Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Ազատվելով անցանկալիներից. բացակայել են ավագանու տասնյակ անդամներ, հեռացվել՝ երեքը  

Ազատվելով անցանկալիներից. բացակայել են ավագանու տասնյակ անդամներ, հեռացվել՝ երեքը  

Այս տարվա փետրվարի 7-ին բացակայությունների հիմքով մանդատից զրկվեցին Երեւանի ավագանու երեք ընդդիմադիր անդամներ՝ Հայկ Մարությանը, Նարինե Հայրապետյանն ու Սոննա Աղեկյանը։ Արտահերթ նիստի [1, 2] ընթացքում ավագանին քննարկեց ավագանու 5 անդամների՝ Հայկ Մարությանի, Գեւորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Սոննա Աղեկյանի եւ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Մյուս երկու անդամների լիազորությունները դադարեցնելու նախագծերը անհրաժեշտ թվով քվեներ չստացան։ Ավագանու նշյալ անդամների լիազորությունները դադարեցնելու հիմնավորումն այն էր, որ նրանք 5-րդ գումարման ավագանու 1-ին նստաշրջանի ընթացքում անհարգելի բացակայել էին քվեարկությունների ավելի քան կեսից։  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն, իհարկե, ունի սահմանում, համաձայն որի՝ վերը նշյալ հիմքով կարող են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները, սակայն խնդիրն այն է, որ ավագանու 65 անդամներից միայն նշված 5-ը չէ, որ բացակայությունների «ընդունելի» շեմը հատել էին։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է 2018 թվականից մինչ օրս Երեւանի ավագանու կազմի բացակայությունների տվյալները՝ փորձելով հասկանալ, թե ավագանու որ անդամներն են ամենաշատը բացակայել, եւ արդյո՞ք նրանց հանդեպ էլ օրենքը նույն խստությամբ է կիրառվել, ինչ ընդդիմադիր վերոնշյալ երեք անդամների հանդեպ։   Օրենք, որը հայեցողական կիրառման հնարավորություն է տալիս  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: Վերը նշված հոդվածը անհարգելի բացակայության հիմքով ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես գալն ու նման որոշում կայացնելը ի վերջո թողնում է ավագանու անդամների հայեցողությանը։ Օրենքը նաեւ չի մեկնաբանում, թե ինչ ասել է «անհարգելի»։  Սակայն ավագանին 2021 թվականին փորձել է լրացնել օրենքի այս բացը եւ փոփոխություններ ու լրացումներ կատարել  «Երեւան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» որոշման մեջ՝ սահմանելով, որ «ավագանու հերթական նիստից անհարգելի բացակայություն է համարվում, եթե ավագանու անդամը չի մասնակցել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունների գրանցումների ավելի քան կեսին»։ Նույն որոշմամբ սահմանվել է, որ բացական հարգելի է համարվում, երբ պատճառը հիվանդությունն է կամ արտերկրյա գործուղումը։ Որոշման մեջ նշվում է, որ հիվանդության պատճառով բացակայելու դեպքում ավագանու անդամը, իսկ անհնարինության դեպքում՝ խմբակցության ղեկավարը  Երեւանի քաղաքապետին է ներկայացնում համապատասխան տեղեկանք բժշկական հաստատությունից։ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամներ Մարատ Թոխյանը, Նատալյա Սինորյանը, Արմեն Գալջյանը, Լեւոն Լեւոնյանը, Դիանա Քերոբյանը, Հայկ Միրզոյանը, Արման Հարությունյանը, Լուսինե Գեւորգյանը, «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու նախագծերի հիմնավորումներում նշել էին, որ Երեւան քաղաքի ավագանու 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում տեղի են ունեցել 4 նիստեր, որոնց ընթացքում կազմակերպվել են 42 քվեարկություններ, սակայն «Մայր Հայաստան» խմբակցությունից  Նարինե Հայրապետյանը մասնակցել է դրանցից 10-ին,  Սոննա Աղեկյանը՝ 8-ին, Գեւորգ Ստեփանյանը՝ 7-ին, իսկ  Զարուհի Փոստանջյանը եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանը չեն մասնակցել որեւէ քվեարկության։ Ավագանու նշյալ անդամները չեն ներկայացրել նաեւ բացակայությունների հարգելի լինելը փաստող տեղեկանքներ։Երեւանի 5-րդ գումարման ավագանու նիստ Նույն հիմնավորմամբ ավագանու եւս 22 անդամի լիազորություններ դադարեցնելու նախագծեր կարող էին ներկայացվել, սակայն ավագանին հայեցողական մոտեցում է ցուցաբերել Ավագանու անդամները միայն ընդդիմադիր 5 գործընկերների վերաբերյալ էին նախագծեր ներկայացրել, այնինչ ավագանու եւս 22 անդամ առաջին նստաշրջանի ընթացքում բացակայել էր քվեարկությունների ավելի քան կեսից։  Անհարգելի բացակայած ավագանու անդամների ճշգրիտ ցանկը ստանալու համար նախ Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանից ճշտեցինք, թե 2018 թվականից մինչ օրս ավագանու անդամներից քանիսն են ներկայացրել հարգելի բացակայությունը հավաստող փաստաթղթեր։ Կոստանյանը «Ինֆոքոմին» հայտնեց, որ 2018-2024 թվականներին Երեւանի քաղաքապետարան ներկայացվել է ընդամենը երկու նման տեղեկանք՝ ավագանու անդամներ Անի Խաչատրյանից ու Արման Հարությունյանից՝ 2022 թվականին։ Այժմ վերլուծենք 2023 թվականին կայացած եւ ավագանու 3 անդամների հեռացման հիմք հանդիսացած 5-րդ գումարման ավագանու 1-ին նստաշրջանի տվյալները։ Նախ նշենք, որ ավագանու անդամները, որոնք ներկայացրել էին համապատասխան նախագծերը, քվեարկությունից բացակայություն են հաշվել ոչ միայն այն դեպքերը, երբ ավագանու անդամը չի գրանցվել քվեարկությանը, այլ նաեւ երբ գրանցվել է, սակայն չի քվեարկել կողմ, դեմ կամ ձեռնպահ։ Օրինակ, ավագանու անդամ Սոննա Աղեկյանը 42 քվեարկություններից 12-ին գրանցվել է, սակայն դրանցից 4-ի ժամանակ չի քվեարկել դեմ, կողմ կամ ձեռնպահ։ Նրա լիազորութունները դադարեցնելու նախագծում նշված է, որ Աղեկյանը միայն 8 քվեարկության է մասնակցել։ Ստորեւ մենք դիտարկել ենք ավագանու անդամների բացակայությունները՝ հիմք ընդունելով ոչ թե քվեարկել-չքվեարկելու, այլեւ քվեարկություններին գրանցված լինել-չլինելու հանգամանքը։ Հաշվարկի այս մեթոդի պարագայում անգամ կան ավագանու մի շարք անդամներ, որոնց բացակայությունները օրենքով սահմանված շեմը գերազանցում են։ Այսպիսով, «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը չի մասնակցել 30 քվեարկության, Իզաբելլա Աբգարյանը՝ 25, Գրիգորի Երիցյանը՝ 27, Քրիստինա Վարդանյանը՝ 30, Պեդրո Զարոկյանը՝ 27, Իոսիֆ Կուբատյանը՝ 26, Սամվել Մելիքյանը՝ 25, Արաքսի Դիլանյանը՝ 25, Արամ Թորոսյանը՝ 25, Ռոբերտ Ծովյանը՝ 25, Նարինե Արամյանը՝ 27, Տիգրան Պետրոսյանը՝ 28, Սեդա Տեր-Մինասյանը՝ 25, «Մայր Հայաստան» խմբակցությունից Մանուկ Սուքիասյանը՝ 32, Սամվել Հարոյանը՝ 32, Մեսրոպ Մանուկյանը՝ 32, Սամվել Հակոբյանը՝ 30, Արմեն Քոչարյանը՝ 23, Գրիգոր Իսկանդարյանը՝ 24, «Հանրային ձայն» խմբակցությունից Արտակ Գալստյանը (կալանավորված է)՝ 42, Տիգրան Ուրիխանյանը (նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված)՝ 42, ավագանու անկախ անդամ Անույշ Խուդավերդյանը՝ 25։  Այսինքն, օրենքի պահանջը խախտել է ավագանու 22 անդամ (չհաշված ավագանու այն երկու անդամներին, որոնց հեռացնելու վերաբերյալ նախագծերը չեն հավաքել անհրաժեշտ թվով ձայներ), բայց միայն երեքն են զրկվել մանդատից։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը նախագծերի քննարկման ժամանակ բացակայության հիմքով ավագանու մանդատից միայն երեք անդամի զրկելը համարել էր խտրական մոտեցում։ Նա նշել էր, որ ինքն օրենքը խախտողներից մեկն է, քանի որ բացակայել է հանձնաժողովի բոլոր նիստերից։ Երիցյանն առաջարկել էր ինչպես իր, այնպես էլ օրենքի նորմը խախտած ավագանու մյուս անդամների լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնել։ «Կարծում եմ՝ եթե դուք էլ նույն ոճով շարունակեք, այդ օրը սարերի հետեւում չի լինի»,- Երիցյանի դիտարկմանն արձագանքել էր ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լեւոն Լեւոնյանը, որը ներկայացնում էր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագիծը։Մեջտեղի շարքում ձախից՝ աջ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Քրիստինա Վարդանյանը, Իզաբելլա Աբգարյանը, Արամ Թորոսյանը Մինչ այդ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը զեկուցելիս նշել էր, որ ավագանու մոտ 20 այլ անդամներ էլ, այդ թվում խմբակցությունների ղեկավարներ, հատել են բացակայությունների շեմը, բայց խմբակցության ղեկավարների վերաբերյալ նախաձեռնություններով հանդես չեն եկել՝ ելնելով «քաղաքական որոշակի սոլիդարությունից», եւ անդրադարձել են ամենաշատը բացակայած ավագանու անդամներին։ Նշենք, սակայն, որ ավագանու այլ անդամներ եւս բացակայել էին այնքան, որքան, օրինակ, մանդատից զրկված Նարինե Հայրապետյանը։ Մշտական հանձաժողովների նիստերից բացակայությունները եւս հիմք էին ավագանու մի շարք անդամների մանդատից զրկելու համար Ավագանու մի շարք անդամներ բացակայել են մշտական հանձնաժողովների նիստերի կեսից ավելիից։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ ավագանին կարող է մանդատից զրկել նաեւ այդ անդամներին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Նարեկ Մանուկյանը եւ «Հանրապետություն» խմբակցությունից Հարություն Մանվելյանը, օրինակ, չեն մասնակցել Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի՝ 2023թ․-ին կայացած 3 նիստերից 2-ին։  «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Սամվել Մելիքյանը, Արամ Թորոսյանն ու Գրիգորի Երիցյանը բացակայել են Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ 2023թ․ կայացած բոլոր 2 նիստերից։ Հեռացման քաղաքական որոշում՝ ընդդեմ քաղաքական բոյկոտի Քվեարկություններին ու հանձնաժողովների նիստերին չմասնակցելը ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մեկնաբանել են որպես քաղաքական բոյկոտ՝ նշելով, որ դա քաղաքական պայքարի միակ մեթոդն է մնացել։ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Հայկ Մարությանը իր լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ նիստերին չմասնակցելն իրենց քաղաքական դիրքորոշումն է, եւ միայն քվորում չապահովելով է հնարավոր այնպես անել, որ «ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի»։  Միաժամանակ, Մարությանը պնդել էր, որ նիստերին մասնակցելը ավագանու անդամի աշխատանքի միայն 10 տոկոսն է։ Մարությանը ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշումները համարել էր քաղաքական՝ հիշեցնելով, որ նախորդ գումարման ժամանակ իշխող քաղաքական ուժը նույն կերպ էր վարվել՝ ավագանու մադատից զրկելով Լուսինե Մխոյանին այն պատճառով, որ վերջինս դեմ էր իրեն քաղաքապետի պաշտոնում անվստահություն հայտնելուն․ «Մեզ հանում եք, որովհետեւ դեմ ենք ձեզ։ Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանում եք, ո՞վ ա ձեզ էդ մանդատը տվել, դուք իմ գործատո՞ւն եք»,- նիստի ժամանակ հայտարարել էր Մարությանը։ Հայկ Մարությանը Մինչդեռ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել էր, որ խնդիրը ընդդիմադիրներին «սիրել-չսիրելու» կամ քաղաքային իշխանություններին քննադատելու մեջ չէ․ «Մենք [մանդատից] զրկում ենք ավագանու այն 5 անդամներին, որոնք ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։ Օրենքն ասում է՝ բոյկոտեք այնքան, մինչեւ հիսուն տոկոս քվեարկություններին մասնակցեք, բայց բոյկոտի անձրեւանոցի տակ անգործություն մի արեք, որովհետեւ ավագանու անդամ լինելը պարտականություն է։ [...] Եթե ավագանու անդամն իր պարտականությունները չի կատարում, ինչո՞ւ պիտի չհանենք, ո՞վ է ասել, որ օրենքի տարբեր հոդվածներով մեզ տրված լիազորություններից չպիտի օգտվենք»,- ասել էր Ավինյանը։ Իշխող խմբակցությունը նույն մոտեցմամբ էր առաջնորդվում նաեւ նախորդ գումարման ավագանիում 2022 թվականի փետրվարին Երեւանի ավագանին քննարկում էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Նախագծի հիմնավորման մեջ ասված էր, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի երեք հերթական նիստերին, եւ դա, համաձայն վերը նշված օրենքի, նրան մանդատից զրկելու հնարավորություն է տալիս։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը որոշման նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ Մխոյանը ավագանու նիստերից բացակայել է մոտ 20 անգամ, չնայած՝ իրենք տեղեկանքում մի քանի ամսաթիվ են նշել, քանի որ բացակայությունների մի մասն իրականում օբյեկտիվ հիմքեր է ունեցել (Մխոյանը երեխայի էր սպասում)։  Լուսինե Մխոյանը, սակայն, պնդում էր, որ իրեն մանդատից զրկելու պատճառն իրականում այլ է․ նախ՝ նա կողմ չի եղել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, որը 2021-ի դեկտեմբերին նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ապա նաեւ տարբեր են եղել քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում իր եւ մնացյալի պատկերացումները։ Infocom-ի հետ զրույցում Լուսինե Մխոյանը նշել էր, որ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն իրեն ասել էր, որ այլեւս անհնարին են համարում իր՝ ավագանու կազմում լինելը, եւ ինքը կամ պիտի մանդատը վայր դնի, կամ կհեռացնեն բացակայությունների հիմքով։ Գալջյանն էլ մեկնաբանել էր, թե Մխոյանի հետ ունեցել են քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակում, բայց իրենց տեսակետները չեն հատվել․ «Ինչ վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին, ամենեւին դա այդպես չէ։ Մենք տիկին Մխոյանին ասել ենք, որ կա բացակայությունների շեմ, որը հատվել է, եւ բացի քաղաքական հարցերից՝ կա նաեւ աշխատանքի մասով խնդիր»,- ասել էր Գալջյանը՝ նշելով, որ խմբակցությունում կան անդամներ, որոնք