ԱՏՁՄ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է: 

Հիմնական ռազմավարական ուղղություններն են՝ Կրթություն և աշխատուժի ձևավորում,  Հայկական ՏՏ բրենդի ստեղծում, ռազմարդյունաբերության,  շահերի պաշտպանության, Բիզնեսի և ձեռներեցության զարգացմանը։ 

ԱՏՁՄ-ն ն մտահոգությունն է հայտնում արդեն օրինաչափություն դարձած անվանի մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների աղմկոտ ձերբակալությունների մասին․ հայտարարություն

ԱՏՁՄ-ն ն մտահոգությունն է հայտնում արդեն օրինաչափություն դարձած անվանի մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների աղմկոտ ձերբակալությունների մասին․ հայտարարություն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում արդեն օրինաչափություն դարձած անվանի մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների աղմկոտ ձերբակալությունների մասին: Այդ քրեական գործերի գերակշիռ մասն արդյունքում կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով։ Նման վերաբերմունքը ոչ միայն վնաս է հասցնում նշված անձանց՝ տարիներով ձեռքբերած, իրենց ղեկավարած կառույցի կամ ոլորտի համբավին, այլև Հայաստանի Հանրապետությանը, որը սկսել է ընկալվել որպես դատավարական իրավունքները խախտող և ներդրումներ կատարելու ու բիզնես սկսելու համար ռիսկային երկիր։ Այս մասին հայտարարություն է տարածել Առաջատար տեխնոլոգիաների ձենարկությունների միություն ՀԿ-ն։   «Նման օրինակներից է սույն թվականի հունվարի 31-ին «Սիներջի» (Synergy Armenia) ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի, ինչպես նաև աշխատակիցներ Լիլի Մկրյանի և Անի Գևորգյանի ձերբակալումները: Նման վերաբերմունքն անընդունելի է, քանզի խաթարված համբավն, անգամ արդարացման կամ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճելու դեպքում, վերականգնելը շատ դժվար է և հասցնում է այնպիսի վնասներ, որոնց համար պատասխանատվություն ոչ ոք չի կրում։   Դատավարական օրենսդրությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, որոնցից են գրավոր բացատրություններ ներկայացնելը, քննիչին կամ դատարան ծանուցմամբ ներկայանալը և այլն: Սակայն ինչպես տեսնում ենք վերջին շրջանում անմիջապես կիրառվում են այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորինս աղմկոտ կդարձնեն ձերբակալությունը՝ հանրային գործիչներին հավասարեցնելով ծանր հանցագործություններ կատարած անձանց։   Պետական նման անհեռատես վերաբերմունքը բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ, ի վերջո հանգեցնելու է նրան, որ ոչ միայն արտասահմանյան բարձր տեխնոլոգիական, այլև տեղական տեխնոլոգիական բիզնեսը կամ կդադարեցնի իր գործունեությունը, կամ ստիպված կլինի տեղափոխվել այնպիսի երկիր, որտեղ հարգվում են բոլոր, այդ թվում՝ դատավարական իրավունքները։   Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում և հորդորում համապատասխան պետական մարմիններին զերծ մնալ անընդունելի վարքագիծ դրսևորելու և անհիմն ձերբակալություններ իրականացնելու գործելաոճից և առաջնորդվել դատավարական օրենսդրությամբ նախատեսված այնպիսի միջոցներից, որոնք անհարկի և չվերականգնվող վնաս չեն հասցնում բիզնեսին և մեր երկրին», - նշված է հայտարարության մեջ։
20:12 - 03 փետրվարի, 2024
Հայտնի է ԱՏՁՄ խորհրդի նոր կազմը․ նախագահի պաշտոնում վերընտրվել է Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը

Հայտնի է ԱՏՁՄ խորհրդի նոր կազմը․ նախագահի պաշտոնում վերընտրվել է Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը

Վճարվող բովանդակությունԱռաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին Միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ Այս մասին հայտնում են Team Telecom Armenia-ից։ Տեղեկատվական, թվային և տեխնոլոգիական ոլորտները համախմբող համայնքը ընդունեց Միության առաջիկա երեք տարվա ռազմավարությունը, քննարկեց առաջադրած մի շարք առանցքային հարցեր և հստակեցրեց ոլորտում առկա առաջնահերթությունները։ Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ ինչպես 2019-ին, ԱՏՁՄ-ն ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ․ «ԱՏՁՄ թիմը ոգևորված է իրականացնել դրական փոփոխություններ, իսկ համայնքն է՛լ ավելի ակտիվ է Միության սահմանած նպատակներին հասնելու համար։ Մեզ համար շատ կարևոր է, որ ԱՏՁՄ-ի համայնքը մեծանում է․ այս տարի մեզ է միացել 32 նոր անդամ և Միությունում ընդգրկված է արդեն 132 ընկերություն: Գրեթե 30 տոկոս նշանակալի աճը վկայում է համայնքի ուժի և կենսունակության մասին: Այսօր որոշելու ենք, թե առաջիկա տարիներին ինչ ուղղությամբ է շարժվելու Միությունը և որոնք են լինելու մեր առաջնահերությունները, որպեսզի զարգացնենք մեր տեխնոլոգիական համայնքը, արդյունքում՝ մեր երկիրը»,- ասաց Ալեքսանդր Եսայանը:  Համաժողովին Միության խորհրդի (վարչության) որոշմամբ Սարգիս Կարապետյանը նշանակվեց ԱՏՁՄ տնօրեն։ Նա ներկայացրեց նախորդ տարվա արդյունքները՝ ԱՏՁՄ ռազմավարական և գործառնական զեկույցը, և տեղեկացրեց, որ ԱՏՁՄ թիմն ակտիվ աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի, միությունների, կառավարության հետ՝ ԲՏԱ ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծի շուրջ: Համաժողովին ներկա էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Հաջորդած քվեարկության ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ խորհրդի (վարչության) անդամ ընտրվեցին Արտավազդ Մինասյանը (Krisp), Արմեն Քոչարյանը (VOLO), Իրինա Դումանյանը (Siemens Industry), Գևորգ Սաֆարյանը (LimeTech), Արման Աթոյանը (iX-Tech), Խաչատուր Նազարյանը (VMWare), Սոնա Մամյանը (Mamble), Արսեն Բաղդասարյանը (DataArt.AM)-ը, Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures), Գոռ Վարդանյանը (FimeTech)։ Խորհրդի (վարչության) վերստուգող ընտրվեցին Դավիթ Գրիգորյանը (Devsoft.AM), Աշոտ Ալիխանյանը (Anania Shirakatsy Lyceum) և Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile I Zealous)։  
11:38 - 02 փետրվարի, 2024
Անվճար բաժանորդագրություն, զեղչեր, բոնուսային միավորներ և ոչ միայն․ ի՞նչ են առաջարկում «Դիջիթեք 2022» ցուցահանդեսի մասնակիցներն այս օրերին

Անվճար բաժանորդագրություն, զեղչեր, բոնուսային միավորներ և ոչ միայն․ ի՞նչ են առաջարկում «Դիջիթեք 2022» ցուցահանդեսի մասնակիցներն այս օրերին

