ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԵԽ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԵԽ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագիրը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության՝ երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը, ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության բարձր մակարդակն ու դրա հետագա զարգացումը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների կարիքներին՝ Արթուր Մարտիրոսյանը նախ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ միտված նրանց հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի իրացմանը: Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել  է  ՀՀ  հանրակրթական դպրոցներում, ապահովվել է ավելի քան 900 ուսանողի կրթության շարունակականությունն ուսումնարաններում և քոլեջներում, ևս 1834 ուսանողի՝ բուհերում, որոնց տրամադրվել է ուսման վարձի փոխհատուցում:  Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորություն է ընձեռվել նաև այն ուսանողներին, որոնց ուսման վարձը նախկինում վճարվել է ԼՂ իշխանությունների կամ նրանց ընտանիքների կողմից: Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրով նախատեսվում է իրականացնել երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների վերապատրաստումներ ու ստեղծել կարողությունների զարգացման ձեռնարկ՝ նախատեսված թե՛ ուսուցիչների, թե՛ սոցիալական աշխատողների համար: Այս համատեքստում կարևորվել է ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությունը: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նմանօրինակ ձեռնարկը բուհական համակարգում ներառելու հնարավորությունը՝ երկարաժամկետ զարգացման հեռանկարում: Նա տեղեկացրել է՝ դպրոցներում սեպտեմբերից պարտադիր է հոգեբանի հաստիքը, գործում են Հանրապետական մանկավարժահոգեբանական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, սակայն մարտահրավերային իրավիճակները պահանջում են նոր ջանքեր, ինչպես նաև վերապատրաստման նոր ծրագրեր՝ այս կառույցների ներգրավմամբ: Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանն ընդգծել է՝ հիմնական ուշադրությունն ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հատկապես այն երեխաներին, որոնք մնացել են առանց ընտանեկան և ծնողական խնամքի: Արթուր Մարտիրոսյանն աշխատանքների կազմակերպման արդյունավետության նպատակով կարևորել է դաշտում նմանօրինակ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:18 - 12 ապրիլի, 2024
Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ԱԱԾ

Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ԱԱԾ

Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։ «Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։ Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել: Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», - նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
14:17 - 12 ապրիլի, 2024
Դպրոցներում տարհանման որևէ կարիք չկա. ԿԳՄՍ նախարար
 |1lurer.am|

Դպրոցներում տարհանման որևէ կարիք չկա. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

1lurer.am: Ես կարծում եմ, որ մենք վերջին շրջանում նաև պարբերաբար տեսնում ենք, որ կեղծ նման տեղեկություններ տարածելու միտում է նկատվում, և կարծում եմ, որ մեր ծնողները և դպրոցները խուճապի որևէ առիթ չունեն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դպրոցների վերաբերյալ Տելեգրամով տարածվող տեղեկություններին:  «Դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպվում է: Տելեգրամյան ալիքներում նշված կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է: Ամբողջ իրավիճակն այդ իմաստով գտնվում է շատ լուրջ ուշադրության և ուսումնասիրության ներքո, և այս պահին անհանգստանալու որևէ առիթ չեմ տեսնում, և կարծում եմ, որ նաև մեր մեդիադաշտի տարբեր փորձագետներ տարածեցին նաև պարզ տեղեկություններ, թե ինչպես կարելի է համոզվել այդ տեղեկատվության կեղծ լինելու մեջ, օրինակ՝ տեսնելով, որ այն լուսանկարները, որ տարածվում էին, կրկնում են ճիշտ նույնությամբ մի քանի ամիս առաջ այլ երկրի այլ դպրոցների հետ կապված նմանատիպ տեղեկատվության տեսանկյունից: Մենք պետք է հասկանանք, որ երբ որ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, դա մեզնից հեռու իրականություն չէ, դա մեր իրականությունն է, և այստեղ մեդիագրագիտության դերն եմ շատ կարևորում, և կարծում եմ, որ մեր երեխաները, դպրոցում սովորելով մեդիագրագիտության պարզ կանոնները, տեղեկատվության ճիշտ և կեղծ աղբյուրները պետք է կարողանան տարբերակել»,- նշեց նա: Նախարարն ասաց, որ դպրոցներում տարհանման որևէ կարիք չկա: «Մենք ունեցել ենք ծնողների կողմից անհանգստություն, ծնողները, բնականաբար, այդ տեղեկությունները կարդալով և դրանք ընդունելով իբրև իրական՝ փորձել են որոշակի ճշտումներ կատարել, բայց ուսումնական պրոցեսը առավոտվա դրությամբ նորմալ կազմակերպվում է: Մենք կապի մեջ ենք քաղաքապետարանի կրթության վարչության, դպրոցների հետ, և, կարծում եմ, որ այս իմաստով որևէ անհանգստանալու բան չկա»: Խոսելով դպրոցների անվտանգության մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ընդհանրապես դպրոցները հանդիսանում են անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, ինչպես նաև ուսումնական մյուս հաստատությունները այդ իմաստով միշտ իրավապահների ուշադրության կենտրոնում են: «Կարծում եմ՝ այստեղ պետք է վստահել մեր իրավապահ համակարգին, նրանք ամբողջությամբ իրավիճակին տիրապետում են, եթե լրացուցիչ քայլի կարիք լինի, բնականաբար, շատ պատշաճ ժամանակում կտեղեկացնեն, բայց նորից եմ կրկնում՝ ակնհայտ է արդեն իսկ, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ տեղեկատվություն է, հետևաբար այս պահին ես որևէ անհանգստանալու հիմք չեմ տեսնում, իրավապահներն էլ, կարծում եմ՝ մեզ ավելի հստակ տեղեկատվություն օրվա մեջ կփոխանցեն»: Նախարարն ընդգծեց, որ դպրոցներ ելումուտը խիստ կանոնակարգված է. կողմնակի անձանց մուտքը դպրոցներ դասապրոցեսի ընթացքում չի թույլատրվում, թույլատրվում է միայն կոնկրետ այն դեպքերում, երբ որ կոնկրետ անձի հետ կա տեսակցություն կամ հանդիսանում է երեխայի ծնող, օրինական ներկայացուցիչ: «Պետք է նաև ամրագրենք, որ մեր դպրոցները, համաձայն նաև միջազգային ամենատարբեր հետազոտությունների, համարվում են անվտանգության տեսանկյունից ամենաապահով դպրոցներից աշխարհում»,- նշեց նա: «Գիտեք, որ մեր դպրոցների կառավարման համակարգում փոփոխությունների ենք գնացել և վարչատնտեսական կառավարումը առանձնացրել ենք, այս պահին դիտարկում ենք անվտանգությունը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը, որը պետք է լավ մշակվի»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
12:26 - 12 ապրիլի, 2024
Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ
 |armenpress.am|

Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:   Նախարարությունը ծնողներին և ուսուցիչներին հորդորում է տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել։  Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։ Այնուամենայնիվ, նախարարությունից փոխանցեցին, որ անհանգստանալու կարիք չկա՝ հորդորելով դասապրոցեսը կազմակերպել բնականոն հունով ։ Հղում անելով տեղեկատվական անվտանգության որոշ մասնագետների՝ նախարարությունից նշում են, որ լուսանկարը, որը տարածվում է այդ տեղեկատվության հետ, հին է և արված է այլ երկրում։
10:56 - 12 ապրիլի, 2024
Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ
 |armenpress.am|

Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:   Նախարարությունը ծնողներին և ուսուցիչներին հորդորում է տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել։  Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։ Այնուամենայնիվ, նախարարությունից փոխանցեցին, որ անհանգստանալու կարիք չկա՝ հորդորելով դասապրոցեսը կազմակերպել բնականոն հունով ։ Հղում անելով տեղեկատվական անվտանգության որոշ մասնագետների՝ նախարարությունից նշում են, որ լուսանկարը, որը տարածվում է այդ տեղեկատվության հետ, հին է և արված է այլ երկրում։
14:36 - 11 ապրիլի, 2024
Տեղի ունեցողն անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում. Գրողների միություն

Տեղի ունեցողն անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում. Գրողների միություն

Տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության նախագահության ընդլայնված նիստ՝ վերջերս համացանցում և հասարակության լայն շրջանակներում տարբեր մեկնաբանությունների նյութ դարձած ՀԳՄ և Նկարիչների միության շենքերի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի քննարկման օրակարգով։ Գրողների միությունից հայտնում են, որ ՀԳՄ նախագահության անդամները իրենց անհամաձայնությունը և մտահոգությունն են հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստարկներ, որոնց հանդեպ անհիմն ու անտրամաբանական են դատախազության մտադրությունները 1999 թ. մարտի 12-ի ՀՀ կադաստրի ՀԳՄ շենքի սեփականաշնորհման որոշման առնչությամբ։ ՀԳՄ շենքը կառուցվել է հենց գրողների միության համար և գրողների միջոցներով՝ Ավետիք Իսահակյանի անմիջական ներդրումով։ «Տեղի ունեցողն, իսկապես, անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում, ինչն էլ հաշվի առնելով՝ նախագահության նիստում որոշվեց 2024 թ. ապրիլի 13-ին, ժամը 12.00-ին հրավիրել  Հայաստանի գրողների միության համաժողով՝ հարցը առավել ընդգրկուն ու մանրազնին քննարկելու համար։ Նախագահության անդամները ընդգծեցին, որ ԳՄ անդամները՝ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի, հետևողական են լինելու ՀԳՄ սեփականության հանդեպ ցանկացած ոտնձգության դեմ և չեն կասկածում, որ հասարակության լայն շերտերը, առավել ևս մտավորականությունը և մշակույթի մարդիկ լինելու են գրողների միության կողքին»,- նշում են Գրողների միությունից։  Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։ Դատախազությունը մեկնաբանել է միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը։
10:34 - 09 ապրիլի, 2024
Նստացույցը ժամանակավորապես դադարեցնում ենք, բանակցություններ ենք սկսում ԿԳՄՍՆ-ի հետ․ «Գոյ» թատրոն

Նստացույցը ժամանակավորապես դադարեցնում ենք, բանակցություններ ենք սկսում ԿԳՄՍՆ-ի հետ․ «Գոյ» թատրոն

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը, որն ապրիլի 3-ից անժամկետ նստացույց էր իրականացնում թատրոնի փակ դռան առաջ՝ ՀՀ կառավարությունից և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով իրենց հնարավորություն տալ աշխատել, որպես անկախ թատրոն, ապրիլի 8-ին ժամանակավորապես դադարեցրել է նստացույցը՝ պատճառը ԿԳՄՍՆ-ի հետ բանակցություններն են, որոնք պետք է մեկնարկեն այսօր՝ ժամը 18։30-ին։ Այս մասին թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում հայտնում է ռեժիսոր Սարգիս Արզումանյանը: Սարգիս Արզումանյանը հայտարարել է, որ այսօր առանց նախապայմանների են գնում հանդիպելու․ «Քանի որ այստեղ չկան երաշխիքներ, մենք ժամանակավոր ենք դադարեցնում նստացույցը։ Կգնանք, կտեսնենք ինչ է տեղի ունենում, որից հետո կհասկանանք՝ շարունակել նստացույցը, թե՝ ոչ»։ Հանդիպումից հետո կորոշեն հետագա անելիքները: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: 2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը:
18:59 - 08 ապրիլի, 2024
Ժաննա Անդրեասյանը Լուվրի թանգարանի տնօրենին հրավիրել է սեպտեմբերին այցելել Հայաստան

Ժաննա Անդրեասյանը Լուվրի թանգարանի տնօրենին հրավիրել է սեպտեմբերին այցելել Հայաստան