չեն պաշտպանել իրենց որոշումը՝ Մարությանին հեռացնելու վերաբերյալ, բայց շարունակում են ներկայացնել խմբակցությունը։ Ավագանին, ի վերջո, դադարեցրել էր Լուսինե Մխոյանի լիազորությունները։ Արմեն Գալջյանը Բացի Լուսինե Մխոյանից՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ եւս բացակայել էին 7-րդ նստաշրջանի նիստերի ավելի քան կեսից Նախորդ գումարման ավագանու 7-րդ նստաշրջանում կայացել է 6 նիստ, որոնցից մեկը՝ արտահերթ, մյուսը՝ երդման արարողության նիստ։ Այս նստաշրջանում, որի ժամանակ կայացած 3 նիստերից բացակայել էր Լուսինե Մխոյանը, սահմանված թվից ավելի բացակայություններ են ունեցել ավագանու «Իմ քայլը» խմբակցության այլ անդամներ եւս։ Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Ղալեչյանը, Ռուբեն Սիմոնյանը, Աշոտ Մնացականյանը, Օվսաննա Հովսեփյանը, Վիլեն Գայֆեջյանը բացակայել են այդ նստաշրջանի 3 հերթական նիստերից, Լիլիթ Պիպոյանը՝ 4 նիստից։ Ընդհանուր առմամբ՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ չեն մասնակցել 7-րդ նստաշրջանի նիստերի կեսից ավելիին։ Մխոյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ Infocom-ը մեկնաբանություն էր խնդրել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանից՝ հասկանալու՝ ինչո՞ւ մանդատից զրկելու նախագծեր չեն բերվել ավագանու այն անդամների վերաբերյալ, որոնք եւս ունեն սահմանվածից ավելի բացակայություններ, արդյոք նրանց բոլոր բացակայությունները հարգելի՞ են եղել։ Գալջյանը նշել էր, որ նախկինում հարգելի բացակայության սահմանում չի եղել, միայն 2021-ին են սահմանվել որոշակի հիմքեր, հետեւաբար, նրա խոսքով, «տվյալ պարագայում հարգելի բացակայություն տերմինը այդքան էլ տեղին չէ, քանի որ նշված բացակայությունները որեւէ կարգավորման հիմքով հարգելի համարվել չէին կարող եւ չեն կարող»։ Մեր զրուցակցի մեկնաբանմամբ՝ ավագանու նիստերից բազմիցս բացակայած անդամներին մանդատից զրկելու հարց չի քննարկվել, քանի որ այն ծայրահեղ դեպքերում կիրառվող գործիքակազմ է․ «Եթե մնացած դեպքերում ավագանու անդամների մեծամանությունը գտնի, որ ավագանու որեւէ անդամի հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չի համարում բացակայության հիմքով, ապա այդ պարագայում հարցը ավագանու նիստի քննարկմանը ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ ներխմբակցային քննարկումները բավարար կլինեն խնդրին լուծում տալու համար»,- կարծիք էր հայտնել Գալջյանը։ Նախորդ գումարման ավագանու մի շարք անդամներ խախտել են բացակայությունների սահմանված շեմը, բայց չեն հեռացվել «Ինֆոքոմն» ուսումնասիրել է նաեւ նախորդ գումարման ավագանու յոթ նստաշրջանների նիստերից բացակաների թիվը։ Ստորեւ կներկայացնենք, թե ավագանու որ անդամներն են տարբեր նստաշրջաններում գերազանցել բացակայությունների սահմանված թիվը, բայց նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագծեր անգամ չեն ներկայացվել։ Այսպիսով, ինչպես նախորդ, այնպես էլ գործող ավագանու շատ անդամներ գերազանցել են բացակայությունների՝ օրենքով նախատեսված շեմը, սակայն երկու դեպքում էլ «Քաղաքացիական պայմանագրի» (նախկինում՝ «Իմ քայլը») անդամները անհավասար մոտեցում են ցուցաբերել՝ նույն պատճառաբանությամբ դադարեցնելով ավագանու մի կամ մի քանի անդամների լիազորություններ եւ չանդրադառնալով մյուս անդամներին։ Թեեւ օրենքը թույլ է տալիս հայեցողական մոտեցում ցուցաբերել, այդուհանդերձ, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների գործողություններից կարելի է եզրահանգել, որ օրենքը մեկնաբանվում եւ կիրառվում է՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Օրենքը հայեցողական մոտեցման հնարավորություն է տալիս, քանզի քվեարկության ելքը չի կարող կանխորոշվել Միջազգային իրավունքի մասնագետ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն այլ ձեւակերպում չէր կարող օգտագործել՝ նկատի ունենալով քվեարկության հանգամանքը։  Սիրանուշ Սահակյանը, լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից Սահակյանը նշում է, որ քվեարկության գործընթացում ավագանու անդամները կաշկանդված չեն մանդատով․ «Գործում է ազատ մանդատի գաղափարը, եւ յուրաքանչյուրը քվեարկելիս պետք է առաջնորդվի իր խղճով, ներքին համոզմամբ։ Եւ հնարավոր է՝ նախագիծն անհրաժեշտ թվով ձայներ չհավաքի քվեարկության ընթացքում։ Հենց քվեարկության տարրը հաշվի առնելով է օրենքում օգտագործվում «կարող է» եզրույթը (կարող են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները,- հեղ․), ոչ թե պարտադրում, որ ավագանու անդամը կամ պատգամավորը այս կամ այն հարցում քվեարկեն կանխորոշված ելքով։ Սա ընտրովի մարմինների գործունեության առանձնահատկություն է»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, որ, իհարկե, պետք է ելնել այն կանխավարկածից, որ իրավակիրառը գործում է, ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ ողջամտորեն, իրավունքի սկզբունքներով եւ հանրային շահով․  «Մենք կանխատեսում ենք, որ այս սկզբունքներով պետք է առաջնորդվեն։ Առողջ քաղաքական մշակույթ ունեցող միջավայրում դրանք պիտի լինեն օրինական ելքը, բայց, ցավոք, Հայաստանում կայացած քաղաքական մշակույթ չունենք»,- եզրափակում է Սահակյանը։ Ավագանու անդամների լուսանկարները՝ Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից Հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան Ինֆոգրաֆիկաները՝ Անի Հովհաննիսյանի
22:18 - 27 փետրվարի, 2024
Երևանի քաղաքապետը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Երևանի քաղաքապետը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի հանդիպման ժամանակ:    Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ նախաձեռնել է հանրային կառավարման բարեփոխումների ծրագիր՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ: Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, քաղաքացիների հետ հետադարձ կապ. սրանք այն կարևոր գործընթացներն են, որոնք ընդգրկված են ծրագրում: Ըստ աղբյուրի՝ ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագրի առանցքային նպատակը բնակիչներին մատուցվող ծառայությունները հասանելի, թափանցիկ ու հարմարավետ դարձնելն է:    Նշվում է, որ կարևորելով քաղաքային իշխանության մոտեցումները կառավարման գործում՝ Ադրիան Ֆոզարդն իր հերթին նշել է, որ քաղաքային տնտեսության ցանկացած ոլորտում թվայնացման գործընթացը բերում է աշխատանքների արդյունավետ կազմակերպման:
21:34 - 27 փետրվարի, 2024
Այս շաբաթվա ընթացքում Նոր Նորք վարչական շրջանում կապամոնտաժվեն ինքնակամ կառուցված մի շարք շինություններ. Ավինյան |armenpress.am|

