Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

Վարչապետի հրաժարականը պահանջող թղթի հեղինակը Տիրան Խաչատրյանն է եղել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

Վարչապետի հրաժարականը պահանջող թղթի հեղինակը Տիրան Խաչատրյանն է եղել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Ես չեմ կարող հասկանալ ու ընկալել փետրվարյան դեպքերին բանակի կեցվածքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 2021-ի փետրվարին ԳՇ հայտարարությունը, որտեղ պահանջում էին վարչապետի հրաժարականը: «Ես շատ լավ հասկանում եմ՝ ոնց է ծնվել այդ թուղթը, բայց այդ թղթի տակ վերջինը ստորագրել է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը: Նախաձեռնության հեղինակին մենք բազմիցս կանչում ենք քննիչ հանձնաժողով, բայց ինքն այստեղ քաղաքական հարթակներում է ֆռֆռում, որովհետեւ նախկինում եղել է դաշնակցական: վերջերս էլի տեսակետ է հայտնել Փաշինյանի մասին, ոչ պետական կեցվածքով: Հիմա իրար կողք դրեք ԳՇ  նախկին պետի արած հայտարարությունը եւ ԳՇ պետի նախկին տեղակալի հայտարարությունը: Մի տեղում զգացվում է պետության ընկալում, մյուս տեղում ախպերական: Խոսքը Տիրան Խաչատրյանի մասին է»,-ասաց նա: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը կասկածներ ունի, որ այդտեղ դրսի հետք կա, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իհարկե, եթե մենք ունենայինք այն հետախուզական կառույցները, որոնք երազում ենք ունենալ, մենք չէինք կասկածի, վստահ կիմանայինք՝ ովքեր են»:
19:54 - 30 հունիսի, 2023
Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով, չգալ չի կարող. Անդրանիկ Քոչարյան
 |armtimes.com|

Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով, չգալ չի կարող. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով և ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունը ինչին տիրապետում է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե Մովսես Հակոբյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրայնացված տեղեկատվությանը:   «Արդեն որերորդ անգամ հրապարակային հրավիրում ենք քննիչ հանձնաժողով: Ոնց որ վարչապետը եկավ, ոնց որ եկել են իր բոլոր ղեկավարները, նա ևս պետք է  գա և պարզապես ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունը, ինչին տիրապետում է: Հիմա ուշադիր հետևել է, և արձագանքել է այն հատվածին, որը վարչապետը հանրայնացրեց: Բայց չէ որ այդ դրվագների մասով ինքը ասելիք ունի, և քննիչ հանձնաժողոըվ շատ կցանկանա իրեն լսել: Մենք բոլորին հրավերներն ուղարկել ենք և այն պաշտոնյաները, որոնք ասելիք ունեն՜ Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանը և Մովսես Հակոբյանը անպայման պետք է ներկայանան»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը: Քննիչ հանձնաժողով չգալը, ըստ Քոչարյանի, չի բխում ոչ մեր երկրի շահերից, ոչ էլ տվյալ պաշտոնյաների կողմից իրենց պաշտոնավարման ընթացքում տիրապետած տեղեկատվությունը հանձնաժողովին չներկայացնելու շահերից: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ներկայացրել էր 7-րդ պաշտպանական շրջանի վերաբերյալ խոսակցությունները, որը գլխավորել է Մովսես Հակոբյանը։ Փաշինյանը հայտարարել էր, որ ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել՝ զորքերը դուրս բերելու «ռեկամենդացիան» տվել է Մովսես Հակոբյանը։ Մովսես Հակոբյանը անդրադարձել էր Փաշինյանի հայտարարություններին, ասելով, որ ինքը որոշում կայացնելու իրավասություն չի ունեցել։   
18:11 - 27 հունիսի, 2023
Քննիչ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի ասածները հակասության մեջ չէին Նիկոլ Փաշինյանի փաստարկների հետ. Անդրանիկ Քոչարյան
 |armenpress.am|

