Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Եպիսկոպոսաց հավաքը զորակցություն է հայտնում Հայոց բանակին

Եպիսկոպոսաց հավաքը զորակցություն է հայտնում Հայոց բանակին

Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք։ Ժողովին թեմակալ առաջնորդներն ու Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները անդրադարձան հուլիսի 12-ից սկսյալ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտումներին և ներթափանցման փորձերին։ «Մտահոգությամբ տեղեկացանք Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիսային սահմանների նկատմամբ կատարված հերթական ոտնձգության մասին, որի հետևանքով կան տուժած հայ զինծառայողներ։  Անըմբռնելի է Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ կեցվածքը համընդհանուր այս համավարակի պայմաններում։ Դատապարտում ենք հակառակորդի կողմից մեր երկրի նկատմամբ դրսևորված ագրեսիան և հրավիրում միջազգային հանրությանը առարկայական ու համարժեք գնահատականներով կանխելու ռազմական գործողությունների հնարավոր ծավալումները և դրանց հետագա կրկնությունը։ Աղոթելով ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով տուժած մեր զավակների շուտափույթ ապաքինման համար՝ մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի մեր քաջարի զավակներին՝ մաղթելով ամրություն ու արիության ոգի դիմագրավելու համար հակառակորդի հարձակումներն ու նկրտումները։ Աղոթում ենք, որ խաղաղությունն անվրդով մնա մեր տարածաշրջանում և մեր ժողովուրդը շարունակի բնականոն կյանքի իր ընթացքը», – ասված է ուղերձում։ Ժողովականները նաև քննության առան համավարակի պայմաններում Մայր Աթոռի և թեմերի կողմից ձեռնարկված քայլերը և կարիքավոր ընտանիքներին ի նպաստ իրականացվող աջակցության ծրագրերը։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց նաև, որ հոգևոր հովիվների կողմից լուսաբանական աշխատանքներ իրականացվեն՝ զորավիգ լինելու պատկան կառույցներին համավարակի կանխարգելման գործողություններում՝ հորդոր ուղղելով ժողովրդին խստորեն հետևելու պարետատան կողմից սահմանված առողջապահական կանոններին և դրսևորելու հանրային բարձր գիտակցություն։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Հանրակրթության պետական չափորոշչի նախագծին և դրա վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշմանը, որի շրջանակներում պետական պատկան մարմիններին հորդոր է ուղղվել հիմնորվին վերատեսության ենթարկել փաստաթուղթը՝ նկատի առնելով վերջինիս մեջ տեղ գտած հայեցակարգային էական բացթողումները։ Խորհրդակցության ընթացքում որոշում կայացվեց հետևել այս ուղղությամբ ընթացող զարգացումներին և նկատի առնել սույն հարցը հետագա հանդիպումների քննարկումներում։
10:20 - 14 հուլիսի, 2020
Մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի մեր քաջարի զավակներին․ Մայր Աթոռ

Մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի մեր քաջարի զավակներին․ Մայր Աթոռ

Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել եպիսկոպոսների հավաք։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից։ Ժողովին թեմակալ առաջնորդներն ու Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները անդրադարձել են հուլիսի 12-ից սկսյալ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտումներին և ներթափանցման փորձերին։ «Մտահոգությամբ տեղեկացանք Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիսային սահմանների նկատմամբ կատարված հերթական ոտնձգության մասին, որի հետևանքով կան տուժած հայ զինծառայողներ։  Անըմբռնելի է Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ կեցվածքը համընդհանուր այս համավարակի պայմաններում։ Դատապարտում ենք հակառակորդի կողմից մեր երկրի նկատմամբ դրսևորված ագրեսիան և հրավիրում միջազգային հանրությանը առարկայական ու համարժեք գնահատականներով կանխելու ռազմական գործողությունների հնարավոր ծավալումները և դրանց հետագա կրկնությունը։ Աղոթելով ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով տուժած մեր զավակների շուտափույթ ապաքինման համար՝ մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի մեր քաջարի զավակներին՝ մաղթելով ամրություն ու արիության ոգի դիմագրավելու համար հակառակորդի հարձակումներն ու նկրտումները։ Աղոթում ենք, որ խաղաղությունն անվրդով մնա մեր տարածաշրջանում և մեր ժողովուրդը շարունակի բնականոն կյանքի իր ընթացքը», - ասված է ուղերձում։ Ժողովականները նաև քննության են առել համավարակի պայմաններում Մայր Աթոռի և թեմերի կողմից ձեռնարկված քայլերը և կարիքավոր ընտանիքներին ի նպաստ իրականացվող աջակցության ծրագրերը։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է նաև, որ հոգևոր հովիվների կողմից լուսաբանական աշխատանքներ իրականացվեն՝ զորավիգ լինելու պատկան կառույցներին համավարակի կանխարգելման գործողություններում՝ հորդոր ուղղելով ժողովրդին խստորեն հետևելու պարետատան կողմից սահմանված առողջապահական կանոններին և դրսևորելու հանրային բարձր գիտակցություն։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ հանրակրթության պետական չափորոշչի նախագծին և դրա վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշմանը, որի շրջանակներում պետական պատկան մարմիններին հորդոր է ուղղվել հիմնորվին վերատեսության ենթարկել փաստաթուղթը՝ նկատի առնելով վերջինիս մեջ տեղ գտած հայեցակարգային էական բացթողումները։ Խորհրդակցության ընթացքում որոշում կայացվեց հետևել այս ուղղությամբ ընթացող զարգացումներին և նկատի առնել սույն հարցը հետագա հանդիպումների քննարկումներում։
21:16 - 13 հուլիսի, 2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա առիթով ողջույն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները: Այսօր ոգեկոչում ենք Առաջին Հանրապետության հաստատման հիշատակները, որոնք մատուցում են մեզ հայրենասիրության, հավատքի, միասնականության ոգով հաղթանակելու օրինակը: Նվիրական այս օրը մեր հայացքն ուղղում ենք դեպի Սարդարապատի հուշահամալիր, որը պանծացումն է մեր ժողովրդի ազատատենչ ու հերոսական մաքառումի, մայիսյան հերոսամարտերում հայոց բանակի, աշխարհազորի և զինվորյալ հոգևորականների անձնուրաց պայքարի գնով ձեռք բերված փառավոր հաղթանակի։Այսօր նաև մեր խոնարհումն ենք բերում երջանկահիշատակ Գևորգ Ե Հայոց Հայրապետին, ով իր աննկուն կեցվածքով, խրոխտ խոսքով զորացրեց ոգին հայոց քաջերի և անուրանալի վաստակ ունեցավ հաղթանակների կերտման լուսավոր գործում։ Մայիսյան հերոսամարտերում գերագույն ջանքերով պաշտպանելով հայրենիքը՝ մեր ժողովուրդը երկարատև դադարից հետո վերականգնեց ազգային պետականությունը, որին նվիրեց իր բոլոր ուժերը, իր զավակների կյանքը՝ իրագործելու վաղնջական իր բնօրրանում ազատ ապրելու իրավունքը և խաղաղ զարգանալու տեսլականը: Սիրելիներ, մեր պարտքն է այդ վառ տեսլականով ջանքեր ներդնել՝ հանուն հզոր հայրենիքի, մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի և ազգային մեր նվիրական իղձերի իրականացման։ Վստահ ենք, որ բազում դժնդակ օրեր հաղթահարած մեր ժողովուրդը հայրենասեր ոգով, միաբան ջանքերով կհաղթահարի նաև մեր ազգի ու երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները՝ բարձր պահած անկախ պետականության դրոշը, հավատարիմ` քրիստոնեական արժեքներին, մեր հայրերի առ Աստված սրբազան հավատքին: Աղոթում ենք և հայցում, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ պահի ու պահպանի աշխարհը համայն, հայրենի մեր երկիրը և զորակից լինի մեր ժողովրդին՝ նորանոր հաջողություններ արձանագրելու ազգային ու հայրենական մեր անդաստանում։ Աստծո ողորմությունն ու շնորհները թող մեզ հետ լինեն և բոլորի` այսօր և միշտ. ամեն»:
09:48 - 28 մայիսի, 2020
Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ․ Կաթողիկոսի ուղերձը

Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ․ Կաթողիկոսի ուղերձը

Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եվ խաղաղության, Շուշիի ազատագրության եվ Պաշտպանության բանակի օրվա առիթով։ Ուղերձում ասված է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով: Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ շնորհավորում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Ջերմորեն ողջունում և շնորհավորում ենք Արցախի ազատամարտին մասնակցած մեր ժողովրդի զավակներին և այսօր մեր հայրենիքի սահմանները անառիկ պահպանող մեր բանակի քաջարի սպաներին ու զինվորներին: Հայրենիքի պաշտպանության, ազատության, խաղաղության նվիրական խորհուրդն ունի մեզ համար Մայիսի 9-ը: Երկրորդ աշխարհամարտում ձեռք բերված հաղթանակի կերտման և աշխարհում խաղաղության հաստատման գործում մեր փոքրաթիվ ժողովուրդը ունեցել է հերոսական մասնակցություն և արժանի ներդրում: Հայկական դիվիզիաների, ռազմական խմբավորումներ գլխավորող հայ զորահրամանատարների, հայ սպաների ու զինվորների սխրանքներն ու անցած փառապանծ ուղին մեր պատմության նշանակալի էջերից են, որոնց մեր ժողովուրդը միշտ հպարտությամբ է անդրադառնալու: Հայրենիքի ազատ, ապահով և խաղաղ կյանքի նույն ձգտումով ու նվիրումով մեր ժողովուրդը հաղթանակեց նաև արցախյան ազատամարտում: Հաղթանակեց հավատով, միահամուռ ջանքերով, բոլոր մարտահրավերներին դիմակայելու նախանձախնդրությամբ ու հանձնառությամբ և հայրենի Արցախում շեն ու բարօր նոր կյանք կառուցելու պայծառ տեսլականով: Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին, հատկապես այսօր, երբ աշխարհը համակված է համընդհանուր նոր տագնապով, համավարակի բերած բազմաթիվ մտահոգություններով ու խնդիրներով, որոնք հուզում են նաև մեր կյանքը: Աղոթում ենք, որ մեր ժողովուրդը առ Աստված ապավինությամբ, համախմբված ու միմյանց աջակից հաղթահարի մեր երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները և միշտ ապրի հայրենիքին, ազգային կյանքին նվիրվածությամբ, նոր ձեռքբերումների հավատով ու վստահությամբ: Եվ թող հարուցյալ մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի հույսի, սիրո ու հավատի շնորհներն առաջնորդեն մեզ հաջողելու ամեն բարի գործի մեջ»:
18:06 - 09 մայիսի, 2020
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս,Այսօր ազգովի վերստին մեր խոնարհումն ենք բերում Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հավատի և hայրենիքի:Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների սպանդը, իր ազգային-հոգևոր արժեքների, մեր սրբավայրերի, վանքերի ու եկեղեցիների, մեր գյուղերի ու քաղաքների ավերումը, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագույն մասը։ Մեր նահատակները, ահավոր տառապանքների միջով անցնելով, «մասնակից դարձան Քրիստոսի չարչարանքներին, կերպարանակից՝ Նրա մահվան, ժառանգակից Հարության» (հմմտ․ Փիլիպ. 3.10) և աննկուն մնալով հավատքի մեջ՝ անպարտելի եղան ոգով ու մահվանից հավիտենական կյանք փոխադրվեցին՝ արժանանալով սրբերի անթառամ լուսեպսակին։Սիրելիներ, այս տարի համավարակի պատճառով հնարավորություն չունենք ուխտավորաբար քայլելու դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը, համախմբվելու մեր եկեղեցիներում և հուշակոթողների առջև՝ մեր սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչելու համար։ Այս իրավիճակում ընտանեկան հարկերից ներս և մեր նահատակների անմար հիշատակի առջև հոգևոր միասնությամբ աղոթենք և ուխտենք՝ իրագործել ազգային նվիրական տեսիլքները ազատ ու անկախ մեր հայրենիքի ապահովության, առաջընթացի ու բարօրության, սփյուռքի առավել շենացման, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր արդար դատի՝ պահանջատիրության հաղթանակի։Այս իղձերը կարող ենք կյանքի կոչել ազգի ու հայրենյաց հանդեպ պարտքի ու պատասխանատվության գիտակցությամբ, ազգային միաբանությամբ և մեր ջանքերը միավորելով՝ ի սեր հայրենյաց և հայոց լուսավոր գալիքի։Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հրավիրում ենք այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղության ու համերաշխության մեջ ընթանա մեր կյանքը, հաղթահարենք մեր առջև ծառացած առկա փորձությունները, և Տիրոջ օրհնությունն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»։
10:51 - 24 ապրիլի, 2020
Մահացել է հայ ազգի մեծ բարերար Ասո Թավիթյանը. Գարեգին Երկրորդի գրառումը

