Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից. Փաշինյան
 |1lurer.am|

Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ին կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 7-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Նշվածը վերաբերում է 2 մանկապարտեզի կառուցմանը, 6 մոդուլային դպրոցի կառուցմանը, 1 ավագ դպրոցի մասնաշենքի կառուցմանը, 15 դպրոցի մարզադահլիճի կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև նախագծով ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար»,- ասաց նախարարը: Ըստ Անդրեասյանի՝ գրեթե բոլոր օբյեկտներում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում, ու քանի որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023-ին ավարտվել են, նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի Քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց նախարարին՝ ե՞րբ են մարզադպրոցները հանձնվելու շահագործման, քանի որ ժամկետի սահմանումը կարևոր է: «Պրակտիկայում գնում ենք, ի՞նչ իրադրություն ենք տեսնում, գնում ենք, տեսնում ենք, որ շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել. սա երկրորդ պրոբլեմը: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, բայց հոսանքը չեն միացրել: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, հոսանքը միացվել է, ջուր չկա. սա մյուս պրոբլեմը: Էլի կարող եմ շարունակել, ինձ համար շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտները մտնում են այնտեղ և նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում հաջորդ օրը կամ մի շաբաթից»,- ասաց նա: Խոսքն ուղղելով ԿԳՄՍ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նաև հարցրեց, թե երբ պետք է հույս ունենալ, որ, օրինակ, Ջրառատի դպրոցը լիարժեք կշահագործվի: Նախարարը որպես ժամկետ նշեց այս տարվա ապրիլի 30-ը, ապա ասաց ծրագրով նախատեսվող բոլոր դպրոցների շինարարության վերջնաժամկետները: Խոսքն ուղղելով մարզպետներին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդ օբյեկտներ այցելո՞ւմ են, շինաշխատանքների ընթացքին հետևո՞ւմ են: ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ասաց, որ դժգոհություններ ունի շինարարության տեմպից ու որակից, նաև Կապսի դպրոցի պատուհաններն են անորակ, և որ դիմել են պատվիրատուին, որպեսզի վերանայեն պատուհանները: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց, որ նույնիսկ Երևանում կան դպրոցներ, որտեղ մեկ կապալառուի կողմից տեղադրված են տարբեր որակի պատուհաններ: «Խնդիր է դա, հեշտ լուծելի խնդիր չէ: Ինչ-որ մի քայլ արել ենք, որ գնանք ստանդարտացման ուղղությամբ, երբեմն դեպքեր կան նույնիսկ, որ մեր պատվիրատուները կապալառուների հետ աշխատանքի ժամանակ ստիպված են լինում ասել՝ դու բե՛ր, 3 օրինակ ցո՛ւյց տուր, մենք ասենք՝ դրանից որը կարող ես որակի առումով տեղադրել, որ հետո խնդիրներ չլինեն: Բայց դա նշանակում է, որ մեր պատվիրատուները մտնում են ամեն մի դպրոցի շինարարության ընթացքի մեջ, և փորձում են կապալառուի հետ միասին դեպք-դեպք համաձայնել կամ չհամաձայնել. սա էլ ինչ-որ տեղ վարչարարական պրոբլեմներ առաջացնող հարց է»,- ասաց նա: Վարչապետն արձագանքեց՝ պետք է արձանագրել խնդիրը, և սովորել դա լուծել. «Եկեք արձանագրենք, որ մենք չգիտենք, մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից»:
11:57 - 07 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը Փարիզ կգործուղվի ապրիլի 3-5-ը։ Նա կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս տարի նշվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։ Հայաստանում այս տարի նախատեսված է ավելի քան 30 ծրագիր, որոնց մեկնարկը տրվել է 2024 թվականի հունվարին: Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Նախատեսվում է միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես և այլն:
16:54 - 05 մարտի, 2024
Միջազգային փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան
 |1lurer.am|

