Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

«Նռան գույնը» ֆիլմով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

«Նռան գույնը» ֆիլմով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

Ապրիլի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը: Ֆիլմի դիտումից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն՝ արժևորելով Փարաջանով արվեստագետին և նրա թողած ժառանգությունը։ Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ աջակցության և ներկաներին՝ մասնակցության համար, Ժաննա Անդրեասյանը նշել է. «Սերգեյ Փարաջանովը ստեղծագործ հանճարի մարմնացում է, մեծանուն վարպետ, որի ֆիլմերը խորապես հիացնում են ամբողջ աշխարհի հանդիսատեսին և համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասն են կազմում»։ ԿԳՄՍ նախարարն առանձնակի արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը մշակութային ժառանգության պահպանության և մշակութային բազմազանության խրախուսման գործում։ Ֆիլմի դիտումից հետո կայացել է քննարկում, որը վարել է ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Որպես բանախոսներ՝ հանդես են եկել Վալերիե Պոզները, Պատրիկ Կազալսը և Լևոն Աբրահամյանը։ Ելույթներում մեկնաբանվել է Փարաջանովի ֆենոմենը՝ արժևորելով նրա ստեղծագործական ժառանգությունը՝ ներկայացնելով Փարաջանով-ազգագրագետին, սցենարիստին և ռեժիսորին: Նրանք ընդգծել են Փարաջանովի հանճարը՝ ԽՍՀՄ-ում նման խորհրդավոր, ազատ և խորը մտածողությամբ ֆիլմ ստեղծելու առումով: Հոբելյանական միջոցառումների շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 3-10-ը կգործի նաև Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան, որը կառուցված է «Նռան գույնը» ֆիլմի հիմքի վրա։ Փարիզ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Քե Բրանլի Ժակ-Շիրակ թանգարան, որտեղ հանդիպել է թանգարանի նախագահ Էմանուել Կազարարեուի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Քննարկվել են Քե Բրանլի թանգարանում հայկական ցուցանմուշների ժամանակավոր ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հնարավոր համագործակցության այլ ձևաչափերի՝ փորձի փոխանակումների, մասնագիտական վերապատրաստումների և գորգերի ցուցադրության կազմակերպման հետ կապված հարցեր։ Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Ս. Փարաջանովի թանգարանի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրեն Անահիտ Միքայելյանի գլխավորությամբ, «Նռան գույնը» ֆիլմի դերակատար Լևոն Աբրահամյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը։
11:51 - 04 ապրիլի, 2024
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին: Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին և այլք: ԿԳՄՍ նախարարն «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում կարևորել է միջպետական բուհերի ակտիվ մասնակցությունը՝ դրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում հաշվի առնելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակի մանրամասները, անդրադարձել դրա ենթակառուցվածքների տեղադիրքին: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ առաջիկա ամիսներին պատրաստ կլինի ակադեմիական քաղաքի ամբողջական հատակագիծը, որն այժմ գտնվում է մշակման և նախագծման փուլում: Նախագծի հայեցակարգի շրջանակում զուգահեռաբար աշխատանքներ են իրականացնվում նաև լանդշաֆտային դիզայնի, ճանապարհային ցանցի ու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման ուղղությամբ, ինչից հետո ծրագրի իրականացումը լինելու է փուլային սկզբունքով։ Ընդ որում՝ առաջին փուլի հիմնական կետերից մեկը լինելու է երկաթուղու գործարկման ուղղությամբ աշխատանքների մեկնարկը։ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին բարձր են գնահատել նախագծի շուրջ իրականացվող մեծածավալ աշխատանքները՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարելով համարձակ, հավակնոտ և գրավիչ: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում: Նախագծի իրականացումը կարևորվել է նաև օտարերկրյա ուսանողների ներգրավվածության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ակադեմիական քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան ուսանողական հանրակացարաններ և այլ կարևոր ենթակառուցվածքներ են լինելու: Դեսպան Օլիվիե Դըկոտինյին հետաքրքրվել է նախագծվող քաղաքի հանրակացարանային, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներից՝ շեշտելով, որ դրանք առաջնային անհրաժեշտություն են: Նշենք՝ միջպետական բուհերի կարիքներն ու պահանջներն ակադեմիական քաղաքի ստեղծման գործընթացում հնարավորինս հաշվի առնելու, մշտական իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, նախատեսվող լուծումների քննարկումներն առավել մասնակցային դարձնելու նպատակով դիտարկվում է առանձին աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը: Ակադեմիական քաղաքի նախագծման և հայեցակարգի ձևավորման արդյունավետության նպատակով համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ կրելու է շարունակական բնույթ:
13:07 - 28 մարտի, 2024
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին

«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի մի շարք անդամներ:   ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախորդ օրվա հաջողության՝ Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակի առթիվ։ Ժաննա Անդրեասյանը երկու երկրների բարեկամական սերտ հարաբերությունների զարգացումն ապահովելու նպատակով կարևորել է կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների զարգացումը և ընդլայնումը: «Վրաստանի գործադիր մարմնի գործընկերների հետ երկկողմ համագործակցության օրակարգը քննարկելու հնարավորությունից հետո ուրախ ենք նաև օրենսդիր մարմնի շրջանակում այդ երկխոսությունը շարունակելու: Կարծում եմ՝ փոխադարձ այցելություններն ու քննարկումները ցույց են տալիս հարաբերությունների այն բարձր մակարդակը, որն առկա է երկու երկրների միջև»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով համագործակցության ներուժի ամբողջական իրացումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել այս օրերին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան, որի շրջանակում մարտի 27-ին Երևանի պետական համալսարանում հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոնը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ այն կնպաստի գործընկերության խորացմանը: «Պատրաստ ենք քննարկել վրացագիտության կենտրոնի հիման վրա մեր հետագա ծրագրերն ու անելիքները: Սա նոր մեկնարկի հիանալի կետ է, որտեղից կարող ենք այդ ուղղությամբ ավելի ընդլայնել մեր համատեղ աշխատանքները: Թբիլիսիի պետական համալսարանում գործում է հայագիտության կենտրոնը, որը շատ լավ ավանդույթներ ունի: Կարծում ենք՝ այս ուղղությամբ մեր աշխատանքը կարող է շատ հեռանկարային լինել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել երկու բարեկամ ժողովուրդների միջև անմիջական շփումները: Այս համատեքստում Գիվի Միքանաձեն ընդգծել է ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցության ամրապնդումը:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համատեղ իրականացվող աշխատանքները Վրաստանի հայալեզու դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման և հավաստագրման գործընթացի շրջանակում, ՀՀ հանրակրթական դպրոցներում վրացերենի դասավանդման փորձն ու դրա ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը: Վրացական կողմն ընդգծել է, որ հետաքրքրված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հաջողված փորձով: Հարևան երկիրը ցանկություն ունի առավել մանրամասն ուսումնասիրելուց հետո ծրագիրը տեղայնացնել Վրաստանի դպրոցներում: Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գիտության, բարձրագույն կրթության ու երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության ծրագրերին՝ վերահաստատելով հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի պատրաստակամությունը: Մասնավորապես՝ կարևորվել է Erasmus+, Horizon Europe ծրագրերի շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը, որը կնպաստի երկու պետությունների բուհերի և գիտական կազմակերպությունների միջազգայնացման գործընթացի զարգացմանը:   ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդական համաժողովների կազմակերպումը, որը, անկասկած, կնպաստի երկու երկրերի երիտասարդների շփման և երկխոսության զարգացմանը, բարեկամական կապերի ամրապնդմանը և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
18:10 - 27 մարտի, 2024
Սա պետության շարունակական և կարևոր քաղաքականությունն է. ԿԳՄՍ նախարարը՝ Ապարանի երիտասարդական կենտրոնի բացմանը

Սա պետության շարունակական և կարևոր քաղաքականությունն է. ԿԳՄՍ նախարարը՝ Ապարանի երիտասարդական կենտրոնի բացմանը

ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Նմանօրինակ կենտրոնների շարքում հերթականն Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնն է, որի բացման արարողությանն այսօր մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, միջազգային տարբեր կառույցների, ՏԻՄ ներկայացուցիչներ, երիտասարդներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, առաջին հերթին շնորհավորել է Ապարան համայնքի երիտասարդներին ստեղծված հնարավորության համար. «Սա մեր շարունակական և կարևոր քաղաքականությունն է՝ տարբեր համայնքներում ստեղծել միջավայրեր, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել, քննարկել, զրուցել նոր գաղափարների շուրջ, ծանոթանալ միմյանց հետ, ինչպես նաև իրազեկվել գործող ծրագրերի մասին: Նրանք կարող են մասնակցել նաև տարբեր ուղղություններով ոչ ֆորմալ կրթական դասընթացների՝ դրանով զարգացման ավելի նոր հնարավորություն ստանալով»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ Մեղրիում և Իջևանում արդեն գործում են նմանօրինակ կենտրոններ: Ըստ նախարարի՝ երկու օրից երիտասարդական կենտրոն կբացվի նաև Դիլիջանում, իսկ տարվա ընթացքում՝ ևս չորս համայնքում: Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փաստը, որ ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության, մասնավոր և հասարակական սեկտորի, ինչպես նաև համայնքի հետ համագործակցության արդյունքում. «Եթե ջանքերը չմեկտեղվեն, ապա ծրագիրը չի ստացվի. յուրաքանչյուրն անում է իր ներդրումը՝ կենտրոնը հետագայում ապրեցնելու իմաստով: Ուրախ եմ, որ հենց տեղի կազմակերպություններն են ակտիվ՝ իրենց համայնքում այդ միջավայրը ստեղծելու առումով, ինչը կարևոր է նաև կենտրոնի շարունակականության համար: Այսինքն՝ տեղում այդ ռեսուրսը, պահանջն ու ջանքը կան, և նախարարությունը դրան աջակցում է»: Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է սկսել փորձնական ծրագիր՝ հիմնելով բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ կմեկտեղվեն մշակույթի տան, երիտասարդական կենտրոնի և համայնքային գրադարանի ֆունկցիաները: «Մեր համայնքներում կան բավականին շատ տարածքներ, որոնք նախկինում ակտիվ գործունեություն են ծավալել, սակայն նոր ժամանակներում դրանք նորովի վերաիմաստավորելու և ապրեցնելու խնդիր կա: Իհարկե, բարեկարգ և տրամադրող միջավայրը հաճելի է, սակայն այստեղ ամենակարևորը բովանդակությունն է. միջավայրը պետք է ծառայի մտքին և այն գաղափարներին, որ ունեն հենց տեղի երիտասարդները՝ դպրոցականները, ուսանողները, ինչպես նաև տվյալ պահին որևէ հաստատությունում չսովորող անձինք: Մենք արդեն ունենք հրաշալի օրինակներ, թե ինչպես են այս կենտրոնները համայնքներում փոխում կյանքի որակը և նպաստում երիտասարդների քաղաքացիական մտածողության զարգացմանը. դրանցում ծնվում են լավ գաղափարներ, որոնք առաջին հերթին ուղղված են հենց համայնքների զարգացմանը»: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ապարանի երիտասարդական կենտրոնը եզակի է այն իմաստով, որ ունի գիշերակացի հնարավորություն. «Կարևոր է, որ յուրաքանչյուր համայնքում տարբեր ձևաչափեր ունենք: Օրինակ՝ այս կենտրոնում կարելի է կազմակերպել գիշերակացով դասընթացներ, որը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում ավելի լայն գործունեության համար: Հույս ունեմ, որ այս կենտրոնը դառնալու է Ապարանի ամենասիրված վայրերից մեկը, որտեղ դասից հետո շտապելու են դպրոցականները՝ կազմակերպելու իրենց ժամանցը, ինչպես նաև ուսանողները և մյուս շահառուները»,- նշել է նախարարը՝ կենտրոնին մաղթելով հաջող և բուռն գործունեություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ երիտասարդական կենտրոններում պետք է իրականացվի արհեստավարժ աշխատանք՝ ուղղված ֆորմալ կրթությունից զատ երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, նրանց կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների բավարարմանը: «Վստահ եմ՝ կենտրոնում երիտասարդներին կփոխանցվեն կարևոր գիտելիքներ պետության և իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և այլնի մասին: Այս ամենը շատ օգտակար կլինի երիտասարդների համար, որոնք նախևառաջ իրենց սեփական համայնքն ու մարզը զարգացնելու ուղղությամբ պետք է ջանքեր ներդնեն: Համոզված ենք՝ երիտասարդներն իրենց ակտիվ մասնակցությունը պետք է ունենան մեր հանրային կյանքին, ընդ որում՝ պարտադիր չէ, որ դա վերաբերի միայն երիտասարդական քաղաքականությանը կամ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներին: Կարծում ենք՝ սա կլինի այն հանգույցը և հարթակը, որի միջոցով պետական ցանկացած ծրագիր հասանելի կլինի մեր երիտասարդներին»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ երիտասարդական տարբեր ծրագրեր արդեն կուղղորդվեն նաև Ապարանի երիտասարդական կենտրոն: Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը ևս շնորհավորել է մարզի համար կարևոր ևս մեկ ենթակառուցվածքի ստեղծման կապակցությամբ` ծրագրի իրականացման համար շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանն ու ԿԳՄՍ նախարարությանը. «Ծրագրին գույն և բովանդակություն հաղորդելու պարտականությունն արդեն դրվում է մեր երիտասարդների ուսերին: Վստահ եմ՝ կենտրոնը ծառայելու է ոչ միայն Ապարան խոշորացված համայնքին, այլև հարակից վարչական շրջանների և ամբողջ մարզի երիտասարդներին: Սա ևս մեկ հնարավորություն կլինի, որպեսզի մարզի երիտասարդները միավորվեն ու քննարկումներ իրականացնեն, որոնք կհանգեցնեն բազմաթիվ նորարարական գաղափարների ստեղծմանը՝ ի նպաստ մարզի զարգացման ու բարօրության»: Ներկաներին ողջունել է նաև Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը. «Մեր երիտասարդներն արդեն իսկ մեզ ստիպել են ավելի ակտիվ լինել և ուշադրության կենտրոնում պահել իրենց հարցերը: Վերջին տարիների ընթացքում մարզում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց գաղափարները գեներացվել են հենց երիտասարդների կողմից»: «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնի հիմնադիր Լաուրա Պողոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2022 թվականից կենտրոնը գործել է վերանորոգված փոքր տարածքում: Հետագայում, տեսնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի մասին հայտարարությունը, դիմել է և ընտրվել: Այժմ կենտրոնը բացվում է շինարարական և վերանորոգման ամբողջական աշխատանքների ավարտից հետո: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ Լաուրա Պողոսյանն ընդգծել է, որ այստեղ երիտասարդները կարող են զարգացնել իրենց փափուկ հմտությունները, անձնային աճ գրանցել, քաղաքացիական կրթությանը ծանոթանալ: Երիտասարդական կենտրոնի ծրագրի շրջանակում առանձնացված է թեմատիկ մի քանի շրջանակ, որոնց ուղղությամբ տարվա ընթացքում կանցկացվեն դասընթացներ: «Ունենք կարողությունների բացահայտման և զարգացման ոչ ֆորմալ կրթական մեթոդներով դասընթացներ: Նաև շեշտադրում ենք կամավորական աշխատանքները, և երիտասարդներին բացատրում, թե որքան կարևոր են դրանք, այդ թվում՝ հմտությունների ձեռք բերման համար: Կենտրոնում հյուրընկալում ենք նաև արտերկրից ժամանած երիտասարդների, ինչը նպաստում է տեղի երիտասարդների հետ փոխշփումներին և համագործակցությանը»,- ասել է կենտրոնի հիմնադիրը՝ ընդգծելով, որ կարևորելու են նաև ոչ ֆորմալ կրթությունը երիտասարդական քաղաքականության հայեցակարգում: ԿԳՄՍ նախարարը և հյուրերը շրջել են նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին. կենտրոնի տարածքում գործելու է գրադարան, որը դեռևս հագեցման փուլում է, առանձնացված է սեմինարային քննարկումների հատված, կան գիշերակացի համար նախատեսված կահավորված հոսթել ոճի սենյակներ: Կենտրոնը կիրականացնի նաև շրջիկ երիտասարդների ակումբներ, որի նպատակը փորձի փոխանակումն է: Երիտասարդները կենտրոնում կարող են մասնակցել ինտելեկտուալ խաղերի, քվեստների, զարգացնել իրենց քննադատական մտածողությունը, ձեռք բերել մեդիագրագիտության և առողջ ապրելակերպի մասին գիտելիքներ, ծանոթանալ նոր տեխնոլոգիաներով աշխատանքի առանձնահատկություններին:
16:56 - 27 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Ներկայացնում ենք նախարարի ուղերձը․ «Թատերական աշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ թատերասերներ, ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մշակութային կյանքի, թատերասեր հանրության համար կարևոր իրադարձություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու թատրոնի անփոխարինելի դերը բոլոր ժամանակներում։ Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունը՝ իր վարքականոններով, կենցաղավարությամբ, բարոյահոգեբանական նկարագրով, արժեհամակարգով և գեղագիտական ընկալումներով։ Թատրոնը նաև այն ճանապարհներից մեկն է, որը հասարակությանը տանում է դեպի կատարելագործում, ինքնակրթում և հոգևոր ապաքինում։ Թատրոնների զարգացման նպատակով մենք ձեռնամուխ ենք եղել թատերհամերգային կազմակերպություններում ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, որն ապահովել է էական փոփոխություն և նոր որակի է հասցնելու թատերական գործունեությունը՝ նպաստելով տնտեսության կարևոր ճյուղի՝ ստեղծարար արդյունաբերության զարգացմանն ու մշակութային կյանքին մարդկանց հաղորդակցմանը՝ այդպիսով բարձրացնելով նաև կյանքի որակը: Մենք կարևորում և խրախուսում ենք նաև թատերական գործունեության մասնավոր նախաձեռնությունները և աշխատանքի նորարար ոճը՝ արվեստի այս տեսակը դիտարկելով ունեցած արժեքների պահպանման ու նորի գիտակցման ներդաշնակ հարաբերակցության մեջ: Թատրոնի գրավչությունը բարձրացնելու, այն հասարակության ավելի լայն շերտերին՝ դպրոցահասակ երեխաներից սկսած՝ ավելի հասանելի և հետաքրքիր ներկայացնելու, թատերական կյանքն աշխուժացնելու և առավել մրցունակ դարձնելու ուղղությամբ պետության ուշադրությունը լինելու է շարունակական։ Ընդամենը օրեր առաջ` Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ. մենք հայտարարեցինք «Թատերական շաբաթ» նոր նախաձեռնության մասին, որի շրջանակում բազմաթիվ թատրոններ հանրության համար բացել են իրենց հյուրընկալ դռները ոչ միայն տարբեր ներկայացումներով, այլև կրթամշակութային