Պաշտոնական այցով Փարիզում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Նիկոլ Բելուբեի հետ։ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության և երիտասարդության ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը և դրա հետագա ընդլայնումը։ Հանդիպմանը քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, փորձի փոխանակման և ուսումնական նյութերի արդիականացման հարցերը։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ հաջողությամբ ընթանում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» փորձնական ծրագիրը: Ըստ նախարարի՝ ընդլայնվում է հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցումը, ինչը նշանակում է, որ աշակերտները ոչ միայն ֆրանսերեն են ուսուցանում, այլև ֆրանսերենով սովորում Ֆրանսիայի պատմություն, աշխարհագրություն և այլ առարկաներ։ Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ տարեցտարի ավելանում է նաև ֆրանսերենով ուսուցմամբ ուսումնական հաստատությունների թիվը։ ԿԳՄՍ նախարարը գործընկերոջը ներկայացրել է նաև ՀՀ դպրոցներում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը` առաջարկելով այս ուղղությամբ փորձի փոխանակում կազմակերպել։ Անդրադառնալով երիտասարդության ոլորտում հնարավոր համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է կազմակերպել հայ-ֆրանսիական երկկողմ ճանաչողական այցեր Ֆրանսիայի և Հայաստանի համայնքային երիտասարդական կենտրոններ։ Միաժամանակ, առաջարկվել է դիտարկել փորձի փոխանակում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերի և իրավական ակտերի մշակման ուղղությամբ։ Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Նիկոլ Բելուբեն նշել է, որ համագործակցության առաջարկները բավականին հետաքրքիր են և պատրաստակամություն է հայտնել ընդլայնել առկա համագործակցությունը։ Նախարարը հայ գործընկերոջը ներկայացրել է Ֆրանսիայում գործող հանրակրթական դպրոցների կառավարման մոդելները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Փարիզ կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել նաև Քե դը Օրսեյի թանգարանի տնօրենի պաշտոնակատարի և Լուվրի տնօրենի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ձևաչափերը։ Օրսեյի թանգարանում կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը։ Ժաննա Անդրեասյանն Օրսեյի տնօրինությանն առաջարկել է այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրությանը՝ նշելով, որ այն ավանգարդի և իմպրեսիոնիզմի հարուստ հավաքածու ունի։ Քննարկվել են նաև Այվազովսկու և Սուրենյանցի աշխատանքների ցուցահանդեսները կազմակերպելու հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանի հաջորդ հանդիպումը Լուվրի թանգարանի տնօրեն Լորանս դը Կարսի հետ էր, որին ներկա էր նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ ցուցադրություններ կազմակերպելու հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը Լուվրի թանգարանի տնօրենին հրավիրել է սեպտեմբերին այցելել Հայաստան՝ ներկա լինելու Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» նոր ցուցադրության բացմանը, ինչպես նաև տեղում քննարկելու համադրվող ցուցադրության ցուցանմուշների հարցերը։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
11:48 - 06 ապրիլի, 2024
ԿԳՄՍՆ ապօրինությունների մասին դիմումը Կառավարությունը վերահասցեագրել է ԿԳՄՍ-ին. «Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ

ԿԳՄՍՆ ապօրինությունների մասին դիմումը Կառավարությունը վերահասցեագրել է ԿԳՄՍ-ին. «Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ

ՀՀ Կառավարությունից ինձ երեկ պատասխանել են, որ իրենց ուղարկված փաթեթեը վերահասցեագրվել է ԿԳՄՍ նախարարություն: Այսինքն, ես նամակ եմ ուղարկում  վարչապետին, և գրում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը և նախարարությանը ենթակա թատրոնը արել են մի շարք ապօրինություններ, և  այդ նամակը վերահասցեագրվում է ապօրինություններ անողներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսագրությամբ ասաց թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը: «Մեր դիմումի վերջում մենք խնդրել էինք հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի քննարկեինք թատրոնի հարցը: Հիմա, եթե դիմումը վերահասցեագրվել է նախարարություն, ԿԳՄՍ նախարարությունը պիտի՞ մեզ թույլ տա վարչապետի հետ հանդիպել: Սա բացահայտ անգործություն է կամ միտում. էս մարդիկ չեն ուզում, որ  հարցը հասնի վարչապետին»,-ասում է թատրոնի կառավարման խորհրդի նախագահը: Սարգիս Արզումանյանի խոսքով, Կառավարությունից ստացած պատասխան ծանուցման մեջ նշված է, որ ԿԳՄՍ նախարարությունը պարտավորվում է 10-օրյա ժամկետում պատասխանել դիմումին: Թատրոնի աշխատակիցները պատրաստ են սպասել նախարարության պատասխանին, սակայն ամեն ինչ անելու են, որ կայանա հանդիպում վարչապետի հետ: Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դիմաց ապրիլի 3-ից  դերասանները անժամկետ նստացույց են սկսել և բողոքում են «Գոյ» թատրոնը  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու նախարարության որոշման դեմ: Նշենք, որ կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է: Մինչդեռ  «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
17:16 - 05 ապրիլի, 2024
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

Հյաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ապրիլի 3-ին արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ Որոշման մեջ ներկայացված են ինչպես գործընթացի վերաբերյալ Ակադեմիայի դիրքորոշումը, այնպես էլ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման, գիտության և բարձրագույն կրթության համագործակցության, ԳԱԱ կարգավիճակի մասին առաջարկներ։   Նախապատմությունը Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման մասին խոսակցությունները սկսվեցին «Ակադեմիական քաղաք» ծրագրից։ Ծրագրի բովանդակությոնից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 համալսարաններում կամ, այսպես կոչված, կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։  Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա:  Առաջարկներն արդեն ներկայացված են Կառավարությանը, և «Ակադեմիաքան քաղաք» հիմնադրամն աշխատանքային խմբեր է ձևավորել հայտարարված 6 ուղղությունների համար։ Այժմ աշխատանքային խմբերը քննարկում են, թե ձևավորվելիք կլաստերներից կամ համալսարաններից յուրաքանչյուրում որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են ներառվելու։   Ակադեմիայի դիրքորոշումը ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախ մի քանի կետերով ներկայացված է Ակադեմիայի դիրքորոշումը․ «Տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների (գիտության և բարձրագույն կրթության,- խմբ․) համար էլ, անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով, անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն․ բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին»: ԳԱԱ-ն Կառավարությանն արդեն ներկայացրել է խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ իր առաջարկը, որի մանրամասները Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը դեռ հունվարի սկզբին պատմել էր «Ինֆոքոմին»։ ԳԱԱ-ն առաջարկում է իրականացնել բուհերի ու գիտական կազմակերպությունների մասնակի միավորում և իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն։ Աշոտ Սաղյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի հետ ու քննարկել այս թեման։ Դատելով վերջերս մամուլում արտահոսած, ապա պաշտոնապես հաստատված փաստաթղթից, որում ներկայացված են կլաստերների ձևավորման աշխատանքային խմբերի կազմերը, Կառավարությունը չի ընդունել ԳԱԱ առաջարկն ու գնալու է ամբողջական միավորման ճանապարհով, քանի որ Ակադեմիայի գիտական և կրթական բոլոր կազմակերպությունները ներառված են աշխատանքային խմբերում։ Իսկ հենց Գիտությունների ազգային ակադեմիան ներառված չէ աշխատանքային խմբերում, այդ պատճառով է ընդհանուր ժողովի որոշման մեջ Ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների խորհրդին առաջարկվում ԳԱԱ դիրքորոշումները ներկայացնել համապատասխան աշխատանքային խմբերին:    Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողովում ընդունած որոշման մեջ առաջարկում  է նաև գիտության և կրթության ինտեգրման իր տարբերակը․  «Ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ, Հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս»։ Նշենք, որ խոշորացման և միավորան գորընթացում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ ԳԱԱ համակարգից դուրս գործող բոլոր այն կառույցները, որոնք գիտական գործունեության համար ֆինանսավորում են ստանում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը և այլն։ Իր վերջին ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց՝ քննարկումների արդյունքում գուցե որոշվի, որ նախարարությունների ենթակայության ներքո գործող կառույցները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։    Բուհերի և գիտական կազմակերպությունների համագործակցութուն ԳԱԱ-ն ընդհանուր ժողովի որոշմամբ նաև նշել է բարձրագույն կրթության և գիտության համագործակցության հնարավոր տարբերակներ․  «Հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը, համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա, բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով, գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով»։ Ակադեմիան նաև առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ․ «Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»: Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպություների հետ միավորման վերաբերյալ Կառվարության դիրքորոշումը կարող եք կարդալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ մեր հարցազրույցում։    Աննա Սահակյան
16:07 - 05 ապրիլի, 2024
ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընդունել է որոշում գիտության և կրթության ինտեգրման հարցի վերաբերյալ

ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընդունել է որոշում գիտության և կրթության ինտեգրման հարցի վերաբերյալ

