Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Ապարանում նորակառույց շենքը կնվիրաբերվի քաղաքացիներին, որոնց շենքերը 4-րդ կարգի վթարային են |news.am|

Ապարանում նորակառույց շենքը կնվիրաբերվի քաղաքացիներին, որոնց շենքերը 4-րդ կարգի վթարային են |news.am|

news.am: Երբ մարդիկ մտնեն բնակարաններ՝  սոցիալական ցանցերում որակի հետ կապված տեսարններ չե՞ն հայտնվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօրվա նիստում որոշում կայացվեց Ապարան քաղաքում 43 բնակարան ունեցող նորակառույց շենքը նվիրաբերել այն քաղաքացիներին, որոնց շենքերը 4-րդ կարգի վթարային են: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլայնաը հայտնեց, որ շենքը շահագործման է հանձնվել 2022 թվականին և կարիք կա նորից շրջայց կատարել, որպեսզի խնդիրներ չլինեն։ Նիկոլ Փաշինյանը նախ դիտողություն արեց, թե եթե շենքը պատրաստ է 2022-ից, ինչու են հիմա բնակարանները տալիս բնակիչներին, ապա խոսեց նաեւ վթարային երկու շենքերը լիկվիդացնելու մասին: «Վթարային շենքը լիկվիդացնելու հետ կապված հարցերը պլանավորվա՞ծ են: Ես գիտեմ օրինակներ, երբ վթարային շենքի դիմաց մարդիկ բնակարան են ստացել եւ ընտնիքի մի մասը մնացել է հին շենքում, մյուս մասը տեղափոխվել է նոր բնակարան: Խնդիրը մնացել է եւ մենք ամեն օր ահուդողով սպասում ենք, որ եթե մի բան եղավ, շենքը փլուզվեց, ի՞նչ պատասխան ենք տալու: Հիմա երաշխավորե՞լ եք, որ նոր բնակարանները բաշխելուց հետո հին վթարային շենքերում ոչ մի մարդ չի մնալու: Ընդ որում, սա էս գլխից պետք է նախապատրաստել և ժամանակացույցով հստակ այդ շենքը հողին հավասարեցնել»,-ասաց Փաշինյանը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հավաստիացրեց, որ երբ բոլորը դուրս գան, Ապարան համայնքը 2 ամսում շենքը կքանդի:  «Մինչեւ որոշումը ստորագրելը ինձ կտաք կոնկրետ ամսաթիվ, թե երբ են այդ շենքերը քանդված լինելու»,-ասաց Փաշինյանը։
12:02 - 07 դեկտեմբերի, 2023
ՏԿԵ նախարարը դիտարկել է Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից:   Այս պահին այդ տարածքում կապալառու ընկերությունը իրականացնում է պայթեցումներ, որից հետո ժայռային հանույթը փխրեցնում է՝ հետագայում լիցք անելու և պատվածքի շերտերում օգտագործելու համար։ Ճանապարհի ամբողջ երկայնքով շարունակվում են հողային աշխատանքները։ Շինարարը նախարարին մանրամասն ներկայացրել է աշխատանքների ընթացքը, խնդիրները։   Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհահատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։   Նախարարի հաջորդ կանգառը Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34 կմ հատվածն էր (Աշտարակ-Թալին), որտեղ ևս մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին։   Շինարարը տեղեկացրել է‚ որ մեծ թվով շինտեխնիկա է աշխատում շինհրապարակում‚ և առաջիկայում նախատեսվում է ավելացնել մեքենասարքավորումների ու աշխատողների թվաքանակը։   Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի կառուցումն իրականացվում է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։   Նախարար Սանոսյանը մի քանի այլ կանգառներ է կատարել նշված ճանապարհահատվածների տարբեր շինհրապարակներում և հանձնարարել է աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։
18:58 - 27 նոյեմբերի, 2023
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունը, նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։  Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և հույս է հայտնել, որ այդ շրջանակներում ևս հարաբերությունները նույն տեմպով կզարգանան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է հնդկական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախագծերում։ Կարևորվել է նաև համապատասխան մասնագիտական խմբերի փոխադարձ այցերը Հայաստան և Հնդկաստան՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակով։
11:59 - 23 նոյեմբերի, 2023
Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվական. Գնել Սանոսյան
 |aysor.am|

Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվական. Գնել Սանոսյան |aysor.am|

aysor.am: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի, այդ նպատակի համար 2024-ին կհատկացվի 20.2 մլրդ դրամ, այս մասին  ԱԺ-ում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով` ատոմակայանի հետ կապված կա երկու գործընթաց: «Ունենք ատոմակայանում շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիր: Այդ ծրագիրը սկսվել և մի քանի տարի է արդեն, որ շարունակվում է: Այդ ծրագրի շրջանակներում հաջորդ տարի նախատեսված է 7 մլրդ դրամ՝ մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու համար: Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը համապատասխան լիցենզիաներով երկարացնել մինչև 2036 թվականը», - ասաց Սանոսյանը՝  նշելով, որ այդ նպատակի համար նախատեսվել է 20.2 մլրդ դրամ:
16:36 - 31 հոկտեմբերի, 2023
Ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացման համար կհատկացվի 20,2 մլրդ դրամ
 |1lurer.am|

Ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացման համար կհատկացվի 20,2 մլրդ դրամ |1lurer.am|

1lurer.am: Ատոմակայանի մասով ունենք 2 պրոցես. ծրագրերից մեկը վերաբերում է շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը, որն արդեն մեկնարկել է: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս, ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ վերջինիս շրջանակում 7 միլիարդ դրամ է նախատեսված մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու համար: Ըստ Սանոսյանի՝ մյուս ծրագիրը վերաբերում է ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացմանը:  «Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել [ատոմակայանի աշխատանքի] կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է, որպեսզի մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի համապատասխան լիցենզիաներով, թույլտվություններով մինչև 2036 թվականը: Ահա, հաջորդ տարի այդ նպատակի համար արդեն նախատեսվել է 20,2 միլիարդ դրամ»,- ասաց նախարարը:
15:11 - 31 հոկտեմբերի, 2023
Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 6 և թիվ 111 հիմնական դպրոցներ, ծանոթացել կատարված վերակառուցման աշխատանքներին: Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլք: Երևանի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ: Կառուցումը մեկնարկել է 2020 թվականին և ավարտվել 2023 թվականի օգոստոսին: Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 166,7 մլն դրամ: Ներկայումս դպրոցում սովորում է 780 աշակերտ: Դպրոցը համալրվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկական սարքավորումներով: Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել. «Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել այս վերադարձի առիթով, որովհետև գիտեմ, որ բոլորդ շատ երկար եք սպասել, և ուրախ եմ, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենում: Մենք ինչո՞ւ ենք այսքան մեծ կարևորություն տալիս դպրոցին, դպրոցաշինությանը, որովհետև կարծում ենք, որ սա ռազմավարական խնդիր է և ռազմավարական ծրագիր»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրի ապագան կախված է գալիք սերնդից, նրա մոտ ձևավորվող գաղափարներից և մտքից: «Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում դպրոցաշինության ստանդարտը և որակը, որովհետև ուզում ենք, որ բոլորդ դպրոցում զգաք ինչպես տանը: Մենք ուզում ենք, որ դուք դպրոցին վերաբերվեք այնպես, ինչպես տանն եք վերաբերվում, և ընդհակառակը՝ ուզում ենք նաև, որ դպրոցը ձեզ վերաբերվի այնպես, ինչպես սովորաբար ձեզ ընդունում են ձեր ծնողները, ձեր տատիկները, պապիկները, քույրերը և եղբայրները: Եվ շատ կարևոր ենք համարում, որ դպրոցը ձեզ օգնի լուծել երեք շատ կարևոր հարց, որոնք սկզբունքային են մեր կրթական բոլոր բարեփոխումների համար: Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր աշակերտ դպրոցից դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով: Սա շատ կարևոր է»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է կրթության համար բարենպաստ, ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծման կարևորությունը. «Սակայն շենքը, գույքը, մնացած ամեն ինչն ընդամենն անկենդան առարկաներ են: Հիմա դուք ձեր ամենօրյա վերաբերմունքով պետք է կյանք տաք այդ շենքին»: Անդրադառնալով ֆիզիկական կուլտուրայի համար նախատեսված դահլիճների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք բոլոր հաստատությունների համար պետք է հստակ չափանիշներով կառուցվեն և գործեն. ֆիզկուլտուրայի դահլիճները, բասկետբոլի, ֆուտբոլի դաշտերը՝ յուրաքանչյուրը պետք է համապատասխան չափանիշներով լինի: Երևանի թիվ 111 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ: Կառուցումը մեկնարկել է 2021 թվականին և ավարտվել 2023-ի օգոստոսին: Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1,5 մլրդ դրամ: Կառուցված դպրոցի հզորությունը 432 է, իսկ ներկայիս աշակերտների թիվը՝ 286: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին նորամուտի առիթով և նշել, որ նոր դպրոցներ ունենալու Կառավարության մղումն ինչ-որ տեղ կապ ունի նոր մտածողություն ունենալու անհրաժեշտության հետ: «Ի՞նչ կարող է նշանակել նոր մտածողություն: Նոր մտածողությունը, կարծում եմ, կարող է նշանակել հետևյալը. ինքներս մեզ ավելի լավ ճանաչել, նորովի ճանաչել, ավելի լավ ճանաչել մեր ուժեղ կողմերը որոնք են, ավելի լավ ճանաչել մեր թույլ կողմերը որոնք են, փորձել ուժեղացնել այն բոլոր ուժեղ կողմերը, որ ունենք, փորձել հաղթահարել այն բոլոր թերությունները, որ ունենք: Կարծում եմ, որ բոլոր խնդիրները և դրանց լուծումները մտածողության մեջ են՝ ինքներս մեզ ընկալելու, մեր միջավայրն ընկալելու, աշխարհն ընկալելու, ժամանակներն ընկալելու, հնարավորություններն ընկալելու: Այս առումով, երեխաների, աշակերտների համար նոր մտածողություն ուզում ենք, որ նշանակի մի բան՝ ձեզնից յուրաքանչյուրի հնարավորությունների անսահմանափակությունը»,- նշել է վարչապետը: Վարչապետի դիտարկմամբ՝ Կառավարության խնդիրն է կրթությունը դարձնել հասանելի բոլորի համար: «Կառավարությունն այդ ծախսերն ինչի՞ համար է անում, որովհետև մենք հավատացած ենք՝ ձեր մեջ հիմա նստած են մարդիկ, ովքեր կանխորոշելու են մեր երկրի և աշխարհի ապագան: Ես ուզում եմ, որ դուք շատ լուրջ վերաբերվեք ձեր այդ առաքելությանը և հնարավորությանը: Մենք ուզում ենք, որ դուք ձեր մտքով, մտածողությամբ, մտքի թռիչքով ամեն մեկդ և բոլորդ միասին այս դահլիճը, այս դպրոցը, այս շենքը, երկիրը, ձեր թաղամասերը, ձեր փողոցները, մեր քաղաքները լցնեք նոր բովանդակությամբ, նոր կյանքով, նոր մտածողությամբ, որը կլինի մրցունակ: Սա շատ կարևոր է, որովհետև մտածողությունն էլ կարող է բերել պրոբլեմներ: Մեր շատ պրոբլեմներ գալիս են մեր մտածողությունից, և շատ պրոբլեմներ չենք կարողանում լուծել մեր մտածողությունից: Շատ կարևոր է, որ ինքներդ ձեզ և ձեր կրթությանը շատ լուրջ վերաբերվեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
17:03 - 20 հոկտեմբերի, 2023
Հայաստանը ներկայացրել է «Հայկական խաչմերուկ» նոր հայեցակարգը, որը լոգիստիկ հսկայական ներուժ ունի. Սանոսյան