Մահացել է հայ ազգի մեծ բարերար Ասո Թավիթյանը. Գարեգին Երկրորդի գրառումը

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հայտնել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ազգի մեծ բարերար ու բարեգործ, մարդասեր և հայրենասեր Ասո Թավիթյանի անակնկալ մահվան մասին։ Ինչպես նա նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, առաջիկա կիրակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պիտի հոգեհանգստյան պաշտոն կատարվի տիար Ասո Թավիթյանի հոգու հանգստության համար։ Գարեգին Բ Կաթողիկոսի գրառման մեջ ասվում է. «Խորը ցավով տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ազգի մեծ բարերար ու բարեգործ, մարդասեր և հայրենասեր, մեր սիրելի բարեկամ Ասո Թավիթյանի անակնկալ մահվան մասին։ Նրա վախճանը ծանր կորուստ է մեր Սուրբ Եկեղեցու և ողջ ազգի համար։ Հնարավոր չէ ամբողջությամբ թվարկել մեր սիրելի Ասոյի բոլոր հայրենանվեր գործերը։ Իր բազմակողմ գործունեության մեջ կարևոր տեղ էր գրավում Հայոց Եկեղեցին, որին զորակցելու միջոցով բարեհիշատակ տիար Թավիթյանը յուրօրինակ իր տուրքն էր մատուցում ազգային ինքնության և ոգու ամրապնդման ձեռնարկներին։ Նրա ազնիվ հանձնառությամբ և ամենայն նախանձախնդրությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց իրականացվել «Հայոց Եկեղեցին 21-րդ դարում» ծրագիրը՝ նոր դարի իրողություններին ներդաշնակ կառավարվող Հայոց Եկեղեցի ունենալու տեսլականով։ Այդ կապակցությամբ բազում առիթներ ենք ունեցել վայելելու մեծանուն հայորդու ներկայությունը Սուրբ Էջմիածնում։ Ավելի ուժեղ Հայաստան ունենալու մղումով էր մեր սիրելի Ասոն աջակցում նաև նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը։ «Թավիթյան» հիմնադրամի միջոցով Հայաստանից շուրջ 350 երիտասարդներ իրենց բարձրագույն կրթությունն են շարունակել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում և այսօր ամենատարբեր ոլորտներում իրենց ծառայությունն են բերում ի պայծառություն մեր հայրենիքի։ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Ամենողորմ Աստված, որ Իր երանական օթևաններում քաղցրությամբ ընդունի մեր ժողովրդի նվիրյալ զավակի հոգին և Իր անբավ ողորմությամբ հատուցի այն բազում բարեսիրական գործերի համար, որոնցով իբրև խոնարհ հավատավոր անձ ապրում էր լուսահոգի Ասո Թավիթյանը և պիտի շարունակի մնալ Մեր հիշողության և ազգի պատմության մեջ։ Սիրելի՛ Ասո, հանգչի՛ր խաղաղությամբ։ Առաջիկա կիրակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պիտի հոգեհանգստյան պաշտոն կատարենք տիար Ասո Թավիթյանի հոգու հանգստության համար։ Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»։
20:18 - 22 ապրիլի, 2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է զերծ մնալ շահարկումներից . Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է զերծ մնալ շահարկումներից . Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս։Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա նախաշեմին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից և սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զորացման, համազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության»։
15:17 - 21 ապրիլի, 2020
ԱԺ նախագահն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վեհափառի հայտարարությանը |armenpress.am|

ԱԺ նախագահն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վեհափառի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ պետությունն ու եկեղեցին անջատ են և չպետք է խառնվեն միմյանց ներքին գործերին, սակայն միևնույն ժամանակ նկատում է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ունի այն բոլոր իրավունքները, որոնք ունեն Հայաստանի մյուս քաղաքացիները: Միրզոյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարության մասին հարցին: Լրագրողը նկատեց՝ պետությունը և եկեղեցին անջատ են, հետաքրքրվեց՝ այս հայտարարությամբ եկեղեցին արդյոք միջամտո՞ւմ է պետության գործերին:  «Պետությունը և եկեղեցին անջատ են: Եվ պետք է չխառնվեն իրար ներքին գործերին: Միևնույն ժամանակ կաթողիկոսը՝ Վեհափառը նույնպես ՀՀ քաղաքացի է, և ունի այն բոլոր իրավունքները, որոնք ունենք ՀՀ մնացած քաղաքացիները»,-ասաց Միրզոյանը: ԱԺ նախագահը չցանկացավ այս թեմայով լրացուցիչ որևէ բան ասել: Նա նկատեց՝ ցանկացած նոր բան կարող է նոր երանգ հաղորդել փոխադարձ հայտարարություններին, իսկ այս պահին դա պետության և ազգի  համար օգտակար չի լինի: «Ասելիք, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասել»,-նշեց Միրզոյանը: Ապրիլի 14-ին News.am կայքը հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:
12:19 - 17 ապրիլի, 2020
Հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի․ Վահրամ Քահանա Մելիքյան

Հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի․ Վահրամ Քահանա Մելիքյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայտարարություն Ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ի պատասխան News.am գործակալության հարցման կատարված հայտարարությունը տեղիք է տվել տարաբնույթ, այդ թվում և անտեղի ու անհարկի մեկնաբանությունների ու գնահատականների։ Հարկ ենք նկատում հայտնել հետևյալը՝ Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։ Հետևաբար, հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի։ Ցավոք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահայտած մտքերը ներկայացվում են հատվածաբար, իսկ ՀՀ երկրորդ նախագահին անդրադարձը՝ ենթատեքստից կտրված և այլափոխված։ Նորին Սրբության հորդորին առնչված բոլոր մեկնաբանություններն ու գնահատականները պետք է կատարել՝ խստորեն հետևելով տեքստի բովանդակությանը, ինչպես նաև դրսևորել անհրաժեշտ պատշաճություն և բարեկրթություն տեսակետներ և կարծիքներ արտահայտելիս, առավել ևս երբ դա կատարվում է պաշտոնատար դիրք զբաղեցնող անձանց կողմից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորն է ամենքին՝ միասնության և համերաշխության ոգով, ջանքերի մեկտեղումով լծվել համավարակի այս ծանր իրավիճակում հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»։
17:10 - 15 ապրիլի, 2020
Կառավարությունն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Վեհափառի հայտարարությանը |azatutyun.am|

Կառավարությունն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Վեհափառի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը պատասխանել է «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հայտարարությունը, ըստ որի՝ նա կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: «Նախ հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությանը, չի վերադարձել Հայաստան։ ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Այթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը: «NEWS.am» կայքն այսօր հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում մասնավորապես ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:
22:32 - 14 ապրիլի, 2020
Հաղորդ լինելով Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների կարծիքներին՝ կարեւոր ենք համարում խափանման միջոցի փոփոխությունը․ Գարեգին Բ

Հաղորդ լինելով Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների կարծիքներին՝ կարեւոր ենք համարում խափանման միջոցի փոփոխությունը․ Գարեգին Բ

news.am: Հաղորդ լինելով Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։ Նման դիրքորոշում է հայտնել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ NEWS.am-ի խնդրանքով անդրադառնալով փաստին, որ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում իրականացվող կանխարգելիչ մարդասիրական միջոցառումների շարքում  է քրոնիկ կամ համակցված հիվանդություններ ունեցող և ռիսկային խմբում գտնվող կալանավորների խափանման միջոցի փոփոխությունը, մինչդեռ ռիսկի խմբում գտնվող՝  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննարկելու համար դատական նիստն արդեն տևական ժամանակ է տեղի չի ունենում և դեռ պարզ չէ, թե այն երբ տեղի կունենա։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տրամադրված՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիրքորոշում-պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «Երկու օր առաջ ազգովի, աղոթքով միաբանված տոնախմբեցինք Սուրբ Հարության տոնը, որը դիմավորեցինք համավարակի այս ծանր ու դժվարին իրադրության մեջ։ Այդ առիթով Երկնավորից Ս․ Հարության շնորհների հայցի հետ մեկտեղ Մեր պատգամը հղեցինք աշխարհասփյուռ Մեր ժողովրդին՝ կարևորելով, որ հատկապես համավարակի վտանգի առջև մենք կարողանանք պահպանել մեր մարդկայնությունը, տերունապատվեր սիրով ու հոգատարությամբ շաղախել մեր կյանքն ու գործը, իսկ փորձությունից դուրս գալ ավելի ուժեղ, միասնական ու համախմբված՝ իբրև Քրիստոսին հավատարիմ հարուցյալ ժողովուրդ։ Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է և դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց,  ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր այս վարակից։ Նման հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով Մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել։  Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։
19:22 - 14 ապրիլի, 2020
Քրիստոսի Հարությունը հավիտենության պարգևն է բոլորիս. Գարեգին Բ-ի պատգամը

