ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը. ՏԿԵՆ
 |factor.am|

Մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը. ՏԿԵՆ |factor.am|

factor.am: Մեկնարկել է Տավուշի մարզի Կիրանցի այլընտրանքային՝ Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը, այս մասին Factor.am-ին հայտնեցին ՏԿԵ նախարարությունից՝ այլ մանրամասներ չփոխանցելով։ Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց -Խեյրեմլի, Բերքաբեր- Կըզըլ Հաջըլի գյուղերի սահմանային հատվածների արձանագրություն-նկարագրությունը: Վարչապետի աշխատակազմը մանրամասներ էր հրապարակել ստորագրված փաստաթղթի վերաբերյալ՝ որպես լավ լուր ներկայացնելով այն, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Վարչապետի աշխատակազմից չէին հերքել, որ ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Վարչապետի աշխատակազմից նաև տեղեկացրել էին, որ կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը:
Այսօր 15:25
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ճանապարհային անվտանգության աուդիտին առնչվող փոփոխությանը

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ճանապարհային անվտանգության աուդիտին առնչվող փոփոխությանը

Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: «Ըստ էության՝ այս կարգավորումներով մենք ապահովում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով պահանջվող երկու հրահանգների (դիրետիվների) մոտարկումը մեր ներպետական ազգային օրենսդրության մեջ»,- ԱԺ-ի փոխանցմամբ՝ նշել է հիմնական զեկուցողը՝ կարևորելով ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացման պարտադիր պահանջի սահմանումը ճանապարհների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ժամանակ: Ճանապարհային անվտանգության աուդիտը նախատեսվում է  իրականացնել ճանապարհների նախագծման, շինարարության և ճանապարհը շահագործման հանձնելուց մեկ տարի հետո: Ընդ որում՝ ճանապարհային անվտանգության աուդիտորը չի կարող ներգրավված լինել ճանապարհային անվտանգության աուդիտի ենթակա ավտոմոբիլային ճանապարհի նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև շինարարության իրականացման գործընթացներում: Ըստ Քրիստինե Ղալեչյանի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացված առաջարկությունները հիմնականում եղել են տեխնիկական և խմբագրական բնույթի, որոնք ընդունվել են: Լրամշակված օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծին: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Փոխնախարարը հայտնել է, որ նախագծի նպատակը շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման համակարգի վերանայման միջոցով հարկ վճարողների հարկային կարգապահության խթանումն է: Նախագծի ընդունմամբ կապահովվի շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների՝ շահաբաժին վճարող կազմակերպության հարկային կարգապահական չափորոշիչների բավարարման դեպքում փոխհատուցումը:
16:57 - 17 մայիսի, 2024
Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
 |hetq.am|

Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում |hetq.am|

hetq.am: Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է։ «Հետքը» պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում կառուցապատում իրականացնող Օլգա Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրն է։ Երևանի Ավան վարչական շրջանին սահմանակից Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասում գտնվող 1000 քմ հողամասը Օլգա Սանոսյանը գնել է 2023 թ.-ի մարտին։ Գործարքի արժեքը կազմել է 19 միլիոն 200 հազար դրամ, որը համարժեք է 49 հազար դոլարի։ Անշարժ գույքի գործակալների խոսքով՝ հողամասը շուկայական արժեքի կես գնով է ձեռք բերվել, քանի որ Առինջում ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի, 1 քմ հողամասի արժեքը կազմել է մոտ 100 դոլար։ Այդ պայմաններում նշված հողամասի գինը կկազմեր 100 հազար դոլար կամ 38 միլիոն 900 հազար դրամ։ Նախարարի մայրը հողամասը գնելուց երկու ամիս հետո ստացել է նախագծման, ապա՝ շինարարության թույլտվություն։ 2024 թ.-ի մայիսի 10-ի դրությամբ հողամասը պարսպապատված է, կառուցված են առանձնատան երկու հարկերը, ավտոտնակը, ժամանցի և հանգստի համար նախատեսված օժանդակ շինությունը։ «Հետքի» ձեռքի տակ առկա փաստաթղթերում երեւում է, թե ինչ տեսք է ունենալու առանձնատունը վերջնարդյունքում։ Առաջին հարկը ունենալու է 212 քմ, իսկ երկրորոդ հարկը՝ 165 քմ մակերես։ Երկհարկանի առանձնատան ընդհանուր մակերեսը կազմելու է 377 քմ։ Առաջին հարկում նախատեսված են՝ հարթակ, նախամուտք, նախասրահ-աստիճանավանդակ, հյուրասենյակ, խոհանոց-ճաշասենյակ, սանհանգույց, ննջարան և աշխատասենյակ։ Երկրորդ հարկում նախատեսված են՝ նախասրահ, 4 հատ ննջարան, սանհանգույցներ, տնտեսական սենյակ և պատշգամբներ։ Օժանդակ շինությունն ունենալու է 150 քմ մակերես։ Առանձնատան զբաղեցրած հողամասի վերջնամասում կառուցված օժանդակ շինությունը նախատեսված է ժամանցի համար։ Այդ շինության մեջ ներառված են լինելու ժամանցի սրահը, ամառային խոհանոցը, սանհանգույցը, շոգեբաղնիքը, ժամանցի սրահ-ջակուզին և համամը։ Համամը, որ հայտնի է նաեւ «թուրքական բաղնիք» անվանումով, տաքացվում է ջրով լի կաթսայով, որի ժամանակ պատի մեջ ներկառուցված կաթսայում եռացող ջրի գոլորշին դուրս է գալիս կաթսայի անցքերից։  Հողամասի վրա կառուցված շինությունների ընդհանուր մակերեսը 527 քմ է։ Շինարարական ընկերություններն առանց ներքին հարդարանքի այսօր առանձնատներ են կառուցում 1 քմ-ը՝ 400 դոլարից սկսած (առավելագույնը՝ 500 դոլար)։ Եթե կառուցման միջին գինը համարենք 1քմ-ը 450 դոլար, ապա 527 քմ մակերեսով առանձնատան արժեքը կկազմի 237 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարին եթե ավելացնենք հողամասի ձեռքբերման արժեքը՝ 49 հազար ԱՄՆ դոլարը, կստացվի, որ միայն հողամասն ու տունը՝ առանց ներքին հարդարման, 286 հազար դոլար արժեն։ Դժվար է ասել, թե ներքին հարդարանքը և կահավորումը ավարտելուց հետո որքան կկազմի տան արժեքը։ Գնել Սանոսյանի մայրը նախարարի ընտանիքի հետ չի ապրում, ուստի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունի։ Սակայն, բաց է մնում այն հարցը, թե ի՞նչ միջոցներով է թոշակառու Օլգա Սանոսյանը թանկարժեք առանձնատուն կառուցում և ի՞նչ միջոցներով է դրա համար նախատեսված հողամասը գնել։ Մեկնաբանություն ստանալու նպատակով գրավոր դիմեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ Նախարարին երկու հարց ենք ուղղել՝  Արդյոք առանձնատունը Ձեզ համար է կառուցվում։ Որտեղի՞ց Ձեր մայրիկին այդքան գումար հողամասի ձեռքբերման և առանձնատան կառուցման համար, ի՞նչ միջոցներով է գոյացել այդ գումարը։ Գնել Սանոսյանի պատասխանը հակիրճ է․ «Առանձնատունը կառուցում են եղբայրներս ծնողներիս համար։ Հայրս ու երկու եղբայրներս տարիներ շարունակ աշխատում են ՌԴ-ում, եղբայրներս այժմ էլ շարունակում են աշխատել այնտեղ։ Հողամասի ձեռքբերումն ու առանձնատան շինարարությունն իրականացվում է նրանց գումարներով»։ Նշենք, որ նախարարի եղբայրներից մեկի կինն աշխատում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում, մյուսի կինը՝ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում։ Գնել Սանոսյանի կինն էլ մոտ 1.5 տարի աշխատել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:32 - 16 մայիսի, 2024
Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
 |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 12 միլիոն դրամ կհատկացնի 16 համայնքներին 21 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Կառավարության մայիսի 8-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզին 1 ծրագրի համար՝ 55,7 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 140 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար՝ 206 միլիոն դրամ, Լոռու մարզին 8 ծրագրի համար՝ 322 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 1 ծրագրի համար՝ 16 միլիոն դրամ, Շիրակի մարզին 1 ծրագրի համար՝ 119 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 2 ծրագրի համար՝ 152 միլիոն դրամ,»,-ասաց Սանոսյանը։ Նա նշեց, որ այս տարի մարզպետարաններին 7,7 միլիարդ չափով ֆինանսավորում է հատկացվել։
12:01 - 08 մայիսի, 2024
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր։ ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավար Գոռ Ավետիսյանի, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքապետների ուղեկցությամբ հետևել է մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Նախարար Սանոսյանի առաջին կանգառը Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհն էր։ Ընդհանուր 7.3 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ գյուղերը: Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի գարնանը։ Ներկայումս իրականացվում են հողային պաստառի վերականգնման, եզրաքարերի կառուցման, մայթերի սալիկապատման, կամուրջների վերականգնման և ասֆալտապատման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 775 080 000 ՀՀ դրամ։   Հաջորդ կանգառը Դողս-Աղավնատուն ճանապարհահատվածն էր, որտեղ այս պահին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 96 մլն դրամ։ Նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել բոլոր խնդիրները և տվել մի շարք հանձնարարականներ։
13:08 - 03 մայիսի, 2024
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է նաև միջտարածաշրջանային համագործակցության աշխարհագրության ընդլայնումը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Հունաստանի միջև առաջիկայում սպասվող միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
11:37 - 02 մայիսի, 2024
Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և համայնքապետների ուղեկցությամբ դիտարկել է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։ Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։ Պայմանագրային արժեքը կազմում է 3 153 360 000 ՀՀ դրամ։ Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարվա նոյեմբերին:
14:29 - 08 ապրիլի, 2024
Գնել Սանոսյանը հետևել է Հյուսիս-հարավի Լանջիկ- Գյումրի հատվածի և Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքը

Գնել Սանոսյանը հետևել է Հյուսիս-հարավի Լանջիկ- Գյումրի հատվածի և Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ երեկ դիտարկել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի հատվածի, ինչպես նաև նույն հատվածում կառուցվող Կարկաչանի կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը։ Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից, շրջայցին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, համայնքապետեր և կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ։ Նախարարին տեղում զեկուցվել են կատարվող աշխատանքների ընթացքը, բարդությունները։ Սանոսյանը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։ Նշված հատվածում այս պահին կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա ամռանը։  
17:15 - 06 ապրիլի, 2024
Քիմիայի այն ծավալը, որ ամեն տարի լցվում է Սևանա լիճ, ուղղակի սարսափելի է. վարչապետին ներկայացվել է Ջրային կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Քիմիայի այն ծավալը, որ ամեն տարի լցվում է Սևանա լիճ, ուղղակի սարսափելի է. վարչապետին ներկայացվել է Ջրային կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Տեղեկացվել է, որ 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի շրջանակում Ջրային կոմիտեի կողմից իրականացվել է 6 ծրագիր, որոնք ներառում են ընդհանուր առմամբ 40 միջոցառում։ Դրանք ուղղված են եղել ոռոգման համակարգի խնդիրների լուծմանը, Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարմանը, կոլեկտորադրենաժային ծառայություններին, ջրամատակարարման և ջրահեռացման բարելավմանը, ջրային տնտեսության ոլորտում ծրագրերի համակարգմանը և մոնիթորինգին: 2023-ի համար առանց վարկային և դրամաշնորհային միջոցների տարեկան ճշտված պլանը կազմել է 22,092.5 մլն դրամ, կատարողականը՝ 98.08 %։ Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են աշխատանքները ջրամատակարարման տևողության ավելացման, ջրի որակի բարելավ¬ման, ինստիտուցիոնալ բարեփոխումների խորացման, վարձակալության պայմանագրի վերահսկման, մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, բյուջետային, վարկային և դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև այլ ուղղություններով։ Ոռոգման նպատակով ջրառ իրականացնող «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության, ինչպես նաև ոռոգման ջուր մատակարարող 15 ջրօգտագործող ընկերությունների գործունեությունների արդյունքներով ապահովվել է 87.96 հազ. հա հողատարածքների ջրամատակարարումը։Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է, թե այս պահի դրությամբ Հայաստանում ինչքա՞ն ջուր է ամբարվել: Նշվել է, որ ջրամբարներում ընդհանուր 1.1 մլրդ խմ ջուր է ամբարվել: Հարցին, թե որքա՞ն է մեր երկրի պոտենցիալը, որ հնարավոր է ամբարել՝ պատասխանատուները նշել են, որ ունենք 7.5 մլրդ խմ մակերևութային հոսք, և նախնական գնահատմամբ՝ եթե դիտարկվի ջրամբարների կառուցման հայեցակարգը, հնարավոր կլինի ամբարել ևս 1.7 մլրդ խմ ջուր: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ գործող աշխատանքային խմբի օրակարգում այդ հարցը՝ որպես ջրի կառավարման կարևորագույն խնդիր, ներառված է և պետք է ձևակերպեն անելիքները: «Ինչպե՞ս այսօր 1.1 մլրդ խմ ջրին ավելացնենք այն, որտեղ պոտենցիալ կա, որովհետև մեծ ներդրումների հետ կապված հարցեր են: Պետք է որոշենք նաև, թե եղած ֆինանսական հնարավորություններն ինչ հաջորդականությամբ որ կարիքներին ենք ուղղում»,- ասել է փոխվարչապետը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս պրոցեսի մեջ պետք է նաև որոշակի ֆինանսական սխեմայի հաշվարկ անել: «Մենք պետք է հասկանանք՝ դա ինչ ազդեցություն է ունենալու մեր ջրի օբյեկտիվ սակագնի վրա: Կարող է 10 տարի հետո 10 անգամ բարձր գինը շատ էլ էժան գին է, կամ շատ էլ թանկ գին է: Բայց եկեք արձանագրենք, որ մենք հարցեր ձևակերպում ենք փորձի արդյունքում: Այսինքն՝ քայլում-քայլում ենք, գնում ենք պրոբլեմին բախվում, ձևակերպում հարցը, հետո նորից ենք քայլում, գնում պրոբլեմին բախվում՝ ձևակերպում ենք հարցը: Սա նշանակում է, որ մենք խնդիրն, այսպես ասած, չենք տեսնում տեսության մեջ: Մինչև չենք գնում իրադրության հետ բախվում՝ այդ հարցը մեզ համար չկա, գոյություն չունի: Սա ֆունդամենտալ պրոբլեմ է, մինչդեռ ճիշտ ռեժիմն այն է, որ մենք դա իմանանք և կառավարենք, չթողնենք, որ դա դառնա խնդիր»,- նշել է վարչապետը: Տեղեկացվել է, որ ոռոգման ոլորտում հաշվետու ժամանակահատվածում գանձվել է 71.9% վարձ, որը նախորդ տարիների համեմատ ամենաբարձր ցուցանիշն է: Նշվել է, որ չնայած այս արդյունքին՝ ոռոգման ոլորտի նախորդ տարիների ընդհանուր պարտքը հասնում է շուրջ 28 մլրդ դրամի: Նշվել է, որ 2022 թվականի համեմատ ջրի կորուստի ծավալը նվազեցվել է 1,5 տոկոսով: Անդրադառնալով հավաքագրումների ցածր տեմպերին, ջրի կորստի բարձր ցուցանիշներին, ինչպես նաև ոռոգման բնագավառում առկա բազմաթիվ խնդիրներին՝ վարչապետը նշել է. «Եկեք արձանագրենք, որ ունենք ջրային համակարգ՝ առանց ֆինանսական սխեմայի: Ֆինանսական մոդել չունենք: Մենք չենք ստեղծել մի համակարգ, որը վերարտադրվելու հնարավորություն ունի: Այսինքն, այս համակարգը մահացած համակարգ է և ուզում եմ բացատրել նաև, թե ինչու եմ ասում այդպես: Երբ գիտնականներն ուզում են բացատրել ինչ է կյանքը՝ նշում են, որ կյանքի բնորոշ հատկանիշներից մեկն ինքն իրեն վերարտադրելու հնարավորությունն է, հետևաբար ցանկացած համակարգ, որն իրեն չի կարող վերարտադրել՝ ինքը մահացած համակարգ է: Մենք սա չենք խոստովանում և մեր ժողովուրդն էլ չգիտի դրա մասին: Ֆունդամենտալ խնդիրը սա է: Մի շատ կարևոր առանձնահատկություն կա, որը մեր բոլորի և մեր պետական բացթողումն է: Մարդն իր վարելահողի մեջ ուզում է ստանալ կամ չի ստանում ջուր, ջուրը կա՝ ինքը գոհ է, ջուրը չկա՝ դժգոհ է: Բայց մենք իրեն չենք ասում, թե այդ ջուրը մինչ իր վարելահող հասնելն ինչ ֆիզիկական, կազմակերպչական, իրավական և ֆինանսական ճանապարհ է անցնում: Ես համոզված եմ, որ մարդկանց վերաբերմունքն իրավիճակների նկատմամբ ձևավորվում է այն պատճառով, որ մենք մարդկանց չենք բացատրում, թե ինչ է իրականում տեղի ունենում: Իմիջիայլոց, ես սա ինչ-որ ձևով համեմատում եմ առողջապահության ոլորտում հին և նոր մշակույթի հետ: Հին մշակույթի առանձնահատկությունն այն էր, որ մարդուն չէին բացատրում իր հիվանդությունը, թե խնդիրն ինչի մեջ է, հարազատներին թաքուն էին ասում: Նոր մշակույթով մարդուն բացատրում են, թե իր խնդիրն ինչի մեջ է և դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ պիտի իմանա՝ ինչն է խնդիրը, որ դրա լուծմանն օգնի առնվազն ըմբռնմամբ, թե ինչ է կատարվում իր հետ: Այսօր ես արձանագրում եմ, որ մեր ոռոգման համակարգը մահացած է և առնվազն եթե իր տակ նոր ֆինանսական սխեմա չդնենք՝ հնարավոր չէ նրա վերակենդանացումը: Շատ բարդ և դժվար աշխատանք է, ես հասկանում եմ, թե ամեն մեկ միլիոն դրամ հավաքագրելն ինչ էներգիա է տանում ընդհանրապես մեր կառավարման համակարգից, բայց դա, ըստ էության, սիզիփոսյան աշխատանք է, որն արդյունք չի տալիս: Մենք պետք է սա բացատրենք մարդկանց, որ իմանան, որովհետև մարդկանց մոտ շարունակում է մնալ այն ընկալումը, որ ինչ-որ չար վիշապ նստած է ջրի ակունքի վրա և չի թողնում, որ ջուրը գա, հասնի, ինչը սկզբունքորեն ճիշտ է: Բայց այդ չար վիշապն անարդյունավետ համակարգն է: Եվ մինչև այդ վիշապի գլուխը չկտրենք, չոչնչացնենք այդ վիշապին և նորմալ համակարգ չստեղծենք՝ չի լուծվելու այս հարցը: Հետևաբար՝ այստեղ պետք է հասկանանք, թե ինչ ենք անում»: Նիկել Փաշինյանն անդրադարձել է նաև ցայտաղբյուրների հետ կապված հարցին: «Կարող է ընդհանուր ծավալի մեջ փոքր բան է, բայց մշակույթի առումով ես շատ կարևոր եմ համարում: Ցայտաղբյուրների հետ կապված, մենք ինչո՞ւ չենք կարգավորում, որ ցայտաղբյուրները փականներով գործեն, դա նաև ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է: Այսինքն՝ ոչ թե արգելենք ցայտաղբյուրների գոյություն, այլ աշխարհում այդ մշակույթը կա, դրանց վրա պարտադիր փական պետք է լինի: Եվ ինչ-որ հորիզոն որոշենք, որ այդ ժամանակից հետո առանց փականի ցայտաղբյուրներն ուղղակի չեն կարող գործել: Շատ հարցեր կան, որ մեր ընկալման փոփոխությամբ պետք է հարթվեն, բայց մենք պետք է հետևողական աշխատենք, որովհետև եթե ընդամենն արձանագրենք այդ փաստը, որ դա այդպես է ու ոչինչ չանենք, այդպես էլ կմնա»: Նշվել է, որ դեռևս 2021 թվականից մեկնարկել է ոռոգման համակարգերում SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների տեղադրման և շահագործման միջոցառումների գործընթացը: 2023-ին շարունակվել և ավարտին են հասցվել ոռոգման համակարգերի մայր և երկրորդ կարգի