Միջազգային փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան |1lurer.am|

1lurer.am: Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած, մրցանակի արժանացած մշակութային գործիչները դրամական խրախուսում կստանան: Նպատակը արվեստի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները խրախուսելն է, գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը բարձրացնելը, մշակութային գործիչների համար ստեղծագործական բարենպաստ միջավայր ձևավորելը, ինչպես նաև առհասարակ ոլորտում պետական խրախուսման մեխանիզմներ ներդնելը: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 29-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: «Միջազգային հեղինակավոր փառատոներն ու մրցանակաբաշխությունները բազմաթիվ են, այս նախագծով էլ ընդգրկված են ավելի քան 150 նման փառատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ, ու դրանց թվին են դասվում այն միջոցառումները, որոնց ցանկը հաստատվում է ոլորտի միջազգային կազմակերպությունների կամ ասոցիացիաների կողմից»,- ասաց նա: Ըստ Անդրեասյանի՝ դրամական խրախուսումը տրամադրվելու է ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք, որպես ՀՀ ներկայացուցիչ, մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: Խոսքը թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կինոարվեստի, մշակութային ժառանգության, գրականության մասին է: «Կան նաև այնպիսի մրցանակաբաշխություններ կամ փառատոներ, որոնց պարագայում երկրի մասնակցությունը տվյալ փառատոնին արդեն իսկ հավասարազոր է հաղթանակի, դա նշանակում է՝ տվյալ ստեղծագործությունը, ֆիլմը, ներկայացումն արդեն իսկ անցել է նախընտրական փուլը և ընդգրկվել փառատոնային ծրագրում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ փառատոներն ու մրցանակաբաշխությունները պետք է ունենան միջազգային ձևաչափ և միջազգային ժյուրի: Խրախուսումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ՝ 1 տարի ժամկետով, և 1-ից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար: «Չափերը սահմանելիս հիմք ենք վերցրել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը, որով փորձել ենք ապահովել երկու ոլորտներում խրախուսման համաչափությունը՝ ամսական 130 հազարից մինչև 800 հազար դրամ: Խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատները, այդպես էլ խմբերը»,- ասաց նախարարը: Ըստ Անդրեասյանի՝ վերլուծությունը ցույց է տվել, որ խրախուսում ստացողների տարեկան թիվը կլինի 11 մարդ և 2 խումբ, տարվա կտրվածքով դրամական խրախուսման չափը շուրջ 85 միլիոն դրամ է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ մարզիկների խրախուսման մեխանիզմի գործարկումից հետո արդյունքներ են գրանցվել, այս նախագծով նպատակ կա նմանատիպ մեխանիզմ ներդնել նաև մշակույթի ոլորտում: Բայց, ի տարբերություն սպորտի ոլորտի, այս ոլորտում մեխանիզմներ մշակելը բարդ է, իսկ սպորտի դեպքում ամեն ինչ հստակ է. կա Աշխարհի չեմպիոն, կա Եվրոպայի չեմպիոն, կան ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիրներ, և ըստ այդմ էլ կատարվում է պարգևատրումը: «Մշակույթի դեպքում մենք բարդություններ ունեինք, և հիմա փորձել ենք որոշակի շրջանակ ձևակերպել (այնպես չէ, որ այդ բարդությունները լիարժեք հաղթահարված են), որպեսզի նաև մեր մշակույթի ոլորտում խրախուսման և աջակցության այդ մեխանիզմը ստեղծենք»,- ասաց նա: Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծեց, որ այս նախագծով ցույց են տալիս, որ կոչումների քաղաքականությունից հրաժարվելով՝ ոլորտում աշխատանքի գնահատման և ստեղծագործության գնահատման գործիքակազմ են ներդնում:
12:02 - 29 փետրվարի, 2024
Անահիտ Ավանեսյանն ու Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր
 |armenpress.am|

Անահիտ Ավանեսյանն ու Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության առողջապահության և ԿԳՄՍ նախարարների համատեղ ստորագրած պաշտոնական հրամանով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր: Այն գործելու է բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա: Ծրագրի ակադեմիական գործընկերներն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտն ու ԵՊԲՀ-ը, իսկ միջազգային գործընկերը՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի հիմնական կլինիկական գործընկերներն են Արաբկիր բժշկական համալիրը, Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրն ու Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ  ծրագիրը նպատակ ունի միավորել երկրում առկա լավագույն ակադեմիական և կլինիկական ռեսուրսները հետբուհական բժշկական կրթության ոլորտում, ինչպես նաև՝ համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ ստանալու նորարարական, ռեզիդենտակենտրոն ծրագիր՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: Այս ծրագիրը ռեզիդենտներին տալու է ընդգրկուն, բազմազան և համապարփակ կրթություն։ «Այս ձեռքբերման հիմքում ընկած է բավական մեծ աշխատանք: Ես շնորհավորում եմ այս կարևոր համագործակցության, նաև՝  գրանցված այն արդյունքի համար, որը հետագայում թե՛ կրթական, թե՛ առողջապահական ոլորտում լուրջ բարեփոխումների հիմք է ծառայելու: Հայաստանի զարգացման և ձեռքբերումների համար չափազանց կարևոր է տարբեր գերատեսչությունների, նախարարությունների ու նաև բուհական համակարգի ակտիվ համագործակցությունը:  Ուրախ եմ, որ մենք այսօր արդեն իսկ իրականացնում ենք պիլոտային ծրագիրը, որը մեզ հնարավորություն կտա օգտագործելով և վերցնելով  մեր միջազգային գործընկերների շատ կարևոր փորձը՝  ձևավորել այն կառուցակարգերը, որի շրջանակներում հետագայում կվերանայենք և կմեկնարկենք մեր մյուս ծրագրերը»,- ասաց Ավանեսյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ անդրադառնալով իրականացվող փոփոխություններին՝ ընդգծեց, որ դրանց անհրաժեշտությունն  այս պահին կա թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում: «Ուրախ եմ, որ միջգերատեսչական համագործակցությունը,  որը դեռևս բարելավվելու անհրաժեշտություն ունի,  կյանքի կոչվեց: Կարևորում եմ այն փաստը, որ այն իրականցվում է որպես փորձնական ծրագիր, որովհետև սա մի ուղղություն է, որտեղ մենք կարիք ունենք հասկանալու լավագույն ճանապարհները, փորձելու դրանք և այդ փորձի հիման վրա նաև տեսնելու, թե ինչպիսին պետք է լինի համակարգային փոփոխությունը»,- նշեց նախարարը: Հետբուհական մասնագիտական կրթական ծրագիրը գործում է Առողջապահության նախարարության նպատակային օրդինատուրայի ծրագրի շրջանակներում: Այն մեկնարկել է 2023 թ-ի հոկտեմբերի 9-ին, ունի մրցութային կարգով ընդգրկված 8 սան, ովքեր  ընդունվել են Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջոցով:
17:58 - 21 փետրվարի, 2024
Մանկավարժական կրթության բարեփոխումն առանցքային խնդիր է. Ժաննա Անդրեասյան

