Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Թմրամիջոցների նմանվող զանգվածներ և այլ արգելված իրեր․ ՔԿՀ-ներում իրականացված խուզարկությունների արդյունքները

Թմրամիջոցների նմանվող զանգվածներ և այլ արգելված իրեր․ ՔԿՀ-ներում իրականացված խուզարկությունների արդյունքները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ազատազրկված անձանց կողմից թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ապօրինի ձեռքբերման և շրջանառության դեմ։ Քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների ծառայողները 2024 թվականի հունվարի ընթացքում պարբերաբար իրականացրել են խուզարկություններ թմրամիջոցների և արգելված իրերի հայտնաբերման ուղղությամբ։ Արդյունքում՝ հիմնարկների խցերում, կացարաններում, բնակելի գոտու այլ տարածքներում հայտնաբերվել են ընդհանուր 139,53 գրամ քաշով տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 67 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 62 պարագաներ, 7 wi-fi սարք, 13 կտրող-ծակող առարկա և այլ արգելված իրեր։ Նշված արգելված իրերն ու թմրամիջոցներին նմանվող զանգվածները հայտնաբերվել են սանհանգույցներից՝ օդափոխման համակարգի խողովակներից, կախովի առաստաղների տակից, ազատազրկված անձանց հագուստներից և նախապես պատրաստված այլ թաքստոցներից։
15:05 - 19 փետրվարի, 2024
«Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլը դադարեցվել է

«Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլը դադարեցվել է

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 9-ին իրականացված խուզարկությունների հետևանքով հացադուլ հայտարարած բոլոր ազատազրկված անձինք դադարեցրել են հացադուլը։ «Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 9-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ, Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկել են հիմնարկի խցերը։ Ծառայողները խցերից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր։ «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող, քրեական ենթամշակույթի կանոններով առաջնորդվող ազատազրկված անձինք նույն օրը՝ փետրվարի 9-ին, տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, և հաջակցություն վերջիններիս՝ որոշ կալանավորված անձինք և դատապարտյալներ հայտարարել էին հացադուլ»,- նշված է հայտարարության մեջ։  
16:43 - 16 փետրվարի, 2024
Վարչապետին է ներկայացվել Քրեակատարողական ծառայության 2023թ․ գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Քրեակատարողական ծառայության 2023թ․ գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին այցելել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ վերջինիս 2023թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը և պետի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև՝ հաշվետու ժամանակահատվածի և նախորդ տարիների ընթացքում գրանցված ցուցանիշների համեմատական վերլուծությունը: Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն անդրադարձել է Քրեակատարողական ծառայության ոլորտում թվայնացմանն ուղղված աշխատանքներին: Զեկուցվել է, որ Ծառայության բյուջեն կատարվել է 99,79%-ով: Հանցավորության դեմ պայքարի շրջանակներում Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումների կողմից ներկայացվել է հանցագործության մասին 1122 հաղորդում, որից 489-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, այդ թվում 3-ը՝ կոռուպցիոն հանցագործություններ, 146-ը՝ թմրամիջոցների շրջանառության։ Օպերատիվ բաժինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 36 անձ, որից 3-ը՝ Քրեակատարողական ծառայության աշխատակից, 32-ը՝ քաղաքացի։ 2023թ․ ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից հայտնաբերվել են 1496 բջջային հեռախոս, մոտ 912 գրամ և 607 հատ թմրամիջոց, մոտ 1600 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր։ Անցկացվել է 149 ծառայողական քննություն, արդյունքում՝ կիրառվել են տարբեր տեսակի տույժեր 137 աշխատակցի նկատմամբ։ Ի կատարումն ՀՀ Վարչապետի հանձնարարականի` 2023թ․ հուլիսի 1-ից դատապարտյալներին վարույթային գործողությունների կատարման վայրեր ուղեկցումներն իրականացվում են Քրեակատարողական ծառայության կողմից։ Այդ նպատակով Քրեակատարողական ծառայության ավտոպարկը համալրվել է միջազգային չափանիշներին համապատասխանող, նոր տրանսպորտային միջոցներով։ Հաշվետու ժամանակահատվածում Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարությամբ 36 կետերից 35-ը կատարվել է ամբողջությամբ, իսկ 1-ը՝ մասնակի։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ աղմկոտ դեպք է տեղի ունեցել, երբ Քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձին ուղեկցել էին տուն։ Այս առումով, վարչապետը հետաքրքրվել է. «Հիմա մենք համոզված ենք, որ այդ դեպքի բոլոր պատասխանատուների նկատմամբ միջոցներ ձեռնարկվե՞լ են»։ Ի պատասխան՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել է. «Այո, պարոն վարչապետ: Կոնկրետ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարն այլևս չի աշխատում Քրեակատարողական ծառայությունում, նաև