Այսօր տրվեց «Դիջիթեք 2022» ցուցահանդեսի և համանուն վեհաժողովի մեկնարկը։ Ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 120 կազմակերպություններ և ստարտափներ, որոնցից շատերը «Դիջիթեք»-ի մասնակիցների համար ակցիաներ և հատուկ առաջարկներ ունեն։ Infocom-ն առանձնացրել է այդպիսի ընկերություններից մի քանիսին։ Staff.am-ն այս տարի «Դիջիթեք»-ի հետ համագործակցում է մի քանի ֆորմատով։ Առաջինը «Դիջիթեք» ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների համար կարիերայի հարթակն է, որտեղ ներկայացված են նաև այդ ընկերությունների թափուր հաստիքների մասին հայտարարություններ: Staff.am-ը «Դիջիթեք» ցուցահանդեսին նաև տաղավար ունի, որտեղ այս օրերին կազմակերպում է տարբեր թեմաներով վորքշոփներ, օրինակ՝ ինչպես մասնագիտություն ընտրել, ինչպես պատրաստվել աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցին։ Բացի այդ՝ նրանց լուսանկարիչը ցուցահանադեսի մասնակիցների համար պրոֆեսիոնալ լուսանկարներ է անում, որոնք նրանք կարող են օգտագործել իրենց CV-ներում։ Mamble ընկերությունն օգնում է ընկերություններին նրանց թվային աճի զարգացման գործում։ Mamble-ն աշխատում է երեք հիմնական ուղղություններով․ ընկերությունների համար առաջարկում է թվային լուծումներ, թվային մարքեթինգի միջոցով ապահովում է նրանց առաջխաղացումը, վերլուծական տվյալների հիման վրա անալիտիկա է իրականցնում։  Հասկանալով, որ այս հիմնական ուղղություններն են կարևոր ընկերությունների համար, Mamble-ը որոշել է «Դիջիթեք»-ի մասնակիցներին Speed Date կոչվող 15 րոպեանոց խորհրդատվական ծառայությունը մատուցել։ Այս անվճար խորհրդատվությունից կարող են օգտվել այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք ցանկանում են իրենց աճի ռազմավարությունը մշակել։ Խորհրդատվությունը նրանց հնարավորություն կտա հասկանալու՝ ինչի կարիք ունեն, որտեղ բացեր ունեն, նրանց ռազմավարությունն ինչ ուղղությունների վրա է պետք կենտրոնացնել։ Անցած տարվա վերջին ստեղծված Emplojee ստարտափը «Դիջիթեք»-ի մասնակիցներին առաջարկում է 6 ամսվա անվճար փաթեթ։ Ստարտափը մարդկային ռեսուրսների կառավարման (HR) և տաղանդների ներգրավման մասնագետներին (recruiter) առաջարկում է գործիք, որը ավտոմատացնում և ավելի հեշտ ու արագ է դարձնում թափուր հաստիքները համալրելու և նոր աշխատակիցներ ներգրավելու գործընթացը։ Իսկ 6-ամսյա անվճար փաթեթն ընտրվել է նրա համար, որ դրանից օգտվողները հասցնեն Emplojee-ի օգնությամբ մի քանի թափուր հաստիքներում նոր աշխատողների ընդունել։ «Դիջիթեք 2022» ցուցահանդեսի ID տաղավարում ներկայացված են «Իդրամը», IDBank-ը, idplus լոյալության համակարգը, Idram Junior ֆինանսական հավելվածն ու IDBusiness հարթակը։ Այս տաղավար այցելելով՝ «Դիջիթեք»-ի մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու բոնուսներ, ինչպես նաև մասնակցելու դեպի Մոնտենեգրո և Դուբայ խաղարկություններին։ «Դիջիթեք» ցուցահանդեսին մասնակցում է նաև ֆիլմերի և հեռուստաալիքների Wink հավելվածը, որը մի քանի ամիս է, ինչ Հայաստանում է։ «Դիջիթեք»-ի մասնակիցները Wink-ի տաղավարում կարող են զար նետել։ Եթե, օրինակ, զարը նետելուց հետո նրանց բաժին ընկավ 5 կամ 2 թիվը, ապա նրանք հնարավորություն կստանան, համապատասխանաբար, 5 կամ 2 ամիս Wink-ի փաթեթից օգտվելու ամսական 1 դրամով։ Hybrid Technologies-ի տաղավարում «Դիջիթեք 2022»-ի մասնակիցներն այս օրերին կարող են բերանի խոռոչի անվճար սկանավորում իրականացնել․ սա հնարավորություն է տալիս պարզելու, թե խնդիրներ ունեցող մարդիկ ինչպիսի բուժման կարիք ունեն։ Hybrid Technologies-ում միավորված են DDC դիագնոստիկ կենտրոնը, «Կարեն» լաբորատորիան, «Հիբրիդ» լաբորատորիան և MDS օնլայն շոփը։ Նրանք բոլորը համատեղ 3D տպիչների միջոցով ստեղծում են տիտանից իմպլանտներ այն մարդկանց համար, որոնք ոսկրային հյուսվածքի խնդիրներ ունեն։  Hybrid Technologies-ը նաև աճող իմպլանտ ստեղծելու նախադեպ ունի։ Իմլանտը, որն աճին զուգընթաց բացվում է, ստեղծվել է 6 տարեկան երեխայի համար։ Տեքստերի սրբագրման Armenian PowerSpell ծրագիրը ցուցահանդեսի մասնակիցներին առաջարկում է իր ծրագիրը ձեռք բերել 20% զեղչով։ Սրբագրման այս գործիքը, որ Հայաստանում հասանելի է 2000 թվականից, ստեղծվել է լեզվաբանների, թարգմանիչների և ծրագրավորողների համագործակցությամբ։ «Դիջիթեք 2022»-ին ներկայացված է նաև Telcell-ը, որի տաղավարում ցուցահանդեսի՝ Telcell Wallet ունեցող մասնակիցները կարող են նվերներ շահել, որոնց թվում են ինչպես բոնուսային միավորներ, այնպես էլ Telcell-ի գործընկերների առաջարկած նվերները։ «Դիջիթեք 2022»-ը կշարունակվի նաև մարտի 11-ին և 12-ին։ Աննա Սահակյան
22:55 - 10 մարտի, 2023
Մեկնարկեց «Դիջիթեք 2022»-ը

