Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ գրասենյակի՝ Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավարին

Գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ գրասենյակի՝ Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԵԽ գրասենյակի՝ Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Աննա Վարդապետյանը ողջունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհակալություն հայտնել Դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է փոխգործակցության շարունակականությունը և ընդգծել, որ 2024 թվականին նախատեսվում է նման ձևաչափով երկրորդ խորհրդաժողովի անցկացումը: Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին համատեղ ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար և բարձր գնահատել Դատախազության արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունը: Ամփոփելով հանդիպումը՝ Աննա Վարդապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Հայաստանում առաքելությունն ավարտող Մարտինա Շմիդտին կատարած աշխատանքի համար և Շմիդտին մաղթել ամենայն բարիք ու հաջողություն՝ աշխատանքային հետագա գործունեության ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:29 - 21 նոյեմբերի, 2023
Դատավորներից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ պետք է նրանց նկատմամբ լինել արդար. ԲԴԽ նախագահը Մարտինա Շմիդտին է ներկայացրել գնահատման նոր համակարգը

Դատավորներից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ պետք է նրանց նկատմամբ լինել արդար. ԲԴԽ նախագահը Մարտինա Շմիդտին է ներկայացրել գնահատման նոր համակարգը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Խորհրդի նախագահը ներկայացրել է հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում կատարած հսկայածավալ բարեփոխումները, ունեցած ձեռբերումները, մասնավորապես, անդրադարձել է դատավորների գնահատման նոր համակարգի ներդրմանը, որը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը: Կարեն Անդրեասյանը նշել է, որ գնահատման նոր համակարգը բացառելու է դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը: Խորհրդի նախագահը հայտնել է, որ դատավորից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ համակարգը պետք է դատավորի նկատմամբ արդար լինի, և նոր ներդրվող չափորոշիչներն օգնելու են դատավորին գնահատել ըստ իր կատարած աշխատանքի, իսկ դատավորներիի առաջխաղացումն էլ կլինի կանխատեսելի՝ հիմնված գրանցած արդյունքների վրա։ Կարեն Անդրեասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում, շնորհակալություն է հայտնել դատաիրավական, քրեական արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում իրականացված բարեփոխումների գործընթացում ցուցաբերված աջակցության համար, ինչպես նաև կարևորել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում ԵԽ-ի աջակցությունը: Մարտինա Շմիդտն իր հերթին արժևորել է Բարձագույն դատական խորհրդի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել Մարտինա Շմիտդին իր հետագա գործունեության մեջ:
16:07 - 20 նոյեմբերի, 2023
Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կպատրաստի ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության միջոցառումների փաթեթ
 |1lurer.am|

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կպատրաստի ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության միջոցառումների փաթեթ |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհուրդը 2023 թվականի հոկտեմբերի 11-13-ը Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի այցից հետո նախապատրաստում է փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթ։ Այդ մասին հայտնում է Խորհրդի մամուլի ծառայությունը:  Փաթեթը նպատակ ունի աջակցել Հայաստանին լուծելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100000 հայերի, այդ թվում՝ մոտ 30000 երեխաների տեղավորման հետ կապված խնդիրները: Հայաստան այցի ընթացքում Միգրացիայի և փախստականների հարցերով ծառայությունը համագործակցել է համապատասխան պետական մարմինների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկն այցելել է նաև Արտաշատի համայնքապետարանի երկու ապաստարան։ Նա նախանշել է աջակցության կոնկրետ ոլորտները, որոնք ներառված են Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար գործողությունների ծրագրում (2023-2026 թթ.) և Միգրացիայի ու ապաստարանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրում (2021-2025 թթ.): Դրանց թվում են՝ խոցելի վիճակում գտնվող փախստականների մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը՝ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անմիջական աջակցությամբ, մասնավորապես՝ խոցելիության գնահատման, ծառայությունների հասանելիության և փախստականների իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացման հարցերում. առողջապահության և հոգեկան առողջության պահպանման մատչելիության դյուրացումը, ներառյալ՝ հոգեբանական աջակցությունը. խոցելի խմբերի հետ աշխատող մասնագետների կարողությունների հզորացումը. կրթության ներառականության ապահովումն ու մասնագիտական ուսումնական ծրագրերի վերանայումը: երեխաների իրավունքների պաշտպանությունը. տեղական ինքնակառավարման մարմինների կենսունակության բարձրացումը: «Միջոցառումների այս նպատակային փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին, և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են այս աննախադեպ դժվարություններին ու մարտահրավերներին»,- ասել է  ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:
20:59 - 30 հոկտեմբերի, 2023
Բրյուսելը վճռական է շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․ Միշել |armenpress.am|

Բրյուսելը վճռական է շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․ Միշել |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելը վճռական է տրամադրված շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք վճռական ենք տրամադրված առաջ տանել ԵՄ միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հասնելու համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»,- հայտարարել է ԵԽ նախագահը։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:
18:45 - 27 հոկտեմբերի, 2023
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավիճակով»․ ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ

 |aravot.am|

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավիճակով»․ ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ |aravot.am|

aravot.am: «Ինձ համար առաջնահերթություններից մեկը կլինի մարդու իրավունքների պաշտպանության հարցը, հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը տեղական և ռեգիոնալ մակարդակում»,- Aravot.am-ի հարցին՝ որպես Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) նախագահ՝ որո՞նք են Ձեր գործունեության առաջնահերթությունները, այսպես պատասխանեց ԵԽ Կոնգրեսի նախագահ Մարկ Կոլսը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽ կոնգրեսի նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ձայների 150 «կողմ» 5 «դեմ» հարաբերակցությամբ Կոնգրեսի նախագահ ընտրվեց Մարկ Կոլսը (Բելգիա)՝ 2,5 տարվա մանդատով։ Մարկ Կոլսը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղական մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության պահանջը ստացել են Ռեյկյավիկի գագաթնաժողովի ընթացքում անդամ երկրների ղեկավարություններից․ «Կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շատ որոշումներ, որոնք կոնկրետ մտահոգություն են պարունակում տեղական և տարածքային իշխանությունների հետ կապված։ Հետաքրքիր է հետևել, թե այս որոշումներն ինչ իրավիճակում են գտնվում»։ ԵԽ Կոնգրեսի նախագահի հետ զրույցում փաստեցինք՝ ԼՂ բնակչությունը բռնի տեղահանման պատճառով այժմ ՀՀ-ում է և հարցրինք՝ Կոնգրեսն ի՞նչ գործիքակազմ ունի այս մարդկանց իրավունքների պաշտպանության և իրավիճակի հետ կապված քայլեր ձեռնարկելու հարցով՝ հիշեցնելով, որ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկման ժամանակ ԵԽԽՎ նախագահն օգտագործեց exodus ձևակերպումը։ Մարկ Կոլսը պատասխանեց․ «Մենք շատ անհանգստացած ենք փախստականների հումանիտար իրավիճակով։ Եվ դրա համար մենք այս հարցը քննարկելու ենք Կոնգրեսի նստաշրջանի ընթացքում։ Տեղի կունենա բանաձևի քննարկում, քվեարկություն։ Այնպես որ, մենք շատ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավիճակով։ Այնտեղ բնակվող ազգաբնակչության մոտ 90 տոկոսն այժմ փախստական է։ Սա շատ մեծ թիվ է։ Ուստի մենք կոչ ենք անելու Ադրբեջանին քայլեր ձեռնարկել հումանիտար իրավիճակի հետ կապված»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
19:19 - 24 հոկտեմբերի, 2023
Վաչե Տերտերյանը և Դունյա Միյատովիչը քննարկել են համայնքների զարգացման, մարդկանց իրավունքների ապահովման հարցեր

Վաչե Տերտերյանը և Դունյա Միյատովիչը քննարկել են համայնքների զարգացման, մարդկանց իրավունքների ապահովման հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը: Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերը: Փոխնախարարն ընդգծել է տեղական ժողովրդավարության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները։ Դունյա Միյատովիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այցը նպատակ ունի հստակեցնելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների ունեցած կարիքները, խնդիրները, մարդկանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերը: Տերտերյանը հյուրերին ներկայացրել է իրավիճակը, խոսել է կառավարության և համայնքների արդյունավետ համագործակցությունից, և այս համատեքստում կարևոր և առաջնային համարել ուշադրությունը բևեռել համայնքների հանրային կարիքների գնահատմանը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության վայրերով ապահովելու, երեխաների դպրոց հաճախելու և կենսապայմաններ ապահովելու նպատակով Կառավարության կողմից իրականացվող ծրագրերից և Կառավարության ռազմավարությունից: Նախարարի տեղակալը ներկայացրել է Կառավարության հաստատած օժանդակության ծրագրերը և նշել, որ Կառավարության կողմից տրվող ֆինանսական օժանդակությունը հնարավորություն է տալիս մեր հայրենակիցներին ազատ ընտրելու իրենց կեցության վայրերը: Երեխաների դպրոց հաճախելու վերաբերյալ Տերտերյանը ներկայացրել է, որ ամեն օր մոնիթորինգ է անցկացվում.  կատարված աշխատանքների արդյունքում դպրոց երեխաների հաճախելիությունը ավելանում է: Վաչե Տերտերյանը խոսել է նաև նաև միջազգային կազմակերպությունների հետ ունեցած համագործակցությանից: Հանդիպման ավարտին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը շնորհակալություն է հայտնել իրավիճակի մասին մանրամասն քննարկում ունենալու հնարավորության համար:
17:49 - 20 հոկտեմբերի, 2023
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Դունյա Միյատովիչին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Դունյա Միյատովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը: Վարչապետը ողջունել է տիկին Միյատովիչի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի տեղում ծանոթանալ ստեղծված մարտահրավերներին և խնդիրներին: Դունյա Միյատովիչը հավելել է, որ իր նպատակն է գնահատել առկա կարիքները, այդ թվում` ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված: Մտքեր են փոխանակվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների, երկկողմ հետագա համագործակցության շուրջ: 
14:07 - 18 հոկտեմբերի, 2023
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները |1lurer.am|

