Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, «Քաղաքացիական պանմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եղել է Սփյուռքի նախարար (2018 մայիս 11- 2018 հունվար 13), 2019 թ․ հոկտեմբերից Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է։

Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին: 2011թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը։ 2013թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2010-2017թթ. եղել է հայաստանյան մի շարք թերթերի՝ Մերձավոր Արեւելքի, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ: 2011թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա» կազմակերպությունը եւ մինչեւ 2015թ. եղել կազմակերպության փոխնախագահ: 2016թ․ «Քաղաքացիական կրթության եւ երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից՝ քաղաքական խորհրդի անդամ:

1,5 տարի է, ինչ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է Բյուրականի աստղադիտարանի թիրախավորված վարկաբեկում․ Արեգ Միքայելյան

1,5 տարի է, ինչ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է Բյուրականի աստղադիտարանի թիրախավորված վարկաբեկում․ Արեգ Միքայելյան

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր, ԿԳՄՍԵ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրառմանը՝ մեկնաբանելով, որ 1,5 տարի է, ինչ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է Բյուրականի աստղադիտարանի թիրախավորված վարկաբեկում։ Միքայելյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ։   ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի (ԳԿՄՍԵՍ ՄՀ) նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ 2020թ․ դեկտեմբերի 31-ի գրառման կապակցությամբ հարկ եմ համարում հայտարարել հետևյալը․   1․ Ինչպես և շատ այլ կառույցների նկատմամբ, ՀՀ իշխանությունների կողմից գիտության նկատմամբ ևս շարունակ իրականացվում է ապակառուցողական քաղաքականություն։ Դրա վկայությունն է «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը չնայած բազմաթիվ առարկությունների և քննադատությունների, փորձում են ամեն գնով ընդունել, որը 2019թ․ դեկտեմբերին նույնիսկ արդեն ուղարկվել էր ԱԺ, սակայն գիտական շրջանակներում բարձրացած բուռն ալիքի շնորհիվ առայժմ հետ կանչվեց։ Իշխանություններին կոչ կանեի գիտության և այլ ոլորտների համար որևէ օգտակար գործ անել, ոչ թե ամեն տեղ «բացթողումներ» կամ «չարաշահումներ» փնտրել և եղածը, կայացածը կազմաքանդելու փոխարեն փորձել աջակցել, կառուցել և նոր դրական նախաձեռնություններ իրականացնել։ ՀՀ ԳԱԱ բոլոր գիտական ինստիտուտներն իրենց կոլեկտիվներով դեմ են արտահայտվել վերոնշյալ օրենքի նախագծին, որը կարող է մեր գիտությունը կործանման տանել։   2․ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) նկատմամբ թիրախավորված հետապնդման քաղաքականությունը սկսվել է ԲԱ նախկին 5 աշխատակիցների կեղծ «հաղորդումների» հիման վրա, ովքեր 2019թ․ սեպտեմբերին աշխատանքից հեռացվել են աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտումների և/կամ անարդյունավետ աշխատանքի պատճառով։ Թեև նրանք այդ առիթով դատական գործեր էին հարուցել, սակայն ԲԱ տնօրինության որոշման օրինականությունը հաստատվել է դատարանի 3 ատյաններում (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ) և հասանելի է համացանցում DataLex դատական տեղեկատվական համակարգում (դատական գործեր ԱՐԱԴ/2909/02/19, ԱՐԱԴ/3608/02/19, ԱՐԱԴ/3625/02/19, ԱՐԱԴ/3944/02/19, ԱՐԱԴ/4589/02/19)։ 2019-2020թթ․ նրանք 2 անգամ հրավիրվել են ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ ՄՀ՝ Մխիթար Հայրապետյանի և հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրույցի, երբ նույն պաշտոնյաները, ովքեր իբր մտահոգ էին ԲԱ խնդիրներով, առ այսօր չեն այցելել ԲԱ, չեն օգտվել պաշտոնական տեղեկատվությունից, չեն հանդիպել տնօրենի կամ տնօրինության որևէ ներկայացուցչի, առաջատար գիտնականների հետ։ Այսինքն ավելի կարևորվում է աշխատանքից հեռացված անբարեխիղճ անձանց հետ ԲԱ խնդիրները քննարկելը։ Վերոնշյալ երկու հանդիպումներից հետո էլ (և ոչ միայն) Մխիթար Հայրապետյանի և Հովհաննես Հովհաննիսյանի կողմից կատարվել են ԲԱ հանդեպ անթույլատրելի վարկաբեկիչ գրառումներ։ Ի դեպ, որոշակի տվյալներ և լուրջ կասկածներ կան ԲԱ վերոհիշյալ նախկին աշխատակիցների և վերոհիշյալ պաշտոնյաների կապի վերաբերյալ, ինչը միանշանակ բերում է պաշտոնական դիրքի չարաշահման հանգամանքին։   3․ Հովհաննես Հովհաննիսյանը, դեռևս ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում, այնուհետև որպես ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության միջոցով 2019թ․-ին քրեական գործեր է հարուցել ԲԱ նկատմամբ, ինչի մասին հենց իր ներկայիս գրառման մեջ խոսում է Մխիթար Հայրապետյանը։ Բնականաբար, այդ գործը՝ որևէ իրական հիմք չունենալու պատճառով կարճվել է, ընդ որում երկու անգամ, քանի որ նշված պարոնայք նորից են պնդել գործը վերանայել։ Այսինքն իրենց իսկ հորինած «գործերը» բերվում են որպես «հիմնավորում»։ Դրանով չսահմանափակվելով, 2019-2020թթ․ ընթացքում ԲԱ են ուղարկվել հնարավոր բոլոր կազմակերպությունները՝ ՀՀ Ոստիկանություն, ԱԱԾ, ՊԵԿ, ՀԾԿՀ և այլ։ Նորից, որևէ հանցանք, չարաշահում, յուրացում կամ խախտում չի գրանցվել։ Այնուամենայնիվ, հետևողական կերպով միշտ խոսվել է «չարաշահումներից», այն էլ հաճախ՝ «խոշոր»։ Հասկանալի է, թե