Մեկնարկեց «Դիջիթեք 2022»-ը

Մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեցին «Դիջիթեք 2022» ցուցահանդեսը և համանուն վեհաժողովը։  Ցուցահանդեսը, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), այս տարի անցկացվում է արդեն է 17-րդ անգամ։  Վերջին «Դիջիթեք»-ը տեղի էր 2021-ին, իսկ 2022-ի ցուցահանդեսը հետաձգվել էր՝ սահմանային իրավիճակով պայմանավորված։ Այս օրերին անցկացվում է հետաձգված «Դիջիթեք 2022»-ը։ Իսկ սեպտեմբերին տեղի կունենա «Դիջիթեք 2023»-ը, որի սպասվող գլխավոր միջոցառումն է «Դիջիթեք վեհաժողովը» (Digitec Summit)։ «Դիջիթեք 2022»-ի բացմանը ներկաներին ողջունեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Նա կարևորեց ԱՏՁՄ-ի և կառավարության համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ուղղությամբ, ինչպես նաև կրթության մեջ կատարվող ներդրումները։ Ալեքսանդր Եսայանը «Գլոբալ տեխնոլոգիական կենտրոններից մեկը դառնալու առաքելությունն իրականացնելու համար մենք չպետք է կրթենք միայն ինժեներների․ մենք նաև կարիք ունենք բժիշկների, արվեստագետների, իրավաբանների, որոնք ունակ են զարգանալու և միասին աշխատելու»,- նշեց Ալեքսանդր Եսայանը։ Բացման արարողությանը ներկա էր նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, որը նշեց՝ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ տարբեր ծրագրեր է մշակում, ինչպես նաև փորձում է ակտիվ շփումներ ունենալ՝ ոլորտի խնդիրները հասկանալու համար։  Ռոբերտ Խաչատրյանը Նախարարն ասաց, որ այս տարվա ցուցահանդեսին փորձել են նաև ստարտափների ներգրավել, Վրաստանի գործընկերների աջակցությամբ նաև այնտեղից են ստարտափների հրավիրել։ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն էլ խոսեց այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են լուծել զարգացող տեխնոլոգիաները։ Նա նշեց, որ ԵՄ-ն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարին, իսկ տեխնոլոգիաները կարևոր դեր ունեն կանաչ տնտեսությունների զարգացման գործում։  Անդրեա Վիկտորինը «Դիջիթեք» վեհաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանն իր ելույթում շեշտեց՝ տեխնոլոգիաների զարգացումն ազդեցություն ունի կյանքի բոլոր ոլորտների վրա՝ կրթություն, առողջապահություն, քաղաքականություն, պաշտպանություն։  Նրա խոսքով տեխնոլոգիական արդյունաբերությունը, որ հիմնված է կրթական ամուր համակարգի վրա, ինչպես նաև գիտության մեջ ներդրումները երիտասարդ կանանց և տղամադրկանց համար հնարավորություններ են ստեղծում դառնալու ավելի տեղեկացված և ներգրավված քաղաքացիներ։ Րաֆֆի Քասարջյանը Այս տարվա «Դիջիթեք» վեհաժողովի թեման է «Ամբիցիոզ թեք. բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։ «Դիջիթեք 2022» ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 120 ընկերություն, իսկ այս տարվա առանձնահատկությունն այն է, որ բացի տեխնոկոգիական ընկերություններից՝ ցուցահանդեսին ներկայացված են նաև Հայաստանի գիտական մի քանի ինստիտուտներ։ Այս նախաձեռնությունն իրականացվում է «Գիտուժի» հետ համագործակցությամբ։ «Դիջիթեք 2022»-ը կշարունակվի նաև մարտի 11-ին և 12-ին։   Աննա Սահակյան
12:26 - 10 մարտի, 2023
Մարտին կայանալիք «Դիջիթեքին» կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը․ ԱՏՁՄ-ն ամփոփեց 2022-ն ու նշեց 2023-ին իրականացվելիք ծրագրերը

Մարտին կայանալիք «Դիջիթեքին» կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը․ ԱՏՁՄ-ն ամփոփեց 2022-ն ու նշեց 2023-ին իրականացվելիք ծրագրերը

Հետաձգված «Դիջիթեք 2022» ցուցահանդեսի անցկացում, նոր «Արմաթ» լաբորատորիաների բացում և արտահանում և այլ ծրագրեր․ այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահն ու գործադիր տնօրենը ներկայացրին 2023-ին սպասվող ծրագրերն, ինչպես նաև 2022-ին իրականացրած քայլերը։   «Դիջիթեք 2022» «Դիջիթեք» ցուցահանդես վերջին անգամ անցկացվել էր 2021-ին, իսկ 2022-ի սեպտեմբերին նախատեսված ցուցահանդեսը հետաձգվել էր՝ պայմանավորված ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակով։ Հետաձգված ցուցահանդեսը կանցկացվի այս տարվա մարտի 10-12-ը։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ «Դիջիթեք 2022»-ի ընթացքում, բացի ցուցահանդեսից, տեղի կունենա համանուն համաժողովը, որի ընթացքում կանցկացվի 5 պանելային քննարկում, և կմասնակցի շուրջ 40 խոսնակ։ Ցուցահանդեսն անցկացվելու է 17-րդ անգամ․ առաջին «Դիջիթեքը» տեղի է ունեցել 2005-ին։  «Այս տարի կլինի ամենամեծ ցուցահանդեսը․ այս պահին մենք ունենք 2000 քառ մետրից ավելի մակերես ընդգրկվածություն Մարզահամերգային համալիրում։ Առաջին անգամ կլինեն առանձին բաժիններ ստարտափների և կրթական հաստատությունների համար, որոնք տեխնոլոգիական կրթական ծրագրեր են իրականացնում։ Իսկ «Դիջիթեք» համաժողովի թեման է․ «Ինչպե՞ս է կենսունակ հասարակությունը խթանում տեխնոլոգիական նորարարությունը և արժեքների ստեղծումը»»,- իր խոսքում նշեց Հայկ Չոբանյանը։ Նա նաև հիշեցրեց, որ այս տարի ԱՏՁՄ-ն 2 «Դիջիթեք» ցուցահանդես է անցկացնելու․ հոկտեմբերին էլ սպասվում է «Դիջիթեք 2023»-ը, որի հիմնական միջոցառումը կլինի «Դիջիթեք վեհաժողովը» (Digitec Summit)։ «Այս տարվանից «Դիջիթեքը» կանցկացվի Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և կդիտարկվի որպես երևանյան կարևոր իրադարձություն»,- նշեց Հայկ Չոբանյանը։  ԱՏՁՄ-ի գործադիր տնօրենի խոսքով իրենք 2022 թ․ լայնածավալ աշխատանք են սկսել տեխնոլոգիական ոլորտի բրենդինգի աշխատանքների մասով․ «Նախորդ աշխատանքները իրականացվել են 2017 թ․։ Պատկերացնո՞ւմ եք՝ 2017-ից մինչև 2022 թվականը բավականին մեծ փոփոխություններ են կատարվել ոլորտում, և մենք կարիք ունեինք նոր բրենդինգի, նոր ձևով աշխարհին ներկայանալու։ Պատրաստվել է փաստաթուղթը, անցել է ձևավորման, հաստատման փուլերով և առաջիկայում՝ մարտին կայանալիք «Դիջիթեքին», տեղի կունենա Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգի ներկայացումը, որից հետո մենք կսկսենք լայն ծավալի հանրային իրազեկման աշխատանքներ՝ միջազգային տարբեր հարթակներում ներկայացման, թրեյնինգների, վորքշոփների տեսքով, որպեսզի ոլորտի մարդիկ, քաղաքականություն մշակող, որոշում կայացնող մարդիկ ընդհանուր մոտեցում ունենան Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ»,- ասաց Հայկ Չոբանյանը։   «Արմաթ» լաբորատորիաներ ԱՏՁՄ գործադիր տնօրենն ու նախագահն ասուլիսի ընթացքում անդրադարձան նաև «Արմաթ» լաբորատորիաներին։ 2011-ից ԱՏՁՄ-ն իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը: «Արմաթ» լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաներն ուսումնասիրում են ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, համակարգչային փայտամշակում և լազերային փորագրություն։ Հայկ Չոբանյանը նշեց, որ 2022-ին ներդրել են 32 նոր «Արմաթ» լաբորատորիաներ, ստեղծվել են 12 «Արմաթն օդում» կրթական ծրագրեր, որոնք «Արմաթի» ավելի խորացված  ուսուցումն են օդային ռոբոտաշինության ոլորտում։ Այս ծրագիրն իրականացվել է Արցախում և ՀՀ հիմնականում սահմանամերձ բնակավայրերում։  «Անցած տարի մենք 15-ից ավելի միջոցառումներ ենք կազմակերպել «Արմաթ» ծրագրի շրջանակներում՝ ծրագրավորման, ռոբոտշինության, 3D մոդելավորման»,- ասաց Հայկ Չոբանյանը։  ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ նշեց, որ «Արմաթը» մեծ հաջողություններ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս․ «Մենք անցած տարի բավականին մեծ ջանքերով սկսեցինք աշխատել հենց «Արմաթի»՝ միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ։ ․․․․ Նախատեսում ենք այցեր տարբեր երկրներ, որտեղ հայ համայնքին առավել մանրամասն կներկայացնենք «Արմաթ» ծրագիրը և հնարավորությունները»։ Հայկ Չոբանյանը մանրամասնեց, որ նախատեսում են առնվազն 50 նոր «Արմաթ» լաբորատորիաներ բացել Հայաստանում և 50 լաբորատորիաներ վաճառել արտերկրում։  «Մենք այսօր «Արմաթ» լաբորատորիաներ ունենք Ֆրանսիայում, Քուվեյթում, Գերմանիայում»,- նշեց նա՝ շեշտելով, որ «Արմաթի» արտահանման կարևոր բաղադրիչներից է ծրագրի արտահանումը դեպի արտասահմանի հայկական համայնքներ։ «Մյուս կարևոր ծրագիրը Ամերիկայում «Արմաթ» ծրագրի առաջխաղացումն է և սփյուռքի մասնակցության խթանումը։ Մարտի 18-ին Գլենդելում տեղի կունենա «Արմաթ» լաբորատորիայի պաշտոնական բացումը»,- ասաց նա։  Ալեքսանդր Եսայանն էլ հավելեց, որ այժմ մշակում են «Արմաթի» նոր ուղղություն՝ «Արմաթ 2»-ը, որով ավելի խորը գիտելիքներ կփոխանցեն սովորող երեխաներին։   Այլ ուղղություններ Հայկ Չոբանյանը գիտահետազոտական ուղղությամբ իրականացված քայլերի մասով կարևորեց «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» հարթակի ստեղծումը։ Հարթակի համահիմնադիրներն են 5 համասարաններ, որոնց հետ ԱՏՁՄ-ն մշակում է արհեստական բանականության, առաջնորդության, STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթության, ինովացիաների և ռեգիոնալ զարգացման տարբեր ծրագրեր և իրականացնում համատեղ միջոցառումներ։  Ռազմարդյունաբերության ուղղությամբ Հայկ Չոբանյանն առանձնացրեց Հայաստանի անվտանգության համակարգի ընդհանուր կոնցեպտը․ «Ես շատ կարևորում եմ անցած տարի սկիզբ առած «Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ծրագիրը», որն ի սկզբանե ԱՏՁՄ նախաձեռնությունն էր, և մենք այդ նախաձեռնությամբ գործընթացը սկսեցինք դեռևս 2021 թ․ վերջին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին»։ Նրա խոսքով անցած տարի այս ծրագիրը ձևակերպել են և 2023 թ․ շարունակելու են աշխատել այն ուղղությամբ, որ այն՝ որպես հատուկ ծրագիր, ընդունվի պետության կողմից։ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ ԱՏՁՄ-ին անդամակցում է 130 ընկերություն, և անցած տարի այդ ընկերությունների մասնակցությունն ավելի է մեծացել։ Հայկ Չոբանյանն էլ ընդգծեց, որ անցած տարվա առանձնահատկություններից մեկը ռելոկացիան էր՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ «Մենք փորձել ենք առավելագույնս օգտակար լինել այն ձեռնարկություններին, որոնք որոշել են իրենց գործունեությունը ծավալել Հայաստանում։ ․․․․ Մեզ համար կարևոր է, որ Հայաստանը, ըստ էության, անցած տարվա իրադարձություններով դարձավ համաշխարհային ռելոկացիոն հարթակներից մեկը»։ ԱՏՁՄ գործադիր տնօրենի խոսքով 2023-ին իրենց առաջնահերթություններից է լինելու Արցախը․ «Պատերազմը շարունակվում է հիբրիդային տեսքով, և մեր ոլորտը՝ որպես տեխնոլոգիական ոլորտ, պետք է շատ ավելի ջանք թափի այս գործընթացում դերակատարություն ունենալու առումով։ Անցած տարի մենք նախաձեռնեցինք կրթական ծրագիր Արցախում, մի քանի ԱԹՍ լաբորատորիաներ ենք բացել Արցախում և այս տարի ևս մեր ծրագրերն Արցախում առավելագույնի կփորձենք հասցնել»։   Գլխավոր լուսանկարը՝ «Դիջիթեք 2021»-ից Աննա Սահակյան
16:17 - 25 հունվարի, 2023
Երևանում մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» գագաթնաժողովը |armenpress.am|

Երևանում մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» գագաթնաժողովը |armenpress.am|

armenpress.am: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» (SILICON MOUNTAINS 2021) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը: Ինչպես հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը՝ գագաթնաժողովը կոչված է կապ հաստատելու տեխնոլոգիա ստեղծողների և օգտագործողների միջև: «Տեխնոլոգիան ստեղծելը բավարար չէ, շատ կարևոր է դրանք որդեգրելը և արագ մեր օգտին գործածելը: Ներկաների մեջ ունենք մարդիկ, որոնք ստեղծում են տեխնոլոգիաներ, և մարդիկ ու մեր հանրությունը ընդհանրապես, որը որդեգրում է այդ տեխնոլոգիաները: Մանավանդ Քովիդից հետո ամեն մարդ տեխնոլոգիաների լավագույն որդեգրողն է դարձել: Հետևաբար, այստեղ շատ կարևոր է բաց միտք ունենալը և տեխնոլոգիայի հարմարվողականությունը նոր վիճակներին, նոր փոփոխություններին: Աշխարհը արագ փոփոխությունների մեջ է: Երկու տարի առաջ, երբ նույն դահլիճում նույն համաժողովն էինք անցկացնում նույն մարդկանցով, տարբեր պայմանների մեջ էինք: Այսօր՝ երկու տարի անց, շատ բան փոխվել է: Ամեն մի փոփոխության մեջ հաջողության տեղ կա: Այդ փոփոխությունները մենք պետք է ընդունենք որպես մարտահրավեր, բայց հաջողության վերածենք», - մեկնաբանեց «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահը: Գագաթնաժողովի «Սիլիկոնային սարեր» անվանումը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի խոսքով, շատ պարտավորեցնող է: Նախարարը համոզված է, որ իր սարերով հայտնի Հայաստանը հետ չի մնալու «Սիլիկոնյան հովտից»: ԲՏԱ նախարարը նկատեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական բնագավառի ներկայացուցիչները մեկը մյուսի ետևից նմանատիպ կարևոր միջոցառումներ են կազմակերպում՝ երկրում ձևավորելով շատ յուրօրինակ միջավայր: Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ Հայաստանը արդեն ապրում է այդ նոր միջավայրում՝ չորրորդ տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում: «Մենք դրա մեջ ենք: Միգուցե շատերս չենք գիտակցում: Միգուցե մտածում ենք՝ այդ ժամանակաշրջանը դեռ պետք է գա: Բայց իրականում մենք այդ դարաշրջանի մեջ ենք և այդ փոփոխությունները մեր առօրյայում զգում ենք: Վերջին 20 տարվա փոփոխությունները բերել են նրան, որ մենք հիմա ավելի ենք գնահատում այն, ինչի մասին վաղուց խոսում էինք: Նկատի ունեմ մեր գիտելիքը, մեր հնարավորությունը, մեր տաղանդը, որը այլ ուղղությամբ էր օգտագործվում տարիներ շարունակ, հիմնականում միտված էր սպառողական հասարակություն ստեղծելուն և ոչ թե ստեղծագործ հասարակություն ունենալուն: Հաջորդ հաջողությունները կախված են բոլորիցս՝ պետություն, հասարակություն և առավել ևս՝ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ», - նշեց նախարարը: Համաժողովի հատուկ հյուրը «Սինոփսիս» վերազգային ընկերության նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2020 թվականի ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն էր՝ դոկտոր Չի-Ֆուն Չանը, որը ներկայացրեց իր դասախոսությունը «Խելացի ամեն ինչի նոր դարաշրջանի հզորացումը՝ սիլիկոնից դեպի ծրագրային ապահովում. փոփոխվող համակարգում վստահության էվոլյուցիա» թեմայով:
16:24 - 19 նոյեմբերի, 2021
Կառավարության խոստումի հետքերով․ հանրակրթական դպրոցներում բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծումն իրականացվելու է ԵՄ ֆինանսավորմամբ

