ՔԿԾ

Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող՝ նախարարության առանձնացված ստորաբաժանում է։

Այն ապահովում է դատարանի նշանակած պատիժների կատարելը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ վերահuկողություն իրականացնելը, անձանց` oրենքով uահմանված հիմքերով և կարգով կալանքի տակ պահելը:

Ի՞նչ է սպասվում Արցախի կալանավորներին և դատապարտյալներին. իրավապահները խուսափում են մեկնաբանել, իրավաբանները՝ լուծումներ փնտրում

Ի՞նչ է սպասվում Արցախի կալանավորներին և դատապարտյալներին. իրավապահները խուսափում են մեկնաբանել, իրավաբանները՝ լուծումներ փնտրում

Բռնի տեղահանման օրերին Արցախի Հանրապետության կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակվելու եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու վերաբերյալ մի շարք հարցեր դեռեւս մնում են չպարզված։ Թե իրավական ինչ ընթացակարգերի շրջանակում են անձինք ազատվել, պատկան մարմինները պաշտոնապես չեն մանրամասնում։ Մեզ հայտնի է, որ որոշներն ազատվել են Արցախի իրավապահ մարմինների որոշումներով, որոշները, ըստ մամուլի հրապարակումների՝ դատարանի որոշումներով, մյուսները՝ առանց որեւէ իրավական հիմքի։ Բոլոր դեպքերում խնդիրն ունի երկու դիտանկյուն․ մի կողմից հասկանալի է, որ ստեղծված արտակարգ իրադրությամբ պայմանավորված՝ հնարավոր չէր Արցախում շարունակել անձանց անազատության մեջ պահել, մյուս կողմից նրանց՝ Հայաստանում ազատության մեջ գտնվելը կարող է հասարակական եւ ազգային անվտանգության տեսանկյունից խնդրահարույց լինել։ Հիշեցնենք, որ ազատ արձակված անձանց շրջանում կան պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչված անձինք։  Եթե կալանավորների պարագայում գործում է անմեղության կանխավարկածը, եւ նրանց անազատության մեջ պահելը պայմանավորված է քրեական գործերի քննության շահով, ապա դատապարտյալների դեպքում իրավիճակն այլ է․ վերջիններս դատարանի վճռով մեղավոր են ճանաչվել հանցանք կատարելու մեջ եւ դատապարտվել ազատազրկման նաեւ հանրության համար վտանգ ներկայացնելու պատճառով։ Հետեւաբար պետք է հասկանալ, թե ինչպես են Հայաստանում շարունակվելու հիշյալ անձանց վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները կամ ընդհանրապես դրանք շարունակելու հնարավորություն կա՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ գործ ունենք երկու տարբեր պետությունների եւ երկու տարբեր օրենսդրությունների հետ։ «Ինֆոքոմ»-ը փորձել է պատասխանատու կառույցներից եւ մասնագետներից ստանալ թեմային վերաբերող հարցերի պատասխաններ։ ՀՀ ՔԿՀ-ներում պահվում են Արցախի միայն 3 կալանավոր եւ 17 դատապարտյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (ՀՀ ԱՆ ՔԿԾ) փոխանցմամբ՝ 2022 թ․ դեկտեմբերից մինչ օրս Արցախից Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ) կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել, այդպիսիք Արցախի տարածքում եղել են, թե ոչ՝ ՔԿԾ-ից նշել են՝ տեղեկություններ չունեն։ ՔԿԾ-ից տեղեկություններ էինք խնդրել նաեւ 2022 թ․ դեկտեմբերին՝ Լաչինի միջանցքի շրջափակմանը նախորդած ժամանակաշրջանի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կորսվել է Արցախի միակ՝ Շուշիի ՔԿՀ-ն։ Ի պատասխան հայտնել են, որ 2020 թ․ հոկտեմբերից մինչեւ 2022 թ․ դեկտեմբեր Արցախի ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանից եւ քրեակատարողական հիմնարկից Հայաստան է տեղափոխվել 81 ազատազրկված անձ, որոնցից 17-ը՝ դատապարտյալ, 64-ը՝ կալանավորված անձ։ Նրանք պահվել են ՀՀ ԱՆ «Գորիս», «Նուբարաշեն», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Սեւան» ՔԿՀ-ներում։ Ներկայում, ըստ ՔԿԾ-ի, Հայաստանում շարունակվում են պահվել հիշյալ 17 դատապարտյալները եւ կալանավորներից միայն 3-ը․ թե երբ եւ ինչ հանգուցալուծում են ստացել մնացած 61 կալանավորների վերաբերյալ վարույթները, ՔԿԾ-ից չեն մանրամասնել։ Միայն նշել են, որ մինչեւ 2022թ. դեկտեմբերը հիշյալ կալանավորները Արցախի ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման կողմից պարբերաբար տեղափոխվել են Արցախի դատարաններ՝ դատական նիստերին մասնակցելու նպատակով: Ենթադրվում է, որ հետագայում կա՛մ նրանց խափանման միջոցները