նման վերաբերմունքը և նման անթույլատրելի գործողությունները որքան են վնաս հասցնում մեր գիտությանն ընդհանապես, ԲԱ-ին՝ մասնավորապես։ Այս պայմաններում էլ, ԲԱ կոլեկտիվն աշխատել է նվիրաբար և իրականացրել իր առջև դրված բոլոր խնդիրները։ ԲԱ կոլեկտիվն իր ժողովներում խստորեն դատապարտել է վերոհիշյալ բոլոր հետապնդումները, որոնք մեծ վնաս են հասցնում ԲԱ գործունեությանը։   4․ Ֆինանսական մանր խախտումների արձանագրման ակնկալիքով 2019թ․ հոկտեմբերին ԲԱ է ուղարկվում ՀՀ Ֆինանսների նախարարության (ՖՆ) հանձնաժողով, որը հարյուրավոր կետերով ստուգել է ԲԱ 2016-2020թթ․ գործունեությունը (հարկ է նշել, որ ըստ ընդունված կարգի, սովորաբար ստուգվում է 3 տարվա գործունեությունը, ոչ թե 5)։ Բնականաբար որևէ չարաշահում չի գրանցվել։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ հանձնաժաղովի նախագահը ստուգումների վերջում նույնիսկ հատուկ շնորհակալություն է հայտնել անձամբ ինձ և ողջ տնօրինությանը՝ կատարած աշխատանքի համար։ Սակայն հանձնաժողովի եզրակացության մեջ բնականաբար, նշվել են ֆինանսատնտեսական և հաշվապահական գործունեության որոշ թերություններ, որոնք առաջարկել են հետագայում հաշվի առնել կամ շտկել։ Հենց սրանք են հիմա փորձում «բարձրաձայնել», սակայն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դրանք որևէ հիմք չեն հանդիսանում ԲԱ վրա ստվեր գցելու, նրա բարի անվան հետ խաղալու կամ կասկածելի հայտարարություններ անելու համար։   5․ Հարկ է նշել, որ Մխիթար Հայրապետյանի գրառումը կատարվել է 2020թ․ դեկտեմբերի 31-ին ժամը 17։32, այսինքն Նոր տարվա նախաշեմին։ Հետաքրքրական է նաև, որ ՀՀ Ֆինանսերի նախարարության հանձնաժողովը ԲԱ էր ուղարկվել Արցախի պատերազմի ամենածանր օրերին և աշխատեց մինչև նոյեմբերի վերջը։ Այս գործելաոճը թերևս նույնպես հաստատում է ԲԱ նկատմամբ թիրախավորված հետապնդման բնույթը։ Այնուամենայնիվ, ԲԱ տնօրինությունն ամեն կերպ աջակցել է հանձնաժողովի աշխատանքներին և որևէ խնդիր չի առաջացրել։ Ի գիտություն, այդ օրերին (սկսած սեպտեմբերի 29-ից) ԲԱ հյուրատանը հյուրընկալել էինք 36 արցախցի տարահանված երեխաների, մայրերի և տարեցների, ԲԱ-ն իր սուղ միջոցներից օգնում էր ռազմաճակատին, ԲԱ աշխատակիցներն իրենց հերթին գումարներ նվիրաբերեցին, ԲԱ տրանսպորտային միջոցներն ուղարկվել էին Արցախ և այլն։   6․ Եվս մեկ հանգամանք, ՀՀ ՖՆ հանձնաժողովի՝ 2020թ․ դեկտեմբերի 11-ին ներկայացված վերջնական եզրակացությանը պատասխանելու համար ԲԱ-ին տրված է 30 աշխատանքային օր ժամանակ, որը կլրանա 2021թ․ փետրվարի 1-ին։ Այսինքն կարելի էր գոնե կոռեկտ գտնվել և համբերել մինչև այդ ժամկետը, տեսնել նաև մեր պատասխանները, նոր միայն հերթական հայտարարությունները տարածել իբր ԲԱ-ում տեղի ունեցող «տարաբնույթ առերևույթ խախտումների» վերաբերյալ։   7․ ԲԱ ունի 54 հա տարածք, 100 աշխատակից (գիտաշխատողներ, ինժեներներ, տեխնիկներ, հաշվապահություն, վարորդներ, պահակներ, բանվորներ ևն) և մոտ 70 շինություն (վարչական շենքեր, լաբորատորիաներ, աստղադիտակներ, մեխանիկական արհեստանոց, տնտեսական շենքեր, հյուրատուն, բնակելի ծառայողական շենքեր, ենթակայան ևն)։ ԲԱ տարեկան բազային ֆինանսավորումը կազմում է 215,5 մլն ՀՀԴ։ Կան ևս բյուջետային (գիտական աստիճանների հավելավճարներ, ասպիրանտների և նրանց ղեկավարների վճարներ, բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականների հավելավճարներ ևն) և արտաբյուջետային (պայմանագրեր, դրամաշնորհներ) լրացուցիչ մուտքեր, որոնք հաշվի առնելով, ԲԱ տարեկան ամբողջ ֆինանսավորումը կազմում է մոտ 300 մլն ՀՀԴ։ Աշխատավարձերից, կոմունալ վճարումներից, տրանսպորտային և նպատակային ծախսերից հետո մնում է ընդամենը ոչ ավելի, քան 50 մլն ՀՀԴ, այսինքն ամսական շուրջ 4 մլն ՀՀԴ։ ՀՀ Ազգային արժեքի կարգավիճակ ունեցող այս կարևորագույն կառույցը պահպանելու և զարգացնելու համար (տեխնիկական ծախսեր, գրենական պիտույքներ և տպագրություն, համակարգիչներ, գրականության ձեռքբերում, գործուղումների մասնակի աջակցություն, գիտական միջոցառումների կազմակերպում, շինարարական-վերանորոգողական ծախսեր, կահույք ևն) մեզ հատկացվում է մի չնչին գումար, որի շուրջն այսքան աղմուկ է բարձրացվում։ Հակառակը, կարելի էր գնահատել, թե ինչպես է ԲԱ տնօրինությանը հաջողվում այդ չնչին գումարներով իրականացնել այս ամենը։ Ավելին, ԲԱ, ինչպես և բոլոր մյուս ակադեմիական գիտական հիմնարկների ֆինանսները հասանելի են թե՛ ՀՀ ԳԱԱ-ում, թե՛ ՀՀ Գիտության կոմիտեում (ԳԿ), թե՛ ՀՀ կենտրոնական գանձապետարանում (որտեղ և գտնվում է մեր հաշիվը)։ Մենք ամեն տարի ներկայացնում ենք ֆինանսավորման հայտ, ՀՀ ԳԿ հետ կնքում ենք պայմանագիր, ներկայացվում է ծախսերի նախահաշիվ (որի որևէ փոփոխություն նույնպես համաձայնեցվում է), տարեվերջին ներկայացվում է հաշվետվություն։ Յուրաքանչյուր ծախս թույլատրվում է միայն գանձապետարանի հավանությունից հետո։ Այսինքն այս ամենը չափազանց թափանցիկ է։ Համեմատության համար նշենք, որ ԲԱ ընթացիկ ծախսերի համար մնացող ամսական գումարը (4 մլն ՀՀԴ) նույնիսկ ավելի քիչ է, քան ԱԺ ԳԿՄՍԵՍ ՄՀ անդամների ամսական անձնական աշխատավարձը, իսկ դա տրվում է նրանց գործունեության համար, ինչն իմ խորին համոզմամբ իր ծավալներով ու կարևորությամբ հազարապատիկ անգամ փոքր և պակաս արդյունավետ է Ազգային արժեք հանդիսացող և մեր գիտության պատիվը պահող ԲԱ գործունեությունից։   8․ Եզրակացություն․ արդեն շուրջ 1,5 տարի է, ինչ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է