Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Կենսաթոշակները՝ անկանխիկ, բանկոմատները՝ բացակա, որոշման հիմքում՝ թերի տվյալներ

Կենսաթոշակները՝ անկանխիկ, բանկոմատները՝ բացակա, որոշման հիմքում՝ թերի տվյալներ

Այս տարվա հունվարից Հայաստանի 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում կենսաթոշակների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով։ Infocom-ն այս փոփոխությունից հետո պարզել էր, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի ընդամենը 19%-ում կան բանկոմատներ։ Ստացվում է, որ բնակավայրերի 81%-ում թոշակառուներն իրենց կենսաթոշակները կանխիկացնելու հնարավորություն չունեն։   Փոփոխություն, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում Կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին անցումը կատարվեց ոչ միանգամից․ 2021-ին համակարգը ներդրվեց քաղաքներում, այս տարի՝ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024-ից կներդրվի ողջ Հանրապետությունում։ Համակարգը փուլ առ փուլ ներդնելու պատճառներից մեկը բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդիրն էր։ Հաշվի առնելով այս ամենը՝ համակարգի ներդրման վերաբերյալ մի քանի կարևոր հարցեր են առաջանում․ Կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելու որոշումը կայացնելիս  ոլորտի պատասխանատու գերատեսչությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ), իրականացրե՞լ է որևէ հետազոտություն, թե ինչ իրավիճակ է Հայաստանի բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության առումով։ 2023-ի հունվարից առաջ, երբ համակարգը պիտի ներդրվեր 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում, նմանատիպ հետազոտություն իրականացվե՞լ է հենց այդ բնակավայրերի համար։ Ի՞նչ քայլեր է իրականացրել/իրականացնում ԱՍՀՆ-ն, որ ՀՀ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերն ապահովված լինեն բանկային ենթակառուցվածքներով, մասնավորապես՝ բանկոմատներով։ Ի՞նչ քայլեր է իրականացնում ԱՍՀՆ-ն 1000-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրերը բանկոմատներով ապահովելու ուղղությամբ (2024-ից կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգը ներդրվելու է նաև այդ բնակավայրերում, և դրանցից ընդամենը 1-2-ում բանկոմատ կա)։ ԱՍՀՆ-ն ունի՞ տվյալներ, թե ինչպես են իրենց կենսաթոշակները կանխիկացնում այն բնակավայրերի բնակիչները, որտեղ կենսաթոշակների վճարումն իրականացվում է անկանխիկ, իսկ բանկոմատներ չկան։ Մենք հարցում էինք ուղարկել ԱՍՀՆ՝ այնտեղ ներառելով այս բոլոր հարցերը, սակայն հարցերից ոչ մեկին ըստ էության պատասխան չէինք ստացել։ «ՀՀ բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության, բանկոմատներով ու POS տերմինալներով ապահովման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ՀՀ կենտրոնական բանկի լիազորությունների շրջանակում է, ուստի առաջարկում ենք դիմել Կենտրոնական բանկ»,- ասվում էր նախարարության պատասխանում։   Անկանխիկ գործարքներ․ լուծո՞ւմ Այն բնակավայրերում, որտեղ չկան բանկոմատներ, թոշակառուների համար լուծում կարող է լինել անկանխիկ գործարքներ կատարելու հնարավորությունը։ 2022-ի հուլիսից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով տնտեսվարողները պարտավորվում են ունենալ POS տերմինալներ, այսինքն՝ անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն ապահովել։ Համաձայն Կենտրոնական բանկի (ԿԲ)՝ Infocom-ին փոխանցած տվյալների՝ 2022թ. դեկտեմբերի 29-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր 406 գյուղական բնակավայրերում* առկա է առնվազն մեկ POS տերմինալ, որի միջոցով հնարավոր է անկանխիկ գործարքներ իրականացնել: Սակայն մի բան է բնակավայրերում POS տերմինալների առկայությունը, մեկ այլ բան է հետևելը, որ դրանք իսկապես գործեն։ Այստեղ հատկապես կարևոր են այն բնակավայրերը, որտեղ կենսաթոշակը կանխիկացնելու հնարավորություն չկա, և թոշակառուները մնում են միայն անկանխիկ գործարքներ իրականացնելու հույսին։ Իսկ եթե այդ հնարավորությունն էլ չկա, նրանք պիտի հասնեն այլ բնակավայրեր՝ բանկոմատներից ու POS տերմինալներից օգտվելու համար։ ԱՍՀՆ ուղարկած հարցմամբ մենք նաև խնդրել էինք հայտնել՝ կա՞ որևէ ուսումնասիրություն, կամ ինչ-որ գերատեսչությունից (օրինակ՝ ՊԵԿ-ից) ստացվե՞լ են տվյալներ, թե ադրյո՞ք գյուղերում փաստացի հնարավոր է անկանխիկ գործարքներ կատարել։ Այս հարցին ևս սպառիչ պատասխան չէինք ստացել։ «Նախարարությունը սերտ համագործակցում է ԿԲ հետ՝ կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու գործընթացն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ներդնելու ուղղությամբ: Իր հերթին, վերջինս, համագործակցելով պետական մարմինների հետ, միջոցներ է ձեռնարկում, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջներն համապատասխան, տնտեսվարող սուբյեկտների կողմից անկանխիկ վճարումների ընդունումն ապահովելու՝ POS տերմինալներ տրամադրելու, տեխնիկական խնդիրները կարգավորելու համար»:   Պատասխանատու գերատեսչությունն ասում է՝ ես պատասխանատու չեմ Այս պատասխանից ոչ մի կերպ հնարավոր չէր հասկանալ՝ արդյո՞ք այն բնակավայրերում, որտեղ բանկոմատներ չկան, բնակիչներն ապահովված են գոնե անկանխիկ վճարումներ իրականացնելու հնարավորությամբ։ Ուստի մենք այս թեմայի շուրջ զրուցեցինք ԱՍՀՆ Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի հետ։ Հարցին, թե արդյո՞ք նախարարությունը կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելուց առաջ իրավիճակի վերլուծություն իրականացրել է, Անահիտ Գալստյանը պատասխանում է․ «Նախարությունը սերտ համագործակցում է Կենտրոնական բանկի հետ, քանի որ այս համակարգը պետք չէ դիտարկել առանձին «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրարկումներից։ Ճիշտ է, մենք կենսաթոշակների անկանխիկ վճարումների համակարգը ներդրել ենք 2021 թ․ հուլիսի 1-ից, իսկ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը  2022-ին կիրառության մեջ մտավ, այնուհանդերձ կարծես թե անուղղակիորեն երկուսը հետապնդում են մեկ նպատակ՝ հնարավորինս մեծացնել անկանխիկ գործառնությունների ծավալը ՀՀ-ում։ Նաև տնտեսական էֆեկտները թե՛ բնակչության, և՛ ընդհանուր տնտեսության վրա կարելի է քննարկել մասնագետների հետ միջազգային փորձի առումով, հաշվի առնել, որ դա տնտեսությունների համար լավագույն տարբերակն է, տնտեսվարող սուբյեկտների համար՝ ևս»։  Անահիտ Գալստյանը հիշեցնում է նաև անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10%-ի չափով հետվճար (cashback)։  Նրա խոսքով կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգին անցնելու շուրջ մտահոգությունների մի մասը զուտ հոգեբանական և սովորութային է․ «Կենսաթոշակառուները թերևս գուցե ավելի սովոր են կանխիկ գործողություններ կատարել, քան անկանխիկ։ Չնայած արդեն իսկ նոր նշանակվող կենսաթոշակառուներն ունեն թե՛ քարտով աշխատավարձ ստանալու ավանդույթը, թե՛ ավելի ակտիվ են բանկային համակարգի հետ համագործակցում՝ վարկեր, ավանդներ և այլն։ Այնպես որ, այստեղ սովորութային գործոնի ազդեցությունը քիչ կլինի։ Մի քիչ տարիքով մեծ կենսաթոշակառուների մոտ կարող է այդ խնդիրը լինել, բայց նույն սովորույթն ու տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորությունները, ունակությունները հաշվի առնելով՝ օրենքով սահմանափակում ենք դրել, որ 75-ից բարձր տարիքի թոշակառուները կարող են կանխիկ և անկանխիկ եղանակով ստանալ կենսաթոշակը․ այսինքն՝ թող կենսաթոշակառուն ինքը որոշի՝ ուզո՞ւմ է կանխիկ, թե՞ չի ուզում»։  Հավելենք, որ կենսաթոշակն իրենց ընտրությամբ կանխիկ եղանակով կարող են ստանալ նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Անահիտ Գալստյանը, սակայն, դժվարանում է պատասխանել հարցին, թե ինչպես է վերահսկվում POS տերմինալների աշխատանքը, և արդյո՞ք կարող ենք պնդել, որ եթե որևէ բնակավայրում առկա է POS տերմինալ, նշանակում է՝ այնտեղ կենսաթոշակառուները կարող են անկանխիկ գործարքներ իրականացնել։  Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետի խոսքով նման վերահսկողություն իրականացնելն ԱՍՀՆ իրավասությունը չէ։ Մի կողմից, տնտեսվարողների այս կամ այն գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելն, իսկապես,  ԱՍՀՆ-ի պարտականությունը չէ, բայց մյուս կողմից էլ նախարարության իրավասության տիրույթում են կենսաթոշակառուների խնդիրները։ Այս դիտարկմանը Անահիտ Գալստյանը պատասխանում է․ «Ամբողջ հարցն այն է, որ, այո՛, այս պահին մենք խոսում ենք կենսաթոշակառուների մասին, բայց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը կիրառելի է ոչ միայն կենսաթոշակառուների, այլև բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների և գործարքներ կատարող անձանց համար, որոնք գտնվում են ՀՀ-ում։ Հարցի շրջանակը մի քիչ ավելի լայն է։ ․․․․ Ե՛վ ՊԵԿ-ը, և՛ ԿԲ-ն պարտավոր են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները, մասնավորապես՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակներում, ոչ թե «Պետական կենսաթոշակների»։ Եվ այս պարագայում մենք, կարծես թե, դառնում ենք իրենց այդ գործողություններից օգտվողները»։    ՊԵԿ-ը նույնպես պատասխանատու չէ Հաշվի առնելով, որ ԱՍՀՆ-ն ո՛չ վերահսկում է, ո՛չ էլ տեղեկություններ ունի այն մասին, թե արդյո՞ք բոլոր բնակավայրերում են առկա POS տերմինալները գործում, մենք հարցում ուղարկեցինք Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին․  ՊԵԿ-ն ունի՞ մեխանիզմներ՝ ստուգելու կամ վերահսկելու, թե արդյո՞ք 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում տնտեսվարողների մոտ առկա են POS տերմինալներ, և արդյո՞ք դրանք փաստացի գործում են։ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի քանի՞ տոկոսում POS տերմինալներ կան, բայց դրանք չեն աշխատում։ ՊԵԿ-ից, ի պատասխան, նշել են հետևյալը․ «Հարկային մարմնի կողմից հարկային հսկողությունը նախաձեռնվում և իրականացվում է նպատակաուղղված՝ դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են՝ անկախ բնակավայրից և այդ բնակավայրի բնակիչների քանակից»: Ստացվում է, որ ՊԵԿ-ն էլ որևէ կերպ չի ստուգում, թե արդյո՞ք բոլոր բնակավայրերում են բնակիչներն ապահովված անկանխիկ գործարքներ իրականացնելու հնարավորությամբ։ Մեկ այլ խնդիր են 1000-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրարը։ Անահիտ Գալստյանը նշում է՝ համաձայն ԿԲ փոխանցած տվյալների՝ 2022-ի վերջի դրությամբ 1000-ից պակաս բնակիչ ունեցող որոշ բնակավայրերում կան տնտեսվարողներ, որոնք չունեն POS տերմինալներ։  «Առջևում դեռ ունենք 10-11 ամիս, ԿԲ-ն և պետական մարմինները, որոնք իրավասու են POS տերմինալներ տրամադրելու գործընթացն իրականացնել, այդ ուղղությամբ աշխատում են, և հուսանք, որ արդյունքները կլինեն գոհացուցիչ»,- ասում է Անահիտ Գալստյանը։   Ի վերջո, ո՞վ է պատասխանատու Դատելով պատասխանատու գերատեսչությունների պատասխաններից՝ կարող ենք եզրակացնել հետևյալը ԱՍՀՆ-ն չի տիրապետում բնակավայրերի՝ բանկոմատներով ապահովված լինելու մասին տվյալների, մինչդեռ կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելը փուլերով իրականացվեց նաև բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդրի պատճառով։ Բանկոմատների բացակայության խնդիրը կարող է լուծել POS տերմինալների առկայությունը, սակայն այնպիսի տպավորություն է, որ ոչ մի գերատեսչություն կոնկրետ POS տերմինալների մասով վերահսկողություն չի իրականացնում։ Մի կողմից, ԱՍՀՆ-ն տվյալներ չունի, թե արդյո՞ք գյուղական բոլոր բնակավայրերում առկա POS տերմինալներն են գործում, և նշում է, որ դա ստուգելն իր պարտականությունը չէ։ Մյուս կողմից, ԱՍՀՆ-ն խոսում է անկանխիկ գործարքները խթանելու մասին, որը ևս իր պարտականությունը չէ։ ՊԵԿ-ն էլ նշում է, որ ստուգումներ է իրականացնում առավել ռիսկային տեղերում՝ անկախ բնակավայրից ու բնակչության թվից։ Այսպիսով, ոչ մի գերատեսչություն չունի այն հարցի պատասխանը, թե ինչ պիտի անի թոշակառուն, որի բնակավայրում ո՛չ բանկոմատ կա, ո՛չ աշխատող POS տերմինալ։ Եվ վերջում․ անգամ եթե գյուղում չկա բանկոմատ, բայց կա գործող POS տերմինալ, հարց է առաջանում, թե ինչ պիտի անի թոշակառուն, եթե իրեն անհրաժեշտ է իրականացնել որևէ կանխիկ գործարք։ *Նախորդ նյութում ներառել ենք ոչ միայն գյուղական, այլ նաև քաղաքային բնակավայրերը, այդ պատճառով այնտեղ կտեսնեք ոչ թե 406, այլ 456 թիվը։ Մանրամասները՝ նյութում։   Գլխավոր լուսանկարը՝ Սարգիս Բուլղադարյանի Աննա Սահակյան
17:08 - 23 մարտի, 2023
Ապրիլի 1-ից ավտոմեքենաների ապահովագրության շուկան ամբողջությամբ ազատականացվելու է. ԿԲ նախագահ
 |1lurer.am|

