ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

«Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու  դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի

«Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով կեղծ աճուրդներ անցկացնելու արդյունքում «Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Կարճևան համայնքի նախկին ղեկավարին (երկու դրվագ)` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ պաշտոնական կեղծիք, կատարելու համար, կեղծ աճուրդի գործընթացին մասնակցություն ունեցած համայնքապետարանի աշխատակցին և աճուրդների 4 մասնակիցներին` պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար: Պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակություն ցուցաբերած երկու անձանց նկատմամբ որոշում է կայացվել համաներման ակտի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Չորս անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերոնշյալ գործարքների ժամանակ խախտվել են տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ առաջարկելով Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի միջոցով նախաձեռնել համայնքին պատկանող և օրենքի ու այլ իրավական ակտերի խախտմամբ օտարված՝ հողահատվածների 6 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքների հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց:   ՀՀ քննչական կոմիտե  
08:41 - 06 օգոստոսի, 2019
Զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին․ ՔԿ

Զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին․ ՔԿ

Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով: Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտե
08:13 - 29 հուլիսի, 2019
Աշխատանքի ընդունելու համար կաշառք ստանալու, կաշառք տալու գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Աշխատանքի ընդունելու համար կաշառք ստանալու, կաշառք տալու գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի երեք բնակչի: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, համաձայնության է եկել Արմավիրի մարզի 1972 թվականին ծնված բնակչի հետ՝ վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի աշխատանքի ընդունելու հարցի շուրջ` որպես կաշառք պահանջել խոշոր չափի՝ 487.290 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումար: 2017թ. նոյեմբերի 13-ին 1972 թվականին ծնված տղամարդու դուստրը աշխատանքի է ընդունվել հիշյալ դպրոցում, իսկ պայմանավորված գումարը դպրոցի տնօրենին պարտավորվել է փոխանցել աղջկա ամուսինը: Այդ նպատակով 2018թ. հունվար ամսին նա հանդիպել է դպրոցի տնօրենին, տվել 200.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մնացած մասը հետագայում հրաժարվել է վճարել: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ կնոջ հորն ու ամուսնուն՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
09:39 - 11 հուլիսի, 2019
Բացահայտվել է Լուսահովիտ համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի բնակչին

Բացահայտվել է Լուսահովիտ համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի բնակչին

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի 41-ամյա բնակչին: 2019 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Իջևան քաղաքում Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ հրազենով կրակ էին արձակել՝ պատճառելով աջ ազդրի բազմաբեկորային բաց տեղաշարժով կոտրվածք, տրավմատիկ շոկ ախտորոշումով մարմնական վնասվածք, ինչ արդյունքում, բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո, Գրիգոր Սարհատյանի աջ ազդրոսկրի վերին երրորդականի ամպուտացիա է կատարվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1֊ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Համայնքի ղեկավարը ճանաչվել էր տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են վկաներ, կատարվել են առգրավումներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, համալիր դատաձգաբանական և դատահետքաբանական: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Իջևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1977 թվականին: Վերջինս ձերբակալվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Իջևան քաղաքի՝ 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1֊ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
12:55 - 04 հուլիսի, 2019
Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել Արմավիրի սոցաջակցության գործակալության առաջատար մասնագետին

Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել Արմավիրի սոցաջակցության գործակալության առաջատար մասնագետին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը, ծնված 1975թ, զբաղեցնելով Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի պաշտոնը և լիազորված լինելով իր սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրել օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, 2012 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի 5 նպաստառուների և նրանց ընտանիքի անդամների օգտին գործողություններ կատարելու, ինչպես նաև այդպիսի գործողություններ չկատարելու, այն է՝ ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու, անձնական գործերի ամենամյա վերանայման ընթացքում ծագած խնդիրներն անտեսելով նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց նրանցից ստացել է ապօրինի վարձատրություն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին մուծվել է որպես ապօրինի վարձատրություն ստացած գումարը։ Արմավիրի մարզի 5 բնակիչների կողմից պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու համար սկսված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով՝ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
07:11 - 03 հուլիսի, 2019
Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին: Էջմիածնի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։ Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Էջմիածնի համայնքապետարանից առերևույթ կատարված յուրացման դեպքերը, պարզվել դրանց կատարման մեխանիզմը: Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամներից մեկի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ իր մատնանշած անձին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նա որպես հիմնարկի տեղամասի պահակ աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի այդ աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ: Բացի այդ, Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին՝ ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում վերջինս, որպես վարչության տրասնպորտի բաժնի հերթապահ վարորդ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նա աշխատանքի չի հաճախել, և փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ: Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին իրենց անձնական վարորդին որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու բանավոր ցուցում է տվել, որի արդյունքում նա նշանակվել է որպես կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, ապա՝ ավագ վարորդ, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինս փաստացի իր այդ աշխատանքը չի կատարել, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, ինչպես նաև ապահովագրական ընկերությանը վճարվել է ընդհանուր 705.640 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝ Էջմիածնի քաղաքային համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի նյութական վնաս: Համայնքի ղեկավարը, հաշվի առնելով, որ իր վարորդին աշխատեցնում է որպես իր ընտանիքի վարորդ, նրա փոխարեն իրեն փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցողին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին գրավոր կարգադրություն է տվել՝ իր անձնական վարորդին նույն վարչության պետի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Արդյունքում՝ վարչության պետի հրամանով վարորդը նշանակվել է որպես վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ, սակայն վերջինս այդ աշխատանքը չի կատարել, այլ փաստացի համայնքի ղեկավարի անձնական վարորդը լինելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից նրան որպես աշխատավարձ վճարվել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ: Բժշկական ապահովագրության ընդհանուր 685.410 ՀՀ դրամը ևս վճարվել է համայնքի բյուջեից՝ համայնքին պատճառելով ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի նյութական վնաս: Բացի այդ, Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, որի արդյունքում վարչության պետն իր ղեկավարած հիմնարկում, որպես փողոցի հավաքարար, աշխատանքի է ընդունել համայնքի ղեկավարի կողմից մատնանշած անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չի կատարվել, այլ փաստացի, Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, նրան որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից վճարվել է ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ: Բացի այդ, համայնքի ղեկավարն իր հորը՝ Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» բյուջետային հիմնարկի տնօրենին՝ նրան գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նշված հիմնարկի տնօրենն անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձին ընդունել է աշխատանքի՝ որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, նույն օրը նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունն ապահովող աշխատակից լինելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 440.153 ՀՀ դրամ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարի անչափահաս երեխաները ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, ապահովագրական ընկերությանը վճարվել է համայնքապետարանի բյուջեից: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ): Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարի, «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենի և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է:
08:40 - 28 հունիսի, 2019
ՔԿ փոխնախագահ մոտ քննարկել են զինծառայության ընթացքում մահվան դեպքերի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը

ՔԿ փոխնախագահ մոտ քննարկել են զինծառայության ընթացքում մահվան դեպքերի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը

Այսօր Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիտորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
10:25 - 27 հունիսի, 2019
Կապանի անտառտնտեսության և Սյունիքի մարզի բնակիչների կարիքների համար նախատեսված գումարները պաշտոնյայի մեքենայի համար

Կապանի անտառտնտեսության և Սյունիքի մարզի բնակիչների կարիքների համար նախատեսված գումարները պաշտոնյայի մեքենայի համար