Մանկավարժական կրթության բարեփոխումն առանցքային խնդիր է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Էրազմուս+» բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» ծրագրի մեկնարկին: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, բուհերի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ: Ծրագրի նպատակն է բարեփոխել մանկավարժական կրթությունը Հայաստանում՝ անցում կատարելով ավանդականից դեպի ապագային միտված ուսումնական ծրագրերի և ուսուցման մեթոդների, դեպի հանրակրթության ազգային նպատակների իրագործում՝ կանաչ և թվային ուսուցման միջոցով: Ծրագրի տևողությունը 3 տարի է. ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է Եվրամիության «Էրազմուս» ծրագրի շրջանակում: Վերանայվելու և ամբողջովին վերափոխվելու է բակալավրի, մագիստրոսական 5-ական և 2 կարճաժամկետ ծրագիր: Ծրագրի համակարգողը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է, գործընկեր բուհերն են ԵՊՀ-ն և Շիրակի պետական համալսարանը, ինչպես նաև երկու մանկավարժական բուհ՝ Մոլդովայից, որոնք ծրագրի հիմնական շահառուներն են: Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել ուսուցչի մասնագիտության հայեցակարգը՝ 2027-2035 թվականների համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կարևոր ծրագրի մեկնարկի առիթով և ընդգծել՝ կրթության ոլորտի մեծածավալ բարեփոխումները պահանջում են, որպեսզի այդ փոփոխություններն ունենան իրենց տրամաբանական արտացոլումը մանկավարժական կրթության հայեցակարգում և բովանդակության մեջ: «Մանկավարժական կրթության բարեփոխումը խիստ առանցքային խնդիր է. շատ բան կարող է փոխվել, բայց դպրոցում ամենակարևոր մարդը շարունակում է մնալ ուսուցիչը, որի ազդեցությունը երեխաների և կրթական արդյունքի ու բովանդակության վրա անգնահատելի է: Անչափ կարևոր է, որ մանկավարժական կրթության որակն ու բովանդակությունը համահունչ լինեն ժամանակակից մարտահրավերներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով կարևոր նախաձեռնության հեղինակներին: ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է ծրագրի կարևորությունը կրթության ոլորտի մեկ այլ մակարդակի՝ բարձրագույն կրթության բարեփոխումների հայեցակարգում: Նրա գնահատմամբ՝ ամենակարևոր աշխատանքը բարձրագույն կրթության վերափոխումն է, որպեսզի այն դառնա մրցունակ, միջազգայնորեն ճանաչելի և համադրելի: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվելու է 5 գործընկեր բուհերի հետ համադրմամբ և ՀՊՄՀ համակարգմամբ: «Սա շատ կարևոր աշխատանք է, որն ի սկզբանե աջակցելու է թե՛ միջազգայնացմանը, թե՛ բարձրագույն կրթության որակական փոփոխությանը: Կրթության ոլորտի բարեփոխումների առանցքում բարձրագույն կրթությունն ունի առանցքային նշանակություն: Այս իմաստով հատկապես կարևոր է ծրագրի շրջանակում մշակվելիք մանկավարժական կրթության հայեցակարգը, որը, կարծում եմ, ուղենշային փաստաթուղթ կդառնա մեր երկրում և ոչ միայն՝ մանկավարժական կրթության կազմակերպման և առաջնորդման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հայտնելով նախարարության պատրաստակամությունն աջակցելու ծրագրի ընթացքին: Ծրագրի մեկնարկի առիթով ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով. «Այսօր դպրոցը և մանկավարժությունը մարտահրավերային փուլում են. գտնվելով տեխնոլոգիական հեղափոխության ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ շատ արագ է զարգանում, դպրոցը և ուսուցիչը պետք է հասցնեն համընթաց քայլել: Հետևաբար, ուսուցչի դերը, նրա կողմից կիրառվող մեթոդները, դասի կառավարման իրականացումը բոլորովին այլ սկզբունքների վրա պետք է հիմնված լինեն»,- ասել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր գործողությունները միտված են լինելու ուսուցիչների՝ անհրաժեշտ հմտություններով ու կարողություններով զինմանը: Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի խոսքով՝ հատուկ վերափոխման և վերանայման են ենթարկվելու 3 հիմնական ուղղություններ՝ օտար լեզուների, հատուկ և ներառական մանկավարժության, ԲՏՃՄ առարկաների ոլորտների բոլոր ծրագրային մոտեցումները և մեթոդները, որոնց համար կձևավորվի հստակ գործիքակազմ: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն իր հերթին նշել է, որ ծրագրի շրջանակում իրականացվող կանաչ և թվային կրթությունն ապահովում է հասարակության կայուն զարգացումը, ինչն էլ առնչվում է մանկավարժական կրթության հիմնահարցերին: Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, կարևորելով մանկավարժների գործունեությունը, հույս է հայտնել, որ ծրագիրը կօգնի ուսուցիչներին իրենց աշխատանքն ավելի հստակ և արդյունավետ կազմակերպել:
16:28 - 19 փետրվարի, 2024
Տնօրեն լինելը զարգացման տեսլական ունենալն է, որ պիտի սերտ կապված լինի տվյալ դպրոցի խնդիրների վերլուծության ու ձևակերպման հետ. Ժաննա Անդրեասյան

Տնօրեն լինելը զարգացման տեսլական ունենալն է, որ պիտի սերտ կապված լինի տվյալ դպրոցի խնդիրների վերլուծության ու ձևակերպման հետ. Ժաննա Անդրեասյան