ծրագրերով, ճանաչողական շրջայցերով, անվանի դերասանների և բեմադրիչների  հետ հանդիպումներով` ցուցադրելով թատրոնի իրականությունը վարագույրից այն կողմ` հետնաբեմում։ Մենք նախատեսել ենք, որ այս ծրագրի հիմնական շահառուները լինելու են դպրոցականները, որոնց համար թատրոնը ներսից տեսնելու հնարավորությունը կարևոր նշանակություն կունենա նաև մասնագիտական կողմնորոշման առումով: Թատերական շաբաթը դառնալու է մեր մշակութային կյանքի անբաժան մասը և իրականացվելու է ամեն տարի: Այս կարևոր օրն առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել թատրոնի երախտավորներին, որոնք իրենց գործունեությամբ թատրոնի պատմությունն են կերտում՝ միաժամանակ կերտելով հասարակության նկարագիրը։ Թատրոնի նվիրյալներին իրենց ստեղծագործ և պատասխանատու գործում մաղթում եմ անսպառ ներշնչանքներ, նոր գաղափարների իրագործման կամք և խիզախություն, իսկ մեր թատերասերներին՝ մշակութային բուռն օրեր և նոր բացահայտումներ»։
10:57 - 27 մարտի, 2024
Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը. Ժաննա Անդրեասյան

Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցի շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Ողջունելով Վրաստանի նախարարին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական սերտ համագործակցությունն ու երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ կրթության, գիտության և երիտասարդական քաղաքականության բնագավառներում առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ: «Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կարևորել, մասնավորապես, կրթական կառույցների միջև ուղիղ կապերի զարգացումն ու համատեղ հեռանկարային նախաձեռնությունների խրախուսումը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոնի բացումը, որը, նախարարի գնահատմամբ, էապես կնպաստի Հայաստանում վրացերենի տարածմանը և զարգացմանը: Այս համատեքստում կարևորվել է նաև Թբիլիսիի պետական համալսարանում գործող հայագիտական կենտրոնի գործունեությունը: Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է՝ նախարարությունների մակարդակով սերտ համագործակցությունը, անկասկած, նպաստելու է երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը: Վրաստանի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը կրթության, գիտության և երիտասարդության քաղաքականության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության կողմից ներկայացված դասագրքերի պահանջարկի հայտը ՀՀ-ի կողմից ամբողջությամբ կբավարարվի՝ Վրաստանի հայկական դպրոցներին տրամադրելով 27 հազար 470 դասագիրք և ուսումնական նյութ: Կողմերը կարևորել են նաև համատեղ իրականացվող աշխատանքները Վրաստանի հայալեզու դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման և հավաստագրման գործընթացի շրջանակում:  Անդրադառնալով Հայաստանի հանրակրթական դպրոցներում վրացերենի դասավանդմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը: Տարածաշրջանային լեզուների ներդրման շրջանակում ՀՀ 4 դպրոցում իրականացվում է վրացերենի ուսուցում: Ծրագրի ընդլայնման առումով հիմնական խնդիրը, ըստ Ժաննա Անդրեասյանի, դասավանդող մասնագետների հարցն է: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է փորձի փոխանակում իրականացնել ուսուցիչների կարողությունների հզորացման, ինչպես նաև չափորոշչի ու կրթական ծրագրի մշակման, ուսումնական գրականության պատրաստման շրջանակում: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը, որը երկու երկրների քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում մագիստրոսական կրթություն ստանալ հարևան երկրի բուհերում: Կողմերը քննարկել են նաև դպրոցականների համար համատեղ ամառային ճամբարների, Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ համաժողովների կազմակերպման հնարավորությունները: Երկու երկրների նախարարներն անդրադարձել են նաև գիտության, բարձրագույն կրթության ու երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության ծրագրերին՝ վերահաստատելով հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի պատրաստակամությունը: Մասնավորապես՝ կարևորվել է Erasmus+, Horizon Europe ծրագրերի շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը, որը կնպաստի երկու պետությունների բուհերի և գիտական կազմակերպությունների միջազգայնացման գործընթացի զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
16:38 - 26 մարտի, 2024
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը սպորտի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ներդրման համար պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալnվ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Պարգևներն անվանի մարզիկներին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով հյուրերին և շնորհավորելով ծննդյան 50-ամյա հոբելյանների առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել սպորտի ոլորտում կատարած մեծ աշխատանքի և հաղթանակների համար. «Ձեր հաղթանակների շնորհիվ մեր հասարակությունն աննկարագրելի էմոցիաներ և ոգևորություն է ապրել: Վստահ եմ՝ ձեր օրինակով մեր շատ երեխաների ոգեշնչել եք զբաղվելու սպորտով: Անկասկած, ձեր սպորտային նվաճումների ու մեդալների կողքին սա ավելի խորհրդանշական նշանակություն կունենա, բայց այն ևս մեկ անգամ ձեր ներդրման արժևորման ու գնահատանքի միջոց է»: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս բարձր է գնահատել անվանի մարզիկների ներդրումն ու ավանդը հայկական ըմբշամարտի զարգացման գործում: «Արմեն Նազարյանն արդի ժամանակների ամենատիտղոսակիր ու հռչակավոր մարզիկներից մեկն է: Ճիշտ է՝ Արթուր Ալեքսանյանն արդեն գերազանցել է Նազարյանին՝ նվաճած տիտղոսների քանակով, բայց օլիմպիական կրկնակի չեմպիոնությունը դեռևս անգերազանցելի արդյունք է: Արմեն Նազարյանի հետադարձ բռնվածքն ըմբշամարտի աշխարհում շատ հայտնի փաստ էր. բոլոր մրցակիցները փորձում էին պաշտպանվել, բայց ապարդյուն: Վաղինակ Գալուստյանը Պատրասում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ առաջինից մինչև վերջին գոտեմարտ ապահովեց վստահ հաղթանակներ, որոնք ամենատպավորիչն էին. նա մեկ գլուխ բարձր էր բոլորից»,- ասել է Կարեն Գիլոյանը: Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատանքի համար, ընդգծել է՝ Օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում Հայաստանի դրոշը ծածանելն ու հայ ազգի անունը բարձր պահելը մեծ հպարտություն է եղել: «Երկար տարիներ է՝ Հայաստանում չեմ ապրում, և այս գնահատանքը, իսկապես, կարևոր նշանակություն ունի ինձ համար: Այս մեդալն էլ իմ մյուս մեդալների կողքին իր տեղը կունենա»,- ասել է Արմեն Նազարյանը: Լեգենդար մարզիկը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ այժմ ղեկավարում և համակարգում է Բուլղարիայի երեք տարիքային հավաքականների աշխատանքները, բայց հայրենիքի հետ կապը չի խզել: Նա հաճախ այցելում է Հայաստան և Բուլղարիայի ըմբշամարտի հավաքականների հետ նաև համատեղ ուսումնամարզական հավաքներ է կազմակերպում մեր երկրում: Արմեն Նազարյանը նաև կիսվել է մարզական հարուստ կարիերայի վերաբերյալ հուշերով: Ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը ևս շնորհակալություն է հայտնել վետերան մարզիկներին ուշադրության արժանացնելու համար: «Հաճելի և պարտավորեցնող է, երբ գնահատվում են նաև նախկինում սպորտային պատմություն ունեցող մարզիկները: Մեծ սպորտում այսօրվա հաղթանակները պատահական չեն. դրանք պետության ուշադրության արդյունք են: Վերջին 3-4 տարիներին մեր մեդալների քանակը լավագույնս վկայում է այդ մասին: Հաճելի է նաև տեսնել երեխաների հոսքը դեպի մարզադպրոցներ, ինչն այժմ նկատելի է: Վերջին տարիներին մեր երկրում անցկացված խոշոր մարզական միջոցառումներն էականորեն նպաստում են երեխաների շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը: Ժամանակին մեզ համար երազանք էր սեփական պատերի ներքո մրցասպարեզ մտնելը. ցավոք, ժամանակին նման հնարավորություն չենք ունեցել: Այժմ միջազգային մրցաշարերի հյուրընկալումը գեղեցիկ ավանդույթ է դառնում, որը ոգևորիչ է և հաճելի»,- ընդգծել է Վաղինակ Գալուստյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սպորտի ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությանը, նոր նախաձեռնություններին, ինչպես նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստությանը վերաբերող հարցերին։
13:48 - 25 մարտի, 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել  Եվրոպական կրթական հիմնադրամի  փորձագիտական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզոն, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կրթական բարեփոխումներ և հմտություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» եռամյա ծրագրի համակարգող Տիմո Կուսելան, ԵԿՀ փորձագիտական առաքելության այլ ներկայացուցիչներ: Պատվիրակությունը Հայաստանում է «Կրթական բարեփոխումներ և հմտություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (2024-2026 թթ.) եռամյա ծրագիրը ներկայացնելու, քննարկելու, հանդիպումներ և խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի շրջանակում կրթության տարբեր մակարդակներում իրականացվելու է կարողությունների զարգացման և կարիքի գնահատման հետազոտություն: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական կրթական հիմնադրամի հետ երկարամյա արդյունավետ համագործակցության համար՝ հատկապես շեշտելով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացված ծրագրեր: Անդրադառնալով  ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության հաստատումից հետո իրականացվող կրթական բարեփոխումներին՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվող օրենսդրական կարգավորումները: «Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր կարգավորումներ կբերի ոլորտում մասնավորի հետ համագործակցության և դուալ կրթության ներդրման մեխանիզմների կանոնակարգման տեսանկյունից»,- ասել է ԿԳՄՍ նախարարը` օրենսդրական փաթեթի մշակման հարցում ընդգծելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական կրթական հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը: «Եվրոպական կրթական հիմնադրամի» հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզիոն վերահաստատել է ԵԿՀ աջակցությունը Հայաստանում ՄԿՈՒ բարեփոխումների գործընթացին, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացմանն ուղղված աշխատանքներին, ՄԿՈՒ ոլորտում ուսումնական գործընթացի թվայնացմանը, թվային հմտությունների և որակավորումների զարգացմանը, որակի ապահովման համակարգերի բարելավմանը: Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչները Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթության տարբեր ստորաբաժանումների, նախարարության ենթակայությամբ գործող մարմինների հետ (ԿՏԱԿ ԿԶՆԱԿ և այլն), ինչպես նաև այցելել են մարզային հաստատություններ: Մարզային դպրոցներ ու նախադպրոցական կրթական ուսումնական հաստատություններ կատարած այցերի արդյունքներով հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչներն առանձնացրել են հատկապես կրթությունից դուրս մնացած երեխաների, նախադպրոցական տարիքի երեխաների ներգրավվածության, ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթական իրավունքների լիարժեք իրացման հետ կապված խնդիրները: Ծրագրի համակարգող Տիմո Կուսելան շնորհակալություն է հայտնել ընդունելության և շահառու կառույցների հետ հանդիպման հնարավորությունների ու հագեցած օրակարգի համար:  Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության՝ կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքներն ու ներդրված ջանքերը՝ մասնավորապես ընդգծելով կրթության ոլորտում 2023 թվականին կապիտալ ծախսերի 104 տոկոս աճը: ԿԳՄՍ նախարար նշել է, որ հանրակրթության ոլորտում փոփոխություններ են իրականացվում թե՛ բովանդակության, թե՛ կառավարման, թե՛ ֆինանսավորման ուղղություններով, ուստի արտաքին գնահատումը կարևոր է` կատարվող աշխատանքի  վերլուծության և արդյունավետության դիտարկման առումով: Որպես համագործակցության կարևոր ուղղություն՝ կողմերը մատնանշել են ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի բարեփոխումը, վերապատրաստումների ու սեմինարների կազմակերպումն ու համատեղ մասնակցությունը, ինչպես նաև դպրոցական ցանցերի և համակարգերի վերանայումը՝ հատկապես փոքր դպրոցների խնդիրները հաշվի առնելով: Անդրադառնալով ուսումնական գործընթացի թվայնացման, թվային հմտությունների և որակավորումների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ թվայնացումն ընդհանուր առմամբ մեր կողմից դիտվում է ոչ միայն