Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Վարչապետին է ներկայացվել Առողջապահության նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Առողջապահության նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Զեկույցներով հանդես են եկել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները: Նախ ներկայացվել են առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները: Ընթացիկ տարում շարունակվել է առողջապահության ոլորտի համակարգային նշանակության ծրագրերի իրականացումը: Մշակվել է առանցքային բարեփոխումներից մեկի` առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Ձևավորվել են փորձագիտական խմբեր, իրականացվել է գների հետազոտություն, որի հիման վրա կազմվել է հիմնական ծառայությունների փաթեթը և ծախսերի հաշվարկը: Բարեփոխման վերջնանպատակն է հիմնական բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության բարելավումը, ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, մահացության և հիվանդացության բեռի նվազեցումը: Նախագիծը լրամշակումից հետո ներկայացվել է ՀՀ կառավարություն: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել ե, թե պետպատվերի համակարգում ինչ փոփոխություններ են կատարվել: «Նախկինում այդ պրակտիկան ունեինք, որ նախարարությունը բաշխում էր գումարներ, ըստ էության, հայեցողական որոշմամբ: Հիմա այդ պրակտիկան ընդհանրապես դո՞ւրս է եկել, այսինքն օֆերտայի տրամաբանությա՞մբ են գումարները բաշխվում և բուժառուի հետևի՞ց են գնում: Հիմա դա ամբողջությամբ այդպե՞ս է»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան Անահիտ Ավանեսյանը դրական պատասխան է տվել և հավելել, որ այժմ գումարները գնում են բուժառուի հետևից: Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Մենք ասում ենք՝ ա. նախարարի հրաման սահմանաչափերի վերաբերյալ պետք է չլինի և բ. պետք է լինեն առողջապահական բժշկական կենտրոններ, որոնք չունեն պետպատվեր: Այսինքն, պետպատվերը բժշկական կենտրոնին կապելու պրակտիկան վերանում է: Ով ուզում է մատուցել, թող մատուցի: Սրա հետ կապված ես նախարարին հանձնարարել եմ հետևյալը, որ հերթագրման ցուցակների մոբիլություն ապահովենք: Մարդը շահառու է, արձանագրվել է նրա շահառու լինելը, տեսնում է, որ իքս բժշկական կենտրոնում իր ծառայությունը կարող են մատուցել ենթադրենք 15 օրվա ընթացքում ու ինքը համաձայնվում է: Հաջորդ փուլում տեսնում է, որ կա առողջապահական հիմնարկ, որ կարող է այդ նույն ծառայությունը մատուցել մեկ շաբաթվա ընթացքում: Մարդը պետք է ազատություն ունենա տեղափոխվել այդ ցուցակից այնտեղ և ավտոմատ այն մյուս ցուցակից պետք է դուրս գա: Այսինքն, մենք մարդուն ենք հետևում, ոչ թե առողջապահական հիմնարկին, որպեսզի այդ մոբիլությունն առավել արդյունավետ լինի: Կարծում եմ՝ սա ծառայությունների մատուցման որակը բարելավելու ևս մի լրացուցիչ խթան կդառնա առողջապահական կենտրոնների համար»: Առողջապահության ոլորտի մարդկային ռեսուրսների զարգացման նպատակով ներդրվել է բժիշկների լիցենզավորման համակարգ: Ստեղծվել է անկախ փորձագետներից կազմված էթիկայի հանձնաժողով` բժշկական կենտրոններում բուժաշխատողի կողմից էթիկայի կանոնների խախտումները քննելու համար: Ստեղծվել է «Առողջապահության մասնագետների ռեգիստր», որի նպատակը Հայաստանում գործունեություն ծավալող առողջապահության մասնագետների ամբողջական շտեմարան ունենալն է։ Ստեղծվել է բժշկական արագ արձագանքման թիմ, որը բժշկական օգնություն և սպասարկում կիրականացնի ինչպես մեր երկրում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս միջազգային մարդասիրական առաքելություն իրականացնելիս: 2023 թ. 9 ամիսների ընթացքում վիրուսային Հեպատիտ C-ով պացիենտներին տրամադրվող անվճար բուժօգնության ծրագրին է դիմել 826 պացիենտ, որից 649–ը բուժում է ստացել, մնացածը գտնվում են բուժման ընթացքում: 2024 թ. նախատեսվում է ծրագրում ներառել 1440 պացիենտի: Ընթացիկ տարում իրականացվել են վերարտադրողական, մայրական և երեխաների առողջության բարելավման միջոցառումներ: Գյումրու ԲԿ-ում պիլոտային կարգով ներդրվել և իրականացվում է պրենատալ սքրինինգ` մարզի բոլոր հղիների համար, ինչը կբարելավվի մինչծննդյան ախտորոշման իրավիճակը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիմնադրվել է ապագա «Պտղի բժշկության կենտրոնը», և մեկնարկվել են շինարարական աշխատանքներ արտամարմնային բեղմնավորման կենտրոն ունենալու նպատակով: Մշակվել է ադրենագենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգային ծրագիրը, որը կներդրվի 2024թ. սկզբից Երևանում, այնուհետև կընդգրկվեն բոլոր մարզերը: Սքրինինգի միջոցով կհայտնաբերվեն բնածին մակերիկամային հիպերպլազիա ունեցող նորածինները, արդյունքում կնվազի դրա հետևանքով նորածնային մահացությունը` ի շնորհիվ ծանր ձևերի վաղ հայտնաբերմանը մինչև մակերիկամային կրիզի զարգանալը: 2023 թ. կրկնակի նվազել է մայրական մահացության ցուցանիշը, նաև «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի» թիրախ հանդիսացող մեռելածնության ցուցանիշը, որը մինչ 2020 թ. ստաբիլ տատանվել է 16-19 պրոմիլի (600-850 դեպք) շրջանակներում, իսկ այսօր չի գերազանցում 11,2-ը: 2023թ. նոյեմբերի 30-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է ծնունդների թիվը (32926` ավելացել է 336-ով): Անպտղության հաղթահարումը երկրի կարևորագույն թիրախներից է, միաժամանակ այն ծրագրերից է, որն ունի չափազանց մեծ պահանջարկ բնակչության շրջանում: Հաշվի առնելով այս ամենը, 2023թ. հունվարից ծրագրին հատկացված ֆինանսավորման կտրուկ աճի շնորհիվ, աննախադեպ ընդլայնվել են շահառուների խմբերը: Ծրագրի մեկնարկից մինչև նոյեմբերի 30-ը ծնվել է 368 երեխա, որից 54-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում: Թվարկված միջոցառումները միտված են մեկ նպատակի` հասնել ոլորտային ռազմավարություններով սահմանված թիրախներին: Անդրադառնալով վերարտադրողական առողջության թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր տարիքային քաղաքականության հետ կապված համո՞զված ենք, որ ճիշտ քաղաքականություն ենք վարում, որովհետև շատ են լինում դեպքերը, մանավանդ ես նամակներ, դիմումներ եմ ստանում: Հատկապես զոհված զինծառայողի ընտանիքներում տարիքային սահմանափակումների հետ կապված խնդիրներն առավել սուր են հնչում: Մենք այդտեղ համո՞զված ենք, որ մեր քաղաքականությունները ճշգրիտ են»: Նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն արդեն իսկ ուղարկել են Ազգային ժողով: «Երկու շեմ ենք փոխում՝ էԿՈ-ի համար 53 տարեկանը բարձրացնում ենք 55-ի և փոխնակ մոր համար 35-ը՝ 38-ի»,- նշել է նախարարը:                      Ճգնաժամերի, աղետների ժամանակ 2023 թ. 4-րդ եռամսյակից մեկնարկվել է «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» Շիրակի մարզի պիլոտային ծրագիրը: Գյումրիում ստեղծվել է միասնական զանգերի ստացման, վերլուծման և փոխանցման կառավարման կենտրոն: 2024 թ. երկրորդ կիսամյակից նախատեսվում է ընդգրկել հանրապետության ամբողջ տարածքը: Հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հիմնական շեշտադրումը կատարվել է առավել հաճախ հանդիպող և բարձր մահացություն ունեցող հիվանդությունների վրա: Իրականացված ախտորոշիչ, բուժական և կանխարգելման միջոցառումների արդյունքում սիրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը 2022 թ. նվազել է 14.1%-ով, իսկ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մահացությունը նվազեցնել շուրջ 13,5%-ով: Չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման և համալիր բուժման արդյունքում հնարավոր է եղել մեծացնել առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը և դրան զուգընթաց նվազեցնել մահացությունը, մասնավորապես՝ 2022 թ. առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը աճել է 10,5%-ով, իսկ մահացությունը նվազել է 3,4%-ով։ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը աճել է 3%-ով, իսկ մահացությունը նվազել է 0,5%-ով։ Շեշտվել է, որ մահացության նվազում է արձանագրվել գրեթե բոլոր հիվանդություններից։ Այս շարքում պետք է առանձնացնել նաև շաքարայի դիաբետից մահացության նվազումը։ Եթե 2015 թ.