փոփոխվել են, կա՛մ գործերի քննությունն ավարտվել է, եւ նրանք մնացել են Արցախում։ Արցախից Հայաստան տեղափոխված անձանց պահման համար ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումներ չեն արվել, նրանց պահման հետ կապված ծախսերը կատարվել են ՀՀ ԱՆ ՔԿԾ՝ 2022-2023 թթ հատկացված միջոցների հաշվին: ՀՀ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը խուսափում են տեղեկություններ տրամադրել Թեմային առնչվող գրավոր հարցումներ էինք ուղարկել նաեւ Ազգային անվտանգության ծառայությանն ու ՆԳՆ ոստիկանությանը։ Մասնավորապես, նախ հետաքրքրվել ենք՝ տեղեկացվա՞ծ են արդյոք 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Արցախում պահվող կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակվելու եւ Հայաստան մուտք գործելու վերաբերյալ։ Եթե այո, խնդրել էինք տրամադրել այդ անձանց թվի եւ մեղսագրվող հանցանքների վերաբերյալ տեղեկություններ։ Դրանից բացի, խնդրել էինք տրամադրել տվյալներ նաեւ 2020-2022 թթ ընթացքում Հայաստան տեղափոխված կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ։ ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը խնդրել էինք նաեւ գնահատել այդ անձանց ազատումները համապատասխանաբար ազգային անվտանգության եւ հասարակական անվտանգության տեսանկյունից եւ մանրամասնել, թե ինչ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։ ԱԱԾ-ից պատասխանել են, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, իսկ Ոստիկանությունից առաջարկել են դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հավելելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։  Մինչդեռ հիշյալ անձանց՝ Արցախից Հայաստան տեղափոխման վերաբերյալ տեղեկություններ չունենալու դեպքում անգամ խնդիրը դուրս չէ ո՛չ ԱԱԾ-ի եւ ո՛չ էլ Ոստիկանության լիազորությունների շրջանակից, որովհետեւ անձի, հասարակության ու պետության անվտանգությունն ապահովելը ԱԱԾ-ի՝ օրենքով նախատեսված պոզիտիվ պարտականությունն է, իսկ հասարակակական անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը՝ Ոստիկանության պարտականությունը։ Ուստի ՀՀ քաղաքացին կարող է ողջամտորեն ակնկալել տեղեկություն, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլեր են վերջիններս ձեռնարկում իր անվտանգության պահպանման ուղղությամբ։ Ընդ որում, երկու կառույցներին հարցեր էինք հղել նաեւ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) մասին, որոնց հասցեատերը դարձյալ իրենք են։ Այս համակարգում են ներառվում այն անձանց տվյալները, որոնց տարբեր քրեական վարույթների շրջանակում արգելվում է բացակայել Հայաստանից։ Ըստ Կառավարության որոշման՝ ԱԱԾ-ն համակարգի շահագործումն ու սպասարկումն իրականացնող մարմինն է, Ոստիկանությունը՝ տվյալներ տրամադրող աղբյուրներից մեկը։ Հետեւաբար երկու կառույցներից հետաքրքրվել էինք՝ մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 19-ը ՍԷԿՏ համակարգում ներառվե՞լ են այն անձանց տվյալները, որոնց նկատմամբ Արցախի իրավապահ մարմիններն ընտրել են բացակայելու արգելք խափանման միջոցը։ Խնդրել էինք նաեւ հայտնել՝ ներկայում Արցախի՝ ազատ արձակված կալանավորների եւ դատապարտյալների ելքը ՀՀ-ից շարունակո՞ւմ է լինել փակ, թե՞ ոչ։ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը, սակայն, այս հարցը նույնպես թողել են անպատասխան։ Մեր տեղեկություններով՝ այդ անձանց ելքը ՀՀ-ից նախկինում փակվել է, բայց թե ինչ իրավիճակ է բռնի տեղահանումից հետո, հայտնի չէ։ ՀՀ ՄԻՊ-ը հարցումներ է հասցեագրել իրավասու կառույցներին Դիմել էինք նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատակազմին՝ հետաքրքրվելով, թե ՀՀ ՄԻՊ-ը ինչ տեղեկություններ եւ դիրքորոշում ունի Արցախի կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակման եւ Հայաստան տեղափոխման գործընթացի վերաբերյալ՝ հաշվի առնելով թե՛ այդ անձանց իրավունքների եւ ազատությունների, թե՛ հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ ՄԻՊ հանրային կապերի բաժնի ղեկավար Արթուր Ասլանյանը տեղեկացրել է՝ բարձրացված հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո․ «Հարցի առնչությամբ համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին»,- ասել