որպես կրթական տեխնոլոգիա, այլև համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր գործիք: «Այդուհանդերձ, տևական ժամանակ, հատկապես Քովիդի համավարակով պայմանավորված, թվային տեխնոլոգիաները սկսեցին ընկալվել որպես հեռավար ուսուցման ապահովման միջոց: Սակայն կրթության չափորոշիչների փոփոխությունն առաջադրում է նաև տեխնոլոգիաների կիրառության այլ պահանջներ՝ սկսած առանձին առարկայից, որը մշակվել է հենց թվային գրագիտության համար և ներդրվում է երկրորդ դասարանից, մինչև բոլոր դպրոցներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների տրամադրում, որոնք ՀՀ կառավարության ծրագրի կարևոր մասն են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև թվային կրթության ռազմավարություն ունենալու ու դրա շուրջ համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև ուսումնական հարստությունների կառավարման, ֆինանսավորման համակարգերին, գյուղական և քաղաքային համայնքների կրթական առանձնահատկություններին և համակարգային այլ հարցերի:  
16:45 - 22 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանն ու Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրենը քննարկել են դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցեր

Ժաննա Անդրեասյանն ու Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրենը քննարկել են դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանիին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը և այլք:  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է իրանական Նոր տարվա՝ Նովրուզի առթիվ, ապա անդրադարձել երկկողմ համագործակցությանը՝ կարևորելով հատկապես Մատենադարանի ու ԻԻՀ գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի միջև ձևավորված փոխգործակցությունը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Մատենադարանում մեկնարկած «Պատկերի պոեզիան» հայ-իրանական համաժողովի կարևորությունը՝ ընդգծելով, որ գիտաժողովն ուղղված է հայ-իրանական միջնադարյան գրականությունն ու արվեստն ավելի տեսանելի դարձնելուն: «Գրավոր ժառանգության ուսումնասիրությունը թույլ է տալիս առաջին հերթին ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ, մեր դարավոր փոխհարաբերությունները. դա այն հարստությունն է, որ մենք երկուստեք ունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն վերջերս կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ շեշտելով հատկապես կրթական ծրագրերի ու վերականգնման ոլորտում  մասնագիտական դասընթացների կազմակերպման հնարավորությունը:   Հյուրերին ողջունել է նաև Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել հայ-իրանական պատմական ժառանգությանը համարժեք համագործակցություն: Արայիկ Խզմալյանը տեղեկացրել է նաև, որ ԻԻՀ կատարած այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռագրերի վերականգման, համատեղ ուսումնասիրությունների, թվային պատճենների փոխանակման, գիտական միջոցառումների կազմակերպման և նյութերի հրատարակման վերաբերյալ: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Նոր Ջուղայի Ազգային Սուրբ Ամենափրկիչ վանքի արխիվատան և արխիվների վերականգնման կենտրոնի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ՝ հին ձեռագրերի վերականգնման ոլորտում մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով: Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը: Մասնավորապես՝ Ա. Իրանին առաջարկել է դիտարկել երկկողմ համագործակցությունն արաբերեն և պարսկերեն կրթական ծրագրերի ցանկի համալրման և վերանայման, 5 հայերեն ձեռագրերի՝ Թեհրանում հրատարակության, ինչպես նաև հայ-իրանական բառարանի՝ 4 լեզվով հրատարակության ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցերին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը, որի համատեքստում դիտարկվում է նաև պարսկերենի ուսուցման զարգացումը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև նաև կրթության, գիտության ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
18:34 - 21 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։  Գիտական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունը` մոտ 20 տարի առաջ ինստիտուտի տարածքից առանձնացված և օտարված տարածքում ընթացող ծավալուն կառուցապատում իրականացնելու վերաբերյալ: Նրանց խոսքով՝ կենտրոնի հարևանությամբ ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների պատճառով խաթարված է կենտրոնի գիտաշխատողների գործունեության բնականոն ընթացքը: Վերջին տարիներին պետական ֆինանսավորմամբ ինստիտուտում գիտական սարքավորումների ձեռքբերման մեծ աշխատանքներ են իրականացվել, այդ թվում՝ ՀՀ-ի ու տարածաշրջանի համար եզակի ու թանկարժեք սարքավորումների, որոնց նպատակային աշխատանքը ստեղծված պայմաններում, մասնագետների դիտարկմամբ, լրջորեն վտանգված է: Բացի դրանից՝ գիտաշխատողները չեն կարողանում լիարժեքորեն և ամբողջությամբ իրականացնել նաև այն գիտական նախագծերը, որոնցում ընդգրկված են: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ խնդիրը երկար տարիների պատմություն ունի, և անհրաժեշտ է քննարկել գործընթացում ներգրավված բոլոր կողմերի և պետական կառույցների հետ: «ՀՀ կառավարությունը գիտական սարքավորումների ձեռքբերման, գիտնականների վարձատրության ու խրախուսման տարատեսակ այլ ծրագրերի ուղղությամբ մեծ ներդրումներ է կատարել: Մենք ևս շահագրգիռ ենք, որ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատանքը չխաթարվի»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և ընդգծել՝ պետք է գտնել լուծման այնպիսի տարբերակներ, որոնցում համադրելի կլինեն գիտական կենտրոնի շահերը, սեփականատիրոջ օրինական իրավունքները և պետության առաջնահերթությունները: Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է՝ խնդիրը խորությամբ կուսումնասիրվի, և հարցը կդառնա քննարկման առարկա՝ հիմնվելով այն գաղափարի վրա, որ որևէ ոլորտում ընթացող գործընթաց պետք է չխոչընդոտի գիտական գործունեությանը՝ հաշվի առնելով, որ գիտության ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության ռազմավարական առաջնահերթություններից է, և Կառավարության տարբեր ծրագրերով սահմանվել են հավակնոտ թիրախներ՝ գիտական գործունեության զարգացման ուղղությամբ:
17:25 - 21 մարտի, 2024
Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է. ԿԳՄՍ նախարար
 |news.am|

Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է. ԿԳՄՍ նախարար |news.am|

news.am: Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժանա Անդրեասյանը` անդրադառնալով քիմիկոսների բողոքի ակցիային։ Ավելի վաղ հայտնել էինք` քիմիկոսները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել. իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։ «Սա նոր հարց չէ. մենք մի քանի տարի շարունակ մասնագիտական քննարկումներ ենք իրականացրել, նախարարությունը բազմիցս իր դիրքորոշումը հայտնել է, որ ինստիտուտի աշխատանքը պետք է ապահովվի, ու համապատասպան պայմաններ լինեն»,- նշեց նախարարը։ Ըստ նրա` խնդիրը բարդ է, ու այդ պատճառով ԿԳՄՍՆ-ն գտնում է, որ միակ լուծումը ակադեմիական քաղաքն է, որտեղ կլինի ամբողջական միջավայր գիտական հետազոտությունների համար, և այնտեղ ստիպված չեն լինի հարակից միջավայրի հետ հաշվի նստելու։
14:00 - 21 մարտի, 2024
Ինձ համար այս հարցը սպառված է. ԿԳՄՍ նախարարը՝ ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի մասին
 |armeniasputnik.am|

Ինձ համար այս հարցը սպառված է. ԿԳՄՍ նախարարը՝ ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի պաշտոնից ազատման հարցը սպառված է։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նա հրաժարվեց այլ մեկնաբանություններ տալ։ Նախարարը տեղեկացրեց, որ բուհի ղեկավարման պարտականությունը ժամանակավորապես դրված է պրոռեկտորի վրա։ Լրագրողի հարցին՝ արդյոք Գալոյանի հրաժարականը կապ ունի՞ այն լուրերի հետ, որ նա իբր ԱՄՆ–ում գողություն է արել, և ԿԳՄՍ նախարարի գրության համապատասխան պատասխանը եկել է ԱՄՆ–ից։ «Ես հարգանքով եմ վերաբերում Դիանա Գալոյանի որոշմանը։ Կարծում եմ` մնացած բոլոր հարցերը օրակարգային չեն»,- նշեց Անդրեասյանը։ Հարցին՝ արդյոք նա զրուցե՞լ է Գալոյանի հետ, նախարարը պատասխանեց, որ ինքը պարբերաբար աշխատանքյաին հանդիպումներ ու քննարկումներ է ունենում բուհերի բոլոր ռեկտորների հետ։ Հիշեցնենք՝ Դիանա Գալոյանը ՀՊՏՀ ռեկտոր էր նշանակվել 2020 թ. դեկտեմբերի 23-ին։Այս տարվա մարտի 19-ին հայտնի դարձավ, որ նա հրաժարական է տվել։
12:19 - 21 մարտի, 2024
Ակադեմիական քաղաքի ծրագիրը հնարավորություն է միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար. Ժաննա Անդրեասյան

Ակադեմիական քաղաքի ծրագիրը հնարավորություն է միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում գործող միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ ներկայացնելով Ակադեմիական քաղաք ծրագրի հիմնական սկզբունքները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման շրջանակում միջպետական բուհերի ակտիվ մասնակցությունը՝ նրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում դրանք հաշվի առնելու նպատակով: Այս համատեքստում ներկայացվել են ակադեմիական քաղաքի համար նախագծվող ենթակառուցվածքները և այն նոր հնարավորությունները, որոնք նախատեսված են բուհերի ուսումնական և հետազոտական գործընթացի համար: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Ակադեմիական քաղաքը Կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բարձրագույն կրթության կազմակերպման, հետազոտական և գիտական աշխատանքների պայմանները: Ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու 6 ակադեմիական կլաստերներից: Նախարարը տեղեկացրել է՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագծումն իրականացվում է գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության հետ համագործակցությամբ, որը ոլորտում հեղինակավոր և փորձառու կազմակերպություն է: Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ծրագիրը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Երևանի և շրջակա համայնքների, այլև ողջ հանրապետության համար՝ կարևորվելով ինչպես իր ճարտարապետական բաղադրիչով, այնպես էլ էական դրական ազդեցություն թողնելով երկրի ողջ ակադեմիական համակարգի վրա: Այնուհետև Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով գլխավոր հատակագծի նախնական տարբերակի մանրամասները, անդրադարձել է տեղադիրքի և դրա ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործման հնարավորություններին: Նրա խոսքով՝ գլխավոր հատակագծի հայեցակարգն այժմ մշակվում է առավել մանրամասնությամբ և առաջիկայում կներկայացվի: Ծրագրի հիմնական մարտահրավերների համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է քաղաքի շահառուների և այցելուների համար տրանսպորտային հասանելիության ապահովման հիմնախնդիրը, որը պետք է ապահովի քաղաքի բնականոն գործունեությունը։ Անդրադառնալով միջպետական բուհերի հետագա գործունեությանը վերաբերող հարցերին՝ ԿԳՄՍ նախարարը բուհերի ռեկտորներին առաջարկել է իրենց գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկել Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում: «Ստեղծվելու է ենթակառուցվածք, որն իր որակով, բազմազանությամբ և հասանելիությամբ շատ ավելի գրավիչ կլինի բարձրագույն կրթության ու հետազոտության կազմակերպման համար: Նմանօրինակ միջավայրի առկայության պարագայում վստահ ենք՝ բուհերն իրենք կցանկանան քաղաքում տեղ գտնել: Կառավարության այս ծրագիրը հնարավորություն է նաև միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար: Ընդ որում՝ ակադեմիական քաղաքի՝ ամբողջ ծավալով գործելու համար երկարատև ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ միջպետական բուհերի ռեկտորներին առաջարկելով ծրագրի հետ կապված ներկայացնել դիտարկումներ և առաջարկներ: Առաջարկվել է ձևավորել աշխատանքային առանձին խումբ՝ միջպետական բուհերի կարիքներն ու պահանջներն ակադեմիական քաղաքի ստեղծման գործընթացում հնարավորինս հաշվի առնելու, մշտական իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, նախատեսվող լուծումների քննարկումներն առավել մասնակցային դարձնելու նպատակով: Միջպետական բուհերի ռեկտորներն Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում կարևորել են շարունակական հանդիպումներն ու քննարկումները` պատրաստակամություն հայտնելով իրենց հեռահար զարգացման ծրագրերում դիտարկելու նաև ակադեմիական քաղաքին ներգրավվածության հնարավորությունը։
18:38 - 20 մարտի, 2024
«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են․ Ժաննա Անդրեասյան