ԲԱ թիրախավորված հետապնդում և վարկաբեկում։ ՀՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ԲԱ դեմ արշավ են սանձնազերծել։ Սակայն նույնիսկ այս ծանր ու սուղ պայմաններում, մեծ նվիրումով աշխատանքի արդյունքում ԲԱ գիտնականները կատարում են մեծ ծավալի գիտահետազոտական աշխատանք, հայտնաբերել են հազարավոր նոր տիեզերական մարմիններ, որոնք կոչվում են հայկական անուններով և մեր երկրին աշխարհով մեկ ճանաչում են բերում, իրականացվում են միջազգային նախագծեր (այդ թվում՝ «Ռոսկոսմոսի» հետ), հրապարակվում են կարևորագույն աշխատանքներ միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում, ԲԱ համագործակցում է շուրջ 30 երկրների գիտական կենտրոնների հետ։ Գիտաչափական բոլոր առումներով (ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաշվետվություններ, միջազգային վարկանիշային աղյուսակներ, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների վիճակագրական վերլուծություն, դրամաշնորհների հարաբերական քանակ, հրապարակումների ազդեցության գործակիցներ (IF), առավել արդյունավետ գիտնականներ ևն) ԲԱ-ը ՀՀ-ում ամենաարդյունավետ աշխատող գիտական հաստատություններից մեկն է, թեև աշխատակիցների թվով նույնիսկ միջինից ցածր է։   9․ ԲԱ 2013-ին ճանաչվել է ՀՀ Ազգային արժեք, 2011-ին գրանցել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական արժեք (ինչն ամբողջ աշխարհի գիտության մեջ չափազանց հազվագյուտ երևույթ է), 2015-ին ԲԱ պաշտոնապես ճանաչվել է Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, որը ճանաչել է նույնիսկ Թուրքիան (այսինքն սա Հայաստանի տարածաշրջանային և միջազգային հեղինակության ասպարեզում հսկայական հաղթանակ է), 2005-ին ստեղծել ենք Հայկական վիրտուալ աստղադիտարանը, 2001-ին ստեղծել ենք աշխարհի հայ աստղագետներին միավորող Հայկական աստղագիտական ընկերությունը, 2007-ին Երևանում կազմակերպել ենք եվրոպական աստղագիտական տարեկան խոշոր համագումարը, 2001 և 2013 թթ․ կազմակերպել ենք Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) պաշտոնական գիտաժողովներ, 2017-ին առաջին անգամ Հայաստանում կազմակերպեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային կոնֆերանս, 2019-ին առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «Տիեզերական հետազոտություններին և տեխնոլոգիաներին» նվիրված տարածաշրջանային երիտասարդական դպրոց, 2006-ից կանոնավոր կերպով գործում են Բյուրականյան միջազգային ամառային դպրոցները (որոնք ՄԱՄ կողմից ընգրկվել են աշխարհի 3 լավագույն դպրոցների շարքում, վերջինը՝ 2020թ․), ԲԱ դարձել է նաև Աստղաինֆորմատիկայի կենտրոն՝ 2015 և 2020 թթ․ կազմակերպել է «Աստղագիտական շրջահայություններ և Մեծ տվյալներ» թեմայով երկու գիտաժողով, 2017-ին վերականգնվել և անգլերեն առցանց թողարկվում է «ԲԱ հաղորդումներ» մասնագիտական պարբերականը, 2018-ին Հայաստանը միացել է «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» եվրոպական հեղինակավոր ամսագրի կառավարման խորհրդին, 2020-ին ԲԱ գիտնականներն արժանացան ՀՀ նախագահի տարեկան մրցանակին։ Չմոռանանք, որ այս ամենը տեղի է ունեցել ԽՍՀՄ փլուզումից և Վիկտոր Համբարձումյանից հետո, երբ թվում էր, թե ԲԱ գիտությունը պետք է զգալի չափով նահանջ գրանցեր։ Վերջապես, 2021-ին նշվելու է ԲԱ 75-ամյակը։ ԲԱ ողջ կոլեկտիվը լրջորեն պատրաստվում է այդ պատասխանատու տարեդարձին։   10․ ԲԱ ներկայիս տնօրինությունը դեռևս 2017թ․ին որդեգրել է բոլոր աշխատանքների և ֆինանսների նկատմամբ խիստ վերահսկողության քաղաքականություն։ Ջանք չի խնայվում ներկա դժվարին պայմաններում ևս ԲԱ տանել առաջխաղացման և զարգացման ուղղությամբ։ Գիտությունը մեր երկրում ամենաարդյունավետ աշխատող օղակն է։ Նույնիսկ ֆինանսական առումով մեր գիտությունը միանշանակ շատ ավելի արդյունավետ է աշխատում, քան ցանկացած այլ ոլորտ։ Մեր երկրում, որտեղ վերջին ժամանակներս ահռելի վնասներ ենք կրում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կորցրինք մեր բոլորի ստեղծած ու տասնամյակներ շարունակ բազմապատկած բարիքները, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած 170 մլն ԱՄՆ դոլարը (այսինքն 90 մլրդ ՀՀԴ՝ ԲԱ տարեկան ֆինանսավորումից 300 անգամ ավելի), ինչը նախատեսված էր ռազմաճակատի համար, չի օգտագործվում, հետո անհասկանալի հանգամանքներում առնվազն լռության է մատնվում (եթե ավելի կոշտ գնահատական չտանք), երբ գիտությանը հատկացվում է նվաստացուցիչ ցածր ֆինանսավորում, որ միայն աֆրիկական հետամնաց երկրներում կա նման բան, ֆինանսական ստուգումների և կասկածների թիրախ է դառնում հենց մեր գիտությունը։ Մեր պաշտոնյաներին կոչ եմ անում ձեռքերը հեռու պահել Բյուրականի աստղադիտարանից և զբաղվել որևէ օգտակար գործով, մասնավորապես, տվյալ հանձնաժողովի դեպքում՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի լրջագույն խնդիրներով, քանի որ գիտությամբ և մշակույթով մեր երկրի վարկանիշը բարձր պահելն է մնացել մեր միակ փրկությունը՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական և թե՛ այլ ոլորտներում հաղթանակների համար։   Աստղադիտարանի ներկայիս գործունեության վերաբերյալ մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» ամսագրի «Բյուրականի աստղադիտարանն այսօր» հոդվածից։
20:35 - 03 հունվարի, 2021
Բյուրականի աստղադիտարանն ընդգրկվել է ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թ. ծրագրում. Հայրապետյան