ջրանցքների բաժանարար կետերում SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների տեղադրման աշխատանքները․ ընդհանուր առմամբ տեղադրվել են 2235 հատ SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումներ։ Ոռոգման ոլորտում էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 166.3 մլն կՎտ ժ կամ 7.8 մլրդ դրամ՝ 2022 թվականի 172.2 մլն կՎտ ժ՝ 8.1 մլրդ դրամի դիմաց կամ պակաս է ծախսվել 5.9 մլն կՎտ ժ կամ 300 մլն դրամ:2023-ին շարունակվել են միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքները։ Վերակառուցվել են երկրորդ կարգի ջրանցքների 45 կմ և ներտնտեսային ցանցերի 17 կմ ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներ։ Ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղված միջոցառման շրջանակներում 2023-ին Արմավիրի և Արարատի մարզերում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 5 օբյեկտներում։ «Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարում» ծրագրի «Արփա-Սևան թունելի ընթացիկ շահագործում և պահպանում» միջոցառմամբ նախորդ տարի հատկացվել է 270 մլն դրամ: «Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավում» միջոցառմամբ աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ շուրջ 220.1 մ ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներն ամբողջությամբ վերանորոգվել և ավարտվել են նախորդ տարվա ընթացքում: Իրականացվել են 172.5 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման, վերականգնման և նորոգման աշխատանքներ: Արարատյան դաշտում տեղադրված 455 դիտողական հորատանցքներում կատարվել են գրունտային ջրերի մշտադիտարկումներ։ Միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել մոտ 6469 հա հողատարածքների աղակալումը։ Անդրադարձ է կատարվել նաև մաքրման կայանների գործունեությանը, այս ուղղությամբ առկա խնդիրներին և դրանց լուծման քայլերին: Վարչապետ Փաշինյանն, այս համատեքստում անդրադարձել է Սևանա լիճ թափվող ջրերի մաքրման հարցին: «Տեսեք ինչ է տեղի ունենում. բնակչությունը, մենք բոլորս օգտագործում ենք, ասենք՝ քիմիա, տարբեր տեսակի՝ լվացքի, ափսեներ լվանալու հեղուկներ և այլն: Այդ ջուրը լցվում է Սևանա լիճ, որտեղ սիգը այդ ջուրը, այդ քիմիան կլանում է, հետո մենք սիգը բերում դնում ենք մեր սեղանի վրա: Այս մեխանիզմը, որ ասում եմ՝ մարդիկ տեղյակ լինեն, սա շատ կարևոր է: Այսինքն՝ սա հետո ի՞նչ հետևանքներ է ունենում առողջապահության ոլորտում: Իսկ Սևանում այսօր դրանք հասել են աննախադեպ ծավալների: Կենցաղային տեխնիկան է զարգացել, կենցաղային քիմիան է զարգացել, էժանացել է, դրանք դարձել են համատարած և այլն: Այն քիմիայի ծավալը, որ ամեն տարի լցվում է Սևանա լիճ, դա ուղղակի սարսափելի բան է: Եվ կարևոր է արձանագրել, որ այդ քիմիան վերադառնում է և մտնում մեր, մեր քաղաքացիների, մեր երեխաների օրգանիզմ, և առողջապահության ոլորտում ունենում ենք համապատասխան հետևանքներ: Մեր սերունդի այդ ընկալումը, ընմբռնումը գալիս է այս կարգի տեղեկատվության հետ հաղորդակցվելուց, որովհետև մարդը գիտակցում է ինչ է անում: Մենք, օրինակ, եկեք խոստովանենք, գեղագիտական է թվում թեման՝ դե Սևան լցվում է, այդքան էլ լավ չէ, խղճի խայթ և այլն, բայց իրականում թեման գեղագիտականից բացի, շատ ավելի մեծ ընդգրկում ունի, որը վերաբերում է ՀՀ ժողովրդի առողջությանը: Ես դեռևս միայն Սևանա լճի օրինակն եմ ասում, Արարատյան դաշտ, մնացած բոլոր տեղերը, գետեր և այլն, սա ֆունդամենտալ պրոբլեմ է: Եվ եթե այսօր կարգավորումները չստանանք, 50, 60 տարի հետո սա այնպիսի աղմկոտ ձևով է արտահայտվելու մեր իրականության մեջ, որ նույնիսկ սարսափելի է մտածել»,- ասել է վարչապետը և ընդգծել, որ ջրային ոլորտի կառավարման ռազմավարության մեջ այս խնդրին պետք է անպայման անդրադառնալ: 2023 թվականի հակահեղեղային առաջնահերթ միջոցառումներից ավարտվել և շահագործման է հանձնվել Ապարանի «ՔՅԱՆԴԱԼ» կոչվող սելավատարի մոտ 2000 մ-ը: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող և հրատապ լուծում պահանջող համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրերի շրջանակներում 2023-ի ընթացքում Արարատի մարզի Դվին, Նոր Կյանք, Շահումյան, Արտաշատ, Ղուկասավան, Ոստան, Սիսավան, Բուրաստան, Արբաթ, Խաչփար բնակավայրերի շինարարական աշխատանքներն ավարտվել և հանձնվել են շահագործման։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հաշվետվության համաձայն՝ ապահովվել է ջրի որակի համապատասխանությունը գործող ստանդարտներին՝ կազմելով 98.6 %։ 2023-ի ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրամատակարարման միջին տևողությունը կազմել է՝ Երևան քաղաքում 23.2 ժամ/օր, այլ քաղաքային համայնքներում՝ 20.5 ժամ/օր, իսկ գյուղական տարածքներում՝ 20.2 ժամ/օր: Բարելավվել է հաշվառման համակարգը․ խմելու ջուր մատակարարող կազմակերպության սպասարկման տարածքում 2023 թվականին ջրաչափությունը կազմում է 99.8%՝ նախորդ տարվա 99.76% համեմատ։ Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 95%` 2022 թվականի 94.2%-ի դիմաց կամ ավել է գանձվել շուրջ 0.8%։ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում ծրագրի շրջանակներում շարունակվում են «Վեդի պատվարի և օժանդակ կառուցվածքների նախագծում և կառուցում» պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացումը։ Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների շինարարական աշխատանքների շրջանակում իրականացվում են մոբիլիզացիոն և գետի ջրի հեռացման համակարգի կառուցման աշխատանքները։ Փոքր և միջին ջրամբարաշինություն ծրագրում ներառված 15 ջրամբարներից՝ Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիճքի և Արթիկի մասով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն ավարտման փուլում են, իսկ Արգիճիի ջրամբարի նախագծման աշխատանքների ժամկետներն երկարաձգվել են՝ տարածքում ենթակառուցվածքների (ՓՀԷԿ) առկայության պատճառով։ Մնացած 9 ջրամբարների մասով նախատեսվում է իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն: Օրվա կարգավորման թվով 31 ջրավազանների կառուցման և վերակառուցման համար, Ջրային կոմիտեի հետ կնքված համապատասխան պայմանագրերի շրջանակներում Խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել են օրվա կարգավորման թվով 28 ջրավազանների նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական փաթեթները, որոնց վերաբերյալ ստացվել են քաղաքաշինական պարզ փորձաքննության դրական եզրակացություններ։ Ներկայացված փաթեթները գտնվում են համալիր փորձաքննության փուլում, որոնց դրական եզրակացությունների արդյունքում 2024 թվականի առաջին կիսամյակում կմեկնարկեն մրցույթները։ Մեկնարկել են աշխատանքները Ջրի ազգային ռազմավարության մշակման ուղղությամբ։Նշվել է, որ ջրային համակարգի արևային վահանակներով շարունակաբար վերազինումը ևս համարվում է կարևոր նպատակակետ։ ՋՕԸ-ների հետ համատեղ իրականացվել են խոշոր պոմպակայաններում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման հնարավորության ուսումնասիրություն և նախնական գնահատում։Հաջորդ առաջնահերթությունը ոոոգվող հողատարածքների ավելացումն է, կաթիլային ոռոգման անցման խրախուսումը։ Օգտագործելի ջրային ռեսուրսների ամբարման և կառավարման արդյունքում կավելացվեն ոռոգվող հողատարածքները, իսկ իրականացվող ծրագրերի արդյունքում հնարավոր կլինի նաև ընդլայնել կաթիլային ոռոգելի հողատարածքները։ Վերջին տարիներին պետության կողմից իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր՝ չսպասարկվող բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի խնդիրների լուծման համար: Աշխատանքներ են իրականացվում նաև վարկային և դրամաշնորհային ներդրումային ծրագրերով։ Ներկայումս Ջրային կոմիտեն համայնքների հետ աշխատանքներ է տանում՝ վերագնահատելու համար սուբվենցիոն և այլ ծրագրերի արդյունքում բարելավված վիճակը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ պետք է տեղի ունենա ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն: «Իրազեկման հանգամանքը շատ կարևոր է: Մի շարք գյուղերում ասում են, թե մեր սարերի ջուրը մեզ վրա վաճառում եք: Մենք ասում ենք՝ ժողովուրդ, մեր և ձեր սարերի ջուրն անվճար է, դուք վճարում եք միայն նրա համար, որ ոչ թե դույլերով գնաք, սարից ջուր բերեք, այլ որ ձեր տան մեջ այդ ջուրը ստանաք: Շատ դեպքերում, սա թվում է թե պարզ բան է, բայց մարդն իր գործի, իր դարդի, իր հողի հետ միշտ չէ, որ այս նրբությունների մեջ խորանում է: Դա կարևոր է, մեզ համար էլ է կարևոր, որ ինքը դա իմանա, նաև իր համար էլ է կարևոր, որ ինքն իմանա»:
13:26 - 04 ապրիլի, 2024
Խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր

Խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։   Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն -ից:Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։ Նախ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր։Այնուհետև քննարկվել են ՏԻՄ լիազորությունների նկատմամբ մարզպետների կողմից իրավական և մասնագիտական հսկողության իրականացման վերաբերյալ հարցեր, քանի որ ՏԿԵ նախարարության կողմից ՏԻՄ սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության արդյունքներով արձանագրվել են մի շարք թերություններ և բացթողումներ։Նախարարը հերթական անգամ հանձնարարել է կոշտ վերահսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ, արձագանքել ցանկացած թերացման, անբարեխիղճ կապալառուների նկատմամբ կիրառել օրենսդրությամբ սահմանված վարչարարություն։Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել համայնքների ղեկավարների կողմից տրամադրվող շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը։ Հատկապես խիստ վերահսկողություն իրականացնել ճանապարհամերձ գոտիներում իրականացվող շինաշխատանքների նկատմամբ։ Յուրաքանչյուր դեպքով ստուգել դրանց իրավաչափությունն ու տեխնիկական նորմատիվներին համապատասխանությունը։Քննարկվել են մի շարք այլ հարցեր։
18:41 - 29 մարտի, 2024
Վաչե Տերտերյանը և Ֆանի Դելպեի գլխավորած պատվիրակության անդամները քննարկել են ջրային ոլորտում իրականացվող ծրագրերը

