ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

ԱԱԾ աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը. Նիկոլ Փաշինյան

ԱԱԾ աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,Տնօրենի հարգելի տեղակալներ,Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատողներ, Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով: Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել կատարված և կատարվող աշխատանքի համար: Իհարկե, ինչպես բոլորիս աշխատանքը, Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն էլ անթերի չէ և չէր կարող լինել, բայց պիտի արձանագրեմ, որ ընդհանուր առմամբ Ազգային անվտանգության ծառայությունը նախորդ տարվա ընթացքում կատարել է անվտանգությունն ապահովելու իր առջև դրված խնդիրը: Եվ այս առումով, մենք վստահ ենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և իհարկե, կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ազգային անվտանգության ծառայության և մեր երկրի պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ հզորացումն առաջնահերթություն է կառավարության համար: «Եվ Ազգային անվտանգության ծառայությունը հասկանալիորեն այս ուշադրության իմաստով ամենևին էլ երկրորդական տեղերում չէ, և տնօրենն արդեն նշեց՝ 2018 թվականից ի վեր Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումն, ըստ էության, եռապատկվել է: Այստեղ պետք է արձանագրենք, որ այդ ֆինանսական միջոցների ավելացումը հիմնականում ծառայում է երեք հիմնական նպատակների: Առաջինը՝ ծառայության տեխնիկական հագեցվածությունը, երկրորդը՝ նաև ենթակառուցվածքների բարելավումը: Եվ նաև շատ կարևոր ենք համարում, որ էական միջոցներ են հատկացվում ծառայողների սոցիալական վիճակը բարելավելու, աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ: Այս առումով, կարևոր է կամավոր ատեստավորման գործընթացը: Ես գիտեմ, որ ինչպես մեր շատ կարևոր կառույցներում, կամավոր ատեստավորման գործընթացի նկատմամբ ի սկզբանե լինում է որոշակի հոռետեսություն, բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և կառավարությունն ունի երկու խնդիր լուծելու: Առաջինը, որ պետական ծառայողները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության, ավելի ու ավելի մեծ աշխատավարձ ստանան՝ իրենց ծառայության նշանակությանը համարժեք: Եվ երկրորդը՝ շատ կարևոր է, որ մենք ամենայն հարգանքով բոլորի և յուրաքանչյուրի մասնագիտական կարողությունների նկատմամբ, բայց ընդհանուր առմամբ ճիշտ է, որ յուրաքանչյուր աշխատանքի մեջ խթան է լինում յուրաքանչյուրին լրացուցիչ ազդակ տալու, որպեսզի մենք կենտրոնանանք մեր մասնագիտական կարողությունները և հմտություններն ավելացնելու վրա: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ մենք այս հարցն անընդհատ ենք քննարկում, որ շատ կարևոր է պատշաճ ձևով ծառայությունում առկա թափուր տեղերը համալրել նոր կադրերով, երիտասարդներով, որպեսզի նաև ավագ սերնդի ներկայացուցիչները ժամանակ և հնարավորություն ունենան երկար տարիների ընթացքում իրենց կուտակած փորձը փոխանցել նրանց, որպեսզի ծառայությունը փորձի էներգիայի այս միաձուլումով՝ գնալով ավելի մեծ տեմպերով իր աշխատանքի որակը մեծացնել»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ԱԱԾ-ում ոլորտի բարեփոխումների շարունակումը: «Իմ գնահատականն այն է, որ 2018 թվականից հետո, գուցե նաև դրանից առաջ էլ, երբեմն Ազգային անվտանգության ծառայության վրա դրվում են անհամաչափ խնդիրներ, այսինքն՝ մի փոքր տրամաբանականից և գործառույթայինից էլ ավելի խնդիրներ, որն իհարկե, ինչպես արդեն ասացի, Ազգային անվտանգության ծառայությունը պատվով է կատարում: Բայց մյուս կողմից կարծում եմ, որ առաջիկայի համար և ռազմավարական ընկալմամբ, մենք պետք է Ազգային անվտանգության ծառայության կարողությունները կենտրոնացնենք երեք հիմնական ուղղությունների վրա, որոնցից մեկն, ակնհայտորեն, հակահետախուզությունն է, երկրորդը՝ սահմանադրական կարգի պահպանությունը, և երրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարը: Իհարկե, այս բոլոր գործառույթներն իրականում շատ կարճ են հնչում, բայց դրանք ընդգրկուն, խորը և բազմապրոֆիլ ու բազմաշերտ գործառույթներ են, որոնք կապված են պետության անվտանգության ապահովման առանցքային և կենսական խնդրի հետ: Իհարկե, այս առումով նաև մենք կշարունակենք Ազգային անվտանգության ծառայության կարողությունների մեծացումը»,- շեշտել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Սահմանապահ զորքերն առնվազն տեսանելի ապագայում նույնպես կշարունակեն լինել Ազգային անվտանգության ծառայության անբաժանելի մաս: «Նաև մաքսանենգության դեմ պայքարն է օպերատիվ մասով շարունակում մնալ Ազգային անվտանգության ծառայության գործառույթների մեջ: Տնօրենը նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի ենթակառուցվածքների բնականոն գործունեության խնդիրը նույնպես դրվելու է Ազգային անվտանգության ծառայության վրա, բայց ակնհայտորեն այս բոլոր խնդիրները ծառայությունը չպետք է միայնակ լուծի, պարզապես աշխատանքի ճշգրիտ բաժանում պետք է տեղի ունենա, որպեսզի ծառայության պատասխանատվությունը լինի իսկապես արդյունավետ իրագործելու և իրացնելու հնարավորություն: Այս առումով, տեսնում եմ, որ մենք