ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ բռնություն չի իրականացվել. ՔԿ արձագանքը` որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերին

Քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ բռնություն չի իրականացվել. ՔԿ արձագանքը` որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերին

ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին` Կիրանց այցելած պայմանագրային զինծառայողներին քննչական գործողությունների ընթացքում ենթադրաբար ծեծի ենթարկելու մասին: «Հրապարակումն այն մասին, թե, իբր, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մի քանի զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր են եղել, և նրանք, իբրև թե, դաժան ծեծի են ենթարկվել, իրականությանը չի համապատասխանում, մտացածին է և, ինչպես սովորաբար լինում է նման ոճի հրապարակումների պարագայում, որևէ փաստական հիմք չունի։ Այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ նման բռնություն չի իրականացվել, և գրվածն այդ առումով զուտ բանբասանքային ենթադրություն է»,- հայտնում են ՔԿ-ից։
10:36 - 30 ապրիլի, 2024
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը
 |civilnet.am|

Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը |civilnet.am|

civilnet.am: Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծվել։ Շուրջ մեկ շաբաթ ճանապարհը փակած քաղաքացիները Կիրանցի կամուրջի հատվածում նկատել էին դեպի Բերքաբեր ընթացող առանց պետհամարանիշի մեքենա և արգելափակել էին այն՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, ինչն էլ տեղում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների պատճառ էր դարձել։ Հավաքվածներից որոշները կասկած էին հայտնում, թե մեքենայում ադրբեջանցիներ են, որոշներն էլ նշում էին, թե հայ քարտեզագիրներն են: Լրատվամիջոցներից մեկը նկարել էր առանց պետհամարանիշի մեքենայի դիմացի նստատեղին նստած անձին՝ հարց բարձրացնելով, թե ով է նա։ Այս անձի ինքնությունն էին փորձում պարզել քաղաքացիները. էկրանակադրը՝ լրատվամիջոցի տարածած տեսանյութից ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը տեսանյութից առանձնացված էկրանակադրի հետադարձ որոնում կատարեց համացանցում։ Pimeyes.com հավելվածը, որը դեմքերի ճանաչման և համացանցում հետադարձ որոնման համակարգ է, մի շարք արդյունքներ գեներացրեց, ըստ որոնց՝ տվյալ դեմքով անձի լուսանկարներ առկա են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ նախագահի, ինչպես նաև մի շարք հայաստանյան լրատվական կայքերում։ Pimeyes.com-ի գեներացրած արդյունքները Ուսումնասիրելով հղումները՝ պարզ դարձավ, որ տվյալ անձը գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանն է, որը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետն է։ Վերջինս 2023-ի հուլիսին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով (տեսանյութ՝ 6:32 րոպեից): Սերգեյ Պետրոսյանը՝ աջ կողմից առաջինը։ Լուսանկարը՝ mil.am Սերգեյ Պետրոսյանն ընդգրկված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 22-ի որոշմամբ ձևավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի մեջ։ Ուշագրավ է, որ Սերգեյ Պետրոսյանը միացել էր 2021-ի փետրվարին Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով։
16:31 - 29 ապրիլի, 2024
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն  ու հայտարարությունները։ Ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ․ «Վերջին օրերի ընթացքում համակարգված, մի շարք ստուգված տեղեկությունների համաձայն՝ նաև ուղղորդված որոշ շրջանակներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներ, թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն և սխալ տեղեկություններ։ Հատկանշական է, որ լրատվամիջոցները, անանուն աղբյուրներին հղում կատարելով, առանց ՊՆ համապատասխան ստորաբաժանման հետ ճշգրտումներ կատարելու, հրապարակում են անհայտ ծագմամբ տեղեկատվություն:  Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն  ու հայտարարությունները»։
15:59 - 27 ապրիլի, 2024
Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:   Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն, տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց:   Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից:   Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:   ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ցուցաբերելու է հետևողականություն և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության դեպքով կատարելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները:   «Միաժամանակ հորդորում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ զինվորական կանոնադրությունների պահանջները, բարեխղճորեն կատարել զինվորական ծառայության իրենց պարտականությունները, դրսևորել զսպվածություն և չտրվել առանձին անձանց սադրանքներին, մանիպուլյատիվ հայտարարություններին և քաղաքական կոչերին:   Ստորև ներկայացնում ենք զինծառայողներ Ա.Չ.-ի և Ֆ.Բ.-ի ուղերձները»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել էր պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի։
10:25 - 27 ապրիլի, 2024
Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով ապրիլի 23-25-ը Իտալիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարարության սպառազինության ազգային տնօրեն և պաշտպանության գլխավոր քարտուղար, գեներալ Լուչիանո Պորտոլանոյի, Իտալիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մատեո Պերեգո դի Կրեմնագոյի, Կոնֆինդուստրիայի օդատիեզերական, պաշտպանության ու անվտանգության ֆեդերացիայի նախագահ Ջուզեպպե Կոսսիգայի, ինչպես նաև ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
15:34 - 26 ապրիլի, 2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։ Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացմանն առնչվող հարցեր։ Ծրագիրը նպաստում է զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, կրթական կարողությունների զարգացմանը և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին, կին զինծառայողների կրթական կարողությունների զարգացմանը, զինծառայողների վարքագծի կանոնների միջազգային չափանիշների համապատասխանեցմանը, ինչպես նաև ՄԻՊ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների արդյունավետ և սահմանված ժամանակացույցով իրականացմանը։ Համագործակցության շարունակականության ապահովման համատեքստում ընդգծվել է ձեռք բերված արդյունքների պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Զրուցակիցները կարևորել են ծրագրի շարունակականության ապահովումը և համագործակցության նոր ուղղությունների զարգացումը։  
16:16 - 25 ապրիլի, 2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ
 |tert.am|

Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ |tert.am|

tert.am: ՀՀ–ում ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Հայտարարել 2024 թ. ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թ. հունիսի 30-ը ներառյալ»,- նշված է որոշման մեջ:   Պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2024 թ. մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները:   Սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի մինչև 2024 թ. հուլիսի 31-ը:
11:51 - 25 ապրիլի, 2024
Սուրեն Պապիկյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Սուրեն Պապիկյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ վերջինս ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: «Ծաղկեպսակներ ենք դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»,- նշված է գրառման մեջ:
13:48 - 24 ապրիլի, 2024
Տոնոյանը Փաշինյանին առաջարկել է անձամբ «զննել» հրթիռները

Տոնոյանը Փաշինյանին առաջարկել է անձամբ «զննել» հրթիռները

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Արդեն 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից երեկ կրկին մերժվեց իմ նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի կողմից ներկայացված միջնորդությունը: Միջնորդության ներկայացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվող և հանրությանը որպես «հրթիռների գործ» մատուցվող քրեական գործով դեռևս 09.04.2024 թվականին ավարտվեց ևս մեկ դատավարական փուլ և դատարանի կողմից հայտարարվեց դատաքննության ավարտ: Դեռևս նախաքննության սկզբնական փուլում նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տարածած հայտարարություններով. /https://www.sns.am/hy/news/view/639 // https://www.sns.am/hy/news/view/640)/ հանրության մոտ նպատակաուղղված ձևավորվել է մեղադրական տպավորություն հրթիռների վիճակի, ձեռքբերման արժեքի և գործի այլ հանգամանքների վերաբերյալ, ինչը հանգեցրել է իմ և գործով անցնող մյուս անձանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հանրային ընկալման ձևավորմանը: Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ նշված իրավիճակին տրված այն գնահատականը, որ կատարված առերևույթ հանցագործության և անձի մեղավորության առնչությամբ ձևակերպումները չպետք է ձևավորեն կանխակալ ընկալում արարքի կատարումը անձի կողմից որպես հաստատված փաստ ներկայացնելու տեսանկյունից՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում, ինձ իրավունք եմ վերապահում արդեն իսկ հրապարակված տեղեկատվության սահմաններում անդրադառնալ մի քանի կարևոր հանգամանքների: Մինչ այս պահը դատաքննության ընթացքում հետազոտված և ներկայացված մեղադրանքի հետ որևէ աղերս չունեցող ապացույցներին ավելացան նաև վերջին մի քանի դատական նիստերի ընթացքում դատավորի կողմից հանրային մեղադրողի և մեղադրյալների մասնակցությամբ զննված գործով 3 տարի առաջ իրեղեն ապացույց ճանաչված անթերի վիճակում գտնվող ռուսական արտադրության հրթիռները, որոնց վիճակը էապես տարբերվում է հանրությանը դրանց վերաբերյալ ներկայացված տպավորությունից: Զննության ընթացքում դատավորի կողմից անտեսվել է իմ կողմից հայտնված մեղադրական եզրակացության մեջ նշված հրթիռների ամբողջ քանակը զննելու վերաբերյալ դիրքորոշումը: Դատավորի կողմից անտեսվել է նաև իմ կողմից ներկայացված միջնորդությունը՝ տեղում զննել նաև նույն խմբաքանակով ներմուծված և ԶՈՒ հաշվեկշռում լինելու հանգամանքով պայմանավորված ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով օգտագործման ժամկետները երկարաձգված հրթիռները և դրանք համեմատել սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված հրթիռների հետ: Դատարանի կողմից չապահովվեց նաև փորձագետի մասնակցությունը զննության գործընթացին, որի մասնակցությամբ իրեղեն ապացույցները զննելու նպատակով իմ կողմից մտացածին հնարավոր ապօրինի ազդեցությունը զսպելու ռիսկը դատարանի կողմից առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում շարունակաբար դրվել է ինձ կալանքի տակ պահելու որոշումների հիմքում: Մինչդեռ, շուրջ երկու ամսվա ընթացքում դատարանին այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել ԶՈՒ-ից զորացրված փորձագետին: Զննության արդյունքներով հոդս ցնդեցին հայտնի շրջանակների կողմից նշված հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները, իսկ դատավորի վերոնշյալ վերաբերմունքից կարելի է մեկ հետևություն անել. հրթիռների միայն մի մասի զննությունն էլ վերջինիս համար բավարար էր դրանց իրական վիճակի վերաբերյալ ներքին համոզմունք ձևավորելու համար: Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաև տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների ևս մեկ զննություն իրականացնել և լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը՝ ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետարքրքություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ: Եթե գոյաբանական մարտահրավերների առջև կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև ԶՈՒ Ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար»:
10:21 - 19 ապրիլի, 2024
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունները
 |arm.sputniknews.ru|

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունները |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Անդրանիկ Մանուկյանը` նշելով, որ 2 միջնորդություն էր ներկայացվել։ «Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Տոնոյանի խափանման միջոցը փոխելու և խափանումն առհասարակ վերացնելու միջնորդությունները»,- ասաց նա։ Պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։
17:35 - 18 ապրիլի, 2024