Արդեն տևական ժամանակ է՝ դպրոցի տնօրենի նշանակման կարգով հարցազրույցի փուլն արվում է համատեղ հանձնաժողովի կողմից՝ նախարարության և լիազոր մարմնի մասնակցությամբ։ Ուզում եմ կիսվել մի քանի տպավորությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:     Նախարարի խոսքով՝ երբեմն որոշ մարդկանց մոտ ընկալում կա, թե պետության պահանջները պիտի տարբեր լինեն քաղաքային և գյուղական դպրոցների տնօրենների համար, ասել է, թե գյուղական դպրոցների տնօրենների հավակնորդները կարող են որոշ հարցերի չտիրապետել կամ կարելի է աչք փակել ինչ-ինչ հարցերի վրա, որովհետև, ի վերջո, խոսում ենք գյուղական դպրոցի մասին։   «Այս մոտեցումը իրականում ոչ այլ ինչ է, քան առաջարկ՝ սորտավորել մեր քաղաքացիներին ու այդ սորտավորման մեջ որոշ քաղաքացիների՝ նվազ բարենպաստ պայմանները ընդունել որպես նորմալ, այսինքն՝ եթե մենք գնանք այս ընկալման հետևից, պիտի ընդունենք, որ գյուղական այդ բնակավայրերի երեխաները ոչինչ, որ ավելի վատորակ կրթություն ստանան, դե դա է հնարավոր առավելագույնը։   Սա անընդունելի մոտեցում է․ պահանջները նույնն են, կրթության որակի նվազագույն ստանդարտը նույնն է, մեր երեխաներին հասանելիք կրթությունը պետք է նույն որակի լինի՝ անկախ բնակավայրից․ սա է կրթության ռազմավարության ասելիքն ու անելիքը։   Հենց այս նպատակով է, որ այսօր միլիարդավոր դրամներ են ներդրվում հենց գյուղական բնակավայրերում ուսուցիչների աշխատավարձի բարձրացման համար, դպրոցական ենթակառուցվածքի բարելավման համար։ Որովհետև խոսքը մեր երեխաների մասին է, որոնք նույն իրավունքներն ունեն՝ անկախ իրենց բնակության վայրից։ Ու, այո՛, գիտակցելով, որ դրան հասնելու համար ժամանակ է պետք, այդ ժամանակը պետք է օգտագործվի լուծումներ գտնելու, ոչ թե իրավիճակին հարմարվելու համար։   Դեռևս շատ հավակնորդների թվում է, թե հարցերն ունեն ի սկզբանե սխալ և ճիշտ պատասխաններ, որոնք պետք է հիշել։   Ցավոք, մասնակիցներից քչերն են դեռևս պատկերացնում, որ դպրոցի տնօրեն լինելն առաջին հերթին զարգացման տեսլական ունենալն է, որ պիտի սերտ կապված լինի տվյալ դպրոցի խնդիրների վերլուծության ու ձևակերպման հետ։ Անգիրը դպրոցի տնօրեն դառնալու ճանապարհ չի, մտածելն է այդ ճանապարհը։   Շատ բարդ է գործընթացը։ Բայց այլընտրանք չկա։   Սիրելի՛ հավակնորդներ, առաջին հերթին մտածեք դպրոցի մասին, որն ուզում եք ղեկավարել, մտածեք դպրոցի մասին ոչ թե որպես շենք, այլ որպես միջավայր ու բովանդակություն»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։
12:26 - 18 փետրվարի, 2024
Ժաննա Անդրեասյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

Ժաննա Անդրեասյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել “Quality and relevant lifelong and life-wide learning in and through cultural diversity” խորագրով պանելային նիստում: Զեկույցի ընթացքում նախարարը ներկայացրել է մշակութային բազմազանության համատեքստում շարունակական կրթության ապահովման անհրաժեշտությունը և անդրադարձել Հայաստանի փորձին։ Նա նշել է, որ 2022 թվականին հաստատվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որի նպատակներից է ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումը, որը կյանքի բոլոր փուլերում յուրաքանչյուրին հնարավորություն կտա ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն։ Նախարարը նշել է, որ ծրագրի նպատակի իրականացման համար սահմանվել են մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնցից մեկն է համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումը: Սա, ըստ նախարարի, յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող և քաղաքացիական համագործակցությանը նպաստող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ շարունակական կրթությունը չի կարող դիտարկվել մշակութային բազմազանության հայեցակարգից դուրս: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկել` խթանելու ժամանակակից արվեստի ոլորտի զարգացումը` կիրառելով մշակութային բազմազանության ապահովմանը նպատակաուղղված միջոցներ և համատեղելով ֆորմալ ու ոչ ֆորմալ մշակութային կրթությունը։ ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության էթնիկ զտումների և բռնի տեղահանման համատեքստում կրթության իրավունքի իրացմանը: Նա նշել է, որ նախարարությունը գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացին։ Նախարարը կարևորել է միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մշակութային և կրթական իրավունքների պաշտպանության ապահովման հարցում և շնորհակալություն հայտնել` ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը Հայաստան ուղարկելու համար՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթական կարիքները: Նշենք նաև՝ համաժողովի արդյունքներով ընդունվելու է «Մշակույթի և արվեստի կրթության շրջանակ» փաստաթուղթը, որի նպատակն է առաջարկել նոր ուղիներ՝ բարելավելու, խորացնելու և ընդլայնելու կրթության և մշակույթի ոլորտների միջև համագործակցությունը՝ միաժամանակ օգտագործելով թվային տեխնոլոգիաները՝ արագացնելու 2030 օրակարգով սահմանված համաշխարհային զարգացման ներկա և ապագա նպատակների իրագործումը: Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ։  
19:13 - 13 փետրվարի, 2024
ԿԳՄՍ նախարարը մեկնում է Աբու Դաբի՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին

ԿԳՄՍ նախարարը մեկնում է Աբու Դաբի՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի): Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարն Աբու Դաբիում փետրվարի 12-14-ը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության վերաբերյալ համաշխարհային համաժողովին: Համաժողովին մասնակցությունը հնարավորություն կընձեռի տարածելու և հանրահռչակելու մշակութային կրթության ոլորտում Հայաստանի փորձն արտերկրում, խթանելու օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունը և կրթամշակութային կապերը, ինչպես նաև սերտացնելու համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի և օտարերկրյա պետությունների գործընկեր կազմակերպությունների հետ, ձեռք բերելու նոր կապեր և պայմանավորվածություններ, մշակելու նոր համատեղ ծրագրեր: Համաժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարարը թեմատիկ պանելային քննարկումների ընթացքում հանդես կգա զեկույցներով:
16:55 - 12 փետրվարի, 2024
Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է. նախարարը` ուսանողների ճակատագրի մասին
 |armeniasputnik.am|

Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է. նախարարը` ուսանողների ճակատագրի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել Զեյթունի հանրակացարանի վերանորոգումը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Զեյթունի հանրակացարանը կվերանորոգվի, իսկ այդ ընթացքում շուրջ 200 ուսանող անօթևան կմնա։ «Զեյթունի հանրակացարանը գտնվում է շատ վատ վիճակում, և այնտեղ տարրական պայմաններ ապահովելու կարիք կա։ Նախարարությունը որևէ ուսանողի վերաբնակեցնելու որոշում չի կայացրել։ Ամբողջ գործընթացը կկազմակերպվի այնպես, որ նաև ուսանողների կեցության տեսանկյունից հնարավորինս հարմար տարբերակներ գտնվեն»,– ասաց նախարարը։ Անդրեասյանը նշեց, որ հանրակացարանի վերանորոգումը նախատեսված է պետական բյուջեով, համապատասխան մրցույթներն արդեն անցկացվել են, արդեն պետք է սկսվի շինարարությունը։ Ինչ վերաբերում է այնտեղ ապրող ուսանողների կեցության խնդրին, ապա նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել վերանորոգումը և ընթացիկ խնդիրներ չառաջացնել։
13:10 - 08 փետրվարի, 2024
Ամբողջությամբ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|

Ամբողջությամբ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Մասնագիտական կրթության և ուսուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագծերի փաթեթը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կարևորագույն կարգավորումներ է նախատեսում: Նախարարը մատնանշեց այն հիմնական կարգավորումները, որոնք բերում է այս նոր օրենսդրական փաթեթը, ընդգծեց՝ իրականացվում է ոլորտի համապատասխանեցում միջազգային ընդունված չափորոշիչներին՝ դա սկսելով հասկացությունների սահմանումներից: Նա ուշադրություն հրավիրեց մասնագիտական ուսուցում և կրթություն տերմինի վրա, որով մենք ոլորտը կոչում ենք այն անունով, ինչ անվանունով դա ընդունված է իրականացնել և ինչ ձևով այդ ոլորտը հասկանալի է նաև միջազգային կրթական տարածքի համար: «Միևնույն ժամանակ, մենք միասնականացնում ենք այս ոլորտում գործող ուսումնական հաստատությունները՝ թողնելով քոլեջը՝ իբրև ոլորտում գործող հաստատությունների միակ տեսակ և տարբերակելով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերը: Կարևորագույն փոփոխություն է այն, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը սրանով ինստիտուցիոնալ ներդրվում է ոլորտում և դառնում է կրթության կազմակերպման հիմնական ձև, ընդ որում, օրենսդրությունը կարգավորում է ոչ միայն այն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևերը, որոնք հնարավոր են, այլ նաև նկարագրում է կառուցվածքը՝ առանձնացնելով դուալ կրթության համակարգող մարմինը, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների և կառույցների գործառույթները այս նոր՝ գործող կազմակերպական կառուցվածքում: Ամբողջությամբ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը, դրանք հիմնվելու են վերջնարդյունքների վրա, բխելու են ազգային և ոլորտային շրջանակներից, ոլորտում գործելու է կրեդիտային համակարգը, ինչն էապես մեծացնելու է շարժունության հնարավորությունները: Ամբողջությամբ փոխված է նաև կառավարման համակարգը: Այստեղ նախատեսված է մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական համակարգ, ինչպես նաև հաստատությունների տնօրենների համար դրված է զարգացման ծրագրերի անհրաժեշտ պահանջը, որը նաև նախատեսվում է համապատասխան մոնիթորինգի արդյունքներով դարձնել շատ ավելի հրապարակային: Վերանայվում է նաև ոլորտում լիցենզավորման գործընթացը, նախատեսված է երկաստիճան համակարգ, որտեղ լիցենզավորման ենթակա կլինի թե՛ ընդհանրապես գործունեության թույլտվությունը, թե՛ բուն կրթական ծրագրերի իրականացումները: Ամբողջությամբ փոխվում է ֆինանսավորման համակարգը, ոլորտում ներդրվում է մեկ ուսանողի հաշվով ֆինանսավորման մեխանիզմը, որը կխթանի հաստատությունների միջև մրցակցությունը՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: Ոլորտում արդեն այս տարի կգործի նաև կամավոր ատեստավորման համակարգը, որի պարագայում կգործի նույն ձևաչափով խրախուսման հնարավորությունը՝ դրույքաչափը դառնալով 200 հազար դրամ և դրան ավելանալով նաև 30-50 տոկոս հավելավճար: Ժաննա Անդրեասյանը կարևորեց այս համակարգում դեպի ներառականություն գնալը, նշեց՝ նախագծով ապահովված են համընդհանուր ներառական կրթության ներդրման բոլոր գործիքակազմերն ու անհրաժեշտ ներդրումները: ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարց ուղղեց մասնագիտական կրթության հասանելիության մասին, ինչին ի պատասխան, ԿԳՄՍ նախարարը պարզաբանեց՝ բոլոր մարզերում ունենք մասնագիտական կրթության ուսուցման հաստատություններ, ընդգծեց՝ դա մեր ամենահասանելի մասնագիտական կրթությունն է, ինչի վկայությունը ուսանողների կազմի մասով վիճակագրությունն է: «Հանրակացարանային պայմաններ որոշ դեպքերում կան, որոշ դեպքերում նախատեսվում են: Կրթության զարգացման պետական ծրագրում մենք հատուկ նշել ենք որպես խնդիր, որ պետք է հաստատությունները դասակարգվեն իբրև հանրապետական կամ տեղային նշանակության, հանրապետականների համար պետք է ապահովվեն հանրակացարանային և այլ պայմանները, որ ամբողջ հանրապետությունից հնարավոր լինի այդտեղ կրթություն կազմակերպել: Այսօր մենք ունենք նման օրինակ Տավուշում»,- պարզաբանեց նախարարը:   Հարակից զեկուցող, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը տեղեկացրեց՝ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն, ընդգծեց՝ նախագիծը չափազանց կարևոր է, այն ամբողջությամբ համընկնում է մինչև 2030 թվականը կրթության զարգացման ռազմավարությանը:
12:27 - 06 փետրվարի, 2024
Մենք Հայաստանում ենք ապրում և պետք է անցնենք Հայաստանի պատմություն. նախարար |armeniasputnik.am|

