Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք և 1 մլրդ-ից ավելի գումար

Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք և 1 մլրդ-ից ավելի գումար

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին, 19-ին և 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։  Մասնավորապես՝  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման թույլտվության վարչության նախկին պետ Արմեն Նալբանդյանից բռնագանձել՝ 3 անշարժ գույք 1 տրանսպորտային միջոց 270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 103.755 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՍՊ ընկերությունների սեփականատեր Արտակ Բաղիկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 4 իրավաբանական անձանցում մասնակցություն. 52 մլն դրամ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝ 3 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց.  Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ. 933 մլն 144 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել. 208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
15:04 - 01 ապրիլի, 2024
Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է առավել քան 21%-ով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Չինաստանի դեսպանին

Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է առավել քան 21%-ով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Չինաստանի դեսպանին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Գևորգ Պապոյանն առաջարկել է չինական ընկերություններին դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում ներգրավվելու հնարավորությունը։ Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։
13:45 - 29 մարտի, 2024
Հայաստանի և Հնդկաստանի առևտրաշրջանառությունը 2023-ի արդյունքներով 7%-ով աճել է. փոխնախարար
 |armeniasputnik.am|

Հայաստանի և Հնդկաստանի առևտրաշրջանառությունը 2023-ի արդյունքներով 7%-ով աճել է. փոխնախարար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի արդյունքներով աճել է 7%-ով՝ հասնելով 380 մլն դոլարի։ Տեղեկությունը հայ-հնդկական գործարար համաժողովի շրջանակում լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ Նրա խոսքով՝ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա։ «Մեր հիմնական նպատակն է ոչ միայն զարգացնել հնդկական ներմուծումը, այլև օգնել մեր արտադրողներին հնդկական շուկա դուրս գալ», - ասաց Տերյանը: Փոխնախարարը հիշեցրեց, որ Հնդկաստանն աշխարհում հինգերորդ տնտեսությունն է, և դա դեռ սահմանը չէ։ Հայաստանում արտադրված այս կամ այն ապրանքների վաճառքի լայն հնարավորություններ կան։ Տերյանի խոսքով՝ երկրների միջև վաղուց արդեն բարեկամական կապեր են ձևավորվել։ Հնդկաստանից բազմաթիվ ուսանողներ շարունակում են Հայաստան գալ սովորելու։ Բացի այդ, վերջին երկու տարիներին Հնդկաստանից աշխատանքային միգրանտների ներհոսք է գրանցվում։
13:26 - 14 մարտի, 2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել առաջիկայում Ղազախստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցին։ Քննարկվել են նաև մի շարք հարցեր հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի, ինչպես նաև հայ-ղազախական գործարար համաժողովի անցկացման վերաբերյալ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թվականին կազմել է 100․4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․4 անգամ։ Արտահանումը Հայաստանից Ղազախստան 2023 թվականին կազմել է 71․3 մլն․ ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3․8 անգամ։
19:00 - 11 մարտի, 2024
Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, և ոչ միայն, իրադրություններ ունենք, և պետք է շատ ուշադիր լինենք. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին

Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, և ոչ միայն, իրադրություններ ունենք, և պետք է շատ ուշադիր լինենք. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին: Վարչապետը շնորհավորել և հաջողություն է մաղթել Գևորգ Պապոյանին նոր կարգավիճակում գործունեության ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում առկա տնտեսական ակտիվությունը և ձևավորված պոտենցիալի հետագա զարգացումը ռազմավարական նշանակություն ունեն Կառավարության համար: «Ես հրապարակային հայտարարել եմ իմ տեսակետը և շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը Հայաստանի Հանրապետության զարգացումն է, իսկ զարգացում ասելով՝ նկատի է առնվում տնտեսական զարգացումը: Հասկանալի է, որ զարգացում ասելով նկատի ենք ունենում բոլոր ոլորտները՝ կրթություն, գիտություն և այդպես շարունակ, բայց դա, ի վերջո, արտահայտվում է, այն կարելի է շոշափել, տեսնել, հաշվել տնտեսական զարգացման տեսքով: Տնտեսական հետագա աճը, ՀՆԱ-ի աճը, բարձր աճ ապահովելը շատ կարևոր է, բայց մյուս կողմից էլ մարտահրավեր է: Վերջին տարիներին ասում ենք, որ 30 տոկոսով մեր տնտեսությունն աճել է, պետք է հասկանանք, որ ինչքան աճում է՝ դրա վրա նոր աճ ձևավորելն այդքան էլ բարդանում է: Եվ իհարկե, Էկոնոմիկայի դերն այստեղ շատ կարևոր է: Կարծում եմ, նաև լավ հնարավորություն է պարոն Պապոյանի համար, ով գործընթացներում ներգրավված է եղել խորհրդարանական ֆորմատով և խորհրդարանական հարթակից, ընդ որում՝ ղեկավարելով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովը, տեղյակ լինելով հարցի այդ կողմին՝ լավ հնարավորություն է իրադրության վրա կոնկրետ ազդեցություն ունենալ այս մյուս կողմից»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Վահան Քերոբյանի պաշտոնանկությանը: «Պետք է ուղիղ ասեմ՝ շատ եմ ցավում, որ այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում բոլորիս հայտնի հանգամանքների բերումով: Ես կարող եմ գնահատանքի խոսքեր ասել Էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ, բայց այս պահին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել այն իմաստով, որ գիտեք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պարոն Քերոբյանի պաշտոնանկությունը, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ որևէ անմեղության կանխավարկած չխախտենք և որևէ ազդեցություն չունենանք նաև քննության արդյունքների վրա: Համոզված եմ, որ հարցի քննությունը կլինի լիարժեք օբյեկտիվ և մենք կունենանք հարցերի պատասխաններ: Ցավոք, Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, և ոչ միայն, մենք իրադրություններ ունենք և պետք է, հարգելի գործընկերներ, շատ ուշադիր լինենք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Կառավարության քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. «Բոլորս մեր առօրյա աշխատանքում ինչ-որ բաներ անում ենք ոչ կատարյալ, ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած: Գիծը, որը պետք է ուղենիշ լինի մեր անթերիությունը գնահատելու համար, հետևյալն է՝ արդյոք մենք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում ենք, թե՝ ոչ: Սա կարևոր չափանիշ է: Մենք բոլորս հասկանում ենք, որ կան բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ՝ սկսած պետական կառավարման համակարգում աշխատավարձերի վարձրատրման համակարգից, որին այդպես էլ չենք կարողանում համակարգային լուծում տալ և գնում ենք հատվածական լուծումների: Բայց դա կապ չունի թեմայի հետ, որովհետև օրենքի գերակայությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Նորից եմ ասում, չենք կարող հույս ունենալ, որ բոլորս մեր գործողությունների մեջ անթերի ենք, բայց նաև պետությանը և ժողովրդին պատկանող միջոցների ծախսման օրինականության հետ կապված պետք է լինենք առանձնահատուկ նախանձախնդիր»: Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Գևորգ Պապոյանին և հաջողություն մաղթել նրան ու նախարարությանը: «Էկոնոմիկայի նախարարությունը մեր նոր տեսլականի շրջանակներում ձևավորված նախարարություն է և այս ընթացքում ես չեմ առերեսվել իրավիճակի, որ ինքս իմ մեջ մտածեմ, որ այնուամենայնիվ, ճիշտ չէր նախարարությունների խոշորացման գնալը: Ընդհակառակը, մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ մի շարք գործառույթներ, բյուրոկրատական շատ ծանր պրոցեսներ թեթևացնենք, որ նախարարությունների գործն էլ քչանա, մարդկանց առնչությունները նախարարությունների հետ նույնպես քչանա, բայց քչանալ՝ չի նշանակում զրոյացվել, որովհետև ակնհայտ է՝ կան տեղեր և դեպքեր, որտեղ պետական կառավարումն իր անմիջական մասնակցությունը պետք է ապահովի»,- նշել է վարչապետը:Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և քաղաքական թիմին՝ բարձր և շատ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: Նորանշանակ նախարարը հավաստիացրել է, որ նախարարություն է եկել՝ իրագործելու բոլոր այն ծրագրերը, գաղափարները և այն հանձնառությունները, որոնք ստացել են ժողովրդից: «Իսկ մեր ժողովուրդը մեզ գործուղել է այստեղ, որպեսզի մեր պետությունը դարձնենք ավելի հզոր, ավելի ամուր, ավելի կենսունակ, և այդ առումով, իհարկե, կարծում եմ, որ Էկոնոմիկայի նախարարության դերակատարումն առանցքային է, որովհետև այո, մի շարք խնդիրների լուծում հենց տնտեսության զարգացման մեջ է գտնվում: Եվ այդ առումով կցանկանայի, որ բոլորս, ով այս նախարարությունում աշխատում է՝ առավել ևս, վերաբերվենք մեր աշխատանքին՝ որպես ծառայություն մեր ժողովրդին և պետությանը, և որպես առաքելություն, որի շրջանակներում պետք է մեզնից հետո փոխանցենք շատ ավելի ամուր և շատ ավելի դիմակայուն պետություն: Եվ այս առումով, կարծում եմ, որ մենք արդեն իսկ մեր աշխատանքների վերաբերյալ որոշակի ուղենիշներ ունենք, որոնք տնտեսության մեջ որակական փոփոխություններն են, դա մեր տնտեսության դիվերսիֆիկացիան է և այլն: Դիվերսիֆիկացիայի մասին մեր պատկերացումները շատ հստակ են: Վերջնարդյունքը պետք է այնպիսին լինի, որ ինչպես մենք պետք է աշխարհի բոլոր անկյուններից կախված լինենք, այնպես էլ վերջնարդյունքում ինչ-որ մի պահի աշխարհի բոլոր անկյուններն էլ մեր չափով մեզնից կախված լինեն: Սա շատ կարևոր, միգուցե՝ ամբիցիոզ գաղափար է, բայց երևի աշխարհի երկրների ընտանիքում մեր ուրույն տեղն ու անելիքն ունենալու համար այլընտրանք գոյություն չունի: Այս առումով, կարծում եմ, որ մեր կառավարությունը մի շատ կարևոր քաղաքական հանձնառություն է որդեգրել՝ դա առաջնորդության գաղափարն է: Կարծում եմ, որ տնտեսական քաղաքականության մեջ նույնպես պետք է առաջնորդություն վերցնենք մեզ վրա: Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ մենք ոչ թե պետք է արձագանքենք արդեն իսկ եղած երևույթներին և փորձենք դրանց հարմարվել կամ լուծումներ գտնել, այլ լինենք նախաձեռնող և ինքներս կանխատեսենք դրանք, ընդառաջ գնանք դրանց: Այդ դեպքում, թերևս հնարավոր բարդությունները չեն լինի կամ չեն լինի այն աստիճանի, որոնք կարող էին իներտության դեպքում դրսևորվել»,- ասել է Գևորգ Պապոյանը և գործընկերներին կոչ արել՝ մշտապես լինել պրոակտիվ, նոր գաղափարներ առաջարկել:
12:10 - 07 մարտի, 2024
Ըստ ապացույցների՝ Քերոբյանն արել է ճիշտ հակառակը․ արել է ամեն ինչ, որ մրցույթը լինի մրցակցային. փաստաբան
 |aysor.am|

