ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն

Մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն

Կառավարությունը ապրիլի 18-ի նիստում ընդունել է որոշում, որի արդյունքում քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն: «Ինչպես նշել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսքը վերաբերում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող, ուսուցանման ու գրագիտության հետ կապված անձանց զինվորական ծառայությունը ոչ պիտանի ճանաչելուն, ինչպես նաև ուրոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդությունների՝ առանց ախտանիշների հաստատված գիշերամիզություն հիվանդություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառողների զորացրման դեպքերին: «Վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակները առաջարկվում է ճանաչել սահմանափակում պիտանի զինվորական ծառայության համար, ինչպես նաև սահմանվում են զինվորական ծառայության սահմանափակումները, որոնց շրջանակում կիստաների առկայությամբ սահմանափակումները նախատեսվելու են զորամասի բժշկի կողմից, գիշերամիզություն հիվանդությամբ ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահության, արգելվում է տրանսպորտային միջոցներ և տեխնիկա վարելը, անձնակազմ ղեկավարելը»,- ասել է նախարարը: Սուրեն Պապիկյանը պարզաբանել է՝ գիշերամիզությամբ այսօր էլ զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելու մասին է: «Վիճակագրական տվյալները մեզ ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա: Խոսքն անգամների մասին է: Խորհրդակցել ենք նաև Առողջապահության նախարարության հետ, և խոսքն այնպիսի հիվանդությունների մասին է, որոնք ծառայության ընթացքում որևէ կերպ չեն կարող վնասել մարդու առողջությունը», -ասել է Սուրեն Պապիկյանը: Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հարցն ունի և՛ քաղաքական, և՛ մասնագիտական հիմնավորման խնդիր. «Երբ մենք վիճակագրությունները նայում ենք՝ տեսնում ենք, որ անկանոնությունները շատ են: Այս թեման ուսումնասիրելիս՝ մենք մի քանի պրոբլեմների հետ ենք բախվել, որովհետև շատ դեպքերում առաջնորդվում ենք լավատեսության կանխավարկածով, որ եթե խոսքը վերաբերում է հայրենիքին, հայրենասիրությանը և այլն, այդտեղ պետք չի շատ մեղավորության կանխավարկածով առաջնորդվել: Բայց երբ թեմաների մեջ խորանում ենք՝ տեսնում ենք, որ կան բազմաթիվ պրոբլեմներ, բազմաթիվ սողանքներ, և նաև մեր պրակտիկան է թույլ տալիս եզրակացնել, որ այդ սողանցքները լայնորեն օգտագործվում են: Վերջին շրջանում մեր իրավապահ համակարգում եթե չասեմ բազմաթիվ, գոնե մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային համակարգի, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ են գործում: Պետական վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում ընդհանրապես մենք մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք, որ ես անկեղծ ասեմ՝ այդպիսի բան իմ մտքով չէր էլ անցել, որ այդպիսին է պրակտիկան ընդհանարապես, երբ, օրինակ, որ զորակոչիկի, մարդու ուղեղում կիստա կա, դա արձանագրվում է, բայց հնարավոր չէ նույնականացնել այն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյա՞լն է, թե՞ քսերոքսով բոլորի գործերի մեջ դնում ենք ու այդպես ազատում ենք: Այսինքն՝ այդ կարգի խորը խնդիրներ և պրոբլեմներ կան: Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ում մտքով կանցնի՝ լինել երկրի, կառավարության անդամ կամ վարչապետ կամ մտքովդ անցնի, որ երկրի պետության, ազգի էլիտար երկու մասնագիտություն ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության: Ո՞ւմ մտքով կարող է այդպիսի բան անցնել: Շատ էական է, որ այս ահազանգերը, այս իրավիճակները, մենք այդ համակարգերից չենք ստացել, համակարգերը չեն մեզ կարմիր դրոշ ծածանել, որ ժողովուրդ, այստեղ պրոբլեմ կա, կարգավորեք: Մենք լրիվ ուրիշ դեպքերով, ուրիշ տեղերով գնալով ենք հասկացել, որ այստեղ խնդիր կա: Բայց պետական համակարգի ամբողջ աշխատանքի իմաստը դրա մեջ է, որ այն առաջնային օղակների մարդիկ, ովքեր առնչվում են նման դեպքերի հետ, պետք է կառավարությանը, պետությանն ասեն՝ հարգելի կառավարություն, այսպիսի պրոբլեմ կա, վերադասության կարգով այդ ժամանակ պետք է զեկուցեն: Հիմա ես ուզում եմ տալ հարց, որը հռետորական է և հռետորական չէ՝ իսկ ինչի՞ առողջապահության առաջնային օղակը չի զեկուցել մինչև նախարար, ինչի պաշտպանության առաջանային, զորահավաքային առաջնային օղակը չի զեկուցել մինչև նախարար: Ինչի՞: Համակարգն այդտեղ է համակարգ, որ վերադասության կարգով զեկուցում են, ասում են՝ պրոբլեմ կա: Ես չեմ հիշում մի դեպք, որ մեզ առաջնային օղակներից այդպիսի զեկույցներ եկած լինեն, չկա այդպիսի դեպք ուղղակի: Այստեղ է խոր համակարգային, պետական համակարգի ճգնաժամը երևում: Մեր նախարարներն էլ պետք է հետևություններ անեն սրանից: Այս ամեն ինչով, ովքեր զբաղվել են մինչև հիմա, ինձ թվում է՝ էլ չպետք է զբաղվեն: Ով զբաղվել է վերջին 5 տարում և չի զեկուցել, որ այսպիսի պրոբլեմ կա, ինչքան էլ տգեղ հնչի, խնդիր եմ դնում, չեմ ասում՝ 1 օրվա ընթացքում, ամսվա ընթացքում, ընդհանրապես թող այդտեղ չաշխատի, թեմայի հետ թող առնչություն չունենա»»,- նշված է Կառավարության հաղորդագրության մեջ:
16:02 - 18 ապրիլի, 2024
ՊՆ-ն կկրճատի ոչ պիտանի ճանաչման հիվանդությունների ցանկը |civilnet.am|

