ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

«Կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի»․ նստացույց անող Իշխան Գեւորգյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
 |news.am|

«Կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի»․ նստացույց անող Իշխան Գեւորգյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին |news.am|

news.am: Երեկ երեկոյից Կառավարության մոտ 72 ժամով նստացույց հայտարարած «Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Գեւորգյանը դեմ է Կառավարության վարած քաղաքականության հետ։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքն անհաշտ է իշխանությունների այն դիրքորոշման հետ, որ Տավուշի գյուղերը պետք է տրվեն Ադրբեջանին։ «Այս քարտեզի վրա մարդիկ ունեն կադաստրի վկայական, որը չի տարբերվում իմ ու ձեր տան կադաստրի վկայականներից։ Եթե մեկի հողը ենթակա է խլման ու Ադրբեջանին տալու, ուրեմն  յուրաքանչյուրի հողն է ենթակա խլման ու Ադրբեջանին տալու, իսկ դա սահմանադրական կարգի տապալում է։ Սրա դեմը պետք է առնվի, պետք է համահայկական անհաշտությամբ արվի դա, բոլոր ոչ հաշտ մարդկանց ես այստեղ սպասում եմ, որ խելք խելքի տանք, հավաքվենք ու պարալիզացնենք իրենց, չենք կարողանա աշխատել։ Ես հաշտ չեմ, սա կուլ տալ չի կարելի, սա կուլ տվողներն արժանանալու են իրենց տան կորստին։ Ղեկավարն ասում է՝ տանք, մեկ է պատերազմ կարող է լինել, ոչինչ չի արվում, որ գան, լցվեն Տավուշի այդ հատված, հետո չտարածվեն ու մեր հատուկ ջոկատայիններ չմահանան։ Սա էն չի է որ մենք ծեծ ենք ուտում, սա էն ա, որ ասում են՝ ձեռներդ դիր հետեւդ, քեզ ապտակելու ենք ու դու ձեն չհանես»,- իր խոսքում նշեց նա։ Հարցին՝ ինչո՞ւ է որոշել հենց 72 ժամով նստացույց հայտարարել, Իշխանն ասաց․ «Բոլոր իմ նման մարդիկ, որոնք հաշտ չեն այս ամենի հետ, նրանց բոլորին ձերբակալում են 72 ժամով կամ 1 ամսով։ Որպեսզի չտանջվեն ու այնպես անեն, որ Իշխանը նստի, դրա համար Իշխանն արդեն նստած է։ Իրենց կողմից ապուշություն կլինի 72 ժամ նստած մարդուն տանել 72 ժամ նստացնել»։ Անդրադառնալով առավոտյան Կիրանցի բնակիչներին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքին՝ պատերազմի մասնակիցն ասաց․ «Ոստիկանները այնտեղ գլուխները կախած են այդ գործն անում։ Այս բախումն իրենց հոգում էլ կա, մի կողմից ճնշում է պաշտոնյայի հրամանները, մյուս կողմից հասկանում են, որ իրենք հաշտ են Սահմանադրությա տապալման հետ, բայց հաշտ չեն ցուցարար Իշխանի հետ կամ կիրանցեցու հետ»։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, որ կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել, որ ադրբեջանցիները չերեւան Կիրանցի դպրոցից, Իշխան Գեւորգյանն արձագանքեց․ «Քանի որ աննախադեպ պղծությունները մարսվում են․․․ կարելի՞ է տենց բաներ ասել, կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի մեր վրա։ Դա անելու բա՞ն է, ես ի՞նչ գնահատական տամ, դա մարդկանց վրա կայֆավատ լինել ա»։
15:58 - 02 մայիսի, 2024
Ոստիկանական գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի լինելու ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը
 |1lurer.am|

Ոստիկանական գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի լինելու ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը |1lurer.am|