Մենք Հայաստանում ենք ապրում և պետք է անցնենք Հայաստանի պատմություն. նախարար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահ է` դպրոցներում պետք է անցնել Հայաստանի պատմություն, քանի որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։ ԱԺ–ում ելույթի ընթացքում նա նշեց, որ այդ հարցը հիմա չի առաջացել, այլ մի քանի անգամ քննարկվել է մասնագիտական շրջանակներում: «Բոլոր քննարկումներից հետո ես եկել եմ այն եզրահանգման, որ առարկայի անվանումը ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ։ Դասավանդվող առարկան պետք է հստակ նպատակ ունենա։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, և ՀՀ դպրոցներում աշակերտները պետք է անցեն Հայաստանի պատմություն»,– ասաց Անդրեասյանը։ Նրա խոսքով` սա բոլորովին չի նշանակում, որ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը։ Անդրեասյանը շեշտեց` անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով ԿԳՄՍ նախարարությունը մոտենում է պատմության ուսուցմանը։ Ըստ նախարարի` տարբեր երկրներում պատմության դասավանդումը պետության քաղաքացիների ձևավորման գործընթաց է, և կարևոր է, որ պատմության դասավանդումը կառուցվի պետության առանցքի շուրջ։ Որոշ դասագրքեր, նրա խոսքով, այս պահին աշակերտների շրջանում սերմանում են պետական մտածողության բացակայություն: Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվանումով: Այս նախաձեռնությունը սուր քննադատության է արժանացել հասարակության շրջանում։
11:51 - 06 փետրվարի, 2024
ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի և Երևանում «Գյոթե կենտրոնի» տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի և Երևանում «Գյոթե կենտրոնի» տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանում «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մի շարք ուղղություններով հաջող համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումն ու երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել Երևանում «Գյոթե կենտրոնի» գործունեությանը, որը հանդիսանում է «Գյոթե ինստիտուտի»՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լեզվի և մշակույթի արտաքին ինստիտուտի գործընկերը: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և միջմշակութային ու կրթական համագործակցության հեռանկարների քննարկման հնարավորության համար: «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը` մասնավորապես անդրադառնալով Հայաստանում նախատեսվող նոր նախաձեռնություններին: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության կարևորագույն ուղղություններից են գերմաներենի ուսուցման արդյունավետության բարձրացումը և երկու երկրների միջև մշակութային հաղորդակցության խթանումը: «Շարունակելու ենք գերմաներեն լեզվի դասավանդողների վերապատրաստման աշխատանքները՝ համագործակցելով ՀՀ տարբեր մարզերի դպրոցների հետ: 2017 թվականից նաև միջազգային տարբեր խոշոր միջոցառումներ ենք իրականացրել մշակույթի ոլորտում մեր հայ գործընկերների հետ: Այս համագործակցությունը ևս շարունակվելու է»,- ասել է «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Երևանում «Գյոթե կենտրոնը» կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի կրթամշակութային կյանքում: Նախարարն առանձնահատուկ կարևորել է գերմանական կողմի հետ փոխհամագործակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում: ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ բավականին հաջող համագործակցություն է առկա գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական ընկերության հետ՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական հայեցակարգի նախագծի իրականացման շուրջ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու երկրների կառավարությունների միջև մշակույթի, կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
18:31 - 02 փետրվարի, 2024
Բուհական և գիտական համայնքներին է ներկայացվել Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը

Բուհական և գիտական համայնքներին է ներկայացվել Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը

Հունվարի 30-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում-քննարկում շահառու հայաստանյան բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում գերմանական GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի կողմից ներկայացվեց ապագա Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը։ Այս մասին հայտնում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։  Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը առանձնահատուկ կարևորեց բուհական և գիտական համայնքերի ակտիվ մասնակցությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը վերաբերող քննարկումներին, քանի որ ծրագիրն առաջին հերթին ուղղված է հենց դասախոսների, ուսանողների և հետազոտողների համար լավագույն աշխատանքային և ուսումնական միջավայրի ապահովմանը: ««Ակադեմիական քաղաք»-ը Կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բուհական և գիտական աշխատանքների պայմանները: Այսօր արդեն Ակադեմիական քաղաքի հատակագծի մշակման փուլում ենք և զուգահեռաբար փորձում ենք դրան համադրել բովանդակային աշխատանքների շղթան»,- ասաց նախարարը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ոլորտում որակական փոփոխությունների կարիքն այսօր հրամայական է, և դրանք պետք է իրականացվեն պլանավորված, գիտակցված և համատեղ ջանքերով․ «Աշխատանքը մեզնից պահանջելու է համբերատարություն, բայց արդյունքը, որը ստանալու ենք, արժե այն ջանքերին և չարչարանքին, որոնք ներդրվում են»: Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հավելեց, որ Ակադեմիական քաղաք ծրագրին նվիրված բովանդակային քննարկումները շարունակական են լինելու՝ նաև հատուկ այդ նպատակով ձևավորված աշխատանքային խմբերի ձևաչափով, սակայն ծրագրի շահառուների ընդլայնված շրջանակի հետ այս առաջին հանդիպումը հատկանշական է նրանով, որ վերաբերում է հենց գլխավոր հատակագծի կոնցեպտուալ մշակումների քննարկմանը, ինչը կօգնի ներկաներին ավելի լավ պատկերացում կազմել կառուցվելիք քաղաքի մասին և ավելի առարկայական հարցեր առաջադրել։ Հայոցյանի խոսքով՝ նախագծի ճարտարապետական բաղադրիչին զուգահեռ, աշխատանքներ են տարվում նաև հողային իրավունքի հետ կապված հարցերի կարգավորման, Ակադեմիական քաղաքի գործընկեր հանդիսացող միջազգային առաջատար բուհերի ու կազմակերպությունների հետ հուշագրերի կնքման, բովանդակության մշակման, կառավարչական մոդելի մշակման և բուհերի խոշորացման հայեցակարգի ուղղությամբ։ Հաջորդիվ, ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը ներկաներին ներկայացրեց հատակագծի նախնական տարբերակի մշակման գործընթացի մանրամասները՝ անդրադարձ կատարելով տեղադիրքի ընտրության նպատակահարմարությանը, շահառուների կարիքները վերհանելուն ուղղված հանդիպումների արդյունքներին, հայաստանյան պատվիրակության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի և գերմանական համանման ծրագրերին ծանոթացման հարցին։ «Ծրագիրը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Երևանի և շրջակա համայնքների, այլև ողջ հանրապետության վրա՝ կարևորվելով ոչ միայն իր ճարտարապետական բաղադրիչով, այլև էական դրական ազդեցություն թողնելով երկրի ողջ ակադեմիական համակարգի վրա»,- նշեց Թոբիաս Քեյլը՝ հավելելով, որ Գերմանիայի բուհերն ու գիտահետազոտական կազմակերպություններն արդեն իսկ անցել են նմանատիպ գործընթացի միջով՝ քաղաքներում ընդլայնվելու անհնարինության պատճառով տեղափոխվելով լավագույն ինստիտուտները արվարձաններ։ Քեյլի խոսքով՝ Հայաստանը հնարավորություն ունի օգտվելու գերմանական լավագույն փորձից՝ միաժամանակ խուսափելով այդ գործընթացին բնորոշ սխալներից։ Այնուհետև, Թոբիաս Քեյլը անդրադարձավ ճարտարապետական թիմի այն բոլոր աշխատանքներին, որոնք ձեռնարկվել են ապահովելու համար տեղադիրքի և նրա ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործումը, կառուցվելիք հիմնական մասնաշենքի, կլաստերների, մարզադաշտի, համերգասրահի, կանաչ ու հանգստյան գոտիների, բնակելի հատվածի տեղակայման հարմարավետությունը։ Ծրագրի հիմնական մարտահրավերների համատեքստում Քեյլը նշեց քաղաքի բնակիչների և այցելուների համար տրանսպորտային հասանելիության ապահովման հիմնախնդիրը, որը պետք է ապահովի քաղաքի բնականոն գործունեությունը։ Անդրադառնալով ծրագրի շարունակականությանը՝ Թոբիաս Քեյլը ասաց, որ ընկերության նպատակներից է «Ակադեմիական քաղաք»-ի նախագիծը օրինակելի դարձնել ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային մակարդակով։ Հանդիպման վերջում ներկաները հնարավորություն ունեցան հղելու իրենց հուզող հարցերը և ստանալու պարզաբանումներ։ Հարցերը վերաբերում էին որոշ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների կողմից իրենց առօրյա գործունեությանը անհրաժեշտ հատուկ պայմանների ապահովմանը, տարաբովանդակ կլաստերների և սպորտային ու մշակութային համալիրների մեկտեղմանը, տեղադիրքի ընտրության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի գնահատմանը, ծրագրի իրականացման արժեքին, ժամկետներին, բնակիչ-շահառուների նախատեսվող թվին և հիմնական մարտահրավերներին։
11:02 - 31 հունվարի, 2024
«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնող խումբն ակցիա է անում ԿԳՄՍՆ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը
 |panorama.am|