Քննիչ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի ասածները հակասության մեջ չէին Նիկոլ Փաշինյանի փաստարկների հետ. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ասածները որևէ հակասության մեջ չեն եղել Հայաստանի վարչապետի՝ նույն հանձնաժողովում ներկայացրած փաստարկների հետ:  Այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստից հետո, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք համոզի՞չ էր վարչապետի ելույթը՝ Քոչարյանը դրական պատասխան տվեց: Իսկ հունիսի 27-ին քննիչ հանձնաժողովը վարչապետին կտա հարցեր ու կստանա պատասխաններ: Անդրադառնալով Շուշիի հետ կապված վարչապետի հայտարարություններին և հարցին, թե Օնիկ Գասպարյանը Շուշիի հետ կապված ի՞նչ է ասել՝ Քոչարյանն ասաց. «Օնիկ Գասպարյանի հետ մեր հանդիպումը եղել է փակ նիստում: Օնիկ Գասպարյանի ասածները որևէ հակասության մեջ չէին Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր ներկայացված փաստարկների հետ»: Քոչարյանը չբացառեց նաև, որ կարող է Օնիկ Գասպարյանին կրկին հանձնաժողով հրավիրելու անհրաժեշտություն առաջանալ։ Իսկ թե ինչու կյանքի չկոչվեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը՝  իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստ անցկացնելու վերաբերյալ, Քոչարյանն ասաց. «Տոնոյանն առաջարկում էր քննիչ հանձնաժողովը դարձնել տեսակետների բախման հարթակ: Քննիչ հանձնաժողովն ունի իր ընթացակարգը, աշխատակարգը: Դավիթ Տոնոյանին երկու անգամ ես առաջարկել եմ, որ  ցանկացած ձևաչափով կամ մենք գնանք իր մոտ, կամ ինքը գա մեզ մոտ»: Խոսելով ընդդիմության կողմից քննիչ հանձնաժողովի նիստին չմասնակցելու որոշման մասին՝ Քոչարյանն ասաց, որ նրանք նման որոշում են կայացրել, քանի որ փաստերի հետ առնչվելու ցանկություն չունեն։  
16:17 - 20 հունիսի, 2023
Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է արձանագրել. Անդրանիկ Քոչարյան
 |armenpress.am|

Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է արձանագրել. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 2022 թվականին ռազմական արդյունաբերության հետ կապված ունի արձանագրված հաջողություններ, ինչը նկատել է նաև հակառակորդը: Այս մասին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը: «Ռազմական արդյունաբերության հետ կապված 2022-ին ունենք արձանագրած հաջողություններ, որն, ի զարմանս մեզ, նկատել է նաև հակառակորդը՝ իհարկե չգիտակցելով, որ դա մեր արդյունաբերության հետ արձանագրված իրողություններ են: Ամեն դեպքում, դա հաճելի իրողություն է: Եվ դա շարունակությունն է այն նպատակների, որ կառավարությունը դրել է 2022-ի և ընդհանրապես կառավարության ծրագրերի մեջ՝ ռազմական արդյունաբերության զարգացման տեսանկյունից»,-ասաց Քոչարյանը: Պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ վարչապետի մոտ առնվազն մի քանի խորհրդակցություններ են եղել՝ ՊՆ-ի, ԱԺ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ արդյունաբերության հետ կապված խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Նրա խոսքով՝ բյուրոկրատական խնդիրները շատ են, բայց դրանց հաղթահարումն  այն նպատակին է մոտեցնում, որ արդյունաբերությունը առանց խոչընդոտների բանակի կարիքների հետ կապված կարողանա լավ արձանագրումներ իրականացնել:
13:13 - 15 հունիսի, 2023
Մինչև թմրանյութի պահեստ հասնելը մեր ոստիկանությունը ի վիճակի՞ էր կանխել. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահե Ղազարյանին |armtimes.com|