ստորին օղակի հենց ուղեկցողները հեռացված են համակարգից: Նաև խնդիր ունեինք դատավորի կողմից տրված այդ թույլտվության բովանդակության հետ, որը նույնպես ուսումնասիրության առարկա է, քանի որ շատ տարօրինակ երկու ժամվա հատվածը, այսպես ասած, բաց էր թողնվել հենց դատարանի կողմից, որն ուսումնասիրում ենք, հասկանանք՝ արդյոք դա սովորական պրակտիկա էր, թե ոչ, որովհետև քրեակատարողական ծառայության մեր մոնիթորինգը ցույց է տվել, որ դա եզակի դեպք է եղել»: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ 2023 թվականի նման քանի՞ դեպք է արձանագրվել: Նախարարը զեկուցել է, որ վերը նշվածը եղել է միակ բացառիկ դեպքը: «Կարևոր նյուանսը հետևյալն է՝ ես ուզում եմ մենք իրադրությունը ճիշտ գնահատենք, եթե կա այդպիսի պրակտիկա, պետք է շատ խստորեն կասեցնել, որովհետև դա առաջին հերթին մարդկանց վերաբերմունքն է ձևավորում պետության և իրավակարգի նկատմամբ: Այսինքն, ըստ էության, մեր օրենսդրությունը նախատեսում է կալանավորված անձի ընդհուպ արձակուրդ, եթե այդպիսի անհրաժեշտություններ կան, որովհետև իրոք կարող են ծագել օբյեկտիվ անհրաժեշտություններ, որ կալանավորված անձը տուն էլ գնա, տեսակցություններ կան և այլն, իհարկե, օրենքով նախատեսված որոշ սահմանափակումներով: Դա նախատեսված է, եթե նման դեպքերի համար կա օբյեկտիվ անհրաժեշտություն: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է, որ դա վերաբերմունք է ձևավորում ընդհանրապես օրենքի, օրինականության նկատմամբ, և այստեղ ամենևին էլ անձնավորված մոտեցման մասին չէ խոսքը: Ի վերջո, մենք պետք է կարողանանք վերաբերմունք ձևավորել իրավակարգի նկատմամբ, որ օրենքը պետք է աշխատի, առավել ևս, որ օրենսդրությունը նման հնարավորություններ տալիս է և չի կարելի, որ բոլոր հնարավոր տեղերում պետության վարկը, վարկանիշն անընդհատ հարվածի տակ դրվի՝ թեկուզ լավություն անելու մոտիվացիայով: Այսինքն՝ լավություն անել պետության հեղինակության հաշվին՝ բացարձակապես անընդունելի է, մանավանդ օրենքի կոպտագույն խախտումով»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը: Վարչապետին զեկուցվել է, որ գերմանական մոդելով նոր բանտի կառուցման փաթեթը փոխանցվել է Քաղաքաշինության կոմիտե, հայտարարվել է մրցույթ, առկա է հաղթող կազմակերպություն, որը մինչև 2024թ․ նոյեմբեր կներկայացնի նախագծանախահաշվային փաստաթղթեր, իրականացվում է հողաշերտի փորձաքննություն տեղանքում՝ կառուցապատման նպատակահարմարությունը պարզելու համար: Ազատությունից զրկված անձանց կրթության ապահովման շրջանակներում իրացվել է 10 անչափահաս անձի պարտադիր կրթություն ստանալու իրավունքը։ Նոր օրենքով ՔԿՀ-ներում իրականացվել է անկախ տարիքից հանրակրթության ծրագիր, որին մասնակցել է 138 անձ (2022թ․ համեմատ գրանցվել է կտրուկ աճ՝ 2022թ․ – 92 անձ)։ Ապահովվել է 8 ազատազրկված անձի բարձրագույն և հետբուհական կրթությունը։ Իրականացվել են ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, որոնց շրջանակներում նույնպես գրանցվել է աճ 2022թ․ համեմատ (2023թ․՝ 185 անձ, 2022թ․՝ 140 անձ)։ 2023թ․ ընթացքում 382 դատապարտյալ կամ դատապարտյալների ընդհանուր թվի 34%-ը ներգրավված է եղել աշխատանքային զբաղվածության մեջ, 117-ը՝ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում, 137-ը՝ տարածքի բարեկարգման չվարձատրվող աշխատանքներում, 15-ը՝ այլ գործատուի մոտ պայմանագրային հիմունքներով, 113-ը՝ աշխատանքային խցերում ստեղծագործական աշխատանքներում։ Վարչապետը հետաքրքրվել է քրեակատարողական հիմնարկներում կանանց և անչափահասների թվի վերաբերյալ: Զեկուցվել է, որ միայն «Աբովյան» ՔԿՀ-ում պահվում են կանայք և անչափահասները, ներկայումս այնտեղ են գտնվում երկու անչափահաս, 40 կալանավորված և 21 կին դատապարտյալներ: Զեկուցվել է, որ համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ՝ իրականացվել է դատապարտյալների կարիքների և ռիսկերի գնահատման գործիքի մշակում և պիլոտային կարգով ներդրում։ ԱՄՆ դեսպանատան և «Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության» հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում առաջին անգամ ներդրվել է տեսազանգի միջոցով հանրային պաշտպան-վստահորդ հաղորդակցության պիլոտային ծրագիրը։ Ներկայացվել են 2023թ․ ընթացքում հիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ տարված աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև 2024թ․ նախատեսվող շինբարեկարգման աշխատանքներին։ Ի թիվս այլ աշխատանքների՝ «Սևան» ՔԿՀ-ում կառուցվելու է նոր մասնաշենք՝ նախատեսված 216 ազատազրկված անձի համար։ Արդեն իսկ ձեռք է բերվել նախագծային փաթեթը։ «Սևան» ՔԿՀ-ում նախատեսվում է պիլոտավորել անձնակազմի կարողությունների զարգացման ծրագիր, ըստ որի՝ ներկայում գործող երկու ստորաբաժանումների փոխարեն ստեղծվելու է անվտանգային կառավարման նոր բաժին, ինչը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել ՔԿՀ-ների թե´ արտաքին պահպանությունը, թե´ ներքին անվտանգության ապահովումը։ Անդրադարձ է կատարվել հանձնուքների ընթացակարգերի վերանայմանը։ ԵՄ երկրների ստանդարտների համաձայն՝ ազատազրկված անձինք հանձնուք ստանալու իրավունք ունեն խիստ սահմանափակ դեպքերում և քանակով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախատեսվում է իրականացնել կարիքների գնահատում և ԵՄ փորձի հիման վրա վերանայել ազատազրկված անձանց տրամադրվող սննդի և հիգիենայի պարագաների տեսականին, չափաբաժինները և որակը։ Այս համատեքստում կատարելագործվելու է ազատազրկված անձանց առցանց գնումների (կրպակի) ինստիտուտը և ԵՄ ստանդարտներին է համապատասխանեցվելու հանձնուքների ընդունման գործընթացը։ Զեկուցվել է նաև, որ նախատեսվում է արդիականացնել ՔԿՀ-ների անվտանգային համակարգը։ Այդ նպատակով ձեռք են բերվելու առանց շփման միկրոմիլիմետրային ակնթարթային սկանավորման սարքեր, ներդրվելու են նաև փոքր դոզավորված ռենտգենային համակարգեր, բացի այդ՝ իրերի սկաներներ, որոնք սկանավորում են անձնական իրերը և սննդով լի սայլակը։ Նոր սարքավորումների միջոցով կարելի է հայտնաբերել զենք, թմրամիջոց, բջջային հեռախոս, հեղուկ, փոշի և այլն։Նախատեսվում է նաև ստեղծել միասնական թվային տիրույթ, որտեղ առկա կլինի ամբողջական տեղեկատվություն անձի վերաբերյալ՝ ձերբակալումից մինչև պատժի կրման վերջնական վայրը՝ ՔԿՀ համապատասխան խուցը: Այս տիրույթում ազատազրկված անձի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հավաքագրվելու է ՔԿԾ տեղեկատվական շտեմարանում, որն ապահովելու է տեղեկատվության փոխանակումը այլ շահագրգիռ մարմիններին, օրինակ՝ դատարան, ՔԿՀ, առողջապահական մարմիններ և այլն: Զեկուցվել է, որ նախատեսվում է ներդնել «Ազատազրկված անձանց անձնական գրասենյակ» մոդուլը, որտեղ հավաքագրվելու է կալանքի կամ պատժի կրման ընթացքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, օրինակ՝ ռիսկերի և կարիքների գնահատման վերաբերյալ եզրակացությունը, վերասոցիալականացման անհատական պլանը, տույժերը, խրախուսանքները, բժշկական միջամտությունները, սննդի հետ կապված տեղեկատվությունը վերասոցիալականացման միջոցառումների մասնակցությունը, բացասական հակումները և նման այլ տեղեկություններ: Անձնական գրասենյակ մոդուլի էֆեկտիվ կիրառությունը ապահովելու նպատակով առաջարկվում է ՔԿԾ տեղեկատվական շտեմարանը ինտեգրել բոլոր շահագրգիռ մարմինների տեղեկատվական շտեմարանների հետ, օրինակ՝ էլեկտրոնային բժշկական հարթակ, քրեական դատարան, ՆԳՆ, Դատախազություն, Պրոբացիայի ծառայություն և այլն։ Անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ վարչապետը նշել է. «Հիմնական հանձնարարականը հետևյալն է, որ ընդհանրապես մեր թվային մոդուլները, ինչ ստեղծում ենք, պետք է հաշվի առնել, որ հընթացս կարող են նոր կարիքներ առաջանալ և նոր մոդուլներ ավելացնելու անհրաժեշտություն լինի: Այսինքն՝ այսօր այս գաղափարն ենք մենք գույքագրել, այս պրոցեսներն ենք գույքագրել, վաղը կարող է նոր անհրաժեշտություն առաջանալ: Մենք մեր բոլոր ծրագրերը պետք է պատվիրենք այս համատեքստում: Իմիջիայլոց, սա հանձնարարական ձևակերպել Թվայնացման խորհրդին: Պատկերացրեք՝ ասենք, մենք սա ենք գույքագրել, որ այս պրոցեսները պետք է թվայնացնենք, հիմա տարբեր վերլուծություն ենք արել՝ չգիտենք ի սկզբանե ինչքանով ենք լավ արել, ինչքանով ենք վատ արել, կամ հաջորդ պահին կարող է գործողություն անհրաժեշտ լինի, մենք այդ պահին ոչ թե գնանք՝ ասենք լավ, սա չկա ծրագրի մեջ, հիմա պետք է գնանք նոր ծրագիր գրենք, այլ հնարավորություն ստեղծենք, որպեսզի այդ ծրագրի մեջ ևս մեկ գործառույթ ավելանա»: Վարչապետը հետաքրքրվել է՝ կալանավորված կամ դատապարտված անձանց ուղեկցումների հետագծելիությունը նախատեսվո՞ւմ է այդ պրոցեսի մեջ:Արդարադատության նախարարը զեկուցել է, որ հետագծելիության հարցը, օրինակ, Հարկադիր կատարման ծառայությունում լուծել են GPS սարքավորումների ներդրմամբ: Այստեղ նույնպես կարող են նույնն անել: Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սրանով մենք նաև խնդիր ենք չէ՞ լուծում, որ կալանավորված կամ դատապարտված անձն այս խցում է, հետո տեղափոխվեց ուրիշ խուց, հետո գնաց տեսակցության, հետո հարցաքննության և այլն, գնաց դատարան և հետ եկավ: Այսինքն՝ այդ հետագծելիությունը, կարծում եմ, մեծ բարդություն չէ, լուծելի է այդ հարցը»: Ի կատարումն վարչապետի հանձնարարականի՝ Քրեակատարողական ծառայությունում ներդրվել է ատեստավորման համակարգ։ Ներկայումս ընթանում են ատեստավորման կարգի մշակման աշխատանքները, նախատեսվում է մեկնարկել 2024թ. ապրիլին։ Ներկայացվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդիականացման ճանապարհները․ ծրագրվում է մշակել ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ և քրեական պատասխանատվություն նախատեսել՝ ազատազրկված անձանց կապի ցանկացած միջոց փոխանցելու, իսկ ազատազրկվածների կողմից նման միջոցներ ձեռք բերելու և պահելու համար։
20:18 - 14 փետրվարի, 2024
Ներդրվել է նոր՝ «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը». այն կկիրառվի առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ

Ներդրվել է նոր՝ «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը». այն կկիրառվի առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Օրենքի ուժի մեջ մտնելով ներդրվել է նոր՝ «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը», կարգավորում է տրվել վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը Առողջապահության նախարարի կողմից սահմանելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։  Այսպիսով. 1. 2024 թվականի փետրվարի 6-ից՝ նախաքննության ընթացքում մեղադրյալի համաձայնությամբ՝ դատարանի կողմից գրավոր ընթացակարգով կայացված մեղադրական դատավճռով, մեղադրյալի նկատմամբ նշանակվում է Քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը՝ առանց լրացուցիչ պատիժ և անվտանգության միջոց նշանակելու: 2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը կիրառվում է հանրային մեղադրանքի կարգով քննվող այն անձանց վերաբերյալ քրեական գործերով, որոնք հանցանք կատարել են առաջին անգամ: 3. Վարույթի կիրառման համար հանցանքը պետք է լինի ոչ մեծ ծանրության, և դրանով չպետք է վնաս պատճառված լինի մասնավոր անձի շահերին: 4. Վարույթի այս տեսակը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ոչ մեծ ծանրության հանցանքների վերաբերյալ քրեական գործերից: 5. Վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևի և տրամադրման կարգի սահմանմամբ կլուծվեն գործերի քննության անհարկի ձգձգումների և վարույթի մասնավոր մասնակիցների կողմից դրսևորվող չարաշահումների խնդիրները: Օրենսդրական բարեփոխումներն արվել են քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացված մոնիթորինգի շրջանակներում, որի ընթացքում վեր էին հանվել գործնականում առավել հաճախ ծագող հիմնական խնդիրները:
14:29 - 12 փետրվարի, 2024
Պաշտոնեական դիրքի չարաշահման պատճառով ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողը

Պաշտոնեական դիրքի չարաշահման պատճառով ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողը

Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված` արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում փետրվարի 11-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտում խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Խ․Մ․-ին։ Ինչպես տեղեկանում  ենք Քրեակատարողական հիմնարկի տարածած հաղորդագրությունից, խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով։ Ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Խ․Մ․-ն խոստովանել է, որ հայտնաբերված հեռախոսներից մեկն իր սեփական օգտագործմանն է, իսկ երկուսը գումարի դիմաց պետք է փոխանցեր կալանավորված անձ Մ․Գ․-ին։ Խ․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
13:32 - 12 փետրվարի, 2024
Դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանն ընդառաջ «Արմավիր» ՔԿՀ-ում անցկացվել է ներհիմնարկային մրցաշար

Դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանն ընդառաջ «Արմավիր» ՔԿՀ-ում անցկացվել է ներհիմնարկային մրցաշար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի աջակցությամբ անցկացվել է հերթական ներհիմնարկային շախմատի մրցաշարը, որին մասնակցել է 28 դատապարտյալ, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք։ Մրցաշարին ներկա են եղել Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը։ Խաղն անցկացրել է Ակադեմիայի մարզիչ, հանրապետական մրցավար Գևորգ Մուրադյանը։ Լավագույնս հանդես եկած դատապարտյալները մասնակցելու են միջհիմնարկային մրցաշարին՝ ազատազրկված անձանց միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի դատապարտյալների հավաքական ձևավորելու նպատակով։
18:17 - 09 փետրվարի, 2024
Ռազմական հանցագործությունների համար հայց կներկայացվի՞ Ալիևի դեմ․ ՀՀ կառավարության արձագանքը |hetq.am|

Ռազմական հանցագործությունների համար հայց կներկայացվի՞ Ալիևի դեմ․ ՀՀ կառավարության արձագանքը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատտրյանը հարց ուղղեց ՀՀ կառավարությանը, թե ռազմական հանցագործությունների կատարման համար Հայաստանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հայց կներկայացնի՞ Միջազգային քրեական դատարան, թե՞ ոչ։ Հիշեցնենք՝ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո այս տարվա փետրվարի 1-ից՝ Հայաստանը դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ։ Արթուր Խաչատրյանի հարցին արձագանքած արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց։ «Միջազգային նման պայմանագրերի վավերացումը և ներգործումը պետական համակարգ ստիպում է թե՛ մեր Կառավարությանը, թե՛ հետագա բոլոր կառավարություններին գործել միջազգային սկզբունքներին համապատասխան։ Ի՞նչ է դա նշանակում․ եթե տեսնում ես հանցագործություն, նախ հնարավորություն ունես մտցնել քո քրեադատաիրավական մեխանիզմներ այլ երկրի փորձագետների, և եթե ֆիքսվում է մեղքի առկայությունը, բնականաբար, լինելու է պատասխանատվություն հենց կոնվենցիայի շրջանակներում»,- նշեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
17:39 - 07 փետրվարի, 2024
Գրիգոր Մինասյանն աշխատանքային այց է կատարել «Արմավիր» ՔԿՀ. ղեկավար կազմին հանձնարարականներ են տրվել

