելի ա, ես էստեղ եմ ժողովրդի կամքով եւ էստեղ չեմ լինի ժողովրդի կամքով»։ Փաշինյանը նշեց՝ իշխանությունը իշխանության տիրոջ ձեռքին է ամեն օր․ «Այսինքն՝ ժողովրդի ձեռքին է։ 2021-ին ժողովուրդն իրեն վերադարձրած կամ իր ձեռքի իշխանությունը պատվիրակել ա, եւ ես իրականացնում եմ էդ պատվիրակումը՝ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, խաղաղությունը ապահովելու։ Եթե ժողովուրդը որոշում ա, որ ինքը պատերազմ ա ուզում, ինքը այլ ուղղությամբ ա գնում, ես կփորձեմ ժողովրդին ներկայացնել ամեն ինչ, եւ էդ եմ անում։ Նրանք, ովքեր ուզում են ուրիշներին մեղադրել պատերազմից վախենալու մեջ, մենք պատերազմից չվախենալն էլ ենք ի ցույց դրել։ Բայց էլի եմ ասում, պարզվեց, որ էն պատերազմի հետ առնչություն ունեցող մի մասը խնդիր ունի պատերազմը շատ թե քիչ նպաստավոր դարձնելու, մյուս մասը՝ ընդհակառակը՝ խնդիր ուներ պատերազմը Հայաստանի ներքում քաղաքական բորբոքումներ հարուցելու եւ իշխանափոխություն անելու առիթ օգտագործելու», - հայտարարեց Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ այն պահին, որ ժողովուրդը չի ուզենա ինքը լինի վարչապետ, ինքը չի լինի վարչապետ, բայց կամքը պետք է լինի «ժողովրդինը, եւ ոչ թե հակաժողովրդինը»․ «Սա շատ էական տարբերություն ա։ Հիմա էլ դուրս են եկել, ասում են՝ ձեզ ինչ, նախկիններին ենք ուզում բերենք իշխանության, կներեք, բայց դուք ով եք, որ որեւէ մեկին բերեք կամ չբերեք իշխանության․ որեւէ մեկին իշխանության կարա բերի ժողովուրդը, միայն ժողովուրդը, բացառապես ժողովուրդը, որեւէ մեկին իշխանությունից կարա զրկի ժողովուրդը, միայն ժողովուրդը, բացառապես ժողովուրդը», - նշեց նա։
15:10 - 07 մայիսի, 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, այդ առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Իր քարոզում Սրբազան Հայրն, անդրադառնալով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց ցեղասպանությանը, ի մասնավորի նշեց. «Աստված օրհնեց մեր ժողովրդին և վերականգնեց հայոց պետականությունը պատմական Հայաստանի արևելյան հատվածում, մեր ժողովուրդը կարողացավ պահպանել իր պատմական հողերի այս մի հատվածը, և ամոքել իր վերքերը։ Ինչո՞ւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը․ մենք դրա մասին պիտի մտածենք, խորհենք, որպեսզի ապագայում կարողանանք խուսափել նման իրավիճակներից և թույլ չտանք օտարներին մեր հայրենիքում ենթարկելու մեզ ցեղասպանության․․․ Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով։ Չվախենանք երբեք և շարունակենք ապրել Քրիստոսով, որովհետև Նա հաղթեց ու մենք էլ հաղթելու ենք»։ Վերջում Վազգեն Սրբազանը պատգամեց հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել իմաստությամբ օժտվեն մեր առաջնորդները, որ հայ ժողովուրդը լցվի սիրով, համերաշխությամբ և կարողանա պահել ու պահպանել Հայաստան աշխարհը։ Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով Սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
16:30 - 24 ապրիլի, 2024
Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ

Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։ Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։ Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, և մենք հավատով ու հույսով հաստատենք մեր ընթացքը ապահովության ու առաջընթացի շավիղներում: Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»։
09:31 - 24 ապրիլի, 2024
Որոշ քաղաքական գործիչներ իսպառ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Տեր Եսայի

Որոշ քաղաքական գործիչներ իսպառ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Տեր Եսայի

Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը ներկայացրել է պարզաբանում. «Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների և նրա ազդեցության տակ գտնվող, այդ թվում նաև հանրային միջոցներով գործող լրատվամիջոցների կողմից։ Բարոյական նորմերը խախտելով՝ որոշ քաղաքական և հասարակական գործիչներ, միգուցե մարդահաճությունից մղված, չվարանեցին ստի և կեղծիքի մեղադրանք հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին՝ իսպառ խեղաթյուրելով Մայր Աթոռի հայտարարությունը և հերյուրանք որակելով բարձրաձայնված մտահոգությունները։ Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին։Որպեսզի ընկալելի լինի, մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք, այս պարագայում Տավուշում, չհանձնել հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը»։
16:32 - 18 ապրիլի, 2024
Կաթողիկոսը ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին մտահոգություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ

Կաթողիկոսը ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին մտահոգություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ

Ապրիլի 16-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Մարկուս Ռիտերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ նշելով, որ այս հանդիպումը պատեհ առիթ է ծանոթանալու ԵՄ դիտորդական առաքելության առջև դրված խնդիրներին։ Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ոտնձգություններն ու առաջադրվող պահանջները նոր անվտանգային մարտահրավերների առջև են կանգնեցնում Հայաստանին, նաև վտանգում խաղաղության հաստատման բանակցային գործընթացը։ Նորին Սրբությունը գնահատեց բոլոր այն ջանքերը, որ տիրող դժվարին իրավիճակում բարեկամ երկրների և միջազգային կառույցների աջակցությամբ ուղղվում են ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման։ Իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց դիտորդական առաքելության գործունեության և սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ վստահեցնելով, որ կարելին ի գործ կդրվի առաքելության կողմից՝ նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանն ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը։           
16:46 - 16 ապրիլի, 2024
ՀԱԵ. Հերթական զիջումները լեգիտիմացնում են ՀՀ տարածքների նկատմամբ Բաքվի կեղծ պահանջատիրությունը

