Սահման

Հասանովը հրամանատարների հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին |azatutyun.am|

Հասանովը հրամանատարների հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով՝ «խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են ազատագրված տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարները»: Լրատվամիջոցը, հղում անելով երկրի ռազմական գերատեսչությանը, հայտնում է, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին, զորքերի ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը: Պաշտպանության նախարարը, ըստ հաղորդագրության, հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել նախագահ Իլհամ Ալիևի՝ վերընտրվելուց հետո երդմնակալության արարողության ժամանակ, ինչպես նաև փետրվարի 19-ին Ալիևի Թուրքիա կատարած այցի ընթացքում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում արված հայտարարությունները։
12:19 - 24 փետրվարի, 2024
Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար. Մակրոն |1lurer.am|

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար. Մակրոն |1lurer.am|

1lurer.am: Մակրոնն անհամաչափ է անվանել փետրվարի 13-ին Ներքին Հանդում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի հարվածը: Այս մասին ՀՀ վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա նշել է՝ իրենց հանդիպումը թույլ կտա խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների մասին։ «Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում  են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում: Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել, ինչը ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ: Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և վիրավոր»,- ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին․ «Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դեպքում»։  
20:25 - 21 փետրվարի, 2024
Ներքին հանդում ԵՄ դիտորդական առաքելությունը հասանելիություն չունի․ Ռուսաստանը ներկա է եղել վերջին միջադեպին և չի կարողացել կանխել միջադեպը․ Արմեն Գրիգորյան

Ներքին հանդում ԵՄ դիտորդական առաքելությունը հասանելիություն չունի․ Ռուսաստանը ներկա է եղել վերջին միջադեպին և չի կարողացել կանխել միջադեպը․ Արմեն Գրիգորյան

Ներքին հանդում վերջին միջադեպը, որ եղել է, ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չունի և միայն Ռուսաստանն այնտեղ հասանելիություն ունի․ Ռուսաստանը ներկա է այնտեղ և չի կարողացել կանխել միջադեպը։ Այս մասին ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Զախարովայի պնդմանը, թե ի տարբերություն ԵՄ դիտորդների, ՀԱՊԿ-ը կարող է տարածաշրջանում կայունություն ապահովել։ «Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է, միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի, մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը»,- ասել է Արմեն Գրիգորյանը։  Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր:
16:14 - 21 փետրվարի, 2024
Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից չորս անձի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից չորս անձի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2024 թվականի փետրվարի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող շփման գծի հարավ-արևելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ «Դրա հետևանքով 4 անձ՝ Էդուարդ Հարությունյանը, Գագիկ Մանուկյանը, Արսեն Համբարձումյանը, Հրաչ Հովհաննիսյանը, ստացել են կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ։ Ես մեկ անձ՝ Ռուստամ Վարդանյանը, ստացել է աջ ձեռքի նախաբազկի շրջանի հրազենային վիրավորում: Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք և առիթ` ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով (չորս դրվագ) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 8-րդ և 15-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր:
16:11 - 13 փետրվարի, 2024
ԵԿՄ-ն հայտնում է այսօր զոհված 4 զինծառայողների և երեկ հանկարծամահ եղած ևս մեկ կամավորականի մասին

ԵԿՄ-ն հայտնում է այսօր զոհված 4 զինծառայողների և երեկ հանկարծամահ եղած ևս մեկ կամավորականի մասին

Փետրվարի 12-ին նախնական տվյալներով հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը։ Այս մասին հայտնում է Երկրապահ կամավորականների միությունը։  Մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։ Միևնույն ժամանակ միությունը հայտնում է, որ այսօր զոհված զինծառայողները եղել են ԵԿՄ անդամներ․ «Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներ՝ Էդուարդ Համլետի Հարությունյանը՝ 1974թ․, Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը՝ 1957թ․, Գագիկ Վարազդատի Մանուկյանը՝ 1982թ․, Արսեն Գագիկի Համբարձումյանը՝ 1979թ․։ Վիրավորում է ստացել 1988թ․-ին ծնված Ռոստամ Բաղիշի Վարդանյանը, վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, մարտական ընկերներին․ շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորում ստացած Ռոստամ Վարդանյանին»։ 
15:20 - 13 փետրվարի, 2024
Չնայած ՀՀ իրավասու մարմինների հաղորդագրությանը՝ ադրբեջանական կողմը ագրեսիվ գործողություններ է իրականացրել. ՀՀ ԱԳՆ