Քրիստոսի Հարությունը հավիտենության պարգևն է բոլորիս. Գարեգին Բ-ի պատգամը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 12-ին, Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով մատուցվել է Հայրապետական Սուրբ Պատարագ։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Սուրբ Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել   Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով։ Նա ընդգծել է, որ համավարակի ներկա բարդ պայմաններում Հայ Առաքելական եկեղեցիներում առանց հավատացյալների են կատարվում սրբազան արարողությունները՝ վստահություն հայտնելով, որ հավատացյալները հոգով, մտքով ու ձեր աղոթքներով Հայ Առաքելական եկեղեցու հետ են, և միասնաբար ու միասիրտ նշում են սքանչելախորհուրդ այս տոնը։ Վեգհափառ Հայրապետն իր պատգամում նշել է. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Դու ես Քրիստոս․ կեանք եւ յարութիւն ազգի մարդկան» (Շարական) Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամներ հայտնեց Իր չարչարանքների և Հարության մասին, որի իմաստը նույնիսկ առաքյալները հստակությամբ չէին ըմբռնում։ Քրիստոսի խաչելությունից հետո նրանք հուսահատ փակվել էին վերնատան մեջ և տարակուսում էին հավատալ Փրկչի Հարության մասին յուղաբեր կանանց ավետիսին։ Սակայն Հարուցյալ Քրիստոսի հետ հանդիպումից հետո տխրությունը վերափոխվեց Տիրոջ հետ միասնության երանության։ Տիրոջ խաչելության և մահվան հարուցած ցավը փոխակերպվեց Փրկչի հաղթության բերկրանքի, վշտի մռայլ գիշերը՝ հարության տիեզերանորոգ արշալույսի։ Եվ քրիստոնեության լույսն ու վարդապետությունը հաղթականորեն տարածվեցին ողջ աշխարհում՝ մարդկության կյանքն ուղղորդելով դեպի փրկություն ու հավիտենություն։ Քրիստոսի Հարության բերկրալի ավետիսը առանձնակի հուսառատությամբ ու մխիթարությամբ է արձագանքում մտահոգիչ մեր ժամանակներում, երբ մարդկությունը կրում է վիշտ ու տառապանք, զրկանք ու կորուստներ, վերապրում համընդհանուր տագնապ ու ճգնաժամ։ Այս տարվա զատկական կենսանորոգ տոնակատարությունը ողջ աշխարհում բազում հավատացյալներ անցկացնում են մեկուսի, շատեր՝ հեռու իրենց սիրելիներից ու մտերիմներից։ Համավարակի ներկա բարդ պայմաններում նաև մեր եկեղեցիներում առանց հավատացյալների ենք կատարում սրբազան արարողությունները, բայց վստահ ենք, որ դուք, սիրելիներ, հոգով, մտքով ու ձեր աղոթքներով մեզ հետ եք, և միասնաբար ու միասիրտ ենք նշում սքանչելախորհուրդ այս տոնը։ Քրիստոսի Հարությունը մարդկային գոյության նորոգումն է և հավիտենության պարգևը բոլորիս։ «Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առավել ևս ունենան»,- ասում է Տերը (Հովհ․ 10․10): Քրիստոսի պարգևած կյանքը մեր առօրեական դժվարություններից ու հոգսերից վեր նոր իրականություն է, ուր Աստծո կամքն է տնօրինվում, ուր Տիրոջ պատվիրաններն ու պատգամները արդյունավորվում են երկնահաճո իրագործումներով, և կյանքի խավարը վերածվում է այգաբացի։ Աշխարհով մեկ տարածված համավարակը մարտահրավեր է՝ ուղղված մարդկությանը, բայց հատկապես՝ մարդկայնությանը։ Հավատում ենք, որ մարդկությունը կհաղթահարի համավարակի այս ծանր կացությունը և դրանով պայմանավորված բոլոր դժվարությունները սոցիալական, տնտեսական, կրթական, հասարակական ոլորտներում։ Սակայն առավել էական է, որ անշրջելի հաղթանակ արձանագրվի անմարդկային բոլոր դրսևորումների, նյութապաշտության, աղքատության, անհավասարության, ռազմատենչության, պատերազմների և այլ չարիքների դեմ։ Մարդկության մեջ եղել են և այսօր էլ կան մարդասիրության, համերաշխության, ժողովուրդների իրավունքների պաշտպանության, հանուն բարիքի համատեղ գործելու բազում վկայություններ, որոնք լուսավոր ուղենիշ են աշխարհի նոր ընթացքի համար։ Մարդկությունը պետք է գիտակցի՝ առաջընթացի ու երջանկության երաշխիքը Աստծով ապրված կյանքն է, որ դառնում է օրհնության, ուժի ու զորության աղբյուր։ Աստծո ողորմությամբ այս փորձությանն էլ աշխարհը կդիմագրավի։ Սակայն կենսականորեն կարևոր է այդ հաղթահարման հետ դառնալ ավելի ուժեղ, միասնական ու համախմբված, հոգեպես զորացած՝ Աստծուն մշտապես ունենալով մեզ առաջնորդ ու ապավեն։ «Ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին` մեր հավատը»,- ասում է առաքյալը (Ա Հովհ․ 5․4): Այո՛, սիրելիներ, Հարության հավատքով, մեր կյանքում Փրկչի ներկայության գիտակցությամբ մենք ի զորու կլինենք լուծման առաջնորդելու մեր ժողովրդի առջև հառնած խնդիրները և կերտելու այն լուսավոր ապագան, որ երազում ենք բոլորս։ Քաջ գիտենք, որ դուք աշխարհում ամենուր դիմակայում եք առկա նեղություններին ու դժվարություններին։ Բոլոր հանգամանքներում, սակայն, մեր պատրաստակամությունն ու հանձնառությունը պիտի դրսևորվի՝ հոգ տանելու նաև մեր հայրենիքի և մեր քույրերի ու եղբայրների հանդեպ։ Վերստին կոչ ենք հղում ի հայրենիս և ի սփյուռս Մեր ժողովրդի զավակներին՝ համավարակի դժվարին իրավիճակը հաղթահարելու, հիվանդների ապաքինման միջոցներն ու խնամքը հոգալու, խիստ նեղության մեջ հայտնված հայորդիներին օգնության ձեռք մեկնելու գործում հնարավոր զորակցություն բերելու հայրենի իշխանություններին և ընծայաբերումներ կատարելու պետության կողմից այս նպատակով բացված հատուկ հաշվեհամարին։ Մեր Եկեղեցին այս օրերին աշխարհասփյուռ իր թեմերով ավելիով իր ջանքերն է ներդնում օժանդակություն ցուցաբերելու կարիքավորներին, հոգևոր խնամք և մխիթարություն մատուցելու մեր ժողովրդի զավակներին հայրենիքում և համայն աշխարհում։ Բարեպաշտ զավակներ Մեր, Տերունապատվեր սիրով ու հոգատարությամբ շաղախենք մեր կյանքն ու գործը, ամուր պահենք համազգային միասնությունն ու համերաշխությունը՝ որպես Քրիստոսով հաղթանակած, Քրիստոսին հավատարիմ հարուցյալ ժողովուրդ։ Ապրենք հարության հավատով, Քրիստոսի պատվիրանների իրագործման նախանձախնդրությամբ՝ նոր հաղթանակներով ու պայծառ երազներով կերտելու մեր բարօր, շեն ու հզոր հայրենիքը և նրա լուսավոր գալիքը։   Այս մաղթանքով Քրիստոսի հրաշափառ Հարության քաջալերող ավետիսն ենք բերում Մեր հոգևոր եղբայրներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին՝ հայցելով Երկնավոր մեր Տիրոջ օգնականությունն ու պահպանությունը: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանին, Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն՝ մաղթելով ուժ ու կորով դժվարին իրավիճակները հաղթահարելու և հայրենի պետությունը առաջընթացի ու բարօրության ուղիներով առաջնորդելու։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս, ի մասնավորի՝ Մեր բարձր գնահատանքը ստեղծված ծանր պայմաններում իրենց երախտարժան ծառայությունը մատուցող բժիշկներին, մեր հաղթական բանակի քաջարի զինվորներին ու սպաներին, ոստիկաններին, ուսուցիչներին, գովարժան սպասավորություն իրականացնող բոլոր նվիրյալ անձանց: Աղոթք ենք բարձրացնում առ Փրկիչ մեր Տերը, որ Հարության Իր լուսեղեն շնորհները տարածյալ պահի համայն մարդկության, հայրենի մեր երկրի, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի վրա, ազատի փորձություններից և պարգևի խաղաղություն և երկնահեղ անսպառ օրհնություն։ Թող Քրիստոսի Հարության և կյանքի հաղթանակի բարի ավետիսը մշտահունչ լինի մեր սրտերում ու հոգիներում։ Եվ միասնաբար, Քրիստոսով քաջալեր ու զորացած, փորձությունները հաղթահարելով և մեր նոր կյանքը կերտելով՝ միշտ փառաբանենք Ամենակալն Աստծուն Իր անսահման սիրով մեզ պարգևած փրկության և հավիտենական կյանքի անգին շնորհների համար։ Մնացեք Տիրոջ սիրո, շնորհի և օրհնության ներքո այժմ և միշտ և հավիտյանս․ ամեն։ Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։  
12:40 - 12 ապրիլի, 2020
Կաթողիկոսն աղոթել է բժշկության համար. Ծաղկազարդին դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