ն հանրապետությունում հաշվառված է եղել շուրջ 77 000 շաքարային դիաբետով անձ, այդ ժամանակահատվածում մահացությունը բացարձակ թվերով կազմել է 1276, ապա 2022 թվականին հաշվառված շուրջ 115 000 հիվանդների պարագայում մահացությունը բացարձակ թվերով կազմում է 371։ Շաքարայն դիաբետով հիվանդների շրջանում մահացության նման նվազումը պայմանավորած է լիարժեք դեղապահովման ծրագրով։ Ուղեղի կաթվածի բուժման ծրագրի շրջանակներում, հաշվետու ժամանակահատվածում բնակչությանը մատուցվել է 720 ծառայություն։ Ծառայությունների մատուցման հասանելիությունը տարեց տարի մեծանում է։ 2021թ. օգոստոսից մեկնարկվել և ընթացքի մեջ են ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վերակառուցման աշխատանքները: 2024թ. մեկնարկվելու են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի և «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մասնակի հիմնանորոգման աշխատանքները: Կառավարության որոշմամբ հոգեմետ դեղերը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հատկացվում են անվճար` դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ: Անդրադառնալով հոգեկան առողջության թեմային՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ավանդույթային մակարդակով էլ եթե նայենք՝ մեզ մոտ հոգեկան առողջության հետ կապված ծառայություններ մատուցող հաստատությունները սովորաբար ամենահետին տեղում են, չի էլ համարվում, որ դա մի տեղ է, որտեղ պետք է ներդրում անել, պատշաճ և արժանապատիվ պայմաններ ապահովել և այդպես շարունակ: Հոգեկան առողջության Նուբարաշենի կենտրոնի կապիտալ ծրագիրը, որ իրականացնում ենք, ինքնին լուրջ գործնական ազդակ է կառավարության վերաբերմունքի վերաբերյալ: Բայց այստեղ խնդիրները շատ ավելի խորն են և միջգերատեսչական մոտեցում է պետք՝ սկսած կրթական մակարդակից, որպեսզի խնդիրը կարողանանք հասցեագրել, ինչ-որ փոփոխություն մտցնել»: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ոչ միայն Նուբարաշենի ծրագիրն է իրականացվում, այլ նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում են ընթացիկ վերանորոգումներ իրականացվում, աշխատանքները կավարտվեն երկու տարվա ընթացքում: «Այս տարի հատկացրել ենք 130 մլն դրամ՝ երկու բաժանմունք ամբողջովին վերանորոգելու համար և ևս մեկ բաժանմունք արդեն բացել ենք: Այսինքն, Ավանի կենտրոնը ևս ամբողջովին կվերափոխվի: Այս տարի ևս 30 մլն դրամ ենք հատկացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնի համար, այն ամբողջովին կվերանորոգվի: Այսինքն, մենք երեք տարվա մեջ բոլոր կենտրոնները ենթակառուցվածքի առումով կթարմացնենք»,- շեշտել է նախարարը: Զեկուցվել է, որ բժշկական հաստատությունների արդիականացման շրջանակներում շինարարական աշխատանքներ են իրականացվել 25 բժշկական կենտրոնում, որից 2-ը արդն ավարտվել են, իսկ 2-ը ավարտական փուլում են: 2024 թ. մեկնարկելու են 22 գյուղական ամբուլատորիայի, 3 մարզային բժշկական կենտրոնի և 10 պոլիկլինիկայի, Ջերմուկի առողջության կենտրոնի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային 1 կենտրոնի, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի 3 մարզային մասնաճյուղի և Մեղրիի դիահերձարանի, Քրեակատարողական բժշկության կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանման, հոգեկան առողջության 2 կենտրոնի շինարարական աշխատանքները: Ավարտին է հասցվելու Վարդան Սրմաքեշի կողմից Գյումրիում կառուցված նոր ծննդատան շինարարական աշխատանքները։ Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում իրականացվում են զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային անվճար ծրագրերը: 2021 թվականից մեկնարկած կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը շարունակվում է` ընդգրկելով Լոռի, Տավուշ, Սյունիք, Շիրակ մարզերը: Կատարվել է 26238 հետազոտություն, 1584 կին ուղեգրվել է լրացուցիչ անվճար հետազոտությունների, 261-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Ծրագրի նպատակն է կայունացնել և տարեկան առնվազն 1,5 %-ով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով վաղաժամ մահացությունը: 2023 թ. պիլոտային ծրագրով ամբողջապես թվայնացվել են դեղատոմսի դուրսգրման, պատվաստումների, արյան բանկի, եղջերաթաղանթի, դիակային դոնորների, սրտանոթային, հեպատիտների և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների էլեկտրոնային ռեգիստրները: 2023 թ. պետբյուջեից հատկացվել է շուրջ 68.5 մլն ՀՀ դրամ սահմանամերձ 12 առողջապահական կազմակերպություններին դեղերի անձեռնմխելի պաշարների ձեռքբերման նպատակով:
12:50 - 19 դեկտեմբերի, 2023
Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի |armenpress.am|