Սույն թվականի ապրիլի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովը։ Օրակարգում ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցի քննարկումն էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։  «Ընդհանուր ժողովը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Նա նշեց, որ ընդլայնված ժողովը հրավիրվել է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների առաջարկությամբ։ ՀՀ ԳԱԱ նախագահը ներկայացրեց, որ մինչև 2022թ․ կեսերը ՀՀ կառավարությունում զարգացվում էր Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում խոշորացված գերազանցության կենտրոնների ստեղծման ռազմավարությունը։ «Կար որոշում յուրաքանչյուր տարի առնվազն երկու խոշորացված գերազանցության կենտրոն ստեղծել ԳԱԱ կազմում»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ Նա նշեց, որ ՀՀ ԳԱԱ նախագահությունն ընդունել է երկու կենտրոնների ստեղծման որոշում և ուղարկել  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Այդ ժամանակ քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որում ևս նշված էր ԳԱԱ կազմում խոշոր կենտրոնների ստեղծման մասին։ Սակայն այդ օրինագիծը ՀՀ կառավարությունում ընթացք չի ստացել։ «Հետագայում հասկացանք, որ դա կապված էր ակադեմիական քաղաքի գաղափարի հետ»,- ասաց Աշոտ Սաղյանը։ Նա նշեց, որ, այնուհետև, քննարկվում էր ԲՈՒՀ-երի և ԳԱԱ ինստիտուտների ինտեգրման հարցը։ «Այդ ժամանակ նախարարությունն ընդունեց ԳԱԱ ներկայացրած տարբերակը կրթության և գիտության ինտեգրման վերաբերյալ։ Գաղափարը փոխվեց աստիճանաբար, առաջ եկավ մասնակի միավորման, որից հետո միավորման գաղափարը, ստեղծվեց աշխատանքային խումբ, ես էլ էի ներգրավված», - ասաց Աշոտ Սաղյանը։ «Աշխատանքային խումբը մի քանի ամիս ակտիվ աշխատել է։ ՀՀ ԳԱԱ-ն ներկայացրել է իր տարբերակը։ Այնուհետև, Գիտության կոմիտեն ներկայացրեց ակադեմիայի առաջարկի լրիվ հակառակ տարբերակը։ Մեր վերջին հանդիպումը եղել է 2023թ․ հունվարի 3-ին, երբ ԲՈՒՀ-երի հետ կապված ընդունվեց որոշում։ Ինստիտուտների ինտեգրման հետ կապված հարցադրմանը եղավ արձագանք, որ կլինի լրացուցիչ քննարկում, կամ կառավարությունը կորոշի, թե որ առաջարկն է առաջ տանում։ Դրանից հետո մինչ օրս որևէ քննարկում չի եղել։ Սակայն վերջերս վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ակադեմիայում առկա խնդիրները և բարեփոխումների պլանը։ Վարչապետը նշել է, որ դեռևս վերջնական քննարկում չի եղել և վերջնական տարբերակ չկա», - ասաց Աշոտ Սաղյանը։  Նա հայտնեց, որ, այնուհետև, ԳԱԱ-ն համակարգի ինստիտուտների գիտական խորհուրդների որոշումներով ընդունված դիրքորոշումների հիման վրա  76 էջանոց փաստաթուղթ է ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Դրանից մոտ երկու շաբաթ հետո շրջանառության մեջ է դրվել փաստաթուղթ, որում արդեն ԳԱԱ ինստիտուտները բաշխված են ըստ կլաստերների, և ստեղծված են աշխատանքային խմբեր։ Այդ աշխատանքային խմբերում ակադեմիան չի ներառվել։ «Այսինքն, կարելի է ենթադրել, որ մեր ինստիտուտների առաջարկները չեն քննարկվել կամ չեն ընդունվել։ Այդ ժամանակ մենք ստացանք ահազանգներ մեր տնօրեններից, առաջարկեցին հավաքվել, քննարկել և գալ ընդհանուր դիրքորոշման։ Դրա համար հրավիրվել է այս արտահերթ ժողովը»,- ասաց Աշոտ Սաղյանը։ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ ՀՀ  ԳԱԱ-ում բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, կանոնադրական փոփոխություններ, անհրաժեշտ է անցկացնել ՀՀ ԳԱԱ անդամների ընտրություններ։ «Առնվազն 4 անգամ մենք դիմել ենք այդ հարցերով, սակայն ընթացք չի ստացել։  Տարբեր երկրներում, այդ թվում՝ և եվրոպական, ես վերջերս շատ եմ եղել, տարբեր պետությունների ակադեմիաների հետ պայմանագրեր ենք կնքել, հանդիպել և խոսել եմ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ։ Բոլորն էլ բարձր կարծիքի են հայկական գիտության, հայոց Գիտությունների ազգային ակադեմիայի մասին, հարգալից վերաբերմունք բոլոր պետություններում բացի մեկ պետությունից»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Գայանե Շաբոյանը,  ՀՀ ԳԱԱ  Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Թոփուզյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի և գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը, պատմաբան Ալեքսան Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ  Արթուր Իշխանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի որոշման նախագիծը։ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընդունեց որոշման նախագիծը, որը հնչած առաջարկների հիման վրա կլրամշակվի և կդրվի շրջանառության մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
14:21 - 05 ապրիլի, 2024
Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի  շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպումներին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության, ոչ նյութական ժառանգության պահպանության, մշակութային բազմազանության խրախուսման վերաբերյալ։ Այս համատեքստում խոսվել է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին` կարևորելով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ մշակութային իրավունքի իրացման հարցերը։ Էռնեստո Օտտոնեն շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության և աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է հակամարտությունների արդյունքում մշակութային ժառանգության ուսումնասիրության, տեխնիկական առաքելություններին և վերականգնմանը մասնակցելու առումով։  Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Տաթևի և Տաթևի Անապատ վանական համալիրներ և Որոտանի հովտի հարակից տարածքներ» հուշարձանին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար: Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ «Վերականգնելով Մոսուլի ոգին» ծրագրի շրջանակում մարտ ամսին ավարտվել է Մատենադարանի մասնագետների այցը Էրբիլի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոն՝ նշելով, որ հայկական կողմը կարևորում և խրախուսում է Մատենադարանի ներգրավումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերում։ Նախարարը նաև կարևորել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի  բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում համագործակցության հետագա զարգացումը։ Այդ համատեքստում նախարարը հաստատել է, որ 2025 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կկազմակերպվի համերգ՝ նվիրված ֆրանսահայ շանսոնյե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Շառլ Ազնավուրին, իսկ սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ նվիրված նշյալ կոնվենցիայի կիրարկմանը:  Հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին՝ Փարաջանովին նվիրված հոբելյանական միջոցառումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հյուրընկալելու և միջոցառումներին մասնակցելու համար։ Նույն օրը կայացել է ԿԳՄՍ նախարարի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ։ Քննարկումները ծավալվել են Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների, մշակույթի և արվեստի կրթության նոր ձևաչափի, Աբու-Դաբիի որոշումների, ինչպես նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի շուրջ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է 2023 թվականի հոկտեմբերին Հայաստան փաստահավաք առաքելություն այցի արդյունքների մասին, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրի կազմակերպումն էր։ Նախարարն առանձնահատուկ կարևորել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային գործընկերների շրջանում: Ստեֆանիա Ջանինին ընդգծել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրն անչափ կարևոր է, քանզի հատկապես փախստական և բռնի տեղահանված երեխաները հատուկ աջակցության և ուշադրության կարիք ունեն։ Քննարկման ընթացքում նաև շեշտել է մշակութային կրթության վեկտորի զարգացման Հայաստանի հանձնառությունը: Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանը բազմաթիվ կրթական, այդ թվում՝ ներառական կրթության հաջողված ծրագրեր և  նախաձեռնություններ ունի՝ առաջարկելով իրականացնել փորձի փոխանակում։ Ժաննա Անդրեասյանը կարևորել նաև «խաղաղ կրթության» ապահովումը տարածաշրջանում, որն առանձնակի նշանակություն ունի ՀՀ-ի համար` նշելով, որ այս հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը կարևոր է: Նախարարը հաջորդաբար հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսի հետ էր։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի և կրթության ոլորտներին վերաբերող կոնվենցիաների աշխատանքներին: Նա նաև կարևորել է երիտասարդության հարցերով ոլորտային համագործակցության զարգացումը` ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը։ Գաբրիելա Ռամոսը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի մասին` ներկայացնելով երիտասարդության, ռասսայական խտրականության դեմ պայքարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունը։  Ժաննա Անդրեասյանն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայում ՀՀ-ում մշակվում է «Երիտասարդության քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ակնկալում են ստանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական եզրակացությունը: «Մեզ համար հետաքրքրիր է նաև ընդդեմ խտրականության և ռասիզմի դեմ պայքարի շրջանակում համագործակցության ծավալումը, քանի որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում «Խաղաղ կրթություն»  կարգախոսով և փորձում է առաջ մղել այդ գաղափարը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Գաբրիելա Ռամոսն ընդգծել է, որ երիտասարդական քաղաքականություն իրականացնելիս ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարևորում է միջմշակութային երիտասարդական ծրագրերի իրականացումը,  և այս առումով ՀՀ փորձը շատ հետաքրքիր է։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:
11:49 - 05 ապրիլի, 2024
Կրթության և մշակույթի ոլորտների 2025 թ. բյուջետային հայտը քննարկվել է շահառու խմբերի հետ