 |armenpress.am|

Կաթողիկոսն աղոթել է բժշկության համար. Ծաղկազարդին դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 5-ին նշել է Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվել է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս կողմերը: «Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի դուրս էր բերվել համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որից սփռվող օրհնության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Տիրոջ հովանին համայն աշխարհին, մեր երկրին և ողջ ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Վեհափառ Հայրապետն աղոթեց վարակից ապաքինվողների բժշկության, մեկուսացվածների ոգու ամրության, նեղյալների ու սգացյալների մխիթարության և ի Քրիստոս ննջեցյալների հոգիներին՝ հավիտենական կյանքի երանության համար: Նորին Սրբությունը հայցեց Երկնավորին նաև ուժ և կարողություն շնորհել պետական այրերին և դժվարին հանգամանքներում իրենց նվիրյալ ծառայությունը մատուցող բոլոր անձանց։ Արարողության վերջում համայն հայության հոգևոր կենտրոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին: Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ․ ամէն։ «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն,օրհնեա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով,օրհնութի՜ւն՝ բարձունքներում»։(Մատթ․ ԻԱ 9) Սիրելի հավատացյալ զավակներ Մեր,Այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Ծաղկազարդը։ Այս հոգեպարար տոնը նշում ենք Քրիստոսամուխ Սուրբ Գեղարդի աստվածային հրաշագործ ու բուժիչ զորության հայցով մեր ժողովրդի և ողջ մարդկության համար։ Ծաղկազարդը, ինչպես գիտեք, հիշատակն է Երուսաղեմ Փրկչի փառավոր մուտքի, երբ ժողովրդի բազմությունը ուրախությամբ, ձիթենու և արմավենու դալար ճյուղերը ձեռքներին դիմավորում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ բացականչելով. «Օրհնություն Դավթի Որդուն, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն` բարձունքներում»։ Քրիստոս բարձրանում էր Երուսաղեմ որպես «գառն Աստծո», որ Իր կյանքը զոհաբերեր խաչի վրա, Իր կենարար արյան հեղմամբ ազատագրեր մարդկությանը մեղքի գերությունից և բացեր դեպի Աստված տանող արքայության դռները: Ժողովուրդը դիմավորում էր Նրան որպես հաղթական Թագավորի, ով պիտի ազատություն բերեր օտար տիրապետության լծից։ Սակայն Հիսուս մուտք էր գործում որպես հաղթական Թագավոր, ում անձի մեջ Աստծո խոստումները պիտի իրագործվեին, Նա պիտի հաղթեր մեղքին ու մահվանը՝ ինքնազոհաբերությամբ։ Աշխարհի փրկիչն ու թագավորը, մարմնացյալ Աստծո Որդին, մահացավ անարգ մահով խաչափայտի վրա, որպեսզի Իր հարությամբ մարդկանց շնորհի հավիտենական կյանքի անգին պարգևը: Այս մեծագույն խորհուրդը դժվարընկալելի էր և տակավին դժվարըմբռնելի է շատերի համար։ Սիրելիներ, այսօր բոլորիս հոգիներում Ծաղկազարդի տոնի ուրախության ազնիվ զգացումներն են, բայց նաև՝ համայն աշխարհի և մեր ժողովրդի առջև ծառացած համավարակի մտահոգությունը։ Ցավ ենք ապրում, որ Ավագ Շաբաթվա այս նվիրական օրերին մեր հավատավոր զավակները չպիտի կարողանան եկեղեցիներում համախմբվել և միասնաբար անցկացնել եկեղեցական արարողությունները, սակայն Մեր հայրական հորդորն է, որպեսզի աղոթեք տանը, ընթերցեք Ավետարանը, հատկապես Ավագ Շաբաթվա ընթերցվածքները և հոգևոր ապրումներով ու խոկումով լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ՝ Նրա երկրային կյանքի վերջին օրերի խորհրդին հաղորդ։ Աստվածամուխ Սուրբ Գեղարդից ճառագող օրհնության ներքո կատարեցինք Ծաղկազարդի անդաստանի արարողությունը՝ Մեր սրտում ունենալով մեր ողջ ժողովրդին, ի մասնավորի ապաքինման և մեկուսացման մեջ գտնվող Մեր զավակներին և դժվարին այս իրավիճակի հաղթահարման համար իրենց նվիրյալ ծառայությունը բերող բոլոր անձանց։ Ամենաբուժիչ Սուրբ Գեղարդով օրհնեցինք ձեզ, սիրելի հավատավոր զավակներ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, որ զորանաք հավատով, հույսով ու սիրով, որ Տերը քաջառողջություն շնորհի և ապահով պահի ու պահպանի ձեզ բոլորիդ, և փորձության այս օրերը հաղթահարեք Աստծո շնորհով, ողորմությամբ և օգնականությամբ։ Մենք հաստատ համոզումն ունենք, որ Տերը ազատելու է մեզ վշտերից ու տառապանքներից, պարգևելու է ուժ և կորով, որ կարող լինենք միասնությամբ, համատեղ ջանքերով վերականգնել մեր բնականոն կյանքը։ Հավատավոր զավակներ Մեր, Հայրապետիս հորդորն է ձեզ, որ այս գիտակցումով աղոթեք, այս տեսլականով գործեք՝ հանուն ձեր ընտանիքների ապահովության, ձեր եղբայրների ու քույրերի առողջության։ Ամենայն լրջությամբ խստագույնս հետևեք պատկան մարմինների հրահանգներին և կատարեք անհրաժեշտ բոլոր ցուցումները։ Գիտենք, որ յուրաքանչյուրդ նեղությունների եք դիմագրավում, ենթարկվում հոգեբանական, առողջապահական, տնտեսական դժվարությունների, որոնց հանդիման առ Աստված ապավինությամբ կոփվում ու ամրանում են հավատքը, մերձավորին սիրո և օգնության ձեռք մեկնելու, հայրենի պետության շուրջ համախմբվելու վեհ գաղափարները։ Այս հանգամանքներում, որպես Ամենայն Հայոց Հայրապետ, կոչ ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին հայրենիքում և սփյուռքում՝ ըստ կարելիության