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի |armenpress.am|

armenpress.am: Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կառուցման աշխատանքները ի՞նչ փուլում են: Ավանեսյանը պատասխանեց, որ 2024 թվականին կիրականացվեն նախագծման աշխատանքները, այնուհետև՝ շինարարական աշխատանքները։ Վարչապետը մարզերում կատարված աշխատանքների ցանկը տպավորիչ է համարում։ «Տարածքային համաչափ զարգացում ասելով՝ մենք նկատի ունենք կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ու ուղիղ ծրագրերով։ Իսկապես, կատարված աշխատանքի ծավալն ահռելի է, ինչն, իհարկե, շատ լավ լուր է այն առումով, որ ոչ միայն համայնքներում մարդիկ տեսնում են իրական փոփոխություններ, այլև կարևոր է, որ մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը էականորեն մեծանում է»,- հավելեց Փաշինյանը։
14:07 - 14 դեկտեմբերի, 2023
Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները բժշկական կենտրոններ չեն տեղափոխվել, դրա կարիքը չկա. Ավանեսյան
 |aysor.am|

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները բժշկական կենտրոններ չեն տեղափոխվել, դրա կարիքը չկա. Ավանեսյան |aysor.am|

aysor.am: Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները ենթարկվել են նախնական բժշկական հետազոտության, այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Անհրաժեշտ հետազոտություններն իրականացվել և կարիքները գնահատվել են «Մուրացան» հոսպիտալում։ Հետազոտություն անցկացնելու անհրաժեշտություն դեռ չկա»,-ասաց նախարարը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ էր արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ պետք է արձակեր 2 ադրբեջանցի զինծառայողի։  Դեկտեմբերի 13-ին արդեն 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատեցին Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: 
13:27 - 14 դեկտեմբերի, 2023
Անահիտ Ավանեսյանը շրջել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» վերանորոգված և վերազինված լաբորատորիայում

Անահիտ Ավանեսյանը շրջել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» վերանորոգված և վերազինված լաբորատորիայում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» վերանորոգված և վերազինված լաբորատորիայում: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կենտրոնը հագեցվել է Համաշխարհային առաջատար արտադրողների շուրջ 20 սարքավորումով և քիմիապես կայուն լաբորատոր կահույքով:   Լաբորատորիայի վերանորոգման և վերազինման աշխատանքներն իրականացվել են Կառավարության ֆինանսական աջակցությամբ. տրամադրվել է շուրջ 595 մլն դրամ:   «Փորձագիտական այս կենտրոնը կատարում է պետական բացառիկ ֆունկցիա` ապահովելով մեր երկրի դեղորայքային անվտանգությունը: Լաբորատորիայի ամբողջական վերանորոգման և վերազինման ծրագրի առաջին փուլն ենք իրականացրել` տրամադրելով ժամանակակից սարքավորումներ, հաջորդիվ աշխատելու ենք շենքային պայմանների բարելավման ուղղությամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:   Նախարարն ընդգծել է որակի միջազգային սերտիֆիկատներով հավաստված, հավասարը չունեցող լաբորատորիա ունենալու տեսլականը, որը կընդլայնի իր գործառույթները գիտական, արտադրական տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում, խթան կլինի մեր երկրի դեղագործական արտադրանքի զարգացման գործում:
20:08 - 28 նոյեմբերի, 2023
Բելգիայում այրվածքներով բուժում ստացող 3 տուժածից 2-ն ապաքինվել են, 1 տուժած կշարունակի բուժումը

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող 3 տուժածից 2-ն ապաքինվել են, 1 տուժած կշարունակի բուժումը

