Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ընդունած նախագծի մասին. «Որպես ԱԺ նախագահ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում» |hetq.am|

Արարատ Միրզոյանը՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ընդունած նախագծի մասին. «Որպես ԱԺ նախագահ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում» |hetq.am|

hetq.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ որպես քաղաքական գործիչ, կարող է որոշակի վերաբերմունք ունենալ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, բայց որպես ԱԺ խոսնակ՝ չի կարող վիճարկել այն։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով մեր այն հարցին, թե ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որն, իշխող ուժի վստահեցմամբ, հակասահմանադրական և հակահեղափոխական նախագիծ էր, ստացվում է՝ իշխանության համար սկզբունքի հարց էր այդ նախագծի ընդունումից հետո խորհրդարանի արձակումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ «Համաձայն չեմ այն դիտարկման հետ, որ այդ նախագծի շնորհիվ կարողացանք արձակել խորհրդարանը, որովհետև դեռ հեղափոխության օրերին հայտարարված էր, որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կառավարությունն էլ ձևավորվելուց հետո ասել էր, որ մեկ տարվա ընթացքում պետք է լինեն արտահերթ ընտրություններ, ինչը և եղավ։ Այդ նախագիծը մեր քաղաքական ուժի վրդովմունքը առաջացրել էր, և քաղաքացիներն էին դուրս եկել, մտել ԱԺ բակ»,- ասաց Միրզոյանը։ ԱԺ խոսնակի վստահեցմամբ՝ ՍԴ-ն հենց դրանով է ՍԴ, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կայացնի որոշումներ։ «ՍԴ-ն կայացրել է վճիռը, ես՝ որպես քաղաքական գործիչ, դրա հետ կապված կարող եմ ունենալ վերաբերմունք, համարել լավ կամ վատ, բայց որպես ԱԺ նախագահ՝ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ փաստորեն ՀՀԿ-ն ճիշտ էր, դուք սխա՞լ, Միրզոյանն ասաց, որ իր ասածից նման հետևություն չէր անի, իր ասածն այն է, որ վճիռն իրեն կարող է դուր գալ կամ չգալ, բայց դա ՍԴ-ի վճիռ է։
09:12 - 22 ապրիլի, 2019
ԱՊՀ ՄԽՎ-ն արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների համագործակցության զարգացման համար. Արարատ Միրզոյան

ԱՊՀ ՄԽՎ-ն արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների համագործակցության զարգացման համար. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունները քննարկել եւ հաստատել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք մոդելային օրենքների եւ օրենսգրքերի նախագծեր: ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` որպես հիմնական զեկուցող, վեհաժողովի հաստատմանն է ներկայացրել Հարկային վարչարարության մասին, Ներքին ջրային տրանսպորտին եւ գնագոյացմանն առնչվող մոդելային օրենքների նախագծերը: Լիագումար նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահը մասնակցել է անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսին: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջին անգամ է մասնակցում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին եւ կարող է վստահորեն համոզմունք հայտնել, որ գոհ է նիստի աշխատանքներից: Ըստ խորհրդարանի ղեկավարի` ԱՊՀ ՄԽՎ-ն շատ արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման համար, մի հարթակ, որտեղ կարելի է քննարկել եւ որոշումներ կայացնել քաղաքական, հումանիտար, տնտեսական եւ այլ հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ հայ պատգամավորներն ակտիվ մասնակցություն են ունենում ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին եւ իրենց ներդրումն են բերում կառույցի զարգացմանը, մասնավորապես մոդելային օրենսդրության մշակման գործընթացին: Անդամ պետություններում տեղի ունեցող ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ ՄԽՎ առաքելությունների աշխատանքին վերաբերող հարցին ի պատասխան` Արարատ Միրզոյանը նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկվել են մեծաթիվ միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունների կողմից եւ գնահատվել լիակատար ազատ, արդար եւ թափանցիկ: Ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի` միջազգային դիտորդական առաքելությունների թվում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խումբը կատարել է շատ գնահատելի ու կարեւոր աշխատանք: Արարատ Միրզոյանի խոսքով` անդամ պետություններն իրենց ուշադրության կենտրոնում պետք է պահեն գործընկեր պետություններում տեղի ունեցող ընտրական գործընթացները:
18:09 - 19 ապրիլի, 2019
ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների

ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛ դեմոկրատներ, թե՛ հանրապետականներ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել միջխորհրդարանական կապերի դերն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների մակարդակներով, արժեւորել խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ կոնգրեսականների ներկա այցը, ինչպես նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունն իրենց նպաստը կունենան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: ԱԺ նախագահն ամերիկացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները, դրանց հաջորդած տարբեր ոլորտներին առընչվող ընդգրկուն բարեփոխումները: «Արտահերթ ընտրությունները, որոնք անցկացվեցին հեղափոխության արդյունքում` ամենանախանձախնդիր դիտորդական առաքելությունների կողմից գնահատվեցին որպես ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավար»,-նշել է Արարատ Միրզոյանը` ընդգծելով, որ զարգացման ժողովրդավարական ուղին, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանությանունն այլեւս անշրջելի են: Այս համատեքստում նա նշել է, որ հայաստանյան երիտասարդ ժողովրդավարությունն ունի միջազգային բոլոր այն ուժերի ու կառույցների աջակցությունը, որոնց համար թանկ են ժողովրդավարական արժեքները: Ազգային ժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք առկա են խորհրդարանական կառավարման համակարգին անցած երկրի օրենսդիր մարմնի օրակարգում` օրենսդրական դաշտի կատարելագործում, վերահսկողական գործառույթի իրականացում, ընտրական համակարգի բարեփոխում, խորհրդարանի կորողությունների հզորացում, անկախ փորձագիտական, վերլուծական հմտությունների զարգացում: Դրանց կյանքի կոչման համար Արարատ Միրզոյանն ընդգծել է փորձի փոխանակման, փոխայցերի, միջխորհրդարանական գործակցության այլ ձեւաչափերի դերը: Անդրադառնալով մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգին` խորհրդարանի ղեկավարը կոնգրեսականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի` բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում լուծելու Հայաստանի դիրքորոշումը: Նա կոնգրեսականների ուշադրությունը հրավիրել է ԱՄՆ կողմից ԼՂ-ին ցուցաբերվող ֆինանսական աջակցությանը, ինչպես նաեւ այն գործողություններին օժանդակմանը, որոնք կոչված են նպաստելու խաղաղ բանակցային գործընթացի առաջխաղացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ ներկայացնելով պատվիրկությանը, որի կազմում ընդգրկված կոնդրեսականները Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամներ են, ԺԳՀ համանախագահ Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա) նշել է, որ իրենք հետեւել են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ ողջունում են իրականացվող ժողովրդավարական ու բարեփոխումների գործընթացները: Նա իր գործընկերների անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք կներկայացվեն հայ գործընկերների կողմից: ԺԳՀ մյուս համանախագահը` Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), նշել է, որ ներկայում ստեղծված են նպաստավոր պայմաններ երկկողմ հարաբերությունների առավել խորացման ու ընդլայնման համար: Այս համատեքստում նա արժեւորել է ամերիկահայ համայնքի դերակատարությունը, ովքեր, նրա խոսքով, զգալի ներդրում ունեն ԱՄՆ կյանքի ամենատարբեր ոլորտներում: Կոնգրեսականն առանձնակի ընդգծել է տնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ներդրումային արդյունավետ քաղաքականության իրականացումը: Հայ պատգամավորներին իրենց հետքրքրող հարցերն են ուղղել կոնգրեսականներ Մայքլ Քոնավեյը (հանրապետական, Տեխաս), Գերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Բարբարա Լին (դեմոկրատ, Կալիֆորնիա) եւ Թերրի Սյուելը (դեմոկրատ, Ալաբամա): Հանգամանալի անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանը, ժողովրդավարական գործընթացներին, ընտրական համակարգին, տնտեսական բարեփոխումներին, ներդրումային քաղաքականությանը, փախստականների ու կանանց հիմնախնդիրներին եւ այլ ոլորտներին վերաբերող հարցերին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Մանե Թանդիլյանը:          
17:31 - 17 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին՝ շնորհակալություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար․ «Հարգելի պարոն նախագահ, Թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար: Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարեւոր նպաստը կունենա մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Իտալիայի Պատգամավորների պալատը եւս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային այն բարձր արժեքներին, որոնք դավանում է Իտալիսյի ժողովուրդը: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»:
14:13 - 13 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության նախագահին ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանյան փոփոխությունները

Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության նախագահին ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանյան փոփոխությունները

Դոհայում ընթացող Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է կազմակերպության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ:Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված զարգացումները: Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովը ակտիվորեն ներգրավվելու է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, մասնավորապես Միջխորհրդարանական միության աշխատանքներին: Կողմերը քննարկել են առավել սերտ համագործակցության օրակարգի ձեւավորման հարցը, որը կարող է ներառել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների, խորհրդարանների ինստիտուցիոնալ զարգացման եւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:
11:21 - 10 ապրիլի, 2019
ԱԺ նախագահը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

ԱԺ նախագահը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում ապրիլի 8-ին հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրակեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջն է ներկայացրել հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած զարգացումները, որոնք ուղղված են ամրապնդելու ժողովրդավարությունը, պաշտպանելու մարդու իրավունքներն ու երաշխավորելու օրենքի գերակայությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արժանացել են միջազգային դիտորդական առաքելությունների ամենաբարձր գնահատականին: Զրուցակիցներն անդարդարձել են նաեւ Հայաստանում նախատեսվող անցումային արդարադատության օրակարգին: Զիգֆրիդ Բրակեն, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները, հայտնել է Բելգիայի խորհրդարանականների աջակցությունը: Երկու երկրների միջեւ ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման եւ փորձի փոխանակման համար կողմերը պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել աշխատակազմերի համար փորձի փոխանակման ծրագրեր: Արարատ Միրզոյանը մեծապես կարեւորել է Բելգիայի օրենսդրի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Ներկայացուցիչների պալատի նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստելու համաձայնագրի՝ կարճ ժամկետներում վավերացմանը:
11:19 - 08 ապրիլի, 2019
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Կիպրոսի օրենսդիր մարմինը կվավերացնի սեղմ ժամկետներում․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ |azatutyun.am|

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Կիպրոսի օրենսդիր մարմինը կվավերացնի սեղմ ժամկետներում․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am։ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախորդ շաբաթ արդեն իսկ ուղարկվել է Կիպրոսի օրենսդիր մարմին և այն կվավերացվի սեղմ ժամկետներում։ Այդ մասին այսօր Կատարում հայտարարել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Կիպրոսն առաջին երկիրն էր Եվրոպայում և երկրորդն աշխարհում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այս ոճրագործությունը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն էլ իր հերթին միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր խոսքում կարևորել է եղբայրական Կիպրոսի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ սեղմ ժամկետներում վավերացման խնդիրը։ Դեմետրիս Սիլուրիսը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հյուրընկալվել Կիպրոսում. Ազգային ժողովի նախագահը սիրով ընդունել է հրավերը։ Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են նաև Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու նախաձեռնության կյանքի կոչման ուղղությամբ։ Նշենք, որ օրերս Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
13:11 - 07 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը

Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստան այցելած Իտալիայի խորհրդարանական ներկայացուցչական պատվիրակությանը` կազմված Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից: Ողջունելով իտալացի գործընկերներին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարն արժեւորել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված դարավոր հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր պատմական, մշակութային, քաղաքական արժեքների վրա: Արարատ Միրզոյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում վերջին շրջանում արձանագրված զարգացումները, միջազգային հանրության կողմից ազատ, արդար եւ ժողովրդավարական գնահատված խորհրդարանական ընտրությունները, վերջինիս արդյունքում ձեւավորված օրենսդիր մարմնի առաջնահերթությունների օրակարգը: «Խորհրդարանական արտահերթ ընտրությունները վերջին քայլն էին հեղափոխական այն գործընթացի, որը սկիզբ էր առել երկրում ժողովրդավարության ամրապնդման նպատակով»,-նշել է ԱԺ նախագահը: Նա կարեւորել է խորհրդարանական կառավարում ունեցող երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ գործակցությունը, փոխադարձ այցերը, փորձի փոխանակումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է այն կարեւորությունը, որ մեր երկիրը տալիս է եվրոպական տարածաշրջանի հետ ինտեգրմանը: Այս համատեքստում նա արժեւորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը` հույս հայտնելով, որ այցից հետո իտալացի գործընկերներն իրենց խորհրդարանում նոր խթան կհաղորդեն այս գործընթացին: Արարատ Միրզոյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը` նշելով, որ միայն նման ոճրագործությունների դատապարտումով է հնարավոր կանխել մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները: Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մաուրիցիո Լուպին նշել է, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող իրենց խմբի համար այս այցը լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու ոչ միայն հայաստանյան քաղաքական գործընթացներին, այլեւ քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր պատմական ու մշակութային ժառանգությանը: Նրա խոսքով` սա իր հերթին մեծապես կնպաստի ավանդական կապերի հետագա զարգացմանը, նոր լիցք կհաղորդի հայ-իտալական համագործակցությանը: Ըստ Մաուրիցիո Լուպիի` իրենք հետեւել են Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացներին, ինչի արդյունքում ստեղծված նոր իրողությունները զարգացման լայն հեռանկարներ են բացել: Նա հավաստիացրել է, որ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը Սենատի եւ Պատգամավորների պալատի օրակարգային հարցերից են ու իրենց ջանքերն այս ուղղությամբ հետեւողական են լինելու: Հանդիպմանն իրենց տեսակետներն են հայտնել Իտալիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:
14:47 - 05 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Ողջունելով դեսպանին` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է Հայաստանի հետաքրքրվածությունը լատինամերիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում` Արգենտինայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: Նրա խոսքով` չնայած աշխարհագրական հեռավորությանը` առկա են լավ նախադրյալներ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության, փոխայցերի եւ միջազգային դիվանագիտության դերը: ԱԺ նախագահը ողջունել է Արգենտինայի խորհրդարանի որոշումը` ապրիլի 24-ը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր հռչակելու վերաբերյալ: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը` օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատել է խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծման Հայաստանի վճռականությունը` միջազգայնորեն մանդատ ունեցող միակ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում: Գոնսալո