1lurer.am: Կսահմանվի Ոստիկանական գվարդիայի կարգավիճակը: Ի տարբերություն ոստիկանական զորքերի՝ Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի կարգավիճակը: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 2-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և այլ օրենքների նախագծերի փաթեթը: Ոստիկանության գվարդիային է վերապահվելու հասարակական կարգի, անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման ապահովումը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցությունը, քրեական վարույթ իրականացնող մարմիններին օժանդակումը, ռազմական և արտակարգ ռեժիմների իրականացման շրջանակում օժանդակությունը: «Ոստիկանական գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի լինելու ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը: Այն ձևավորվելու է ոստիկանության հետևյալ ստորաբաժանումների բազային հենքով՝ Ոստիկանության զորքեր, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն, ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում առկա հատուկ ստորաբաժանումներ, և ունենք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից եկող ստորաբաժանում՝ վարույթի շրջանակներում անձանց պաշտպանության տեսանկյունից: Այս ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը»,- ասաց նախարարի տեղակալը և հավելեց, որ լինելու է ոստիկանապետի ընդհանուր ղեկավարում, Ոստիկանության գվարդիայի հրամանատարի անմիջական ղեկավարում: Ըստ Արփինե Սարգսյանի՝ բացի Երևանից՝ կգործեն նաև տարածքային ստորաբաժանումներ հանրապետության 3 հատվածներում՝ հյուսիսային, կենտրոնական, հարավային: Կգործեն հասարակական կարգ և անվտանգություն ապահովող ստորաբաժանումներ, ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին սպասարկող ստորաբաժանումներ՝ ամբողջ հանրապետությունը ծածկող: «Ըստ այդմ՝ չենք ունենա Ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոն, որը նշանակվում է այս պահի դրությամբ ՀՀ նախագահի կողմից՝ հաշվի առնելով այլ զորքերի բնորոշման տակ ընկնելու հանգամանքը, և ըստ այդմ՝ կունենանք լիովին նոր ձևաչափով Ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոն, որը կնշանակվի ՆԳ նախարարի կողմից»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ փաթեթից անմաս չի մնացել նաև «Հավաքների ազատության մասին» օրենքը, որում վերացվել են որոշակի արգելքներ՝ հավաքների ազատության տեսանկյունից, նաև վարչական որոշ պատասխանատվության միջոցներ: Օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ին, և կսահմանվի անցումային ժամանակահատված՝ շուրջ 6 ամիս: Մինչև 2025 թվականի հունվարի 10-ը նախատեսված է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում, որից հետո երկամսյա ժամկետում՝ կառույցի ամբողջական ձևավորում: Նախագիծը ոստիկանական բարեփոխումների հերթական, շատ կարևոր փաթեթն է՝ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պարզաբանեց, որ ոստիկանության բարեփոխումների հարցում Կառավարությունը գլխապտույտ արագություններ չի զարգացնում, բայց այդ բարեփոխումների իրականացման հարցում հետևողական է:
13:07 - 02 մայիսի, 2024
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու
 |1lurer.am|