Ապրիլի 1-ից ավտոմեքենաների ապահովագրության շուկան ամբողջությամբ ազատականացվելու է. ԿԲ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նախորդ շաբաթ օրը Ջերմուկում հրավիրված հակակոռուպցիոն քաղաքականության նիստին: Վարչապետը դառնությամբ ընդգծեց, որ անընդհատ տարբեր հրապարակումներ են լինում, որոնք տպավորություն են ստեղծում, թե զուգահեռ իրականություններ են՝ տեսախցիկների առաջ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, տեսախցիկներից այն կողմ զբաղվում ենք այլ գործերով: «Ուզում եմ այսօր մի հանգամանք քննարկել, որի հետ կապված՝ նախկինում նաև աշխատանքային ռեժիմներով եմ մի քանի անգամ քննարկել: Հրապարակումներ կան, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ կան: Ես հիշում եմ, որ մենք ժամանակին խոսել ենք այդ մասին, որ ամեն ինչ իրականացնենք մրցութային կարգով, ի՞նչն է պատճառը, որ մենք մինչև հիմա այդ ավտոպատահարներից պարտադիր ապահովագրության համակարգը մրցութային կարգով չենք իրականացնում»,- հարց ուղղեց վարչապետը: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ այս պահի դրությամբ ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է Հայաստանում: «Մրցութային կարգով անելու հետ կապված կան որոշակի սահմանափակումներ պարզ պատճառով, որ գինը ֆիքսված է: 2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է, և պետական մարմինները ու քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը տալիս է լավագույն սակագին և որակ հարաբերակցությունը»,- տեղեկացրեց նա: ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ավելացրեց՝ ՔԿ-ում այդ հարցը քննարկվել է: «Իրականում ֆիքսված գնի պայմաններում հնարավոր չէ մրցույթ հայտարարել, որովհետև գինը նույնն է, մենք որոշեցինք այբբենական կարգով դասակարգել ընկերությունները և ամեն տարի հերթական ընկերության հետ պայմանագիր կնքել»,- նշեց նա:
13:42 - 16 փետրվարի, 2023
Կենտրոնական բանկը 2023-ին կանխատեսում է 4,6% տնտեսական աճ
 |civilnet.am|

Կենտրոնական բանկը 2023-ին կանխատեսում է 4,6% տնտեսական աճ |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական բանկը (ԿԲ) չի փոխել նախորդ կանխատեսումը, համաձայն որի՝ 2023-ին ակնկալում է 4,6% տնտեսական աճ: Այդ մասին հունվարի 31-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Մինչ ասուլիսը կենտրոնական բանկի խորհրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10,75%: Պատճառները, ինչպես նշեց ԿԲ նախագահը, մի քանիսն են` ձևավորվել են արտաքին միջավայրից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունների թուլացման ակնկալիքներ, բացի այդ, դրամի արժևորման, զսպող դրամավարկային քաղաքականության հետևանքով Հայաստանում գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է: 2022-ի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 8,3%, իսկ տարվա կտրվածքով բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 9,5%: Թեև 2022-ին տնտեսական ակտիվության աճը կազմել է 14,2%, որն աննախադեպ ցուցանիշ է նախորդ 15 տարիների համար, 2023-ի տնտեսական աճի վերաբերյալ Կենտրոնական բանկի կանխատեսումները բավականին զուսպ են․ «Մեր կանխատեսումները չեն փոխվել: Կարծում ենք, որ այս տարի գրանցվելու է 4,6% տնտեսական աճ», – նշել է Մարտին Գալստյանը` հավելելով, որ տնտեսական աճ ապահովող հիմնական երեք ճյուղերն են լինելու շինարարությունը, արդյունաբերությունը և ծառայությունները: ԿԲ նախագահի գնահատականով` անցյալ տարի ռեկորդային՝ 28% աճ գրանցած ծառայությունների ոլորտում 2023-ին աճի տեմպը կթուլանա:
18:12 - 31 հունվարի, 2023
Հայաստանում սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում. ԿԲ նախագահ |armenpress.am|

