Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թ․ հունվարի 23-ի որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։

Ավելի վաղ նա 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983թ. օգոստոսի 8-ին Լենինականում (ներկայում՝ Գյումրի):

2005թ. ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Իրավագիտության մագիստրոս:

Մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների (2008թ., Ուկրաինա) եւ Կիեւի ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ինստիտուտի մեդիաիրավագետների կրթական ծրագրերի դասընթացներին (2017թ.): Մեդիաիրավագետ է:

1999-2006թթ. աշխատել է «Ցայգ» ՀԸ հաղորդավար: 2003-2005թթ.՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական: 2005-2006թթ.՝ Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի երեւանյան մասնաճյուղի դասախոս: 2005-2018թթ.՝ «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար: 2006-2018թթ.՝ մասնավոր ոլորտում՝ իրավաբան: 2012 թվականից՝ Ցայգ ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2012 թվականից՝ քաղաքական եւ կոմերցիոն արշավների մեդիափորձագետ: 2014-2019թթ.՝ «Սթայլ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր սեփականատեր: 2015 թվականից՝ հանրային ելույթների եւ հրապարակախոսության դասընթացավար (մենթոր): 21.08.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական:

2011 թվականից Լրագրողների միջազգային դաշնության (IFJ) լիիրավ անդամ է: 2017-2019թթ. եղել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2018 թվականից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» (ԵՆԿ) խորհրդատվական խորհրդի անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2020-2021թթ. ՝ ԱՊՀ ՄԽՎ պետականաշինության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան
 |armenpress.am|

Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանին նշանակելու որոշումն ու մանրամասնել, թե ծառայությունն ինչ գործառույթներ է իրականացնելու։  - Տիկին Բաղդասարյան, վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին: Այս նշանակմամբ իրականություն է դառնում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը: Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու այս ծառայությունը:  - Ծառայության հիմնական խնդիրը մեր պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների եւ հնարավորությունների կանխատեսումն է, եւ քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու եւ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից:  Ըստ էության սա մի գործառույթ է, որ իրականացնում է ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն: Պետք է նշեմ նաեւ, որ ծառայությունը քաղաքականապես չեզոք մարմին է, եւ կոչված է ծառայելու բացառապես պետության շահերին:  ԱՀԾ-ն նաեւ սերտորեն համագործակցելու է Հայաստանի Հանրապետության հետախուզական գործառույթ ունեցող մյուս մարմինների ու դերակատարների հետ, Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդման համար։ Այս նպատակով ԱՀԾ-ն նաեւ միջազգային գործընկերների հետ համագործակցություն կհաստատի:  - Իսկ ինչով է պայմանավորված ծառայության ձեւավորումը հենց ընթացիկ շրջանում: Ինչու՞ հատկապես հիմա:  - Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը նախատեսված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում։ Նոր ծառայության ստեղծումը անվտանգության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ռազմավարական բարեփոխումների կարևոր մաս է։ Ծառայության մասին օրենքն ընդունվել եւ ուժի մեջ է մտել դեռեւս 2022 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ ծառայության ստեղծումը բնականոն գործընթացի արդյունք է: Նախորդող ինն ամիսների ընթացքում Կառավարությունը հետևողականորեն նախապատրասվտել է ծառայության հիմնադրման գործնական մեկնարկը տալու համար:  - Իսկ ներկայումս ծառայությունը տեղակայման վայր ունի՞, քաղաքացիները այնտեղ աշխատանքի ընդունվելու համար ու՞մ պետք է դիմեն:  - Օրենքը Ծառայության պետի նշանակումից հետո նախատեսում է որոշակի ժամանակահատված ինստիտուցիոնալ ձևավորման, այդ թվում՝ տեղակայման, ինչպես նաև Ծառայության գործառնական հարցերը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Ծառայությունը ֆունկցիոնալ դառնալուն պես նշված հարցերը կունենան պատասխաններ և անհրաժեշտ տեղեկությունը կտրամադրվի լրացուցիչ։ Իհարկե, ծառայության լիարժեք կայացման համար երկար ժամանակ հարկավոր կլինի:  - Վարչապետը ԱՀԾ ղեկավար է նշանակել Քրիստիննե Գրիգորյանին, ով զբաղեցնում էր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Գրիգորյանը, ով չունի ոլորտի որևէ փորձառություն, արդյո՞ք ճիշտ թեկնածու է նման ծառայության ղեկավարի համար։  - Նոր ծառայության ղեկավարի առջև դրված է ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքող հետախուզական ծառայություն ստեղծելու խնդիր, որը կունենա ամուր ինստիտուցիոնալ հիմք և կկարողանա սպասարկել ՀՀ կենսական շահերը։ Համոզված ենք, որ հանրային կառավարման ոլորտում Քրիստիննե Գրիգորյանի ունեցած փորձառությունը բավարար է նշված խնդիրները լուծելու համար։  - Իսկ արևմտյան ո՞ր ծառայության մոդելն է ընտրված որպես հիմք։  - Ցանկանում եմ ընդգծել՝ ոչ արևելյան, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային և ոչ էլ հարավային որևէ ծառայության մոդել ընտրված չէ։ Մեր քննարկումներում ուղղորդվել ենք բացառապես Հայաստանի Հանրապետության անվտանգային մարտահրավերներն ու արտաքին հետախուզության կարիքներն ու առաջնահերթությունները գնահատելու և ժողովրդավարական հասարակարգին բնորոշ ժամանակակից արտաքին հետախուզության ծառայություն ձևավորելու սկզբունքներով։ Տրամաբանական է, որ ԱՀԾ աշխատանքներում կարեւոր դեր ունի նաեւ ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու կարողություն ունեցող տարբեր մասնագիտական ծառայությունների մասին հասանելի տեղեկատվության ուսումնասիրությունը, որը կգնահատվի ըստ ՀՀ-ում կիրառելիության աստիճանի:
10:55 - 04 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից 97 735 քաղաքացի է մուտք գործել Հայաստան․ Նազելի Բաղդասարյան

