ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Հայաստանից արտահանված ձկան մեջ մկնդեղ է հայտնաբերվել |hetq.am|

Հայաստանից արտահանված ձկան մեջ մկնդեղ է հայտնաբերվել |hetq.am|

hetq.am։ Օրերս «Ռոսսելխոզնադզոր»-ն անհամապատասխանություններ է հայտնաբերել ԵԱՏՄ երկրներից՝ Հայաստանից, Ղազախստանից, ինչպես նաև՝ Չինաստանից Ռուսաստան ներկրված կենդանական ծագում ունեցող ապրանքներում։ Այս մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական կայքում։ Այդ առումով՝ Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանալ այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներկրել են ԵԱՏՄ նորմերին և պահանջներին չհամապատասխանող սննդանմթերք։Մասնավորապես՝ Հայաստանից «PROTEIN ARMAN JONOUB CO» և «Ֆիշ-կա» ՍՊԸ-ի նկատմամբ, որոնց արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ։Ղազախստանից ներկրված թռչնամսում էլ հայտնաբերվել է սալմոնելա։Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս մասին «Ռոսսելխոզնադզոր»-ից դեռևս որևէ գրություն չեն ստացել․ «Մեր՝ նաև՝ այդ ցուցանիշներով իրականացրած մոնիթորինգների արդյունքում այդպիսի ցուցանիշով որևէ շեղում չի հայտնաբերվել։ Թե որտեղից են ռուսները գտել, անհայտ է։- ասաց Ա․ Հարությունյանը։- Իրենք իրենց կայքում տեղադրել են, բայց կա այսպիսի ընթացակարգ․ իրենք պիտի մեզ գրությամբ դիմեն, ասեն, որ էսպիսի խնդիր կա էսինչ կազմակերպություններում, բայց իրենք դա դեռ չեն արել»,-նշեց Ա․ Հարությունյանը՝ հավելելով, որ ՍԱՏՄ-ն կդիմի «Ռոսսելխոզնադզոր»՝ պարզաբանման համար, քանի որ գրությունները, սովորոբարար, ուղարկվում են 3-4 օրում։Հիշեցնենք, որ Հայաստանն ավելի շատ արտահանում է թարմ և կենդանի ձուկ և ձկնեղեն և հակառակը, ներմուծում՝ սառեցվածը։
13:48 - 15 մայիսի, 2019
Ուրախ սպասում ենք, հենց բողոք լինի, կգնանք տեղում կստուգենք. Արմեն Կոտոլյան |armtimes.com|

Ուրախ սպասում ենք, հենց բողոք լինի, կգնանք տեղում կստուգենք. Արմեն Կոտոլյան |armtimes.com|