սրտաբուխ նվիրատվություն կատարել համավարակի դեմ պայքարի նպատակով բացված պետական հաշվեհամարին՝ առկա իրավիճակով պայմանավորված անմիջական կարիքներն ու անհրաժեշտությունները հոգալու համար։ Այս օրը սովորաբար, սիրելիներ, Մանուկների օրհնության առիթով մեր եկեղեցիները լի էին երեխաներով, նրանց ժպիտով ու ծիծաղով։ Մենք այսօր աղոթեցինք նաև մանուկների առողջության, նրանց երջանիկ կյանքի և լուսավոր գալիքի համար։ Առանձնակի հոգածությամբ ու հոգատարությամբ խնամատարենք երեխաներին, շրջապատենք ամենայն սիրով ու գուրգուրանքով, սնենք ու դաստիարակենք ազգային, հոգևոր մեր արժեքներով։ Սիրելի զավակներ Մեր, տերունական այս սքանչելի տոնի առիթով ընդունելով Տիրոջը մեր սրտերում, փառաբանենք և օվսաննա վերառաքենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ ասելով․ «Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն՝ բարձունքներում»։ Ամուր մնանք մեր հույսի ու հավատքի մեջ առ Տերը, ով Իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար, Իր մահվամբ մահը խորտակեց և Իր Հարությամբ մեզ հավիտենական կյանք պարգևեց։ Նրան փառք հավիտյանս հավիտենից. ամեն»,- նշված է հաղորդագրության մեջ:
13:32 - 05 ապրիլի, 2020
Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի լրատվական բաժինը։ Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, որով արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հայոց աշխարհն ու մեր ժողովրդին՝ հայցելով բազմաչարչար Հայրապետի բարեխոսությամբ Երկնավոր Տիրոջ զորակցությունն ու օգնությունը՝ աշխարհին և մեր ժողովրդին պատուհասած համավարակի դիմագրավման համար։ Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայությանը՝ վերջում վերստին Լուսավորչի Սուրբ Աջով և «Պահպանիչ» աղոթքով օրհնելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Պատգամն ամողջությամբ՝ ստորև․ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ԵՎ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊՆ ՏՈՆԻՆ`ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԻ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Աստծուց է զորությունն ու փառքն իմ,  Աստված է օգնականն իմ և Աստծու վրա է հույսն իմ»։ (Սաղմ․ 61:8) Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրն է։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան և սրբարար մասունքներից սփռվող օրհնության ներքո աղոթք վերառաքեցինք առ Ամենակալն Աստված՝ խնդրելով Տիրոջ ողորմություններն ու օրհնությունները աշխարհասփյուռ մեր ժողովրդին և համայն աշխարհին։  Սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքն ու չարչարանքները վկայում են նրա զորեղ  հավատքի և առ Տերն աներկբա հույսի մասին: Բազում տառապանքների ու նեղությունների մեջ նա ամուր պահեց Աստծուն ապավինելու իր կամքը՝ աղոթելով սաղմոսերգուի բառերով. «Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, և Աստծու վրա է հույսն իմ» (Սաղմ․ 61:8)։ Արդարև, սիրելիներ, Լուսավորիչ Հայրապետի սխրանքի ուղին Քրիստոսասեր ազգիս համար դարձել է քաջալերող օրինակ աստվածապավինության, համբերատարության ու արիության` հատկանիշներ, որոնք կենսականորեն անհրաժեշտ են բոլոր ժամանակներում, մասնավորապես դժվարին այս օրերին, երբ մեր ժողովուրդը համայն մարդկության հետ միասին պայքարում է համավարակի հաղթահարման համար: Հայոց երկրորդ Լուսավորիչ Սուրբ Գրիգորի զորեղ հավատքով մեր ժողովուրդը արժանացավ Հարուցյալ Փրկչի լուսեղեն էջքին հայրենի հողում: Ազգովի հավատացինք Միակ ճշմարիտ Աստծուն, Նրա Միածին Որդուն և փրկչական առաքելությանը: Քրիստոսի հաղթական Հարության հույսին խարսխված կյանքը ճառագեց Հայոց աշխարհում, և հավատքը դարձավ մեր ժողովրդի համար կենսապարգև զորություն, որով կերտեցինք մեր ոսկեդարը, մեր դպրության  ու մշակույթի բարձր արժեքները, դիմակայեցինք պատմության արհավիրքներին, վերապրեցինք Հայոց Ցեղասպանությունը և վերահաստատեցինք մեր անկախ պետականությունը։ Սիրելի զավակներ Մեր, այսօր մեր և աշխարհի կյանքը փոթորկած համավարակի փորձության մեջ նույնպես մեր հավատքի հայրը իր կյանքի օրինակով պատգամում է մեզ հուսալ առ Աստված, ընդունել Նրա զորությունը և հավատքը դարձնել կյանքի ճանապարհ: Հիրավի, նա, ով հավատում և վստահում է Աստծուն, չի վախենում կամ տարուբերվում փորձության փոթորկահույզ ուժգին ալիքներից, և որպես ժայռի վրա հաստատված տուն, որը հնարավոր չէ կործանել,  մնում է ամուր ու հաստատուն, քանզի նրա խարիսխը Աստծո հույսն է, ինչպես առաքյալն է ասում. «Մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապաստան գտանք՝ կառչելու առաջիկա հույսից, որը հաստատուն և անշարժ խարիսխ է մեզ համար» (Եբր․ 6:18-19)։  Սիրելիներ, աղոթական այս պահին ի դեմս համայն հայության, Մեր սրտում ունենալով նաև ապաքինման կարոտ Մեր զավակներին, խոնարհվեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքակիր Աջի առջև և հայրաբար օրհնեցինք ձեզ, որ զորանաք հավատով ու սիրով, գոտեպնդվեք հույսով, զինվեք համբերությամբ և փորձության այս օրերը դարձնեք հնարավորություն՝ առանձնության մեջ խորհելու կյանքի ու հոգևոր արժեքների կարևորության, միմյանց հանդեպ հոգատարության, մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և ապագայատեսիլ իրագործումների մասին: Ստեղծված իրավիճակում մենք ամենքս կոչված ենք խստագույնս հետևելու պետական պատկան մարմինների ցուցումներին, առավելագույն սթափություն ու զգոնություն դրսևորելու, որպեսզի պատճառ չդառնանք վարակի տարածման, չվտանգենք մեր, մեր հարազատների ու հայրենակիցների առողջությունը:  Այժմ հրավիրում ենք ձեր սրտաբուխ աղոթքով միանալու Մեր հայցին առ Աստված և խնդրելու Տիրոջ ամենախնամ հովանին ու պահպանությունը՝ համայն աշխարհին և Մեր զավակներին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:
21:26 - 28 մարտի, 2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորի առիթով. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,Ամանորի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ: Ամանորը ժամանակի յուրօրինակ սահմանագիծ է հնի և նորի, անցյալի և ապագայի միջև և առիթ՝ գնահատելու անցած ուղին, արարված լավն ու բարին, թույլ տրված սխալները, որովհետև դրանց անկեղծ ու շիտակ գնահատականն է պայմանավորում այն տեսլականն ու ակնկալությունները, որոնցով մուտք ենք գործում 2020 թվական: Անցնող 2019 թվականը պետական կյանքի վերակազմակերպման, նոր ծրագրերի, իրագործումների ժամանակ եղավ: Հայրենական, ազգային և հոգևոր մեր անդաստանում ունեցանք հաջողություններ: Դրական իրագործումների կողքին տակավին առկա են հրատապ լուծման կարոտ խնդիրներ և նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքն ու աշխատանքը: Յուրաքանչյուրիս ծառայանվիրումի ոգին, պատասխանատվությունն ու դավանած արժեքներն են, որ պիտի իրական դարձնեն հզոր հայրենիքի, պայծառ ապագայի մեր տեսիլքները: Նոր տարին նոր սկիզբ է մեր կյանքը նորոգելու և առաջընթացի ուղիներում հաստատուն պահելու: Մենք բոլորս պատասխանատու ենք մեր ապրած յուրաքանչյուր օրվա համար: Պատասխանատու ենք Աստծո, մեր պատմության, մեր նախնյաց և սերունդների առջև: Հայրապետիս հորդորն ու պատգամն է, սիրելիներ, որ այս գիտակցությամբ անենք առավելագույնը Հայաստանն ու Արցախը հզորացնելու, մեր կյանքը խռովող երևույթները փարատելու, ամրապնդելու համերաշխության ոգին մեր հասարակության մեջ և միասնականությունը ազգային մեր կյանքում: 2020 թվականը հայրենաշինության և ազգային կյանքի պայծառացման տարի դարձնենք միմյանց հանդեպ սիրով, բարու մեջ մեր նախանձախնդրությամբ և միշտ ապավինելով Աստծուն, քանզի ինչպես սաղմոսերգուն է ասում,- «Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են Իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են Իրեն ճշմարտապես» (144:18): Ամանորի այս հուսառատ պահին Մեր ջերմ բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ՝ պաշտոնյա, գործարար, մտավորական, արվեստագետ, հողի մշակ ու աշխատավոր, բոլոր բոլորիդ, ում ջանքերի, հավատքի, նվիրումի շնորհիվ զորանում են կամքն ու վճռականությունը կերտելու մեր հայրենիքի ու ժողովրդի անկասելի առաջընթացը: Հայրապետիս սերն ու բարձր գնահատանքը՝ Հայոց բանակի յուրաքանչյուր քաջարի զինվորին: Մեր աղոթքն ու օրհնությունը՝ նոր տարին ծառայության մեջ դիմավորողներին և այս պահին ընտանեկան օջախից հեռու գտնվողներին: Աղոթենք միասնաբար Մերձավոր Արևելքում դժվարություններ դիմագրավող մեր ժողովրդի զավակների, նաև նեղության մեջ գտնվողների, հոգով և մարմնով տկարների համար: Մեր աղոթքը բարձրացնենք աշխարհի խաղաղության համար՝ հայցելով, որ Բարին Աստված Իր Սուրբ Աջի ներքո պահպանի մեր հայրենիքը, մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի և արդյունավորի Հայաստանի և Արցախի մեր իշխանությունների ջանքերը դարերով փայփայած անկախ պետականության զորացման ճանապարհին: Թող Փրկիչ մեր Տիրոջ սերն ու առատ շնորհները միշտ ձեզ հետ լինեն, հովանի՝ ձեր կյանքին և ձեր ընտանիքներին: Շնորհավոր նոր տարի»:
05:31 - 01 հունվարի, 2020
Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին: Ազգային ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների մեր ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը: Մեր ժողովուրդն աներկբա հավատով ձգտեց իր պատմական հայրենիքի հողի վրա անկախ պետականության վերակերտմանը՝ ամուր վստահությամբ, որ միայն այդ հաստատուն հիմքի վրա կարող պիտի լինի կազմակերպել զարգացող ու առաջընթաց իր կյանքը, ապահովել ազգի հարատևությունը: Անկախ պետականությունը՝ իբրև ազգային երազների մարմնավորյալ զավակ, համախմբեց նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդին, դարձավ հնարավորություն միասնական ջանքերով նվիրվելու նրա ամրապնդմանն ու հզորացմանը: Ամեն օր արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք Աստծո շնորհով և մեր ազգի զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը: Մեր մաղթանքն է, որ այս գիտակցությամբ ու զգացումներով տոնախմբենք Անկախության տոնը, որպեսզի նրա խորհուրդը ամուր մնա մեր և հետագա սերունդների կյանքում: Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ պահի մեր հայրենիքը և օրհնի մեր ժողովրդի ջանքերը՝ հանուն իր շեն ու բարգավաճ ազգային կյանքի և լուսավոր գալիքի: Տիրոջ ողորմությունն ու շնորհները թող լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն:    
06:12 - 21 սեպտեմբերի, 2019