Բյուրականի աստղադիտարանն ընդգրկվել է ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թ. ծրագրում. Հայրապետյան

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է՝ հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ում առկա խնդիրները, ՀՀ օրենսդրությամբ լիազորված նախաքննություն իրականացնող մի շարք մարմինների վարույթներում գտնվող առերևույթ խախտումների վերաբերյալ քրեական գործերը՝ ս․ թ․ սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում կայացել էր հանդիպում աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ։ «Հանդիպման արդյունքում գործընկերոջս՝ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկով ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ն ընդգրկվել է ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագրում։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ ֆինանսների նախարարի 2020թ. հոկտեմբերի 14-ի թիվ 20-Ա, նոյեմբերի 4-ի թիվ 21-Ա և նոյեմբերի 9-ի թիվ 22-Ա հանձնարարագրերի համաձայն՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ում ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագրի շրջանակներում իրականացվել է 2016-2019թթ. և 2020թ հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսաբյուջետային գործունեության՝ ներառյալ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատման ստուգում, որն ավարտվել է 2020թ. նոյեմբերի 24-ին։ Ստուգման արդյունքում արձանագրվել են տարաբնույթ առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին։ Որպես ոլորտը կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ ցանկանում եմ վստահեցնել, որ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը և բոլոր գիտական և կրթական հաստատությունները շարունակ գտնվելու են մեր տեսադաշտում՝ ոլորտի բարեփոխումների, զարգացման, արդիականացման և հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայրապետյանը:      
18:41 - 31 դեկտեմբերի, 2020
Լուրը, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, չի հաստատվել․ Մխիթար Հայրապետյան

Լուրը, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, չի հաստատվել․ Մխիթար Հայրապետյան

ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ լուրը, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, չի հաստատվել։ «Ինչպես գիտեք, վերջին օրերին սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ ՀՀ-ն և Իրանը պաշտոնական հայտարարություններում չեն հաստատել այդ տեղեկությունը, այնուամենայնիվ, շարունակում եմ նամակներ ստանալ մեր քաղաքացիներից՝ վերստին այդ լուրերի իսկությունը ճշգրտելու պահանջով: Որպես ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որի խոսքով՝ այս պահի դրությամբ վերոնշյալ լուրերը չեն հաստատվել»,- գրել է Հայրապետյանը։
18:01 - 25 նոյեմբերի, 2020
Առաջարկվում է պահպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերության մեջ․ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 ձայնով |tert.am|

Առաջարկվում է պահպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերության մեջ․ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 ձայնով |tert.am|

tert.am: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: «Օրենսդրական բացի հետևանքով առաջանում է լրջագույն խնդիր իրենց ընտանիքների կենսագոյության հետ կապված և ըստ մեզ գործող օրենսդրությունը չի համապատասխանում զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությանը: Նախագծի նպատակն է պահպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»,-ասաց նա և նշեց, որ օրենքը հետադարձ ուժ ունենալու է և տարածվելու է այն զինծառայողների վրա, որոնք արդեն գերության մեջ են գտնվում:  Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 71 ձայնով:
12:44 - 19 նոյեմբերի, 2020
Մխիթար Հայրապետյանը Չինաստանի հավատարմարարին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