Կառավարության խոստումի հետքերով․ հանրակրթական դպրոցներում բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծումն իրականացվելու է ԵՄ ֆինանսավորմամբ

2020-ի մարտին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հայտնել էր, որ Հայաստանի մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցները 2020-ին կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ:   Լաբորատորիաները ստեղծվելու էին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի իրականացրած ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի՝ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում խոստանում էր մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։ Կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող այս կետը ներառվեց նաև նոր ձևավորված կառավարության հնգամյա ծրագրում։ Infocom-ը հարցում էր ուղարկել ԿԳՍՄՆ՝ հասկանալու համար, թե Հայաստանի հանրակրթական դպրոցներում այս պահին քանի լաբորատորիա կա, առաջիկա 5 տարիներին կառավարությունը տարեկան որքան լաբորատորիա է նախատեսում ստեղծել, և ինչքան գումար է հատկացվելու այդ նպատակի համար։ Այս պահի դրությամբ, համաձայն ԿԳՄՍՆ-ից մեզ փոխանցած տվյալների, ՀՀ 99 դպրոցներում գործում է բնագիտական առարկաների գծով (Ֆիզիկա, Քիմիա, Աշխարհագրություն և Կենսաբանություն) 303 լաբորատորիա: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ այս լաբորատորիաները ստեղծվել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2020 թվականին, հատկացվել է 1,107,045․8 հազար ՀՀ դրամ, որից վարկային միջոցներ՝ 885,636․6 հազար ՀՀ դրամ, համաֆինանսավորման միջոցներ՝ 221,409․2 հազար ՀՀ դրամ։ Այս վարկային ծրագրով, հիշեցնենք, ԿԳՄՍՆ-ն ավելի վաղ խոստանում էր մինչև 2020-ի ավարտը բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ ստեղծել մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցներում։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ 2019-2020 ուսումնական տարում Հայաստանի 1400 հանրակրթական դպրոցներից 104-ն է եղել ավագ դպրոց։ «Կրթության բարելավում» ծրագրով, փաստորեն, այդ 104 ավագ դպրոցից 99-ում է 2020-ին բացվել բնագիտական գծով լաբորատորիա։ «2021 թ․ Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի և Երևան քաղաքի 8 ավագ դպրոցում ընթացքի մեջ է բնագիտական առարկաների գծով 32 լաբորատորիաների հիմնումը, այդ թվում՝ 8 Ֆիզիկայի, 8 Քիմիայի,  8 Կենսաբանության և 8 Աշխարհագրության։ 2021թ․ փաստացի ծախսը կկազմի շուրջ 123,000.0 հազար ՀՀ դրամ, որից վարկային միջոցներ՝ 98,400․0 հազար ՀՀ դրամ, իսկ համաֆինանսավորման միջոցներ՝ 24,600․0 հազար ՀՀ դրամ»,- հայտնել են մեզ ԿԳՄՍՆ-ից։ Բացի բնագիտական առարկաների լաբորատորիաներից՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում են նաև «Արմաթ» ծրագրով ստեղծված 545  ինժեներական լաբորատորիաներ։ Քարտեզ 1-ում կարող եք տեսնել, թե յուրաքանչյուր մարզում և Երևանում ինժեներական քանի լաբորատորիա կա։ Քարտեզ 1 «Արմաթ» ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից։ Կառավարությունը տրամարդում է այս լաբորատորիաների խմբավարների վարձատրության համար անհրաժեշտ միջոցները: Գծապատկեր 1-ում կարող եք տեսնել, թե 2014-ից սկսած՝ յուրաքանչյուր տարի պետական բյուջեից որքան գումար է հատկացվել «Արմաթ» ծրագիրն իրականացնող «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը։  Գծապատկեր 1 2019 թվականին տրամադրված միջոցները նախորդ տարիներից ավելի շատ են եղել, քանի որ 352,2 մլն դրամը եղել է խմբակավարների աշխատավարձը, ևս 834 մլն 250 հազար դրամ էլ հատկացվել 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերմանը: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում նոր լաբորատորիաներ բացելու մասին խոստմանը, ԿԳՄՍՆ-ն հայտնել է, որ նոր լաբորատորիաները նախատեսվում է ստեղծել «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։ Համաշխարհային բանկի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում  մշակվել են ԲՏՃՄ առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, Մաթեմատիկա, Աշխարհագրություն) չափորոշիչները:  «Հանրակրթության պետական չափորոշչի առաջարկվող նախագծում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) բնագավառում։ Նոր չափորոշիչը  թույլ  կտա  շուրջ 1400 հանրակրթական ուսումնական հաստատություններում առարկան ուսումնասիրել ինչպես համակարգչի կամ թվային սարքի օգնությամբ, այնպես էլ առանց դրանց կիրառության։ Դպրոցները, ելնելով իրենց առանձնահատկությունից, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության մակարդակից, հնարավորություն կունենան ընտրել, թե ինչպես են դասավանդում առարկան։ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» ծրագրի հիմքում դրված են չորս հիմնական գիտակարգային գաղափարներ։ Դրանք են՝ Հաշվողականությունն (Computing) ու հասարակությունը․ Թվային գործիքներն ու համագործակցությունը․ Համակարգչային սարքեր և համակարգեր․ Հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն»,- հայտնել են նախարարությունից: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկվելու են առարկայական  փորձնական չափորոշիչները և ծրագրերը։ Վերը նշված փորձնական ծրագրի շրջանակում ներկայում ամփոփվում է Տավուշի մարզի 80 դպրոցների համար Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն և Աշխարհագրություն առարկաներից լաբորատոր սարքավորումների, պարագաների և նյութերի գնման գործընթացը, որի ֆինանսավորումը ամբողջությամբ դրամաշնորհային միջոցներից է։ «Համաձայն իրականացված շուկայի ուսումնասիրությունների և կատարված հաշվարկների՝ հանրակրթության նոր չափորոշիչներն արդյունավետ ներդնելու համար կպահանջվի շուրջ 721 դպրոցում ստեղծել բնագիտական և ՏՀՏ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Հաշվի առնելով ծախսարդյունավետության գործոնը՝ շուրջ 257 լաբորատորիաներ կստեղծվեն ցանցային դպրոցի սկզբունքով՝ գյուղական փոքրաքանակ դպրոցներում ստեղծելով առանձին առարկայական ուղղությամբ լաբորատորիաներ և միավորելով դրանք մեկ միջավայրում։ Օրինակ, Քիմիայի լաբորատորիան կտեղակայվի մի բնակավայրում, Ֆիզիկան՝ մյուս, Աշխարհագրությունը՝ մեկ այլ, և փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերը կմիավորվեն մեկ կրթական միջավայրում՝ որակյալ կրթություն ապահովելու համար ոչ միայն ենթակառուցվածքների իմաստով, այլ նաև դասարանների արդյունավետ խմբավորման համար անհրաժեշտ սովորողների թվի տեսանկյունից»- ասված է նախարարության պատասխանում։ Ամփոփելով նշենք, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործող լաբորատորիաների առյուծի բաժինն ընկնում է «Արմաթ» ծրագրով  բացված ինժեներական լաբորատորիաներին, որոնց խմբավարների վարձատրության համար կառավարությունը 2014-ից միջոցներ է հատկացնում։ Ավագ դպրոցներում բնագիտական առարկաների լաբորատորիաների թիվը 303 է՝ ըստ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած տվյալների, չնայած պետք է հաշվի առնել, որ նախարարությունը ներկայացրել է միայն «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2020-ին բացված լաբորատորիաների տվյալները։ Ինչ վերաբերում է տարբեր տարիներին, այդ թվում՝ նախորդ կառավարությունների օրոք հանրակրթական բոլոր դպրոցներում հիմնված լաբորատորիաների և դրանց ստեղծման համար հատկացված միջոցների մասին տվյալներին, ԿԳՄՍՆ-ն այդ մասով մեր հարցերն անպատասխան է թողել, չնայած միևնույն հարցերն ուղղել ենք մի քանի անգամ։ Առաջիկա 5 տարիների ընթացքում ստեղծվելիք լաբորատորիաների վերաբերյալ տվյալները ևս հստակ չեն։ ԿԳՄՍՆ-ից միայն հայտնել են, որ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ներդրվող կրթական չափորոշիչները ներառում են  «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ներդրումը։ Այս առարկան ՀՀ-ում գործող 1400 հանրակրթական դպրոցներում կարող է դասավանդվել ինչպես համակարգչների կամ թվանշային սարքերի օգնությամբ, այնպես էլ առանց դրանց կիրառության, և դպրոցներն են ընտրելու՝ ինչպես դասավանդել առարկան։ Ներկայում փորձնական ծրագիրն ամփոփվում է Տավուշի մարզի 80 դպրոցներում։ Այնպես որ հստակ չենք կարող նշել, թե արդյոք կառավարության հնգամյա գործունեությունից հետո Հայաստանի հանրակրթական 1400 դպրոցներում կգործե՞ն  ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։ Գլխավոր լուսանկարը՝ ԿԳՄՍՆ կայքից Աննա Սահակյան  
14:09 - 28 սեպտեմբերի, 2021
Հայկ Չոբանյանը մասնակցել է ԱՏՁՄ 20-րդ համաժողովին