«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:   Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:   Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:   ԿԳՄՍ նախարարը նշել է, որ բոլոր բուհերից ստացված արձագանքների հիման վրա ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել բուհերի ռեկտորներին՝ պատրաստակամության, բարձր մասնակցայնության և ներկայացված առաջարկների համար. «Բուհերն այս ընթացքում հանդես են գալիս կոնկրետ առաջարկներով և ակտիվորեն մասնակցում են աշխատանքային խմբերի քննարկումներին, ինչը շատ կարևոր է: Այժմ ընթանում են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքները: Գործընկերների գնահատմամբ՝ նախատեսված տարածքը բավարար է մեր պատկերացրած ֆունկցիոնալ հնարավորությունները ստանալու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու ընդգծել՝ ուսումնասիրվում են բազմաթիվ շերտեր, իրականացվում է մանրակրկիտ աշխատանք: Ակադեմիական քաղաքի նախագծային աշխատանքներում ընդգրկված է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ հանդիսանալով ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործընկերը: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ներկայացնելով նախագծային աշխատանքների ընթացքը, նշել է, որ ակադեմիական քաղաքի հայեցակարգը նախագծվում է պրոֆեսիոնալ բարձր մակարդակով. «Նախագիծը քննարկվում է ամենայն մանրամասնությամբ՝ դիտարկելով յուրաքանչյուր դետալ: Մեր իրականության մեջ քաղաքաշինական որևէ նախագիծ, թերևս, այսպիսի մանրամասնությամբ չի քննարկվել մասնագետների կողմից: Այս նախագիծը մեզ համար՝ որպես ճարտարապետության և շինարարության ոլորտում կրթական ծրագիր իրականացնող բուհի, շատ հետաքրքիր և ուսանելի նորություն է»: Անդրադառնալով բովանդակային հարցերին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ նախարարությունն առանձին ուղղություններով հայեցակարգային 36 առաջարկ է  ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց մշակման և ամփոփման աշխատանքներում, բացի Հայաստանի ոլորտային փորձառու կազմակերպություններից և բուհերից, ներգրավվելու են նաև միջազգային գործընկերներ: Հանդիպման ընթացքում բուհերի ղեկավարները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ակադեմիական քաղաքի սահիկաշարն առաջիկայում կներկայացվի բուհերի ռեկտորներին, և յուրաքանչյուր բուհում կլինեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասների ներկայացման ու քննարկումների նպատակով: Բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի խոշորացման գործընթացին. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ գործընթացը բավականին բարդ է և բազմաշերտ, բայց դրա շրջանակում ցանկացած քայլ կատարվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների անմիջական ներգրավմամբ: «Յուրաքանչյուր բուհի հետ կունենանք առանձին քննարկում՝ ներկայացնելով նախագիծը: Սա բարդ և երկարատև գործընթաց է, որը չի կարող արդյունավետ իրականացվել՝ առանց բուհերի հետ համագործակցված աշխատանքի: Այս առումով նախարարությունը,  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և բուհերը գործընկերներ են, որոնց միավորում է բարձրագույն կրթության և գիտության որակի բարելավումը, որը ենթադրում է բուհերում հետազոտության բաղադրիչի ուժեղացում: Կարևորում ենք բուհական հանրույթի հետ արդյունավետ համագործակցությունը և կարծում ենք՝ երկխոսությունը պետք է հանգեցնի այնպիսի մի իրավիճակի, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հանրային ընկալումներում դիտարկվի ոչ միայն Կառավարության կամ նախարարության, այլև առաջին հերթին բուհերի ծրագիր: Ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են, որոնց համար մենք ցանկանում ենք ապահովել որակյալ և մրցունակ բարձրագույն կրթության հնարավորություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից կրթաթոշակի տրամադրման նոր քաղաքականությունը, ըստ որի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատվում է գերակա մասնագիտությունների ցանկ, և այդ մասնագիտություններով ընդունվածներին տրամադրվում է բարձր կրթաթոշակ: Ժաննա Անդրեասյանը բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին առաջարկել է ներկայացնել առաջարկներ՝ մասնագիտությունների ցանկի համալրման նպատակով: Հանդիպման ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են նաև իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են գիտական գործունեության նոր չափանիշներին, գնումների գործընթացին, մասնագիտությունների և տեղերի հաստատմանը և  ընթացիկ մի շարք այլ խնդիրների:
18:40 - 15 մարտի, 2024
Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ հատկացրեց մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար
 |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ հատկացրեց մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքներն ապահովելու համար։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախագծով նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար։ «Նշվածը վերաբերվում է երկու մանկապարտեզի կառուցման, 6 մոդուլային դպրոցի կառուցման, մեկ ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, 15 դպրոցի մարզադահլիճների կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև նախագծով ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար»,-ասաց Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ գրեթե բոլոր օբյեկտներում ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում։ «Հաշվի առնելով, որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023 թվականին ավարտվել են՝ նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով։ Բացի այդ, Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի մասնաշենքի վերակառուցման համար նախատեսվում է նաև թույլտվության ծավալների ավելացման թույլատրելի տասը տոկոսը գերազանցելու համար, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքների իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ մասնաշենքերը կապող տականցումը քանդման ենթակա է և այդ հատվածը պետք է կառուցվի վերակառուցման փոխարեն։ Նաև Մեդովկայի և Հագվու հիմնական դպրոցների կառուցման աշխատանքների ծավալներն են ավելացվում»,-եզրափակեց ԿԳՄՍ նախարարը։
11:58 - 07 մարտի, 2024