Հայաստանում սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի գնահատմամբ՝ ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումները զսպվում են: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ դրամի արժևորման պարագայում անգամ ներմուծվող ապրանքների գների չնվազելու վերաբերյալ հարցին: «Մենք ներկայումս արձանագրում ենք, որ ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումները զսպվում են»,-ասաց Գալստյանը: Նա դա մասամբ պայմանավորեց  փոխարժեքով, մասամբ՝ նաև համաշխարհային շուկայում արձանագրված ցուցանիշներով: FAO-ի ինդեքսի համաձայն՝ միջազգային շուկաներում, օրինակ, յուղերի գները, որոնք անցյալ տարվա փետրվարին հասել էին իրենց պիկին, ներկայում գտնվում են ավելի ցածր մակարդակի վրա: «Եվ բնականաբար մենք տեսնում ենք, որ այդ պիկային արժեքներից Հայաստանում ևս սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում»,-ասաց նա: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022-ին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.6 տոկոսով:  
17:57 - 31 հունվարի, 2023
Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով
 |armenpress.am|

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2022 թվականի արդյունքում ավանդներն աճել են մոտ 43 տոկոսով, նախորդ տարի աճի բարձր տեմպ են ունեցել ոչ ռեզիդենտների ավանդները՝ տարեվերջի դրությամբ կազմելով 1 մլրդ 287 մլն դրամ: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն: «Ավանդներն աճել են մոտ 43 տոկոսի չափով, որից՝ ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 29.4 տոկոս, ոչ ռեզիդենտների ավանդների աճը՝  96.3 տոկոս»,-ասաց Գալստյանը: Ռեզիդենտների ավանդներին անդրադառնալով՝ նա նշեց, որ պաշարային ցուցանիշը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլրդ 370 մլն դրամ, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 1 մլրդ 287 մլն դրամ: «Հիմնականում աճի բարձր տեմպ ունեցել են ոչ ռեզիդենտների ավանդները»,- ասաց ԿԲ նախագահը: Նախորդ տարվա ընթացքում աճել է նաև վարկավորումը:  ԿԲ նախագահի խոսքով՝ փոխարժեքի էֆեկտը հանած՝ շուրջ 15 տոկոսի չափով: Հիմնական աճը տեղի է ունեցել ռեզիդենտների վարկերի հաշվին:
17:15 - 31 հունվարի, 2023
ՀՀ վարչապետի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հարկային պոտենցիալի գնահատմանը: Ինչպես հայտնում են Կառավարությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և այլ պաշտոնատար անձինք: «Ինչպես նախորդ տարեվերջին ենք պայմանավորվել, այս տարի ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք Հայաստանի Հանրապետության հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ: Կփորձենք գնահատել, թե մեր հարկային եկամուտներն ինչքանով, ինչ հարաբերության կամ հեռավորության մեջ են մեր երկրի հարկային պոտենցիալից»,- խորհրդակցության սկզբում նշել է Նիկոլ Փաշինյանը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և սոցիալական վճարների, ինչպես նաև՝ շահութահարկի գծերով փաստացի պետական բյուջե կատարված մուտքերին, հարկային եկամուտների մեծացման պոտենցիալ հնարավորություններին և ստվերի կրճատման ուղղությամբ իրականացվելիք քայլերին: Ներկայացված գնահատականների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ՝ հարկային պոտենցիալ միջոցները պետական բյուջե ներգրավվելու ուղղությամբ: Քննարկվել են նաև Շրջանառության հարկի ուղղությամբ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է հարկային, մաքսային և այլ ոլորտներում կոռուպցիայի, ինչպես նաև՝ ստվերային դրսևորումների դեմ հետևողական ու արդյունավետ պայքարը: Հարկային պետոնցիալն իրացնելու համատեքստում վարչապետը նշել է. «Պետք է հասկանալ, թե որն է աշխատանքի արդյունավետ մեթոդաբանությունը, հստակ ֆիքսել խնդիրները և գնալ կոնկրետ լուծումների: Այս առումով, անհրաժեշտ են խորը և արմատական բարեփոխումներ»: Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները և ներկայացնել հարկային պոտենցիալի լիարժեք իրացմանն ուղղված համապատասխան առաջարկություններ:
17:38 - 26 հունվարի, 2023
Արցախում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու

Արցախում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝ գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը: Արձագանքելով բնակչության կողմից բարձրացված խնդրին և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ, որից հետո Արցախում գործող բոլոր բանկերին առաջարկվել էր վերոնշյալ կարգավորումը: Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են հայտնել ապահովել ընթացակարգի իրականացումը: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը ամբողջությամբ արգելափակված է։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Արցախը շրջափակման մեջ է։  
11:18 - 24 հունվարի, 2023
Արդարադատության նախարարությունն ու Կենտրոնական բանկը հուշագիր են ստորագրել. նպատակն ապաարգելադրման ժամկետների կրճատելն է

Արդարադատության նախարարությունն ու Կենտրոնական բանկը հուշագիր են ստորագրել. նպատակն ապաարգելադրման ժամկետների կրճատելն է

Արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի՝ քաղաքացիների հաշիվների հնարավորինս սեղմ ժամկետում ապաարգելադրմանն ուղղված համագործակցությունը մտել է 2-րդ փուլ. քաղաքացիների կողմից առևտրային բանկերում կատարված վճարումների արդյունքում կատարողական վարույթներով ՀԿԱԾ կողմից կիրառված արգելանքներն առավելագույն սեղմ ժամկետներում վերացնելու ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է կատարողական վարույթներով կատարված վճարումների տվյալների ֆորմատավորված լրացման ապահովմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային նոր գործիքակազմ, որի արդյունքում կապահովվի առևտրային բանկերում և վճարահաշվարկային կազմակերպություններում քաղաքացիների կողմից կատարված վճարումների՝ կոնկրետ կատարողական վարույթների հետ առավելագույն սեղմ ժամկետում նույնականացումը։ Թվային նոր լուծումների իրացման արդյունքում կապահովվի քաղաքացիների կողմից բանկերում կատարված վճարումների հիման վրա հնարավորինս սեղմ ժամկետում (1-2 օր՝ նախկին 7 և ավել օրվա փոխարեն) կատարողական վարույթների ինքնաշխատ կարճումն ու արգելանքների վերացումը։ Փոխըմբռնման հուշագրի շրջանակում Արդարադատության նախարարությունն՝ ի դեմս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ստանձնել է նշված ծրագրային ապահովումը մշակելու և Կենտրոնական բանկին տրամադրելու, իսկ Կենտրոնական բանկը՝ ծրագրային ապահովման այդ համակարգն առևտրային բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին փոխանցելու պատրաստակամություն։
17:43 - 16 հունվարի, 2023
Լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, և բոլոր ինստիտուտների արդյունավետության բարձրացումը պետք է դառնա դրանց հաղթահարման գործիք. Փաշինյան

Լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, և բոլոր ինստիտուտների արդյունավետության բարձրացումը պետք է դառնա դրանց հաղթահարման գործիք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգելի նախագահ, Հարգելի գործընկերներ, Հարգելի ներկաներ, Իհարկե, բնականաբար, տարին շատ բարդ և հակասական է, մարտահրավերներով լի, բայց քանի որ գտնվում ենք Կենտրոնական բանկում, ես կուզենայի տարին ամփոփել զուտ ֆինանսաբանկային համակարգի տրամաբանությամբ: Եվ եթե ամփոփում ենք մեր ֆինանսական, բանկային համակարգի արդյունքները, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ աննախադեպ տարի ունենք. բոլոր ցուցանիշներով աճերն այնպիսին են, որոնք կարելի է բնութագրել մեկ բառով՝ աննախադեպ Երրորդ հանրապետության պատմության մեջ: Այսօրվա դրությամբ մեր բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, և սա շատ լուրջ ցուցանիշ է: Նաև պիտի արձանագրեմ, որ տնտեսության վարկավորման բավական լուրջ ու բարձր ցուցանիշ ունենք: Ընդ որում, այս տարվա ցուցանիշն աննախադեպ չէ. ինձ հետաքրքիր էր, թե որ թվականին էր, որ տարում էր, որ վարկավորման ամենաբարձր ցուցանիշն ենք ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ, և ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ դա 2020 թվականն էր: Սա շատ կարևոր 2 բանի մասին է խոսում. առաջինը, որ Կառավարության և Կենտրոնական բանկի վարած քաղաքականության արդյունքում, 2020թ. պատերազմի և քովիդյան ճգնաժամի տարում, այնուամենայնիվ, մենք կարողացել ենք տնտեսությանն աջակցել այնքան, որ այն ի վիճակի լինի կլանել աննախադեպ ծավալի վարկեր, ինչը հետագայում հիմք է հանդիսացել կամ հենց այդ ժամանակ ամենակարևոր հանգամանքն է եղել, որ մեր տնտեսությունը չի փլուզվել պատերազմի և քովիդի հետևանքով, այլ, ընդհակառակը, մեր հետագա դիմակայության շատ կարևոր հենարան է դարձել: Եվ հավատում եմ, որ 2022թ. մեր աննախադեպ տնտեսական աճը նաև կապ ունի այս քաղաքականության հետ, որովհետև այդ վարկավորումը, ի վերջո, պտտվել, թափ է հավաքել և տվել կոնկրետ արդյունքներ: Տարին աննախադեպ է նաև բանկային համակարգի շահույթների իմաստով: Այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել: Այս թեմային տարբեր առիթներով անդրադառնալու պատճառներ ստեղծվում են, որովհետև ասվում է՝ դե ինչ կապ ունի, դա չկանխատեսված իրավիճակների արդյունք է: Հենց Կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես ցանկացած համակարգի խնդիրն է՝ պատրաստ լինել և՛ լավագույն, և՛ վատագույն զարգացումներին, այնտեղ, որտեղ հարվածներն անխուսափելի են, վերցնել այդ հարվածները, տանել, հաղթահարել, իսկ այնտեղ, որտեղ հնարավորություն կա, օգտագործել այն: Ի վերջո, այդ ներհոսքը, որ եկել է Հայաստանի Հանրապետություն աշխարհի շուրջ 200 երկրից, իհարկե, շատ տեղերում է եղել, բայց հենց Հայաստանի Հանրապետությունն են ընտրել այդքան մարդիկ գործունեություն ծավալելու համար: Կարծում եմ՝ 2022 թվականին կլանել ենք համարյա մաքսիմումն այն ծավալի, որ կարող էինք կլանել, որովհետև եթե ավելի մեծ պոտենցիալ լիներ, ավելի մեծ պոտենցիալ կլանելու հնարավորություն կունենայինք: Շատ ուրախ եմ, որ Կենտրոնական բանկի մոտեցումն այն է, որ այս տարի գեներացված այդ ռեսուրսները նաև օգտագործվեն այդ պոտենցիալն ավելացնելու համար, որպեսզի հաջորդ ճգնաժամի կամ մարտահրավերների և հնարավորությունների ալիքին ավելի շատ և մեծապես պատրաստ լինենք: Այս առումով, իսկապես, բանկային համակարգի համար տարին շատ հաջող է, բայց, մյուս կողմից, ուզում եմ արձանագրենք մի բան, ինչը տեսել ենք նաև վերջին տարիներին: Դժբախտաբար, նաև բանկային համակարգը ձեզ հայտնի հանգամանքների բերումով իր շուրջ նեգատիվ ձևավորելու որոշակի ավանդույթ ունի, մանավանդ հետսովետական տարածքում: Որովհետև հասկանալիորեն փող վերցնելը շատ հեշտ է և հաճելի, իսկ վերադարձնելը, իհարկե, ցանկալի է, որ կամ տեղի չունենա, կամ հնարավորինս լավ պայմաններով տեղի ունենա: Եվ պարզ է, որ այս պարզ թվաբանության արդյունքում նաև որոշ քաղաքական նկատառումներով փորձ է արվում ժամանակ առ ժամանակ բանկային համակարգի նկատմամբ նեգատիվ ձևավորել, ինչը պետք է ուղղակի ընդունենք ի գիտություն և ճիշտ կառավարենք այս իրավիճակը: Ուրախ եմ, որ այս տարի, ի վերջո, նաև Կառավարությունը և բանկային համակարգը համատեղ իրականացնում են սոցիալական բնույթի ծրագրեր, և այս առումով կուզենայի ընդգծել կենսաթոշակառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որն արդեն իսկ այսօր կարող ենք ասել, նույնիսկ մեզ համար, անսպասելի արդյունքներ է ի ցույց դնում: Նույնիսկ վարքագծային շատ հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում, որոնք նաև քաղաքակրթական և զարգացման նշանակություն ունեն: Այս առումով կուզենայի, որ մենք բանկային համակարգի հետ մեր աշխատանքը զարգացնեինք 2 ուղղությամբ. առաջինը, ի վերջո, նաև հանրությունը պետք է ավելի ու ավելի տեսանելի կերպով արձանագրի բանկային համակարգի որոշակի սոցիալական պատասխանատվությունը, ինչի դրսևորումները, իմիջիայլոց, ասեմ, վերջին 4 տարվա ընթացքում մենք մի քանի անգամ ենք տեսել, ընդ որում՝ շատ մեծ ծավալներով, այդ թվում անհուսալի վարկերի վերակառուցման հետ կապված նախագծերը, որն իրականացվել են և այդպես շարունակ: Բայց այս տարի, օրինակ, մենք անհանգստացած էինք նաև վարկերի սպասարկման որակով և ցուցանիշով, և ինձ համար շատ հաճելի էր տեսնել Կենտրոնական բանկի հետ քննարկման արդյունքում, որ վարկերի սպասարկման որակական ցուցանիշներով էլ մենք շատ մոտ ենք կամ առնվազն հատել ենք պատմական լավագույն միջինը, և սա նույնպես շատ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ գնաճի հետ կապված մեր այն մտավախություններին, որ ունեինք մարտ-ապրիլ-մայիս ամիսներին: Բայց տարվա ավարտին մենք նաև, ի վերջո, արձանագրեցինք, որ միջին աշխատավարձն աճել է գնաճից 3 անգամ ավելի: Այսինքն՝ սա, պարզ է, որ ոչ բոլոր դեպքերում է հենց հասցեական դա նշանակում, բայց մակրոգնահատականի առումով, կարծում եմ, շատ պարզ և տեսանելի ցուցանիշ է, որ մենք՝ Կառավարություն, Կենտրոնական բանկ և, իհարկե, մասնավոր հատված, կարողացել ենք գնաճը կառավարել այնպես, որ այն, այնուամենայնիվ, էական ազդեցություն չպիտի որ ունենա նաև աղքատության ցուցանիշների վրա: Եվ նաև վերադառնալով 2020թ. վարկավորման պիկի ցուցանիշին՝ տարբեր առիթներով վերադառնում ենք քովիդի ճգնաժամի կառավարման վերաբերյալ ժամանակին հնչած քննադատություններին՝ Կառավարությանը, Կենտրոնական բանկին ուղղված: Հիմա, երբ հետահայաց նայում ենք, տեսնում ենք, որ քովիդի կառավարման մեր քաղաքականությունը հետահայաց կարելի է գնահատել լավագույնը, որովհետև, կրկին ուզում եմ հիշեցնել, երբ Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 11-րդ տեղում հայտնվեց, եղան մեկնաբանություններ, որոնց նպատակն այդ ցուցանիշը նսեմացնելն էր. ասում էին՝ դե շատ զարգացած երկրներ կային, որ քովիդից հետո իրենց ցուցանիշներն այնքան են վատացել, որ Հայաստանը շանս է ստացել: Սա նշանակում է, որ հենց նույն զարգացած երկրների հետ համեմատած Հայաստանի Հանրապետությունում քովիդի ճգնաժամը տնտեսական առումով այնքան լավ է կառավարվել, որ մեզ հնարավորություն է տվել թռիչքաձև աճ ապահովել Տնտեսական ազատության ինդեքսում: Իհարկե, տնտեսական առումով տարին ամփոփելու առիթներ դեռ կունենանք: Բանկային համակարգի հետ կապված կուզենայի, որ մեր համագործակցությունը Կենտրոնական բանկի հետ զարգացնենք 2 ուղղությամբ: Ընդ որում, պիտի արձանագրեմ՝ համագործակցություն բառը շատ ճիշտ է, որովհետև բաներ կան, որ ուղղակի չեն նկատվում, և դա պետք է արձանագրել: Օրինակ, շատ կարևոր է այսօր արձանագրել, որ Կառավարությունն իրոք Կենտրոնական բանկի քաղաքականությանը չի միջամտում, այսինքն՝ Կենտրոնական բանկն իր որոշումները կայացնում է ճշգրիտ Հայաստանի սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ձևով և տրամաբանությամբ, ինչը չի նշանակում, թե հաղորդակցություն չկա Կենտրոնական բանկի և Կառավարության միջև, հակառակը կլիներ ուղղակի աղետալի և աղետաբեր, որովհետև բազմաթիվ ծրագրեր ենք միասին իրականացնում: Ավելին, հիմա ևս մեկ գործառույթ ենք, պայմանական ասած, արտապատվիրակել Կենտրոնական բանկին, և հույս ունեմ, որ թվայնացման օրակարգն այդ առումով իսկապես տեսանելի քայլերով առաջ կգնա: Խոսքն իրագործման մասին է, որովհետև քաղաքականության մշակումը Կառավարության տիրույթում է: Տվյալ դեպքում Կենտրոնական բանկը և բանկի կարողությունները մենք դիտարկում ենք որպես օպերատոր Կառավարության որոշած քաղաքականություններն իրականացնելու համար: Այս առումով կուզենայի, որ այս համագործակցությունը նաև հանրային առումով 2 ուղղությամբ զարգացնենք. առաջինը, բանկերն ավելի ակտիվ մասնակցեն զարգացման ծրագրերին, այդ թվում՝ սոցիալական բնույթի զարգացման ծրագրերին, որովհետև զուտ սոցիալական ծրագրերի արդյունավետությունը պետք է վերանայենք: Երկրորդ ուղղությունը՝ այնուամենայնիվ, հանրության և մարդկանց, քաղաքացիների ֆինանսական գրագիտության մեծացումն է: Ես, անկեղծ ասած, բնակաբանար, շատ հաճախ եմ նման իրավիճակների հետ առերեսվում, և մենք պետք է կարողանանք մեր սիրելի հայրենակիցներին, բոլորին մի տրամաբանություն հաղորդել, օգնել հաստատվել մի տրամաբանության մեջ, որը հետևյալն է. իհարկե, հասկանալի է, որ երբեմն վարկառուները կարող են լինել ֆորս-մաժորային իրավիճակում, իսկապես այնպիսի իրավիճակներում, որոնք առանձին պետք է քննարկենք: Բայց ընդհանուր առմամբ ֆինանսական և քաղաքական, քաղաքացիական գրագիտության և կայունության, զարգացման ամենակարևոր բաղադրիչը հետևյալն է՝ յուրաքանչյուրը պիտի պատրաստ լինի կրել իր գործողություններից բխող պատասխանատվություն: Սա չափազանց կարևոր և քաղաքակրթական նշանակություն ունի, ու սա միայն բանկային խնդիր չէ: Սա ընդհանրապես, կարծում եմ, հանրային շատ խորը սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեցող հարց է, և մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ: Դրանից կշահեն բոլորը՝ և՛ քաղաքացիները, և՛ տնտեսությունը, և՛ բանկային համակարգը, և՛ հենց իրենք շահառուները, վարկառուները: Ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել գալիք տարվա ընթացքում, և հույս ունեմ, որ այս բոլոր մոտեցումների, նորարարությունների միջոցով առաջընթաց կարձանագրենք: Օրինակ, գուցե թերևս այդքան էլ լավ չէ այդ մասին հրապարակային խոսել, բայց կարծում եմ, որ մեկ անգամ արժե գոնե անդրադառնալ. Հայաստանի Հանրապետությունում, այսպես ասած, քաղաքական կամ վարչական վարկավորման ինստիտուտը վերացել է: Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ Կառավարությունից, որևէ բարձրաստիճան օղակից որևէ մեկին ասվել է՝ այս մեկին պետք է վարկ տրվի, այս մեկին պետք է վարկ չտրվի: Սա նույնպես կարևոր հանգամանք է, և ես ուզում եմ, որ մենք այս փաստը գնահատենք: Որովհետև շատ դեպքերում ընկալվում է որպես հենց այդպես էլ պետք է լինի, և դա նորմալ է: Այո, հենց այդպես էլ պետք է լինի և շարունակելու է հենց այդպես լինել, բայց դա չի նշանակում, որ մենք այս փաստը չպետք է գնահատենք: Եվ դրանից բխող փոխադարձ պատասխանատվության ավելի մեծ աստիճան պետք է գործի: Ուզում եմ ասել, որ բանկային, ֆինանսավարկային համակարգի դիմակայունությունը մեզ համար չափազանց կարևոր է: Այո, 2020թ. պատերազմի և քովիդի հետևանքները մենք հաղթահարում ենք այդ թվում բանկային, ֆինանսական համակարգի կայունության շնորհիվ, և մեկը մյուսի հետ փոխկապակցված է: Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020թ. հունվարին տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն առաջին շատ լուրջ ազդակն էր բոլորի համար, որ Հայաստանի Հանրապետությունը մի տեղ է, որտեղ, այո, կարելի է ներդրումներ անել: Երբեմն մենք չենք դիտարկում, չենք քննարկում, չենք ֆիքսում այդ փաստերը, բայց դրանք շատ բանի մասին են խոսում: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է հողից կտրվենք: Պարզ է, որ շատ լուրջ և գոյաբանական մարտահրավերների առաջ ենք կանգնած, բայց այդ մարտահրավերներին մեկհարկանի դիմադրություն, դիմադրողականություն ցուցաբերելու հնարավորություն չկա, և դա սխալ մոտեցում է: Բոլոր համակարգերը, բոլոր ինստիտուտները երկրում պետք է կայանան, ավելի ու ավելի հաջողակ ու գործունակ դառնան, և բոլոր ինստիտուտների արդյունավետության մեծացման կուլմինացիան է, որ պետք է դառնա ամենակարևոր մարտահրավերների հաղթահարման մեխանիզմ ու գործիք: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հույս հայտնում, որ 2023թ. արդյունքներն ամփոփելիս մենք ոչ միայն ֆինանսական, բանկային համակարգի, այլև ընդհանուր առմամբ ավելի բարձր ցուցանիշների և հաջողությունների մասին կկարողանանք խոսել: Շնորհակալ եմ»: Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել է նաև Կենտրոնական բանկի վարչական շենքի նորակառույց վերնահարկը՝ իր բազմաֆունկցիոնալ դահլիճների հնարավորությամբ:
20:59 - 28 դեկտեմբերի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է, որ անցնող տարվա ընթացքում նաև Կենտրոնական բանկի ադեկվատ քայլերի և քաղաքականության արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով և առանց կտրուկ ցնցումների:«Տարին շատ յուրահատուկ է աշխարհի բոլոր կենտրոնական բանկերի համար, ֆինանսական համակարգերի համար, իմ անձնական դիտարկումներով Կենտրոնական բանկի գործողությունները շատ ադեկվատ էին և այդ ադեկվատության արդյունքում մեր մոտ և՛ տնտեսական աճ կա, և՛ ցնցումներ չկան, ֆինանսական համակարգում որևէ արտառոց երևույթ տեղի չի ունեցել: Դուք էլ շատ լավ գիտեք, որ ֆինանսական համակարգը սիրում է հանդարտություն և կառավարելիություն: Ես հույս ունեմ, որ եկող տարի էլ դուք նույն կերպ կշարունակեք»,- ընդգծել է նախագահը Խաչատուրյանը:Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատականի համար և նշել, որ մշտապես զգում Հանրապետության նախագահի աջակցությունը:«Մենք միշտ Ձեր աջակցությունը զգում ենք մեր փոխադարձ շփումներում, միշտ փորձում ենք Ձեզ տեղեկացված պահել զարգացումների և մեր ծրագրերի վերաբերյալ, ինչպես արդեն նշեցիք, տարին մարտահրավերներով լի էր, բայց կենտրոնական բանկը բալանսավորված քաղաքականություն վարելով տարին փակում է տարածաշրջանի և զարգացած երկրների համեմատ բավական լավ ցուցանիշերով»,- ասել է ԿԲ նախագահը:Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա տարում ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիներն ու ռիսկերը և վերջիններիս չեզոքացմանն ուղղված Կենտրոնական բանկի ձեռնարկելիք միջոցառումները:
15:16 - 26 դեկտեմբերի, 2022
ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար. ԿԲ փոխնախագահի թեկնածու
 |armenpress.am|

ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար. ԿԲ փոխնախագահի թեկնածու |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի փոխնախագահի թեկնածու Արմեն Նուրբեկյանը նկատել է, որ գնաճի առաջանցիկ ցուցանիշները որոշակիորեն սկսել են նվազել և վստահեցնում է՝ ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար: Նուրբեկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը: «2022 թվականի փետրվարին տեղի ունեցավ մեծ շոկ, որը ստեղծեց լուրջ գնաճային ճնշումներ: Գնաճային ճնշումների առաջին աղբյուրը միջազգային ապրանքահումքային գներն էին, իսկ երկրորդը՝ Հայաստանում արտաքին պահանջարկի շեշտակի աճը, ինչը պայմանավորված է ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից միջազգային այցելուների մեծ աճով»,-ասաց Նուրբեկյանը: ԿԲ-ն այս իրավիճակում իր հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է՝ հասցնելով 10.75 տոկոս մակարդակի: Արդյունքում, թեկնածուի խոսքով՝ այս պահի դրությամբ ունենք 8.8 տոկոս գնաճ, որը Հայաստանի հետ համեմատելի երկրների համեմատ շատ ավելի ցածր է, և 10.75 տոկոս տոկոսադրույքի մակարդակ, որը ևս Հայաստանի հետ համեմատելի երկրների համեմատ շատ ավելի ցածր է: «Այս պահի դրությամբ գնաճի առաջանցիկ ցուցանիշները որոշակիորեն սկսել են նվազման միտումներ ցուցաբերել, բայց իհարկե, դեռևս շատ վաղ է այս հարցը լուծված համարելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ, երբ խոսում է համեմատաբար ցածր գնաճի մասին, ի նկատի ունի միջազգային կոնտեքստն ու ստեղծված դժվար պայմաններն աշխարհում: Նուրբեկյանը նշեց՝ հաշվի առնելով հատկապես պարենային ապրանքների բարձր գնաճը՝ գիտակցում է, որ  շատ հայրենակիցների համար այս գնաճը ստեղծում է շատ մեծ դժվարություններ: «Իմ ուղերձն այստեղ շատ հստակ է՝ ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար»,-շեշտեց նա: Արմեն Նուրբեկյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
17:56 - 20 դեկտեմբերի, 2022
Եթե ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում․ Մարտին Գալստյան |armenpress.am|