Մխիթար Հայրապետյանը Չինաստանի հավատարմարարին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր մասնաշենք և հանդիպում ունեցել ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ճոու Հունյուի հետ: Այս մասին հայտնեցին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից: Մխիթար Հայրապետյանը պարոն Հունյուին, դեսպանության աշխատակիցներին և, ի դեմս նրանց՝ Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 71-րդ տարեդարձի առթիվ: ԱԺ պատգամավորը հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրել  է շփման գծի ողջ երկայնքով թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, խոսել է նաև Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման վերաբերյալ՝ ուշադրություն հրավիրելով ռազմական գործողություններում Ադրբեջանի զինված ուժերում, ըստ հավաստի տեղեկությունների, հենց Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավման հանգամանքի վրա։ Հայրապետյանը դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին հայտնել է, որ այն ռազմական գործողությունները, որոնք վերջին օրերին իրականացվում են հայկական զինված ուժերի կողմից ի պատասխան թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի, ոչ միայն լուծում են մեր հարենակիցների ֆիզիկական անվտանգության խնդիրը, այլև միտված են տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև Էրդողանի՝ պանթյուրքական ծրագրերի խափանմանը: Պարոն Հունյուն էլ, իր հերթին, վերահաստատել է Չինաստանի դիրքորոշումն Արցախյան հիմնախնդրի շուրջ՝ հույս հայտնելով, որ խնդիրը կհանգուցալուծվի խաղաղ բանակցությունների միջոցով:
15:59 - 02 հոկտեմբերի, 2020
Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում իրական վտանգ է նաև Իրանի համար. Մխիթար Հայրապետյան |armenpress.am|

Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում իրական վտանգ է նաև Իրանի համար. Մխիթար Հայրապետյան |armenpress.am|

armenpress.am: Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում և դրան համարժեք արձագանքի բացակայությունը կամ նույնիսկ արձագանքի ուշացումն իրական վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրների, մասնավորապես, Իրանի համար, որը միակն է, որ ունի սահման երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ: Այս մասին հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը: - Ստեղծված իրավիճակում և Թուրքիայի ակտիվ ներգրավվածության պարագայում ինչպիսի՞ն պետք է լինի հայ-իրանական հարաբերությունների օրակարգը: - Այն ռազմական գործողությունները, որոնք վերջին օրերին իրականացվում են հայկական զինված ուժերի կողմից ի պատասխան թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի, ոչ միայն լուծում են մեր հարենակիցների ֆիզիկական անվտանգության խնդիրը, այլև միտված են տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև Էրդողանի՝ պանթյուրքական ծրագրերի խափանմանը: Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում և դրան համարժեք արձագանքի բացակայությունը կամ նույնիսկ արձագանքի ուշացումն իրական վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրների, մասնավորապես, Իրանի համար, որը միակն է, որ ունի սահման երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ: Այս համատեքստում եղբայրական Իրանը և Հայաստանը, վստահ եմ, ունեն ընդհանուր շահեր, ինչի շուրջ ակտիվորեն պիտի ձևավորեն ընդհանուր օրակարգ: - Ադրբեջանի կողմից վարձկանների մասնակցությունը ռազմական գործողություններին ի՞նչ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար: - Դեռևս ադրբեջանական ագրեսիայից առաջ մենք տեղեկություններ էինք ստանում Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների՝ Ադրբեջան տեղափոխվելու վերաբերյալ: Այսօր արդեն իսկ ունենք հստակ ապացույցներ, որ հայկական զինված ուժերը դիմակայում են ոչ միայն թուրք-ադրբեջանական ալյանսին, այլև իրական իսլամի և հավատավոր մուսուլմանների հետ որևէ կապ չունեցող մի քանի հազար ահաբեկիչների:  Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս ահաբեկիչների առանձին խմբեր արդեն իսկ խնդիրներ են ստեղծում Ադրբեջանի տարածքում բնակվող շիա բնակչության համար: Էրդողանի ու Ալիևի ձեռքին խաղալիք դարձած սև դրոշակակիր այս ահաբեկիչները ոչ թե կրոնական, այլ փողի ու աշխարհը քաոսի վերածելու խնդիր են լուծում։
14:53 - 30 սեպտեմբերի, 2020
Ուզում եմ մեր ԱԺ-ի անունից խստագույնս դատապարտել ազգային և կրոնական հողի վրա հիմնված բոլոր տեսակի հանցագործությունները. Մխիթար Հայրապետյան |shantnews.am|

Ուզում եմ մեր ԱԺ-ի անունից խստագույնս դատապարտել ազգային և կրոնական հողի վրա հիմնված բոլոր տեսակի հանցագործությունները. Մխիթար Հայրապետյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը խորհրդարանում հիշեցրել է, որ երեկ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու տարածքում գտնվող հայկական կենտրոնը հրկիզվել է: «Ուզում եմ մեր խորհրդարանի անունից խստագույնս դատապարտել ազգային և կրոնական հողի վրա հիմնված բոլոր տեսակի հանցագործությունները՝ հույս ունենալով, որ առաջիկա ժամերի ընթացքում տեղական իշխանությունները բավարար չափով ջանք կգործադրեն՝ հայտնաբերելու բոլոր հանցագործներին ու պատասխանատվության ենթարկելու»,- ասաց Հայրապետյանը: Նա ավելացրեց, որ, թեպետ հանցագործները դեռ հայտնի չեն, սակայն կարելի է ենթադրել, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետևում: «Դժվար չէ կռահել, թե ովքեր են դրա հետևում՝ հաշվի առնելով Տավուշում ապրիլյան վերջին իրադարձություններից հետո նույն Սան Ֆրանցիսկոյում հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիստական գործողությունները, Փարիզում Կոմիտասի և այլ հուշարձանների նկատմամբ բռնի գործողությունները»,- ասաց Հայրապետյանը:
17:10 - 18 սեպտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանն ունի մեր խմբակցության լիակատար աջակցությունը. բոլոր մեխանիզմները գործի ենք դնում, որ Կառավարության հետ երկխոսություն ստացվի. Մխիթար Հայրապետյան  |tert.am|