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող, բայց հանրակրթական հաստատություններում աշխատող ուսուցիչներին վերապատրաստվելու կամ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կտա: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 2-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրեց, որ 2011-ին, «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն, սահմանվեց, որ ուսուցչի կրթական նվազագույն աստիճանը պետք է լինի բարձրագույնը: Այն ուսուցիչները, որոնք չէին համապատասխանում օրենքի պահանջներին, կարող էին շարունակել մասնագիտական գործունեությունը մինչև 2018-ի օգոստոսի 20-ը: 2018-ին վերջնաժամկետը երկարացվեց մինչև 2023-ի օգոստոսի 20-ը: «Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն ունեցել են շուրջ 12 տարի բարձրագույն կրթություն ունենալու պահանջն իրագործելու համար: Ու չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել բարձրագույն կրթություն, համակարգում դեռևս շարունակում էր մնալ ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք բարձրագույն կրթություն չունեին, շարունակում էին դասավանդել, և օրենքի պահանջի համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը»,- պարզաբանեց Անդրեասյանը: Նախարարը հիշեցրեց նաև, որ 2021-ից ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգ, համաձայն որի՝ բաձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորման շեմը հաղթահարելու դեպքում կշարունակեին աշխատանքը: «894 ուսուցիչ, որոնք չունեն բարձրագույն կրթություն, նախորդ տարի դիմեցին կամավոր ատեստավորման: Նրանցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվում են ատեստավորված, շարունակում են իրենց ուսուցչական գործունեությունը, և նաև բարձրացված վարձատրություն են ստանում, բայց մի քանի հարյուր ուսուցիչ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչի գործունեությունը»,- տեղեկացրեց նախարարը՝ միաժամանակ ընդգծելով, որ նրանք դեռ հնարավորություն ունեն կա՛մ ստանալ բարձրագույն կրթություն, կա՛մ հաղթահարել ատեստավորման շեմը: «Քննարկումները ցույց են տալիս, որ որպեսզի այս երկու եղանակներից որևէ մեկից օգտվեն, մեր մանկավարժները կարիք ունեն աջակցության կա՛մ բարձրագույն կրթության նպատակով ուսման վճարի փոխհատուցման տեսքով, կա՛մ կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու նպատակով պետութան կողմից կազմակերպվող վերապատրաստմանը մասնակցելու տեսքով: Այս նախագծով առաջարկում ենք օջանդակության ծրագիր իրականացնել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների համար, որպեսզի կա՛մ փոխհատուցենք նրանց՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուսման վճարը, կա՛մ մասնակցության հնարավորություն տանք նշված վերապատրաստմանը»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ գոհ է, որ Կառավարությունը նման ծրագիր է իրականացնում, ապա հավելեց՝ ուսուցիչների՝ բարձրագույն կրթություն ունենալու մասին պահանջը հաստատվել է 2011-ին, և որ քաղաքականությունների հետևողականությունը շատ կարևոր է: «Մեր քաղաքականությունների, որոշումների վրա պետք է, ոչի՛նչ, մի քիչ երկար մտածենք, բայց երբ որոշումը կայացվում է, որոշումները պետք է իրագործվեն, և սա զարգացման շատ կարևոր գրավական է և շատ կարևոր նախապայման»,- ասաց Փաշինյանը և ընդգծեց՝ այսօրվա կրթության մակարդակն է որոշում, թե աշակերտը հասուն տարիքում բարեկեցության ինչ մակարդակում է լինելու: Նախարարը նաև տեղեկացրեց, որ ծրագրի հաստատումից հետո եռամսյա ժամկետ է լինելու դիմում ներկայացնելու համար՝ կա՛մ վերապատրաստման ծրագրին ներգրավվելու, կա՛մ բուհում իրենց կրթությունը ստանալու: Բուհ ընդունվածների առաջին կիսամյակի վարձը կփոխանցի Կառավարությունը, երկրորդ կիսամյակից սկսած՝ կգործի ՄՈԳ-ի նվազագույն շեմ, այն է՝ կարևոր կլինի բարձրագույն կրթություն ստացող ուսուցչի առաջադիմությունը: «Չենք կարող առանց առաջադիմության գործոնը հաշվի առնելու շարունակել օժանդակությունը»,- ասաց նախարարը:
12:04 - 02 մայիսի, 2024
Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց

Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց

Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք բողոքում են գործի բացահայտման ընթացքից։  «Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. եթե իրենցից մեկը կա, որ մտածում է, որ էս երեխեքի գործը պետք է փակի, գնա, չարաչար սխալվում է. մենք մինչեւ վերջ գնալու ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զինվորական կացարանի հրդեհից մահացած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը: Մինչև ամսի 10-ը ժամանակ ենք տալիս, որ կալանքի տակ վերցնեն ում որ պետք ա։ Ես անուններով կարող եմ ասել, բայց որոշ բաներ հաշվի առնելով՝ անուններով չեմ ասում: Եթե ամսի 10-ի դատին մենք գնացինք ու իմացանք, որ քրեական հետապնդում չեն հարուցել տվյալ մարդկանց նկատմամբ, մեզ կմիանան նաև մնացած բոլոր ծնողներն ու հարազատները, ու, մեղմ ասած, անհարմարություն ենք ստեղծելու իրանց համար: Թող խելքները գլուխները հավաքեն: 15 երեխեքի սպանությունը անհայտ պայմաններում խաղ ու պար չի, որ փակեն, գնա»,-ասաց  զինվորական կացարանի հրդեհից մահացած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:
12:22 - 01 մայիսի, 2024
Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ապրիլի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ կառավարության անունից և «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Այսօր ստորագրվել է նաև մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը։ Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու մասին» որոշումը գործադիրը հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշմամբ:
16:10 - 30 ապրիլի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցեր: Պատասխանատուները նշել են, որ ծրագրի նախագիծը քննարկել են նաև շահառուների, քաղաքացիական հասարակության, բանկերի և կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման, գործող հիփոթեքային վարկի մարման օժանդակության և սոցիալական բնակարանային ֆոնդում բնակության իրավունքի տրամադրման հնարավորություններին: Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումն ու ընդգծել ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակման անհրաժեշտությունը:
20:36 - 26 ապրիլի, 2024
Իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը հակասահմանադրական է․ Նորայր Նորիկյան
 |factor.am|

Իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը հակասահմանադրական է․ Նորայր Նորիկյան |factor.am|

factor.am: «Արդար Հայաստան» կուսակցության մի քանի անդամներ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք հրապարակեցին կուսակցության հայտարարությունը՝ Հայաստանում վերջին օրերին ընթացող քաղաքական գործընթացների և Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման աշխատանքների հետ կապված։ Ըստ կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի՝ իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը հակասահմանադրական է։ Նրա խոսքով՝ առանց ԱԺ կողմից վավերացման տեղի է ունենում սահմանազատման գործընթաց, որի շրջանակներում տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ «Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ցանկացած համաձայնագիր կամ պայմանագիր ենթակա է վավերացման ԱԺ-ի կողմից։ Ընթացող գործընթացը միակողմանի զիջում է, Ադրբեջանը ստանում է տարածքներ, Հայաստանը՝ ոչինչ՝ ակնկալելով բացառապես Ալիևի ողորմածությունը: Այդպես հնարավոր է մի դեպքում, երբ գործող իշխանությունը հայտնվել է փակուղային իրավիճակում, չգիտի իր անելիքը, և փորձում է 6-ամյա ձախողումներն արդարացնել թավշյա խաղաղության շղարշի տակ»,- ասաց նա։ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ կառավարությունից պահանջում են Տավուշի մարզում իրականացվող գործընթացը դադարեցնել, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ «Բավակա՛ն է, ի՞նչ է ձեր ուզածը, Նիկո՛լ, չե՞ք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, որ դուք անկարող եք համակարգային որևէ խնդիր լուծել։ Չե՞ք հասկանում, որ դուք ի վիճակի չեք կատարել ձեր թիվ մեկ և հիմնական առաքելությունը, այն է՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը»,- հայտարարեցվ Նորիկյանը։ Կուսակցության հայտարարությունը ամբողջությամբ՝ ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ Ս.թ ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված հայտարարությամբ, ըստ էության, մեկնարկել է երկու երկրների միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը, թեև այն հանգամանքին, որ նույն հայտարարության մեջ ընդգծվել է, որ մինչև ս.թ. հուլիսի 1-ը դեռևս պետք է ավարտին հասցնել պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն: Սա նշանակում է, որ նշված կանոնագրքի՝ Ազգային Ժողովի կողմից վավերացնելուց հետո նոր միայն պետք է իրականացվի սահմանազատման գործընթաց։ Թեև վերը նշվածին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն, այսինքն՝ առանց Ազգային Ժողովի կողմից վավերացված կանոնագրքի՝ այս պահին փաստացիորեն տեղի է ունենում սահմանազատման գործընթաց։ Հարգելի՛ հայրենակիցներ «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրության 6-րդ, 116-և և 205-րդ հոդվածների պահանջները, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, ուստի ներկայումս Տավուշի մարզում ընթացող գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է։ Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ ցանկացած համաձայնագիր կամ պայմանագիր ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածով սահմանված կարգով ենթակա է վավերացման ՀՀ Ագային Ժողովի կողմից… «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետի ուժով՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների որոշման /Դելիմիտացիա/ և սահմանագծի անցկացման /Դեմարկացիա/ իրականացման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը միջազգային պայմանագիր է, որը շոշափում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական բաղադրիչ, հետևաբար պարտադիր ենթակա է վավերացման ԱԺ-ի կողմից, որովհետև դրա հետևանքները, ըստ էության, վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը, և ընդհանուր առմամբ ամբողջովին պաշտպանական համակարգին: Ուստի՝ ՀՀ կառավարության, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կա՛մ փոխվարչապետի կողմից որևէ ստորագրված փաստաթուղթ Ադրբեջանի հետ դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու համար, ենթակա է վավերացման ՀՀ Ազգային Ժողովի կողմից, քանի որ հանդիսանում է միջազգային պայմանագիր: Ավելի՛ն, ՀՀ Ազգային ժողովը կարող է ոչ միայն վավերացնել, այլև ԿԱՍԵՑՆԵԼ կամ ՉԵՂՅԱԼ հայտարարել նշված միջազգային պայմանագիրը: Եթե ՀՀ կառավարությունն առանց Ազգային Ժողովի վավերացման, ձեռնարկել է սահմանզատման գործընթաց, ապա պարտավոր է հիմնավորել, որ ս.