armtimes.com։ Մայիսի 1-ից Հայաստանում ավտոմեքենաների գազի լիցքավորումը կատարվում է բացառապես կիլոգրամով: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության առաջարկած եւ խորհրդարանի ընդունած՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխություններում, նախաձեռնության նպատակն է՝ պաշտպանել վարորդների իրավունքները եւ ավտոգազի վաճառքը կազմակերպել այնպես, որ սպառողը վճարի այնքան, որքան լիցքավորում է: Սակայն այս ընթացքում սոցցանցերում որոշակի մեկնաբանություններ եղան, թե կիլոգրամով վաճառքին անցում կատարելը բերել է թանկացման:Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ասաց, որ կիլոգրամով վաճառքի փոխվելուց հետո որոշակի հակասական արձագանքներ է լսել. «Բայց հիմնականում, որպեսզի ավելի ճիշտ տեսնեմ իրավիճակը, շատ հաճախ հետեւում եմ ֆեյսբուքյան խմբերի մեկնաբանություններին, որտեղ կարող եմ հստակ ասել 80 տոկոս վարորդների արձագանքը դրական է: Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ այս դրական արձագանքները պետք է ավելի շատանան, քանի որ կիլոգրամի վերափոխումը նոր է եղել ու տնտեսվարողները դեռ գնի մեջ էլ չեն կողմնորոշվել: Ու կան տնտեսվարողներ, ովքեր հնարավորություն ունեն ավելի մատչելի գնով վաճառելու, բայց դեռ գինը չեն իջեցրել: Ընթացքում բնականաբար կլինի մրցակցություն ու մի փոքր էլ կիլոգրամի գինը կիջնի եւ արդեն շատ հիանալի իրավիճակ կլինի»: Հարցին, թե հստակ հաշվարկներ կային, որ կիլոգրամով փոխելու դեպքում գնի բարձրացում չի կարող լինել, փաստորեն խորանարդ մետրով վաճառելիս խաբե՞լ են մարդկանց, Կոտոլյանը պատասխանեց. «Նախկինում կային տնտեսվարողներ, ովքեր որ ծրագրային չարաշահումներ էին արել: Այս անցումը արեցին հենց այդ պատճառով, որպեսզի ծրագրային խաբեություն չկարողանան անել: Հիմա սպառողները գազը լցնում են այնքան, որքան որ դրա դիմաց վճարում են, բայց քանի որ գնագոյացման հետ կապված տեսչական մարմինը որեւէ առնչություն չունի այդ առումով զուտ որպես ոչ մասնագետ կարող եմ ասել, որ ընթացքում էլի գինը իջնելու է, քանի որ մրցակցություն է լինելու տնտեսվարողների մեջ: Բնականաբար յուրաքանչյուր տնտեսվարող ցանկանալու է, ավելի շատ հաճախորդ ունենա ու գինը հնարավորինս իջեցնելու է, որպեսզի հնարավորինս գրավիչ լինի»:Կոտոլյանը նշեց, որ մայիսի 1-ից հետո՝ ինչ անցում է կատարվել գազի կիլոգրամով վաճառքի դեռեւս բողոքներ չի ստացել տեսչական մարմինը. «Մենք զինված սպասում ենք, թե որտեղից բողոք կլինի, որ գնանք ստուգումների: Նախկինում, երբ որ խորանարդ մետրով էր վաճառքն իրականացվում եւ բողոքում էին մարդիկ, որ թելցում է իրականացվում, մենք հնարավորություն չունեինք ստուգելու, արդյոք այդ 10 խորանարդ մետրը, որ լցվել է իրոք 10 խորանարդ մետր է: Կիլոգրամի դեպքում ունենք այդ հնարավորությունը, դրա համար ուրախ սպասում ենք, հենց բողոք լինի կգնանք տեղում կստուգենք»:
11:18 - 14 մայիսի, 2019
Կառավարությունը հավանություն տվեց ճանապարհաշինության համար 13․4 մլն․ Եվրո վարկային միջոցների ներգրավման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց ճանապարհաշինության համար 13․4 մլն․ Եվրո վարկային միջոցների ներգրավման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով 13 միլիոն 400 հազար եվրո վարկային միջոցներ կներգրավվեն ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարեկարգելու համար։ Ծրագրի նպատակն է գյուղական համայնքների համար  շուկաների և ծառայությունների հասանելիության ապահովումը։ Ծրագիրը բաղկացած է 3 մասից՝ Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում, որով նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն): Ծրագրի կառավարում և ինստիտուցիոնալ ուժեղացում, որով նախատեսվում է ծրագրի համակարգման ու իրականացման նպատակով աջակցության տրամադրում, ինչպես նաև ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ձեռքբերում, ճանապարհային պայմանների և երթևեկության ուսումնասիրման նպատակով ճանապարհների հետազոտման սարքավորումների ձեռքբերում, ճանապարհային երթեւեկության անվտանգության ծրագրի իրականացում և այլն: Արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար միջոցներ, որի ներքո նախատեսվում է անհրաժեշտության դեպքում օժանդակության տրամադրում՝ թույլատրելի արտակարգ իրավիճակների պարագայում։
07:33 - 02 մայիսի, 2019
Համահարթ հարկման համակարգի ներդրումը արտահանող ձեռնարկությունների վրա կարելի է ասել ազդեցություն չի ունենալու․ Հովհաննես Ավետիսյան

Համահարթ հարկման համակարգի ներդրումը արտահանող ձեռնարկությունների վրա կարելի է ասել ազդեցություն չի ունենալու․ Հովհաննես Ավետիսյան