ԼՂ-ից 97 735 քաղաքացի է մուտք գործել Հայաստան․ Նազելի Բաղդասարյան

Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 97 735 անձ է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։   «Հակարիի կամուրջը հատել է 20 609 տրանսպորտային միջոց»,– ասաց նա։ Բաղդասարյանի խոսքով` երեկ Երևանից Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսներով արդեն 1 560 քաղաքացի է տեղափոխվել Գորիս։ 46 ավտոբուսները կրկին ճանապարհվել են Լեռնային Ղարաբաղ մեր մյուս հայրենակիցներին ՀՀ տեղափոխելու համար։   Բաղդասարյանը նաև հայտնեց, որ հայաստանյան բուժկենտրոններում այս պահին բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից տեղափոխված 405 բուժառու։    «Ամենատարբեր առողջական խնդիրներով են գտնվում բուժկենտրոններում։ Նրանցից 337–ը վերջին ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներ են։ Այս պահին 10 երեխա կա վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր»,– ասաց նա։
20:09 - 29 սեպտեմբերի, 2023
Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում ԼՂ-ից 11 երեխա, որից 4-ը՝ նորածին

Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում ԼՂ-ից 11 երեխա, որից 4-ը՝ նորածին

Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում ԼՂ-ից 11 երեխա, որից 4-ը նորածին է: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով բռնի տեղահանվածների հետ կապված իրավիճակը: «Այս պահի դրությամբ ՀՀ-ում տարբեր առողջապահական հաստատություններում իր բուժումը շարունակում է 342 բուժառու: Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, որից 4-ը նորածին է»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ մինչև 18 տարեկան շուրջ 16 հազար երեխա է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից Հայաստան:  Հայաստան են տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնից 25 բուժառու, որոնք իրենց բուժումը շարունակում են Առողջապահության նախարարության հիմնարկներում:
21:08 - 28 սեպտեմբերի, 2023
Արցախից տեղահանված 20,270 անձ արդեն ստացել է հաշվառում, տեղի է ունենում տեղաբաշխում

Արցախից տեղահանված 20,270 անձ արդեն ստացել է հաշվառում, տեղի է ունենում տեղաբաշխում

Երեք օր կառավարության նախաձեռնությամբ գործում են Արցախից բռնի տեղահանված անձանց տեղաբաշխման կայաններ, քաղաքացիների հաշվառման գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին այսօր կառավարության ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «ՆԳՆ օպերատիվ կենտրոնի տվյալներով՝ այս պահի դրությամբ 20,270 անձ արդեն իսկ ստացել է հաշվառումը տեղի է ունենում տեղաբաշխում։ Նշեմ, որ բռնի տեղահանված անձիք Կոռնիձորի հումանիտար կայանում են մուտք գործում, այնուհետև հաշվառման գործընթաց է տեղի ունենում Գորիսում՝ Գորիսի Դրամատիկական թատրոնում և 6-րդ դպրոցում։ Հաշված ժամերի ընթացքում հաշվառման գործընթաց կիրականացվի նաև Վայքի կենտրոնում։ Այս պահի դրությամբ Գորիսում 615 անձի կացության հարց է լուծվել, Սիսիանում՝ 169, Տաթևում՝ 171 , Կապանում՝ 324, Մեղրիում՝ 19։ Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 մարդ, Վայոց Ձորում՝ 532, Գեղարքունիքի մարզում՝ 752, իսկ Տավուշի մարզում՝ 268։ Հանրապետության տարածքում այս պահին տեղաբաշխվել է 2850 արցախցի», հայտնեց Բաղդասարյանը։
20:33 - 26 սեպտեմբերի, 2023
Հասկանում ենք իրավիճակը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելու քաղաքացիական քայլերը․ վարչապետի խոսնակը՝ ԼՂ-ում մեկնարկած շարժման մասին
 |armenpress.am|