Այս շաբաթվա ընթացքում Նոր Նորք վարչական շրջանում կապամոնտաժվեն ինքնակամ կառուցված մի շարք շինություններ. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում ուսումնասիրվել է շուրջ 50 հեկտար տարածք, որտեղ կան բազմաթիվ ինքնակամ շինություններ։ «Թեև 50 հեկտարից առնվազն 36 հեկտար տարածքը հանդիսանում է համայնքային սեփականություն և ըստ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի՝ ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված 36 հեկտար տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ և այլ օժանդակ շինություններ։ Համայնքային տարածքի մի զգալի հատվածի 7 հեկտար մակերեսն ինքնակամորեն սահմանազատվել է ու ցանկապատվել քաղաքացիների կողմից»,- մանրամասնեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Ըստ նրա՝ 26 հեկտար տարածք պատրաստ է կանաչապատման։ Նման մեծ տարածքի վրա քաղաքային անտառի հիմնումը խիստ դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն տվյալ հատվածի, այլև Կենտրոն վարչական շրջանի համար։ Նախատեսվում է այդ տարածքում տեղադրել ոռոգման ցանց և ավարտին հասցնել սանիտարական աշխատանքները  «Խոսքը համայնքից զավթված հողերի մասին է։ Նման քաղաքականության հետևանքով մենք մայրաքաղաքում կորցրել ենք ահռելի ծավալի կանաչապատ տարածք, և տարբեր հիմնավորումներով ու արդարացումներով վերջ չի տրվել անկանոն կառուցապատմանը։ Կանաչ տարածքներում քոլիկների ու շինությունների ապօրինի կառուցումն անընդունելի է»,- ասաց Ավինյանը՝ հասարակական կարգի պահպանման ծառայությանը,  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանն ու Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց ընթացիկ շաբաթվա ընթացքում 26 հեկտար տարածքում վերացնել ապօրինի շինությունները և քննարկման ներկայացնել կանաչապատման սխեման։    
14:22 - 26 փետրվարի, 2024
Երևանից զավթած հողը նույնպես գողություն է. Ավինյանը հանձնարարեց Մյասնիկյանի պողոտային հարող տարածքի «քոլիկները» վերացնել |1lurer.am|