Մինչև թմրանյութի պահեստ հասնելը մեր ոստիկանությունը ի վիճակի՞ էր կանխել. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահե Ղազարյանին |armtimes.com|

armtimes.com: Քրեական գործերով բազմաթիվ հետախուզվողներ, հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում։ Ինչպե՞ս են այդ մարդիկ հատել սահմանն ու հասել այդտեղ։ Այս մասին ԱԺ-ում՝ բյուջետային քննարկումների ժամանակ, Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ընդգծելով. «Այս տարի առնվազն 2 անգամ հանդիպել եք ՌԴ ձեր գործընկերոջ հետ։ Վերջերս լայվ էր մտել հայտնի բանան ներկրող նախկին պատգամավոր, ինքնախոստովանական ցուցմունք էր տալիս, թե ոնց է բանանի արկղերով թմրամիջոցը եկել, և իտալացիների բացահայտումից հետո ոնց է գտել պարոն Աբազյանի հեռախոսահամարը։ Չեմ ողջունում մաքսային կանաչ գոտին, որի միջոցով այդ ապրանքները հասել են պահեստ։ Ուզում եմ հասկանալ՝ մինչև պահեստ հասնելը մեր ոստիկանությունը ի վիճակի՞ էր կանխել։ Իրենք տարածում են նաև կադրեր, թե ինչպես են լավ հարաբերություններ ստեղծվում՝ «տանիք» է կոչվում, ՌԴ ինչ-որ պաշտոնյաների հետ կնունքի, ծնունդի են մասնակցում։ Հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում։ Ինչպե՞ս են այդ մարդիկ հատել սահմանն ու հասել այդտեղ։ Ձեր գործընկերոջ հետ քննարկե՞լ եք այդ հարցը, թե ոչ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ, ի լրումն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 17-ի հրապարակման, ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ կա ձերբակալված: Վերջինս «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ. Ղ.-ն է: Մայիսի 17-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի՝ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։ ՀՀ վարչապետը, ԱԺ-ում մեկնաբանելով 1 տոննա կոկաինի գործը, հայտնել էր, որ մեկ տոննա կոկոաինի հասցեատերը բանանի՝ հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է։ Մայիսի 25-ին հայտարարություն էր տարածել Միհրան Պողոսյանը՝ նշելով, թե երբ իմացել է բանանի պահեստում 1 տոննա կոկաինի առկայության մասին՝անձամբ է զանգի միջոցով հայտնել այդ մասին:
17:35 - 29 մայիսի, 2023
«Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել». Մանուկյանը՝ Քոչարյանին |news.am|

«Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել». Մանուկյանը՝ Քոչարյանին |news.am|

news.am: Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել. Պարո՛ն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք, փորձեք ճշտել՝ ոստիկանները կարող են բռնել, թե ոչ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ  ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Մինչ այդ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե պարեկների աշխատանքի արդյունավետությունը ստուգելու համար մեկ մեքենայի մեջ երթևեկող պատգամավորներով գերազանցել են արագությունը և մարզային ճանապարհային ոստիկաններն իրենց չեն կանգնեցրել, բայց Երևանում պարեկները կանգնեցրել են և վարչական ակտ գրել: Գեղամ Մանուկյանն ասաց, թե տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ներքին գործերի նախարարությունը՝ Պարեկային ծառայության ՆԳՆ-ն  է. «ՆԳՆ-ն տարբեր ստորաբաժանումներ ունի, այդ թվում զոհվածների ծնողներ ծեծող կարմիր, սև  բերետավորներ, որոնք արդեն տևական ժամանակ ընդդիմադիր գործիչներ, այդ թվում նաև պատգամավորների նկատմամբ բռնություն են գործադրում և պատասխանատվության չեն ենթարկվում: Անուն-ազգանուններով հայ ժողովուրդը գիտի՝ Ջոմարդյան Հայկազը դարձել է մարմնացումն անօրինականության, թե ինչպես կարելի է ուսադիր կրել ու տևական ժամանակ իշխանության բռնաճնշումների գործիք լինել»,-ասաց Մանուկյանը: Ընդդիմադիր պատգամավորը ՆԳՆ բյուջեից կատարողականը զեկուցող նախարարի տեղակալ Արա ֆիդանյանին հարցրեց, թե կա՞ թիվ, թե պարեկային ծառայության համար նոր ձեռք բերված մեքենաների քանի տոկոսն է վթարվել և խափանված կանգնած: Մանուկյանը նաև հետաքրքրվեց՝ բյուջեի կատարողականի վերլուծության մեջ կա՞ համեմատական պատկեր, թե ՆԳՆ-ի բյուջեից քանի տոկոսն է հատկացվել  2022 թվականին Նիկոլ Փաշինյանի անշփում տեղափոխումն ապահովելու համար: Ֆիդանյանն ասաց, որ անընդունելի է ոստիկանության ծառայողների անձնական տվյալների հարպարակումը և վստահեցրեց, որ եթե լինում են իրավասությունների վերազանցում, ապա իրենք և իրավապահ այլ մարմիններ դրանով զբաղվում են: ՆԳՆ նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ 67 վթարված պարեկային մեքենաներ ունեն, որոնք հիմնականում սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքների հետևանք են: Ֆիդանյանը վերջում վստահեցրեց, որ ոստիկանությունը իրականացնում է բացառապես հասարակական կարգի պահպանում:
17:00 - 29 մայիսի, 2023
«Ես գիտեմ, որ հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն». Անդրանիկ Քոչարյան
 |aravot.am|