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու թեմայով խորհրդարանական լսումներին ելույթ ունեցավ հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը՝ անդրադառնալով եկամտային հարկի համահարթեցմանը․ «Հարկերի մասին խոսելիս երկու կարևոր սկզբունք կա, որ կարծում եմ ցանկացած տնտեսագետ և մասնագետ տեղյակ է։ Որոնք են դրանք։ Դա արդարության սկզբունքն է և տնտեսական արդյունավետության։ Պարոն Պողոսյանը իր խոսքի մեջ նշեց, որ այո՛, արդարության սկզբունքը, եկամտային հարկի մասին խոսելիս, համահարթ ներդնելով մենք ինչ-որ չափով նսեմացնում ենք, բայց դա անում ենք հանուն տնտեսական արդյունավետության։ Եվ այստեղ ինչն է կարևոր, որ տնտեսական արդյունավետության մասին խոսելիս հիմնավորումներ են բերվում հետևյալը․ ստվերի կրճատում, աշխատողների թվի և աշխատավարձերի մեծության մասով և մյուսը՝ արտահանման խրախուսում։ Առաջինի մասով մենք մի քանի օր առաջ լսեցինք վարչապետի ելույթը և տեսանք, որ արդեն առանց համահարթ եկամտային հարկային համակարգ ունենալու ստվերից դուրս են եկել շուրջ 50 հազար աշխատատեղեր, հետևաբար հարց է առաջանում՝ այդ ի՞նչ տրամաբանությամբ ենք մենք հիմնավորում համահարթ հարկման համակարգ ներդնելը, երբ նա առանց այդ համակարգը ներդնելու ստվերից դուրս է գալիս։ Երկրորդ հիմնավորումը, որ մեջբերվում է՝ արտահանման խրախուսումն է, սակայն մենք՝ այսինքն մասնագետները, տեղյակ են, որ արտահանման թիրախային ոլորտներում, օրինակ՝ թեթև արդյունաբերությունը, ախատավարձերը խոշոր հաշվով չեն գերազանցում 150 հազար դրամը։ Կնշանակի՝ այս համահարթ հարկման համակարգի ներդրումը արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների վրա կարելի է ասել ազդեցություն չի ունենալու կամ չնչին ազդեցություն է ունենալու։ Հետևաբար, այս մասով,օրինակ, չենք տեսնում գնահատականներ, որ տնտեսական քաղաքականության պատասխանատու նախարարությունը պարտավոր է իրականացնել, և ես չեմ կարծում՝ այս սրահում ինչ-որ մարդ գտնվել է, որ նման փաստաթուղթ է տեսել, որ տնտեսական քաղաքականության պատասխանատուն քաղաքականությունը գնահատում է և ցուցանիշներով ցույց է տալիս, թե ինչքանով է մեր մրցակցային առավելությունը ավելանալու այս համահարթ եկամտային հարկման համակարգ ներդնելով։ Սրանք այն հարցերն են, խնդիրներն են, որ ես՝ որպես ֆինանսների կառավարման մասնագետ տեսնում եմ, և պատասխաններ չենք ստանում արդեն շուրջ վեցը ամիս տևող քննարկումներում։ Աստեղ նաև մի ցուցանիշ, որպեսզի զուտ քննադատություն չհնչի, ես կուզենամ մի ցուցանիշի մասին էլ խոսել, որ պարոն Պողոսյանը ասեց՝ 95 միլիարդի, այսինքն, եթե չհարկվող շեմ դնենք, ապա բյուջեի վրա դա 95 միլիարդ կարժենա։ Պարոն Պողոսյան, չհարկվող շեմը ես առաջարկում եմ ներդնել միայն մինչև 150 հազար եկամուտ ստացողների համար և եթե նույնիսկ 150 հազար դրամ ստացողներին համարենք էդ գրանցված 600 հազար աշխատողների թվաքանակը, ապա 50 հազար չհարկվող շեմ դնենք 150 հազարի վրա, դա բյուջեի վրա կնստի շուրջ 7 միլիարդ դրամ ծախս։ Սակայն կարծում եմ՝ այդ քայլով, եթե նպատակը իրոք արտահանման խրախուսումն է, ապա մենք այդտեղ ավելի շատ բան արած կլինենք, քան թե ընդհանուր համահարթ հարկման համակարգ դնելով։ Սա ավելի խորքային վերլուծության կարիք ունի, սակայն քանի որ մենք տնտեսական պատասխանատու նախարարության կողմից չենք տեսնում էդ վերլուծությունները, հետևաբար չենք կարողանում նաև հակադարձել առարկայական»։
09:21 - 30 ապրիլի, 2019
Պատրաստ եք կրել քաղաքական պատասխանատվությունը, եթե Հայաստանն ընկնի անկայունության մի փուլի մեջ․ Վահրամ Սողոմոնյան

Պատրաստ եք կրել քաղաքական պատասխանատվությունը, եթե Հայաստանն ընկնի անկայունության մի փուլի մեջ․ Վահրամ Սողոմոնյան