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են, շուտով կլինեն Հայաստանում: Մեկ տուժած կշարունակի բուժումը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին՝ Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: «Շատ շուտով Բելգիան դեսպանություն կբացի Երևանում՝ ի նշան համերաշխության: Այդ ծանր օրերին տպավորված էի Բելգիական առաջին օգնության և աջակցության թիմի (B-FAST), ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և ձեր համակարգված աշխատանքով` տուժածներին օգնելու հարցում»,- նշել է դեսպանը: Քննարկվել են առողջապահական համակարգային բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությունը` առողջության համապարփակ ապահովագրության փորձագիտական աջակցություն. այրվածքների կառավարման, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն. դեղագործության ոլորտում կապերի խորացում. ուռուցքաբանության ոլորտում գործընկերային կապերի հաստատում: Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
14:53 - 27 նոյեմբերի, 2023
ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիներից երկրորդի կյանքը փրկել չի հաջողվել. Ավանեսյան
 |1lurer.am|

ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիներից երկրորդի կյանքը փրկել չի հաջողվել. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր: Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում: «Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի դինամիկ բժշկական հսկողության տակ»,- գրել է ՀՀ առողջապահության նախարարը: Ինչպես տեղեկացրել էինք, պայթյուն էր տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ:
15:29 - 23 նոյեմբերի, 2023
Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է. դեսպանը՝ Անահիտ Ավանեսյանին

Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է. դեսպանը՝ Անահիտ Ավանեսյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է՝ ուղղված երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը, զարգացած տնտեսություն ունենալուն և առողջապահական ոլորտի բարելավմանը` հիմնված օրենքի գերակայության վրա»,- նշել է Ֆուկուսիմա Մասանորին: «Գնահատելի է ձեր անձնական ներդրումը հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և առողջապահական տարբեր ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է նախարարը: Երկկողմ գործակցության վերջին ձեռքբերումներից են` Նորագույն, ճշգրիտ ախտորոշման բժշկական սարքավորումների նվիրաբերում Երևանի և մարզերի առողջապահական հաստատություններին. վերջին սերնդի սարքավորումներով համալրված շտապօգնության 39 մեքենայի նվիրաբերում. պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի բացում Վանաձորի բժշկական կենտրոնում: Առաջիկա ծրագրերը նպատակաուղղված կլինեն բժշկական կենտրոնների վերազինմանը և ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարմանը:
13:27 - 21 նոյեմբերի, 2023
Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
 |civilnet.am|

Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ 2024-ին իմունականխարգելման ազգային ծրագրի համար հատկացումներն ավելանալու են 16,4 տոկոսով: «Դրա շնորհիվ մեր երկրում կարողանալու ենք ներդնել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը: Կարծում եմ՝ սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների առողջության պահպանմանն ու աշխատունակության պահպանմանը, նաև որոշակի առումով անվտանգային կարևոր լուծում է»,- ասել է նախարարը։ Ավանեսյանը նշում է, որ ջրծաղիկը բարձր վարակելիություն ունի. «Եթե մանկապարտեզում մեկ խմբում ջրծաղիկի դեպք է գրանցվում, ապա այդ հաստատությունում գրեթե բոլորը վարակվում են, լինում են նաև ծանր դեպքեր»:
14:29 - 06 նոյեմբերի, 2023
Ավանեսյանը՝ անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների վաճառքի ու օգտագործման արգելքի մասին |1lurer.am|

Ավանեսյանը՝ անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների վաճառքի ու օգտագործման արգելքի մասին |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության ոլորտի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումների մասին քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը տեղեկացրեց, որ շատ ծնողներ դիմել են իրեն և այլ պատգամավորների՝ Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, նաև վաճառքն անչափահասների շրջանում արգելելու հարցով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների օգտագործումն ու վաճառքը նույնքան անընդունելի համարեց, որքան ալկոհոլինն ու ծխախոտինը՝ նշելով, որ երևույթը բացասաբար է անդրադառնում նրանց ֆիզիկական աճի և հոգեկան առողջության վրա: «Եթե էներգետիկի մասով մենք չունենք նման կարգավորում, ապա ալկոհոլի և ծխախոտի մասով ունենք կարգավորումներ, և պետք է վերահսկողության ուժեղացմամբ էլ հասնենք նրան, որ երեխաներին ուղղակի անհնար լինի ծխախոտ վաճառելը, անհնար լինի ալկոհոլ վաճառելը»,- ասաց նախարարը, ապա ընդգծեց, որ չնայած ալկոհոլի և ծխախոտի դեպքում կա օրենքով սահմանված արգելք՝ այն չվաճառելու, սակայն այսօր էլ հնարավոր է խանութներից դուրս գալիս տեսնել անչափահասների՝ ծխախոտը և ալկոհոլը ձեռքին: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով թեմային, տեղեկացրեց, որ իրեն ևս շատ ծնողներ են դիմել այս հարցով. «Զբոսնելիս մոտենում են և բարձրաձայնում են հարցը: Մի տեսակ մոդայիկ է դարձել դպրոցականների շրջանում: Այո՛, շատ կարևոր հարց է, սրան ինչ-որ կերպ պետք է լուծում տրվի»:
13:15 - 06 նոյեմբերի, 2023
Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե 2024-ին որ բժշկական կենտրոններում են շինարարական աշխատանքներ իրականացվելու
 |armenpress.am|

Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե 2024-ին որ բժշկական կենտրոններում են շինարարական աշխատանքներ իրականացվելու |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2024 թվականին շարունակվելու են 2023-ին մեկնարկած՝ մի շարք բժշկական կենտրոնների շինարարական աշխատանքները, նաև մեկնարկելու են մի շարք հիվանդանոցների և առողջության առաջնային պահպանման օղակի հաստատությունների շինարարությունը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ներկայացրեց իրականացվող աշխատանքները: 2018-ին առողջապահության ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 1.3 մլրդ դրամ, 2024-ին ոլորտի կապիտալ ծախսերին հատկացվել է ավելի քան 11 մլրդ դրամ: Նախարարը հիշեցրեց, որ մինչև 2026թ պետք է վերակառուցեն, կառուցեն, վերազինեն առնվազն 50 առողջապահական կազմակերպություններ: Ավանեսյանը նախ ներկայացրեց արված աշխատանքը՝ օրեր առաջ բացվել է Մարտունու բժշկական կենտրոնը, որի վրա Համաշխարհային բանկի հետ համատեղ պետությունը ծախսել է 3.2 մլրդ դրամ: 3 տարվա ընթացքում կառուցվել է 79 մահճակալից բաղկացած, բոլոր սարքավորումներով հագեցած կենտրոն: Մինչև տարեվերջ կավարտվի նաև Վայոց ձորի բժշկական կենտրոնի կառուցումը, կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով: Այսինքն՝ 2023-ին շահագործման է հանձնվում 2 առողջապահական հաստատություն: Հաջորդ տարի շարունակվելու են  Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Սիսիանի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, դրանք կավարտվեն 2025-ին: «Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում և շարունակվելու են հետևյալ օբյեկտները՝ Վաղարշապատի բժշկական կենտրոնի, Թալինի բժշկական կենտրոնի, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի, Աշտարակի բժշկական կենտրոնի, Մասիսի, Արտաշատի, Նաիրիի, Տաշիրի, Չարենցավանի բժշկական կենտրոնների շինարարությունները: Դրանցից մեծ մասի ավարտական աշխատանքները նախատեսված են հենց 2024թ 3-4-րդ եռամսյակներում»,-ասաց նախարարը: Վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում շարունակվելու են Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքի, Հիվանդությունների վերահսկողման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Արմավիրի և Արարատի մարզային մասնաճյուղերի արդիականացման աշխատանքները: Նախարարը նաև ներկայացրեց  2024-ին մեկնարկող կապիտալ աշխատանքները: Այդ աշխատանքների թվում են շտապօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների տեխնիկական վերազինումը, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի, Կապանի, Սևանի, Բերդի դիահերձարանների վերակառուցումները, Արթիկի ԲԿ-ի, Վարդենիսի, Վեդիի,  Ջերմուկի առողջության կենտրոնի, Արմավիրի մարզի Զարիշատի Մարտին Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնի,  Նոր Հաճընի պոլիկլինիկայի, Գյումրու թիվ 1, 2 պոլիկլինիկաների, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի, Կապանի բժշկական կենտրոնի (խոսքը պոլիկլինիկայի հատվածի մասին է), Գորիսի բժշկական կենտրոնի (պոլիկլինիկայի հատվածը), Արարատի հիվանդանոցի (պոլիկլինիկայի հատվածը), Վայքի պոլիկլինիկայի, Գավառի պոլիկլինիկայի շինաշխաատանքները: Վերոնշյալ բոլոր պոլիկլինիկաների նախագծանախահաշվային աշխատանքների համար այս տարի արդեն որոշակի գումար հատկացվել է, աշխատանքները մեկնարկել են, հաջորդ տարվանից կսկսվեն շինարարական աշխատանքները: 2024 թվականին կմեկնարկեն ևս 20 ամբուլատորիաների շինարարական աշխատանքները:
12:29 - 06 նոյեմբերի, 2023
Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից․ Զեյնալյան
 |armenpress.am|

Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից․ Զեյնալյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը արդեն ընդունված է։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ «Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից, որը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Այսինքն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումը կիրականացվի 2026 թվականին։ Այն նախատեսվում է ներդնել փուլային տարբերակով։ Ծրագրի միջնաժամկետ ծախսերը հաշվարկված և պլանավորված են»,- ասաց Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգով ամբողջ կառուցվածքը և տրամաբանությունը շարադրված են։ «Առաջիկայում Ազգային ժողով կգա օրենսդրական մեծ փաթեթ, և դրա շրջանակներում քննարկումներ և բանավեճեր կունենանք։ Ազգային ժողովը պետք է ընդունի և հաստատի օրենքը, որի հիման վրա կառավարությունը արդեն իսկ այդ օրենքից բխող տրամաբանությամբ կիրականացնի բոլոր միջոցառումները՝ հիմնադրամի ստեղծումը, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և այլն։ Բնականաբար, բոլորիս նպատակն է հանրությանը տրամադրել միանման, հասանելի և մատչելի բժշկական ծառայություն»,- եզրափակեց Զեյնալյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ 2024 թվականի կեսերից առողջապահական ապահովագրության ներդրումը սկսելու համար կհատկացվի 18 միլիարդ դրամ։ «Առոջապահական ապահովագրության ներդրման հայեցակարգը բավականին ծավալուն, բայց նաև շատ հստակ սկզբունքներ, մոդել և կառուցվածք ամրագրող փաստաթուղթ է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այն ոչ միայն ընդհանրական, բնութագրիչ և սկզբունքներ հավաստող է, այլ նաև հայեցակարգի մեջ բավականին հարցերի պատասխաններ են տրված։ Շուտով կունենանք օրենսդրական մեծ փաթեթի քննարկում Ազգային ժողովում»,- ասաց Ավանեսյանը։
11:44 - 06 նոյեմբերի, 2023
Ունենք բռնկում, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյանը՝ կարմրուկի մասին |1lurer.am|

Ունենք բռնկում, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյանը՝ կարմրուկի մասին |1lurer.am|