«Ես գիտեմ, որ հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն». Անդրանիկ Քոչարյան |aravot.am|

aravot.am: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հայտարարել է, որ հայկական զորքերը գտնվում են ադրբեջանական սահմանին՝ 1-2 կետով: Խորհրդարանում լրագրողներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ ինչի՞ մասին է խոսքը: «Չեմ կարող ասել: Ես գիտեմ, որ հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն: Ես գիտեմ, որ ադրբեջանական զորքերը խախտել են ՀՀ ինքնիշխան տարածքը: Նորից կրկնում եմ՝ այն, ինչը որ մերն է՝ մերն է. շուտ թե ուշ՝ ամեն ինչ պետք է գա՝ հագնի այն իրողության հետ, որ եթե ճանաչում եք մեր սահմանները, ուրեմն, այդ սահմաններն անձեռնմխելի են, ուրեմն, դրա հիմնական գրավականը լինելու են մեր զինված ուժերը»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը: Հարցին՝ ադրբեջանական զորքերը պետք է ետ գնան՝ նո՞ր խաղաղության պայմանագիրը ստորագրվի, նա պատասխանեց, որ կան տարբեր տեսակետներ՝ սահմանազատման-սահմանագծման աշխատանքները չավարտված, ո՞ր քարտեզներով, նույնիսկ հումորի առարկա է դառնում՝ քանի՞ դար հետ գնանք եւ այլն: «Հիմք ընդունած ինչ-որ քարտեզ անպայման գոյություն ունի, դա սովետական քարտեզներ կան, սովետական ԶՈւ-ում գործող քարտեզներ կան: Երկու կողմերից էլ պետք է ճանաչենք այդ քարտեզների իրողությունը, որը ճշտման գուցե, առանձին դեպքերում, կարիք կունենա: Կարծում եմ, այստեղ պետք է մենք շարժվենք մեր շահերի տեսանկյունից, նրանք էլ փորձելու են շարժվել իրենց շահերի տեսանկյունից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ նույնիսկ մինչեւ բանակցությունների գնալն ադրբեջանական կողմը գնում է սադրանքների. դրանից առաջ էլ գնում էին եւ ինչ-որ հաջողություններ արձանագրում էին, բայց վերջին գործողությունների ժամանակ ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական կողմին չհաջողվեց իր խնդիրը լուծել: Սա, ըստ նրա, փաստում է մեկ բան՝ ՀՀ ԶՈՒ-ը պետք է ծառայեն մեկ նպատակի՝ փորձելով օր առաջ վերականգնել կորցրածը, լավ սպառազինվել, լավ կառավարվել:
13:50 - 15 մայիսի, 2023
Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց ևս 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը
 |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց ևս 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։ Քոչարյանը ասաց, որ քննիչ հանձնաժողովն աշխատանքի ընթացքում պահանջել և ստացել է 4 հազար 154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ՝ 14 հազար էջից ավելի ծավալով։ Նա նշեց, որ այդ փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը շարունակվում է։ «Որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են և հրավիրվում են գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։ Վերը նշված լսումների և զրուցների ընթացքում ստացված տեղեկությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ ուսումնասիրման նպատակով դիմել համապատասխան կառույցներին և ստանալ փաստաթղթերի նոր քանակ։ Հրավիրյալների լսումները շարունակելու և փաստաթղթերի նոր ծավալը ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլը, որի համար խիստ անհրաժեշտ է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել ևս 6 ամսով»,- ասաց Քոչարյանը, ով հանդիսանում է տվյալ հանձնաժողովի նախագահը։ Պատգամավորը վստահեցրեց, որ սա վերջին երկարաձգումը կլինի, և քննիչ հանձնաժողովը այդ որոշումն արդեն իսկ հաստատել է։
15:43 - 02 մայիսի, 2023
Անցակետ տեղադրվել է, և դա կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում է. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Անցակետ տեղադրվել է, և դա կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում է. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ճեպազրույցի ժամանակ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հարցադրումներին ի պատասխան, անդրադարձավ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցին: «Անցակետ տեղադրվել է, և դա գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում: Հիմա տեսնենք՝ անելիքներ կա՞ն էդտեղ, թե՞ չկան»,- ասաց Քոչարյանը: Հարցին՝ ի՞նչ պետք է անի ՌԴ-ն, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Իր պատասխանատվությունը, որ ստանձնել է նոյեմբերին, ինքը պետք է իրականություն դարձնի: Իսկ Հայաստանն էլ իր մասով պետք է անի»: Հարցին՝ իսկ ինչպե՞ս է լուծվելու խնդիրը, պաշտոնյան պատասխանեց. «Համբերատար, միասին... Այո՛, բլոկադաները երկար էլ են տևում: Երբ դիմանում ես, դու հաղթում ես»:   Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր՝ ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր, թե «Հայաստանի հետ սահմանին» սահմանային անցակետ են տեղադրել։  Արցախի Անվտանգության խորհուրդը միաձայն հայտարարություն էր ընդունել՝ դիմելով Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ՝ կոչ անելով ՌԴ-ին «ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը»։
14:31 - 25 ապրիլի, 2023
Փաշինյանի հետ բաց նիստ անցկացնելու Տոնոյանի առաջարկը կքննարկվի. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