Վաչե Տերտերյանը և Ֆանի Դելպեի գլխավորած պատվիրակության անդամները քննարկել են ջրային ոլորտում իրականացվող ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային տնօրեն Ֆանի Դելպեի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ԶՖԳ-ի միջև համագործակցության կարևորությունը։ Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ Վաչե Տերտերյանը և ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի ներկայացուցիչները խոսել են ԶՖԳ-ի հետ ջրային ոլորտում իրականացվող ծրագրերից: Նախարարի տեղակալը ներկայացրել է Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման, Արարատի և Արմավիրի մարզերում «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագրերի մանրամասները: Տերտերյանը խոսել է նաև ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) և այդ ծրագրի գնահատման համատեքստում Սյունիքի մարզի համալիր զարգացմանն աջակցելու հնարավորություններից, ջրային ռեսուրսների ազգային քաղաքականության և պլանավորման հզորությունից, ոռոգման համակարգի կառավարման և ծառայությունների մատուցման բարելավումից: Տերտերյանը կարևորել է նաև գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացումը և կարողությունների զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հանրային ներդրումների կառավարմանն ուղղված ԶՖԳ-ի տեխնիկական աջակցության ընթացքի վերաբերյալ հարցեր:
10:51 - 23 մարտի, 2024
Քննարկվում է Արցախից բռնի տեղահանվածների համար նաև սոցիալական բնակարաններ կառուցելու հարցը