Հայկ Չոբանյանը մասնակցել է ԱՏՁՄ 20-րդ համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը ապրիլի 16-ին մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 20-րդ համաժողովին: Այս մասին հայտնում է  ԲՏԱ նախարարությունը։ Համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով: Նա շնորհակալություն է հայտնել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ իրենց աջակցությունն են ցուցաբերում Միության  ծրագրերի իրագործմանը, և հենց այդ համախմբան շնորհիվ են հաջողություններ գրանցվում: «Ոլորտում անելիքներ շատ ունենք, ուստի անցած տարվա մարտահրավերներից հետո պետք է ոչ թե կրկնապատկենք ուժերը, այլ տասնապատիկ եռանդով նպաստենք ՏՀՏ համայնքի զարգացմանը», - նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Այնուհետև ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Հայկ Չոբանյանը: «2006 թվականից լինելով ԱՏՁՄ-ում՝ որպես վարչության անդամ, ապա՝ փոխտնօրեն, ականատես եմ եղել այն հաջողություններին, որ կարողացել ենք արձանագրել։ Իմն եմ համարել այն հարվածներն ու կորուստները, որ ստացել ենք։ Բայց այդ ամենի արդյունքում ունենք համախմբված համայնք, որը պետք է ավելի մեծ ուժով ու եռանդով շարունակի գործել։ Այսօրվանից ոլորտային միությունների ու առանձին ընկերությունների հետ աշխատանքը իրականցնելու ենք ուղղակի, անմիջական կերպով, որպեսզի արմատական փոփոխություններն առավել ակնառու լինեն։ Ստանձնելով նոր առաքելությունս՝ առաջնահերթ խնդիր եմ դրել կենտրոնանալ ռազմավարական մոտեցումների վրա, ուստի կարևոր եմ համարում, որ ՏՀՏ համայնքի հետ առաջին ռազմավարական փաստաթուղթը լինելու է հենց ԱՏՁՄ ռազմավարությունը, որն այսօր կներկայացվի», - նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը։ Համաժողովի կազմակերպիչներին և հյուրերին ողջունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահան Հունանյանը, որը կարևորել է ԱՏՁՄ-ի գործունեությունը ոլորտի զարգացման գործում: Հաջորդիվ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը ներկայացրել է Միության 2019-2020 թթ․ կատարված աշխատանքները և 2021-2025 թթ․ ռազմավարությունը: ԱՏՁՄ 2021-2025 թթ. ռազմավարության հիմնական ուղղություններն են կրթությունը և աշխատուժը, ռազմարդյունաբերությունը, դիրքավորումը՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/գիտահետազոտությունը և էլեկտրոնային կառավարումը։ Ամփոփելով  խոսքը՝ Րաֆֆի Քասարջյանը նշել է. «Որքան էլ մեծ լինի նախորդ տարվա մարդկային և տարածքային կորուստների ազդեցությունը, պետք է կենտրոնանանք բոլորիս ջանքերը միավորելու շուրջ՝ ստեղծելու ուժեղ ու ապահով ապագա՝ գալիք սերունդների համար»: Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկության արդյունքում ընտրվել են Միության վարչության նոր կազմը և նախագահը: Համաժողովին մասնակցել են ինչպես ԱՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Միությունը 2019-2020 թթ. ընթացքում իրականացրել է ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք ծրագրեր և միջոցառումներ. «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019» (WCIT 2019), «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, «ԴիջիԿոդ» մարզային ու հանրապետական մրցույթներ, «Բանակից՝ ՏՏ ոլորտ» այլն: Այժմ ընթացքի մեջ է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների ներդրման ծրագիրը։
10:29 - 17 ապրիլի, 2021
ԱՏՁՄ-ն նպատակ ունի մինչև 2022 թվականի վերջը ՀՀ և Արցախի յուրաքանչյուր քաղաքում ստեղծել «Արմաթ» լաբորատորիա |armenpress.am|

ԱՏՁՄ-ն նպատակ ունի մինչև 2022 թվականի վերջը ՀՀ և Արցախի յուրաքանչյուր քաղաքում ստեղծել «Արմաթ» լաբորատորիա |armenpress.am|

