Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ: Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ռազմավարական հարցերի քննարկման ժամանակ հանգում են եզրակացության, որ տնտեսության զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման իմաստով մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմները և դրանց լավարկումն ունեն էական առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա խորհրդակցության նպատակն է նաև պատկերացում կազմել, թե ինչ մեխանիզմներ են գործում ՀՀ-ում, ինչքանով են այդ մեխանիզմները գործում և մեր երկիրն ինչքանով է կարողանում պաշտպանել մտավոր սեփականությունը: Զեկույցով հանդես է եկել Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը՝ ներկայացնելով գրասենյակի հիմնական գործառույթները՝ արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի ընդունումն ու փորձաքննության անցկացումը, պետական գրանցումը, արտոնագրերի և վկայագրերի հանձնումն ու նշված օբյեկտների պետական գրանցամատյանների վարումը, ֆրանչայզինգի, լիցենզային պայմանագրերի և իրավունքների փոխանցման պայմանագրերի գրանցումը: Վարչապետին է ներկայացվել նաև 2021-2023 թվականների գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների գրանցման հայտերի վերաբերյալ տեղեկատվություն։ Նշվել է, որ նախորդ տարիների համեմատ աճել է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների գրանցման հայտերի, ինչպես նաև միջազգային ընթացակարգով (Մադրիդյան համակարգ) Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացված ապրանքային նշանների միջազգային հայտերի քանակը: Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը: Քրիստինե Համբարյանը նշել է, որ խնդիրը լուծվել է դատարանում՝ ի օգուտ իրավատիրոջ, իսկ գրանցումը ճանաչվել է անվավեր: Գրասենյակի ղեկավարի խոսքով՝ այժմ խնդրահարույց գրանցումներ չունեն, նաև գործող օրենքը թույլ չի տալիս խնդրահարույց գրանցումներ: «Մենք լուծել ենք դա նաև օրենքով: Այսինքն՝ մենք նայում ենք օգտագործումը: Անբարեխիղճ գրանցումները կանխել ենք, ստեղծվել է մեխանիզմ»,- ասել է Քրիստինե Համբարյանը: «Արդյունաբերական դիզայնի, գյուտի հետ կապված մարդն ինչի՞ համար է շահագրգռված բերի, գրանցի, որպեսզի հետագայում որևէ մեկը դա իրենից չվերցնի և չօգտագործի: Հիմա մեր մեխանիզմները բավարա՞ր են, երբ մենք գրանցում ենք՝ դրա պաշտպանության լիազորությունն ո՞ւմն է, պետությա՞նը»,- հարցրել է վարչապետը: Գրասենյակի ղեկավարը նշել է, որ պաշտպանության լիազորությունն իրավատիրոջն ու պետությանն են միաժամանակ: «Պետությունը ստեղծում է մեխանիզմներ, իսկ իրավատերն այնքան իրազեկված պետք է լինի, որ իր իրավունքներին իրազեկ լինի ու դիմի համապատասխան մարմիններին: Մենք ունենք Ոստիկանությունում ստորաբաժանում, որը զբաղվում է նաև մտավոր սեփականության խախտումներով: Ունենք մաքսային մարմնում գրանցամատյան, որտեղ օրինակ՝ իրավատերերը գրանցում են իրենց ապրանքային նշանները, օտարերկրյա ընկերությունների մասին է խոսքը, եթե ապրանք է ներկրվում այդ անվանմամբ, մաքսավորը պարտավոր է այդ ապրանքը կանգնեցնել և կապվել իրավատիրոջ հետ ստուգելու՝ օրինակա՞ն ներկրվող արտադրանք է դա, թե՝ ոչ, իսկ երկրի ներսում արդեն՝ Ոստիկանությունն ու դատարանները»,- ասել է Գրասենյակի ղեկավարը: Քրիստինե Համբարյանը տեղեկացրել է, որ 2023թ. մայիսի 17-ից հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգում ներդրվել է գյուտերի և արդյունաբերական դիզայնների հայտերի նյութերը 3D մոդելների միջոցով ներկայացնելու հնարավորություն: Այդ մոդելի շնորհիվ հայտատուները կարող են ներկայացնել հայտերը 3D մոդելների կիրառմամբ: Հաշվետու տարում Մտավոր սեփականության գրասենյակը միացել է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակին: Շարունակվում են մտավոր սեփականության օբյեկտների գրանցման հայտերի և դրանց ամբողջ գործավարությանը վերաբերող փաստաթղթերի թվայնացման աշխատանքները: Վարչապետին են ներկայացվել նաև 2021-2023 թվականների ընթացքում իրականացրած օրենսդրական բարեփոխումները: Մասնավորապես՝ ուժի մեջ են մտել «Արտոնագրերի մասին» «Արդյունաբերական դիզայնի մասին» նոր օրենքները, ինչպես նաև «Աշխարհագրական նշումների մասին», «Ապրանքային նշանների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները: ՀՀ կառավարության կողմից հաստատվել են թվով 14 ենթաօրենսդրական ակտեր: Շրջանառության մեջ է դրվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքը, որը մշակվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ համատեղ: Միաժամանակ տեղեկացվել է, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ ստացվել են գերատեսչություններից առաջարկություններ, որոնք շուտով կամփոփվեն և նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի կառավարության քննարկմանը: Նշվել է, որ գրասենյակն իր մատուցած ծառայությունների դիմաց՝ մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված գործողությունների համար գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն: Նախորդ տարվ գանձված տուրքերի ծավալը կազմել է 687,5 մլն դրամ՝ 2022 թվականի 614 մլն դրամի դիմաց: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ բյուջե այլ ֆինանսական մուտքեր են ստացվում գրասենյակի կողմից՝ միջազգային հայտերի փորձաքննության անցկացման համար: Ֆինանսական այլ միջոցները գոյանում են Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 27.02.1996թ.-ից), Ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 25.12.1991թ.-ից) և Հաագայի Համաձայնագրի Ժնևյան Ակտի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 13.07.2007թ.-ից) դրույթներով սահմանված կարգերով։ Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ պետությունը երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ սա նաև որոշակի դժգոհություն է բերում և այդ առումով պետությունը նույն երգիչների համար պետք է լրացուցիչ աղբյուր ապահովի՝ օրենքի համապատասխան ռեստորաններից պահանջելով պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին: «Սա իրականում երկրի դասի և երկրի մակարդակի մասին է: Հիմա, եկեք տեսնենք, թե մենք այս ոլորտում ինչ խնդիր ունենք: Միջազգային կազմակերպությունները, խոշոր բրենդները մեզ անընդհատ ահազանգում են, ընդ որում՝ մենք միշտ էլ ասել ենք, որ այս հարցը պետք է լուծվի, բայց նաև հասկանալով, որ մենք դա մի գործողությամբ չենք կարող լուծել, որոշակի քաղաքական խնդիր ենք առաջադրել, որ լուծվի ժամանակի մեջ: Սա երկրի հեղինակության հարցն է: Եվ ես զգում եմ, որ նախ այս օրակարգի լրջությունը մեզանում բավարար չափով ընկալված չէ և առաջին հերթին, ինձ թվում է, պետք է այս ընկալումը ստեղծել: Կարծում եմ, որ այստեղ ամենակարևոր բաներից մեկը նորից հանրային կոմունիկացիան է: Նախ պետք է հասնել նրան, որ այս խոսակցությունը վայրի չհնչի հանրապետությունում, որտեղ այս մասին խոսեն՝ մարդիկ առնվազն սկսեն գլխով անել, որ կա այդտեղ պրոբլեմ, եկեք լուծենք»,- ասել է վարչապետը: Նշվել է նաև, որ գրասենյակը խորացրել և ամրապնդել է համագործակցությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Եվրոպական Միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) Եվրասիական արտոնագրային կազմակերպության (EAPO), և օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ, մասնակցել է ոլորտում կազմակերպված միջազգային վեհաժողովների, նիստերի, աշխատաժողովների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում մտավոր սեփականության ոլորտում առկա խնդիրներին, ներկայացվել են առաջարկություններ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։Վարչապետ Փաշինյանը կարևորել է գրասենյակի կողմից աշխարհագրական տեղանունների գրանցման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:
18:25 - 02 մայիսի, 2024
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան

Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան

Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ «Սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու է ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է իրականացնել ՀՀ-ի սահմանի պահպանությունը։ Այսինքն էդ հատվածում, սահմանի վրա մենք Պաշտպանության նախարարության դիրքեր չենք ունենալու և հնարավոր է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն էդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականանցելու»,- ասել է վարչապետը։
23:16 - 01 մայիսի, 2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատումը
 |1lurer.am|

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատումը |1lurer.am|

1lurer.am: Կա պայմանավորվածություն, թե Տավուշից հետո որ սահմաններում է նախագծվում սահմանագծումը, արդյոք երաշխավորված է, որ Ադրբեջանը կվերադարձնի մեզ Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի, Ներքին Հանդի ուղղություններում այն տարածքները, որոնք լեգիտիմորեն մերն են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է այս հարցին: «Նախ` հերթականության մասին. սահմանազատման հանձնաժողովի հայտարարության մեջ ընդգծված այդ գործընթացը, եթե չեմ սխալվում` ընդգծված է, բայց եթե նույնիսկ ընդգծված չէ, սա հստակ պայմանավորվածություն է, որ տեղի են ունենալու քայլերը հետևյալ հաջորդականությամբ. լուծվելու է այս սահմանազատվող հատվածներում սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը, հանձնաժողովները մինչև հուլիսի մեկը համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ: Նախնական շրջանում կարևոր է, որ այդ կանոնակարգը լինի պրակտիկ աշխատանքի ձեռնարկ, որտեղ կարտահայտվի նաև այս ընթացքում ձեռք բերված փորձը, որից հետո այդ կանոնակարգը կանցնի ներպետական հաստատման ընթացակարգեր, որից հետո հանձնաժողովները պետք է հանդիպեն և պայմանավորվեն, թե ինչ հերթականությամբ են իրականացնում սահմանազատումը` որ հատվածներում, և հետագայում արդեն անցնեն սահմանազատմանը»,- ասաց նա: 
23:14 - 01 մայիսի, 2024
Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ. Փաշինյան
 |armenpress.am|

Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Քանի դեռ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, սահմանազատման գործընթացը սկսվում է առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահվի մաքսիմալ կառավարելի:  «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հատվածական սահմանազատում արվում, այլ ոչ թե ողջ սահմանի սահմանազատումը փաթեթով: «Փաթեթի մասին պատկերացումները մենք նախ պետք է կոնկրետ ճշգրտենք, որովհետև աշխարհում ոչ մի երկիր ուղղակի մի գործողությամբ սահման չի ձևավորել, միշտ էլ սահմանի ձևավորման գործընթացը՝ վերարտադրման կամ սահմանազատման գործընթացը տևական գործընթաց է: Այսինքն՝ դա մի կոճակ չէ, որ մենք սեղմենք և սահմանը վերարտադրվի, լուսավորվի: Մենք այսօր ձևավորում ենք սահմանի վերարտադրության համար անհրաժեշտ փաթեթը, և այդ փաթեթը հիմնված է Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,-ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց՝ ապրիլի 19-ի մամուլի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են մի քանի կարևոր բաների մասին: Դրանցից առանցքայինն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը երկու կողմերից ընդունվում է որպես բազային սկզբունք՝ սահմանազատման գործընթացի համար: «Եվ սահմանազատումն այս սկզբունքով որևէ տեղից պետք է սկսվի, և սկսվում է այդ տեղից, և պետք է իր բնականոն հունով շարունակվի և ամբողջանա: Փաստաթղթում այս պրոցեսն անվանված է սահմանազատման սկզբնական գործընթաց, և այդ սկզբնական գործընթացը կարևոր է նաև հայտնի հանգամանքների բերումով, որպեսզի մենք այս ընթացքում արդեն գետնի վրա կուտակած փորձը կարողանանք ձևավորել որպես, ինչպես միջազգային խոսույթում ընդունված է ասել՝ լավագույն պրակտիկա, և այդ լավագույն պրակտիկան ձևակերպել, այդ լավագույն պրակտիկայի ձևակերպումը բերել խորհրդարանի հաստատմանը՝ որևէ ձևաչափով, և ահա այդ մանդատի վրա շարունակել ամբողջական գործընթացը»,-ասաց վարչապետը: Նա բերեց Հայաստանի և Վրաստանի օրինակը: Այս սահմանազատումն արդեն 20 և ավելի տարի շարունակվում է: Վրաստանի հետ կա ընդհանուր ըմբռնում, որ պետք է արագացնել գործընթացը: «Առավել ևս Ադրբեջանի պարագայում, մեզ բոլորիս հայտնի հանգամանքների պայմաններում, պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը. ինչո՞ւ, որովհետև քանի սահմանազատված չէ, հասկանալի է, որ կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ: Եվ այս է պատճառը, որ մենք սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի»,-ասաց Փաշինյանը:
23:06 - 01 մայիսի, 2024
Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա չպահել պայմանավորվածությունը, քան լուծումը. Փաշինյան

Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա չպահել պայմանավորվածությունը, քան լուծումը. Փաշինյան

Որքանով է երաշխավորված, որ Ադրբեջանը չորս գյուղերի հարցի լուծումից հետո նոր պահանջներ չի ներկայացնի Հայաստանին: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Չորս գյուղերի հարցի չլուծումն ավելի շատ հնարավորություն կտա Ադրբեջանին` դա անելու, քան հարցի լուծումը, ընդ որում` չորս գյուղեր ասելիս խոսքը այնպիսի գյուղերի մասին է, որ երբեք չեն գտնվել Տավուշի մարզի կազմում, մենք էդպիսի բնակավայրեր չենք ունեցել, Ալմաթիի հռչակագրի տրամաբանությամբ դրանք գտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում: Էս խնդրի չլուծումն Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա խուսափել այդ բանաձևից և պայմանավորվածությունից, քան այդ չորս գյուղերի հատվածում սահմանազատման գործընթացի իրականացնելը»,- ասաց վարչապետը: Ճշտող հարցին` որքան է հավանականությունը, որ սահմանազատումից հետո Ադրբեջանը նոր` միակողմանի հավակնություններ չի ներկայացնի, Հայաստանը զիջումներ չի գնա «Զանգեզուրի միջանցքի», ադրբեջանցիների վերադարձի առումով: «Ես զարմանում եմ` մենք ինչ հետևողական ենք շարունակում օգտագործել Ադրբեջանի առաջ քաշած խոսույթները` այն պայմաններում, երբ ունենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այն դեպքում, երբ պետք է օգտագործենք նման խոսույթներ: Ուզում եմ հետևյալ նրբության, որը իրականում էական հանգամանք է, դրա վրա ձեր ուշադրությունը հրավիրել. որոնք են երաշխիքները, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ և այլն, և այլն... երաշխիքը մեր դիրքերի լեգիտիմությունն է, սա շատ էական հանգամանք է, լեգիտիմությունը` արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա»,- պատասխանեց վարչապետը: Փաշինյանի խոսքով` 2021, 2022թթ․ իրադարձությունները շատ դեպքերում միջազգային հանրությանը ներկայացվել են 4 գյուղի համատեքստում։  Այսինքն` ինչ-որ չափով փորձ է արվել, որոշ դեպքերում` հաջող, ցույց տալու, որ Հայաստանն է, որ գործում է իր լեգիտիմ գծերից անդին: «Մենք եկել ենք այն եզրակացության, որ  Հայաստանի անվտանգության գլոբալ փլուզվող միջավայրում լեգիտիմությունը այն գործոնն է, որը թույլ կտա հենվել իր վրա և անվտանգային նոր համակարգ ստեղծել»,- շեշտել է վարչապետը։ 
22:55 - 01 մայիսի, 2024
Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ․ վարչապետի ուղերձը