թ. ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունը միջազգային պայմանագիր չէ։ Այդ դեպքում պետք է հիմնավորվի նաև, թե ՀՀ վարչապետը կամ փոխվարչապետը կոնկրետ ո՞ր իրավասությամբ են առաջնորդվում այդպիսի որոշումներ կայացնելիս կամ փաստաթուղթ ստորագրելիս, քանի որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված կարգով ի իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ավելի՛ն, պետք է հանրությանը հիմնավորվի, թե այդպիսի պայմանավորվածությունն իրավական առումով ի՞նչ կարգավիճակ ունի, եթե միջազգային պայմանագիր չէ: Սիրելի՛ հայրենակիցներ, «Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է ՀՀ կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ընթացող գործընթացը միակողմանի զիջում է։ Ադրբեջանը ստանում է տարածքներ՝ Հայաստանը՝ ոչինչ՝ ակնկալելով բացառապես Ալիևի ողորմածությանը։ Այսպես հնարավոր է մի դեպքում, երբ գործող իշխանությունը հայտնվել է փակուղային իրավիճակում, չգիտի իր անելիքը և փորձում է վեցամյա գործունեության ձախողումներն արդարացնել «Խաղաղության դարաշրջանի» շղարշի տակ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ իր կողմից ձեռնարկված այս խիստ կասկածելի, հակաօրինական ու որևէ կերպ չերաշխավորված գործընթացի տապալումը իր իշխանության տապալումն է։ Գործող իշխանության միակ «դաշնակիցը» մնացել է մինչև վերջ ողնաշարը ջարդված հասարակության անտարբերությունը, սակայն հասարակության լռությունը գործող իշխանության հետ համաձայն լինելը չէ։ Պարզապես եթե ժողովուրդն իսկապես խաղաղություն է ուզում, ապա գործող իշխանությունն այն շփոթել է պարտության հետ, ամեն ինչ հանձնելու հետ, հակառակորդի բոլոր պահանջները անվերապահորեն կատարելու հետ… Բավակա՛ն է։ Ի՞նչ է Ձեր ուզածը։ Չե՞ք տեսնում, որ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, որ Դուք անկարող եք համակարգային որևէ խնդիր լուծել, չե՞ք հասկանում, որ Դուք ի վիճակի չեք կատարել Ձեր թիվ մեկ ու հիմնական առաքելությունն ու սահմանադրական պարտականությունը՝ ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը, վերջնահաշվում այն զավթելը՝ կործանելով Հայաստանի Հանրապետությունը։ Տավուշում հիմա ձայն չեն հանի, ավելի՛ն, լուռ կհետևեն, հանդես կգան խաղաղասերի դիրքերից, իբրև թե համաձայն են դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, իրականում ստանալով հնարավորը՝ չեն զիջի ոչինչ։ Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան Վայոց Ձորի ու Սյունիքի հատվածներում՝ վիժեցնելով իբրև թե ընթացող խաղաղ կարգավորման գործընթացը։ Չհասկանալ այս պարզ իողությունը, նշանակում է ոչինչ չհասկանալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունից, և մեծ խաղացողների հետապնդած ռազմավարական շահերից, կամ լինել սեփական շահերը ոտնակոխ անող «Խաղաղասեր»։ Սիրելի՛ հայրենակիցներ «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում պետք է հստակեցվի, թե՞. 1. Կողմերը ո՞ր թվականի քարտեզներով են առաջնորդվում։ 2. Ադրբեջանը պետք է աներկբայորեն հայտարարի, որ իր զորքերը հնարավորինս սեղմ ժամկետներում դուրս է բերում ՀՀ զավթված բոլոր տրածքներից։ 3. Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի հաստատումը, ներկայումս ընթացող անօրինական գործընթացը պետք է դադարեցվի, իսկ կանոնագրքի հաստատումից հետո երկու կողմից էլ հնարավոր տարածքների վերադարձն ու հստակեցման գործընթացը պետք է տեղի է ունենա միաժամանակ։ Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ «Արդար Հայաստան» կուսակցությունը քննարկում է ՀՀ կառավարության ու ՀՀ վարչապետի՝ վերը նշված հարցերի կապակցությամբ ընդունված որոշումները ՀՀ սահմանադրական ու ՀՀ վարչական դատարաններում վիճարկելու իրավական հնարավորությունները»։
17:47 - 26 ապրիլի, 2024
2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. Անդրեասյան |arm.sputniknews.ru|