Արայիկ Հարությունյանն ունի մեր խմբակցության լիակատար աջակցությունը. բոլոր մեխանիզմները գործի ենք դնում, որ Կառավարության հետ երկխոսություն ստացվի. Մխիթար Հայրապետյան |tert.am|

tert.am: Կրթական բարեփոխումների շուրջ առաջացած քննադատությունների վերաբերյալ առաջարկել եմ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլև ԲՀԿ-ի հետ ուղիղ եթերով բանավիճել՝ բացառության կուսակցության մեկ կամ երկու անդամի, սակայն արձագանք չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։«Բազմիցս ասել եմ, որ կրթական բարեփոխումները աշխարհի որևէ երկրում հեշտությամբ չեն  տրվել, բնական է, որ լինում է աղմուկ, շատ ուժեր փորձում են օգտվել այս իրավիճակից: Մեր քաղաքական ուժը գնում է դժվարին ճանապարհով, այն է՝ ռեֆորմներ և թիրախավորել են գործընկերոջս և մոռացել են, որ մենք պետք է խոսենք բովանդակության շուրջ: Արայիկ Հարությունյանն ունի մեր ֆրակցիայի լիակատար աջակցությունը, այս իմաստով և ես կրկնում եմ, որ առավելագույնը անելու ենք, որ առողջ քննադատությունը լսելի լինի Կառավարության համար, և բոլոր մեխանիզմները գործի ենք դնում, որ ստեղծվի դիսկուրս»: Կարդալ ավելին՝ tert.am-ում։ 
16:45 - 14 սեպտեմբերի, 2020
Վստահ չեմ, որ ՊՆ-ի դիրքորոշումը դրական կլինի․ Հայրապետյանը՝ զինծառայության վերաբերյալ օրենքի նոր նախագծի մասին |armtimes.com|

Վստահ չեմ, որ ՊՆ-ի դիրքորոշումը դրական կլինի․ Հայրապետյանը՝ զինծառայության վերաբերյալ օրենքի նոր նախագծի մասին |armtimes.com|

armtimes.com: Արդեն տեւական ժամանակ է, ինչ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը չի գործում։ Գործող օրենսդրության համաձայն՝ մեր բոլոր քաղաքացիները, որոնք գտնվում են արտերկրում եւ քրեական հետախուզման տակ են, կա միայն մեկ սցենար՝ ենթարկվել պատասխանատվության եւ հայտնվել բանտում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նրա փոխանցմամբ՝ հենց սա էլ իրենց ստիպեց գտնել նոր լուծումներ, տարբերակներ՝ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին օգնելու համար։ Նա փոխանցեց, որ այս ընթացքում հարյուրավոր դիմումներ են եղել՝ առաջարկվով, որ պատգամավորները գտնեն լուծում, եւ իրենք հեղինակել են օրենքի նախագիծ։ «Մեր նպատակը հետեւյալն է, որ մենք պետք է օգտագործենք սթյուռի ռեսուրսները՝ հնարավորություն առաջարկելով նրանց մի քանի տարբերակ։ Առաջինը՝ այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կկարողանան հետ վերադառնալ Հայաստան, վճարել  տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձ եւ հավելավճարներ, որը նախնական հաշվարկով կազմելու է 5-5,5 մլն դրամ»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ այստեղ հիմքում դրված է ոչ թե ֆինանսական բաղադրիչը, այլ՝ պատասխանատվությունը, որ նրանք ունեն պետության առջեւ։ Բայց եթե քաղաքացին ցանկանա առաջիկա 3 տարում ներգրավվել ԶՈՒ-ում, ապա զինծառայության անցնելու պարագայում հետ կստանա այդ գումարը։ Կա նաեւ մեկ այլ փոփոխություն, ըստ որի այս հանցագործությունը մարդու վրա տարածվելու է 20 տարի՝ նախկին 10 տարվա փոխարեն։ Այսինքն՝ անձի 37 տարեկան դառնալուն պես քրեական գործը կարճվում էր, իսկ այս նախագծի ընդունման պարագայում այդ գործը կշարունակվի մինչեւ անձի 47 տարեկան դառնալը։ Հայրապետյանը փոխանցեց, որ Կառավարության դիրքորոշումն առայժմ հայտնի չէ, սակայն ՊՆ-ի դիրքորոշումն իրենք արդեն կռահում են։ «ՊՆ-ի դիրքորոշումը, վստահ չեմ, որ կլինի դրական»,- ասաց պատգամավորը՝ միեւնույն ժամանակ կոչ անելով սպասել քննարկումներին։
15:39 - 14 սեպտեմբերի, 2020
Զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվողները 2 տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն հետապնդումից․ նոր նախագիծ

Զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվողները 2 տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն հետապնդումից․ նոր նախագիծ

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդրության, սպորտի և սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»։    
12:18 - 11 սեպտեմբերի, 2020
Մեր նպատակն է դպրոցներին ապահովել ոլորտի լավագույն մասնագետներով. Մխիթար Հայրապետյան

Մեր նպատակն է դպրոցներին ապահովել ոլորտի լավագույն մասնագետներով. Մխիթար Հայրապետյան