հետևողական, համաչափ և հստակ քայլերով գնում ենք առաջ, ինչը շատ կարևոր է: Այս պրոցեսը պետք է անպայման շարունակել: Մեր ընդհանուր մոտեցումն այն է, որ ծառայության լավագույն ավանդույթները պետք է ուժեղացվեն և պետք է նոր շունչ, նոր մոտեցումներ բերվեն: Այնպիսի մարտահրավերներ են ի հայտ գալիս, որոնք, օրինակ՝ 20 տարի առաջ ընդհանրապես կամ գոյություն չունեին, կամ դրանք մեր օրակարգի հարցը չէին: Օրինակ՝ կիբերանվտանգությունը, որն ամեն օրվա հետ ավելի կարևոր ու հրատապ խնդիր է դառնում և ակնհայտորեն տեսանելի ապագայում դա լինելու է ամենակարևոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր պետության, պետական մարմինների, կառավարման համակարգի անվտանգության ապահովման համար: Այս առումով, իհարկե, մենք պետք է շատ կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկենք: Հարգելի ներկաներ, Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարած աշխատանքի համար: Ծառայության աշխատանքը շատ բարձր եմ գնահատում և, իհարկե, բոլորն են հասկանում, որ ԱԱԾ բնույթը շատ բարդ է և ԱԱԾ-ում ծառայելը հեշտ չէ: Դա նորմալ է, որ ԱԱԾ-ում ծառայելը հեշտ չէ, որովհետև այստեղ ավելի բարձր ստանդարտներ պետք է գործեն: Եվ ես կարծում եմ, որ մեր ընդհանուր ցանկությունն է, և նաև ծառայության հեղինակության, մասնագիտության հեղինակության առումով նաև դուք եք առաջին հերթին շահագրգիռ, որպեսզի ԱԱԾ-ում բոլոր ստանդարտները գնալով բարձրանան՝ մասնագիտության, բարեվարքության, պրոֆեսիոնալիզմի և այլն: Շատ կարևոր է նաև, որ սոցիալական երաշխիքների ստանդարտները նույնպես բարձրանան: Ուրախ եմ, որ մենք այս ճանապարհով ենք գնում, և ես արձանագրում եմ, որ համաչափորեն աշխատավարձերն էականորեն բարձրացնելու հնարավորությունը ստեղծված է, մի շարք դեպքերում՝ ընդհուպ կրկնապատիկի չափով: Հույս ունեմ, որ այս համակարգը կներդրվի և լիարժեք կյուրացվի ծառայության կողմից այն ըմբռնմամբ, որ սա մեկանգամյա գործողություն պետք է չլինի: Ընդհանրապես, բոլոր այն տեղերում, որ մենք ատեստավորման մեխանիզմը գործարկել ենք՝ մեր ընկալումն այն է, որ այդ նույն պրոցեսը պետք է տեղի ունենա. որակավորման բարձրացում կամ արդեն իսկ բարձրացած որակավորման ստուգում և աշխատավարձերի բարձրացում: Մենք շատ դեպքերում ականատես ենք լինում իրավիճակների, երբ պետական ծառայությունում տասնամյակով աշխատավարձերի էական փոփոխություններ տեղի չեն ունենում, ինչն ակնհայտորեն նեգատիվ է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, որովհետև ինֆյլացիան բոլոր դեպքերում միշտ լինելու է: Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,Հարգելի ներկաներ, Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ծառայության, աշխատանքի որակը շարունակաբար բարձրացնելու ձեր վճռականության համար և հաջողություններ եմ մաղթում հետագա աշխատանքի և ծառայողական առաջընթացի առումով»,- իր խոսքը եզրափակել է վարչապետ Փաշինյանը: Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Վարչապետը նշել է, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրելու մասին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հանրապետության նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում:
21:59 - 20 դեկտեմբերի, 2023
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են գերիների փոխանակման գործընթացի մեկնարկի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են գերիների փոխանակման գործընթացի մեկնարկի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը, հայկական կողմից, սակայն, դեռ հաստատում չկա։ Մեր զրույցում ԱԱԾ-ից հորդորեցին հետևել պաշտոնական տեղեկատվությանը, իսկ ՀՀ վարչապետի խոսնակի ու վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնի հեռախոսահամարներով զանգերն այս պահին անպատասխան են մնում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր «Ազատության»՝ գերիների վերադարձի մասին հարցին ի պատասխան  հայտնել է․ «Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս պահին ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։ Եթե նկատել եք, երկու բաղադրիչ կար՝ գերիների ազատ արձակում և կար կլիմիայի այդ կոնֆերանսի [ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»)] կոմպոնետը։ Եվ ահա այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ և այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը, և մենք չունենք հիմք, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները», - ասել է Միրզոյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։  Միևնույն ժամանակ, ըստ հայտարարության, ՀՀ-ն իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանել է իր թեկնածությունը: Ադրբեջանը իր հերթին աջակցությունն է հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:
14:42 - 13 դեկտեմբերի, 2023