Երևանից զավթած հողը նույնպես գողություն է. Ավինյանը հանձնարարեց Մյասնիկյանի պողոտային հարող տարածքի «քոլիկները» վերացնել |1lurer.am|

1lurer.am: Նոր Նորք վարչական շրջանում շուրջ 50 հեկտար տարածք է ուսումնասիրվել, և կադաստրային քարտեզների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 5 հեկտարը տրամադրվել է Կենդանաբանական այգուն տարածքների ընդլայնման համար, իսկ 36 հեկտարը համայնքային սեփականություն է, ըստ Երևանի գլխավոր հատակագծի՝ ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: «36 հա տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ և այլ օժանդակ շինություններ: Համայնքային տարածքի զգալի հատվածն ինքնակամ կերպով սահմանազատված և ցանկապատված է: Բացի ցանկապատվածից՝ ընդհանուր առմամբ ինքնակամ շինություններով զբաղեցված է տարածքի շուրջ 4 հեկտարը»,- ասաց նա և հավելեց, որ նշված տարածք այցելությունից հետո պարզ է դարձել, որ հատվածի սկզբնամասում կան 4 մեծ ու փոքր բնակելի տներ, ցանկապատված է շուրջ 2,1 հեկտար տարածք: Այգու սկզբնամասում՝ Գայի պողոտային հարող տարածքում, կա 1900 քառակուսի մետր տարածք, որը, ըստ քաղաքի գլխավոր հատակագծի, կանաչապատման ենթակա տարածք է: «Անհասկանալի է, թե ինչպես է ընդհանուր օգտագործման համար նախատեսված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի այդ հատվածը մասնավորեցվել: Դրան շարունակվող մասում՝ շուրջ 2 հեկտարի վրա, առկա են ցանկապատված տարածքներ: Ցանկապատված է այդ հատվածում շուրջ 10 տարածք, որոնցից 4-ում առկա են տնակներ»,- ասաց Բեգոյանը և հավելեց, որ 4 տնակներում ապրում են բնակիչներ, որոնցից 1-ում՝ ընտանիք: Համայնքային սեփականություն հանդիսացող 36 հեկտար հողակտորից 26 հեկտարը պատրաստ է կանաչապատման: Ջուր չկա տարածքում, բայց տարածքների ազատումից հետո կազմակերպությունը պատրաստ է ոռոգման ջուր քաշել, իսկ մյուս գարնանն իրականացնել շուրջ 26 հեկտարի վրա քաղաքային ուրբան անտառի հիմնում: «Նման մեծ ծավալի վրա քաղաքային անտառի հիմնումը խիստ դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն տվյալ հատվածի՝ Նոր Նորք վարչական շրջանի, այլև Կենտրոն վարչական շրջանի օդի որակի վրա»,- ասաց Բեգոյանը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց հենց այս շաբաթվա ընթացքում 26 հեկտարի բոլոր «քոլիկները» վերացնել: Նշեց, որ տասնամյակներով Երևանը կորցրել է ահռելի ծավալով կանաչապատ տարածք, և որ տարբեր արդարացումներով վերջ չի դրվել կանաչապատ տարածքների հաշվին անկանոն կառուցապատմանը։ «Արդեն նվազագույնը 1-2 տարի է, որ վերջ է դրվում այդ տրամաբանությանը։ Եվ նորից կրկնեմ՝ Երևան քաղաքից զավթած հողը նույնպես գողություն է։ Հետևապես, այն, ինչ հանրային է, պետք է մնա հանրային, այն, ինչ կանաչ տարածք է, պետք է մնա կանաչ տարածք»,- եզրափակեց Ավինյանը:
13:31 - 26 փետրվարի, 2024
Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան
 |tert.am|

Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը։ «Կա 154 քաղաքապետի որոշման նախագիծ ու 25 որոշում, և ծանուցվել են վճարումների վերաբերյալ: Ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ համար կազմում է 214 և 139 հազար դրամ»,- մանրամասնեց Մուրադյանը։ Թեմայի վերաբերյալ էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է։ «Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Շինությունների ու հողամասերի օրինականացման նախաձեռնության նպատակն է եղել, որ կոնդեցիները կարողանան իրենց իրավունքներն առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց սեփականությունը չէր հանդիսացել»,- ասաց նա։
10:40 - 26 փետրվարի, 2024
Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով․ «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն |tert.am|

Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով․ «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն |tert.am|

tert.am: Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։ «Մեքենաների խափանումների հիմնական պատճառը եղել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի դժվարանցանելիությունը»,- պարզաբանեց նա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյան էլ առաջարկեց մոտ 8 մեքենայի մրցույթ հայտարարել՝ առանց ֆինանսական միջոցների, որպեսզի միշտ ունենանք մեքենաների չափաքանակ, որոնք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են սպասարկում: Կոմունալ տնտեսության վարչության պետն իր հերթին արձագանքեց, որ այս պահին ունենք 6 մեքենա ձեռք բերելու պայմանագիր, լրացուցիչ 4-ի գնումների հայտն արդեն ուղարկվել է, որպեսզի գնումների պլանում փոփոխություն իրականցվի: Կատվալյանի խոսքով՝ հաղթող կազմակերպությունը մատակարարելու է չինական «Howo» մակնիշի մեքենաները: Ավինյանն էլ ի պատասխան «Howo»-ներին հաջողություն մաղթեց։ Հիշեցնենք, որ վերջին օրերին քաղաքացիները դժգոհում էին աղբահանության ոչ լիարժեք սպասարկումից և սոցցանցերում իրենց բակերում կուտակված աղբի նկարներն էին հրապարակում։
10:27 - 26 փետրվարի, 2024
Տիգրան Ավինյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համագործակցության սերտացմանը

Տիգրան Ավինյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համագործակցության սերտացմանը