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու թեմայով խորհրդարանական լսումների հարցուպատասխանի ժամանակ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին հարց ուղղեց «Քաղաքական դիսկուրս» հարթակի անդամ Վահրամ Սողոմոնյանը․ «Մենք մի քանի առիթներով հնարավորություն ունեցել ենք լսել ձեր կարծիքը: Դուք վերջին վեց ամիսների ընթացքում կրկնում եք նույն բացատրությունները, մասնավորապես,  համահարթ եկամտահարկի հետ կապված, և կարծում եմ, որ տրամաբանական շղթայում կա սխալ, այսինքն՝ դուք ձեր ելույթի մի մասում ասում եք, որ վերաբաշխումը կարևոր է և աշխատավարձի պրոգրեսիան չի աշխատում, բերում եք իրավիճակի նկարագրությունը և դրանից բխեցնում եք համահարթեցումը: Սա նման է, եթե, օրինակ ասենք՝ մարդիկ կարմիր լույսի տակով անցնում են, չենք կարող նրանց արգելել․ եկեք օրինականացնենք կարմիր լույսի տակով անցնելը։ Այսինքն՝ դուք ընդունում եք, որ պրոգրեսիվը լավ է․ և ձեզ նաև միջազգային կազմակերպություններն են ասում, որ ձեր պրոգրեսիվը չի աշխատում, բայց չի աշխատում, որովհետև դա աշխատավարձի պրոգրեսիա է և եկամուտների պրոգրեսիա չէ։ Արդյո՞ք սա փաստերի ակնհայտ խեղաթյուրում չէ, մեկ, երկրորդը՝ ձեր նշված մեր կոնֆերանսի փորձառությունը, որին դուք ասացիք արձագանքել եք, ես կապ չտեսա, թե դուք ինչպես եք արձագանքել այն բացասական փորձին, որ արձանագրվեց, որ եկամտահարկը բոլոր երկրներում միակ պրոգրեսիվ էլեմենտն է ընդհանրապես հարկային համակարգի մեջ, և եթե հանում ենք մենք, համակարգն ինքնին դառնում է ռեգրեսիվ, ինչպես Վրաստանում ենք տեսնում, և բերում եք նորից Վրաստանի օրինակը, որ նրանց սահմանադրության մեջ գրվածը չեն կարող փոխել միայն շահութահարկի մասով և չեք նշում, որ իրենց երկրում եկամուտների կորուստը կապված է հատկապես եկամտահարկի կորուստի հետ։ Ինչո՞ւ հաշվի չեք առնում անցած տարվա անալիզը՝ հեղափոխությունից հետո ինչ է եղել, քանի որ այս դահլիճում նստած շատ նախկին պատգամավորներ եղել են ներկրողների լոբբիստներ և իրենք ներկրողներ են եղել, այսինքն՝ եղել են կոռուպցիոն էլեմենտներ։ Դուք արդյո՞ք անալիզ արել եք այդ հանգամանքները»։ Անդրադառնալով հարցին՝ Ֆինանսների փոխնախարարն ասաց․ «Անկեղծ ասած տարօրինակ ոչինչ չեմ տեսնում նրա մեջ, որ մենք ամիսներ շարունակ բերում ենք նույն հիմնավորումները, հակառակը՝ տարօրինակ կլիներ, եթե ամեն անգամ հանդիպելուց տարբեր բաներ ասեինք․ գնահատականները թողնում եմ ձեզ։ Այո՛, մենք ունենք հետևողական գիծ, հիմնավորումներ, և շատ նորմալ եմ գնահատում, երբ մշտապես բերում ենք նույն հիմնավորումը։ Այլ բան է, որ դա կարող է ձեզ չգոհացնել։ Առհասարակ, համահարթ կամ պրոգրեսիվ դիսկուրսի հետ կապված դժվար է գտնել դրույքաչափերի մի համակցություն, որը կունենա միայն դրական կողմեր ու ոչ մի բացասական կողմ կամ որը կլուծի հարկման գործիքակազմի առջև դրված բոլոր խնդիրները միաժամանակ ու հաջողությամբ։ Ոչ ոք չի վիճարկում, որ հարկման պրոգրեսիվ համակարգը սոցիալական արդարության, եկամուտների վերաբաշխման տեսանկյունից ավելի ընդունելի է․ սա դասագրքային ճշմարտություն է, սրա դեմ հակափաստարկներ բերելը պարզապես անմտություն կլինի ու անհեռատես ինչ-որ մի գործողություն։ Մենք այլ բան ենք ասում․ մենք ասում ենք՝ այսօրվա ստեղծված իրողություններում ունենք անվանական պրոգրեսիվ համակարգ, որը սակայն պրոգրեսիվություն չի հաղորդում հարկման համակարգին, հետևաբար, ինչո՞ւ պահել այս անվանական պրոգրեսիվ համակարգը գոնե տեսանելի ապագայի համար, եթե այն, չլուծելով պրոգրեսիվ հարկման խնդիրը, իր հետ բերում է նաև այլ խնդիրներ, մասնավորապես, աշխատուժի գծով, ծախսի թանկացման առումով, տնտեսությունը ոչ մրցունակ դարձնելու առումով։ Սա ենք մենք ասում։ Որ ասում եք եկամտային հարկը միակ պրոգրեսիվ էլեմենտն է հարկման համակարգում, ես չեմ կարող համաձայնել դրա հետ՝ հենց պարոն Արեստակեսյանի կողմից բարձրացրած հարցի շրջանակում ես համաձայնեցի առ այն, որ ավելի ճիշտ մոդելը մեր կարծիքով պրոգրեսիվ գույքահարկի մոդելն է և այս ուղղղությամբ մենք շատ առարկայական քայլեր ենք կատարում, ակնկալում ենք, որ մինչև հունիս ամիսը կառավարությունը ԱԺ քննարկմանը կներկայացնի օրենքի նախագիծ, որով առաջարկվելու է հաստատել մեթոդաբանություն, թե ինչպես վերահաշվարկվեն գույքահարկով հարկվող օբյեկտ համավող գույքային միավոր հարկման բազաները այնպես, որ դրանք առավելագույնս մոտարկված լինեն շուկայական արժեքներին և երկրորդ կառավարությունը առաջիկայում կընդունի մի որոշում, որը նոր գոտիականություն կսահմանի գույքային միավորների համար։ Եվ երրորդ հանգուցալուծող քայլը արդեն կլինի հարկային օրենսգրքում փոփոխությունների կատարում, բայց ըստ անհրաժեշտության, այսինքն՝ գույքահարկի մասով չհարկվող երեք միլիոն դրամ շեմի վերանայում կամ դրույքաչափի վերանայում, այնպես, որ բեռի վերաբաշխումը լինի հնարավորինս համարժեք։ Ես խնդրում եմ ձեր վերջին հարցադրումը մի փոքր էլ մանրամասնեք»։ Վահրամ Սողոմոնյանը, արձագանքելով պատասխանին, ասաց․ «Ինձ համար սա, ճիշտն ասած, տեխնիկական և տնտեսագիտական հարց չէ, այլ քաղաքական հարց է վերջին իրադարձությունների համատեքստում, և ես կարծում եմ, որ քաղաքական մեծամասնությունը պետք է շատ լուրջ վերաբերվի և այդ առումով ձեզ ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք դուք պատրաստ եք կրել քաղաքական պատասխանատվությունը, եթե հսկայական կորուստներ ունենա մեր բյուջեն և Հայաստանը ընկնի անկայունության մի փուլի մեջ, և այդ կայունարարները, որ ստեղծվում են հենց պրոգրեսիվ հարկի միջոցով վերացված լինեն, և դուք գնաք ԱՄՀ կամ մյուս դոնորների հետ բանակցությունների, և նրանք ասեն ինչու չեք բարձրացնում ձեր հարկերը, բայց դուք արդեն մտել եք անուղղակի հարկեր բարձրացնելու մեջ, բայց դրանք էլ անվերջ չեք կարող բարձրացնել, որովհետև կհանգեցնի հայտնի հետևանքների»։ Արման Պողոսյանը, պատասխանելով հարցադրմանը, ասաց․ «Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ղեկավարը այստեղ է, համաշխարհային բանկից գործընկերները նույնպես այստեղ են։ Մենք գործել ենք շատ թափանցիկ, մեր մտադրությունների մասին հենց սկզբից տեղեկացրել ենք մեր գործընկեր երկրներին և նրանց հետ մեր քննարկումները շատ առողջ մթնոլորտում են ընթացել, և համոզմունք ունեմ առ այն, որ նրանք հասկացել են, թե մենք ինչ նպատակադրում ունենք, այս քաղաքականության արդյունքում ինչ ենք ակնկալում ունենալ։ Այս քաղաքականությունը փաստաթղթավորված է համապատասխան հուշագրերում, որոնք կազմվում են կառավարության և ձեր նշած միջազգային կառույցների միջև և այս առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, ես կարծում եմ, որպեսզի շատ պարզունակ չլինի պատասխանս, երբևէ իմ կարծիքով առիթ չենք տվել առանց քաղաքական պատասխանատվություն ստանձնելու կատարելու գործողություններ, որոնք ենթադրում են քաղաքական պատասխանատվություն։ Իհարկե, ստանձնում ենք այդ պատասխանատվությունը և, իհարկե, գնում ենք գիտակցված գործողությունների, այսինքն ես ցավում եմ, որ կարող է էդպես տպավորություն ձևավորվել, որ մի ամբողջ կառավարություն կարող է հանկարծ չզգալ կամ չգնահատել իր քայլերի տրամաբանված լինելը կամ հնարավոր հետևանքները։ Իհարկե, ստանձնում ենք այդ քաղաքական պատասխանատվությունը»։  
08:00 - 30 ապրիլի, 2019
«Խելացի» անասնաշենքերի կառուցման աջակցության ծրագրից կօգտվեն նաև ագրարային ոլորտի ուսումնական հաստատությունները

