Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Հունաստանի ՊՆ ղեկավարը հնարավոր է համարում Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ քառակողմ համագործակցությունը
 |civilnet.am|

Հունաստանի ՊՆ ղեկավարը հնարավոր է համարում Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ քառակողմ համագործակցությունը |civilnet.am|

civilnet.am: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ «Մենք ստեղծել ենք հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև։ Բայց կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ»,- մարտի 4-ին Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Հունաստանի ՊՆ ղեկավարը։ Նիկոս Դենդիասը նշել է նաև, որ Հունաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ «Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։ Մենք կտրականապես դեմ ենք այս տարածաշրջանում ցանկացած միակողմանի ռազմական գործողությունների։ Մենք նաեւ աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- ընդգծել է նա։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Պապիկյանն ու Դենդիասը պայմանավորվել են երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ»,- ասված էր հայկական կողմի հաղորդագրությունում։
17:13 - 04 մարտի, 2024
Պապիկյանը կարևորում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցությունը
 |armenpress.am|

Պապիկյանը կարևորում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները Երևանում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: Մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում: Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին»,- նշեց Պապիկյանը։ Նրա խոսքով՝ կարևորել են միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը: «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- եզրափակեց Պապիկյանը:
17:07 - 04 մարտի, 2024
Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը. Պապիկյան
 |news.am|

Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը. Պապիկյան |news.am|

news.am: Խորհրդանշական է, որ Հունաստանի պաշտպանության նախարարի այս այցը հաջորդում է նախորդ շաբաթ տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հունաստանի Հանրապետություն ընդգրկուն օրակարգով այցին: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Երեւանում Հունաստանի ՊՆ նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը: Նա, մասնավորապես, նշեց. «Այս ամենը վկայում է, որ մեր երկու երկրների միջեւ առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների ժողովուրդների ավանմդական բարեկամության, փոխադարձ օգնության, պատրաստակամության, արժեքների եւ ընդհանուր մոտեցումների վրա: Այս հարաբերություններում իր ուրույն տեղն ունի պաշտպանության ոլորտի համագործակցությունը: Այն իրա իրականացվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունենրով, որոնց մի մասն ավանդական բնույթ են կրում եւ իրականացվում են Հայաստանի անկախացումից հետո 2 երկրների միջեւ ձեւավորված պաշտպանության ոլորտում համագործակցության հենց սկզբից: Իսկ մնացածը պայմանավորվածությունների արդյունքում ձեւավորված նոր ոլորտն եր են: Ավանդական ոլորտներից են ռազմական կրթությունը, անձնակազմերի վերապատրաստումը, փորձի ու տեղեկատվության փոխանակումը, ռազմաքաղաքական խորհրդակցությունները եւ այլն»: Պապիկյանը հանելեց, որ Դենդիասին ներկայացրել է պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, եւ կարեւորել բարեկամ Հունաստանի փորձագիտական ու գործնական աջակցության կարիքն այս հարցում. «Քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես կարեւորել ենք 2023-ի դեկտեմբերին իմ Հունաստան կատարած այցի ընթացքում ստորագրված Հայաստանի եւ Հունաստանի կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդելը: Քննարկումների ընթացքում անդրադարձել ենք նաեւ միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:  Այս համատեքստում արժեք նշել, որ երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում: Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին: Կարևորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- ասել է Պապիկյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Այնուհետև տեղի է ունեցել պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
16:31 - 04 մարտի, 2024
Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ

Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ

Մարտի 4-ին՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։  
14:52 - 04 մարտի, 2024
Հունաստանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Հունաստանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Մարտի 1-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ Կողմերը քննարկեցին պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։
20:43 - 01 մարտի, 2024
Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով

Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով

Աթենքում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ: Վերջինս ողջունել է վարչապետի այցը Հունաստան և ընդգծել երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների փաստը: Կոնստանտինոս Տասուլասը վստահություն է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանի և Հունաստանի միջև պատմական կապերն արտահայտվում են նաև միջպետական հարաբերություններում: Վարչապետը նշել է, որ այսօր կարևոր քննարկումներ են ունեցել Հունաստանի նախագահի և վարչապետի հետ, քննարկել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների լայն օրակարգ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը և հավելել, որ այսօրվա հանդիպումը նոր խթան կհանդիսանա Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությանը: Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար: Հաջորդիվ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստան-Հունաստան խորհրդարանական խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության տարբեր հարցեր: Հույն պատգամավորներն ընդգծել են, որ դժվարին ժամանակահատվածում Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են:  
19:07 - 27 փետրվարի, 2024
Հայաստանն ու Հունաստանը տնտեսության, մշակույթի, կրթության ու անվտանգության ոլորտում նոր խթան կտան երկկողմ հարաբերություններին. Փաշինյան
 |armenpress.am|