Եթե ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում․ Մարտին Գալստյան |armenpress.am|

armenpress.am: Եթե Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ,  գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը:  Նրա խոսքով՝ հիմա գնաճը 9.9 տոկոս է և ակնկալվում է, որ տարվա վերջ կհասնի 10 տոկոսի: «Մենք մյուս տարվա համար ակնկալում ենք , որ համաշխարհային ապրանքային շուկաներում  կսկսվի դիտվել ապրանքների գների որոշակի նվազում»,-ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ արտարժութային ներհոսքը Հայաստան էապես ավելացել է: Գալստյանն ասաց, որ նույնիսկ Չինաստանը, որը տրադիցիոն բարձր տնտեսական աճ ունեցող երկիր էր,  հիմա միանիշ աճ է ունենում ՝այս  տարի 3 տոկոսին մոտ: «Մենք հաջորդ տարի գնաճը բերելու ենք իր թիրախին»,-նշեց նա:
17:09 - 01 նոյեմբերի, 2022
ԿԲ-ն 0,5%-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10,5%

ԿԲ-ն 0,5%-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10,5%

2022թ. նոյեմբերի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով ՝ սահմանելով 10.5%: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից։   2022թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.9%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 10.5%:   «Համաշխարհային տնտեսությունում դիտարկվում են տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են էականորեն խստացնել դրամավարկային պայմանները: Սա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմամբ, սակայն ընդհանուր գնաճը ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դեռևս պահպանվում է բարձր: Չնայած առաջարկի արժեշղթաների որոշակի վերականգնմանը, առանձին շուկաներում դրանց խաթարումների հետ կապված ռիսկերը պահպանվում են: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:   2022թ-ի երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են: Տնտեսական աճը գերազանցապես կրում է արտաքին պահանջարկի դրական ազդեցությունը՝ արտահայտվելով ծառայությունների ոլորտի էական ավելացմամբ: Պահանջարկի ընդլայնմանը նպաստում է միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը: Սա միաժամանակ արտահայտվում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության դիրքի բարելավմամբ և դրամի փոխարժեքի արժևորմամբ: Բարձր պահանջարկը նպաստում է աշխատուժի շուկայի տաքացմանը, ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը: Նման իրավիճակում կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային կոորդինացված զսպող քաղաքականության իրականացումը:    Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը:Հարաբերականորեն խստացող դրամավարկային քաղաքականությունը և ՀՀ դրամի արժևորումը աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը և գնաճային սպասումների նվազմանը: ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:​ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը», - ասված է ԿԲ մամուլի հաղորդագրության մեջ:
16:54 - 01 նոյեմբերի, 2022