Ուռիոլաբեիտիան նշել է, որ իր երկիրը եւս սատարում է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքականությունը: Նա մեծապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունը, եղած բարեկամական կապերը նոր օրակարգով համալրելու անհրաժեշտությունը: Կողմերն արժեւորել են միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը, ի լրումն առկա քաղաքական ու մշակութային կապերի` նաեւ տնտեսական ոլորտում գործակցության նպատակահարմարությունը: Երկուստեք ընդգծվել է արգենտինահայ համայնքի` ինչպես Արգենտինայի ներքին կյանքի տարբեր ոլորտներում, այնպես էլ հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած դերը:
13:03 - 02 ապրիլի, 2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ պատմական եւ մշակութային դարավոր ավանդույթ ունեցող հայ-սիրիական հարաբերությունները ներկայում առավել խորացման մեծ հեռանկար ունեն: Արժեւորելով Սիրիայի ժողովրդի ցուցաբերած օժանդակությունն ու հյուրընկալ վերաբերմունքը Ցեղասպանությունը վերապրած հայորդիների նկատմամբ` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ Սիրիայում առկա ներկա իրողություններին` մարդասիրական օգնության ձեռք մեկնելով պատերազմից տուժած սիրիացիներին: Երկկողմ կապերի հետագա խորացման տեսանկյունից ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը` վստահություն հայտնելով, որ դրանց նոր ազդակ կհաղորդի ձեւավորված խորհրդարանական բարեկամական խումբը: Շնորհավորելով Արարատ Միրզոյանին օրենսդիր կառույցի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Մոհամմեդ Հաջ Իբրահիմին հայ-սիրիական բազմադարյա հարաբերությունները որակել է ոչ միայն բարեկամական, այլեւ եղբայրական: Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի իշխանություններին իր երկրին ցուցաբերած մարդասիրական օժանդակության համար` նշելով, որ այս քայլը բարձր է գնահատվում սիրիացի ժողովրդի կողմից: Կողմերն ընդգծել են հարաբերություններում տնտեսական բաղադրիչի աշխուժացման անհրաժեշտությունը, առանձնացրել գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ միջազգային հարցերի:
11:47 - 02 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան  Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով  երկու երկրների միջեւ գոյություն ունեցող  բարեկամական հարաբերությունները, նշել է, որ դրանց առավել խորացմանն ու ընդլայնմանը կնպաստի նաեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը: Արժեւորելով  Հայաստանի եւ Բրազիլիայի օրենսդիր մարմինների միջեւ  առկա փոխգործակցությունը՝  Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է  Հայաստան-Բրազիլիա  բարեկամական խումբը, ինչն իր հերթին խթան կհանդիսանա  համագործակցության աշխուժացման համար: Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ջերմ  հարաբերությունների ամրապնդմանը: Նա եւս կարեւորել   է իրավապայմանագրային դաշտի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը` երկու երկրների կապերի  խորացման գործում: Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դեսպանն արժեւորել է բրազիլահայ համայնքի դերակատարությունը` ընդգծելով նաեւ նրանց ակտիվ գործունեությունն ամենատարբեր ոլորտներում: Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն Ազգային ժողովի նախագահին  է ներկայացրել հայ-բրազիլական հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները եւ փոխգործակցության օրակարգը: Արարատ Միրզոյանն այդ հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:Կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելուն առնչվող հարցեր, կարեւորել  փոխգործակցության ակտիվացումը  մասնավորապես  զբոսաշրջության,  գյուղատնտեսության ու  գիտակրթական ոլորտներում, ինչպես նաեւ ներդրումների խթանման գործում: 
11:30 - 01 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է պարտավորության փաստացի կատարման հիմքով |tert.am|

Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է պարտավորության փաստացի կատարման հիմքով |tert.am|

tert.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է. այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնում Արարատ Միրզոյանի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթը կարճվել է, և կիրառված արգելանքը վերացվել է՝ պարտավորության փաստացի կատարման հիմքով, այն է՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն»,- ասված է Հարկադիրի պատասխանում: Միաժամանակ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից նշել են, որ կատարողական վարույթի շրջանակներում այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն: Հիշեցնենք, որ ԱԺ նիստում սպառողական վարկերի աճի հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանկերը շատ հարմար վարկեր են տրամադրում, և իրենց ընտանիքն էլ դեռ չի մարել լվացքի մեքենայի վարկը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելել էր. «Պարո՛ն վարչապետ, հենց այդ նույն տրամաբանությամբ ապառիկով հեռուստացույց վերցնելու գնացի, էն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին, ես չվճարած տուգանք ունեի»:
07:53 - 30 մարտի, 2019
Թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սոսկ խոսքեր չեն, այլ հիմնարար արժեքներ․ Արարատ Միրզոյան

Թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սոսկ խոսքեր չեն, այլ հիմնարար արժեքներ․ Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեին: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից։ Նախագահների ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԵԽԽՎ պատվիրակության եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Եվրոպայի Խորհրդի ու նրա ինստիտուտների հետ համագործակցությունը եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացների ու ձեռքբերումների հարցում նրանց աջակցությունը: Արարատ Միրզոյանը, խոսելով անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին, փաստել է. «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սոսկ խոսքեր չեն, այլ հիմնարար արժեքներ»: Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ նշվածն ամբողջացավ անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ-ին ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար՝ կարեւորելով ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողների հնչեցրած անաչառ գնահատականները: Անդրադառնալով բռնությունների դեմ պայքարին ու իրավահավասարության խնդիրներին՝ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, նշելով, որ մեր երկիրը հետեւողականորեն պայքարելու է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորման ու պաշտպանության համար: ԵԽԽՎ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարության ամրապնդման հարցում: Լիլիան Մորի Պասքիեն արժեւորելով Հայաստանում իրականացված ոչ բռնի հեղափոխությունը՝ նշել է. «Մենք կարծում ենք, որ վերջին ընտրություններից հետո դուք ունեք ժողովրդի աջակցությունը եւ ձեզ հնարավորություն է ընձեռվել իրագործելու բոլոր ծրագրերը»: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության ծրագրերին, Ստամբուլի կոնվենցիայի վավերացման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ն կանդրադառնա այս ողբերգությանը: Նրա խոսքով՝ տարակուսանք չկա, որ մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմամբ եւ ճանաչմամբ է միայն հնարավոր կանխել հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը: Հանդիպման ավարտին Լիլիան Մորի Պասքիեն գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում: Այնուհետեւ բարձրաստիճան հյուրը խորհրդարանի այգում տնկել է մշտադալար եղեւնի:
15:11 - 27 մարտի, 2019
Իրավական կարգավորման անհրաժեշտություն չեմ տեսնում, ամեն ինչ պատժի մեխանիզմի վրա չէ հիմնված. Արարատ Միրզոյանը` մաքրության պահպանման մասին

Իրավական կարգավորման անհրաժեշտություն չեմ տեսնում, ամեն ինչ պատժի մեխանիզմի վրա չէ հիմնված. Արարատ Միրզոյանը` մաքրության պահպանման մասին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ ևս միացավ համապետական շաբաթօրյակին: Մինչ աշխատանքներին անցնելը, նա զրուցեց լրագրողների հետ և կարևորեց քաղաքացիների կողմից մաքրություն պահպանումը: Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը, տուգանքներ սահմանելուն, Արարատ Միրզոյանը նշեց. «Իրավական կարգավորման անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ ամեն ինչ պատժի մեխանիզմի վրա չէ հիմնված»: Նա նշեց, որ դիսոնանս չի տեսնում պաշտոնի և շաբաթօրյակին մասնակցելու միջև: «Նորմալ է, առավել ևս հիմնական աշխատանքները բաց եմ թողել, ուշացել եմ»,-ասաց նա: Ըստ ԱԺ նախագահի՝ քաղաքային իշխանությունը չի հասցնի մաքրել, եթե քաղաքացիները շարունակաբար աղբը նետեն գետնին, թեև նշեց, որ իհարկե միայն քաղաքացիների հոգատար վերաբերմունքն էլ բավարար չէ: Նա նկատեց, որ աղբարկղերը իրարից հեռու են դրված: Անդրադառնալով աղբի վերամշակման գործարանի անհրաժեշտությանը՝ ԱԺ նախագահը նշեց, որ դա վաղուց պահանջված մի բան է, և գործադիրը հետևողականորեն և համառորեն աշխատում և մտածում են այդ ուղղությամբ: «Մի քիչ տեխնիկանական խնդիր կա: Ամեն դեպքում աղբի վերամշակման համար որոշ ընկերություններ ասում են, որ շուկան փոքր է, բայց արվում է աշխատանք, տեսնենք ինչ կստացվի»,-ասաց նա: Արարատ Միրզոյանը գեղեցկության, հոգեհարազատության տեսանկյունից Երևանը գնահատեց տասից` տասը բալ, իսկ մաքրության տեսանկյունից վեցից ավելի չգնահատեց և ավելացրեց, որ խնդիրը միայն մաքրությունը չէ, այլ նաև փոշին, ծառերի պակասը: tert.am
07:39 - 23 մարտի, 2019