ԿԿՀ նախկին նախագահի՝ իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԿԿՀ նախկին նախագահի՝ իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում օրերս հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում եւ դրանով պայմանավորված իր նկատմամբ ճնշման դեպքի մասին է։ Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ. «Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ․ Ազգային անվտանգության  ծառայությունից։ Որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի  քվեարկվեր․․․ Արժանացել է բացասական եզրակացության, եւ դա անհանդուրժելի է նաեւ․․․  Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի  ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես, հենց այդ  պահին զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա որպես  երեւույթ ինչ-որ մեկը Կառավարությունում տեղյա՞կ է թե՞ ոչ, եւ պիտի շնորհակալություն հայտնեմ,  րո անմիջապես արձագանքը եղել է․․․ Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին,-հեղ.) այցելել էր նույն  շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ Բնապահպանական տեսչական մարմին, եւ նաեւ այցելեց հանձնաժողով, եւ 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ  դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաեւ պարոն Աղաջանյանի  խոսքերը, եւ շնորհակալություն նաեւ իրեն՝ դա մեր եւ մեր քաղաքական թիմի կողմից  անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով հայտնել՝ Դատախազությունն ուսումնասիրե՞լ է/ուսումնասիրո՞ւմ է նախկին պաշտոնատար անձի՝ իր  օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու փորձի վերաբերյալ վերոնշյալ հայտարարությունը։ Եթե այո, դրա վերաբերյալ կազմվե՞լ է քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն։ Դրական  պատասխանի դեպքում խնդրել էինք հայտնել հոդվածը եւ մանրամասնել՝ ինչպես է լուծվել  դրա ընթացքը։ Իսկ եթե կազմվել է վարույթ չնախաձեռնելու արձանագրություն, խնդրել էինք նշել դրա հիմքը։ Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։  Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։ Կատարվում է նախաքննություն։ Հիշեցնենք, որ Հայկուհի Հարությունյանը 2019 թվականին նոյեմբերին ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, որից հետո հանձնաժողովի կողմից ընտրվել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ այս տարվա նոյեմբերի 19-ը:  Հարությունյանը հավակնում էր դառնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ. ԱԺ-ն քննարկեց վերջինիս թեկնածությունը, որը առաջադրվել էր մրցութային խորհրդի որոշմամբ, սակայն Հարությունյանը չընտրվեց անդամի պաշտոնում, քանի որ քվեարկությանը ոչ մի պատգամավոր չէր մասնակցել․ ՔՊ-ն նախօրոք հայտնել էր, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը։ Միլենա Խաչիկյան
10:15 - 13 դեկտեմբերի, 2023
Կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Մարաշի անձնագրային խմբի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Մարաշի անձնագրային խմբի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի երկու պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիներից տարբեր չափերի կաշառք ստանալու և գումարների հափշակության 50 դեպք: Ընդ որում՝ մի շարք դեպքերում քաղաքացիներն իրենք են իրենց նախաձեռնությամբ առաջարկել և տվել կաշառքի գումարները՝ որպես մատուցված անձնագրային ծառայությունների դիմաց «շնորհակալություն»: Այս մասին տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից: «Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով վերը նշված անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, տասներկու դեպքում անձամբ, իսկ երեսունհինգ դեպքում նույն անձնագրային խմբի առաջատար մասնագետ-խմբի ղեկավար Լ. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խախտել են օրենսդրությամբ սահմանված արգելքը և բազմաթիվ քաղաքացիների ու նրանց մատնանշած անձանց օգտին իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով անձնագրային գործողություններ կատարելու համար վերջիններից պահանջել և ստացել են կաշառք: Մասնավորապես՝ Ա. Ս.-ն և Լ. Հ.-ն  նույնականացման քարտերի տրամադրման սահմանափակումների պայմաններում վերոհիշյալ անձանց նախապատվություն տալու ու նշված քարտերը տրամադրելու, անձնագրային գործողություններն արտահերթ կատարելու կամ անձնագրային և վիզաների վարչության գործառույթներից բխող այլ գործողություններ իրականացնելու համար, պետական տուրքի գումարներից բացի, քաղաքացիներից պահանջել և ստացել են տարբեր չափերի՝ 2.000-ից 50.000 ՀՀ դրամ կաշառք: Օրինակ՝ անձնագրային խումբ դիմած անձանցից մեկի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագիր ձևակերպելու և տրամադրելու, ինչպես նաև համապատասխան հասցեում վերջինիս հաշվառելու համար 2023 թվականի հունվարի 11-ին հիշյալ պաշտոնատար անձինք պետական տուրքի գումարներից բացի, նրանից պահանջել և ստացել են 50.000 ՀՀ դրամ կաշառք: Մեկ այլ քաղաքացու նույնականացման քարտի ձևակերպումներն էլ կատարելու համար նրանից, բացի 3.300 ՀՀ դրամ պետական վճարից, որպես կաշառք պահանջել են 20.000 ՀՀ դրամ, որից բացի, տվյալ քաղաքացին իր նախաձեռնությամբ տվել է ևս 5.000 ՀՀ դրամ կաշառք: Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (35 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ): Լ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (35 դրվագ) և 44-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
18:44 - 07 դեկտեմբերի, 2023
ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ․ ԿԿՀ նախկին նախագահը՝ ճնշումների մասին

ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ․ ԿԿՀ նախկին նախագահը՝ ճնշումների մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ և անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը այսօր ԱԺ-ում հայտարարեց իր գործունեության ընթացքում ճնշումների մասին։ Մանրամասնելով՝ Հարությունյանը նշեց, որ ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։ Նրա խոսքով՝ ասել են, որ «բացասական եզրակացությունը այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր, արժանացել է բացասական եզրակացության, և դա անհանդուրժելի է»։ «Նաև ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պետք է ապահովվեր․ վերջին նախադասությունը գուցե շատ սուր հնչի», - նշեց ԿԿՀ նախկին նախագահը։  Նրա խոսքով՝ ինքն անմիջապես զանգի մասին տեղեկացրել և փորձել է ճշգրտում անել, թե արդյոք դրա մասին՝ որպես երեւույթի, կառավարությունը տեղյակ է, թե ոչ․ «Եւ շնորհակալություն հայտնեմ, որ արձագանքն անմիջապես եղել է, և նման վարքագիծ այլեւս չի դրսեւորվել»։
17:36 - 06 դեկտեմբերի, 2023
Գասիմովը 6 տարի առաջ նկարված տեսանյութին ավելացրել է իր ձայնը՝ խուճապ տարածելու հայ հասարակության շրջանում․ ԱԱԾ