2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. Անդրեասյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ–ում բուհական ընդունելության գործող կարգը, սկզբունքները վերանայում են, մշակվում են նոր սկզբունքներ։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդերասյանը։ Նա նշեց, որ Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը, և այս տարի արդեն կան ըստ այդ նոր չափորոշիչների ավարտող առաջին շրջանավարտները։ «Տավուշի մարզի շրջանավարտները հնարավորություն կունենան դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով ընդունվել բուհ։ Սա նրանց համար հավելյալ հնարավորություն է»,– նշեց նախարարը։ Նա նաև նշեց, որ տավուշցի շրջանավարտների համար ընդունելության թեստերը կիրառվեն նոր ձևաչափով, իսկ 2026 թվականից այս համակարգը կգործի հանրապետության բոլոր շրջանավարնտների համար։ «Նոր թեստերի առաջադրանքները հնարավորություն կտան ձևավորել տրամաբանական մտածողություն, այլ ոչ թե տարներ շարունակ շտեմարաններով ու թեստերով անգիր անելու, վարժեցնելու հմտությունները։ Թեստերը կստուգվեն ինքնաշխատ եղանակով, այսինքն մարդկային գործոնը բացառված է»,– նշեց Անդրեասյանը։ Նա ավելացրեց, որ դպրոցական ավարտական փուլում դեռ երեք պարտադիր քննություն կա` հայոց լեզու–գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, կան նաև որոշ կարգավորումներ ազգային փոքրամասնությունների ու ռուսերենով ուսուցման համար։ «Այս տարի նախատեսում ենք ներառել բոլոր առարկանները, և շրջանավարտները հնարավորություն կունենան կամընտրությամբ հանձնել այն առարկան, որը իրենց պետք է բուհ ընդունվելու համար։ Պետք է գնանք նրան, որ ընդունելության քննություններն իրականացվեն համակարգչային եղանակով, այլ ոչ թե թղթով, ինչպես հիմա է»,– ընդգծեց նախարարը։ Անդրեասյանի խոսքով` պետք է աստիճանաբար գնան այն մեխանիզմին, որ բուհերը սահմանեն ընդունելության նվազագույն պահանջ, որպեսզի դիմորդները բավարարեն դրանք։ Բացի այդ, ավագ դասարաններում կան կրեդիտային համակարգ ու հիմա մեր որոշ բուհեր աշխատում են դպրոցների հետ, որպեսզի ընդունելության ժամանակ հաշվի առնվեն նաև կրեդիտները։
17:27 - 25 ապրիլի, 2024
Կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը, դրա դիմաց վճարումը, վճարման ստացումը կլինեն բացառապես անկանխիկ եղանակով
 |1lurer.am|

Կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը, դրա դիմաց վճարումը, վճարման ստացումը կլինեն բացառապես անկանխիկ եղանակով |1lurer.am|