ՊՆ-ն կկրճատի ոչ պիտանի ճանաչման հիվանդությունների ցանկը |civilnet.am|

civilnet.am:  Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կրճատել այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Կառավարությունն ապրիլի 18-ին ընդունելու է որոշում, որով թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ Պաշտպանության նախարարության հիմնավորման համաձայն՝ այս հիվանդություններով զորակոչից զորակոչ ազատվող անձանց թիվն ամեն տարի աճել է։ Այսպես՝ թեթև աստիճանի մտավոր հետամնացության ախտանշաններով եթե 2020-ին ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, 2022-ի ձմեռային զորակոչի ժամանակ այդ թիվը հասել է 321-ի։ Գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունների՝ կիստաների ախտանշաններով ոչ պիտանի ճանաչվելու հնարավորությունը ևս վերանում է։ «Նշված ախտորոշմամբ զորակոչիկներին հետազոտելու և փորձաքննելու համար մեծ մասամբ հիմք են հանդիսացել իրենց իսկ նախաձեռնությամբ իրականացված ՄՌՏ հետազոտությունների արդյունքները։ Մասնավորապես, 2023-ի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների կողմից ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ են ներկայացվել ավելի քան 1 400 ՄՌՏ հետազոտության տվյալ, որոնցից 737-ի դեպքում իրականացված առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության արդյունքում զորակոչիկները ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար»,- հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Նոր կարգավորմամբ վերը նշված երեք ախտանշանների դեպքում անձինք ոչ թե կճանաչվեն ոչ պիտանի, այլ կհամարվեն զինծառայության համար սահմանափակումով պիտանի։
10:34 - 18 ապրիլի, 2024
«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակում կա դրական դինամիկա. ՊՆ խոսնակ |azatutyun.am|