Գասիմովը 6 տարի առաջ նկարված տեսանյութին ավելացրել է իր ձայնը՝ խուճապ տարածելու հայ հասարակության շրջանում․ ԱԱԾ

Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը և ուղարկել նրան: Սակայն, Թ.Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում: Ներկայացվում է 2017թ. նամակագրությունից մեկ հատված: Կոչ ենք անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից: ՀՀ ԶԼՄ-ներին և ազգաբնակչությանը հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը տարբեր ուղղություններով գտնվում է լիարժեք վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ «Ինֆոքոմն» երեկ այցելել էր Երեւանի Կոմիտասի 5Ա հասցե եւ համեմատել տեղանքը տեսանյութի կադրերի հետ։ Ինֆոքոմը հրապարակել էր լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, որ տեսանյութում առկա կադրերը չեն համապատասխանում բակի ու շենքի ներկայիս տեսքին։
12:36 - 06 դեկտեմբերի, 2023
1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչը. ևս 5 անձ ձերբակալվել է

1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչը. ևս 5 անձ ձերբակալվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող Հ. Ղ.-ի կողմից մի շարք անձանցից տարբեր չափերի կաշառք ստանալու վերաբերյալ: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն»  գերեզմանատանը վերջիններիս ազգականներին հուղարկավորելու նպատակով նախընտրելի տարածքներում գերեզմանատեղիներ տրամադրելու համար, 2023 թվականի մայիսի 22-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում միջնորդների միջոցով և գերեզմանատան բանվոր Ն. Վ.-ի օժանդակությամբ վերը նշված երեք անձանցից ստացել է համապատասխանաբար 500.000, 200.000 և 600.000 ՀՀ դրամ կաշառք: Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով 30.11.2023 թվականին քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ գերազմանատան վարիչը: Նույն օրը Հ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հ. Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Եվս 5 անձի մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տալու և  կաշառքի միջնորդություն կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
17:58 - 01 դեկտեմբերի, 2023
ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը․ Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը

ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը․ Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը

ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առաջարկվում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի նշանակի ու պաշտոնից ազատի ոչ թե նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, այլ հենց վարչապետը։ Արդարադատության նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է՝ ներկա կարգավորումներով ԱԱԾ տնօրենի ու տեղակալների պաշտոնները համարվում են զինվորական ծառայության պաշտոններ, բայց ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է։ Նշվում է, որ անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի վարչապետը՝ նկատի ունենալով Ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը․ «Այդպիսով կապահովվի «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված պետական վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց ինչպես նշանակման և ազատման կարգի, այնպես էլ կարգավիճակի համապատասխանությունը հանրային ծառայության ընդհանուր տրամաբանությանը»։ Նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։ Այդ իսկ պատճառով համապատասխան լրացումներ կկատարվեն նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում: Նախագիծը համարվել է անհետաձգելի․ խորհրդարանը հարցը կքննարկի հրատապ ռեժիմով։
11:21 - 30 նոյեմբերի, 2023
Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում. ԱԱԾ բացահայտումը