Հայաստանն ու Հունաստանը տնտեսության, մշակույթի, կրթության ու անվտանգության ոլորտում նոր խթան կտան երկկողմ հարաբերություններին. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում: Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Աթենքում՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: «Իհարկե, տարածաշրջանային իրավիճակը, միջազգային իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից մեկն էր: Վարչապետ Միցոտակիսիին պատմեցի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող մեր ջանքերի մասին: Պատմեցի նաև առկա խնդիրների մասին, ո՞ւր ենք հասել և ի՞նչ խնդիրներ կան հետագա առաջընթացը ապահովելու համար: Իհարկե, տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը, և պետք է հույս ունենանք, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը: Անդրադառնալով բանակցությունների օրակարգի մյուս թեմաներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Սա, իսկապես, կարևոր այց է մեզ համար՝ քննարկելու Հայաստան-Հունաստան երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա խորացման հարցերը: Հաճույքով պիտի ընդգծեմ, որ մեր միջպետական կապերը նույնպես բավական լավ տեմպերով զարգանում են, և այսօրվա այցի արդյունքներով, իհարկե, նոր խթան կտանք մեր երկկողմ հարաբերություններին՝ տնտեսության ոլորտում, մշակույթի ոլորտում, կրթության ոլորտում, նաև անվտանգության ոլորտում: Պաշտպանության ոլորտում ունենք համագործակցության բավականին երկար պատմություն և, համոզված եմ, որ այդ մեր համագործակցությունն ավելի արդյունավետ կդառնա»: Նիկոլ Փաշինյանը Հունաստանի գործընկերոջը շնորհակալություն հայտնեց ոչ միայն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստելու, այլև Եվրամիության հետ Հայաստանի կապերի ամրապնդմանն աջակցելու համար: «Ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններում ամենևին էլ երկրորդական դեր չի կատարում այն, որ երկու երկրներն առանցքային նշանակություն են տալիս բարեփոխումներին՝ ընդհանրապես, և ժողովրդավարական բարեփոխումներին՝ մասնավորապես: Եվ սա շատ կարևոր արժեքային հենք է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար ոչ միայն Հունաստանի, այլև Եվրամիության հետ ընդհանրապես: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հունաստանին՝ Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացմանն աջակցելու և հետագա աջակցության պատրաստակամության համար: Տեղյակ եք, որ Եվրամիությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է: Եվ այդ համատեքստում մեր համագործակցությունն արդեն իսկ ցույց է տվել իր արդյունքները: Համոզված եմ՝ առաջիկայում ավելի տեսանելի արդյունքներ կլինեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը Հունաստանի մասնակցությանը. «Ուզում եմ ընդգծել նաև Հունաստանի մասնակցությունը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը, որը դիտարկում է Ադրբեջանի հետ ՀՀ-ի սահմանը: Հունաստանի մասնակցությունն այստեղ շատ գնահատելի է և կարևոր»: Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսը անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի, քննարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առնչվող խնդիրները: «Քննարկեցինք նաև մեր տարածաշրջանային իրավիճակը, հատուկ անդրադարձ ունեցանք էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 հազար հայերի հումանիտար կարիքների բավարարման գործընթացին: Ես Հունաստանի վարչապետին պատմեցի այն միջոցները, որ արդեն իսկ հասցրել ենք իրականացնել, բայց նաև ասեցի, որ այժմ երկարաժամկետ ծրագրերի մասին որոշումներ կայացնելու փուլում ենք: Կարևոր է նաև այն, որ եթե մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան ՀՀ-ում: Քննարկեցինք նաև այդ իրավիճակի հետ կապված հարցեր»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը կարևորեց նաև Հայաստանի և Հունաստանի տնտեսական համագործակցության զարգացումը: «Իրականում, մեր երկկողմ հարաբերությունները բազմաշերտ են, և մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում բավականին լավ տնտեսական աճ և տնտեսական դինամիկա կա: Սա լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք քայլեր ձեռնարկել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացնելու և նրանց մասշտաբները մեծացնելու, փոխելու: Ցավոք սրտի, ի հեճուկս մեր ջերմ, բարեկամական, քաղաքական հարաբերությունների՝ երկկողմ առևտուրն առանձնապես տպավորիչ չէ: Իհարկե, սա պետք է լինի մեր կառավարությունների օրակարգի հարցերից մեկը: Եվ հույս ունեմ, որ առաջիկայում մենք միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստ կհրավիրենք: Այդպիսի նախնական ընկալում կա, որ ամռանը այն տեղի կունենա Երևանում և հնարավորություն կունենանք այդ խնդիրներն ավելի ընդարձակ քննարկել և ավելի կոնկրետության մեջ քննարկել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:      
18:20 - 27 փետրվարի, 2024
Հայաստանում եւ Հունաստանում տնտեսական լավ աճ ու դինամիկա կա, բայց երկկողմ առևտուրը առանձնապես տպավորիչ չէ. Փաշինյան
 |news.am|