Փաշինյանի հետ բաց նիստ անցկացնելու Տոնոյանի առաջարկը կքննարկվի. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ կքննարկեն Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը՝ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանձնաժողովի բաց նիստ անցկացնելու վերաբերյալ: Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Տոնոյանի հայտարարությանը: «Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի: Եվ, եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ»,-ասաց Քոչարյանը: Քոչարյանը չհամաձայնեց Տոնոյանի այն հայտարարության հետ, որով նա կասկածի տակ է դրել հանձնաժողովի անկողմնակալությունը: «Եթե ինքը ցանկանում է գալ հանձնաժողով, այստեղ կողմնակալության խնդիր չէ: Կողմնակալության խնդիրը կլուծվի, երբ մասնակիցները կհնչեցնեն հարցեր, եթե անհրաժեշտ է, այդ հարցերը հասանելի կլինեն բոլորին»,- ասաց Քոչարյանը: Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի մտքին, որ 44-օրյա պատերազմին վերաբերող, դրան նախորդած և հաջորդած ու դասակարգված տեղեկատվության որոշ հանգամանքների, տեղեկությունների ծանոթ չէ՝ Քոչարյանը շեշտեց, որ Տոնոյանը պաշտպանության նախարար է եղել:  «Շատ հանգամանքների հետ կապված՝ մենք հարցեր ունենք հնչեցնելու: Այնպես որ իր ծանոթ լինել-չլինելը կապ չունի մեր աշխատանքների հետ: Ինքն ինչո՞ւ պետք է ծանոթ լինի: Մենք իր պաշտոնավարման ընթացքին վերաբերող շատ հարցերի պատասխաններ պետք է ստանանք նաև իրենից»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Ավելի վաղ Դավիթ Տոնոյանը տարածած հայտարարությամբ վերահաստատել էր, որ պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը: Ուստի առաջարկեկ է իր ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին:
13:33 - 25 ապրիլի, 2023
«Պետք է համար մեկ պաշտոնյաների միջոցով ունենալ պատկերացումներ»․ Քննիչ հանձնաժողովում նաև Շուշիի անկման հարցն է քննվել |azatutyun.am|