1lurer.am: ՏՏ զարգացմանը զուգահեռ կիբեռհանցագործությունները ևս շատացել են, մեծ ծավալի են հասնում ՀՀ-ում, բայց երբ ուզում ենք մտնել բովանդակության մեջ, հասկանալ՝ որոնք են կիբեռհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որը կատարվում է կիբեռտիրույթում կամ ՏՏ գործադրմամբ, դիտարկում ենք որպես կիբեռհանցագործություն: Միչդեռ, ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կա հստակ ցանկ, թե որն է կիբեռհանցագործությունը: Թեմային առնչվող որոշման նախագիծը Կառավարության՝ ապրիլի 25-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:   «Այսօր փաստացի չունենք այդպիսի ցանկ, և նախագծի առաջին փոփոխությունը հենց միտված է դրան, որպեսզի մենք Քրեական օրենսգրքում սահմանենք կիբեռհանցագործությունների ցանկը, որոնք բնորոշ կլինեն մեր միջազգային պարտավորություններին»,- ասաց նա: Ըստ որոշման նախագծի՝ մյուս փոփոխությունը վերաբերում է կրիպտոարժույթների դաշտի՝ որոշակի առումով կարգավորմանը: Ըստ նախարարի՝ կարգավորումը «որոշակի» է, քանի որ այս պահի դրությամբ ԿԲ գործընկերների հետ քննարկվում է շրջանառության սկզբունքների հետ կապված հարցը, բայց մի կարևոր բաղադրիչ կա, որ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից խոչընդոտներ է ստեղծում իրավական համակարգի համար: «Շատ ու շատ դեպքերում մենք նկատում ենք, որ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կատարված հանցագործություն, բայց երբ ցանկանում ենք հետագծելիությունը երաշխավորել և հասկանալ՝ որտեղ է ձեռք բերվել կրիպտոակտիվը, ով է ձեռք բերել, շատ հաճախ նկատում ենք, որ դրանք կատարվում ենք կանխիկ շրջանառության արդյունքներով՝ թե՛ գնման եղանակով, թե՛ վաճառքի տրամաբանության մեջ: ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք հենց կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվը: Կրիպտոակտիվների դրամապանակում տեսնում ենք ակտիվների շարժ, բայց հետագծելիության տրամաբանության մեջ գալ և հասկանալ՝ ի վերջո, ով է ձեռք բերել կանխիկով տվյալ կրիպտոակտիվը, չենք կարողանում: Հետևապես առաջարկում ենք նախատեսել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումը, նաև վաճառքը, դրա դիմաց վճարումը և վճարման ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ դրա չափից»,- ասաց նախարարը: Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբեռհանցագործություններով, այլև հարկ-տուրքերից խուսափելով, թմրաշրջանառության տարածմամբ, փողերի լվացմամբ: Անդրադառնալով կրիպտոարժույթների օգտագործմամբ հանցագործությունների թվին՝ նախարարը նշեց, որ 2023-ին միայն արձանագրվել է 249 դեպք: Վարչապետ Փաշինյանը արձագանքեց՝ այս հարցում, սովորության համաձայն, ուշանում ենք. «Եթե սպասենք, տեսնենք, թե երբ ամբողջ աշխարհն այս հարցերին հարաբերվելու նոր կուլտուրա կունենա, մենք այստեղ էլի ուշանալու ենք՝ բաց թողնելով և՛ տեխնոլոգիական զարգացումը... Ի վերջո, կրիպտոարժույթը ինչ է, կրիպտոարժույթը տեխնոլոգիական ապրանք է, ինչպիսին եղել է ժամանակին փողը, անկանխիկ փողը»: Փաշինյանը նաև նկատեց՝ կրիպտոարժույթի մասով ՀՀ-ում օրենսդրական կարգավորում չկա: ԿԲ նախագահ Գալստյանը արձագանքեց՝ օրենքը նախաձեռնվել է, շուտով կդրվի շրջանառության մեջ: ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց՝ պետք է պարզել, թե կրիպտոակտիվները ինչ հնարավորություններ կարող են ստեղծել ՀՀ-ի համար: Ըստ այդմ՝ ԲՏԱՆ-ն մտադիր է մի շարք աշխատանքային քննարկումներ նախաձեռնել. «Եթե կրիպտոարժույթների մասով որոշենք, որ պիտի խիստ պահպանողական կեցվածք որդեգրենք, դրանից աշխարհում ոչինչ չի փոխվելու, և մենք տասնամյակներ անց ուղղակի արձանագրելու ենք, որ այս զարգացումներից հետ ենք մնացել»: Քննարկման շրջանակում Ռուստամ Բադասյանը ևս հաստատեց՝ քանի որ չկա օրենսդրական կարգավորում, ՊԵԿ-ը հարկերի հավաքագրման հարցում խնդիրներ է ունենում: Վարչապետն ասաց, որ այս տարի պետք է հարցը լուծել: Պետք է գործընթացն սկսել և ընթացքում լավարկման արդյունքում առաջ գնալ:
13:10 - 25 ապրիլի, 2024
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
 |news.am|

«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլների, աչքի կաթիլների արտադրության, իսկ սարքավորումները նոր արտադրական տարածքի կառուցման համար։   Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 330 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 80 աշխատատեղ՝ 470 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 94-ի՝ 429 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 155․6 մլն դրամ: Կառավարության մեկ այլ որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատվեց «ՎԱԼԱՆ ՊՐՈՖ» ՍՊԸ-ին: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների, ինչպես նաև կահույքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 13․9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 131 աշխատատեղ՝ 153 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև174-ի՝192 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 13․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․46 մլրդ դրամ:
12:02 - 25 ապրիլի, 2024