1lurer.am: Իրավիճակը վերահսկելի է: Մենք ունենք բռնկում, և կարող եմ ասել, որ հենց այս պահին դեպի մարում է գնում բռնկումը: Այդ մասին ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Իհարկե, մեր զգոնությունը դրանից չի նվազում, և հնարավորինս բոլոր բժշկական կենտրոններում, բոլոր սիմպտոմները, որոնք կարող են լինել կարմրուկի պարագայում, հետաքննվում են, և արվում են հետազոտման բոլոր աշխատանքները, որպեսզի որևէ դեպք բաց չթողնենք: Ունեցել ենք նաև բալիկի մահվան դեպք: Պետք է նշեմ, որ բալիկը պատվաստված չի եղել, և ունեցել է այն հիվանդությունները, որոնք իրավիճակը շատ ավելի բարդացրել են»,- ասաց Ավանեսյանը՝ հորդորելով, որ ազգային օրացույցով սահմանված իմունիզացիոն ծրագրով երեխաների պատվաստումները չուշացվեն: Նախարարը նաև նշեց, որ մինչև քովիդի բռնկումը հանրության շրջանում եղել է 93-94 տոկոս պատվաստվածության աստիճան, մինչդեռ քովիդի ժամանակ, երբ առաջնային օղակի աշխատանքն ընդհատված էր, պատվաստումների տոկոսն իջել է: 2022-ին վերականգնվել են ցուցանիշները: «Մենք մեզ համար խնդիր ենք դրել, որ պետք է հասնենք 95-96 տոկոսի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է քովիդի դեպքերին, ապա Ավանեսյանը նշեց, որ այս պահին որևէ նոր շտամ չկա, օմիկրոնի շտամն է շրջանառվում, բայց լինում է, որ գրիպն ու քովիդը միաժամանակ են լինում, այդ դեպքում հիվանդությունը բարդ է ընթանում: Իսկ ընդհանուր առմամբ քովիդի մասով անհանգստացնող բան չկա:
14:40 - 02 նոյեմբերի, 2023
Հանրապետությունում շրջանառվում է քովիդի օմիկրոն շտամն իր ենթաշտամներով. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Հանրապետությունում շրջանառվում է քովիդի օմիկրոն շտամն իր ենթաշտամներով. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության նախարարությունը շաբաթական կտրվածքով կատարում է սուր շնչառական վարակների մոնիթորինգ, այս պահին վարակիչ հիվանդությունների կտրուկ աճ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ տեսանելի է քովիդի թվերի աճ: «Նկատում ենք, որ գարնան կամ աշնան ամիսներին քովիդը, ինչպես նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում, և այս պահին սեզոնային ակտիվացում է դիտվում: Քովիդի շտամների փոփոխություն չի նկատվում: Շրջանառվում է օմիկրոն շտամն իր ենթաշտամներով»,- նշեց Ավանեսյանը՝ ընդգծելով՝ քովիդի ախտանշանները բավական նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդացավ, հազ, գլխացավեր, ուստի, առանց թեստավորման, մի փոքր դժվար է դրանք միմյանցից տարբերակելը: Ինչ վերաբերում է քովիդից մահվան դեպքերին, նախարարը նկատեց՝ գրիպից էլ են գրանցվում տարեկան մահվան դեպքեր, և եթե անձն ունի առողջական լուրջ խնդիրներ և ճիշտ ժամանակին չստանա պատճաշ բուժօգնություն, կարող են գրանցվել նաև մահվան դեպքեր: Հարցին՝ արդյոք առկա՞ է բավարար քանակությամբ գրիպի դեմ պատվաստանյութ, նախարարը վստահեցրեց՝ պաշարները համալրվել են, և այս պահին պատվաստանյութի պակաս չկա: «Հորդորում եմ օր առաջ պատվաստվել գրիպի դեմ, որովհետև այս ընթացքն ամենաճիշտ շրջանն է պատվաստվելու և պաշտպանված լինելու: Ինչպես գիտեք՝ գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի են մշակվում՝ համապատասխանեցվելով ամեն տարի շրջանառվող ամենավտանգավոր շտամներին, և քրոնիկ հիվանդները, 65 տարեկանից բարձր անձինք և մինչև 12 տարեկան երեխաները ռիսկի խմբում են, ուստի շատ կարևոր է պատվաստվել»,- ասաց նախարարը: Ավանեսյանը տեղեկացրեց՝ պատվաստանյութը եվրոպական արտադրության է և գործում է գրիպի 4 շտամների դեմ:
12:43 - 25 հոկտեմբերի, 2023
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը ծանր է |armenpress.am|

Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը ծանր է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ինը՝ ծայրահեղ ծանր: «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող բուժառուների վերաբերյալ տվյալները: «Այս պահին ունենք 319 բուժառու: Նրանցից 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ինը՝ ծայրահեղ ծանր: Ուրախալի է, որ ունենք որոշակի դրական դինամիկա՝ հիվանդների վերակենդանացման բաժանմունքից տեղափոխում դեպի բաժանմունքներ և մի քանի դուրսգրումներ»,-ասաց նախարարը: Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն է շարունակում ստանալ 5 երեխա, 3 երեխա առողջական դրական դինամիկայով տեղափոխվել է բաժանմունք, ևս 1 նորածին հոկտեմբերի 5-ին դուրս է գրվել:
21:12 - 05 հոկտեմբերի, 2023
Շտապ օգնության 13 բրիգադ մեկնել է Ստեփանակերտ՝ բերելու հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ու անկողնային հիվանդներին

Շտապ օգնության 13 բրիգադ մեկնել է Ստեփանակերտ՝ բերելու հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ու անկողնային հիվանդներին

Շտապ օգնության 13 բրիգադ Հակարիի կամրջով ուղևորվել է Ստեփանակերտ՝ Հայաստան բերելու բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ նշեց, որ հենաշարժողական խնդիր ունեցող 15 անձ մնացել է Ստեփանակերտում։ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նաև Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ տեղափոխված բուժառուների վերաբերյալ տվյալներ։  Նրա խոսքով ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահի դրությամբ բուժում է ստանում ԼՂ-ից տեղափոխված 361 բուժառու: Մինչև այսօր ընդհանուր առմամբ գրանցվել է 14 մահ։ Մեծաթիվ բուժառուների վիճակը գնահատվում է ծանր ու ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոնք տուժել են և՛ պայթյունից, և՛ մարտական գործողությունների հետևանքով են վիրավորում ստացել։ 2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն։ Մեկ երեխայի մոտ կա դրական դինամիկա։ Այս գիշեր վթարի հետևանքով 2 երեխա է տեղափոխվել հիվանդանոց։
12:31 - 30 սեպտեմբերի, 2023