է Ասլանյանը՝ նշելով, որ այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկություններ չկան։ Քրեական օրենսգրքով որոշակի լուծումներ սահմանված են, բայց կան քննարկման ենթակա մի շարք հարցեր. միջազգային իրավունքի մասնագետ Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ՀՀ քրեական օրենսգրքով (ՔՕ) սահմանված որոշակի լուծումներ տեսնում է, բայց նաեւ շեշտում, որ բացարձակ հետեւություններ կատարելուց առաջ պայմանները պետք է ուշադրությամբ գնահատվեն։ Սահակյանը մատնանշում է ՔՕ 12-րդ հոդվածը, որի 1-ին մասը սահմանում է, որ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած ՀՀ քաղաքացիների քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ ՔՕ-ով, եթե նրանց կատարած արարքը հանցանք է համարվում դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել:  Իսկ եթե հանցանքը նշված անձանց կողմից կատարվել է որեւէ պետության չպատկանող տարածքում, ապա նրանք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ ՔՕ-ով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ տվյալ դեպքում քննարկման հարց է՝ համարում ենք, որ գործ ունենք պետությա՞ն հետ, թե՞ որեւէ պետության չպատկանող տարածքի։ Եթե Արցախը համարում ենք առանձին պետություն, արդյո՞ք միջպետական որեւէ համաձայնագրով սահմանված են քրեական վարույթների փոխանցման ընթացակարգեր (առնվազն հրապարակայնորեն նման համաձայնագիր հայտնի չէ), իսկ եթե համարում ենք որեւէ պետությանը չպատկանող տարածք, այստեղ կարող է վիճելիություն ծագել Արցախում բնակվող անձանց՝ ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ նրանց տրվել է հատուկ քաղաքացիություն, նրանք ՀՀ լիարժեք քաղաքացիներ չեն, քանի որ ՀՀ-ում ընտրելու իրավունք չեն ունեցել։ Արցախում մարդու իրավունքների հարցերով միջազգայնորեն պատասխանատուն Հայաստանն է Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ այս պահին ուժի մեջ եղած դիրքորոշումն այն է, որ Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների նկատմամբ, ըստ այդմ, ԼՂ-ի վրա տարածվում է Հայաստանի իրավազորությունը, եւ ԼՂ-ում մարդու իրավունքների հարցերով Հայաստանն է միջազգայնորեն պատասխանատու (CASE OF CHIRAGOV AND OTHERS v. ARMENIA)։ Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո իրադրության եւ փաստակազմի փոփոխություն է տեղի ունեցել՝ Սահակյանը տեսնում է հնարավորություն, որ ՄԻԵԴ-ը կարող է վերագնահատել նոր իրավիճակը եւ նոր եզրահանգման գալ, բայց ինչպիսին էլ լինի այդ եզրահանումը, միջազգային պատասխանատվության տեսակետից մարդիկ չեն կարող հայտնվել իրավական վակուումում, եւ տվյալ տարածաշրջանում վերահսկողության տարրեր իրականացնող ճանաչված պետությունները պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։ Տվյալ դեպքում, ըստ Սահակյանի, պետք է նկատի ունենալ մի քանի հանգամանք․ «Նախ, ԼՂՀ տարածքները արդեն իսկ 2020 թ․-ին օկուպացվել են եւ արդյունավետ վերահսկվել Ադբեջանի կողմից, եւ երկրորդը, ի հայտ է եկել ռուս խաղաղապահ կոնտինգենտը, որը եւս սուվերենության տարրեր իրականացրել է, եւ նման պայմաններում ՀՀ իշխանությունների արդյունավետ վերահսկողությունը ԼՂՀ-ում կարող էր փոփոխության ենթարկվել»,- ասում է մասնագետն ու հավելում՝ յուրաքանչյուր դեպքի փաստական հանգամանքները գնահատելով՝ պետք է հասկանալ, թե ով է պատասխանատուն՝ Հայաստ՞անը, Ռուսաստա՞նը, թե՞ Ադրբեջանը։ Ինչ վերաբերում է իրավունքների հնարավոր խախտումներին, դրանք պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ տուժողների եւ ամբաստանյալների/դատապարտյալների․ «Մենք ունենք մարդու իրավունքների համընդհանուր ստանդարտներ, որոնք արգելում են կյանքի իրավունքի ծանր խախտումների կամ խոշտանգումների գործերով անպատժելիությունը ցանկացած ձեւով, այդ թվում՝ ներումների եւ համաներումների տեսքով պատժի դատապարտված անձանց, եւ եթե օրենքով նախատեսված որոշակի սահմանափակ գործիքներից զատ նրանք այլ ձեւով ազատ են արձակվում, կարող ենք խոսել տուժողների կյանքի իրավունքի կամ խոշտանգումների արգելքի խախտման մասին՝ դատավարական ասպեկտով»,- նշում է Սահակյանն ու հիշեցնում՝ թույլատրելի գործիքները, որոնց միջոցով անձինք կարող