ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 24-ին հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:   Պաշտպանը The Guardian, The Independent, The Guardian/The Critic, The Telegraph/The Critic Adam Smith Institute, BBC, UnHerd լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին։    Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 24-ից սկսած՝ անձամբ իր և աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացվել են այցեր Կոռնիձորում, Գորիսում և Վայքում տեղակայված հաշվառման կենտրոններ, առանձնազրույցներ են անցկացվել ավելի քան 350 բռնի տեղահանվածների հետ: Այդ ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։ Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։   Պաշտպանն անդրադարձել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ապրիլի 11-ին և 12-ին ՄԻՊ աշխատակազմի հետ Տավուշի մարզում հանդիպումներ է ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ, արձանագրել խնդիրները։
20:50 - 24 ապրիլի, 2024
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
 |armenpress.am|

Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պատկան մարմինները մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հավաստիացրել են, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատումից սահմանամերձ բնակավայրերի բնակիչների բոլոր  իրավունքները երաշխավորելու ուղղությամբ։ Անահիտ Մանասյանն այս մասին ասել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում։ «Մինչև սահմանազատման գործըթնացի մեկնարկը ես այցելել եմ Տավուշի մարզ: Այս գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո մեկնել եմ սահմանամերձ բնակավայրեր: Ինձ համար կարևոր է իմ մանդատի շրջանակում գործառույթ իրականացնելը, այսինքն՝ քաղաքացիների խնդիրները, մտահոգությունները արձանագրելը և մարդու իրավունքների տեսանկյունից դրանք հասցեավորելը: Քաղաքացիները մեզ բազմաթիվ մտահոգություններ են հայտնել իրենց անվտանգության, սեփականության իրավունքի և այլնի վերաբերյալ: Ես արձանագրել եմ այդ ամենը և թե՛ բանավոր հաղորդակցության միջոցով, թե՛ գրավոր պաշտոնապես ուղարկել եմ իրավասու մարմիններին: Այս պահին ինձ տրված է հավաստում, որ քաղաքացիների բոլոր իրավունքները երաշխավորելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում»,- ներկայացրեց նա:  ՄԻՊ-ը վստահեցրեց՝ կարևորում է պրոցեսը մոնիթորինգի ենթարկելը: Վերջինիս խոսքով՝ քաղաքացիների իրավունքների վերաբերյալ խնդիրներ տեսնելու դեպքում անմիջապես հասցեավորելու է:
14:23 - 24 ապրիլի, 2024
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննության իրականացում․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի մասին |tert.am|

Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննության իրականացում․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի մասին |tert.am|

tert.am: Խոսել ենք բերման ենթարկվածների հետ, նաև հայտարարություն ենք տարածել, որտեղ անընդունելի ենք համարել թե՛ հավաքի մասնակիցների, թե՛ ոստիկանների և թե՛ բոլոր դերակատարների կողմից որևէ տեսակի բռնության կիրառումը։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ բողոքի ակցիա իրականացնող տավուշցիներին բերման ենթարկելու գործողություններին, ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ «Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ կասկածներ, արագ արձագանքման խումբ եմ ուղարկել ոստիկանական ստորաբաժանումներ և հիվանդանոցներ, զրուցել ենք բոլորի հետ, այդ ամենը ընդհանրացնելու ընթացքում հնարավորություն կուենանք եզրահանգումներ անել»,- ասաց նա։ Մանասյանը նշեց, որ երեկ Նոյեմբերյանում ԵԿՄ-ին պատկանող մեքենան քաղաքացու ուղղությամբ վարելու և վնասվածքներ հասցնելու դեպքով հայտարարություն են տարածել։ «Հատուկ շեշտադրել ենք, որ այս դեպքով բռնության կիրառումը որևէ դերակատարի կողմից ուղղակի անթույլատրելի է, պահանջել ենք իրավասու մարմինների կողմից այդ հարցով պատշաճ քննության իրականցում։ Մենք Սուրեն Պետրոսյանի հետ էլ ենք հանդիպել, արձանագրել ենք իր կողմից բարձրաձայնված խնդիրերը։ Հանձնարարել եմ իմ աշխատատակիցներին, որ ձերբակալման ժամը լրանալուց հետո այցելեն այնտեղ ու արձանագրեն նրանց պատշաճ ազատ արձակումը»,- ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
12:13 - 24 ապրիլի, 2024
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում ասված է. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, և քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։ Չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Այսպիսի արարքների անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ։ Դեռևս 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» միջազգային կոնվենցիան, սակայն այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում առկա է նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների վտանգը։ 2023 թվականին վատ վերաբերմունքի տարատեսակ դրսևորումների զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում։ Անհրաժեշտ ենք համարում մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։ Նման ոճրագործությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի գործադրումն օրակարգային պետք է լինի բոլոր քաղաքակիրթ հասարակությունների համար»։
10:47 - 24 ապրիլի, 2024
ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության համաձայն՝ Տավուշի մարզում հավաքի ժամանակ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք է ստացել։  Վերոնշյալի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ: Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է դեպքի առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում:Համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:   Հարկ ենք համարում ընդգծել, որ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ՝ մարզային ստորաբաժանման հետ տեղում աշխատանքներ իրականացնելու համար:   Միևնույն ժամանակ, տեղեկություն է ստացվել առ այն, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու Ոստիկանության Նոյեմբերյանի և Թումանյանի բաժիններ են տեղափոխվել մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել վերոնշյալ բաժիններ՝ ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության: Միևնույն ժամանակ, Պաշտպանը հորդորում է բողոքի ակցիայի մասնակիցներին, ոստիկանությանը և հավաքի անցկացման վայրում գտնվող բոլոր անձանց ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Կարևոր է նաև, որպեսզի այս իրավիճակում հասարակական և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցները ոչ միայն բացառեն ատելություն, բռնություն կամ անհանդուրժողականություն քարոզող ցանկացած խոսք ու վարքագիծ, այլ նաև հակազդեն դրանց: Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։ Իսկ այս պահին առավել, քան երբևէ, նման համերաշխ միջավայրի կարիք ունենք:
18:18 - 23 ապրիլի, 2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ

Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի հետ՝ քննարկելու նրանց մասնագիտական գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ ՄԻՊ-ից հայտնում են, որ լրագրողները պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները՝ կապված սոցիալական հարթակներում իրենց նկատմամբ հնչող բռնության կոչերի, ատելության խոսքի, պաշտոնատար անձանց կողմից լրագրողների նկատմամբ վերաբերմունքի հետ։ Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ նշված բոլոր դեպքերն աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են, գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:
10:58 - 23 ապրիլի, 2024
Դավիթ Տոնոյանը դիմել է ՄԻՊ աշխատակազմ` պահանջելով հանդիպում Անահիտ Մանասյանի հետ

Դավիթ Տոնոյանը դիմել է ՄԻՊ աշխատակազմ` պահանջելով հանդիպում Անահիտ Մանասյանի հետ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «2024 թվականի ապրիլի 19-ին, ժամը 14:20-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկից դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` պահանջելով հանդիպում անձամբ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ եմ համարում վերջինիս ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ինչպես 18.04.2024 թվականի, այդպես էլ դատական քննության ընթացքում իմ կալանքի հարցի վերաբերյալ նախորդ որոշումներով սահմանված չէ որևէ ժամկետային սահմանափակում: Ե՛վ գործը քննող դատարանը, և՛ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները, ուշադրություն դարձնելով դատավարական հարցերին, անտեսում են իրավունքի, մասնավորապես անձի ազատության սահմանադրական իրավունքի խնդիրները, ինչը հետևանք է գործող քրեադատավարական օրենսդրության և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի հետևողական անտեսման: Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան զեկույցում մանրամասն անդրադարձ էր կատարվել կալանքի` որպես բացառիկ խափանման միջոցի շարունակականության խնդրին: Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու որոշումս պայմանավորված է նաև բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին դիմելուց առաջ իրավունքի պաշտպանության ներպետական բոլոր միջոցները սպառելու կոնվենցիոն պահանջը: Պատրաստվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրել նաև զինվորականների վերաբերյալ բազմաթիվ քրեական գործերով ցուցաբերվող խտրական մոտեցման հարցերին»:
10:11 - 22 ապրիլի, 2024
ՄԻՊ-ն ու Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը

ՄԻՊ-ն ու Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ այս համատեքստում անդրադառնալով Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ իրանցիների իրավունքների պաշտպանությանը: Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ անձանց իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են անձամբ իր ուշադրության ներքո։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Քննարկվել է նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը։ Անահիտ Մանասյանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ: Իր հերթին դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։
18:28 - 19 ապրիլի, 2024
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին

ՄԻՊ-ն ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների խպաշտպանի գրասենյակից։ «Ստացված ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Ուսումնասիրվում է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում նշված միջադեպի առնչությամբ տարածված տեղեկատվությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները տեղափոխում և շտապ օգնության մեքենան նստեցնում մի քաղաքացու։
14:46 - 19 ապրիլի, 2024
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում. ՄԻՊ