Ուսումնասիրելով 2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջետային ծրագրերի վերաբերյալ իր կողմից ներկայացված առաջարկությունների մասին կարծիքները, մեկնաբանությունները և վերլուծելով առողջ դիտողությունները, հետաքրքիր ու բովանդակալից նկատառումները՝ ՀՀ ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնում է. «Իմ առաջարկած լուծումների վերաբերյալ հասարակությունում ստեղծվել է դիսկուրս, որի միջոցով, վստահաբար, կարող են ծնվել է՛լ ավելի հետաքրքիր և արդյունավետ լուծումներ ու գաղափարներ: Համարձակ բարեփոխումներ կյանքի կոչելու համար նախընտրում եմ այնպիսի ճանապարհ, որտեղ առկա է մտքերի փոխանակում, առողջ քննադատություն ու կառուցողական երկխոսություն: Հաշվի առնելով հանրության անհանգստությունն առաջարկներից մեկի վերաբերյալ՝ որոշեցի առավել մանրամասն ներկայացնել այն ստեղծելու հիմքն ու հիմնավորումը: Հիշեցնեմ, որ առաջարկել եմ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մանկավարժի որակավորում տրամադրել՝ անցկացնելով հատուկ կարճաժամկետ դասընթաց՝ մանկավարժական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու նպատակով: Կրթության ոլորտի որոշ ներկայացուցիչներ և լրագրողներ փոքր-ինչ այլ կերպ են ընկալել առաջարկս՝ կարծելով, թե այսուհետ դպրոցում ուսուցիչ կկարողանա աշխատել ոչ բավականաչափ կոմպետենտ, կրթական լուրջ ճանապարհ չանցած անձ: Մինչդեռ մեր ներկայացրած լուծումների նպատակն այն է, որ դպրոցականներին կրթեն լավագույն մասնագետները: Այսօր այնպիսի իրավիճակ է, երբ առարկայական, ոլորտային լավագույն մասնագետները, բացի մի շարք բացառություններից, մանկավարժի որակավորում չունեն: Մենք ունենք պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ և դոկտորներ, որոնք կրթում են հարյուրավոր ապագա մանկավարժների, սակայն, իրենց համար դպրոցների դռներն օրենքով փակ են: Մենք գնահատում ենք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ջանքերը դպրոցների համար մասնագետներ պատրաստելու գործում, սակայն, տեսնում ենք, որ այսօր ոլորտի, առարկայի բովանդակության տեսանկյունից ավելի բարձր որակի կրթություն տալիս են այն բուհերը, որոնք չունեն հատուկ մանկավարժական ուղղվածություն: Որոշ բուհերում սկսվել է առաջարկվել մանկավարժական գիտելիք և հմտություն տրամադրող կրթաբլոկ՝ լրացուցիչ կրեդիտների տեսքով, որը նույնպես արդյունավետ լուծում է իրենից ենթադրում: Մենք ողջունում ենք տարբեր առաջարկներ՝ միտված կրթության համակարգի ճկունությանն ու պարզեցմանը: Բարձր գնահատելով այն անձանց, ովքեր գիտակցաբար ընտրել են մանկավարժական կրթությունը՝ հետևելով ուսուցիչ դառնալու իրենց երազանքին, պետք է փաստել, որ կա մասնագետների մի ստվար զանգված, որն ընտրել է մասնագիտական այլ ուղի, դարձել է իր ոլորտում որակյալ մասնագետ և ունի ցանկություն աշխատել դպրոցում և կիսվել իր գիտելիքներով երեխաների հետ: Մենք ցանկանում ենք, որ այդպիսի մասնագետների առջև դպրոցների դռները այսուհետ բաց լինեն: Հաշվի առնելով մանկավարժական հմտություններին, երեխաների և պատանիների հետ աշխատելիս հոգեբանական մոտեցումներին, առարկայական գիտելիքների փոխանցման գործիքներին տիրապետելու անհրաժեշտությունը՝ մեծ կարևորություն ենք տալիս հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքը սկսելուց առաջ սովորել տիրապետել այդ մեթոդներին: Ամփոփելով՝ կրկին ցանկանում եմ շեշտել, որ մեր նպատակն է դպրոցներին ապահովել ոլորտի լավագույն մասնագետներով, հանելով օրենքով ամրագրված այն սահմանափակումները, որոնք խոչընդոտում են այդպիսի մասնագետների մուտքը հանրակրթական ուսումնական հաստատություններ»:
14:17 - 03 սեպտեմբերի, 2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ օրենսդրական դաշտի կատարելագործումը շարունակական գործընթաց է, և այդ ուղղությամբ պետք է անընդհատ նոր ջանքեր գործադրել: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Աժ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, անդրադարձ է եղել նաև ոլորտային մի շարք խնդիրների:
19:38 - 30 օգոստոսի, 2020
Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Քիչ առաջ Ստեփանակերտում հպարտությամբ ստորագրեցի Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,  Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ «Այն համատեղ աշխատանքի լայն ու բազմակողմանի գործակցություն է ենթադրում՝ փորձի փոխանակումից մինչև ուսումնամարզական հավաքներ, փոխայցեր, շախմատի մասսայականացմանը նպաստելու միջոցառումներ, տեղեկատվական հարթակներում աջակցություն և այլն: Երևանում և Արցախում շախմատը նոր տարածվածության, որակի ու սերնդափոխության հասցնելու գործում մենք միակամ ենք: Շնորհակալություն եմ հայտնում Արցախի ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանի պատրաստակամության համար: Հիշեցնեմ նաև, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի հռչակման օրը, Երևանի և Արցախի ֆեդերացիաների միջև տեղի կունենա հատուկ մրցաշար, որի ընթացքում կխաղամ նաև ես»,- նշել է նա:
19:00 - 30 օգոստոսի, 2020
Հանձնաժողովում քննարկվել են հայագիտական առարկաների նոր չափորոշիչները