armenpress.am: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն առաջիկա 2 տարում՝ մինչև 2022 թվականի վերջը, նախատեսում է Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքներում հիմնել «Արմաթ» լաբորատորիաներ։ Մամուլի ասուլիսի ժամանակ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանն ամփոփեց անցած տարիների աշխատանքն ու խոսեց առաջիկա նախագծերի, մասնավորապես՝ «Արմաթ» լաբորատորիաների սպասվող ընդլայնման մասին: «Այս տարիների ընթացքում արդեն իսկ հասցրել ենք ունենալ 14 հազարից ավելի սան, տարեկան շրջանավարտները լինում են 1200 հոգի: Մենք միշտ ապագայի մասին ենք մտածել, գործեր է արել երկիրը զարգացնելու համար: Նոր լաբորատորիաներ հիմնելու համար աշխատանքները տարվում են: Ակնկալում ենք պետության հետ համագործակցություն, ինչի արդյունքում կկարողանանք նաև ընդլայնել մեր թիմը»,- նշեց Քասսարջյանը և հավելեց, որ «Արմաթ»-ի հիմնական գաղափարն ի սկզբանե եղել է կրթել և պատրաստել ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման և ծրագրավորման մեջ ունակություններ ունեցող մասնագետների: Նրա խոսքով՝ 2015 թվականին ունեցել են 67 «Արմաթ» լաբորատորիա, որոնք գտնվում են դպրոցներում, այժմ հասել են 565 լաբորատորիայի, որոնք գտնվում են նաև Արցախում: 2019-2020 թթ. թիվը մի փոքր նվազել էր, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից: Քասսարջյանն ասաց, որ 2020 թվականին ամբողջ ՀՀ-ում և Արցախում բացվել է ևս 8 լաբորատորիա, սակայն սեպտեմբերի 27-ին սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի պատճառով Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում մնացել է 10 «Արմաթ» լաբորատորիա. Արցախում մինչ այդ դեպքերն ընդհանուր առմամբ եղել է 20-ից ավելի լաբորատորիա:
18:23 - 19 հունվարի, 2021
Մեկնարկում են ԱՏՁՄ հետպատերազմյան աջակցության ծրագրերը

Մեկնարկում են ԱՏՁՄ հետպատերազմյան աջակցության ծրագրերը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) տեղեկացնում է, որ շարունակում է իրականացնել հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված ծրագրեր և ներկա դրությունից ելնելով՝ նոյեմբերի 12-ին ՏՀՏ համայնքի շրջանում և պաշտոնական առցանց հարթակներում տարածել էր հայտարարություն՝ մեկնարկելիք երեք նոր ծրագրերի վերաբերյալ։ ԱՏՁՄ-ն հայտնում է, որ արդեն բաց են գրանցման թերթիկները: Ծրագիր 1. ԱՏՁՄ-ն, պետական աջակցության փաթեթների շրջանակներում, տրամադրում է ուղղորդող աջակցություն Արցախի ՏՏ ոլորտի աշխատակիցներին և նրանց անմիջական ընտանիքներին՝ ապահովելու բնակության պայմաններ Արցախում և պետական աջակցությամբ նախատեսված այլ վայրերում: Գրանցման թերթիկը հասանելի է հետևյալ հղումով։   Ծրագիր 2. ԱՏՁՄ-ն վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը՝ նպատակ ունենալով լուծել շահառու խմբերի կրթության և զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական ոլորտում: ԱՏՁՄ-ն համատեղ աշխատում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ապահովելով մարտական գործողությունների մասնակից անձանց համար նախարարության  կողմից  իրականացվող տեխնոլոգիական կրթության հեռավար դասընթացներին անվճար մասնակցությունը (edu.hti.am): Վերջնական մասնակիցները ընտրվելու են հարցազրույցների և թեստավորման արդյունքում: Գրանցման թերթիկը հասանելի է հետևյալ հղումով։ Ծրագիր 3. ԱՏՁՄ-ն, միության անդամ  կազմակերպության՝ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմանդրամի հետ համատեղ, նախաձեռնում է  համակարգչային ծրագրավորման և ինժեներության /Computer Science/ դասընթացի կազմակերպում Արցախի համալսարանների մաթեմատիկայի և բնագիտական ֆակուլտետների ուսանողների համար: Միության գործընկեր «ArmSec» հիմնադրամի հետ կկազմակերպվի կիբերանվտանգության դասընթաց: Առաջին խմբում ներգրավված կլինի ամեն մասնագիտացումից 10-15 անձ: Միությունն ուղղորդում է նաև նրանց և նրանց անմիջական ընտանիքներին՝ օգտվելու համապատասխան պետական ծրագրերից՝ Արցախում և պետական ծրագրով նախատեսված այլ վայրերում բնակարաններ և բնակության պայմաններ ապահովելու համար: Գրանցման թերթիկը հասանելի է հետևյալ հղումով։ Հարցերի դեպքում անհրաժեշտ է գրել [email protected] էլ. հասցեին:
12:55 - 03 դեկտեմբերի, 2020
Պետք է հետևել բանականության հրամայականին և չգնալ ավելի կործանիչ քայլերի՝ տրվելով ներքին ապակայունացնող զարգացումներին․ ԱՏՁՄ հայտարարությունը

Պետք է հետևել բանականության հրամայականին և չգնալ ավելի կործանիչ քայլերի՝ տրվելով ներքին ապակայունացնող զարգացումներին․ ԱՏՁՄ հայտարարությունը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչությունը, արձագանքելով Հայաստանում ստեղծված իրավիճակին, հայտարարում է. «Սեպտեմբերի 27-ը և, ի վերջո, նոյեմբերի 10-ը ճակատագրական էին բոլորիս համար: Մենք հայտնվեցինք մի իրականության մեջ, որը կարող էինք պատկերացնել միայն վատագույն երազում։ Այժմ էլ դեռ կանգնած ենք մեծագույն մարտահրավերի առաջ։  Երկրի կայունության ապահովումը, դասելով ամեն ինչից վեր, և միաժամանակ գիտակցելով մեր ընդհանուր ապագայի հանդեպ այսօրվա հրամայականը՝ բարձր տեխնոլոգիական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս և խմբերս հայտնում ենք հետևյալը. Պետք է հետևել բանականության հրամայականին և չգնալ ավելի կործանիչ քայլերի՝ տրվելով ներքին ապակայունացնող զարգացումներին։ Երկրում անհրաժեշտ է պահպանել կայունություն և ապահովել գործողությունների անցնցում զարգացում։ Տեղեկատվության առկա վակուումի պայմաններում, ցանկացած կտրուկ քայլ լուրջ վտանգներ է պարունակում։  Պետականության կայացման գործընթացում անկյունաքարային է գործող իշխանության կողմից սեփական մեղքի գիտակցումը։ Կառավարությունից պահանջում ենք, որ իրենց պատասխանատվության ստանձման խոստումը օր առաջ վերածեն առարկայական գործընթացի։ Ներկայիս իրավիճակի պատասխանատվության մեր բաժինը գիտակցում ենք թե՛ մասնագիտական համայնքի, թե՛ անհատական մակարդակում: Միայն վերջին 44 օրում բոլորիս համախմբումը ցույց տվեց, թե ինչպիսի իրական ներուժ ունենք՝ հստակեցված ազգային օրակարգի ու ԲԱՆԱԿ-ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ամուր կապի դեպքում։ Մենք արդեն ձևավորել ենք այդ օրակարգը մեզ համար, պատրաստ ենք համագործակցել և առաջարկում ենք, որ նման օրակարգ ձևավորեն նաև մյուս ոլորտների մասնագետները։ Սիրելի՛ հայրենակիցներ, ամրապնդենք այն բոլոր խմբերը, որոնց հետ աշխատում էինք այս օրերին, ներգրավվենք որևէ խմբի աշխատանքներին կամ նախաձեռնենք նորերը, զինվորագրվենք հզոր պետություն կառուցելու օրակարգին:
18:53 - 12 նոյեմբերի, 2020
ԱՏՁՄ-ն ու միության անդամ ընկերությունները սատար են կանգնում մեր ռազմական ուժերին, քաղաքացիական ու ռազմական ղեկավարությանը

ԱՏՁՄ-ն ու միության անդամ ընկերությունները սատար են կանգնում մեր ռազմական ուժերին, քաղաքացիական ու ռազմական ղեկավարությանը