Հայաստանում եւ Հունաստանում տնտեսական լավ աճ ու դինամիկա կա, բայց երկկողմ առևտուրը առանձնապես տպավորիչ չէ. Փաշինյան |news.am|

news.am: Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Հունաստանում, տնտեսական լավ աճ ու դինամիկա կա, սա լավ հնարավորություն է, որ կարողանանք քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացնելու ու մասշտաբները մեծացնելու համար։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Աթենքում, Հայաստանի ու Հունաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ցավոք, ի հեճուկս մեր ջերմ բարեկամական, քաղաքական հարաբերությունների, երկկողմ առևտուրը առանձնապես տպավորիչ չէ, սա պետք է լինի մեր կառավարությունների օրակարգի հարցերից մեկը: Հույս ունեմ, որ առաջիկայում մենք միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստ կհրավիրենք: Նախնական ընկալում կա, որ այն տեղի կունենա ամռանը՝ Երևանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
16:03 - 27 փետրվարի, 2024
Միշտ ձեր կողքին կլինենք՝ ձեւավորելու եւ ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանից. Հունաստանի վարչապետ
 |news.am|

Միշտ ձեր կողքին կլինենք՝ ձեւավորելու եւ ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանից. Հունաստանի վարչապետ |news.am|

news.am: Մեծ ուրախությամբ հյուրընկալում ենք Աթենքում բարեկամ Հայաստանի վարչապետին. Այ այցը կարեւոր քայլ է, որն էլ ավելի է  ամրապնդում Հայաստանի եւ Հունաստանի գերազանց հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Աթենքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում նշեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Սրանք հարաբերություններ են, որ գալիս են դարերի խորքից, բայց կարող են էլ ավելի արդյունավետ լինել մեր առջեւ ծառացած նոր ընդհանուր մարտահրավերների դեպքում: Հատկապես այս պահին, երբ Հայաստանը ԵՄ աջակցությամբ ձեւավորում է հստակ ու թափանցիկ ինստիտուտներ, որոնք թույլ կտան ներդրումներ ներգրավել: Մենք հնարավորություն կունենանք քննարկելու նաեւ մեր երկկողմ համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգետիկան, ժամանակից տեխնոլոգիաները: Այս համագործակցությունն էլ ավելի խորանում ու զարգանում է: Այդ տրամաբանության մեջ ստորագրվել է հուշագիր Enterprise Greece-ի եւ Enterprise Armenia-ի միջեւ: Մենք աջակցում ենք նաեւ  պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ պայմանագիր կնքելով 2023-ի դեկտեմբերին: Մենք պարոն վարչապետի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր առեւտրատնտեսական հարաբերությունները»: Միցոտակիսը նշեց, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումները. «Այստեղ մեր մոտեցումները ընդհանուր են, մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմանը: Մենք նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգնքի սկզբունքներին: Մենք հավատում ենք, որ տարաձայնությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով: Իսկ Հայաստանը 2023-ից մեզնից բոլորից ավելի լավ է հասկանում խաղաղության գինը: Այն որոշումները, որոնք դուք պետք է ստանձնեք, սիրելի Նիկոլ, կձեւավորեն փաստացի երկրի ապագան գալիս տարիների համար: Չափազանց հետաքրքրությամբ լսեցի ձեր մոտեցումները, թե ինչպես եք դուք տեսնում քայլերի իրականացումը նոր ձեւավորվող ռազմավարական միջավայրում: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու նաեւ ԼՂ 100 հազարից ավելի մարդկանց կայնքը հեշտացնել;ու ձեւաչափը: Հունաստանը դիվանագիտության տեսանկյունից միշտ ձեր կողքին կլինի ձեւավորելու եւ ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանից: Միայն կայուն պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է բացել Հարավային Կովկասում ավելի լավ ապագայի ճանապարհը: Այդ պատճառով նաեւ Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը դուք մեզ ներկայացրեցինք: Դա թույլ կտա, որ տարածաշրջանը բախումների թատերաբեմից վերածվի առեւտրական հանգույցի՝ կապելով Պարսից ծոցի երկրները Միջերկրական ծովի երկրների հետ: Միայն ընդհանուր բարգավաճումը կարող է լռեցնել զենքը, միայն ժողովուրդների առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը: Քննարկեցինք նաեւ Հայաստանուևմ արձանագրվող բարեփոխումները, որոնք ցույց են տալիս Հայաստանի նվիրվածությունը դեպի Արեւմուտք: Հունաստանը, որպես ԵՄ երկիր պատրաստ է իր գիտելիքներով, փորձով, ունակություններով ձեւովորելու նոր, լիբերալ ժողովրդավարություն»: Իր խոսքի վերջում Հունաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց նաեւ Հունաստանում հայկական համայնքին, որը կապող օղակ է երկու երկրների միջեւ:
15:43 - 27 փետրվարի, 2024
Կայացել է վարչապետ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը

Կայացել է վարչապետ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը: Ողջունելով վարչապետի այցը Հունաստան` Հունաստանի նախագահը նշել է. «Ձեր այցն արտացոլում է մեր հարաբերությունների գերազանց մակարդակը, ինչպես նաև մեր ընդհանուր կամքը, որպեսզի մեր համագործակցությունը զարգանա ու ավելի խորանա բոլոր ոլորտներում: Մեր երկու երկրները կապված են դարավոր բարեկամության և եղբայրական հարաբերությունների և փոխըմբռնման զգացումներով: Կառուցողական կերպով համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակում և այս ոգով ամբողջովին կիսում ենք Ձեր հետաքրքրությունը` պաշտպանելու համաշխարհային մշակութային կոթողների անվտանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում: Զուգահեռ իրազեկ լինելով Ձեր ջանքերին` բարեփոխումների իրականացման գործում, մենք սատարում ենք, և ինստիտուցիոնալ երկխոսությունը խորացնում Հունաստանի և Հայաստանի միջև: Հունաստանն ուշադրությամբ հետևում է Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, առաջին իսկ վայրկյանից մենք մեր համերաշխությունն արտահայտեցինք հայ ժողովրդին` ուղարկելով հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր հայերին, միաժամանակ, լինելով միջազգային իրավունքի ջատագով` դիվանագիտական երկխոսության միջոցով խնդիրները լուծելու գործում: Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին, որի նպատակն է հաստատել համերաշխություն, խաղաղություն, որը կլինի հարատև և կնպաստի լավ հարևանության և հարաբերությունների ստեղծմանը: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ պարոն վարչապետ»: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և խոսքերի համար և նշել. «Մեր երկրների միջև կապերը` քաղաքական, տնտեսական, մշակութային, իրավացիորեն նշեցիք, երկար պատմություն ունի, մեր ժողովուրդների միջև խորը էմոցիոնալ կապ կա: Այս առումով, իհարկե, այդ էմոցիոնալ կապը արտահայտվեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հունաստանի օգնությամբ, ինչի համար շնորհակալ եմ: Ուրախ եմ, որ առիթ ունենք վերջին 33 տարիների ընթացքում խորացնել նաև մեր միջպետական հարաբերությունները: Եվ ուրախ եմ, որ այդ պատմական խորը համագործակցությունը կարևոր կոմպոնենտ է ստացել` դա համագործակցությունն է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շուրջ: Հունաստանը Եվրոպական միությունում մեր կարևորագույն գործընկերներից է և մեր հարաբերություններն ընդգծվում են ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում, որը մեր ժողովրդավարական բարեփոխումների հիմնական աջակիցներից է: Նաև այդ աջակցության համար ենք շնորհակալ, նաև նրա համար, որ Հունաստանը մասնակցություն ունի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությանը: Համոզված եմ, որ այս այցի ընթացքում երկկողմ համագործակցության, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը, տարածաշրջանային ու միջազգային հարցերը քննարկելու առիթ կունենանք: Այս հատվածում կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի համար»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:21 - 27 փետրվարի, 2024
Հունաստանում Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն է հիմնվել