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և Եվրոպայի խորհրդի ներդրմանը, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի՝ միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի՝ վերջերս Հայաստան կատարած այցի լույսի ներքո»,- նշված է ԵԽ պաշտոնական կայքում: Գլխավոր քարտուղարը վերահաստատել է, որ բոլոր նրանք, ովքեր բնակվում են Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածքում, իրավունք ունեն լիարժեք իրականացնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները: Նա նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության համար վստահության ամրապնդման միջոցների արդիականությունը՝ ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության, լրագրողների և երիտասարդների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ Փաշինյանը Ստասբուրգում էր՝ ելույթ ունենալու Եվրոպական խորհրդարանում։ 
16:56 - 17 հոկտեմբերի, 2023
Արմեն Ղազարյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացն ու սոցաջակցության ծրագրերը

Արմեն Ղազարյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացն ու սոցաջակցության ծրագրերը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, տեղակալ Կլաուդիա Լամին, խորհրդականներ Քրիստիան Մամմերսին և Կրիստինա Ջենովեզեին։ Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ողջ ընթացքով, ծավալներով, ընդհանուր թվում հատուկ խմբերի (երեխաներ, տարեցներ, խոցելի խմբեր, հղիներ և այլն) ցուցանիշներով: Ղազարյանը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացը, միջգերատեսչական համագործակցության մեխանիզմները, սոցիալական աջակցության ծրագրերը: Ծառայության պետը պատասխանել է պատվիրակների հարցերին, ովքեր հետաքրքրվում էին նաև տեղահանված բնակչության ինտեգրման հնարավորություններով, մասնավորապես Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթության իրավունքն իրացնելու հնարավորությամբ, տարբեր ոլորտների տվյալների շտեմարանների հասանելիությամբ, արխիվների պահպանմամբ:
09:50 - 17 հոկտեմբերի, 2023
ՄԻՊ-ը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտությանը առնչվող հարցեր

ՄԻՊ-ը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտությանը առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։ Անահիտ Մանասյանը, ողջունելով Դունյա Միյատովիչին, շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի, ինչպես նաև Պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության համար։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին վերաբերելի խնդիրները, որոնք վեր են հանվել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը` խոսելով այդ ուղղությամբ նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող քայլերի մասին: Բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր: Հանդիպման շրջանակում Պաշտպանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։ Իր հերթին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին ջերմ ընդունելության, աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար և վերահաստատել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
17:22 - 16 հոկտեմբերի, 2023
Անահիտ Մանասյանը ԵԽ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Անահիտ Մանասյանը ԵԽ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը:    Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են Պաշտպանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում:   Պաշտպանի կողմից հատուկ ընդգծվել է նաև բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման և հասցեագրման անհրաժեշտությունը՝ այդ թվում` իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրազեկման աշխատանքների իրականացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր կազմակերպությունների հետ հաղորդակցության վարման և առկա լավագույն փորձի փոխանակման համատեքստում:   Պաշտպանը բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր:   Կողմերը քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հետ ծրագրային համագործակցության հնարավորությունները՝ վերահաստատելով մարդու իրավունքների գերակայության սկզբունքի անխոչընդոտ իրականացման կարևորությունը:   Իր հերթին Լեյլա Քայաջիկը կարևորել է Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման մեջ՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ամրապնդման վերաբերյալ:
20:08 - 12 հոկտեմբերի, 2023