Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է առավել քան 21%-ով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Չինաստանի դեսպանին

Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է առավել քան 21%-ով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Չինաստանի դեսպանին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Գևորգ Պապոյանն առաջարկել է չինական ընկերություններին դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում ներգրավվելու հնարավորությունը։ Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։
13:45 - 29 մարտի, 2024
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը՝ հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը՝ հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Ս.Վ.-ն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Սա 2023 թվականի մարտի 18-ին ուժ մտած՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրի հիման վրա բավարարված՝ հանձնման մասին երկրորդ միջնորդությունն է: ՀՀ գլխավոր դատախազի կողմից բավարարված առաջին միջնորդությունը վերաբերել է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող Ժ.Լ.-ին. վերջինս 2023 թվականի դեկտեմբերին հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
22:02 - 11 մարտի, 2024
Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կսկսեն համատեղ զորավարժություններ. դրանց ներկա կլինեն նաև Ադրբեջանի ներկայացուցիչները
 |tert.am|

Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կսկսեն համատեղ զորավարժություններ. դրանց ներկա կլինեն նաև Ադրբեջանի ներկայացուցիչները |tert.am|

tert.am: Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը մարտի 12-ին կսկսեն «Ծովային անվտանգության գոտի 2024» համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Զորավարժությունները տեղի կունենան Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Դրանցում ներգրավվելու են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմական նավատորմերը։ Զորավարժություններին ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Օմանի, Պակիստանի և ՀԱՀ-ի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Զորավարժությունների նպատակներն են տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, ներառյալ միջազգային ծովային առևտրի պաշտպանությունը, զորավարժություններին մասնակցող երկրների միջև բազմակողմ համագործակցության ամրապնդումը, ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարը, օպերատիվ և մարտավարական փորձի փոխանակումը և երկրների կարողության ցուցադրումը «համատեղ պահպանելու համաշխարհային խաղաղություն»։
16:48 - 11 մարտի, 2024
Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին. վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սի Ծինփինին և Լի Ցյանին

Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին. վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սի Ծինփինին և Լի Ցյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամենասիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։ Թող այն առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։ Հայ-չինական ավանդական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին՝ դիտարկելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմաբնույթ, այդ թվում նաև՝ տարածաշրջանային նախաձեռնություններում փոխգործակցության զարգացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Լիահույս եմ, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի էլ ավելի ընդլայնել և խորացնել նախորդ տարիների ընթացքում ձեռք բերված գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաև՝ բարձրաստիճան այցերի ակտիվացման միջոցով: Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։ Լի Ցյանին ուղղված ուղերձում ասված է. «Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ։ Մաղթում եմ, որ այս գեղեցիկ տոնն իր մեջ ամփոփի բարեկամ չին ժողովրդի համազգային նպատակների և ձգտումների կյանքի կոչման նվիրական խորհուրդը։ Հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը դրանք առավել խորացնելու համար։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, բարօրության, խաղաղության և ներդաշնակության իմ անկեղծ բարեմաղթանքները»։
10:34 - 10 փետրվարի, 2024
ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ատոմակայան

ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ատոմակայան

2024 թվականի հունվարի 16-ին ճանաչողական նպատակով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀԱԷԿ-ի մամուլի ծառայությունը։ Կայանի արտադրական տարածքում կազմակերպված տեխնիկական շրջայցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնական և օժանդակ համակարգերի ու սարքավորումների աշխատանքին: Շրջայցից հետո «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում դիտարկվել են երկու երկրների միջև ատոմային էներգիայի բնագավառում համագործակցության հնարավորությունները: «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ մեկնարկել են թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծի շուրջ աշխատանքները, որոնց համար հայտարարվող մրցույթներին կարող են մասնակցել նաև ոլորտում ընդգրկված չինական ընկերությունները: Բացի այդ, անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում նոր էներգաբլոկի կառուցման նախագծին. ըստ այդմ՝ նախանշվել են դիվանագիտական գերատեսչության միջնորդությամբ չինական ոլորտային կազմակերպությունների հետ փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու եղանակները: Փոխադարձ քննարկումների արդյունքում կողմերը ողջունել են համագործակցության պատրաստակամությունն ու դրական են գնահատել այդ ուղղությամբ տեսանելի նախադրյալները:
10:01 - 18 հունվարի, 2024
Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի դեսպան

Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահե Գևորգյանին Չինաստանի Ժողովրդական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:   «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահե Գևորգյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»,- ասված է հրամանագրի մեջ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Թաիլանդի Թագավորությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Սերգեյ Մանասարյանին հետ կանչել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Թաիլանդի Թագավորությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին որոշում էր ստորագրել, ըստ որի՝ Վահե Գևորգյանն ազատվել էր ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից:
16:59 - 11 հունվարի, 2024
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի ԱԳ նախարարի հետ
 |shantnews.am|

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի ԱԳ նախարարի հետ |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին հեռախոսով քննարկել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակներով առաջիկա շփումները։ «Նախարարները դիտարկել են ամենաբարձր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Զրույցի ընթացքում կողմերն ամփոփել և բարձր են գնահատել 2023 թվականի երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները։ «Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներն ամփոփել և բարձր են գնահատել 2023 թվականի փոխգործակցության հիմնական արդյունքները, գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության զարգացման բարձր տեմպերի կապակցությամբ, որոնք ցույց են տալիս կայունություն և դրական դինամիկա ընդհանուր աշխարհաքաղաքական անկայունության համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
21:37 - 10 հունվարի, 2024
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ Շեն Բեյլիի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ Շեն Բեյլիի հետ

ՉԺՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ, կուսակցական խմբի քարտուղար Շեն Բեյլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթներն ու ոլորտային առաջնահերթությունները՝ մանրամասնելով նաև նախատեսվող ծրագրերը։ Նախարարը բարձր է գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունների դերը և ընդգծել երկու երկրների միջև քաղաքակրթական կապի ու ընդհանրությունների կարևորությունը։ Շեն Բեյլին նշել է, որ թեև իրենց կառույցը Հայաստանի հետ ուղիղ համագործակցություն չունի, սակայն վստահ է, որ տվյալ հանդիպումը հայկական կողմի հետ համատեղ արդյունավետ ծրագրերի իրականացման նոր խթան կհանդիսանա։ Վերջինիս խոսքով՝ հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների առանցքում երեխաներին և երիտասարդներին ցերեկային ծառայությունների տրամադրումն է, ինչպես նաև տարբեր երկրների երիտասարդների միջև կապի ստեղծումը։ Շուրջ 90,000 քառ․ մ տարածք ունեցող կենտրոնը երեխաների դաստիարակման և զարգացման ամենամասշաբային համալիրն է․ այն սպասարկում է տարեկան միջինում 1 մլն երեխայի։ Կառույցը շուրջ 1000 աշխատակից ունի, տրամադրում է հարյուրավոր ծառայություններ՝ շաբաթական շուրջ 6000 երեխայի։ Նախարար Մկրտչյանի հետ զրույցում Շեն Բեյլին նշել է, որ հիմնադրամը պատրաստ է իր հարկի ներքո ընդունել նաև հայ երեխաներին, ինչպես նաև դիտարկել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաներին ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Այս համատեքստում քննարկվել է նաև համատեղ հուշագիր կնքելու հնարավորությունը, որը թույլ կտա նախատեսվող համագործակցությունը դարձնել առավել համակարգված և կառուցողական։ Տիկին Բեյլին պատրաստակամություն է հայտնել դիտարկել Հայաստանում գործունեություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև համագործակցել հայկական մասնավոր հիմնադրամների հետ։ Հանդիպման ավարտին նախարար Մկրտչյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակին և առանձնահատկություններին, շփվել նրանց հետ։
11:21 - 01 դեկտեմբերի, 2023
Չինաստանը հետաքրքրված է ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ. գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Չինաստանը հետաքրքրված է ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ. գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային հանդիպումների կազմակերպումը՝ ի նպաստ երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության: Դեսպան Ֆան Յունն ընդգծել է, որ Չինաստանը հետաքրքրված է ՀՀ գլխավոր դատախազության հետ ուղիղ համագործակցությամբ, որը, ի թիվս այլնի, կընդգրկի երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը: Դեսպանի հետ զրույցում Հանրապետության գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ու պետական շահերի պաշտպանությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական փոխօգնության շրջանակում երկու երկրների դատախազությունների համագործակցությունը զարգացնելու հեռանկարները:
17:15 - 24 նոյեմբերի, 2023