«Պետք է համար մեկ պաշտոնյաների միջոցով ունենալ պատկերացումներ»․ Քննիչ հանձնաժողովում նաև Շուշիի անկման հարցն է քննվել |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ պատրաստվում է իր հասցեին ուղղված մեղադրանքներին, որ եթե ժամանակին համաձայներ կանգնեցնել պատերազմը, Շուշին կմնար Լեռնային Ղարաբաղի կազմում, պատասխանել Քննիչ հանձնաժողովի շրջանակներում։ Թե ինչի մասին էր խոսքը, Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չմանրամասնեց, պարզապես նշեց, որ հանձնաժողովում նաև Շուշիի հետ կապված ընթացքն է քննվել։ Բազմաթիվ փակ մասեր կան, որտեղ Քննիչ հանձնաժողովը պետք է համար մեկ պաշտոնյաների միջոցով ունենա պատկերացումներ, որպեսզի եզրահանգումները չլինեն թերի։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով, որ 2020-ի պատերազմի օրերին նաև եռահամանախագահող երկրներ էին բոլոր փորձերն անում որպեսզի պատերազմը կանգնեցվի, բայց չի ստացվել։ «Քննիչ հանձնաժողովը երկու օր շարունակ լսել է նախկին գլխավոր շտաբի պետին, Քննիչ հանձնաժողովը լսել է ներկայիս գլխավոր շտաբի պետին, որն այն ժամանակ եղել է օպերատիվ վարչության պետը՝ պարոն Ասրյանին, Օնիկ Գասպարյանն է հաջորդը եղել։ Քննիչ հանձնաժողովը լսել է նաև շատ կարևոր մեկ այլ պաշտոնյայի՝ պատերազմի ընթացքում մեր արտաքին գերատեսչության ղեկավարին՝ Զոհրաբ Մնացականյանին։ Հաջորդիվ կլինեն էլի հրավերներ։ Մենք պատրաստվում ենք հանդիպել այս ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատարի հետ, ես նաև պատրաստվում եմ շարունակաբար հանդիպում կազմակերպել պաշտպանության նախարարի հետ՝ պարոն Տոնոյանի հետ, վարչապետը հայտարարեց իր պատրաստակամությունը հրապարակայնորեն մասնակցելու և շատ փակագրեծ բացելու առումով»,- եզրափակեց Քոչարյանը։
10:05 - 24 ապրիլի, 2023
Ջալալ Հարությունյանը համաձայնել է մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Ջալալ Հարությունյանը համաձայնել է մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Ես ասել եմ պարոն Փաշինյանին, որ ըստ հերթականության, մենք Ջալալ Հարությունյանին հրավեր ենք ուղարկելու 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել, բայց կուղարկենք։ Զոհրաբ Մնացականյանից հետո ես զրույց ունեցել եմ Ջալալ Հարությունյանի հետ, և այս լիագումար նիստից հետո կկազմակերպենք հանձնաժողովի և ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը», - ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե պատահական չի, որ ընտրել են պաշտոնյային հրավիրելու հերթականությունը։ Քոչարյանն ասաց, թե Ջալալ Հարությունյանը համաձայնություն տվել է ներկա լինելու քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու հարցերին։ «Շատ քիչ մարդիկ են եղել, որ համաձայնություն չեն տվել։ Ինչպես նշեց նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ չօգտվել այս հարթակից, այս հնարավորությունից, պարզապես կլինի ախմախություն», - ասաց Քոչարյանը։ Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք իր կարծիքով վախենում են գալ Քննիչ հանձնաժողով։ Այդ անձանց շարքում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։   Ավելի մանրամասն՝ news.am-ում։ 
18:12 - 18 ապրիլի, 2023