«Խելացի» անասնաշենքերի կառուցման աջակցության ծրագրից կօգտվեն նաև ագրարային ոլորտի ուսումնական հաստատությունները

Կառավարության որոշմամբ «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման» պետական աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն տրվեց նաև  ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին։ Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակն է փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար ծախսերի փոխհատուցում՝ տնտեսավարողներին՝ 50%-ի չափով, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ շուրջ 70%-ի չափով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար` շուրջ 70%-ի չափով։  
08:32 - 18 ապրիլի, 2019
Առաջարկվում է իջեցնել մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայողների աշխատավարձից հարկադիր պահման սահմանաչափը

Առաջարկվում է իջեցնել մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայողների աշխատավարձից հարկադիր պահման սահմանաչափը

Կառավարությունը հավանություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։ Նախագխի վերաբերյալ կառավարության առաջարկություններ է ներկայացրել։ Առաջարկվող փոփոխությամբ հակառակորդի հետ շփման գծում հերթափոխով մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա: Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված նախագծով առաջարկվում էր սահմանել տասը տոկոսի սահմանաչափ։    
07:39 - 18 ապրիլի, 2019
Կառավարությունը նիստին կքննարկի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ ստեղծելու մասին հարցը |armtimes.com|

Կառավարությունը նիստին կքննարկի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ ստեղծելու մասին հարցը |armtimes.com|

armtimes.com: Կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում ընդգրկվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցերը: Ըստ հիմնավորման՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու նպատակը ՀՀ-ի տնտեսության զարգացման աջակցումն է` ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով: Նախագծի համաձայն՝ ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք և համալիր խորհրդատվության և աջակցության միջոցով կնպաստի ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու և իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը և գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման և գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման և կատարելագործման գործընթացին:
05:28 - 18 ապրիլի, 2019
Քարսիթ․ կողմ և դեմ կարծիքներ