Գրիգոր Մինասյանն աշխատանքային այց է կատարել «Արմավիր» ՔԿՀ. ղեկավար կազմին հանձնարարականներ են տրվել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, պատգամավորներ Դավիթ Առուշանյանը և Միքայել Թումասյանը, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Նախարարը նախ ծանոթացել է հանձնուքների համար նախատեսված սրահի պայմաններին, զրուցել է քաղաքացիների հետ, լսել վերջիններիս առաջարկություններն ու դժգոհությունները: Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև «Արմավիր» ՔԿՀ-ի օդափոխման համակարգին, պատժախցերի, երկարատև, կարճատև տեսակցության սենյակների պահման պայմաններին, վերանորոգված գրադարանին, փաստաբան-վստահորդ տեսակապի ապահովման սենյակին, ինչպես նաև ՔԿՀ-ում առկա տեսահսկման սարքավորումներին ու դրանց աշխատանքին: Նախարարը կարևորել է քրեակատարողական հիմնարկում պատշաճ և որակյալ շինարարական աշխատանքների կազմակերպումը։ Այս ուղղությամբ մի շարք հանձնարարականներ են տրվել: Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել նաև քրեակատարողական հիմնարկում կազմակերպված՝ Պարույր Սևակի 100 ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր հիմնարկում գործող Ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների կողմից: Միջոցառմանը մասնակցել են նաև Պարույր Սևակի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանների տնօրեններն ու այլ հյուրեր:
11:11 - 06 փետրվարի, 2024
Հայաստանյան բանտերում շուրջ 200 օտարերկրյա քաղաքացի է պահվում. ո՞ր երկրներից են նրանք |armeniasputnik.am|

Հայաստանյան բանտերում շուրջ 200 օտարերկրյա քաղաքացի է պահվում. ո՞ր երկրներից են նրանք |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է թվով 199 օտարերկրյա քաղաքացի։ Sputnik Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են քրեակատարողական ծառայությունից։ Նրանցից ամենաշատն Իրանի քաղաքացիներն են՝ 59 անձ, երկրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ 38, երրորդ տեղը կիսում են Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները՝ 14-ական քաղաքացի։ Հայաստանյան ՔԿՀ-ներում պահվող անձինք կան նաև աշխարհի այլ երկրներից։ 1-ական քաղաքացի է պահվում Գվատեմալայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Լատվիայից, Նիդեռլանդների Թագավորությունից, Քուվեյթից, Ալժիրից, Եմենից, Մարոկկոյի Թագավորությունից, Իսրայելից, Հարավային Կորեայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Ղրղզստանից։ Շարունակությունը՝ sputnikarmenia.am-ում
15:19 - 04 փետրվարի, 2024
Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները ու ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները ու ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:   Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և իրավունքի գերակայության ապահովման գործում, ինչպես նաև կարևորել ԵՄ պատվիրակության և արդարադատության նախարարության միջև համագործակցությունը՝ տարբեր ձևաչափերով։   Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները: Մասնավորապես անդրադարձ է կատարել փետրվարի 1-ից գործող քաղաքացիական դատավարության թվայնացմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ այս ոլորտում գործուն աջակցության համար:   Ներկայացվել են Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի աշխատանքներն ու այս ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ ընդգծվել է ԵՄ շարունակական աջակցության կարևորությունը: Դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ձևաչափերով, ներառյալ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման (CEPA), ԵՄ-Հայաստան արդարադատության բարեփոխումների ռազմավարական երկխոսության (Justice Dialogue) և Մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության (CEPA HRD) նիստերի պարբերական անցկացման կարևորությունը:   Երկուստեք ընդգծվել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացումն ու այս ուղղությամբ ԵՄ-ի կողմից աջակցության շարունակականության ապահովումը: Նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ԵՄ բյուջետային աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու այս ուղղությամբ մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ:   Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքները արդարադատության ոլորտի բարեփոխման համար:
17:04 - 02 փետրվարի, 2024
Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության․ Նիկոլ Փաշինյանը՝ Արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ

Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության․ Նիկոլ Փաշինյանը՝ Արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Մինչ քննարկումը՝ վարչապետը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ և անկանխատեսելի ուղղություններով փոխվում է, և շատ կարևոր է, ի վերջո, պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման մեր տեսլականը և բանաձևը: Մենք այս հարցի շուրջ բազմիցս ենք քննարկումներ ունեցել ամենատարբեր ֆորմատներով, և իմ եզրակացությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու անկյունաքարը լեգիտիմությունն է: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մենք պետք է ձևակերպենք խնդիրը շատ հստակ, իհարկե խնդիրը կամ ձևակերպումը շատ ակնհայտ է, բայց մենք