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի առաջին փուլում ուսումնասիրության առարկա է դարձվել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների շարժի, նյութական ձեռքբերումների ոլորտը: Այս շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2018թ. հունվարի 23-ին կնքված նվիրաբերության պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարության և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման գրասենյակի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է մինչև 106.192.800 դրամ: Գումարը տրամադրել է Սյունիքի մարզի 4 գյուղական բնակավայրերին մինչև 2300խմ. վառելափայտով ապահովելու նպատակով տրակտորի, սղոցարանի, վառելափայտ ճղելու սարքավորման, փայտածուխի արտադրամասի, չորանոցի, «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ», «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ ՊԻԿ-ԱՊ» և «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՌ» ավտոմեքենաների ձեռքբերման և դրանք անմիջապես Կապանի անտառտնտեսության մասնաճյուղին հանձնելու համար:   Պարզվել է, սակայն, որ ՊՈԱԿ-ի առաջարկով վերոհիշյալ պայմանագիրն անհիմն փոփոխվել է, և տրակտորի, փայտածուխի արտադրամասի և «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ» ավտոմեքենայի փոխարեն 2018թ. սեպտեմբերի 27-ին կնքված պայմանագրով 25.700.000 ՀՀ դրամով ձեռք է բերվել «ՏՈՅՈՏԱ ԷԼ ՍԻ Պրադո 4,0լ Բիզնես + /6 ՋԻ/» ավտոմեքենա, որը երկու ամիս անց 5 տարի ժամկետով հանձնվել է ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի անհատույց օգտագործմանը:Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշներ պարունակող առերևույթ տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքների լիարժեք պարզման նպատակով իրականացնել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն՝ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
14:33 - 24 հունիսի, 2019
ՊՆ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար

ՊՆ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՊՆ պայմանագրային զինծառայողի՝ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1966 թվականին ծնված տղամարդը, վարկով գումար վերցնելու համար, դիմել է մի շարք ֆինանսական կազմակերպությունների, սակայն մշտական աշխատանք չունենալու պատճառով չի կարողացել ՀՀ բանկերում վարկ ձևակերպել:Իր նպատակն իրագործելու համար 52-ամյա տղամարդը 2018թ. աշնանը Երևանում վճարի դիմաց ձեռք է բերել իրավունք վերապահող, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի՝ ակնհայտ կեղծ վկայական, ինչպես նաև՝ 229 460 ՀՀ դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ կնքված և դրոշմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք: Իր տրամադրության տակ ունենալով նշված կեղծ փաստաթղթերը՝ նա դիմել է Երևան քաղաքում գործող Ունիվերսալ վարկային կազմակերպություններից մեկին և դրանց հիման վրա՝ կնքել պայմանագիր՝ 300 000 ՀՀ դրամ վարկ տրամադրելու վերաբերյալ:Գործարքն ավարտելուց հետո 52-ամյա տղամարդն իրեն տրամադրված կեղծ վկայականը վերադարձրել է այն անձին, ումից վերցրել էր:Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1966թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Նախաքննության ընթացքում հայտնաբերված առերևույթ նոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է:Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ կեղծ վկայականը պատրաստող և իրացնող անձին (անձանց) ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
07:19 - 24 հունիսի, 2019
Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար

Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մրգաստան համայնքի ղեկավարը, 2008 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է համայնքի մի շարք բնակիչներից օրենքով սահմանված կարգով վճարված և համայնքի բյուջե մուտքագրման ենթակա խոշոր չափի գումար:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
07:49 - 18 հունիսի, 2019
Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվողների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվողների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն ու Ա. Դ.-ն օժանդակել են ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, իսկ Վ. Մ.-ն նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գումարը: Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքների` Վ. Մ.-ն, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008թ. սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Ս. Հ.-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով: Վ. Մ.-ն, Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, գործարար Ս. Հ.-ի առաջարկով ԱՄԷ-ում գրանցված արաբական կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած, ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Ա. Դ.-ի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո Ա. Դ.-ն նշված գումարից 797.918.520 ՀՀ դրամին համարժեք 9.499.030 ԱՄԷ դիրհամ և 769.125.000 ՀՀ դրամին համարժեք 9.156.250 ԱՄԷ դիրհամ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների, այդ թվում` Վ. Մ.-ի հաշվեհամարներին: Դրանից հետո Վ. Մ.-ն և Արամ Հարությունյանի մյուս մտերիմներն իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Ա. Հարությունյանի ցուցումներով, իսկ մյուս մասը Ա. Հարությունյանի մտերիմները փոխանցել են նրա` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին: Վ. Մ.-ն, իր հերթին, կաշառքի առարկա հանդիսացող, իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու, խեղաթյուրելու և դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարը Արամ Հարությունյանի առաջարկությամբ 2011թ. մարտի 23-ին իր հաշվեհամարից փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին: Արամ Հարությունյանն էլ, իր հերթին, հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է նույն բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումը իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործից Վ. Մ.-ի և Ա. Դ.-ի վերաբերյալ անջատված մասով նախաքնությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
14:06 - 17 հունիսի, 2019
2018-ին քրեական հետապնդման է ենթարկվել 398 պաշտոնատար անձ, 16-ը` կասկածյալի, 382-ը՝ մեղադրյալի կարգավիճակով |hetq.am|