Ըստ ապացույցների՝ Քերոբյանն արել է ճիշտ հակառակը․ արել է ամեն ինչ, որ մրցույթը լինի մրցակցային. փաստաբան |aysor.am|

aysor.am: Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը մինչև մրցույթի անցկացումը չի հանդիպել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հետ, ավելին՝ նման տեղեկատվություն ևս մամուլում չի շրջանառվել, միայն նշվել է, որ որոշ հանդիպումներ են եղել. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։ «Վահան Քերոբյանն այս մրցույթի մասին իմացել է այնքանով, որքանով այդ տեղեկությունները ստացվել են իր տեղակալի կողմից, ընդ որում չեն ստացվել պարտադիրության ուժով։ Անկախ նրանից, թե նրանք եղել են նախարար կամ փոխնախարար, այս մրցութային հանձնաժողովը չի ենթարկվում նախարարին»,-ասաց նա։ Իսկ հարցին, թե  փոխնախարար Անի Իսպիրյանը հանդիպե՞լ է ընկերության ներկայացուցիչներին՝ պատասխանեց, որ հանդիպումների մասով որոշ փաստական տվյալներ չի կարող հրապարակել, բայց նման հնադիպումների մասով խնդիր չկա, որովհետև մրցույթների  շրջանակներում մրցութային հանձնաժողովի անդամները բազամթիվ հանդիպումներ ունենում են։ «Ըստ ապացույցների՝ Քերոբյանն արել է ճիշտ հակառակը, արել է ամեն ինչ, որ մրցույթը լինի մրցակցային և չսահմանափակվի որևէ մրցակցային կանոն»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ փաստերի հիման վրա  վկայակոչել չի կարող՝ նախաքննական արգելքից ելնելով։ Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Հիշեցնենք նաև, որ քննչական կոմիտեն հայտնել էր՝ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Գործի շրջանակներում «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը կալանավորվել էին, իսկ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Ավելի ուշ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։
12:00 - 07 մարտի, 2024
Դատարանը «Սիներջի»-ի աշխատակից Լիլի Մկրյանի կալանավորումը համարել է ոչ իրավաչափ․ Էրիկ Ալեքսանյան