պետք է սա չզլանանք վերաարձանագրել, իսկ արձանագրումը հետևյալն է, որ մենք խնդիր ենք դնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն: Եվ սա պետք է լինի մեր երկրի ապագայի ռազմավարական ընկալումը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետություն, և սոցիալական պետություն: Իհարկե այս թվարկումը կարելի է շարունակել, բայց ես խոսում եմ այս պահին առաջնային ուղղությունների մասին: Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը: Իրականում ես նորից ուզում եմ ընդգծել, որ մենք այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք և սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը: Ես հիմա կդժվարանամ ասել քանի տարի, բայց շատ վաղուցվանից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի չափն արձանագրվում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռով: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակ առ ժամանակ ընդունում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը: Դա տեղի է ունեցել 2018թ. առաջ, դա տեղի է ունեցել 2018թ. հետո և մենք, ի վերջո, այս արձանագրումը պետք է անենք և մեր լեգիտիմությունը, լեգիտիմ հարցադրումներն, ակնկալիքները և շեշտադրումները պետք է անենք՝ հենվելով այս հենքի և տրամաբանության վրա: Ընդ որում, ես մեր գործողությունների և դիրքավորումների լեգիտիմությունը հայեցակարգային մակարդակով կապում եմ և պայմանավորում եմ «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի տրամաբանության շրջանակներում: Բայց ինչո՞ւ եմ սա ասում այսօր, հիմա՝ Արդարադատության նախարարությունում, որովհետև ասվածը նշանակում է, որ արտաքին անվտանգության ապահովման գործում մեր իրավաբանական հանրության դերը գնալով մեծանալու է: Սա շատ կարևոր շեշտադրում է, կարծում եմ՝ ակնհայտ բան է, բայց կան ակնհայտ բաներ, որ բոլորս, կամ գուցե գոնե ես, կամ շատ գործընկերներ, ամենօրյա շեշտադրման տիրույթում չեն ունենում, որովհետև տեսեք՝ մենք անվտանգություն ասելով սովորաբար հասկանում ենք բանակ, Զինված ուժեր, հասկանում ենք դիվանագիտություն: Երկուսն էլ ճիշտ են, այսինքն այստեղ խնդիր չկա, բայց մոռանում ենք անվտանգության ապահովման համար հենց լեգիտիմությունը, որի ապահովման գործառույթն առաջին հերթին մեր իրավաբանական հանրությանն է: Եվ ես այս շեշտադրումը ուզում եմ անել Արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իհարկե նաև ուզում եմ ընդգծել Սահմանադրական դատարանի դերն այս գործընթացում, ընդհանրապես՝ դատական համակարգի դերը: Ուզում եմ, որ մենք հենց այսպիսի աշխատանքի տրամադրվենք, որն, իմ կարծիքով, այս շրջափուլում անվտանգության ապահովման արդյունավետությունն էականորեն ավելացնելու է: Բայց նորից եմ ասում, լեգիտիմության ենթավերնագիրը մենք պետք է դնենք «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի ներքո, որովհետև երբեմն տարբեր դիտանկյուններից լեգիտիմությունը կարող է շատ լայն շրջանակ ստանալ: Իսկ դրա դեպքում, շրջանակ ասելով՝ ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը և սահմանները»: Անդրադառնալով հաջորդ շեշտադրմանը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Աշխարհը փոխվում է, և անխուսափելիորեն փոխվելու է նաև մեր տարածաշրջանը, փոխվելու է նաև և փոխվում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս փոփոխությանը կարելի է ամենատարբեր կերպ վերաբերել: Բայց՝ անկախ նրանից, թե էվոլյուցիային ինչպես կվերաբերենք, այն տեղի է ունենում: Հետևաբար՝ մեր դիրքորոշումը և մոտեցումը պետք է լինի ոչ թե այն, որ այդ էվոլյուցիան կանգնեցնենք, սա ինքնին անտրամաբանական է, որովհետև էվոլյուցիան կանգնեցնելով՝ մենք դեգրադացիայի ենք հասնելու, այլ կառավարենք Հայաստանի Հանրապետության պետական շահերին համապատասխան: Այս առումով, Արդարադատության նախարարի հետ աշխատանքային մեկ-երկու քննարկման ժամանակ ես արձանագրել եմ, որ իմ ու նաև մի շարք գործընկերների կարծիքով, և այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ սովորաբար այս թեմաների մասին խոսելիս առաջին ֆոկուսը հետևյալն է՝ այս ի՞նչ կառավարման համակարգ ենք ուզում փոխել և ո՞ւմ համար: Ուզում եմ ընդգծել, որ այդ հարցում իմ հրապարակային արտահայտած դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել: Ես համոզված եմ և ժամանակը՝ իհարկե, որոշ կասկածների փուլով, բայց ի վերջո ապացուցեց, որ ինձ համար գոնե և մի շարք գործընկերների համար Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը՝ հաշվի առնելով ժողովրդավարական մեր ձգտումները և ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար: Ընդ որում, ես հիմա ավելի եմ համոզվել, որ եթե 2020 թվականի հետպատերազմյան շրջանում մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա: Խոսքը սրա մասին չէ: Ես ուզում եմ հենց այս գլխից ասենք, որ կառավարման, օրինակ, ընթացիկ մոդելում քաղաքական առումով շատ բան փոխելու չկա: Դա մի փոքր մասնագիտական ոլորտի հարց է, օրինակ՝ դատաիրավական համակարգում ինչ է պետք փոխել: Նկատի ունեմ, քաղաքական առումով իմ խնդիրն ուրիշ է: Առաջինը, որ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք ինչքան էլ այդ խնդիրը փորձենք այլ ձևերով լուծել, Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: Քանի որ երկու հարցում էլ Արդարադատության նախարարությունն, ըստ էության, շատ առանցքային դերակատարում ունի, ես ցանկացա սա ընդգծել, որպեսզի մենք առաջիկայում տրամադրվենք այսպիսի աշխատանքի: Նաև այս ուղերձը հղենք մեր իրավաբանական հանրությանը, որ իրավաբանական հանրության գործունեությունը Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունն ապահովելու տեսակետից առաջիկայում ակնհայտորեն մեծանալու է: Ընդ որում, ես այդ մոտեցման արդյունավետությանը հավատում եմ և տեսնում եմ նաև ու համոզված եմ, որ պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում, իսկապես, իրավաբանական աշխատանքն այդ դիրքորոշումների լեգիտիմությունը, մեր նույնիսկ քաղաքական որոշումների լեգիտիմությունն ապահովելու առումով կարող է բավականին մեծ էֆեկտներ և արդյունքներ ունենալ»,- նշել է վարչապետը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները: Զեկուցվել է, որ նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 99.4%:Նախարարության կողմից իրականացվել է Ներքին գործերի նախարարության ստեղծման և 2023թ. հունվարի 1-ից գործարկման ողջ գործընթացը: Վարչապետին են ներկայացվել դատական համակարգի բարեփոխումները: 2023թ. հունիսի 15-ից գործում է Վերաքննիչ հակակոռուպցիոն նոր դատարանը` ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը: Ավելի քան 250 դատավորի աշխատավարձ էապես բարձրացել է: Առաջին ատյանի դատարաններում` 60%-ով, վերաքննիչ դատարաններում` 55%-ով: Ներդրվել է դատավորների ընտրության նոր հատուկ կարգ, որով դատավորների թեկնածուները բարդ քննություն հանձնելով կարճ ժամանակում նշանակվում են որպես դատավոր։ Արդյունքում՝ այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական համակարգը: Երևանում ձևավորվել են առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարանները: Դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով՝ այսուհետ բանկերը, ՈՒՎԿ-ները, կոմունալ և բջջային օպերատորները 2 միլիոն դրամը չգերազանցող բռնագանձման պահանջով դիմումները ներկայացնում են նոտարներին, այլ ոչ թե դատարան։ Արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների բեռը. ակնկալվում է, որ 2000-4000 գործ ունեցող քաղ. դատավորները գարնանից կունենան 200-300 գործ: Դատարանները մասամբ ազատվել են արբիտրաժային վճիռներով կատարողական թերթեր տրամադրելուց և տարեկան շուրջ 13.000 նման գործ այլևս չի մտնում դատարան: Անդրադառնալով դատարանների գործունեության ու ծանրաբեռնվածության հետ կապված հարցին՝ վարչապետը նշել է. «Մենք դատավորների խնդիրն էլ պետք է նկատի ունենանք: Կա՞ ստանդարտ միջազգային, ես չգիտեմ 2 տարում թե 4, բայց մենք պետք է այդ ստանդարտն ապահովենք: Եվ նորից եմ ասում՝ դա մենք դատավորների ու մեզ համար չենք անում՝ մենք անում ենք արդարադատությունը հասանելի դարձնելու համար: Եթե մենք ասում ենք՝ ուզում ենք լինել իրավական, ժողովրդավարական պետություն՝ կներեք, 5 տարի տևող դատական գործով չի կարող այդ հարցը լուծվել»: Գործարկվել է նոր Արբիտրաժային կենտրոնը, կազմակերպվել է նոր հաշտարարների ուսուցման դասընթաց, որի արդյունքում որակավորում է ստացել 14 նոր հաշտարար: Ներկայացվել է դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների ցուցանիշը, ըստ որի՝ հաշվետու ժամանակահատվածում հարուցվել է 31 կարգապահական վարույթ: Վերջին մեկ տարում դադարել է 33 դատավորի լիազորություն, որից 10-ը՝ կարգապահական վարույթների հիման վրա: Բարելավել են դատարանների շենքային պայմանները, մասնավորապես՝ հիմնանորոգվել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շենքը, վերանորոգվել է ԲԴԽ խորհրդակցական սենյակը, Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը տեղակայվել է Թբիլիսյան 3/9 հասցեում նոր հիմնանորոգված տարածքում: Մեկնարկել է դատարանների շենքերի ստանդարտացման երկարաժամկետ ծրագիր: Զեկուցվել է, որ նախորդ տարում ընդունվել է Հակակոռուպցիոն 2023-2026թթ․ ռազմավարությունը: Ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվել. Հակակոռուպցիոն դատարանի բոլոր դատավորներն անցել են վերապատրաստում, առաջին ընթերցմամբ ընդունվել են դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության նոր կառուցակարգերը: Մշակվել են կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության և ԿԿՀ կողմից վերահսկողության կառուցակարգերի լավարկման նախագծերը: Մշակվել են պետական և համայնքային պաշտոնյաների վարքագծի նոր կանոններ: Կատարելագործվել է ազդարարման համակարգն ու մեկնարկել է իրազեկման համապետական արշավ: Իրականացվել է բոլոր պետական մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարողությունների զարգացում: Օրենքով հստակ սահմանվել են պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվերներ ընդունելու արգելքը, «նվեր» հասկացությունը, առաջին ընթերցմամբ ընդունված օրենքով սահմանվում են պետական սեփականություն դարձող գույքի տնօրինման եղանակները, դրանք տնօրինող մարմինները: Ներկայացվել է միջազգային պարտավորությունների