«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակում կա դրական դինամիկա. ՊՆ խոսնակ |azatutyun.am|

azatutyun.am: Զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, «Ազատությանը» հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը: «Ապրիլի 12-ի վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում ևս կա դրական դինամիկա, այս պահին նրա վիճակն արդեն գնահատվում է ծանր, կայուն», - նշել է նա: Ապրիլի 12-ին ՊՆ զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ը վթարի էր ենթարկվել Սյունիքի մարզում՝ հայտնվել հարակից ձորակի տարածքում։ ՊՆ-ն հայտնեց 4 զոհի, 20 վիրավորի մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով:
17:59 - 16 ապրիլի, 2024
Նախաքննությամբ հերքվել է «Ուրալ»-ի վթարի՝ որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ

Նախաքննությամբ հերքվել է «Ուրալ»-ի վթարի՝ որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։ Մասնավորապես առգրավվել են ավտոմեքենայի շահագործման պահանջներին, տրանսպորտային միջոցի տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Այս պահի դրությամբ, քննչական անհրաժեշտ գործողություններ դեռևս հնարավոր չի եղել իրականացնել ավտոմեքենայի վարորդի, ինչպես նաև նրան ուղեկցող՝ շահագործման պատասխանատուի՝ ավտոմեքենայի ավագի հետ՝ վերջիններիս առողջական վիճակով պայմանավորված։ Հաշվի առնելով առկա շահարկումները, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ նախաքննությամբ հերքվել է տվյալ միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ զինծառայողի կողմից ավտոմեքենան վարելը եղել է իրավաչափ, ավտոմեքենայի շահագործումը տվյալ անձին վստահելու հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը, առկա փաստական տվյալներով, ապահովված են եղել։       Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է իրականացվում շահագործման համար ավտոմեքենայի կամ դրա դետալների պիտանելիության և շահագործելիության, զինծառայողների փոխադրումը սահմանված պահանջներին և կանոններին համապատասխան իրականացվելու հանգամանքները, ինչպես նաև բուն վթարի առաջացմանը նպաստած օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքները, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հընթացս կներկայացնի հանրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:07 - 15 ապրիլի, 2024
ՊՆ հաշվեկշռում առկա և շահագործվող բոլոր տեսակի մեքենաների ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն․ պաշտպանության նախարարություն

ՊՆ հաշվեկշռում առկա և շահագործվող բոլոր տեսակի մեքենաների ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն․ պաշտպանության նախարարություն

 «Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ՊՆ-ն հայտնում է, որ ՊՆ հաշվեկշռում առկա և ԶՈՒ կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են:  Այդուհանդերձ, ՊՆ-ն հայտնում է, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ:  Հիշեցնենք, որ «Ազատության» հետ զրույցում երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ի վթարից տուժածի մայրն էր ասել, որ «զինվորներն են իրենց գումարով այդ «Ուրալ»-ները վերանորոգել․ «Քանի անգամ պատահել է նման դեպք։ Եղել է, ասել է, որ պատահել է, որ մաս է պակասել, մաս է պետք եղել, իրենք վերցրել, տարել են ու վերանորոգել ավտոմեքենան։ Բայց, ասում է՝ մեկը սարքում էինք, մեկն էր փչանում, էն մեկը սարքում էինք, էն մեկն էր փչանում։ Ի՞նչ պետք է անեին էս երեխեքը։ Թող զինվորին լավ նայեն։ Եթե նման անսարք տեխնիկա են օգտագործում, թող գոնե սարքին լինի։ Քանի՞ նման զոհ ու վիրավոր պիտի բերեն դաս չեղավ ոչ մի անգամ։ Ցավը շատ մեծ է, շատ բան կարող եմ ասել, բայց չեմ ուզում, թող իրենք իմանան», - նշել էր նա։
20:16 - 13 ապրիլի, 2024
Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի՝ մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ

Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի՝ մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ

Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: «Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։ Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։ ՀՀ քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ հընթացս հանդես կգա հաղորդագրություններով։ Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։
21:38 - 12 ապրիլի, 2024