Դատարանը «Սիներջի»-ի աշխատակից Լիլի Մկրյանի կալանավորումը համարել է ոչ իրավաչափ․ Էրիկ Ալեքսանյան

Դատարանը «Սիներջի»-ի աշխատակից Լիլի Մկրյանի կալանավորումը համարել է ոչ իրավաչափ։ Այս մասին հայտնում է փասրաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը, քննարկելով «Սիներջի» ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցը, արձանագրել է՝ իրավունքի խախտում։ Մասնավորապես Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը արձանագրել է, որ իսկզբանե Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված ամենախիստ խափանման միջոց կալանքը եղել է ոչ իրավաչափ և ստորադաս ատյանը հաշվի չի առել բազմաթիվ հակակշռող գործոններ, որոնց թվում հատուկ դեր ունիԼիլի Մկրյանի ընտանեկան կարգավիճակը, այն է՝ մայրական կաթով սնվող երկու տարեկան երեխայի հանգամանքը։ Ուստի արձանագրել է, որ կիրառված կալանքը չի եղել համաչափ»,- գրել  է փաստաբանը։ Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Գործի շրջանակներում «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը կալանավորվել էին, իսկ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։  Ավելի ուշ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։
13:16 - 06 մարտի, 2024
Գևորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին
 |armenpress.am|

Գևորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին և անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր նախատեսվող նշանակմանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ասաց, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամենամեծ կառույցներից մեկն է և շատ դժվար է լինելու։ «Մենք գործ ունենք տնտեսության հետ, մենք գործ ունենք տարբեր ոլորտների հետ, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, նաև աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից»,-ասաց Պապոյանը։ Նա նշեց, որ փետրվարի 26-ին պատգամավորական իր մանդատը վայր է դրել։ «Ինչպես գիտեք՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի ԱԺ պատգամավորին տալիս է 7-օրյա ժամկետ, ես այսօր մանդատս վայր եմ դրել։ Ենթադրում եմ, որ Ազգային ժողովի նախագահն այսօր համապատասխան հայտարարություն կանի։ Երբ մանդատս պաշտոնապես վայր դրած կլինեմ, բնականաբար, այդ պահից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»,-եզրափակեց Պապոյանը։ Փետրվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Գևորգ Պապոյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։ Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ «Սիներջի» ընկերության հետ կապված գործով։ Փետրվարի 16-ին դատարանը որոշեց Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը:
15:48 - 26 փետրվարի, 2024
Էլի եմ կարծում, որ ԱԺ-ում անելիք ունեմ, բայց քաղաքական թիմն այսպես որոշեց․ ըստ Պապոյանի՝ նախարարի աշխատանքը գրավիչ չէ
 |news.am|

Էլի եմ կարծում, որ ԱԺ-ում անելիք ունեմ, բայց քաղաքական թիմն այսպես որոշեց․ ըստ Պապոյանի՝ նախարարի աշխատանքը գրավիչ չէ |news.am|