իրականացման ընթացքը։ Հաստատվել է ԵԽ ԳՐԵԿՈ 4-րդ գնահատման փուլի «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» զեկույցը: Լայնածավալ բարեփոխումների, ինչպես նաև ՀՀ պատվիրակության բանակցությունների արդյունքում ՀՀ-ն հաղթահարել է անհրաժեշտ շեմը: Ամփոփվել է ՏՀԶԿ 5-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» մոնիթորինգային զեկույցը: Զեկուցվել է, որ մշակվել է անհայտ կորածների և գերիների վերաբերյալ օրենքի հայեցակարգը: ԱՆ նախաձեռնությամբ վավերացվել է 13-րդ լրացուցիչ արձանագրությունը՝ բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին։ Ներկայացվել են Հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները. ԱԺ է ներկայացվել 25 տարի առաջ ընդունված ԴԱՀԿ մասին օրենքի փոխարեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր օրենքի նախագիծը: Իրականացված բարեփոխումների շնորհիվ ՀԿԱԾ-ը՝ ի տարբերություն 2018 թ. -1.2 մլրդ դրամ բացասական եկամտաբերությամբ պետական հիմնարկի, 2023 թ. արդյունքներով դարձել է +1.4 մլրդ դրամ եկամտաբերությամբ կառույց, իսկ 2023թ. գանձված կատարողական ծախսերի չափը 15.5%-ով ավելի է 2022թ. ցուցանիշից: Նախորդ տարում հաստատվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026թթ. նոր ռազմավարական ուղղությունները: Զեկուցվել է, որ գերմանական մոդելով նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման փաթեթը փոխանցվել է Քաղաքաշինության կոմիտե, առկա է մրցույթում հաղթող կազմակերպություն, որը մինչև 2024թ. նոյեմբեր կներկայացնի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ներկայումս իրականացվում է հողաշերտի փորձաքննություն տեղանքում կառուցապատման նպատակահարմարությունը պարզելու համար: Շահագործման է հանձնվել «Արմավիր» ՔԿ հիմնարկի օդափոխության, համակցված ջեռուցման և օդորակման համակարգը։ Ընթացիկ վերանորոգումներ են իրականացվել տարբեր ՔԿՀ-ներում: «Արմավիր» ՔԿՀ- ում առաջին անգամ ներդրվել է տեսազանգի միջոցով հանրային պաշտպան-վստահորդ հաղորդակցության պիլոտային ծրագիրը: Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները պատշաճ իրականացնելու համար ձեռք է բերվել 660 էլեկտրոնային հսկողության սարք: Ներկայացվել է Իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից իրականացված գործունեությունը, որի արդյունքում փորձագիտական եզրակացություն է տրվել 5002 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ (2022թ. համեմատությամբ գրանցվել է 15% աճ): Արդարադատության նախարարությունը մեկնարկել է լայնածավալ թվայնացման գործընթաց, որի արդյունքում 2023թ. թվայնացվել են մի շարք համակարգեր՝ սնանկության, հաշտարարության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ինչպես նաև առաջին անգամ գործարկվելու է ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատավարությունը: 2023-ին «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել 90 մասնագիտական նոր սարքավորում՝ փորձաքննությունները ճշգրիտ և ժամանակին իրականացնելու համար, արդյունքում՝ միայն 2023-ին իրականացվել է 3500 փորձաքննություն: Անդրադարձ է կատարվել նոտարական ոլորտին՝ նշվել է, որ արմատապես փոխվել է նոտարների քննության և նշանակման կարգը: Նվիրատվության գործարքներն այսուհետ կկնքվեն միայն նոտարական վավերացմամբ՝ հաշվի առնելով նաև այն, որ վերջին տարվա ընթացքում գործարքի իրական նպատակը` առուվաճառքը, նվիրատվությամբ քողարկելու միտում էր նկատվում, ինչի մասին վկայում էր նվիրատվության գործարքների կտրուկ աճը: 2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են Պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: 2023թ. ընթացքում ներկայացվել է 51275 հայտարարագիր: Կառավարություն է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին նախագիծը: Հունվարից կսկսվի Խորհրդի կողմից վերջնական քննարկումների փուլը: Ոլորտային քաղհասարակության հետ համագործակցությամբ և Freedom House-ի աջակցությամբ մշակվել է ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների ներդրման և օրենսդրական ճանաչման փաթեթ:
13:38 - 19 հունվարի, 2024
Խորհրդարանն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը

Խորհրդարանն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց անհատական պատվավոր կոչումների շնորհումը չեղարկելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը։  «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը ստացավ 64 կողմ, 31 դեմ ձայներ: Քննարկման ժամանակ նախագծին դեմ էին արտահայտվել ընդդիմադիր պատգամավորները։ Նախագծով առաջարկվում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր ճարտարապետի, ՀՀ վաստակավոր շինարարի, ՀՀ վաստակավոր բժշկի, ՀՀ վաստակավոր իրավաբանի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ վաստակավոր նկարչի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մանկավարժի, ՀՀ վաստակավոր լրագրողի, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մարզչի կոչումները: Վերոնշյալի փոխարեն առաջարկվում է վերանայել ՀՀ-ում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը:
11:00 - 16 հունվարի, 2024