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ․ վարչապետի ուղերձը

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Սա իսկապես կարևոր օր է, որովհետև այն ամենը, ինչ տեսնում ենք մեր միջավայրում, այն ամենը, ինչի հետ առնչվում ենք, պարտադիր կերպով ինչ-որ մեկի կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունք կամ հետևանք է: Կատարված և չկատարված, հաջող և ոչ այնքան հաջող աշխատանքն այն է, ինչ մեզնից յուրաքանչյուրին դարձրել է այնպիսին, ինչպիսին կանք: Աշխատանքը, աշխատանքի ընկալումը, աշխատանքային պայմաններն այն են, ինչ ժամանակակից աշխարհը դարձրել է այնպիսին, ինչպիսին այն կա: Վերջին հարյուրամյակում աշխատանքի ընկալումն էականորեն փոխվել և փոխվում է մեծ արագությամբ: Եթե նախկինում աշխատանքը մարդու ազատությունը կաշկանդող գործոն էր համարվում, այսօրվա ընկալումն այն է, որ աշխատանքը մարդուն ազատություն, բարեկեցություն և երջանկություն պետք է բերի: Ժամանակակից աշխարհում սիրած աշխատանքով զբաղվելը և կատարած աշխատանքից հաճույք ստանալը երջանկության կարևորագույն գործոն է և բաղադրիչ: Ժամանակակից աշխարհում հնարավոր չէ բարեկեցություն կառուցել առանց աշխատանքի: Եվ աշխատանքի արդյունքում ձեռքբերված վաստակը մարդուն ազատ ապրելու, այդ թվում՝ լայնորեն ճամփորդելու հնարավորություն պիտի տա: Սրանք, իհարկե, իդեալներ են, բայց այդ իդեալներն արդեն շատ դեպքերում հասանելի են, եթե աշխատանքը հիմնված է բարձր որակավորման, այսինքն՝ կրթության վրա, այն ըմբռնումով, որ կրթությունը ոչ միայն մանկության ու պատանեկության գործ է, այլև ցկյանս անելիք: Իդեալի և իրականության մեջ, սակայն, ցավալիորեն զգալի ճեղք կա, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հազարավոր մարդիկ ապրում են աղքատության պայմաններում: Նրանց մի մասն ունեն աշխատանք, մյուս մասը՝ գործազուրկ են: Բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համոզված եմ՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ: Այս բանաձևը, ցավոք, իրատեսորեն հնարավոր չի լինի կիրառել ավագ սերնդի այն ներկայացուցիչների համար, ովքեր իրենց սոցիալական վիճակով նման բանաձևի կիրառման կարիք կունենային: Բայց կառավարության ջանքերն ուղղված են միջին սերնդի ներկայացուցիչների համար վերապատրաստումների, որակավորման բարձրացման հնարավորություններ ու մոտիվացիա ստեղծելուն: Աղքատության հաղթահարման ճանապարհին ամենակարևոր երկարաժամկետ անելիքը կրթության ոլորտի՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բարեփոխումներն են՝ այն նպատակադրմամբ, որ կրթական համակարգը պետք է բացահայտի մարդու տաղանդը, նրան սիրած աշխատանքով զբաղվելու և աշխատանքի մեջ երջանիկ լինելու, ազատ և բարեկեցիկ ապրելու հնարավորություն տա: Միանշանակ կարելի է պնդել. այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ ստացած կրթության ոչ պատշաճ որակը, կամ ցկյանս կրթության տրամաբանությունից դուրս լինելը: Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա: Ոչ աշխատունակ կամ սահմանափակ աշխատունակ մարդկանց պարագան բոլորովին այլ իրադրություն է, չնայած վերջին խմբի մեր համաքաղաքացիներին էլ ասվածն առնվազն որոշ մասով կարող է առնչվել: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին՝ կարևորագույն այս խնդրի լուծումը ոչ միայն պատշաճ օրենքների ու կարգավորումների մեջ է, այլև գործատուների և գործավորների շահագրգիռ և գիտելիքահեն հարաբերությունների: Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առիթով, և կրկին ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մեր քաղաքացիներին ու մեր երկրի բնակիչներին: Մեր պետությունը հիմնված է նրանց աշխատանքի վրա և նրանց աշխատանքն արժանի է խոնարհումի: Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
09:52 - 01 մայիսի, 2024
ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Կոոպմանի այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն այս առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Կոոպմանի այցը կնպաստի միջոցառումների ծրագրի և օրակարգի ձևավորմանն ու դրա հետագա առաջմղմանը: Խերտ Յան Կոոպմանը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը՝ ի նպաստ մեր երկրի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական աճի: Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 
15:43 - 30 ապրիլի, 2024
Նպատակն է տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ամրացնել ինքիշխանությունը․ Փաշինյանը՝ սահմանազատման գործընթացից |azatutyun.am|