են պատժից ազատվել, պետք է կիրառվեն դատական ներգրավվածությամբ։ Հայաստանի դատարանները, ըստ Սահակյանի, այդ դեպքում կհամարվեն օրենքի հիման վրա ստեղծված, եթե միայն լինի հստակ բացատրություն, թե Արցախի դատարանների կողմից քննված եւ լուծված պատժի հարցը հետագայում իրավական ինչ հիմքով է ընդդատյա դառնում ՀՀ դատարանին։ Մյուս հարցն էլ վերաբերում է ամբաստանյալների եւ դատապարտյալների իրավունքների հնարավոր խախտումներին, ինչն ուղղակիորեն կապված է Արցախի ինքնալուծարման հրամանագրի հետ։ Սահակյանը նախ ընդգծում է՝ քաղաքական առումով այդ ակտը մեծ ազդեցություն ունի, քանի որ այն կայացվել է Ադրբեջանի հարկադրանքի ներքո եւ նաեւ մարդասիրական խնդիրներ լուծելու համար։ Բացի դրանից, Ադրբեջանն ընդունել է ԱՀ լուծարման ակտի լեգիտիմությունը, ինչն ինքնին Արցախի պետականության իրավիճակային ճանաչում է․  «Բայց եթե քննարկում ենք դրա իրավական մասը, կարծում եմ՝ գործ ունենք առոչինչ իրավական ակտի հետ, քանի որ ինքնալուծարման ակտի հնարավորություն սահմանադրորեն նախատեսված չէ, եւ առավել եւս, վերապահված չէ Արցախի նախագահին։ Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ այս առոչինչ ակտն էլ պետք է վիճարկվի սահմանված ընթացակարգով, բայց քանի դեռ վիճարկված չէ եւ փաստացի իրավական հետեւանքներ է առաջացնում, ինքնալուծարումը ազդեցություն է ունենում դատական ակտերի կատարման գործընթացի վրա․ չկա պետականություն, չկան այդ պետության կողմից ընդունված ակտերի՝ հարկադիր կատարումը ապահովող մեխանիզմներ, եւ ավելին, եթե անգամ այդ պետության ակտերը պետք է մեկ այլ պետությունում ճանաչվեն, նորից միջազգային համագործակցության դաշտ ենք տեղափոխվում, դրանք մեկ այլ երկրում ավտոնոմ կատարման ենթակա չեն, իրավական համաձայնագրերի պայմաններում ֆորմալ գործընթաց է տեղի ունենում, որով ճանաչվում է ակտը, եւ նոր այդ ճանաչման ուժով մյուս պետությունը կարող է հարկադիր կատարման ենթարկել նաեւ օտարերկրյա պետության դատական ակտերը»,- մանրամասնում է միջազգային իրավունքի մասնագետը։  Առանց այդ գործընթացների անձանց անազատության մեջ պահելը, ըստ Սահակյանի, կհանգեցնի Սահմանադրությամբ եւ Եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ ազատությունից զրկելու կամայականության արգելքի խախտման։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ բացառություն կարող են համարվել միայն զինվորական գործերը, քանի որ միջպետական համաձայնագրի հիման վրա ՀՀ դատախազության կայազորները տեղակայցված են եղել ԼՂՀ-ում, եւ զինվորականների հետ կապված գործերը ընդդատյա են եղել ոչ թե Արցախին, այլ Հայաստանին, ինչը ընդունված մոդել է նաեւ ԱՄՆ-ում, ՌԴ-ում։  Նշենք, որ մենք գրավոր հարցմամբ դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել դատախազությունների միջեւ համագործակցության եւ փոխօգնության 2008 թ․-ի համաձայնագիրը, որը Արցախի դատախազության պաշտոնական կայքում հրապարակված է եղել, սակայն այժմ հասանելի չէ։ Տեղեկություն տրամադրելու՝ օրենքով սահմանված 5 օրը լրացել է, սակայն Դատախազությունից մինչ այս պահը պատասխան չենք ստացել։ Դիմել էինք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել երկու երկրների կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին 1994 թ․-ի համաձայնագիրը, որով սահմանված են ԼՂՀ-ում ծառայող ՀՀ զինծառայողների եւ ՀՀ-ում ծառայող ԼՂՀ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Նախարարությունը, սակայն, տեղեկության տրամադրումը մերժել է՝ պետական գաղտնիքի հիմքով։ Հատկանշական է, որ այդ համաձայնագրի մի քանի դրույթ ներառված է ՄԻԵԴ-ի՝ տարիներ առաջ կայացված վճռում, որը համացանցում հրապարակված է: Խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի եւ Արցախի իրավասու մարմինների համագործակցության շրջանակում. Արծվիկ Մինասյան Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ օրենսդիրից, սակայն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մի քանի օր այդպես էլ ժամանակ չգտավ հարցազրույցի համար, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց՝ խմբակցության օրակարգում այս թեմայով քննարկում կամ օրենսդրական նախաձեռնության հարց չկա։ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի եւ Արցախի իրավասու մարմինների համագործակցության եւ կնքված համաձայնագրերի շրջանակում, որոնք նմանատիպ հարցերը կարգավորում են, իսկ օրենսդրությունները գրեթե նույնական են, եւ էական առանձնահատկություններ, հատկապես՝ քրեական արդարադատության ոլորտում եւ քրեական արարքների տեսակետից, չեն լինի։ Ըստ Մինասյանի՝ եթե ազատ արձակումները տեղի են ունեցել Արցախի իրավասու մարմինների որոշումների հիման վրա, ապա դա օրինական է կամ եթե նրանց վերաբերյալ վարույթները կարճվել են, խնդիրը լուծվել է, իսկ եթե չկան համապատասխան որոշումներ, եւ վարույթներն էլ չեն կարճվել, ապա Արցախի պետական մարմինները, առնվազն նրանք, որոնք էական նշանակություն ունեն պետականության գործունեության կազմակերպման համար, պետք է շարունակեն գործել Հայաստանում, ունենան հստակ իրավասություններ, որոնք պետք է ճանաչվեն Հայաստանի պետական մարմինների կողմից։  ՀՀ քրեական օրենսգիրքը Հայաստանի տարածքից դուրս հանցանք կատարած անձին ՀՀ-ում պատասխանատվության ենթարկելու համար, ի թիվս այլ պայմանների, սահմանում է, որ արարքը պետք է ուղղված լինի ՀՀ շահի դեմ։ Տվյալ դեպքում, ըստ Արծվիկ Մինասյանի, Հայաստանի եւ Արցախի պետական շահերը պետք է նույնանան․ «Անկախ նրանից, թե Հայաստանի քաղաքական իշխանությունը ինչ հայտարարություն է անում, շարունակում է գործել ՀՀ-ի՝ Արցախի Հանրապետության անվտանգության եւ պաշտպանության իրավազորությունը, իրավական այդ պարտավորությունը ամրագրված է»,- ասում է նա՝ հավելելով, որ ՀՀ իրավասու մարմինները, անձանց իրավունքներով ու օրինական շահերով առաջնորդվելով, պետք է ապահովեն համադրություն եւ հավասարակշռված պաշտպանություն պետական շահերի հետ։ Մինասյանի համոզմամբ եւս՝ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը իրավաբանական ուժ չունի եւ պետք է վիճարկվի, բայց առնվազն մինչեւ 2024 թ․ հունվարի 1-ը քրեական գործերի ընթացքավորումը անհրաժեշտություն է։ Հավելենք, որ օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Արցախի որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ դատավորները եւ գլխավոր դատախազը, շարունակելու են հասարակական հիմունքներով պաշտոնավարել Հայաստանում եւ հոկտեմբերի 1-ից Արցախի Հանրապետության անունից նրանց տված փաստաթղթերը համարվելու են վավեր։   Միլենա Խաչիկյան
18:46 - 26 հոկտեմբերի, 2023
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՔԿՀ նոր մոդելը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՔԿՀ նոր մոդելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչումն ստանալու կապակցությամբ, որը վերջինիս շնորհվել էր ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ: Վարչապետն անձամբ է հանձնել ՔԿԾ պետին կոչումն ստանալու որոշումը և մաղթել արդյունավետ աշխատանք: Հաջորդիվ, դատաիրավական բարեփոխումների համատեքստում քննարկվել է, մասնավորապես, քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման նախագիծը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և փոխնախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ են ներկայացրել առաջարկվող մոդելի վերաբերյալ և նշել, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի և չափանիշների ուսումնասիրության հիման վրա՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունից ելնելով: Անդրադարձ է եղել առաջարկվող կառուցվածքային լուծումներին, աշխատանքային, շենքային ու կենցաղային պայմաններին, նախագծի ֆինանսական գնահատականին: Վերոնշյալ և հարակից այլ հարցերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են անելիքները: Վարչապետը նշել է, որ բարեփոխման ռազմավարական հեռանկարը պետք է լինի դատաիրավական կլաստերի կառուցումը, որտեղ ինտեգրված կլինեն միմյանց փոխկապակցված ենթակառուցվածքները: Դա կնպաստի արդարադատության գործընթացի և համակարգերի փոխգործելիության արդյունավետության բարձրացմանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքները շարունակել այս տրամաբանության շրջանակում:
15:20 - 08 հուլիսի, 2022
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը տեղում ուսումնասիրել է հիմնարկների առանձնահատկություններն ու հիմնախնդիրները