Քննարկվում է Արցախից բռնի տեղահանվածների համար նաև սոցիալական բնակարաններ կառուցելու հարցը

Կառավարությունը քննարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարաններ կառուցելու տարբերակը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։   Նշվում է, որ սոցիալական բնակարաններ կտրամադրվեն հատուկ խնամքի կարիք ունեցող քաղաքացիներին, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարող տուն կառուցել:   Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկումը տեղի է ունեցել այսօր։ Մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և տեղահանվածներ ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև Երևանից։   Հանդիպման ընթացքում փոխվարչապետը նշել է, որ բնակարանային ապահովման աջակցության ծրագիրն իրականացվելու է փուլերով։ «Առաջին փուլում առաջնահերթությունը տրվելու է երեք և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները»,– ասել է նա։ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ այն ընտանիքները, որոնք առաջին փուլից հետո կշարունակեն սպասել բնակարանի իրենց հերթին, կօգտվեն պետության աջակցությունից։ Բնակապահովման նպատակով աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ (առանձին բնակավայրերի դեպքում նախատեսվածից ավել):   Եվս մեկ անգամ նշվել է, որ բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե նրանք այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում։
21:05 - 21 մարտի, 2024
Կառավարությունը 1 մլրդ 805 մլն դրամ հատկացրեց 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
 |1lurer.am|

Կառավարությունը 1 մլրդ 805 մլն դրամ հատկացրեց 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար |1lurer.am|

1lurer.am: 2021, 2022, 2023 թվականին իրականացված ծրագրերի համար Կառավարության կողմից հատկացում պետք է իրականացնենք. հատկացվող գումարը կազմում է 1 մլրդ 805 մլն դրամ և վերաբերում է 10 համայնքի թվով 27 սուբվենցիոն ծրագրերի։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ «Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, կլինի, որ այս տարի ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացրել ենք 6 մլրդ 640 մլն դրամ»,- նշեց նախարարը։ Սանոսյանը ներկայացրեց ըստ մարզերի բաշխվածությունը, որը հետևյալն է. Արագածոտն՝ 1 ծրագրի համար 230 մլն դրամ, Արարատ՝ 3 ծրագրի համար 170 մլն դրամ, Արմավիր՝ 3 ծրագիր՝ 185 մլն դրամ, Գեղարքունիք՝ 1 ծրագիր՝ 26 մլն դրամ, Լոռի՝ 8 ծրագիր՝ 441 մլն դրամ, Կոտայք՝ 3 ծրագիր՝ 53 մլն, Շիրակ՝ 6 ծրագիր, 342 մլն դրամ, Վայոց ձոր՝ 3 ծրագիր՝ 293 մլն դրամ և Տավուշ՝ 2 ծրագիր՝ 115 մլն դրամ։
11:28 - 21 մարտի, 2024
«Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է, եթե ընկերությունը չունի օդանավ, լիցենզիան մինչեւ վեց ամսով կասեցվում է, մինչեւ օդանավ ներգրավելը»․ ՏԿԵ փոխնախարար |aravot.am|

«Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է, եթե ընկերությունը չունի օդանավ, լիցենզիան մինչեւ վեց ամսով կասեցվում է, մինչեւ օդանավ ներգրավելը»․ ՏԿԵ փոխնախարար |aravot.am|

aravot.am: ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցրեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին․ «Ի վերջո կասե՞ք՝ «Ֆլայ Արնան» ի՞նչ եղավ, փակվեց, չփակվեց, լիցենզիան ավարտվե՞ց, թե՞ չավարտվեց։ Եվ արդյոք վերլուծություն ունե՞ք, թե ինչն է պատճառը, որ այդ ավիաընկերությունն այլեւս չի գործում»։ Փոխնախարարն ասաց․ «Այս պահի դրությամբ «Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է։ Մեր օրենսդրության եւ կարգերի համաձայն՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչեւ վեց ամիս ժամկետով կասեցվում է, մինչեւ համապատասխան օդանավ ներգրավելը» Նրա խոսքով՝ եթե վեց ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավվի, ապա լիցենզիայի գործունեությունը կդադարեցվի։ «Հարցն ուսումնասիրվում է, եւ ավելի հստակ տեղեկատվություն լինելու պարագայում, մենք կտեղեկացնենք ձեզ։ Գլխավոր խնդիրը ֆինանսական է, ֆինանսական պատճառներով է»։ «Կխնդրեմ, եթե այդ վերլուծությունը լինի, հնարավորինս հրապարակային լինի, որ հանրությունն էլ տեսնի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընկերությունը հիմնվել էր, այդ թվում՝ մեր քաղաքացիների գումարներով»- ասաց Սիսակ Գաբրիելյանը։
11:12 - 19 մարտի, 2024
Դատախազությունը պետությանը վերադարձրեց Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով անտառային տարածքը

Դատախազությունը պետությանը վերադարձրեց Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով անտառային տարածքը

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկով՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով հողամասն (սկզբնական նպատակային նշանակությունը՝ անտառային տարածք) ամրացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 6-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվում էր՝ Անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի 26-ի աճուրդը. Որպես հետևանք՝ անվավեր ճանաչել այդ ժամանակ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Կավալենկո Շահգալդյանի և Սամվել Մայրապետյանի միջև 2007 թվականի մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող մոտ 20000 քմ հողամասի նկատմամբ Սամվել Մայրապետյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: 37 մլն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 20000 քմ մակերեսով «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասի (անտառային տարածքի) նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
15:41 - 14 մարտի, 2024
Գնել Սանոսյանը չի բացառում սահմանային որոշ հատվածներում ենթակառուցվածքների վերակառուցումը
 |civilnet.am|

Գնել Սանոսյանը չի բացառում սահմանային որոշ հատվածներում ենթակառուցվածքների վերակառուցումը |civilnet.am|

civilnet.am:  Տավուշի մարզի չորս գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, Հայաստանի վարչական տարածքում չեն։ Այս մասին մարտի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարն ասել է, որ հայկական կողմն իր հերթին 31 գյուղերի տարածքներ է պահանջում Ադրբեջանից։ «Սահմանազատումն ու սահմանագծումը նրա համար են, որ հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, այն կողմ՝ Ադրբեջանը։ Որոշակի սահմանագիծ կա, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն՝ հասկանալու համար, թե որ քարտեզներով են աշխատելու: Պետք է երկու կողմերի համար ընդունելի ինչ-որ քարտեզ վերցնել՝ իրավական, որն էլ այդ գործընթացի համար հիմք կհանդիսանա»,- ասել է Սանոսյանը։ Հարցին, թե ինչու է վարչապետը շտապում ասել, որ այդ չորս գյուղերը Հայաստանի տարածքում չեն, երբ սահմանազատման գործընթացն ավարտված չէ, նախարարը պատասխանել է․ «Ինչքան էլ աշխատանքներն ավարտված չեն, բայց կան աշխատանքներ, այսինքն՝ ինչ-որ աշխատանքներ են արել, կան որոշակի քարտեզներ, որոնցում ինչ-որ բան է երևում»։ Գնել Սանոսյանի խոսքով՝ որոշ հատվածներում ՀՀ ենթակառուցվածքները սահմանագծին մոտ են, և սահմանազատման գործընթացից հետո հնարավոր է՝ դրանք վերակառուցելու անհրաժեշտություն առաջանա։ «Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ մեր ենթակառուցվածքները սահմանագծին բավական մոտ են, որոշ տեղերում, գուցե պարզվի, որ հատում են սահմանը: Որոշ տեղերում հնարավոր է՝ վերակառուցելու հարց առաջանա: Խոսքն այսօրվա գործող որոշ ճանապարհների մասին է: Պետք է դրանք հստակեցվեն»,- ասել է նա: Նախարարը տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների վերակառուցման ուղղությամբ աշխատանքները դեռ չեն սկսվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հրավիրած ասուլիսին հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ «1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն»։ «ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»,- ասել է Փաշինյանը։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը մարտի 9-ին հայտարարություն էր տարածել՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։ Այս գյուղերի մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։ Գլխավոր լուսանկարը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտուց՝ Տավուշի մարզում/ Կարեն Հարությունյան  
17:36 - 13 մարտի, 2024