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Առանձնակի կարևորելով գործընկերային հարաբերությունների զարգացումը նաև քաղաքների մակարդակում՝ Տիգրան Ավինյանը նկատել է, որ ստորագրվող փասթաթուղթն իր հերթին հնարավորություն կտա գործել՝ ի բարօրություն երկու քաղաքների ու ժողովուրդների: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին: Դեսպանն անդրադարձել է նաև մի շարք ընկերությունների գործունեությանը, որը կարող է հետաքրքրել Երևանին: 
18:07 - 21 փետրվարի, 2024
Այս տարի արդեն պետք է ամբողջացնենք ավտոբուսների համար առանձնացված գծերի մեր ծրագիրը. Ավինյան |news.am|

Այս տարի արդեն պետք է ամբողջացնենք ավտոբուսների համար առանձնացված գծերի մեր ծրագիրը. Ավինյան |news.am|

news.am: Մենք այս տարի արդեն պետք է ամբողջացնենք ավտոբուսների համար առանձնացված գծերի մեր ծրագիրը: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք արդեն կա՞ ձևավորված առաջարկ դրա հետ կապված, ինչին տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը պատասխանեց. ««Իլ դե Ֆրանսի» գործընկերների հետե էլ եմ հանդիպել, հեռահար հանդիպում էլ եմ ունեցել, իրենց կողմից որոշ առաջարկներ եմ ստացել, նմերկայումս քննարկման փուլում են, առաջիկա մի քանի օրում կարող ենք մի քանի որոշակի տարբերակներ ներկայացնել ձեր վերջնական հաստատմանը, որ կյանքի կոչենք»: Ավինյանն առաջարկեց այս շաբաթ քննարկում անցկացնել. «Արդեն հասկանանք, որոշումները կայացնենք, որպեսզի գարնանը արդեն սկսենք այդ գծերի իրականացման գործընթացը»,-ասաց նա:
11:34 - 19 փետրվարի, 2024
Երևանի նախակրթարանների տնօրենների ու դայակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան. Ավինյան |aysor.am|

Երևանի նախակրթարանների տնօրենների ու դայակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան. Ավինյան |aysor.am|

aysor.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ հանրակրթության ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում է: «Մենք հանրակրթության տարբեր ոլորտներում որոշ ֆինանսական վերանայումներ ենք իրականացրել, ունենք կոնկրետ արդյունքներ դպրոցներում, համալսարաններում, գիտության ոլորտում ֆինանսավորումն ավելացել է մոտ 4 անգամ, և դեռ չլուծված ոլորտներից մեկը նախակրթարաններում մեր ֆինանսական փոխհատուցման չափն է եղել: Ուզում եմ տեղեկացնել, որ 2024 թ. ընթացքում Երևանում մոտ 30 տոկոսով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում՝ դայակների, տնօրենների։ 30 տոկոսն, իհարկե, այն չափը չէ, որին մարդիկ, որ այդտեղ աշխատում են, արժանի են՝ վերանայման տեսանկյունից, բայց սա դեռ սկիզբն է։ Վստահ եմ, որ մեր բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու»,- հայտարարեց քաղաքապետը։
10:28 - 19 փետրվարի, 2024
Երևանի քաղաքապետը և ԻԻՀ դեսպանն անդրադարձել են ՀՀ մայրաքաղաքում նախատեսվող որոշակի ծրագրերի

Երևանի քաղաքապետը և ԻԻՀ դեսպանն անդրադարձել են ՀՀ մայրաքաղաքում նախատեսվող որոշակի ծրագրերի

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու համար:  Ըստ աղբյուրի՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք նոր թափ են հաղորդում երկու երկրների ու քաղաքների հարաբերություններին:  Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Մեհդի Սոբհանին իր հերթին նշել է, որ իրանական բազմաթիվ ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են Երևանում ներդրումներ իրականացնելու հարցով:  Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցմանը, ավտոբուսային հավաքակայանը էլեկտրական ավտոբուսներով համալրելու ծրագրին, այգիների ու խաղահրապարակների կառուցման նախագծերին:    Կողմերը կարևորել են նաև իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Երևանի նկատմամբ: 2023թ. Երևան է այցելել շուրջ 120 000 զբոսաշրջիկ: 
18:47 - 16 փետրվարի, 2024
Երեւանի տրանսպորտի թանկացման հարցը կքննարկվի, բայց քվեարկությունից առաջ կհանվի օրակարգից. Ավինյան |news.am|

Երեւանի տրանսպորտի թանկացման հարցը կքննարկվի, բայց քվեարկությունից առաջ կհանվի օրակարգից. Ավինյան |news.am|

news.am: Երեւանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստի 16 հարցերից 11-ը չզեկուցվող են: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստի մեկնարկին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: ՔՊ խմբակցությունից Նուարդ Վարդանյանն առաջարկեց մնացած հարցերը եւս, բացառությամբ տրանսպորտի թանկացմանը վերաբերող հարցի, դարձնել չզեկուցվող ելնելով իրավիճակից: «Այնտեղ փողոցների անվանակոչության եւ այլ հարցեր կան, որոնք կարծում եմ՝ այսօր հեչ տեղին չի զեկուցել»,-ասաց նա: Այս ռաջրկն ընդունվեց: Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ տրանսպորտի թանկացման հարցի քննարկումն այսօր տեղի կունենա, բայց քվեարկություն տեղի չի ունենա. «Քվեարկությունից առաջ հարցը կհանվի օրակարգից: Բայց նաեւ շատ կարեւոր է, որ այս քննրկումների արդյունքում մենք գանք որոշակի լուծումների»,-ասաց նա:
10:39 - 13 փետրվարի, 2024
Չեմ ուզում մտածել, որ քրեական տարր կա, բայց անպատասխանատուները չպիտի մեզ հետ աշխատեն. Տիգրան Ավինյան
 |tert.am|