Նպատակն է տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ամրացնել ինքիշխանությունը․ Փաշինյանը՝ սահմանազատման գործընթացից |azatutyun.am|

azatutyun.am: Ինքնիշխանություն, իրավազորություն, իրավունքներ-պարտականություններ և տարածքային ամբողջականություն այս քառամիասնությունը կուժեղացնի, կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունը և զարգացումը, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող սահամանզատման գործընթացին։ «Զրույցներ պետության մասին» շարքի 4-րդ մասում Փաշինյան մեկ բաժակ ջրի օրինակով է նշում՝ եթե իրավունքներն ու պարտականությունները տեղավորված են կոնկրետ ձևի և կոնկրետության մեջ, այդ իրավունքները և պարտականությունները կիրառելի են, իրագործելի են, կենսունակ են, իսկ երբ դրանք պարփակված չեն կոնկրետ տարածքով, ապա, ըստ գործադիրի ղեկավարի, դրանք լղոզվում են, դառնում են անկենսունակ, ոչ նյութական, պրոբլեմներ ու անհարմարություններ են ստեղծում և դառնում են կենսական կարիքների համար ոչ կիրառելի։ «Այն, ինչ մենք այսօր անում ենք նաև Տավուշի մարզում, նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացում, նաև խաղաղության օրակարգում, հենց այս նպատակն ունի, որպեսզի կենկրետ տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ստեղծենք և ամրացնենք ինքիշխանությունը, և որի շրջանակներում էականորեն կուժեղանա քաղաքացիների իրավունքների և պարտականությունների շրջանակը», - ասել է վարչապետը։  
13:07 - 30 ապրիլի, 2024
Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն

Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն

Երեկ ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում՝ ոչ միայն չփարատելով բնակիչների մտահոգությունները, այլ ավելին՝ կիրանցիներին հուզող հարցերը մնացել են անպատասխան, ինչը հերթական անգամ վկայում է, որ ՀՀ գործող կառավարությունը չունի քաղաքական հստակ և այլընտրանքային ռազմավարություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանելու նրանց կյանքի, գույքի ու սեփականության իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը: «Իշխանությունը, միաժամանակ, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը: Իշխանությունը սպառեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի, հետևաբար նաև՝ ՀՀ սահմանազատման ենթակա մնացած մարզերի այլ համայնքների բնակիչներին պետական անվտանգային երաշխիքներ տրամադրելու վերջին հնարավորությունը: Սա հերթական փաստն է, որ ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում: ՀՀ իշխանությունը մսխել է հայկական դիմադրողականության ռազմաքաղաքական, անվտանգային և դիվանագիտական զինանոցը, և իր անկարողությամբ, բարոյալքված, ստահոդ ու կեղծ տեղեկատվական հոսքերով, բացառապես փորձում է ինքնաարդարանալ՝ ի գին ՀՀ և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի: Տավուշեցին, հետևաբար՝ Հայաստանի քաղաքացին, վաղուց պաշտպանված չէ: Իշխանությունը կորցրել է վստահությունը իր քաղաքական վարքաբանությամբ, շարքային քաղաքացու կյանքի ապահովման սահմանադրական և բարոյական պարտավորությունը լիարժեք ձախողելու պատճառով: Վերահաստատում ենք, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի»:
13:01 - 30 ապրիլի, 2024
Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ

Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սարո Խոդավերդիին օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սարո Խոդավերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վահրամ Ճուղուրյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Ճուղուրյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- նշված է որոշման մեջ։
11:40 - 30 ապրիլի, 2024
 Ոսկեպարի, Կիրանցի եւ Բերքաբերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար․ Փաշինյանը՝ Բլինքենի հետ զրույցում

Ոսկեպարի, Կիրանցի եւ Բերքաբերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար․ Փաշինյանը՝ Բլինքենի հետ զրույցում