Կրթության և մշակույթի ոլորտների 2025 թ. բյուջետային հայտը քննարկվել է շահառու խմբերի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  շարունակում է նախարարության 2025 թ. բյուջետային և 2025-2027թթ. Միջինժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկումները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, անրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչությունների ներկայացուցիչներ: Կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման պահանջ Ըստ աղբյուրի՝ նա ընդգծել է՝ բավական խոշորածավալ փոփոխություններ են իրականացվում և բավական մեծ ֆինանսական ներդրումներ են նախատեսվում թե՛ հանրակրթության, թե՛ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում: Ներկայացնելով հանրակրթական ոլորտում նախատեսվող ծրագրերը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ թե՛ գործող, թե՛ նոր նախաձեռնվող ծրագրերը բխում են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի ռազմավարությունից: «Հաշվի առնելով այն, որ հանրակրթության ոլորտում վերջին տարիներին շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես կրթության բովանդակության, ֆինանսավորման, ներառական կրթության ներդրման, այնպես էլ ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման ու ենթակառուցվածքների բարելավման տեսանկյունից՝ առաջիկա տարիների համար այս ոլորտում մեծ թվով նոր նախաձեռնություններ չունենք՝ ի տարբերություն մասնագիտական կրթության ոլորտի, որտեղ առաջիկայում ակնկալվում է նոր օրենքի ընդունում և հետևաբար՝ բազմաթիվ նոր նախաձեռնություններ»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու տեղեկացրել՝ հանրակրթության ոլորտը բյուջեում ներկայացված է 7 հիմնական ծրագրերով: Դրանցից առաջինը դպրոցական կրթությանն ուղղված բյուջետային ծրագիրն է, որը 2024 թվականին 2023 թ. համեմատ գրանցել է 6 մլրդ դրամից ավելի աճ: Նախարարի տեղակալի խոսքով՝ 2025 թվականին նախատեսվում է 13,5% աճ, 2026 թվականին՝ 13,7% աճ, իսկ 2027 թվականին՝ ևս 14,7% աճ: «Աճը պայմանավորված է բազմաթիվ ծրագրերով, որոնք իրականացվում են այս ոլորտում, բայց, մասնավորապես, նաև հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ, որի շրջանակում ուսուցիչների շաբաթական ծանրաբեռնվածությունը 22 ժամից նվազում է 18 և 20-ական ժամերի: Ավագ դպրոցում եթե նույնիսկ մեկ երեխա ընտրի առանձին առարկայի խորացված ուսումնասիրություն, կձևավորվի առանձին դասարան: Այս և հանրակրթության ոլորտում իրականացվող բոլոր մյուս գործընթացները հանգեցնելու են ֆինանսավորման փոփոխության»,- նշել է Արաքսիա Սվաջյանը: Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը կընդլայնվի ԿԳՄՍ նախարարության ներկայացմամբ՝ հաջորդ ծրագիրն արտադպրոցական կրթության ծրագիրն է, որի համար 2024-ին ավելի քան 4 մլրդ 268 մլն դրամ կհատկացվի: Ընդ որում՝ նախատեսվում է, որ 2025 թվականին այս գումարը կաճի շուրջ 70%-ով, 2026 թվականին՝ 124 %-ով, իսկ 2027 թվականին՝ 144%-ով: Սա, ըստ նախարարի տեղակալի, պայմանավորված է կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման պահանջներով: Մասնավորապես՝ 2023-ից մեկնարկել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացը. 2024-ին ավելացել են ատեստավորման ուղղությունները, իսկ հաջորդ տարի ցանկն առավել կընդլայնվի: ՆԶՊ առարկայի շրջանակում մարզառազմական ճամբար կկազմակերպվի բոլոր դպրոցներում Նշվում է, որ հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում նախատեսվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի մարզառազմական ճամբարը ներդնել հանրապետության բոլոր դպրոցներում: Ծրագիրն արդեն փորձարկվել է Տավուշի մարզի դպրոցներում. 2024-ին ծրագրի համար 107 մլն դրամի հատկացում է արվել, 2025-ի և հետագա տարիների համար համար ծրագիրը կընդլայնվի՝ ներառելով բոլոր մարզերի և Երևանի դպրոցների 11-րդ դասարանները: Նոր ծրագիր՝ «Դպրոցը գիտական միջավայրում» Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ ևս մեկ հետաքրքիր ծրագիր է «Դպրոցը գիտական միջավայրում» միջոցառումը, որը 2023-ից է սկսել իրականացվել: Դրա շրջանակում աշակերտները հնարավորություն ունեն Երևանի բուսաբանական այգում ինտերակտիվ ձևով ծանոթանալու բնագիտական առարկաներին: «Ծրագրի շրջանակում բուսաբանական այգում գիտության ինտերակտիվ թանգարան է կառուցվում: Նաև սրանով է պայմանավորված արտադպրոցական դաստիարակության ծրագրի բյուջեի աճը»,- պարզաբանել է նախարարի տեղակալը: Հաջորդն «Ապահով դպրոց» ծրագիրն է, որին ևս 2023-ի մոտ 6 մլրդ 776 մլն բյուջեի համեմատ 2024-ին շատ ավելի մեծ գումար է հատկացվելու: Որակի բարելավման ծրագրեր «Կրթության որակի ապահովման ծրագիրն» իր մեջ ներառում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի գործունեության բարելավումը, ինչպես նաև կամավոր ատեստավորման գործընթացների կազմակերպումը և դրանից բխող բյուջետային գործողությունների իրականացումը: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ բոլոր դպրոցների՝ լաբորատոր սարքավորումներով հագեցումը նույնպես ծրագրի բաղադրիչ է, որի ուղղությամբ 2025 թվականին նախատեսվում է 114 %, 2026-ին՝ 178%, 2027-ին՝ 197% աճ: «Համընդհանուր ներառականության ներդրում» ծրագրի շրջանակում մի նոր նախաձեռնություն կա՝ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը զուգընթաց. 2025-2026 թվականներին կամավոր ատեստավորում կիրականացվի նաև մանկավարժահոգեբանական ծառայություններ իրականացնող մասնագետների համար, որը նրանց աշխատավարձի բարձրացման հնարավորություն կապահովի: «Կրթության ոլորտում տեղեկատվական հաղորդակցությունների տեխնոլոգիաների ներդրում» ծրագրի համար 2025 թվականին նախատեսվում է ֆինանսավորման 20 %, 2026-ին՝ 27% և 2027-ին՝ 35% աճ: Հանրակրթության ոլորտում վերջինը նախադպրոցական կրթության ծրագիրն է, որտեղ ևս բավականին մեծ աճ կա. 2025 թվականին 141% աճ է նախատեսվում, 2026-ին՝ 148%, 2027-ին՝ 155% աճ: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ սա պայմանավորված է նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման ծրագրի շրջանակի ընդլայնմամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, անդրադառնալով առաջիկա տարիների համար պլանավորված մյուս հիմնական նախաձեռնություններին, նշել է, որ առանձնացվելու են ցածր և բարձր կատարողականներ ունեցող դպրոցները՝ հատկացնելով աջակցության ֆոնդ: Իսկ ուսուցիչների թափուր տեղերի համալրման նպատակով 30 կրեդիտի ծրագիրն է իրականացվելու: Նա անդրադարձել է նաև միջին մասնագիտական կրթական ոլորտին, մասնավորապես ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ՝ ուսանողական նպաստների և կրթաթոշակի ծրագրին: Անցյալ տարի ՄԿՈւ ոլորտում կրթաթոշակային քաղաքականության փոփոխություն է իրականացվել ըստ որի՝ գրեթե 10 անգամ ավելացել է պետության համար գերակա ուղղություն ճանաչված մասնագիտություններով սովորողների կրթաթոշակը: Այս տարվանից նաև մեկնարկում է գործընթաց՝ միտված մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացմանը. ՄԿՈւ համակարգում ևս կներդրվի կամավոր ատեստավորման գործընթացը: Ֆինանսավորման նոր մոդելի ներդրում մշակույթի ոլորտում Մշակույթի ոլորտում բյուջետային հիմնական ծրագրերն են՝ արվեստ, կինեմատոգրաֆիա, մշակութային ժառանգություն, գրահրատարակչություն, մարզերի մշակութային զարգացում և գեղագիտական կրթություն։ Որպես նոր նախաձեռնություններ՝ շուրջ 5 մլրդ դրամ կուղղվի մշակույթի գործիչների դրամական խրախուսմանը, համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնի ստեղծմանը, էլեկտրոնային հարթակի ներդրմանը և կինոարտադրության ներդրումների վերադարձի ծրագրին: Գործող ծրագրերի ընդլայնմանը կհատկացվի շուրջ 3 մլրդ դրամ, որը կուղղվի ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը և տեղեկատվական մոդուլային կենտրոնների ստեղծման աշխատանքներին։ Նորաստեղծ «Մշակույթի զարգացման հիմնադրամին» կտրամադրվի 340 մլն դրամ, իսկ հուշարձանների վերականգնման ծախսերը՝ 1․8 մլրդից կավելանան 330 մլն դրամով: 2025-2027 թթ. ՄԺԾԾ հայտի քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել «Գրադարանային ծառայություններ» միջոցառմանը: Նշվել է, որ 2025-2027 թվականների միջնաժամկետ ծրագրերի մեջ նախատեսվում են համալրման, հնատիպ գրքերի վերականգնման, գրադարանավարների վերապատրաստման, «Ընտանեկան գրադարանավար», գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրերի ընդլայնումներ: 2025 թվականին նախատեսվում է գրադարանային ոլորտին տրամադրել 1 մլրդ 603 մլն 539 հազար, 2026 թվականին՝ 1 մլրդ 656 մլն 763 հազար դրամ, 2027 թվականին՝ 1 մլրդ 656 մլն 763 հազար դրամ:
19:32 - 04 ապրիլի, 2024
Երևանում պաշտոնապես մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը
 |armenpress.am|