news.am: Այո, ես կրկնում եմ, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնը պակաս կարեւոր չէ, շատ պատասխանատու պաշտոն է, շրունակում եմ պնդել, որ ԱԺ-ում ունեմ անելիք, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իմ պետական ծառայությունը, հանրային ծառայությունը պետք է կատարեմ որպես էկոնոմիկայի նախարար ու ես այդ որոշումը ընդունել եմ պատասխանատվությամբ եւ ի գիտություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: «Քննարկվել են մի քանի տարբերակներ, և քննարկման արդյունքում այդպիսի որոշում է կայացվել»,- ասաց նա՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե իր թեկնածության վրա ստիպվա՞ծ են կանգ առել, որովհետև Բաբկեն Թունյանը հրաժարվել է, այլ թեկնածու էլ իշխանությունը չունի։ Արդյոք կադրային սո՞վ է պետական կառավարման համակարգում, որ ՀՀ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ստիպված տանում են էկոնոմիկայի նախարար. լրագրողի դիտարկմանը Պապոյանն արձագանքեց. «Եկեք անկեղծ լինենք, պետական կառավարման համակարգն իրականում գրավիչ չէ: Այն աշխատավարձը, որ ստանում է նախարարը, միջին կազմակերպության ղեկավարը կամ փոքր կազմակերպության միջինից մի փոքր բարձր մակարդակի մենեջերը նույնպես ստանում է այդպիսի աշխատավարձ: Ես նկատի չունեմ միայն նախարարին կամ վարչապետին, փորձագետից սկսած բոլորի համար պետական կառավարման համակարգը գրավիչ չէ: Եկեք գնանք 1000 խոշոր հարկատուների մեջ 400-րդ տեղում գտնվող կազմակերպության գործադիր տնօրենին հարցնենք, տեսնենք ինքը կգա կաշխատի՞ նախարար կամ փոխնախարար, թե՞ ոչ: Ընդ որում, հարցը միայն աշխատավարձը չէ, ամեն մարդ չէ, որ պատրաստ է, որ իրեն քննադատեն, քննարկեն, ոչ հաճելի հարցեր տան: Ես բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որ կարող են լինել լավ նախարար, լավ փոխնախարար, շատ լավ վարչության պետ, բայց իրենք չեն գա: Պատասխնատվությունը մեծ է»,-ասաց նա:
15:46 - 26 փետրվարի, 2024
ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք
 |armenpress.am|

ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք |armenpress.am|

armenpress.am: ԵԱՏՄ անդամ պետությունները կսահմանեն արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ձևավորման ընթացակարգը, ինչպես նաև կամրագրեն այդպիսի նախագծերի ընտրության ու իրականացման կարգը: Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը։ Նրա խոսքով՝ սահմանվում է նաև ֆինանսական աջակցության ձևաչափը` Եվրասիական միջկառավարական և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդների որոշումներով: Նա պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին  2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը: Նշվել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2023 թվականի մայիսի 25-ին, Մոսկվայում: Զեկուցողի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի իրականացման համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք: Նախատեսվում է նաև բարձր տեխնոլոգիական, նորարական և  մրցունակ արտադրանք ստեղծելու նպատակով ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական  համագործակցություն իրականացնելու միջոցով խթանել փոխշահավետ կոոպերացիոն ծրագրեր: «ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 20-22 մլն ԱՄՆ դոլար: Դա այն բյուջեն է, որը նախատեսվում է սուբսիդավորման համար»,-ընդգծեց Նարեկ Տերյանը: Ըստ նրա` մեկ ծրագրի տարեկան սուբսիդավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել շուրջ 3,8 մլն ԱՄՆ դոլարը: Ֆինանսական աջակցության ծրագիրը կգործի 5 տարի: Պատասխանելով պատգամավորների հարցերին` զեկուցողը նշել է, որ այս պահին ԵԱՏՄ-ում իրականացվում է նման նախագիծ` «Էլեկտրոբուս», որին մասնակցում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: «Այդ նախագիծը կարող է դիտարկվել որպես այս ծրագրի շահառու»,-ասաց Նարեկ Տերյանը: Ըստ նրա` տնտեսվարողների հետ քննարկվում է այն հարցը, թե ինչպիսի կոոպերացիոն ծրագրեր կարելի է իրականացնել: Նշվել է, որ հիմնական հետաքրքրվածությունը ցուցաբերվել է մետալուրգիայով զբաղվող ընկերությունների կողմից: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել։
15:01 - 26 փետրվարի, 2024
Գևորգ Պապոյանը կնշանակվի էկոնոմիկայի նախարար․ ՔՊ-ն հավանություն է տվել նրա թեկնածությանը

Գևորգ Պապոյանը կնշանակվի էկոնոմիկայի նախարար․ ՔՊ-ն հավանություն է տվել նրա թեկնածությանը

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։ Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։ Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել փետրվարի 14-ին։ Հրաժարականի լուրից հետո հայտնի դարձավ, որ Քերոբյանն անցնում է Էկոնոմիկայի նախարարության հետ առնչվող քրգործով, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Նրա նկատմամաբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 ամսով։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Քերոբյանը դատարանի դահլիճում ասել էր, որ իրեն առաջարկել են հրաժարականի դիմում գրել, և այն առաջարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
15:57 - 24 փետրվարի, 2024
Հավատում եմ, որ բոլոր հանգամանքները կպարզվեն, և բոլորին ակներև կլինի իմ անմեղությունը․ «Սիներջի» ընկերության տնօրեն