Քարսիթ․ կողմ և դեմ կարծիքներ

Երեկ՝ ապրիլի 11-ին, սահմանվեցին մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, առանձին պահանջներ։ Ըստ այս փոփոխության՝ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի, սարքերի (քարսիթ) օգտագործման միջոցով։ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի պահող համակարգերի (քարսիթ) կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն պահող համակարգերի օգտագործման միջոցով (մանրամասներն՝  այստեղ) Այս փոփոխությունն, ինչպես բազմիցս նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, միտված է մանկական տրավմաների և մահացության դեպքերի նվազեցմանը։ «Սա ոչ թե քմահաճույք է, այլ պետության պարտականություններից է՝ պաշտպանել իր քաղաքացիներին, այդ թվում ՝ մանկահասակ քաղաքացիներին, անկախ նրանից, թե նրանց ծնողները հասկանում են վտանգը, թե՝ ոչ։ Եթե թողնենք հայեցողությանը, կունենանք այն, ինչ ունենք հիմա։ Այցելեք Երևանի մի քանի հիվանդանոց և տեսեք, թե ճանապարհատրանսպորտային պատահարներից ինչքան տուժած երեխաներ կան»,- հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր Թորոսյանը։ Փոփոխությունը, սակայն, միանշանակ չընդունվեց։ Սոցիալական կայքերում քննարկումներ սկսվեցին՝ դրական ու բացասական արձագանքներով։ Ընդհանուր առմամբ գնահատականները դրական էին, բայց որոշ վերապահումներով։ Փորձենք հասկանալ այս որոշման դրական ու բացասական կողմերը։ Վիճակագրություն Ճանապարհատրանսպորտային պատահարներից երեխաների մահացության ու մանկական տրավմատիզմի հայկական վիճակագրություն, կարծես թե, չկա։ Սակայն կա համաշխարհային վիճակագրություն, որը ներկայացրել էր Առողջապահության նախարարը․ «Մենք անցած տարվանից սկսել ենք հավաքել մանկական տրավմատիզմի և մահացության դեպքերի վիճակագրությունը։ Բայց նույնիսկ, չունենալով ամբողջ հանրապետության թվերը, ունենք համաշխարհային վիճակագրության տվյալները, որ մինչև 4 տարեկան երեխային ճիշտ քարսիթի մեջ դնելն իջեցնում է տրավմատիզմի դեպքերը 50 տոկսով, եթե դա տրված է վարորդի կողքին, իսկ եթե հետևում է՝ 80 տոկոսով»,-ասել էր նա ՝ հավելելով, որ այս հարցում պետք է հետևողական լինել և բացի օրինագծի ընդունումից, պետք է հետևել, որ դրանք պահպանվեն և կիրառվեն։ Պարտադրանք Շատ ծնողներ, չնայած այս որոշումը դրական են գնահատում, բայց դժգոհ են պարտադրանքի տարրից։ Արմանե Մխիթարյանը մինչև 12 տարեկան երկու երեխա ունի։ Կարծում է, որ փոփոխություններն այդ ուղղությամբ դրական են և պետք է հոգալ, որ տաքսիներում էլ լինեն երեխաներին տեղափոխելու անհրաժեշտ սարքերը, բայց պարտադրանքը, կարծում է, այս պահին նպատակահարմար չէ․ պետք է թույլ տան ծնողը իրեն հարմար ժամանակահատվածում գնի երեխային տեղափոխող քարսիթը։ Գին և որակ Համացանցում քարսիթների արժեքն ուսումնասիրելիս պարզվեց, որ գները սկսվում են 7000 դրամից։ Միջին գինը 20-30000 հազար դրամ է, իսկ հայկական էջերում հանդիպած ամենաթանկ մոդելները մոտավորապես 110000 դրամի սահմաններում են։ Անի Անտոնյանի երեխան 1,9 տարեկան է։ Որոշմանը կողմ է․ « Օրինակ տեղ գնալիս երեխաս շատ անհանգիստ է՝ մեկ դռներն է բացում, մեկ՝ լուսամուտը։ Քարսիթի մեջ հանգիստ կնստի»,-ասում է Անին։ Բայց գինը, նրա խոսքով, վիճելի է․ «8000-60000 դրամ արժողությամբ քարսիթներ կան։ Էժանը չես առնի՝ միջինը պիտի առնես, որ գոնե որակ լինի։ Ստացվում է՝ 20000-ից ոչ պակաս։ Իսկ եթե մեկ երեխա չէ, այլ երեք անչափահաս, օրինակ, ահագին գումար է ստացվում»,-շեշտում է նա։ Պարզվում է՝ քարսիթների ընտրությանն էլ պետք է ուշադրություն դարձնել՝ ինչ որակի է, որքանով է համապատախանում երեխային։ Ընտրության հարցում կարևոր է երեխայի քաշը, հասակը և շատ դեպքերում առանց մասնագետների խորհրդատվության շատ դժվար է տեղափոխող համապատասխան սարք ընտրելը։ Ընդ որում, որակական յուրաքանչյուր լրացուցիչ ցուցանիշ ավելացնում է քարսիթի գինը։ Շահավետ բիզնեսի վտանգ Մտավախություն կա, որ իրավական այս փոփոխությունը կարող է սպասարկել քարսիթ ներկրողների շահերը։ Այս խնդրին անդրադարձել էր նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով․ «Ջրի վաճառքն էլ է շատ շահավետ բիզնես, բայց շատ կարեւոր է մեր առողջության եւ ընդհանրապես կյանքի համար»: Պարտադրանքի այս ֆոնին վտանգ կա, որ երեխաներին տեղափոխող սարքերի գինը կաճի՝ չնայած այդպիսի միտում դեռևս չի նկատվում։ Անի Անտոնյանը որոշ ժամանակահատված ուսումնասիրել է երկու ընկերությունների քարսիթների գները։ Դրանցից մեկը, ընդհակառակը, իջեցրել է տեղափոխող սարքերի գները՝ զեղչեր սահմանելով։ Մեքենայի տարողունակությունը Միջինում մեքենայում երեք քարսիթ է տեղավորվում։ Այս առումով դժվարություններ են առաջանում երեք և ավելի երեխաներ ունեցող ուղևորների համար։ «Ի՞նչ անել, երբ ունես չորս և ավելի երեխա, այդքան քարսիթ մեքենայում չի տեղավորվի։ Կամ տաքսիներում ո՞նց պիտի լինի։ Տաքսիստը ստիպված պիտի գնի իր մեքենայի համար։ Երեք և ավելի երեխաների ծնողները ծանր վիճակում են հայտնվելու, ստիպված պիտի անընդհատ տուգանվեն»,-ասում է Արմանե Մխիթարյանը։ Տուգանքներ Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնների խախտումների տուգանքները կարգավորվում են «Վարչական իրավախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով: Այս խախտումների համար տույժ է նախատեսվում 124-րդ հոդվածի համաձայն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Արմանեն դեմ է համատարած տուգանքներին․ «եթե սկսեն համատարած տուգանել, ոչ մի լավ բան դուրս չի գա։ Մարդիկ հնարավորություն չունեն գնելու տեղափոխող սարքերը՝ մեկը ես, ի վիճակի չեմ գնել հիմա»։ Արմանեն մի քանի տարի ապրել է Ռուսաստանում, հետո վերադարձել Հայաստան։ Նա հիշեց նաև այնտեղի փորձը․ «Մյուս կողմից՝ ՌԴ-ում հենց սկսեցին տուգանել՝ մարդիկ համատարած սկսեցին գնել տեղափոխող սարքերը»։ Քարսիթ՝ առանց պարտադրանքի Նառա Վարդանյանն այն ծնողներից է, որ 2 տարի 11 ամիս առաջ (աղջկա ծնվելուց 2 օր առաջ) արդեն իսկ գնել ու կիրառում է երեխայի համար անհրաժեշտ տեղափոխող սարքը։ Թե ինչու է որոշել քարսիթ գնել, պատասխանում է․ «որովհետև իրավունք չունեմ վտանգելու ուղևորի կանքը, առավել ևս՝ երեխայի: Մենք երկուսով շատ ենք ճամփորդում՝ իր ծնված օրվանից, և քարսիթը առաջնահերթ անհրաժեշտություն էր»։ Նառա Վարդանյանի խոսքով, եթե մարդը մեքենա ունի, հնարավոր չէ՝ գումար չգտնվի քարսիթի համար․ «Այլ հարց է, թե այդ օրենքով ինչպես կկարգավորվի երթուղայիններում և տաքսիներում երեխաների անվտանգությունը, մեկից ավելի երեխա ունեցող ծնողների խնդիրը»,-ընդգծում է Նառան։
12:42 - 12 ապրիլի, 2019
Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկվեցին ևս 40 համայնքներ

Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկվեցին ևս 40 համայնքներ

Կառավարությունը որոշեց պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել ևս 40 համայնքներ. Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքԼոռու մարզի Վանաձոր համայնքԿոտայքի մարզի Աբովյան համայնքԿոտայքի մարզի Ջրվեժ համայնքՍյունիքի մարզի Տեղ համայնքՎայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքԱրագածոտնի մարզի Ապարան համայնքՎայոց Ձորի մարզի Վայք համայնքՇիրակի մարզի Պեմզաշեն համայնքՏավուշի մարզի Բերդ համայնքՍյունիքի մարզի Մեղրի համայնքՎայոց Ձորի մարզի Արենի համայնքԱրարատի մարզի Վեդի համայնքՇիրակի մարզի Ամասիա համայնքՏավուշի մարզի Դիլիջան համայնքՍյունիքի մարզի Գորիս համայնքՍյունիքի մարզի Քաջարան համայնքԱրմավիրի մարզի Վաղարշապատ համայնքԱրարատի մարզի Արտաշատ համայնքԿոտայքի մարզի Եղվարդ համայնքԼոռու մարզի Թումանյան համայնքՎայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքՏավուշի մարզի Կողբ համայնքՏավուշի մարզի Իջևան համայնքԼոռու մարզի Ստեփանավան համայնքԿոտայքի մարզի Չարենցավան համայնքԼոռու մարզի Ալավերդի համայնքՏավուշի մարզի Նոյեմբերյան համայնքԼոռու մարզի Օձուն համայնքԱրարատի մարզի Ուրցաձոր համայնքԼոռու մարզի Ախթալա համայնքՎայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքՇիրակի մարզի Անի համայնքՍյունիքի մարզի Տաթև համայնքԱրագածոտնի մարզի Արագածավան համայնքՇիրակի մարզի Աշոցք համայնքՍյունիքի մարզի Գորայք համայնքՎայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքՇիրակի մարզի Արփի համայնքՇիրակի մարզի Սարապատ համայնք Տվյալ համայնքային գրասենյակները օժտված են նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով իրենց վրա դրվող պարտականությունները պատշաճ կերպով կատարելու համար:
07:29 - 11 ապրիլի, 2019
Դիզելի մենաշնորհը կայունանում է: Կեղծիք կառավարության զեկույցում. |fip.am|

Դիզելի մենաշնորհը կայունանում է: Կեղծիք կառավարության զեկույցում. |fip.am|

fip.am: Կառավարության նշած կազմակերպությունը, որը զբաղեցնում է դիզվառելիքի շուկայի 29 տոկոսը, իրականում ունի կրկնակի՝ 58,7 տոկոս մասնաբաժին։ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունավետության մասին զեկույցում, ինչպես նաև կառավարության տարածած տեսանյութում, անդրադարձ է կատարվել տնտեսական մենաշնորհների բացառմանն ու տնտեսական մրցակցության պաշտպանությանը, որտեղ մի քանի օրինակներով ցուցադրված է, թե ինչպես են անցյալ տարվա ընթացքում նվազել գերիշխող տնտեսավարողների շուկայի մասնաբաժինները՝ 2017 թվականի համեմատությամբ։ Մասնավորապես, որպես օրինակ ներկայացվել էին շաքարավազի, բանանի, բենզինի և դիզվառելիքի շուկաներն ու դրանք ներմուծող ընկերությունների տեսակարար կշիռները։ Եվ այսպես, ըստ կառավարության ամփոփիչ զեկույցի, 2018 թ. վերջին դիզվառելիք ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս՝ նախկին 51 տոկոսի փոխարեն։ 2017 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 139 հազար տոննա դիզվառելիք՝ 5 կազմակերպության կողմից։ Այս 5 կազմակերպությունից միայն երկուսը զբաղեցրել են շուկայի մոտ 92 տոկոսը՝ ավելի քան 66900 և 60600 տոննա ներմուծմամբ։ Այլ կերպ ասած՝ այս ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել է, համապատասխանաբար, 48,2 տոկոս և 43,6 տոկոս։ Տեսնենք, սակայն, 2018 թվականի պատկերը։ 2018 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 120 հազար տոննա դիզելային վառելիք՝ կրկին 5 կազմակերպությունների կողմից։ Ինչպես և նախորդ տարում, 2018 թվականին ևս հիմնական ներմուծողներ են 2 կազմակերպություն՝ մոտ 70 հազար և 42,7 հազար տոննա կամ 58,7 և 35,8 տոկոս մասնաբաժիններով։ Ինչպես տեսնում ենք, դիզվառելիք ներմուծող ընկերությունների թիվը նախորդ երկու տարիներին չի փոխվել, իսկ հաշվի առնելով 2017 թվականի համեմատ դիզելային վառելիքի ներմուծման ծավալների նվազման ֆոնին ընկերություններից մեկի ներմուծման ծավալների աճն ու (դրանով պայմանավորված) մասնաբաժնի ավելացումը՝ առնվազն տարօրինակ է դառնում կառավարության զեկույցում մի ցուցանիշի մասին խոսելը, որն իրականությանը չի համապատասխանում։ Ըստ այդմ, կառավարության նշած կազմակերպությունը, որը զբաղեցնում է դիզվառելիքի շուկայի 29 տոկոսը, իրականում ունի կրկնակի՝ 58,7 տոկոս մասնաբաժին։
15:33 - 09 ապրիլի, 2019