Երևանում պաշտոնապես մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը այսուհետ կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում: Բացման պաշտոնական արարողության մեկնարկին` վավերագրական ֆիլմով ներկաներին ներկայացվեցին Հայաստանում սամբոյի զարգացման փուլերը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը` ողջունելով ներկաներին, բարի գալուստ մաղթեց հյուրերին և հույս հայտնեց, որ սամբոյի մրցաշարերը կլինեն խաղաղության տոներ ամբողջ աշխարհի համար: «Սամբոն ընտանիք է, ընտանիքը` ուժ, ուժը` խաղաղությունը:  Նախորդ տարիների մրցաշարերի գերազանց կազմակերպվածության շնորհիվ միջազգային ֆեդերացիան Հայաստանին տվեց աշխարհի գավաթի խաղարկությունը հյուրընկալելու իրավունքը»,-ասաց Հայրապետյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծեց, որ Հայաստանը աշխարհի սպորտային քարտեզի վրա իր ուրույն տեղն է գրավում: «Թող հաղթեն ուժեղագույնները, հայտարարում եմ մրցաշարը բացված»,-ասաց Գիլոյանը: Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 13 երկրի մոտ 300 մարզիկներ: Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կեզրափակվի ապրիլի 5-ին:
19:30 - 04 ապրիլի, 2024
«Գոյ» թատրոնի դերասանների նստացույցը շարունակվում է. նրանք գիշերն անցկացրել են թատրոնի մուտքի մոտ |news.am|