Հանձնաժողովում քննարկվել են հայագիտական առարկաների նոր չափորոշիչները

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է հանդիպումներն առարկայական չափորոշիչները մշակող աշխատանքային խմբերի հետ: Հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշիչները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Մխիթար Հայրապետյանը։ «Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հասարակագիտական ուսումնական բնագավառի առարկայաշարի ծրագրերն ու չափորոշիչները մշակող աշխատանքային խմբի անդամները, ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի փորձագետները։ Քննարկումը բաժանված էր երկու հատվածի՝ տեխնիկական-կազմակերպչական և բովանդակային-կոնցեպտուալ: Առաջին հատվածում հնչեցին հարցեր՝ կապված մասնագիտական թիմի անդամների ընտրության, մրցույթի կազմակերպման, մրցույթին մասնակցելու համար պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ: Երկրորդ հատվածում քննարկումը բովանդակային էր: Հիմք ընդունելով Հանրակրթության պետական չափորոշչի հայագիտական մի շարք առարկաների, այդ թվում՝ «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների ծրագրերի, դրանց բովանդակության, կառուցվածքի շուրջ ձևավորված մասնագիտական և ակադեմիական համայնքի, ինչպես նաև հանրության տրամադրությունները, հանդիպումն ընթացավ հետևյալ թեմաների և հարցադրումների համատեսքտում․   Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի անհրաժեշտությունը: Ինչ հետազոտության կամ վիճակագրության է հղում արվել: Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի առանցքային շեշտադրումները, դրանց կենսունակությունն ու չափելիությունը կրթական գործընթացում: Վերջարդյունքները: Գործող և նոր չափորոշիչների համեմատություն: Առարկայական ծրագրային փոփոխությունների հիմնավոր փաստարկները, նոր փաստաթղթով հայագիտական և հասարակական ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները: Հանրակրթական պետական չափորոշչով նախատեսվող հասարակագիտական ուսումնական բնագավառում նոր առարկաների ավելացումն ու դրանց ծրագրային-բովանդակային թեմաները, միջառարկայական կապերը: Համեմատություն գործող և ներկա առարկայական ծրագրերի միջև: Միջնակարգ կրթության երրորդ մակարդակում (ավագ դպրոցում) «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչների կազմման սկզբունքները, դասավանդման նոր ձևաչափն ու նոր մեթոդիկան. կրթության կամակերպման նոր մոդելի առավելություններն ու թերությունները, ակնկալվող արդյունքները: Միջնակարգ կրթության երրորդ մակարդակում ներդրվող կրեդիտային համակարգը, նախագծային ուսուցման մեթոդը և ուսուցչի մասնագիտական-մանկավարժական ազատությունը՝ դպրոցից բուհ սահուն անցման նախապայման և գրավական: Առարկայական չափորոշիչներում առկա և գրագողության մասին վկայող փաստեր. ով կամ ովքեր են պատասխանատու, և ինչ քայլեր են ձեռնարկվում: «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների ճշգրիտ ժամանակագրության պահպանումը առարկայական ծրագրերում, համաժամանակյա ուսուցումը: Ծրագրային թեմաների տրամաբանական շարունակականությունն ու միջառարկայական կապերի առկայությունը: Կրթության նորմատիվ ակտերի լրամշակման և առաջարկների ընդունման գործընթացում հանրակրթական ուսհաստատություններում դասավանդող ուսուցիչների մասնակցության աստիճանը, համագործակցությունը մասնագիտական խմբի հետ: Ուսուցիչը՝ որպես մասնագիտական աշխատանքային խմբի գործընկեր և ոչ ֆորմալ անդամ: Լրամշակման և առաջարկների ընդունման գործընթացում համագործակցությունը ակադեմիական, դասախոսական համայնքի հետ, մասնակցության աստիճանը, համագործակցությունը մասնագիտական խմբի հետ: Ակադեմիական համայնքը՝ որպես մասնագիտական աշխատանքային խմբի խորհրդատու:   Քննարկվել են նաև այլ հարցեր, որոնք անմիջանակորեն կապված էին վերը նշված թեմաների հետ: Քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն առարկայական չափորոշիչների վերջնական լրամշակման փուլում ևս մեկ հանդիպում ունենալ: Մասնագիտական խմբին փոխանցվեց նաև մասնակից պատգամավորների առաջարկներն ու դիտողությունները»:
09:36 - 28 օգոստոսի, 2020
Մխիթար Հայրապետյանը ԿԳՄՍՆ բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել

Մխիթար Հայրապետյանը ԿԳՄՍՆ բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել

Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը 2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել: Այս մասին Հայրապետյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։ Առաջին առաջարկը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ աշխատելու համար պահանջների վերանայմանը՝ ուսուցչի՝ համակարգ մուտք գործելու ընթացակարգի պարզեցման նպատակով, որի համաձայն դիտարկման են ներկայացվում նոր մոտեցումներ: Մասնավորապես՝ առաջարկվում է բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մանկավարժի որակավորում տրամադրել՝ անցկացնելով հատուկ կարճաժամկետ դասընթաց՝ մանկավարժական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար և բարձրագույն մասնագիտական հաստատությունում սովորող կամ արդեն  բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց  թույլատրել  պայմանագրային հիմունքներով դասավանդել հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ որոշակի ժամկետում  մանկավարժի որակավորում ձեռք բերելու պայմանով: Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ առաջարկը միտված է  հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցանելու մոտիվացիայի խթանմանը և մանկավարժության ոլորտում մարդկային ռեսուրսների երիտասարդացմանը: Հանձնաժողովի նախագահի երկրորդ առաջարկով նախատեսվում է հեռավար կրթությունը ճանաչել հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընդունված ձև՝ հիբրիդային ձևաչափով: Այսպիսով, աշակերտները կկարողանան ընտրել մի շարք առարկաներ հեռավար ուսուցման եղանակով: «Այս համատեքստում սկսվում են կիրառվել կրեդիտային համակարգի գործիքները: Աշակերտները ստանալու են հնարավորություն՝ ընտրելու իրենց ուսումնական հաստատության հետ համագործակցող այլ ուսումնական հաստատություններից առարկաներ հեռավար կամ առկա եղանակով և կուտակել այդ առարկաների համար համապատասխան կրեդիտները, որոնք ճանաչվելու են իրենց հիմնական կրթական հաստատության կողմից: Առաջարկել եմ նաև կիրառել կրկնակի կամ համատեղ կրթական ծրագրերի գաղափարը, երբ սովորողները հանդիսանում են երկու կամ ավել ուսումնական հաստատությունների աշակերտ: Սույն առաջարկն էլ նպատակաուղղված է աշակերտներին՝ անկախ բնակության վայրից, տրամադրել որակյալ կրթություն ստանալու հնարավորություն»,-նշել է Մխիթար Հայրապետյանը:  
19:46 - 19 օգոստոսի, 2020