Չնայած ՀՀ իրավասու մարմինների հաղորդագրությանը՝ ադրբեջանական կողմը ագրեսիվ գործողություններ է իրականացրել. ՀՀ ԱԳՆ

Փետրվարի 13-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Չնայած ՀՀ իրավասու մարմինների` փետրվարի 12-ի հաղորդագրությանը, որը նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերը և տեղեկությունները, թե Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել, հետաքննվում են, ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել։ Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ:Ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները: Ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները:Խստրեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողությունները, կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ 
13:54 - 13 փետրվարի, 2024
Ներքին Հանդում կրակոցները պարզ լսելի են եղել, բնակիչները տագնապային վիճակում են հայտնվել. ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Ներքին Հանդում կրակոցները պարզ լսելի են եղել, բնակիչները տագնապային վիճակում են հայտնվել. ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:   «Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով խաթարվել են քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության և այլ հիմնարար իրավունքները։   ՄԻՊ աշխատակազմին բնակիչները պատմել են, որ կրակոցները պարզ լսելի են եղել, ինչի հետևանքով իրենք ահաբեկվել են, հայտնվել են անորոշության մեջ, տագնապային վիճակում։   Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, կրթության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշտադիտարկման և մարդու իրավունքներին առնչվող փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են»,- ասված է գրառման մեջ։   Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր:
13:10 - 13 փետրվարի, 2024
Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր․ ՊՆ-ն հաստատում է

Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր․ ՊՆ-ն հաստատում է

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):  Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ: Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»։ Հիշեցնենք նաև, որ երեկ ՊՆ ՌՈ-ից հայտնել էին, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս․թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Հենց այս դեպքն է ադրբեջանական կողմը «սադրանք» որակել։
12:28 - 13 փետրվարի, 2024
Հայկական կողմը 4 զոհ ունի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Հայկական կողմը 4 զոհ ունի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», - ասաց Քոչարյանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»։ Հիշեցնենք նաև, որ երեկ ՊՆ ՌՈ-ից հայտնել էին, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս․թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Հենց այս դեպքն է ադրբեջանական կողմը «սադրանք» որակել։
12:17 - 13 փետրվարի, 2024
Հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են․ Թաթոյան

Հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են․ Թաթոյան

Հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են։ Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․ «Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից են։ Ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն Հայաստանի որևէ բնակավայրի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին անօրինական է, հանցավոր։ Առավել ևս այստեղ խոսքը Հայաստան ներխուժած զինված ծառայողների մասին է։ Ադրբեջանական այս սանձարձակ պահվածքը նաև այն բանի հետևանքն է, որ Հայաստանի իշխանությունը, հանուն քաղաքական շահերի, ամեն կերպ արդարացնում էր ադրբեջանական հանցանքները, ներխուժումները, հայտարարում, թե ադրբեջանական զինված ծառայողները ներկա են իրենց տարածքներում։ Ադրբեջանական իշխանությունն էլ օգտվում էր այս իրենց նվեր մատուցած հնարավորությունից, ամրապնդում իրենց դիրքերը։ Դրան զուգահեռ էլ առաջ էին բերում խաղաղության կեղծ հայտարություններ՝ միաժամանակ խորացնելով հայատյացությունն ու թշնամանքը»,- գրել է Թաթոյանը։ 
11:44 - 13 փետրվարի, 2024
Ադրբեջանական ԶՈՒ կրակը 09:30-ի դրությամբ դադարել է. ՊՆ-ն հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել

Ադրբեջանական ԶՈՒ կրակը 09:30-ի դրությամբ դադարել է. ՊՆ-ն հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի: Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ:
10:20 - 13 փետրվարի, 2024