ՀԱԵ. Հերթական զիջումները լեգիտիմացնում են ՀՀ տարածքների նկատմամբ Բաքվի կեղծ պահանջատիրությունը

Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը։ Հայաստանի Եպիսկոպոսների և Թեմակալ Առաջնորդների հայտարարությունը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը՝ նշելով, որ այն  կապված է Տավուշի մարզից տարածքներ հանձնելուն․  «Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները: Եկեղեցին միարժեքորեն ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները: Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: Հայրենի հողի շուրջ սակարկումները և չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։ Տևական ու ամուր խաղաղություն հնարավոր է կերտել ազգային արժանապատվության և իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի դրսևորման և փոխադարձության սկզբունքի պահպանման պայմաններում: Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։ Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին` այդ թվում և պետական պաշտոնատար անձանց` համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։ Հավատում ենք, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր` ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով ի զորու ենք հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից։ Սրտաբուխ աղոթքով հայցում ենք Երկնավոր Տիրոջից, որ խաղաղության ու համերաշխության շնորհները հեղի մեր երկրի և ժողովրդի կյանքում և անվտանգ ու անսասան պահի Հայոց անկախ պետականությունը»։
16:36 - 09 ապրիլի, 2024
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին

Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Հանդիպմանը քննարկվեցին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական կացության և բարոյա-հոգեբանական վիճակին առնչված հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերին։ Հայոց Հայրապետը հորդորեց թեմակալ առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին, որպեսզի շարունակեն Մայր Աթոռի համապատասխան կառույցների և սփյուռքի թեմերի հետ համագործակցաբար հնարավոր բոլոր միջոցները գործադրել միջազգային ու միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների ապահովման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Անհրաժեշտ նկատելով թեմական կառույցների պահպանությունը՝ Նորին Սրբությունը կարևորեց նաև արցախահայերի համախմբման, ոգու զորացման և ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։
13:12 - 06 ապրիլի, 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնել  է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Խստորեն դատապարտելով անմարդկային ոճրագործությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, հոգևոր դասի և հավատավոր հայ ժողովրդի անունից խորին վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հովվապետին և Ռուսաստանի ողջ ժողովրդին։ Վեհափառ Հայրապետը հայցել է, որ Ամենողորմ Աստված երկնային օթևաններում հանգչեցնի զոհված քաղաքացիների հոգիները, Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին և շուտափույթ ապաքինում պարգևի բոլոր տուժածներին։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։ 
14:33 - 23 մարտի, 2024
ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։ «Օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան հանցավոր չարախնդությամբ եթեր հեռարձակեց Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հետ պարտադրված հարցազրույցների հիման վրա հորինված, առաջիկա մարտի 28-ին ցուցադրության նախատեսված, այսպես կոչված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի անոնսը: Արցախի առևանգված ու պատանդառված ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող նման քայլը հերթական անգամ բացահայտում է ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության հակահայկական էությունը: Ամոթալի նմանօրինակ գործողություններով ուղղակիորեն ոտնահարվում և անարգվում են միջազգայնորեն ճանաչված մարդկային հիմնարար իրավունքները։ Հերթական անգամ փորձ է արվում գերեվարված անձանց խոցելիությունն օգտագործելու անբարո գործելաոճի միջոցով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և  տասնամյակներ շարունակ ադրբեջանական բռնությունների ու գոյաբանական սպառնալիքների դեմ արցախահայության մղած ինքնորոշման արդարացի պայքարը ներկայացնել որպես ահաբեկչություն: Գերեվարված հայորդիներին նվաստացնող բացահայտ այս գործողությունները կրկին ակներև են դարձնում խաղաղության հասնելու Ադրբեջանի ղեկավարության հավաստիացումների կեղծ ու նենգամիտ բնույթը: Խաղաղությունը չի կարող կերտվել հայ ժողովրդի արժանապատվության ոտնահարման, ատելության ու թշնամանքի շարունակական սերմանման և արցախահայության արդար իրավունքների նկատմամբ անհարգալից դրսևորումների պայմաններում: Հայաստանի իշխանությունները «խաղաղության դարաշրջան» կերտելու իրենց ձգտումներում առաջնայնորեն պետք է հասնեն Ադրբեջանի կողմից նմանօրինակ ագրեսիվ ու թշնամական գործողությունների բացառմանը և բոլոր հայ գերիների անպայմանավոր ազատ արձակմանը: Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություններին` համարժեքորեն արձագանքել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի դրսևորած հիշյալ զազրելի գործողություններին և առավել գործնական ու ազդու միջոցներ կիրառել հայ գերիների իրավունքների պաշտպանության և հայրենիք շուտափույթ վերադարձի ուղղությամբ: Աղոթում ենք Երկնավոր Տիրոջը, որ զորացնի բոլոր նեղյալներին ու գերյալներին` հաղթահարելու համար մարդկային  չարիքի ու արհավիրքի պատճառած զրկանքներն ու տառապանքները: Թող Ամենազոր Աստված օրհնի մեր երկիրն ու ժողովրդին և խաղաղություն սփռի համայն աշխարհում ու մեր տարածաշրջանում»:
18:49 - 15 մարտի, 2024