Չեմ ուզում մտածել, որ քրեական տարր կա, բայց անպատասխանատուները չպիտի մեզ հետ աշխատեն. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 հատ նստարանները չեն համապատասխանում քաղաքապետարանի կողմից պահանջված որակին և գնին: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցիցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Քաղաքապետն էլ արձագանքեց, որ մատակարարը պարտավորվել է վերացնել թերությունները 20-օրյա ժամկետում։ Ավինյանը խնդրեց, որր նման դեպքերը չարձանագրվեն համացանցում․ «Որովհետև դուք ունեք աշխատակիցներ և, ենթադրվում է, ինչ-որ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել, թերացել են»: «Հետևապես, համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն: Նման գործելաոճն անընդունելի է մեզ համար: Չեմ ուզում մտածել, որ այստեղ քրեական տարրեր կան, բայց եթե նույնիսկ դա անպատասխանատու վերաբերմունք է իրենց աշխատանքի նկատմամբ, այդ մարդիկ չպետք է աշխատեն»,- հայտարարեց քաղաքապետը։
10:52 - 12 փետրվարի, 2024
Մարությանին ճիշտ էր հանել և քաղաքապետի պաշտոնից, և ավագանուց, նա չի հասկանում Երևանի տնտեսությունից. Ավինյան |news.am|

Մարությանին ճիշտ էր հանել և քաղաքապետի պաշտոնից, և ավագանուց, նա չի հասկանում Երևանի տնտեսությունից. Ավինյան |news.am|

news.am: Երբ խոսում ենք կարմիր գծերի մասին, միշտ պետք է հիշենք, որ մենք ունենք ընտրություն՝ տրանսպորտը զարգացնելու ուղղությամբ, եւ թողնելու, որ սեփական մեքենաները քաղաքում ավելանան եւ ճանապարհներին առկա խնդիրները ավելի բարդանան: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այն որոշումները, որոնք մենք ընդունում ենք, ուղղված է նրան, որ հանրային տրանսպորտը պետք է արտոնություններ ստանա, ունենա առանձնացված գծեր, ունենա միասնական տոմսային համակարգ: Երբ ասում են՝ թանկացնում ենք, ամեն մարդ պետք է իր համար հասկանա՝ ինքը երբ շաբաթական, ամսական, կամ տարեկան տոմսը գնում է, եւ համեմատում է իր այսօրվա ուղեւորափոխադրումների հետ,  արդյոք դ աիր համար թանկանում է, թե էժանանում: Ես վստահ եմ՝ կլինեն դեպքեր, որ որոշ մարդկանց համար կեժանանա: Բացի այս որոշումից մենք նաեւ էական արտոնությունների փաթեթ ենք քննարկելու՝ հասկանալու ենք, այն խմբերը, որոնք ունեն արտոնության կարիք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում է, որ կարելի է այդ բոլոր փոփոխություններն իրականացնել առանց ուղեվարձը բարձրացնելու, պետության կողմից սուբսիդավորել տրանսպորտը, Ավինյանն ասաց. «Այդ ամենը ինձ մոտ վստահություն է ներշնչում, որ Հայկ Մարությանի հետ կապված բոլոր որոշումները, և՛ քաղաքապետի պաշտոնից հեռացնելը, և՛ ավագանու մանդատից զրկելը, միանշանակ, ճիշտ են եղել։ Այդ մարդը չի հասկանում քաղաքային տնտեսությունից: Բացարձակ վրեժ խնդրություն չկա: Մարդը չի հասկանում, որ այս տրանսպորտի վրա, այնուամենայնիվ, քաղաքապետարանը այդ սուբսիդիան  ծախսում է քաղաքացիների հարկերից: Այսպես, թե այնպես, եթե տրանսպորտն արժի X գին, ինչ-որ մեկը դա վճարում է: Դա կամ երեւանցիներն են, կամ եթե կառավարությունը սուբսիդավորում է, ապա ՀՀ քաղաքացիները: Եթե առաջարկն այն է, որ պետությունը սուբսիդավորի միայն Երեւանի տրանսպորտը, կստացվի, որ Սյունիքում ապրող մարդը պետք է սուբսիդավորի Երեւանի տրանսպորտը: Երեւանի բյուջեն ձեւավորվում է երեւանցիների վճարած հարկերից ու տուրքերից: Հիմա, կոպիտ ասած, էս գրպանից կհանես, կտաս որպես տուրք եւ քաղաքապետարանը կսուբսիդավորի, թե՞ հենց դու քո տրանսպորտը կսպասարկես, մեթոդի հարց է»,- ասաց Ավինյանը:
16:42 - 07 փետրվարի, 2024