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում. ԱԱԾ բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքեր: «Կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «Հայկազունք» և «Ֆոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փաստացի սեփականատեր Յ.Ա-ն, նշված ընկերություններում վարորդ-առաքչի գործառույթներ փաստացի իրականացնող Պ.Մ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ խաբեության եղանակով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, առանձապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող և հատուցման իրավունք վերապահող, տարբեր տեսակի սննդի պահանջարկի և մատակարարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ուռճացված տվյալներով կազմված կեղծ փաստաթղթերի  օգտագործմամբ, «Հայկազունք» ՍՊ ընկերության աշխատակիցներ Կ.Մ-ի, Ն.Հ-ի, Ն.Ն-ի, Ս.Ս-ի, Ռ.Մ-ի, ինչպես նաև մսամթերքի տեսակավորման և բաշխման գործընթացում ներգրավված Գ.Ս-ի, Ա.Ա-ի, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզների պատասխանատու անձանց և այլ անձանց՝  միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ, 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում փոխանցման եղանակով ստացել և խաբեության եղանակով հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարները: Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 9 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Հանցավոր խմբի անդամների մի մասը խոստովանական ցուցմունքներ են տվել հափշտակության կատարման մեխանիզմի, հանցավոր խմբի անդամների դերակատարության, հանցավոր ճանապարհով ստացված եկամտի բաշխման, առանձնապես խոշոր չափերով հափշտակության կատարման հանգամանքների շուրջ կայացված պայմանավորվածությունների, դրանց իրագործման եղանակների և այլնի մասին: Ցուցմունքին կից ներկայացվել են նաև հափշտակության կատարման հանգամանքը հիմնավորող, ինչպես նաև հանցավոր եկամտի բաշխման չափի վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող գրառումներով փաստաթղթեր: Հանցավոր խմբի անդամներից հինգի նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:   Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, աշխատավայրերում, ավտոմեքենայում, ընդհանուր՝ շուրջ չորս տասնյակ հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր, շուրջ 55.000 ԱՄՆ դոլարին համարժեք 22 մլն ՀՀ դրամ գումար, ոսկյա զարդեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ, համակարգիչներ: Հարցաքննվել են նաև Երևան քաղաքի տարբեր մանկապարտեզների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ՝ տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերով հափշտակության հանգամանքների, հիշյալ հանցանքներին իրենց առնչության և քրեական վարույթով ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, այդ թվում՝ մեծ ծավալի հասնող հափշտակության ամբողջական չափը և հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:32 - 27 նոյեմբերի, 2023
ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից
 |azatutyun.am|

ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է «դավաճանության» հոդվածով քրեական վարույթ հարուցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների կապակցությամբ, պնդելով՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում Բաբայանի գործողություններում հանցակազմ չկա։ Ավելին, ինչպես ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանն է նշել, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ բանակցային գործընթացի, և՛ Բաքվին փաստաթղթեր փոխանցելու մասին։ Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Բաբայանը մի շարք հարցազրույցներում ասել էր, որ մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումը Բաքվին 23 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, համաձայն որի՝ Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանար։ Բաբայանը պնդել էր, որ Ադրբեջանը համաձայնել էր իր առաջարկին, բայց Արցախի իշխանությունները խոչընդոտել են այդ գործընթացին։ Բաբայանի այս հայտարարությունների հիման վրա էլ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազին՝ նշելով, որ ըստ էության՝ Արցախի նախկին պաշտոնյայի հայտարարություններում պետական դավաճանության և ինքնիրավչության հատկանիշներ կան։ «Արցախից վերադառնալուց կամ բռնի տեղահանվելուց հետո անմիջապես հայտնվեց պարոն Բաբայանը մի շարք լրատվամիջոցներում, և էնտեղ իր հարցազրույցները և հրապարակային հաստատումները ավելի քան խնդրահարույց էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը՝ շարունակելով. - «Սամվել Բաբայանի արարքներում, իմ կարծիքով, տարբեր հանցակազմեր են ակնհայտորեն երևակվում, որոնք վերաբերում են ինքնիրավչությանը, պետական դավաճանությանը, պետական գաղտնիքի հրապարակմանը»: Իր հաղորդման մեջ պատգամավորը նշել է, որ քրեական վարույթի շրջանակներում պետք է պարզվի, թե ում լիազորմամբ է Բաբայանը բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, 23 կետից բաղկացած ինչ փաստաթուղթ է փոխանցել Բաքվին, արդյոք դրանցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ եղել են, թե՝ ոչ։ ԱԱԾ ավագ քննիչը, սակայն, մերժելով քրեական վարույթի հարուցումը, ի պատասխան գրել է, որ Սամվել Բաբայանն արել է ընդհանուր բնույթի և վերացական հայտարարություններ, որոնցում չկա կոնկրետ հանցագործություն մասին տեղեկություն։ «Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու գործընթացում Սամվել Բաբայանի գործողությունները այլ անձի կամ պետության կողմից չեն վիճարկվել, որևէ կարգ չի խախտվել, ավելին՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ գործընթացի, և՛ փաստաթղթերի մասին»,- գրել է ավագ քննիչը։ Անհիմն համարելով քննիչի այս պնդումները՝ ընդդիմադիր պատգամավորը հարցնում է՝ այդ ինչպե՞ս առանց քննության ԱԱԾ փոխգնդապետ Նորայր Այվազյանը պարզեց, որ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի և Բաքվի միջև բանակցություններից։ «Նախ և առաջ՝ ինչպե՞ս դուք բացահայտեցիք, թե Արայիկ Հարությունյանը... Բաքվի բանտից ձեզ ցուցմո՞ւնք է արդյոք տվել Գլխավոր դատախազություն կամ Քննչական կոմիտե, դուք որտեղի՞ց ունեք այդ փաստերը», - ընդգծեց Լիլիթ Գալստյանը: ԱԱԾ քննիչը նաև նշել է, որ հարցազրույցներում Բաբայանի կողմից թշնամու կողմն անցնելու կամ դավաճանությանը բնորոշ հայտարարություններ չեն արվել, առկա են միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար պետության կարգավիճակ ստեղծելու մասին տեղեկություններ պարունակող հայտարարություններ, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել փաստաթղթերի փոխանակում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: «Այսինքն՝ Սամվել Բաբայանը չի կատարել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին այնպիսի տեղեկությունների վաղաժամ տարածում, որը վնաս է հասցրել Հայաստանի կենսական շահերին», - գրել է քննիչը: «Այդ պատասխանը բացարձակապես ոչ-հիմնավոր է: Որպեսզի մենք իմանայինք՝ դրանք վերաբերել են արտաքին քաղաքականությա՞նը, թե՞ դրանք վերաբերել են պետական գաղտնիությանը, պիտի որ քննություն իրականացվեր՝ այդ ամենը բացահայտելու: Որտեղի՞ց է վերցրել ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանը, թե դրանք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, թե պետական այլ գաղտնիքներ են պարունակում, կամ Արցախի պաշտպանունակությանը, կամ դիրքերի դասավորվածությանը, և այլն, և այլն: Որտեղի՞ց են որոշել», - ասաց Լիլիթ Գալստյանը:
17:20 - 22 նոյեմբերի, 2023
ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքին

ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքին

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքի գործարքին։ ՀԾԿՀ-ն նման որոշում է կայացրել նոյեմբերի 15-ին կայացած նիստի ընթացքում։ Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք կբերի Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը։ ՀԾԿՀ-ի որոշման մեջ նշվում է՝ ԲՏԱ-ն հայտնել է, որ գործարքի կայացման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ չունի՝ գրությանը կից ներկայացնելով Հայտի առնչությամբ դիտողություն չունենալու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԾԿՀ-ն մերժել էր «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքին համաձայնության տրամադրումը։ ԲՏԱ նախարարությունը՝ որպես իրավասու մարմին, առարկել էր գործարքի կնքումը՝ հաշվի առնելով, որ այն վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։  
17:19 - 15 նոյեմբերի, 2023
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ սահմանապահ ուղեկալի բացման արարողություն

Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ սահմանապահ ուղեկալի բացման արարողություն

Պետական սահմանի պահպանությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։ ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ հերթական ուղեկալի բացման հանդիսավոր արարողությունը, որը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի  և Սահմանապահ զորքերի ղեկավարության անունից շնորհավորեց զինծառայողներին՝ նորակառույց ուղեկալում ծառայություն իրականացնելու կապակցությամբ, և նշեց,  որ հայրենիքի սահմանների հուսալի պահպանությունն ազգային անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից է, հավելելով, որ նորակառույց սահմանապահ ուղեկալն ապահովված է ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, նյութատեխնիկական միջոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով: Սահմանապահ զորքերի ղեկավարությունը շրջայց կատարեց նորակառույց ուղեկալի սպայական կացարանում՝ ծանոթացավ զինծառայողների կենցաղային պայմաններին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին՝ հագեցած են սահմանապահ ուղեկալի սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։ Այցի ավարտին ՀՀ ԱԱԾ ղեկավարության անունից համապատասխան հանձնարարականներ տրվեցին Սահմանապահ զորքերի ուղեկալում ծառայություն իրականացնող սպայական անձնակազմին։    
15:25 - 14 նոյեմբերի, 2023
Աննա Վարդապետյանն ԱԱԾ է ուղարկել Սամվել Շահրամանյանի՝ հանցագործության մասին հաղորդումը
 |factor.am|

Աննա Վարդապետյանն ԱԱԾ է ուղարկել Սամվել Շահրամանյանի՝ հանցագործության մասին հաղորդումը |factor.am|

factor.am: Հայաստանի գլխավոր դատախազությունը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դիմումը փոխանցել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին Factor․am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազի աշխատակազմից։ Հիշեցնենք` Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 8-ին նամակով դիմել էր Աննա Վարդապետյանին։ Նա խնդրել էր սոցցանցերի այն հրապարակումները, ըստ որոնց, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները կոռուպցիոն չարաշահումներ են կատարել, ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի նոյեմբերի 8-ի հայտարարության՝ Սամվել Շահրամանյանը նշել է, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
11:12 - 14 նոյեմբերի, 2023
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու պաշտոնյա և նրանց կաշառք տված անձինք

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու պաշտոնյա և նրանց կաշառք տված անձինք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ Կենտրոն վարչական շրջանի վերը նշված պաշտոնատար անձինք իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Կենտրոն վար­չական շրջա­նի՝ հրատապ լուծում պահան­ջող ըն­թա­ցիկ աշ­խա­­տանք­ներն ի­րա­­կա­նացնող ընկերության օգտին թողտվության, հովանավորչության, այն է՝ հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու և անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար, 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Տ. Մ.-ն, դարձյալ Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ն. Ա.-ի և Ա. Ա.-ի օգտին թողտվության և հովանավորչության, այն է՝ վերջիններիս փաստացի պատկանող՝ Երևան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայ­­թի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար, նրանցից 2023 թվականի հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 700.000 ՀՀ դրամ կաշառք: 13.11.2023 թ. կաշառք ստացած երկու պաշտոնյաներն ու վերջիններիս կաշառք տված անձանցից երկուսը ձերբակալվել են: Տ. Մ.-ին ու Ա. Հ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ), իսկ նրանց կաշառք տված անձանց՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:59 - 13 նոյեմբերի, 2023