Հայաստանը ներկայացրել է «Հայկական խաչմերուկ» նոր հայեցակարգը, որը լոգիստիկ հսկայական ներուժ ունի. Սանոսյան

Հոկտեմբերի 18-ին Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի է ունեցել Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովը (GMIS 2023), որի շրջանակներում կայացած կլոր սեղանի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ելույթ է ունեցել «Հայաստանը՝ տարածաշրջանային հաղորդակցության խաչմերուկ» վերնագրով։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, որի սահմանները Արևելքից և Արևմուտքից երեք տասնամյակ շարունակ ցամաքային շրջափակման մեջ են, հանդիսանում է տարածաշրջանային և միջսահմանային ներառական և անաչառ կապի խթանման հավատարիմ ջատագով: «Վստահ ենք, որ Հայաստանի ճանապարհային ցանցը լուրջ ներուժ ունի այս նպատակին հասնելու համար։ Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում երկրի համապատասխան ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման ուղղությամբ՝ իրականացնելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, որը, Հայաստանի կարողությունները բարձրացնելով, երկրին հնարավորություն կտա լիարժեք մասնակիցը դառնալ ինչպես Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, այնպես էլ հաղորդակցության այլ նախաձեռնություններին։ Այս կարևոր ռազմավարական ճանապարհի կառուցումը կդյուրինացնի Հայաստանի հարավային սահմանից դեպի վրացական սահման և մինչև Սև ծովի նավահանգիստներ երթևեկությունը և թույլ կտա իրականացնել ավելի շատ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան»,- ընդգծել է նախարարը։ Նախարարի խոսքով՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է զարգացնելու երկխոսությունը և համագործակցությունը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի, Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի շրջանակներում, որտեղ վերջինս կարող է հաջողությամբ ներառվել Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում: «Գիտակցելով Հարավային Կովկասում առևտրատրանսպորտային հաղորդակցության բոլոր ուղիների բացման կարևորությունը՝ Հայաստանը, տարածաշրջանում բարգավաճման և կայունության ապահովման նպատակով, կառուցողականորեն ներգրավվել է երկխոսության և քննարկումների մեջ և, պայմանավորված Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման շուրջ քննարկումներով, ներկայացրել է «Հայկական խաչմերուկ» նոր հայեցակարգը, որը, իր հերթին, ունի միջազգային լոգիստիկ շղթաներում լուրջ փոփոխություն մտցնելու և միջազգային բեռնափոխադրումների առումով տարածաշրջանի նշանակությունը վերականգնելու հսկայական ներուժ»,- ասել է նախարար Սանոսյանն իր ելույթում։ Եզրափակելով ելույթը՝ նախարարը վերահաստատել է միջազգային գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի միջև առավել ընդլայնված համագործակցության և համակարգման համատեղ ուղի ձևավորելու ուղղությամբ բոլոր գործընկերների հետ աշխատելու Հայաստանի լիակատար հաստատակամությունը՝ տարածաշրջանային և գլոբալ առավել արդյունավետ կապի խթանման գործում նշանակալից առաջընթաց գրանցելու համար։
13:28 - 19 հոկտեմբերի, 2023
Անկլավների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում․ Սանոսյան |armenpress.am|