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնող խումբն ակցիա է անում ԿԳՄՍՆ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը |panorama.am|

panorama.am: 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը բողոքի ակցիա է անում ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։ «Խնդրահարույց դասագիրք է, մասնագետները, ակադեմիկոսները, ուսուցիչները, ծնողները բոլորը դեմ են այդ դասագրքին։ Դրա համար մենք նախաձեռնեցինք «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքը, քննարկումներ իրականացրեցինք, ժամանակ տվեցինք նախարարին՝ ընդառաջի ու խոտանի այն, ինչը պիտանի չէ։ Նախարարությունից որևէ պատասխան, արձագանք չստացանք։ Դրա համար այսօր այստեղ ենք հավաքվել, մի փոքրիկ հավաք ենք անում, նախարարին ենք ուզում հանձնել իր ազատման դիմումի օրինակը, որի տակ պետք է ստորագրի ու հրաժարական տա։ Եթե հրաժարական չտա, մենք մեր քայլերը գիտենք, հետևողական ենք լինելու, հասնելու ենք նրա հրաժարականին»,- լրագրողներին ասաց նախաձեռնության անդամներից Հայաստանի ժողովորդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։ Նա ընդգծեց, որ պետք է խոտանել այդ դասագիրքը, քանի որ կիսատ գրքով, կիսաճշմարտությամբ չպետք է սերունդներ դաստիարակել. «Կիսաճշմարտությունը կործանում է մեր ապագան: Երբ պատանիներին կեղծ տեղեկատվություն են տալիս, նա սկսում է շթոփվել, չի կարողանում համակարգային մտածել։ Այն, ինչ անում է այս իշխանությունը, համադրումներ է անում, ոչնչացնում այն, ինչը պետք է տրվի երեխաներին ու ժողովրդին»։ «Նախարարությունը հայտարարել է, որ ուզում է ներդիր դնել այդ դասագրիք մեջ, սակայն դա էլ մինչ հիմա չկա։ Նախարարությունը կործանում է, պետք է առնել դրա դեմը։Մենք կատակ չենք անում, գնալու ենք մինչ վերջ»,- ասաց Պետրոսյանը։ Նա նշեց, հիմա այս դիմումը կհանձեն, 24 ժամում եթե պատասխան չստանան, չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին կհավաքվեն այստեղ ու կկատարեն իրենց հետագա միջոցառումները։ «Նրանք մի դասագիրք են դրել սեղանին, որը Թուրքիայի պատվերն է, ուզում են Սահմանադրության փոխել, որն էլի Թուրքիայի պատվերն է»,- ասաց Պետրոսյանը։ Նա նաև հայտարարեց, որ «Նիկոլ Փաշինյանի հետևից էլ են գնալու»։   «Իրենք բոլոր ոլորտները մեկ առ մեկ ոչնչացնում են, պետք է սկսենք մի տեղից ու ավարտենք իրենցով։ Որոշել ենք սկսել այստեղից»,- ասաց Վ.Պետրոսյանը։  Ակցիայի մասնակիցները Ժաննա Անդրեասյանի հրաժարականի դիմումը սև թղթապանակով գցեցին ԿԳՄՍ նախարարության նամակների համար նախատեսված արկղիկի մեջ։ 
12:23 - 29 հունվարի, 2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոյին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոյին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ Ջեորջիո Սկարցիոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը և գործադիր տնօրեն Նատալյա Բունիաթյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից են սպորտի զարգացումն ու միջազգայնացումը: «2023 թ. դեկտեմբերին հաստատվեց  ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որում առանձնակի շեշտադրված է միջազգայնացման քաղաքականությունը: Այս ուղղությամբ հասցրել ենք 2023 թ. ակտիվ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում հաջողությամբ անցկացնելով 5 խոշոր միջազգային առաջնություն: 2024 թ. Երևանում կընդունենք ՈՒԵՖԱ ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչը, շուտով կանցկացվեն բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումները»,- հանդիպման ընթացքում ասել է նախարարը՝ ընդգծելով, որ միջազգային մրցաշարերի հյուրընկալման քաղաքականությունը լինելու է շարունակական: Անդրադառնալով Հայաստանում սուսերամարտ մարզաձևի զարգացմանը՝ նախարարը կարևորել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի կողմից կազմակերպվող մարզչական և մրցավարական սեմինարներին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մարզիչներին և մրցավարներին ներգրավելու հարցը: Այս համատեքստում քննարկվել է Սուսերամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի տարաբնույթ աշխատանքային խմբերում հայ մասնագետների ընդգրկման հնարավորությունը: «Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի համար շատ կարևոր է կապեր հաստատել Հայաստանի հետ, որտեղ սպորտը մեծ ապագա ունի»,- ասել է կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոն՝ նշելով, որ տպավորված է 2018 թ. Հայաստանում անցկացված Եվրոպայի սուսերամարտի մինչև 23 տարեկանների առաջնությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր հերթին ընդգծել է, որ սուսերամարտը Հայաստանում լուրջ ավանդույթներ ունեցող և սիրելի մարզաձև է. մեր երկիրը բազմաթիվ  չեմպիոններ է ունեցել: Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը:
18:29 - 26 հունվարի, 2024