Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Արարատ Միրզոյանը՝ Ալմաթայի բանակցությունների մեկնարկին

Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Արարատ Միրզոյանը՝ Ալմաթայի բանակցությունների մեկնարկին

Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար։ Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ղազախստանի ցանկությունն աջակցել իր համար երկու բարեկամ երկրներին հասնել համաձայնության և Հարավային Կովկասում հաստատել երկարատև խաղաղություն։ Կցանկանայի նաև հատուկ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահին, ինչպես նաև Ձեզ՝ Մուրատ Աբուգալիևիչ, Ձեր ներդրած ջանքերի համար։ Հիրավի, շատ խորհրդանշական է, որ մենք այսօր հանդիպում ենք այս գեղեցիկ քաղաքում՝ Ալմաթիում, ավելին, այն նույն կառույցում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հիշեցնեմ՝ դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ տանսմեկ հանրապետությունները՝ ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։ Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։ Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և ավելին, կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն։»
16:25 - 10 մայիսի, 2024
Բայրամովը վստահություն է հայտնել, որ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին
 |1lurer.am|

Բայրամովը վստահություն է հայտնել, որ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլաուի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատան հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին համաձայնության ֆոնին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ղազախստանի հարաբերությունները, տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև երկկողմ հարցեր: Նախարարներն անդրադարձել են Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի (COP-29) նախապատրաստական աշխատանքին:
14:45 - 10 մայիսի, 2024
ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Մայիսի 10-ին Ալմաթիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի նշանակությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։
13:51 - 10 մայիսի, 2024
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. Ռուսաստանում Ղազախստանի դեսպան
 |1lurer.am|

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. Ռուսաստանում Ղազախստանի դեսպան |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։ Այդ մասին ТАСС գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։ «Անշուշտ, Ղազախստանը միշտ պատրաստ է օգնել բոլոր գործընթացներին, որոնք վերաբերում են խաղաղությանը։ Դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին ու Ուկրաինային, այլև Հայաստանին ու Ադրբեջանին, Սիրիայի խնդրին, Իրանի խնդրին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ղազախստանը պատրա՞ստ է միջնորդ դառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում: Աբաևը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բազմաթիվ նախաձեռնություններ կան։ «Իհարկե, Ռուսաստանի կարծիքը պետք է միշտ հաշվի առնել այդ գործընթացներում։ Իհարկե, մենք պատրաստ ենք ոչ թե միջնորդ լինել, այլ հարթակ տրամադրել, պայմաններ ստեղծել», - հավելել է նա։
18:27 - 04 մայիսի, 2024
Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը
 |1lurer.am|

Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը |1lurer.am|

1lurer.am: data-sider-select-id="0bb1a0ea-611d-4bec-b775-1d3f7838ac82">Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը՝ ղազախական կողմի նախաձեռնությանը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։ Տոկաևն առաջարկել էր երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի բանակցություններն անցկացնել Ալմաթիում: «Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենալու Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա Աթայի հռչակագիրը, որն ամրապնդեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական ​​սահմանների որոշման սկզբունքները»,- ասել է Ղազախստանի նախագահը։ Տոկաևը հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր ու տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը։
13:13 - 01 մայիսի, 2024
Հայ-ադրբեջանական բանակցությունները լինելու են երկկողմ, ոչ թե ղազախական միջնորդությամբ․ պաշտոնական Աստանա
 |civilnet.am|

Հայ-ադրբեջանական բանակցությունները լինելու են երկկողմ, ոչ թե ղազախական միջնորդությամբ․ պաշտոնական Աստանա |civilnet.am|

civilnet.am: Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, փոխանցում է «Սպուտնիկի» ղազախական ծառայությունը։ «Նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ՝ Ալմաթիում։ Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Մենք միայն բարի ծառայություն ենք մատուցում։ Եթե կողմերը խաղաղության հասնեն, և դա ստորագրվի մեզ մոտ, դրական ազդեցությունը կանդրադառնա ոչ միայն Ղազախստանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- ասել է Սմադիյարովը: Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ղազախստանում։ Այսօր արդեն ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց։  Ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։
15:37 - 29 ապրիլի, 2024
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. Անի Բադալյան
 |1lurer.am|

Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. Անի Բադալյան |1lurer.am|

1lurer.am: Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին: Այդ մասին «Լուրերին» ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: «Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես»,- նշել է նա:
10:39 - 26 ապրիլի, 2024
Համագործակցության ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ղազախստանի զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև

Համագործակցության ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ղազախստանի զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև

Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել են մի շարք երկկողմ համագործակցության փաստաթղթեր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2024-2026 թվականների համագործակցության վերաբերյալ ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև: Ոլորտային երկկողմ փաստաթղթերի վավերացմանը նախորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև համատեղ հայտարարության ստորագրումը՝ երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, կատարելագործման և բովանդակային համալրման նպատակով: Ստորագրված համատեղ հայտարարությունում, ի թիվս այլ հարցերի, նշված է նաև, որ կողմերը պարտավորվում են համակողմանիորեն նպաստել մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում շփումների ընդլայնմանը, աջակցել մշակույթի և արվեստի կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվության միջոցների միջև ուղիղ կապերի հաստատմանը, ինչպես նաև կազմակերպել «Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի օրեր 2024թ.» և «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի մշակույթի օրեր 2025թ.» միջոցառումները: Նախատեսվում է նաև աջակցել մշակութային-հումանիտար կապերի զարգացմանը, այդ թվում՝ երկու երկրների տարածքում ապրող էթնիկ խմբերի լեզվական, մշակութային և կրոնական ինքնատիպությունը խթանելու միջոցով: Նախատեսվում է ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին: Կողմերը նաև դրական են գնահատել Երևանի պետական համալսարանի Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությունը: Երկուստեք ընդգծվել է նաև Լ.Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում հայոց լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրության և տարածման նպատակով մշակութային հարթակի գործարկման կարևորությունը: Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ վերջինիս են ներկայացվել թանգարանում պահվող հայերեն և օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն հին ձեռագրերը:
16:50 - 15 ապրիլի, 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը կնպաստի Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Մենք ունենք ընդհանուր պատմություն, և նաև այսօրվա ժամանակակից պատմությունը, որն առանձնանում է նրանով, որ այս բարդ ժամանակներում մենք խորացնում ենք մեր հարաբերությունները բոլոր բնագավառներում: Ուզում եմ նշել, որ այս ժամանակաշրջանում, հատկապես՝ Ձեր ղեկավարման ժամանակաշրջանում, Ղազախստանն արձանագրել է զգալի հաջողություններ տարբեր ոլորտներում: Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաև Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում և մնացած բնագավառներում:Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ և, իհարկե, մաղթում Ձեզ և ղազախ ժողովրդին հաջողություններ, նոր ձեռքբերումներ»: Ղազախստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեմաղթանքների համար, նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի Վահագն Գառնիկի, որպես Ղազախստանի նախագահ առաջին անգամ եմ այցելում Հայաստան պաշտոնական այցով: Այդ պատճառով է, որ այս այցն ինձ համար շատ կարևոր է և ունի հատուկ նշանակություն: Մենք բանակցություններ ենք ունեցել մեծարգո պարոն վարչապետի հետ՝ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակում: Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է հիմնական և կարևոր գործընկերներից մեկը: Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան, երկիր՝ հարուստ պատմությամբ, մշակույթով, որտեղ սկիզբ է առել հին քաղաքակրթությունը: Այսօրվա հանդիպումը համընկել է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-ամյակի հետ: Սա խորհրդանշական է: Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական: Այս պաշտոնական այցն անցավ ինչպես ծրագրված էր, և ես հույս ունեմ, որ այն կմնա երկու երկրների պատմության մեջ»: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է համատեղ տնտեսական, մշակութային, սպորտային և այլ նախաձեռնությունների անցկացումը՝ օրերս կայացած հայ-ղազախական գործարար համաժողովի և ընթացիկ տարում Ղազախստանում նախատեսված «Հայկական մշակութային օրերի» օրինակներով: Երկու երկրների համագործակցության ամրապնդման տեսանկյունից, կարևորվել են բարձր մակարդակի քաղաքական փոխայցելություններն ու մշակութային, տնտեսական, գործարար օղակների միջև շարունակական շփումները: Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք շեշտել են տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը, ինչը բխում է բոլոր գործընկեր պետությունների շահերից: Հանդիպման ավարտին Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան:
15:57 - 15 ապրիլի, 2024
Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստան- Ղազախստան համագործակցության զարգացման մի շարք հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստան- Ղազախստան համագործակցության զարգացման մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ղազախստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետություն և 2001 թվականից այս կողմ, այսինքն՝ վերջին 23 տարիներին, Ղազախստանի նախագահի պաշտոնական այց Հայաստանի Հանրապետություն տեղի չի ունեցել: Եվ այս առումով այցը շատ կարևոր է, և արդեն իսկ կարող եմ արձանագրել, որ մեր՝ մինչ այս պահը տեղի ունեցած շփումների ընթացքում հասցրել ենք հարցերի բավական լայն շրջանակ քննարկել մեր երկու երկրների հետագա փոխհարաբերությունների զարգացումն ապահովելու վերաբերյալ: Ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում և նաև պատկերացնում ենք, թե ինչ կոնկրետ գործողություններ պիտի իրականացվեն: Իհարկե, այստեղ առանցքային տեղ ունի տնտեսական համագործակցության խորացումը, նաև քաղաքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերում մեր փոխգործակցությունը: Շատ ուրախ եմ այս առիթի համար: Ուզում եմ ընդգծել, որ այս ամենով հանդերձ՝ մենք չենք մոռանում մշակութային, հումանիտար ոլորտի համագործակցության մասին: Այս տարի Ղազախստանում տեղի կունենան Հայաստանի մշակութային օրեր, մյուս տարի Հայաստանում տեղի կունենան Ղազախստանի մշակութային օրեր: Նկատի ունեմ՝ մեր օրակարգն իրականում բավականին հարուստ է, և համոզված եմ, որ Ձեր այցի արդյունքներով մենք որոշումներ կկայացնենք, որոնք կծառայեն մեր համագործակցության բոլոր ուղղությունների հետագա խորացմանը: Մեծարգո պարոն նախագահ, Թույլ տվեք ևս մեկ անգամ  ջերմորեն ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում»: Իր հերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է. «Մեծարգո Նիկոլ Վովայի, հանդիպման մասնակիցներ, ես հաճույքով ընդունեցի Հայաստան պաշտոնական այցով այցելելու Ձեր հրավերը: Մենք մեծ հարգանք ունենք հայ ժողովրդի հինավուրց պատմության, ավանդույթի և մշակույթի հանդեպ: Այսօրվա հանդիպումը նշում է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-րդ ամյակը: Սա մեծ խորհրդանշական նշանակություն ունի: Այս ընթացքում մենք ամուր հիմքեր դրեցինք հեռանկարային երկարաժամկետ փոխադարձ օգտակար համագործակցության համար: Քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում ակտիվորեն զարգանում է, ներդաշնակ աշխատանք է հաստատվել երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև: Մենք կարողացանք հաստատել արդյունավետ գործընկերություն նաև բազմակողմանի հարթակներում: Մենք նման հայացքներ և ընկալումներ ունենք շատ միջազգային հարցերի ընդգրկմամբ: Առևտրատնտեսական կապերն ամեն տարի ընդլայնվում են: Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ առևտուրը նույնպես աճել է, բայց մենք դրանով չենք սահմանափակվում, մենք բավականաչափ ներուժ և հնարավորություններ ունենք աշխուժացնելու մեր փոխանակումները: Այդ կապակցությամբ կարևոր է զարգացնել արդյունաբերական, տրանսպորտային, լոգիստիկ և գյուղատնտեսական ասպարեզները: Մեծ ապագա ունի նաև մեր համագործակցությունը նոր ասպարեզներում, ինչպես օրինակ՝ թվայնացումը և ֆինանսները: Վստահ եմ, որ վերջերս անցկացված բիզնես ֆորումը երկու երկրների ձեռնարկատերերի մասնակցությամբ նույնպես իր նպաստը կբերի այս համագործակցությանը: Մենք մշտապես հետաքրքրված են ամրապնդել մշակութային և հումանիտար կապերը մեր երկու երկրների միջև»:   Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ղազախստան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության և հումանիտար ոլորտներում փոխգործակցության խթանմանը: Կողմերը կարևորել են երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքը, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:     
13:45 - 15 ապրիլի, 2024