2018-ին քրեական հետապնդման է ենթարկվել 398 պաշտոնատար անձ, 16-ը` կասկածյալի, 382-ը՝ մեղադրյալի կարգավիճակով |hetq.am|

hetq.am: 2018 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 1233 կոռուպցիոն բնույթի քրեական գործ։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պետական-իրավական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ասաց քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հարցին։Հայկ Գրիգորյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատությամբ նման գործերի թիվը աճել է 691-ով։«Քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 795 անձ, 658-ը ներգրավվել է որպես մեղադրյալ, մեղադրանք է առաջադրվել 585 անձի, դատի է տրվել 190 անձ, 1233 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 398 պաշտոնատար անձ, որոնցից 16-ը` կասկածյալ, 382-ը՝ մեղադրյալ»,- ասաց Հայկ Գրիգորյանը։Քննչական կոմիտեի ղեկավարը մանրամասնեց, թե այդ գործերը որ ոլորտներին են առնչվում։ Առողջապահության ոլորտ՝ 13 մեղադրյալ, 1 կասկածյալ, կրթության ոլորտ՝ 33 մեղադրյալ, 2 կասկածյալ, իրավապահ համակարգ՝ 1 մեղադրյալ, պետական գնումների ոլորտ՝ 2 մեղադրյալ, սոցիալական ապահովության ոլորտ՝ 55 մեղադրյալ, 1 կասկածյալ, էներգետիկայի և բնական պաշարների ոլորտ՝ 22 մեղադրյալ, ՏԻՄ ոլորտ` 71 մեղադրյալ, պաշտպանության և զինված ուժերի ոլորտ՝ 114 մեղադրյալ, 10 կասկածյալ, և այլ ոլորտներում 91 մեղադրյալ։
13:15 - 10 հունիսի, 2019
ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հնարավոր է՝ հարեւան երկրներից մեկի տարածքից տարածված լինի. ՔԿ նախագահ |armtimes.com|

ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հնարավոր է՝ հարեւան երկրներից մեկի տարածքից տարածված լինի. ՔԿ նախագահ |armtimes.com|

armtimes.com։ Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկի տարածքից է տարածվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության բովանդակությունը։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։«Գաղտնալսման առումով նշեմ հետեւյալը, որ այսօր հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին։ Բոլոր ուղղություններով քննություն է կատարվել, ուղարկվել են հարցումներ, այդ թվում՝ արտասահմանյան երկրներ։ Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկից է տարածում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը։ Քննությունն ակտիվ իրականացվում է, նշանակվել է փորձաքննություններ»,- ասաց ՔԿ նախագահը: Հայկ Գրիգորյանի խոսքով՝ եթե բավարար ապացույցներ լինեին մարդկանց որպես մեղադրյալ ներգրավվելու կամ կասկածյալ ներգրավվելու, ապա ՔԿ-ն կաներ դա. «Փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից գաղտնալսում անելու հանգամանքը»։Ավելին՝ armtimes.com
12:24 - 10 հունիսի, 2019