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին Միջազգային հանրապետական ինսիտուտի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Կին առաջնորդների թիրախավորումն առցանց հարթակներում» թեմայով պանելային քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով:  ՄԻՊ-ից աշխատակազմից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են պետական տարբեր գերատեսչություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաներ, ինչպես նաև մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության և հանդուրժողականության երաշխավորումը։  Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթական համակարգի բարեփոխման ուղղությամբ, քանի որ հենց կրթական համակարգի միջոցով են շատ հաճախ փոխանցվում կարծրատիպային մոտեցումները, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքներին վերաբերելի ժամանակակից միտումներին։ «Ցավոք, անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Սա հանգեցնում է տարատեսակ բացասական երևույթների, այդ թվում՝ կանանց թիրախավորման։  Սեռով պայմանավորված՝ կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում: Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների ու դառնում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց ատելության խոսքի թիրախ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վերջիններս գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Այս առումով առավել խոցելի են հատկապես հանրային գործունեություն իրականացնող այն կանայք, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են իրավահավասարության, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում կամ բարձրացնում են իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, որոնք կոնկրետ հասարակական միջավայրում պոպուլյար չեն։ Ընդ որում, հանրային կյանքում առավել հաճախ թիրախավորվում են կանայք, քան տղամարդիկ: Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում, ինչպես նաև խթանել հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժը»,- ասել է Պաշտպանը։ Ավարտելով ելույթը՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը՝ ոչ միայն բացառելով թիրախավորում ենթադրող որևէ վարքագիծ, այլ նաև հակազդելով նման ցանկացած դրսևորմանը։ Պանելային քննարկումը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցությամբ:
11:36 - 19 ապրիլի, 2024
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) կառավարման խորհրդի առցանց նիստին։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, մասնակիցներն անդրադարձ են կատարել ENNHRI-ի՝ Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցին, ինչպես նաև քննարկել եվրոպական ցանցի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։ Փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի անդամ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում։
21:41 - 18 ապրիլի, 2024
Սամվել Վարդանյանը ՄԻՊ-ի հետ զրույցում իրեն առնչվող միջադեպից մանրամասներ է ներկայացրել

շ

Սամվել Վարդանյանը ՄԻՊ-ի հետ զրույցում իրեն առնչվող միջադեպից մանրամասներ է ներկայացրել շ

Ձերբակալված Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու տեղեկության հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր։  Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ: Հաշվի առնելով լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածված հրապարակումները և առանձնազրույցի ընթացքում ներկայացված հանգամանքները՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ: Համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասպանատվության: Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։ Միևնույն ժամանակ, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող ցանկացած խոսքի կիրառումից և վարքագծից։ Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։ Ավելին, հանրային և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները պետք է ոչ միայն զերծ մնան նման խոսքի կիրառումից, այլև իրենց գործելակերպով հակազդեն դրա ցանկացած դրսևորման»,- գրել է ՄԻՊ-ը։
22:19 - 16 ապրիլի, 2024
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչին

Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են՝ Անահիտ Մանասյանն ապրիլի 15-ին ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը:   Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը։   Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, ներկայացրել է անձամբ Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքները։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։   Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը` խոսելով այդ ուղղությամբ նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող քայլերի մասին:   Վեսա Հակկինենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար:
19:02 - 15 ապրիլի, 2024
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Տավուշի սահմանային բնակավայրեր

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Տավուշի սահմանային բնակավայրեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ։ Վերջիններս Պաշտպանին մտահոգություններ են հայտնել առ այն, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ կվտանգի իրենց կյանքն ու անվտանգությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կրթության իրավունքը, կզրկվեն իրենց ընտանիքների եկամտի աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։ Բացի այդ՝ սահմանային բնակիչները ներկայացրել են մի շարք խնդիրներ՝ կապված իրենց սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքներին առնչվող վտանգների հետ։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ բոլոր գործընթացներում պետության անվտանգության երաշխավորման հետ մեկտեղ պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորմումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկբունքը։ Պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 12-ին Իջևանում հանդիպում է ունեցել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, քննարկվել են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր: Տավուշի մարզ այցի շրջանակներում Պաշտպանն այցելել է զորամաս, քննարկել զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող առանձին հարցեր: Միևնույն ժամանակ, սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների առնչությամբ Պաշտպանի աշխատակազմը Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերում հավաքագրել է խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել սահմանային բնակիչների, այդ թվում՝ ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների սեփականատերերի հետ։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։ Այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, արժանապատիվ պայմաններում ապրելու, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից: Այցի շրջանակներում Տավուշի մարզի սահմանային բնակիչների կողմից բարձրացված խնդիրներն ու Պաշտպանին ներկայացված մտահոգությունները, ինչպես նաև իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում հավաքագրված փաստերն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն ՀՀ պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այդ թվում՝ Տավուշի մարզային ստորաբաժանումը, շարունակում է մշտադիտարկումն ու աշխատանքները սահմանամերձ բնակավայրում:
12:28 - 13 ապրիլի, 2024