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը տեղում ուսումնասիրել է հիմնարկների առանձնահատկություններն ու հիմնախնդիրները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց պահման պայմաններին, նրանց մատուցվող սննդի որակին, ինչպես նաև հիմնարկների առանձնահատկություններին ու այնտեղ առկա հիմնախնդիրներին ծանոթանալու նպատակով Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն իր տեղակալների և կենտրոնական մարմնի ներկայացուցիչների հետ այցելել է «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Ծառայության պետը հիմնարկների վարչակազմի ուղեկցությամբ շրջել է ՔԿՀ-ների բնակելի գոտիներում, զբոսահրապարակներում, հանձնուքների ընդունման և տեսակցությունների սենյակներում, մարզադահլիճներում, իսկ ճաշարաններում հետևել է սննդի պատրաստման գործընթացին և ծանոթացել օրվա ճաշացանկին: «Շրջայցի ընթացքում Ծառայության պետը զրուցել է կալանավորված և դատապարտված անձանց հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են քրեական գործերին: Սերգեյ Ատոմյանը եղել է նաև վերոհիշյալ հիմնարկների վարչական շենքերում, ծանոթացել անձնակազմի հետ, նրանց աշխատանքային պայմաններին և դրանց հետ կապված խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Քրեակատարողական ծառայության պետի այցերը հիմնարկներ կրելու են շարունակական բնույթ:
22:38 - 06 հոկտեմբերի, 2021
ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը մասնակցել է ԱՊՀ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին

ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը մասնակցել է ԱՊՀ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին

2020 թվականի դեկտեմբերի 23-ին առցանց եղանակով անցկացվել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և Ղրղզստանի քրեակատարողական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման Բյուրոյի, ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները։ Նիստում քննարկվել են ոլորտում իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակմանն ու փոխգործակցությանը, հանցավորության դեմ պայքարին, ահաբեկչության և ծայրահեղական բնույթի այլ բռնի դրսևորումների դեմ համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև կադրերի պատրաստմանն առնչվող հարցեր, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք կարևոր որոշումներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև քրեակատարողական հիմնարկներում Covid-19 կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներին։ Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2021 թվականին՝ Ղրղզստանում։    
14:42 - 25 դեկտեմբերի, 2020
ՔԿԾ-ում անցկացվել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնահարցերին նվիրված խորհրդակցություն

ՔԿԾ-ում անցկացվել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնահարցերին նվիրված խորհրդակցություն

Սեպտեմբերի 24-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անցկացվել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի հնարավոր դրսևորումները կանխարգելելու և բացառելու, ինչպես նաև դրանց դեմ համակարգված պայքար մղելու հիմնահարցերին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են Ծառայության պետ Արթուր Գոյունյանը, Ծառայության պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Մարկոսյանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պետերը, նրանց տեղակալները, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակազմը։ «Խորհրդակցության ընթացքում Արթուր Գոյունյանը և Գագիկ Մարկոսյանը, առանձնահատուկ կարևորելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի հաղթահարումը, արձանագրել են, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ ծավալվող հետևողական պայքարը և դրա հետագա ակտիվացման միտումները վկայում են քրեակատարողական ծառայության համակարգում ժամանակին համահունչ մի շարք իրավակազմակերպական և այլ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Այդ նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ և ամփոփումներ, որոնց արդյունքներով կազմվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել քրեակատարողական ծառայության համակարգում օպերատիվ իրադրության վերահսկելիության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիր։ Վերոհիշյալով պայմանավորված՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են խնդրո առարկային առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր, նախանշվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և այլ իրավակազմակերպական միջոցառումների շրջանակը, դրանց արդյունավետ իրականացման եղանակները, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի հակազդեցության փորձերի կանխարգելման ու չեզոքացման հնարավոր մեխանիզմները»,- ասված է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:
20:02 - 24 սեպտեմբերի, 2020
Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում |armenpress.am|

Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով իր գործառույթների իրականացման ընթացքում հնարավորինս բաց ու թափանցիկ սկզբունքով աշխատելաոճին, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների տարածած հրապարակումները,  ինչպես նաև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Գագիկ Խաչատրյանի,  ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և ֆինանսների նախարարությունում նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրազեկում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը, նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Նախաքննությունը շարունակվում է:
18:30 - 25 փետրվարի, 2020
2019թ.-ի ընթացքում ավարտվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 224 քրգործ. ՔԿ

2019թ.-ի ընթացքում ավարտվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 224 քրգործ. ՔԿ

2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 206 նյութ:Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ Նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում է գտնվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 360 քրեական գործ, որից 10-ը՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:Ընդ որում, Կոմիտեի վարույթում գտնվող հիշյալ 360 քրեական գործերից 294-ը վարույթ է ընդունվել 2019 թվականի ընթացքում, իսկ 66-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր: Նշված ժամանակահատվածում հարուցվել է 203 քրեական գործ (2018 թվականի տարեկան հաշվետվությունում անավարտ քրեական գործերի թիվը նշված է եղել 60, իսկ կիսամյակային հաշվետվություններում այն արդեն եղել է 66: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ որոշ հանցագործություններ կատարվել են երեխայի նկատմամբ, որոնք 2018 թվականն ամփոփելիս դեռևս հայտնի չեն եղել): Նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում եղած երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ վերը նշված 360 քրեական գոր­ծե­րից 5-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն, 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 54-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին, 5-ը՝ ՀՀ քր. օր.-ի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդհոդվածով նախատեսված բռնաբարությանը, 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդհոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդհոդվածով նախատեսված սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելուն, 44-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդհոդվածով նախատեսված սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդհոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդհոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդհոդվածով նախատեսված երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելուն կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն, 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելուն, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, 14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդհոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված գույքն անզգուշությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն, իսկ 121-ը՝ այլ հանցագործություններ են: (2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվող քրեական գործերից 1-ը նշված է եղել որպես ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածով (երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը) հարուցված, սակայն հետագայում այն վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով:) Վերը նշված քրեական գործերով թվով 187 անձ ներգրավված է եղել որպես մեղադրյալ, ընդ որում 7 անձ եղել է 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 110-ը՝ 18-35 տարեկան, 68-ը՝ 35 տարեկանից բարձր:187 անձանցից 26-ը ունեցել են բարձրագույն կրթություն, 143-ը՝ միջնակարգ, 8-ը՝ միջին մասնագիտական, 10-ը՝ տարրական:Նշված անձանցից 12-ը նախկինում եղել են դատապարտված:Վարույթում գտնվող գործերով եղել են թվով 336 տուժողներ, որոնցից 169-ը՝ մինչև 12 տարեկան, 61-ը՝ 12-14 տարեկան, 63-ը՝ 14-16 տարեկան, 43-ը՝ 16-18 տարեկան: 2019 թվականի ընթացքում ավարտվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 224 քրեական գործ, որից 7-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:133 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 86-ը` արդարացման հիմ­քով, իսկ 47-ը` ոչ արդարացման:Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 88 քրեական գործ՝ 89 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 4 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ): Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 3 միջնորդություն:Կասեցվել է 42 քրեական գործով վարույթ, որից 5-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 37-ը՝ այլ հիմքով:Նշված ժամանակահատվածում միացվել են 17 քրեական գործեր, իսկ ըստ ենթակայության են ուղարկվել 6-ը:2019 թվականից փոխանցված գործերի հետ միասին անավարտ է մնացել ընդհանուր հաշվով 71 քրեական գործ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը՝ 2):
16:18 - 07 փետրվարի, 2020
ՔԿԾ պետը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած կոնֆերանսին |armenpress.am|

