ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: «12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող։  Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ ձերբակալվել է երկու պաշտոնատար անձ։ Մասնավորապես, պարզվել է, որ անձնակազմը, առանց համապատասխան հանդերձավորման, տեղավորվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայում։ Ավտոմեքենան տեխնիկական ստուգում է անցել 2023թ․ հոկտեմբերին և ճանաչվել է սարքին։ Սակայն ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018 թվականին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչև 2022 թվականը։ Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք խախտել են տրանսպորտային միջոց շահագործելու կանոնները։ Մասնավորապես՝ տեղյակ լինելով «Ուրալի» ունեցած նշված տեխնիկական խնդիրների մասին, ինչպես նաև՝ այն մասին, որ սահմանված կարգով շարժիչը չգործարկվելու պատճառով արգելակման համակարգում անհրաժեշտ օդի քանակությունը, արտահոսքի հետևանքով, չի պահպանվում, 2024թ․ ապրիլի 12-ին թույլատրել են նշված ավտոմեքենայի երթը:  
17:28 - 02 մայիսի, 2024
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2024 թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի անձնակազմը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով գահավիժել էր ձորը, ինչի հետևանքով 4 զինծառայող մահացել էր, ևս 19 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի և դրա պատճառների վերաբերյալ էական մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ նշված տրանսպորտային միջոցը վարող ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից անձնակազմը փոխադրել է նույն զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք, որտեղ մեքենան կայանել է թեք տարածքում։ Այդ կերպ խախտվել է ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի պահանջները, ըստ որի՝ մեքենաների կանգառն իրականացվում է լավ տեսադաշտով ճանապարհի հարթ տեղանքում։ Դրանից հետո վերոհիշյալ ավտոմեքենայում գտնվող անձնակազմի մի մասը փոխարինել է մարտական դիրքում գտնվող անձնակազմին և փոխարինված անձնակազմը, առանց համապատասխան հանդերձավորման, տեղավորվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայում։ Նույն կանոնակարգի պահանջների համաձայն, մեքենան տեղից շարժելը թույլատրվում է միայն շարժիչը տաքացնելուց հետո։ Այս պահանջի խախտմամբ ավտոմեքենայի շարժիչը կանգնած վիճակում չի գործարկվել և չի տաքացվել, այլ ավտոմեքենան փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և այն ճանապարհի բանուկ մասից թեքվել է դեպի աջ ու հայտնվել ձորում՝ հանգեցնելով դրանում գտնվող զինծառայողների մահվան և վնասվածքներ ստանալուն։ Շարժիչը գործարկվել է նման եղանակով, քանի որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի: Պարզվել է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի հիշյալ ավտոմեքենան տեխնիկական ստուգում է անցել 2023թ․ հոկտեմբերին և ճանաչվել է սարքին։ Սակայն ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018 թվականին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչև 2022 թվականը։ Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։ Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք խախտել են տրանսպորտային միջոց շահագործելու կանոնները՝ անտեսելով՝ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի, ՀՀ զինված ուժերի ավտոմոբիլային ծառայության կանոնագրքի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ։ Մասնավորապես՝ տեղյակ լինելով զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ունեցած նշված տեխնիկական խնդիրների մասին, ինչպես նաև՝ այն մասին, որ սահմանված կարգով շարժիչը չգործարկվելու պատճառով արգելակման համակարգում անհրաժեշտ օդի քանակությունը, արտահոսքի հետևանքով, չի պահպանվում, 2024թ․ ապրիլի 12-ին թույլատրել են նշված ավտոմեքենայի երթը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված տրանսպորտային միջոցը վարող, ժամկետային ծառայողին ու զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով։ Նշված պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
17:08 - 02 մայիսի, 2024
ՀՀ-ն և ԱՄՆ-ը երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը

ՀՀ-ն և ԱՄՆ-ը երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը

Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք բարձր ենք գնահատել: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպան Քվինի հետ ստորագրել ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը»,- ասված է Սուրեն Պապիկյանի գրառման մեջ:
16:08 - 02 մայիսի, 2024
ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» զորավարժությանը

ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» զորավարժությանը

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը (շարժական դաշտային հոսպիտալը) 2024 թվականի ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Հանրապետության Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում՝ ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի (NATO Centre of Excellence for Military Medicine) կազմակերպած «Քաջարի մարտիկ-2024» (Vigorous Warrior 2024) բազմազգ զորավարժությանը մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Միջազգային խոշորագույն ռազմաբժշկական միջոցառմանը մասնակցում են 32 երկրի զինված ուժերի ռազմաբժշկական ստորաբաժանումներ և քաղաքացիական 7 կազմակերպություններ։ Միջոցառումը կընթանա մինչև մայիսի 10-ը։ ՀՀ զինված ուժերի բժշկական ստորաբաժանումն այս միջոցառմանը մասնակցում է որպես Դեր 2 դաշտային հոսպիտալ (Role 2MTF)։ Վարժանքների ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև շարժական ռազմաբժշկական միավորի` ՆԱՏՕ-ի չափորոշիչներով բժշկական գնահատման հերթական փուլը։
16:43 - 01 մայիսի, 2024
Քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ բռնություն չի իրականացվել. ՔԿ արձագանքը` որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերին

Քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ բռնություն չի իրականացվել. ՔԿ արձագանքը` որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերին

ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին` Կիրանց այցելած պայմանագրային զինծառայողներին քննչական գործողությունների ընթացքում ենթադրաբար ծեծի ենթարկելու մասին: «Հրապարակումն այն մասին, թե, իբր, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մի քանի զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր են եղել, և նրանք, իբրև թե, դաժան ծեծի են ենթարկվել, իրականությանը չի համապատասխանում, մտացածին է և, ինչպես սովորաբար լինում է նման ոճի հրապարակումների պարագայում, որևէ փաստական հիմք չունի։ Այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ նման բռնություն չի իրականացվել, և գրվածն այդ առումով զուտ բանբասանքային ենթադրություն է»,- հայտնում են ՔԿ-ից։
10:36 - 30 ապրիլի, 2024
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը
 |civilnet.am|

Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը |civilnet.am|

civilnet.am: Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծվել։ Շուրջ մեկ շաբաթ ճանապարհը փակած քաղաքացիները Կիրանցի կամուրջի հատվածում նկատել էին դեպի Բերքաբեր ընթացող առանց պետհամարանիշի մեքենա և արգելափակել էին այն՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, ինչն էլ տեղում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների պատճառ էր դարձել։ Հավաքվածներից որոշները կասկած էին հայտնում, թե մեքենայում ադրբեջանցիներ են, որոշներն էլ նշում էին, թե հայ քարտեզագիրներն են: Լրատվամիջոցներից մեկը նկարել էր առանց պետհամարանիշի մեքենայի դիմացի նստատեղին նստած անձին՝ հարց բարձրացնելով, թե ով է նա։ Այս անձի ինքնությունն էին փորձում պարզել քաղաքացիները. էկրանակադրը՝ լրատվամիջոցի տարածած տեսանյութից ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը տեսանյութից առանձնացված էկրանակադրի հետադարձ որոնում կատարեց համացանցում։ Pimeyes.com հավելվածը, որը դեմքերի ճանաչման և համացանցում հետադարձ որոնման համակարգ է, մի շարք արդյունքներ գեներացրեց, ըստ որոնց՝ տվյալ դեմքով անձի լուսանկարներ առկա են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ նախագահի, ինչպես նաև մի շարք հայաստանյան լրատվական կայքերում։ Pimeyes.com-ի գեներացրած արդյունքները Ուսումնասիրելով հղումները՝ պարզ դարձավ, որ տվյալ անձը գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանն է, որը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետն է։ Վերջինս 2023-ի հուլիսին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով (տեսանյութ՝ 6:32 րոպեից): Սերգեյ Պետրոսյանը՝ աջ կողմից առաջինը։ Լուսանկարը՝ mil.am Սերգեյ Պետրոսյանն ընդգրկված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 22-ի որոշմամբ ձևավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի մեջ։ Ուշագրավ է, որ Սերգեյ Պետրոսյանը միացել էր 2021-ի փետրվարին Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով։
16:31 - 29 ապրիլի, 2024
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն  ու հայտարարությունները։ Ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ․ «Վերջին օրերի ընթացքում համակարգված, մի շարք ստուգված տեղեկությունների համաձայն՝ նաև ուղղորդված որոշ շրջանակներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներ, թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն և սխալ տեղեկություններ։ Հատկանշական է, որ լրատվամիջոցները, անանուն աղբյուրներին հղում կատարելով, առանց ՊՆ համապատասխան ստորաբաժանման հետ ճշգրտումներ կատարելու, հրապարակում են անհայտ ծագմամբ տեղեկատվություն:  Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն  ու հայտարարությունները»։
15:59 - 27 ապրիլի, 2024
Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:   Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն, տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց:   Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից:   Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:   ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ցուցաբերելու է հետևողականություն և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության դեպքով կատարելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները:   «Միաժամանակ հորդորում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ զինվորական կանոնադրությունների պահանջները, բարեխղճորեն կատարել զինվորական ծառայության իրենց պարտականությունները, դրսևորել զսպվածություն և չտրվել առանձին անձանց սադրանքներին, մանիպուլյատիվ հայտարարություններին և քաղաքական կոչերին:   Ստորև ներկայացնում ենք զինծառայողներ Ա.Չ.-ի և Ֆ.Բ.-ի ուղերձները»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել էր պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի։
10:25 - 27 ապրիլի, 2024
Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով ապրիլի 23-25-ը Իտալիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարարության սպառազինության ազգային տնօրեն և պաշտպանության գլխավոր քարտուղար, գեներալ Լուչիանո Պորտոլանոյի, Իտալիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մատեո Պերեգո դի Կրեմնագոյի, Կոնֆինդուստրիայի օդատիեզերական, պաշտպանության ու անվտանգության ֆեդերացիայի նախագահ Ջուզեպպե Կոսսիգայի, ինչպես նաև ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
15:34 - 26 ապրիլի, 2024