ԱՏՁՄ վարչության հայտարարությունը՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից դրսևորված ագրեսիայի վերաբերյալ․ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է ձեռնարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին` թիրախավորելով ինչպես ռազմական դիրքերը, այնպես էլ քաղաքացիական բնակչությունը։ Այս անգամ ևս հայկական պաշտպանական ուժերը նախաձեռնեցին այս անհիմն հարձակումը ետ մղելու օպերացիաներ, և չնայած շարունակվող մարտերին, քայլեր ձեռնարկեցին` հսկողության տակ պահելու իրավիճակն ամբողջ սահմանի երկայնքով։ Զուգահեռաբար, Ադրբեջանը, իր մտերիմ դաշնակից Թուրքիայի հետ, իրականացնում է ապատեղեկատվության ու քարոզչական լայնածավալ արշավ` թաքցնելու իրենց կողմից միջազգային իրավունքի ու հումանիտար նորմերի կանխամտածված խախտումները՝ Հայաստանի ագրեսիային «հակահարված տալու» անվան տակ։ Թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության կառավարությունները հստակ կերպով հայտարարել են, որ իրենք չեն սկսել ագրեսիան, դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած ռազմական լուծում, բայց կանեն ամեն անհրաժեշտ բան՝ պաշտպանելու Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությունը։ Իրավիճակը Հայաստանում՝ ինչպես Երևանում, այնպես էլ երկրով մեկ, կայուն է ու գտնվում է հսկողության տակ։ Մեր անդամ ընկերությունները, տեխնոլոգիական ոլորտի մնացյալ հատվածի հետ, շարունակելու են գործել բնականոն կերպով, ինչպես բազմիցս արել են ադրբեջանական ագրեսիայի դրսևորման այլ դեպքերի ժամանակ` բալանսավորելով իրենց գործարար առաջնահերթություններն ու հասարակության, Հայաստանի անվտանգության և բնակչության նկատմամբ ունեցած կոլեկտիվ պատասխանատվությունը։ Մեր քաղաքացիական, տնտեսական, տրանսպորտային ու կապի ենթակառուցվածքների աշխատանքն անխափան է և գտնվում է մշտական վերահսկվողության տակ։ Կոչ ենք անում բոլորին, ովքեր մտահոգ են իրավիճակով, հետևել պաշտոնական աղբյուրներին ու հայտարարություններին, որոնք մենք նույնպես կհեռարձակենք կապի մեր հարթակներով։ ԱՏՁՄ-ն ու միության անդամ ընկերությունները սատար են կանգնում մեր ռազմական ուժերին, քաղաքացիական ու ռազմական ղեկավարությանն ու հայաստանյան հասարակության մյուս բոլոր անդամներին՝ հավուր պատշաճի դիմակայելու Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի այս չհրահրված ագրեսիային, և ապահովելու խաղաղ ու կայուն միջավայր ՏՏ ոլորտի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության աճի ու զարգացման համար»։
01:08 - 28 սեպտեմբերի, 2020
Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՏՁՄ միության նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ

Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՏՁՄ միության նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ

2020 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել   Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանի և նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ: Ողջունելով հյուրերին ՀՀ ԲՏԱ նախարարությունում՝ նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է  տնօրեն Րաֆֆի Քասսարջյանին իր նոր՝ պարտավորեցնող պաշտոնում, համոզմունք հայտնել, որ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունը, նոր նախագծեր կմշակվեն և կյանքի կկոչվեն միության կողմից վերջինիս տնօրինությամբ: Նախարարը նշել է, որ ինքն էլ, լինելով մասնագիտությամբ ինժեներ, քաջատեղյակ է, թե որքան կարևոր է ԱՏՁՄ-ի դերը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար, որը ողնաշարի դեր է կատարել այս ասպարեզում, թե՛ իբրև տեսլական թելադրող, թե՛ ոլորտի լոբբինգի իրականացնող և թե այլ շատ առումներով: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունը ստանձնել է մի շարք ինստիտուցիոնալ նախագծերի իրականացում, որոնք ներառում են կրթությունից, գիտելիքից մինչև ընկերության ստեղծում, հիմնում, ձեռներեցության զարգացում, ֆինանսների ներգրավում, ենթակառուցվածքային այլ ծրագրեր: Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում ևս շտկումներ են լինելու: ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ երկար քննարկումների արդյունքում է Րաֆֆի Քասսարջյանը նշանակվել տնօրենի պաշտոնում և ներկայումս միությունը վերագործարկելու է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նախարարության ռազմավարական զարգացմանը նպաստող: Եսայանը ներկայացրել է ԱՏՁՄ ռազմավարությունը, զարգացման հիմնական ուղղությունները և նշել, որ ակնկալում են նախարարության աջակցությունը դասընթացների և այլ տեսլականների իրականացման հարցերում: Րաֆֆի Քասսարջյանը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և նշել, որ իր համար ուրախալի է այն փաստը, որ նախարարը ևս բարձր տեխնոլոգիաների ոլորտից է և լավ է պատկերացնում ոլորտի խնդիրներն ու առաջնահերթությունները: Քասսարջյանը մատնանշել է ոլորտում փոփոխությունների անհրաժեշտությունը, քանի որ այն, ինչ նախատեսված էր 5 տարի, 10 տարի առաջ, այժմ արդիական չէ և արագ զարգացման կարիք ունի․ կարևորել է փաստը, որ ներկայումս լուծված են հարկային, մաքսային խնդիրների գերակշիռ մասը, ստարտափների համար բարենպաստ միջավայր է ձևավորված, ակնհայտ է ռազմարդյունաբերության ոլորտի առաջընթացը և հիմնական խոչընդոտը ռեսուրսների առկայության խնդիրն է: Նախարարը նշել է, որ «Վիրտուալ կամուրջ մարզերի համար» ծրագրի շրջանակներում քարտեզագրում է կատարվել, ինտերակտիվ ուսուցում է իրականացվում մարզերում՝ Երևանից հնարավորինս շատ գիտելիք մարզեր տանելու նպատակով: Նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել ձեռներեցներին՝ մարզերում ընկերություններ հիմնելու նպատակով, ինչն իր հերթին ինստիտուցիոնալ մեխանիզմներ կձևավորի որակյալ կադրերին մարզեր ուղղորդելու  և տեղում բացահայտելու գործում: Հանդիպման ավարտին նախարար Հ․ Արշակյանը, ամփոփելով նախարարություն – ԱՏՁՄ հարաբերությունների զարգացման ուղղությունները և հեռանկարները, համոզմունք է հայտնել համատեղ ջանքերով մեծ արդյունավետությամբ և պատասխանատվությամբ աշխատելու վերաբերյալ:
12:18 - 17 սեպտեմբերի, 2020
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների թիվը հատեց 100-ի սահմանը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների թիվը հատեց 100-ի սահմանը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), որի առաքելությունն է միավորել Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները և ապահովել վերջիններիս բնականոն զարգացումն ու շահերի պաշտպանությունը, համալրվեց ևս մեկ անդամով: Այժմ միության անդամների թիվը հատում է 100-ի սահմանը: «Միությունը ստեղծվել է 2000 թվականին և սիմվոլիկ է, որ իր գոյության հենց 20-րդ տարում հատեց 100 անդամի շեմը: Հիշենք սակայն, որ հայկական տեխնոլոգիական համայնքում ավելի քան 900 ընկերություն կա և մենք նպատակ ենք հետապնդում կոնսոլիդացնել համայնքի անդամների առնվազն 25-30%-ը: Ուստի՝ մեր հեռագնա նպատակների ֆոնին այս ձեռքբերումը բավականին սիմվոլիկ է», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
06:46 - 08 հուլիսի, 2019