Հունաստանում Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն է հիմնվել

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում այսօր ստորագրվել է Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի և Հայաստանի Հանրապետության դեսպանության միջև համագործակցության պայմանագիր, որով համալսարանում հիմնադրվում է Հունաստանում Հայոց լեզվի և մշակույթի ամբիոն՝ մեկնարկելով հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների և դասավանդման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:   «Պայմանագիրը ստորագրվեց Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսի և Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի կողմից։ Կենտրոնի հիմնումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին մի շարք պաշտոնատար անձիք, այդ թվում՝ Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, «Ազատության ուղի» խմբակցության ղեկավար տիկին Զոի Կոնստանտոպուլուն, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի և ՍԻՐԻԶԱ կուսակցության անդամ տիկին Նինա Կասիմատին, ակադեմիական ոլորտի, ինչպես նաև հայ հոգևոր դասի, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ միջոցառումը պատմական նշանակություն ունի, քանի որ առաջին անգամն է Հունաստանում հիմնվում հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն, որը տեղի է ունենում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը նպատակ ունի երկկողմ շփումները վերածել գիտական ոլորտում երկարաժամկետ և հեռանկարային կապերի զարգացման և ընդլայնման, ինչը Հայաստան-Հունաստան հարաբերությունների ամրացման հիմք կհանդիսանա, նշեց դեսպանը: Նա նշեց նաև, որ հայագիտության կենտրոնի գաղափարը հասունացել է ժամանակի ընթացքում։ ՀՀ դեսպանն ընդգծեց այն փաստը, որ Դեմոկրիտուս համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնումը բոլորովին պատահական չէ, այն մի շարք քննարկումների արդյունքում ընդունված որոշում է՝ հիմնված այն կարևոր փաստի վրա, որ Համալսարանն ունի բավարար ներուժ և մեծ հետաքրքրություն հայագիտությունը զարգացնելու հարցում։ Կարևոր է նաև տարածաշրջանում առկա կենսունակ հայ համայնքը և եկեղեցին, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում կաջակցեն կենտրոնի աշխատանքներին այսուհետ։ Դեսպան Մկրտչյանը հատկապես կարևորեց համալսարանի՝ ռազմավարական կարևոր տարածաշրջանում գտնվելու հանգամանքը, և որ այն ունի արևելագիտական ուսումնասիրությունների բավական զարգացած ավանդույթներ։   Պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսը իր հերթին նշեց, որ հայոց լեզուն և մշակույթը, ինչպես նաև հայոց պատմությունը համալսարանի հետաքրքրությունների շրջանակներում են, և այսօր ստորագրված պայմանագիրը պաշտոնապես մեծ հնարավորություններ է բացում հայագիտությանը նվիրված ուսումնասիրությունների համար: Նա համոզմունք հայտնեց, որ աշխատանքների արդյունավետությունը տեսանելի կլինի մոտ ապագայում և կայուն հիմք կհանդիսանա հայ և հույն բարեկամ ժողովուրդների ակադեմիական համագործակցության համար: Միջոցառմանը հաջորդեց հայական ավանդական ուտեստների և խմիչքների հյուրասիրություն»,- ասված է հաղորդագրությունում։
14:12 - 20 փետրվարի, 2024
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հունաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը բոլոր ոլորտներում

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հունաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը բոլոր ոլորտներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլոսին, ով նոր է ստանձնել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:   Վարչապետը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխգործակցության շարունակական զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման, համատեղ նոր ծրագրերի իրականացման առումով: Նշելով, որ Հունաստանի հետ Հայաստանն ունի հագեցած օրակարգ՝ դրա իրացման համատեքստում վարչապետը կարևորել է կառավարությունների միջև ակտիվ և ինտենսիվ համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը, Հայաստան-Հունաստան բազմոլորտ համագործակցության օրակարգին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:
18:45 - 14 փետրվարի, 2024