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով:Վարչապետը կարեւորել է նաեւ ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, եւ հանդիպումը որեւէ գաղտնի օրակարգ չի ունեցել:Վարչապետ Փաշինյանը նաեւ դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, եւ ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:Զրուցակիցներն ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարեւորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում:Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաեւ նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը:Քննարկվել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ այն արտահայտում է 2023 թ. հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր պայմանավորվածություններն առ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հիման վրա, հավասարության եւ փոխադարձության սկզբունքով: Այս պայմանավորվածություններն արտահայտված են նախագահ Միշելի՝ վերոնշյալ հանդիպմանը հաջորդած հայտարարությունում», - նշված է հաղորդագրության մեջ:
20:17 - 28 ապրիլի, 2024
«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի եզրափակիչ մրցախաղերի ընթացքին: Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մինչ պարգևատրման արարողությունը, հանձնվել են շնորհակալագրեր: Այս տարի առաջին անգամ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է բացառապես դպրոցականների համար: Ընդհանուր առմամբ, հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում: Մրցումներին Երևանի և ՀՀ մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել: Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով: Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները պարգևատրվել են. 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2,500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 1,500,000 դրամ: Պարգևատրվել են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ: Վարչապետը պարգևներ է հանձնել 10-12-րդ դասարանների մրցանակակիրներին` Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի, Երևանի Ալեքսանդր Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոցի և Թեղուտի միջնակարգ դպրոցի աշակերտներին: 5-9-րդ դասարանների մրցանակակիրներին՝ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի, Երևանի թիվ 104 հիմնական դպրոցի, Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների պարգևները հանձնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Պարգևատրումից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին կայացած մրցաշարի առիթով: Վարչապետի խոսքով, սեղանի թենիսի մրցաշարի վերապահումը միայն դպրոցականներին, ճիշտ որոշում էր այն առումով, որ այն բոլորովին այլ էմոցիա և տրամադրություն էր հաղորդել մրցաշարի մասնակիցներին: Կառավարության ղեկավարի խոսքով, մրցաշարը կարևոր է նաև ուսուցիչների աշխատանքն ընդգծելու առումով, քանի որ աշակերտների հաղթանակների մեծ մասն նրանց աշխատանքի արդյունքն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս մրցաշարերը կարևոր են այն առումով, որ ավելի ու ավելի շատ պետք է կապված լինեն կրթության, դպրոցի հետ և հավելել, որ պետք է հետևողականորեն զարգացնել այս ուղղությունը՝ նաև հաշվի առնելով, որ սրանով առողջ ապրելակերպն է քարոզվում, ինչն ունի և՛ առողջապահական, և՛ կրթական, և՛ մեր երկրի մարզական ամբիցիաներն աջակցելու նպատակ: Իր խոսքի վերջում վարչապետը շնորհակալություն է հայտնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կազմակերպչական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու, իսկ Սեղանի թենիսի ֆեդերացիային մրցաշարն արդար, ազատ, թափանցիկ անցկացնելու համար:
19:18 - 28 ապրիլի, 2024
Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց

Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ: Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Հանդիպման հիմնական նպատակն էր երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնիշխանություն», «պետականություն» հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի ձևավորումը։ Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Քաղաքացու օրվա խորհրդին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացին և այլ թեմաների: Մասնավորապես, վարչապետը խոսելով Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի մասին՝ ընդգծել է, որ այն իրականացնելու որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ամրագրելու նպատակով։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են։ «Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք` եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, ապա երկրորդը՝ տարածքն է և տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն։  Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»,- ընդգծել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին` հավելելով, որ Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ «Խաղաղության օրակարգն արտագաղթը կանխելու մասին է, որովհետև երբ նույն սոցիալ-հոգեբանական շերտը դիտարկում ենք` տեսնում ենք, որ պատերազմն էլ մեծ կապ ունի արտագաղթի հետ, որովհետև Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ Խաղաղության օրակարգը դրա մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են Ակադեմիական քաղաքի հիմնմանը, երիտասարդների շրջանում ստեղծագործ աշխատանքի խրախուսմանը և այլ թեմաների: Հաջորդիվ միջոցառումը շարունակվել է Գավառի կենտրոնական հրապարակում, որտեղ տաղավարային ցուցադրություններով ներկայացել են Գեղարքունիքի մարզի 5 համայնքները, Գավառ համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող, սննդի արտադրությամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները։ Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին: Միջոցառման շրջանակում կազմակերպվել են վարպետաց դասեր (քյուֆթայի և փախլավայի պատրաստման), հեծանվավազք, մարզական ցուցադրական ելույթներ։ Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ վարչապետի աշխատակազմը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը և Գավառի համայնքապետարանը։ Վարչապետ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ: Բերդկունք ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Հնագիտական պեղումների ավարտից հետո կկազմվի ամրոցի վերականգնման նախագիծը։
17:54 - 27 ապրիլի, 2024
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
 |armenpress.am|

Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ընթացող «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է, որովհետև երբ նույն սոցիալ-հոգեբանական շերտը դիտարկում ենք, տեսնում ենք, որ պատերազմն էլ մեծ կապ ունի արտագաղթի հետ, որովհետև Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ Խաղաղության օրակարգը դրա մասին է, որ մենք համընդհանուր դարձած այդ երևույթը, թե ոնց ենք մեր տղաներին իքս տարիքից աշխատում, որ Հայաստանից դուրս ապրի, որ բանակ չգնա։ Այդ երևույթը գիտենք բոլորս, բայց չենք խոսում դրա մասին։ Հարց՝ ի՞նչու չենք խոսում։ Պետք է խոսենք դրա մասին»,-ասաց Փաշինյանը։
14:25 - 27 ապրիլի, 2024
Տեսե՞լ եք սյունի նկարը․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ

Տեսե՞լ եք սյունի նկարը․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ։ Բանախոսության ժամանակ նա արձանագրեց՝ քաղաքացին պետություն ունենալու կարևոր ու անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար պայման։  «Ո՞րն է հաջորդ պայմանը պետություն ունենալու․ դա տարածքային ամբողջականությունն է։ Չի կարող լինել պետություն առանց տարածքի»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մինչև Գավառ հասնելը հացի արտադրամասում քաղաքացիներից մեկը վարչապետին հարցրել է՝ «ինչու՞ են գյուղերը տալիս թուրքերին»․ «Սա շատ կարևոր հարց է․ ես չեմ ուզում հիմա էն քաղաքական մակարդակներում ասածս ասել, որ ՀՀ-ում երբեք այդպիսի գյուղ չի եղել․ էդ մասը չեմ ուզում ասել։ Բայց ուզում եմ ասել՝ էս որոշումները մենք ինչի համար ենք կայացնում․ կայացնում ենք ֆիքսելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Տեսե՞լ եք էն սյունի նկարները, որ հրապարակվել է․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է։ Մենք էս որոշումները կայացնում ենք այն արձանագրմամբ, որ եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, երկրորդը տարածքն է ու տարածքային ամբողջականությունը»։  Փաշինյանի խոսքով՝ տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք, քանի որ տարածք կարող է լինել, բայց չլինել միջազգայնորեն ճանաչված։  «Երբ մենք փորձում ենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը փորձում ենք խառնել մեր միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգայնորեն ճչանաչված դարձնելու ռիսկի ենք ենթարկում մեր պետությունը։ Ինչը և մենք երկար տարիներ արել ենք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ չի ուզում խոսել դրա մասին։  «Մի տեղ փակ խոսակցություն էր (կուսակցական ֆորմատում), եւ ես այդ հարցը տալիս էի՝ հարց են հնչեցնում (մարդիկ-խմբ․)՝ ինչու եք չորս գյուղը տալիս Ադրբեջանին, ես ասում եմ՝ մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է, որպես փաստարկ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու՝ այն ըմբռմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինել ոչ միայն նրանք, ում մենք սովորաբար ընկալում ենք որպես թշնամի, այլև նրանք, ում մենք համարել, համարում կամ կհամարենք բարեկամ։ Սա մեր քաղաքականության հասունության շատ կարևոր պահն է, որ մենք կարողանանք աշխարհը ընկալել այնպիսին, ինչպիսին այն կա իրականում։ Իսկ աշխարհը շատ վտանգավոր տեղ է․ լավ տեղ, հաճելի տեղ, իհարկե, բայց պետք է չմոռանալ, որ շատ վտանգավոր տեղ է։ Եթե մենք շարունակենք աշխարհը ընկալել երկու հարթությամբ, մենք խնդիրներ կունենանք։ Եվ մենք ունենք արդեն այդ խնդիրները և դրա պատճառներից մեկը այն է, որ մենք աշխարհը ընկալել ենք և, ցավոք, երբեմն չենք շարունակում ընկալել որպես վտանգավոր տեղ»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
12:23 - 27 ապրիլի, 2024