Անկլավների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում․ Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ որքան Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում խնդրահարույց հարց համարվող անկլավների խնդիրը բարդ է թվում, այնքան էլ պարզ է այն պատճառով, որ կան քարտեզներ և դրանց համար իրավական հիմքեր։ Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց՝ ամեն քարտեզ չէ, որ ընդունելի է, որովհետև դասագրքերի համար քարտեզն ուրիշ բան է, պետական սահմանների համար քարտեզն իր իրավական հիմքերով բոլորովին այլ բան է։  Նախարարի պնդմամբ՝ որևէ անկլավ կոչվող տարածք նույնպես պետք է որոշակի իրավական հիմք ունենա։ «Երբ ենթադրյալ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո պետք է տեղի ունենա սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի արդյունքում սահմանները կհստակեցվեն բոլոր առումներով։ Ոչ թե պետք է բառերին նայել, այլ իրավական փաստաթղթերին։ Խոսելով անկլավների մասին՝ երբեք մի մոռացեք մեր Արծվաշենի մասին, որն իր չափերով մեծ է ու իրավական կարգավորումներով հիմնավորված է։ Երբ մեկնարկի սահմանագծման  և սահմանազատման գործընթացը, անկլավների հետ կապված բոլոր հարցերն այդ շրջանակում կլուծվեն»,- ասաց Սանոսյանը։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իբր «ադրբեջանական 8 գյուղ շարունակում է մնալ Հայաստանի տարածքում և դրանք պետք է վերադարձվեն։ Ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որն այս պահին Ադրբեջանի տարածքում է: «Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա: Եվ այստեղ է, որ բարձրանում է այդ հարցը: Բայց այստեղ կա նաև մի կարևոր նրբություն՝ ով էլ խոսի անկլավների մասին, ինքը պետք է սեղանին դնի քարտեզ, որովհետև իսկ ինչո՞վ է հիմնավորվում այդ անկլավի գոյությունը: Սա շատ կարևոր նրբություն է: Եթե սեղանին դրվում է կամ երբ սեղանին դրվում է քարտեզ, չի կարող քարտեզ գոյություն ունենալ մի կետի վրա, դա նշանակում է՝ ամբողջ քարտեզը գծագրվում է»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը:
14:02 - 13 հոկտեմբերի, 2023
ՏԿԵ նախարարն այցելել է Կոտայքի մարզպետարան, հանձնարարականներ տվել, ապա հանդիպել բռնի տեղահանվածների հետ

ՏԿԵ նախարարն այցելել է Կոտայքի մարզպետարան, հանձնարարականներ տվել, ապա հանդիպել բռնի տեղահանվածների հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետարանում։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին հաշվառելու, կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի անխոչընդոտ կազմակերպմանը։ Նախարարը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կացարանով ապահովելու աշխատանքների առաջին փուլն ավարտված է և հիմա նույն ջանասիրությամբ պետք է լծվել երկրորդ փուլի աշխատանքներին` նրանց կարիքները գնահատելու և դրանք հոգալու գործին․ «Կոտայքը հսկայական բեռ է վերցրել իր վրա։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ամենամեծ թվով քաղաքացիները տեղակայվել են հենց այս մարզում։ Պետք է նշեմ, որ Կոտայքը պատվով կատարում է իր աշխատանքը, բայց առաջիկայում դեռ շատ անելիք ունենք»,- ընդգծել է նախարարը։ Սանոսյանի խոսքով՝ առաջիկա անելիքը պետք է լինի մարզում ազատ տների, բնակարանների գույքագրումը, որպեսզի հնարավոր լինի հյուրանոցներում, հյուրատներում տեղակայված քաղաքացիներին տեղափոխել հիմնական բնակության վայրեր։ Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ հոգատարություն ցուցաբերել բռնի տեղահանվածներին` հատկապես հատուկ կարիք ունեցող անձանց, երեխաներին։ Սանոսյանը Կոտայքի մարզպետի աշխատակազմին ևս հանձնարարել է բռնի տեղահանվածներին պատշաճ կերպով իրազեկել պետության կողմից տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերի մասին։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը զեկուցել է սեպտեմբերի 25-ից մարզում կատարված աշխատանքները, տեղավորվածների թիվը։ Կոտայքի մարզում այս պահին հաստատված է 22 482 քաղաքացի, որոնցից 2576-ը՝ հյուրանոցներում։ Կոտայքի մարզում այսօր առավոտյան դպրոց է գնացել 1763 երեխա։ Խորհրդակցությունից հետո նախարարն այցելել է Ծաղկաձորում հաստատված բռնի տեղահանվածներին, լսել նրանց կարիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին։
14:40 - 09 հոկտեմբերի, 2023
Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչև 2026 թվականը աշխատելու լիցենզիա. ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել. Սանոսյան |1lurer.am|

Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչև 2026 թվականը աշխատելու լիցենզիա. ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել. Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Ես պետք է վստահեցնեմ, որ դեռ 1993 թվականից սկսած մեր ատոմակայանում իրականացվել և շարունակում են իրականացվել ծրագրեր աշխատանքներ՝ ատոմակայանի անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Այդ մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: «Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչև 2026 թվականը աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա, և վերջերս Կառավարությունն ընդունեց ևս մեկ որոշում. առաջիկա տարիներին կիրականացվեն մի շարք աշխատանքներ, որ ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի 2026 թվականից մինչև 2036 թվական»,- ասաց Գնել Սանոսյանը: Նա նշեց, որ իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարվել: «Կարելի է շատ երկար թվարկել: Ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել. բազմաթիվ դետալներ, սարքավորումներ, համակարգեր փոխվել են»,- ասաց նախարարը: 
19:04 - 04 հոկտեմբերի, 2023
90 ավտոբուսով ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվել սեփական փոխադրամիջոցներ չունեցող տեղահանված անձինք. Գնել Սանոսյան |1lurer.am|

90 ավտոբուսով ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվել սեփական փոխադրամիջոցներ չունեցող տեղահանված անձինք. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Նազելի Բաղդասարյանը ներկայացնում են «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը: Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 490, տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 103, 84 956 անձ հաշվառվել է, որը Հայաստան ժամանած անձանց 85 տոկոսն է: Արական սեռի ներկայացուցիչները 41 056 են, իսկ իգական սեռի ներկայացուցիչները՝ 43 900: Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրումը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Հոկտեմբերի 1-ի դրությամբ յուրաքանչյուր անձի հաշվարկով փոխանցվելու է նաև 40 000 դրամ բնակարանի վարձակալության գումար և 10 000 դրամ կոմունալ ծախսերի գումար՝ 6 ամիս ժամկետով: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է, որ ժամը 15:00-ի դրությամբ շուրջ 47 322 անձ օգտվել է պետական աջակցությամբ տրամադրված կեցավայրերից: Այն կազմում է տեղահանված անձանց շուրջ 47 տոկոսը: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 2317 մարդ, Արարատի մարզ՝ 12395 մարդ, Արմավիրի մարզ՝ 4308 մարդ, Գեղարքունիքի մարզ՝ 3848 մարդ, Լոռու մարզ՝ 2435 մարդ, Կոտայքի մարզ՝ 11368 մարդ, Շիրակի մարզ՝ 2231 մարդ, Սյունիքի մարզ՝ 4175 մարդ, Վայոց Ձորի մարզ՝ 1923 մարդ և Տավուշի մարզ՝ 2322 մարդ: Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ցանկացած անձ որևէ կարիքի դեպքում կարող է առաջնահերթ դիմել բնակավայրի պատասխանատուին կամ մարզպետարան և սեղմ ժամկետում այդ հարցին հրատապ լուծում կտրվի: Գնել Սանոսյանը նշել է, որ 90 ավտոբուսով Հայաստան են տեղափոխվել տեղահանված այն անձինք, ովքեր սեփական փոխադրամիջոցներ չեն ունեցել և եթե անհրաժեշտ լինի, ապա ավտոբուսները կշարունակեն մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ տեղահանված անձանց Հայաստան տեղափոխելու նպատակով:
17:18 - 01 հոկտեմբերի, 2023
Եվս մեկ օր, և Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին. Գնել Սանոսյան |armeniasputnik.am|