Հասկանում ենք իրավիճակը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելու քաղաքացիական քայլերը․ վարչապետի խոսնակը՝ ԼՂ-ում մեկնարկած շարժման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունները հասկանում են ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետեւանքները միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում վաղ առավոտից մեկնարկած անժամկետ շարժմանը՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը դադարեցնելու պահանջով։ «Հայաստանի իշխանությունները հասկանում են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետեւանքներն ու Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությունը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը։ Հայաստանի կառավարությունը ինքը ջանքեր է գործադրում այս ուղղությամբ: Միջազգային հանրությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքի ապաարգելափակման մասին: ՀՀ կառավարությունը այս առումով նաև ընդգծում է, որ միջազգային մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության օրակարգով Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը անհրաժեշտություն է»,- շեշտեց Բաղդասարյանը։
17:33 - 14 հուլիսի, 2023
Քննիչ հանձաժողովում Վարդան Օսկանյանին անդրադարձ եղել է, և հիմա ես չեմ ուզում առանձին անդրադառնալ նրան․ վարչապետի մամուլի խոսնակ

Քննիչ հանձաժողովում Վարդան Օսկանյանին անդրադարձ եղել է, և հիմա ես չեմ ուզում առանձին անդրադառնալ նրան․ վարչապետի մամուլի խոսնակ

Վարչապետի՝ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթից ու հարցուպատասխանից հետո տարբեր մեկնաբանություններ են եղել, և կարող ենք արձանագրել՝ բոլոր հարցերի պատասխանները սպառիչ տրվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝  անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին։ Օսկանյանը երկու անգամ առաջարկել էր իրեն և մի խումբ դիվանագետների տալ լիազորություն Արցախի հարցով բանակցելու համար՝ նշելով, որ դրա հետևանքով իրավիճակում բեկում կլինի։ Այդ ընթացքում Օսկանյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է լռի։ «Ինձ և մի խումբ դիվանագետների տվեք ամբողջական լիազորություն, առանց կողքից խանգարելու, այդ ընթացքում լռելու ուղղակի, եւ 3 ամսվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ փոփոխություն մտցնել բանակցությունների գործընթացում»,- ասել էր նա: «Մենք պատեհ չենք համարում արձագանքելը, որովհետեւ վարչապետի՝ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթից ու հարցուպատասխանից հետո տարբեր մեկնաբանություններ են եղել, եւ կարող ենք արձանագրել՝ բոլոր հարցերի պատասխանները սպառիչ տրվել են։ Քննիչ հանձաժողովում Վարդան Օսկանյանին անդրադարձ եղել է, և հիմա ես չեմ ուզում առանձին անդրադառնալ նրան,- ասել է Բաղդասարյանը։ Հարցին, թե կոնկրետ ինչ որակում կտա Օսկանյանի առաջարկին, մամուլի խոսնակը պատասխանել է․ «Զերծ կմնամ»։
22:13 - 07 հուլիսի, 2023
Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նազելի Բաղդասարյանին վարչապետի մամուլի քարտուղար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- նշված է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ Նիկոլ Փաշինյանն ազատել է Նազելի Բաղդասարյանին վարչապետի օգնականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: Հիշեցնենք, որ Նազելի Բաղդասարյանը 2021 թվականի նոյեմբերի 8-ից զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը, որից 2023 թվականի 25-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Իսկ արդեն փետրվարի 16-ին նշանակվել էր վարչապետի օգնական։ 
16:56 - 23 հունիսի, 2023
Շիրակի մարզպետարանի համար․ Նազելի Բաղդասարանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետարանի համար․ Նազելի Բաղդասարանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ Սիրելի՛ շիրակցիներ, հարգելի՛ հայրենակիցներ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իմ դիմումը։ Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին բարձր վստահության, գործադիր եւ օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաեւ դիվանագիտական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին` արդյունավետ համագործակցության համար։Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզի խնդիրների եւ հոգսերի լուծման համար մեկտեղել եմ իմ ջանքերն ու գիտելիքները։ Սակայն պետք է արձանագրեմ, որ որեւէ անհատ կամ պաշտոնյա չի կարող հաջողել իր գործում, եթե չունենա գիտակ թիմ եւ փորձառու համախոհներ։ Շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի աշխատակազմին` ցուցաբերած բարձր արհեստավարժության եւ հետեւողական աշխատանքի համար։Կատարված աշխատանքի լավագույն ցուցիչը ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն է, որն օր օրի ավելանալով էլ ավելի էր պարտավորեցրել ինձ` որպես մարզպետի։ Յուրաքանչյուր շիրակցու խնդիրն ու հոգսը համարելով իմը` սրտացավորեն փորձել եմ օր առաջ լուծում տալ։ Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։ Հրաժեշտ տալով իմ հարազատ մարզին` մաղթում եմ առաջընթաց եւ զարգացում։Հարգանքով՝ Նազելի Բաղդատարյան»։
19:52 - 25 հունվարի, 2023