«Գոյ» թատրոնի դերասանների նստացույցը շարունակվում է. նրանք գիշերն անցկացրել են թատրոնի մուտքի մոտ |news.am|

news.am: Ցավոք սրտի ո՛չ Սունդուկյանի անձնակազմից և ղեկավարությունից, ո՛չ էլ նախարարությունից ոչ ոք չի եկել. դա խոսում է այն մասին, որ նրանց չի հետաքրքրում «Գոյ» թատրոնի լինել չլինելը, այսինքն մտահոգված չեն, դա փաստ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը, որը թատրոնի մի քանի դերասանի հետ միասին երեկ նստացույց էր սկսել, և ամբողջ գիշերն անցկացրել թատրոնի մուտքի մոտ:  «Դռան վրա գրված է հարգելի, բայց երբ դու նստում ես այդ հարգելի բառի տակ, արտահայտում քո  անհամաձայնությունն ու բողոքը, չեն գալիս նստեն, խոսեն, հասկանան, որ ինչ-որ մի բան լինի ի օգուտ երկու կողմի»,-ասում է Սարգիս Արզումանյանը և ցույց տալիս թատրոնի փակ դռան վրա փակցված գրությունը, որով Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը Գոյ թատրոնի «հարգելի» աշխատակիցներին առաջարկում է ծառայողական մուտքից օգտվել: Սարգիս Արզումանյանի խոսքով, երեկվանից շատ զանգեր ու նամակներ է ստացել գործընկերներից: Նա հույս ունի, որ իրենց բողոքին կմիանա նաև հանդիսատեսը, և միասին կհասնեն նրան, որ նախարարությունը չեղարկի թատրոնների միացման որոշումը, և հնարավորություն կտա «Գոյ» թատրոնին անկախանալու: «Այս նստացույցի նպատակն իմ կողքին համախոհներին համախմբելն է: Այսօր գալու են այն մարդիկ, ովքեր պատրաստ են  ֆեյսբուքյան և այլ հարթակներում մեկնաբանություններ անելուց բացի նաև գործել: Մենք կփորձենք այդ մարդկանց հետ համագործակցել»,-պարզաբանում է Սարգիս Արզումանյանը: Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դիմաց երեկ՝ ապրիլի 3-ին,  դերասանները անժամկետ նստացույց են սկսել և բողոքում են «Գոյ» թատրոնը  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու նախարարության որոշման դեմ:
14:23 - 04 ապրիլի, 2024
«Նռան գույնը» ֆիլմով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

«Նռան գույնը» ֆիլմով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

Ապրիլի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը: Ֆիլմի դիտումից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն՝ արժևորելով Փարաջանով արվեստագետին և նրա թողած ժառանգությունը։ Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ աջակցության և ներկաներին՝ մասնակցության համար, Ժաննա Անդրեասյանը նշել է. «Սերգեյ Փարաջանովը ստեղծագործ հանճարի մարմնացում է, մեծանուն վարպետ, որի ֆիլմերը խորապես հիացնում են ամբողջ աշխարհի հանդիսատեսին և համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասն են կազմում»։ ԿԳՄՍ նախարարն առանձնակի արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը մշակութային ժառանգության պահպանության և մշակութային բազմազանության խրախուսման գործում։ Ֆիլմի դիտումից հետո կայացել է քննարկում, որը վարել է ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Որպես բանախոսներ՝ հանդես են եկել Վալերիե Պոզները, Պատրիկ Կազալսը և Լևոն Աբրահամյանը։ Ելույթներում մեկնաբանվել է Փարաջանովի ֆենոմենը՝ արժևորելով նրա ստեղծագործական ժառանգությունը՝ ներկայացնելով Փարաջանով-ազգագրագետին, սցենարիստին և ռեժիսորին: Նրանք ընդգծել են Փարաջանովի հանճարը՝ ԽՍՀՄ-ում նման խորհրդավոր, ազատ և խորը մտածողությամբ ֆիլմ ստեղծելու առումով: Հոբելյանական միջոցառումների շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 3-10-ը կգործի նաև Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան, որը կառուցված է «Նռան գույնը» ֆիլմի հիմքի վրա։ Փարիզ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Քե Բրանլի Ժակ-Շիրակ թանգարան, որտեղ հանդիպել է թանգարանի նախագահ Էմանուել Կազարարեուի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Քննարկվել են Քե Բրանլի թանգարանում հայկական ցուցանմուշների ժամանակավոր ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հնարավոր համագործակցության այլ ձևաչափերի՝ փորձի փոխանակումների, մասնագիտական վերապատրաստումների և գորգերի ցուցադրության կազմակերպման հետ կապված հարցեր։ Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Ս. Փարաջանովի թանգարանի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրեն Անահիտ Միքայելյանի գլխավորությամբ, «Նռան գույնը» ֆիլմի դերակատար Լևոն Աբրահամյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը։
11:51 - 04 ապրիլի, 2024