ՔԿԾ պետը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած կոնֆերանսին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության հրավերով մայիսի 14-15-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Դատապարտյալների պահման ռեժիմի կառավարում» բազմակողմ հանդիպմանը: Հանդիպման գլխավոր նպատակը Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչների համախմբումն էր «Դատապարտյալների պահման ռեժիմի կառավարմանը» վերաբերող հարցերով առաջավոր փորձի և լավագույն պրակտիկայի փոխանակման, քննարկումների միջոցով քրեակատարողական համակարգում նոր մոտեցումների ներկայացման և դրանք Եվրոպայի Խորհրդի, ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափորոշիչներին համապատասխանեցնելու հեռանկարներով, որոնք կապահովեն դատապարտյալների կառավարման արդյունավետության բարձրացումը, և նվազագույնի կհասցվեն ազատազրկված անձանց բացասական վարքագծի դրսևորումներն ու կրկնահանցագործությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական համակարգի այնպիսի խնդրահարույց հարցեր, ինչպիսիք են ազատազրկված անձանց միջև երբեմն տեղի ունեցող ֆիզիկական բռնությունը, որը հաճախ դրսևորվում է հատկապես խոցելի դատապարտյալների նկատմամբ։ Քննարկվել է սպառնալիքի և ֆիզիկական բռնության կանխարգելումը, ինչպես նաև կալանքի տակ պահման պայմանները, կանոնները և անչափահաս դատապարտյալների իրավունքների պահպանումն ու նրանց անձի անվտանգությունը ապահովելը թեմայով:Բացի այդ, քննարկվել են նաև ցմահ ազատազրկման և այլ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց միայն պատժի հիմքով անջատ պահելու անթույլատրելիության, կանանց իրավունքների, օտարերկրյա դատապարտյալների պահման պայմանների առանձնահատկության, մեկուսի բանտարկության, առանձնակի վտանգ ներկայացնող դատապարտյալների նկատմամբ իրավիճակին և տարբերակված մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ հիմնախնդիրները:
16:23 - 17 մայիսի, 2019
Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությունների արդյունքում մեծ թվով արգելված իրեր են հայտնաբերվել

Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությունների արդյունքում մեծ թվով արգելված իրեր են հայտնաբերվել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հրամանով ապրիլի 26-ին՝ ժամը 08:30-ից մինչև 12:00-ն ընկած ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում և խցերում Ծառայության պետի հանձնարարությամբ ձևավորված օպերատիվ խմբերն իրականացրին չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվեցին արգելված իր հանդիսացող 11 հատ բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, 5 USB լար, լիցքավորման 14 սարք, 6 ականջակալ, 3 մարտկոց, 22 հատ խաղաքարտ, 14 զառ, ինքնաշեն եղանակով պատրաստված կտրող-ծակող 21 առարկա, 11 հատ չօգտագործված մեկանգամյա օգտագործման ներարկիչ, 10 բաժանորդային քարտ և պարաններով ամրացված 12 պարկ, որի միջոցով դատապարտյալները կատարում են փոխանցումներ: Նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, չնախատեսված խուզարկություններ իրականացվեցին նաև ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում, հարակից տարածքներում, զբոսահրապարակում և կոմունալ-կենցաղային տարածքներում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվեցին ինքնաշեն էլեկտրատաքացուցիչ, 1 խոհանոցային դանակ և խոհանոցային դանակի շեղբ, 4 պատառաքաղ, մետաղյա ձող, 1 փոքր մկրատ, 2 բջջային հեռախոս, 3 հատ մարտկոց, ձևափոխված 1 Smart ժամացույց: Ապրիլի 26-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, նախատեսված խուզարկություն են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, որի խցերից մեկում՝ պահարանի տակ նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով:
09:31 - 27 ապրիլի, 2019