Հավատում եմ, որ բոլոր հանգամանքները կպարզվեն, և բոլորին ակներև կլինի իմ անմեղությունը․ «Սիներջի» ընկերության տնօրեն

«Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, գործարար համայնք, այս ուղերձը հղում եմ իբրև երախտիքի խոսք՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում իմ ընտանիքի ու իմ թիմի կողքին են կանգնել: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՏՏ և ամբողջ գործարար համայնքի իմ հարգարժան գործընկերներին միասնականության համար: Երախտիքս ուղղում եմ բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր, անկախ հայացքներից ու մոտեցումներից, դուրս եկան իրենց հարմարավետության գոտուց և խոսեցին հանուն արդարության: Այս վերաբերմունքն ու միասնականությունը, անխոս, ինձ ավելի են պարտավորեցնում` շարունակելու ծառայել մեր երկրին և նպաստել ՏՏ ու գիտական ոլորտի զարգացմանը: Ինչպես շատերդ գիտեք, «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերությունը հիմնել եմ դեռևս 1997 թվականին ԱՄՆ-ում, իսկ արդեն 1999 թվականին բացել եմ ընկերության մասնաճյուղը Հայաստանում՝ մեր հայրենիքի համար այնպիսի մի ժամանակահատվածում, երբ քչերն էին համարձակվում ներդրում կատարել՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Բազմաթիվ են պատմություններն ու օրինակներն աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող մարդկանց մասին, որոնք Սիներջիից ոգեշնչված և մեր գրանցած հաջողությունների օրինակով՝ իրենց ընկերությունները բացեցին Հայաստանում՝ դրանով իսկ մեծ թափ հաղորդելով հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների՝ որպես գերակա ճյուղի զարգացմանը։ Այսօր ես և ոլորտի մյուս առաջամարտիկները մեծ պատասխանատվություն ունենք հաջորդ սերնդի ՏՏ մասնագետների առաջ՝ ոգևորելու նրանց, հավատ ներշնչելու և ճանապարհ ցույց տալու: Այդ ճանապարհը հուշում է, որ պետք է շարունակել արարել ու հաջողել Հայաստանում` անկախ անարդարություններից, որոնք ժամանակավոր են ու կպարզվեն վստահաբար: Այդ տեսանկյունից մեծ հարվարծ էր առանց իրողությունների խորքային վերլուծության ոչ իրավաչափ քրեական հետապնդումն իմ հանդեպ, այն էլ՝ խստագույն խափանման միջոցով. ասես Աշոտ Հովհաննիսյանն այն անձն է, ով երբևէ կարող է թաքնվել որևէ քննությունից կամ խոչընդոտել նախաքննական պրոցեսներին: Իմ ամբողջ կյանքն ու գործունեությունը վկայությունն են այն հանգամանքի, որ ես միշտ ներկայացել եմ բաց ճակատով: Հավատում եմ, որ բոլոր հանգամանքները կպարզվեն, և բոլորին ակներև կլինի իմ անմեղությունը և նաև այն, որ նախարարության աշխատակիցները չեն ունեցել որևէ անձնական շահ, այլ, իմ համոզմամբ, առաջնորդվել են հենց պետական շահով: Այսքանով կսահմանափակվեմ, թերևս: Միաժամանակ, ուզում եմ կարևորից խոսել. Սիներջիի անձնակազմի հետ շարունակում ենք մեր լայնածավալ նախագծերը և նոր գաղափարների շուրջ աշխատանքները։ Կհանդիպենք գործարար միջոցառումներին, հասարակական քննարկումներին, Երևանի համերգասրահներում և այլուր. պիտի շարունակեմ աշխատել ու նպաստել մեր ոլորտի զարգացմանը: Շնորհակալություն, որ միասնական ենք: Ձեր` տ.գ.թ.. Աշոտ Հովհաննիսյան»։ Հիշեցնենք, որ Աշոտ Հովհաննիսյանն անցնում է Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։ Նա 2 ամսով կալանավորվել էր, սակայն, փետրվարի 21-ին դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել էր նրա խափանման միջոց կալանքը: Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
13:42 - 24 փետրվարի, 2024