Եվս մեկ օր, և Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին. Գնել Սանոսյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եվս մեկ օր, ու Արցախից դեպի ՀՀ բռնի տեղահանվածների հոսքը կավարտվի։ Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Կարծում եմ՝ այս գիշեր, վաղվա ընթացքում Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին։ Մեզ կմնա ՀՀ մարզերում տեղաբաշխված մարդկանց կարիքները հոգալ, թեև այդ ուղղությամբ արդեն իսկ այս պահին աշխատանքներ տարվում են»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով այս պահին բավականին մեծ է հոսքը, սակայն կարողանում են որոշակի ժամանակի մեջ սպասարկել, և արդյունքում մարզերում հաշվառված ու տեղաբաշխված մարդկանց քանակն ավելի հստակ է դառնում։ «Գլխավոր դրական բանն այն է, որ փորձել ենք այնպես անել, որ ոչ մի քաղաքացի դրսում չմնա։ Այլ հարց է, որ որոշ հատվածներում կարող են 2-3 ժամ հերթի մեջ մնալ՝ մինչև կկարգավորվի իրավիճակը։ Ընդ որում, այդ դժվարության մեծ մասն էլ գալիս է ոչ այնքան մեզնից, որքան այն պատճառով, որ մեր քաղաքացիներն այնքան էլ չեն ուզում գնալ այնտեղ, որտեղ մենք ենք առաջարկում, այլ գերադասում են սպասել ու այլ տեղ գնալ», -նշել է Սանոսյանը։
15:49 - 29 սեպտեմբերի, 2023
360 մլն դրամ հատկացվեց ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով
 |1lurer.am|

360 մլն դրամ հատկացվեց ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը 360 մլն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմերին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով: Այդ մասին Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու նախագիծը ներկայացնելիս: Նախարարը տեղեկացրեց, որ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին առաջարկվում է հատկացնել 50-ական միլիոն դրամ, մյուս մարզերին՝ 30-ական միլիոն դրամ: «Արդեն երկուշաբթի Կառավարության արտահերթ և գրավոր քվեարկությամբ 100 միլիոն դրամ Սյունիքի մարզին հատկացրել ենք, որպեսզի հիմնադրամի միջոցով առաջնային կարիքները հոգան: Հիմա սա երկրորդ հատկացումն է»,- ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ն է ուղղված լինելու գումարային հատկացումը: «Տարբեր նպատակներով, այսինքն՝ ինչ կարիքների անհրաժեշտություն կունենան: Կարող է լինել գույքի տեսքով, կարող է լինել սննդի տեսքով, պարենային ապրանքների: Դրանք կարող են տրանսպորտային տարբեր ծախսեր լինել»,- մանրամասնեց Գնել Սանոսյանը:   Վարչապետը հանձնարարեց կազմակերպել նաև ԼՂ-ից բռնագաղթած թոշակառուներին թոշակ տալու գործընթացը:
14:43 - 28 սեպտեմբերի, 2023
ՏԿԵՆ-ում քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզերում տեղավորելու հետ կապված հարցեր

ՏԿԵՆ-ում քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզերում տեղավորելու հետ կապված հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարզերում տեղավորելու հետ կապված մի շարք կազմակերպչական բնույթի հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ «Իրավիճակով պայմանավորված` բոլոր մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որում ներգրավված են ՏԿԵ նախարարության, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցներ։ Աշխատանքային խմբերը ընդունելու և զբաղվելու են բռնի տեղահանվածների կարիքներով՝ սկսած նրանց տեղաբաշխումից, մինչև այլ կարիքների ապահովում։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տեղավորման և կարիքների գնահատման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև համայնքները։
22:16 - 25 սեպտեմբերի, 2023