Ինֆոքոմ

Ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին Արցախում  իրավիճակի սրման կանխավարկած չեմ տեսնում․ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան

Ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին Արցախում իրավիճակի սրման կանխավարկած չեմ տեսնում․ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան

Փետրվարի  27-ի գիշերը Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները որակվեցին որպես ռուս-թուրքական նոր պատերազմ։ Փետրվարի 28-ին Թուրքիայի Հաթայ նահանգի ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կորցրել է 33 զինվոր: Ռուսական կողմը նշել է, որ  Սիրիայի Իդլիբ նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք Է այնտեղ գտնվեին: Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման մասին Infocom-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ - Պարո՛ն Իսպիրյան, նախ կցանկանայի իմանալ Ձեր գնահատականը ռուս- թուքական հարաբերությունների լարվածության վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ հնարավոր ի՞նչ զարգացումներ կարող են լինել։  - Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը հիմնականում ընդգծվեց Սիրիայում՝ Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Լարվածությունը բավականին բարձր մակարդակի է հասել,  նմանատիպ լարվածություն եղել է մեկ էլ չորս տարի առաջ, երբ թուրքական ուժերը Սիրիայի երկնքում  ռուսական օդանավ կործանեցին։ Թեև դրանից հետո հարաբերությունները բավականին ջերմացան, բայց ընդամենը մեկ քայլ էր պետք, որպեսզի հարաբերությունների ջերմացումը նույնքան արագ վերածվեր հարաբերությունների խիստ լարման, ինչը տեղի ունեցավ։ Այս ամենն անխուսափելի էր, ինչքան էլ Ռուսաստանը փորձեր ստիպել Թուրքիային Սիրիայում գործել Ռուսաստանի թելադրած կանոններով, որոշակի նվերներ անելով (որոշակի տարածքներում համատեղ պարեկություն իրականացնել)՝ պահել իրավիճակը։ Սիրիայում կար և կա սկզբունքային լուրջ տարաձայնություն․ Ռուսաստանը պաշտպանում է Սիրիայի իշխող կառավարությանը, իշխող ներկա նախագահին, Թուրքիան ամեն կերպ փորձում է գահընկեց անել Ասադին և իշխանության բերել իր հովանավորությամբ և ֆինանսավորմամբ գործող տարբեր ահաբեկչական խմբավորումների։ Բնականաբար մի օր պետք է այս հակադրությունը պայթեր, և դա պայթեց հենց Իդլիբում, սրա հետևանքն էր։ Քանի որ այս լարվածության գագաթնակետը փետրվարի 27-ին էր, երբ Սիրիական կառավարական ավիացիայի կողմից ծանր ռմբակոծության ենթարկվեցին ահաբեկիչների դիրքերը, իսկ ահաբեկիչների հետ էին նաև թուրք զինվորականները, որոնք սպանվեցին, ինչպես մյուս ահաբեկիչները։ Խնդիրը ինչո՞ւմն է․ Ռուսաստանը հետ չի կանգնում իր քայլեից, շեշտել է, որ ինքն ամեն կերպ շարունակելու է ահաբեկիչների դեմ պայքարը։ Սպանված թուրք զինյալների վերաբերյալ էլ Ռուսաստանը մեղադրեց Թուրքիային, որ վերջինս խախտել է պայմանավորվածությունը, հեռացել են Ռուսաստանի հետ նախապես պայմանավորված դիտակետից և գտնվել են ահաբեկիչների հետ միասին։ Թուրքիան փորձում է իր իշխանության դեմքը փրկել, վերջին օրերին սիրիական օդանավերի  խոցումը թուրքական ուժի կողմից այդ դեմքը փրկելուն ուղղված քայլերից մեկն է։ Ռուսաստանը անմիջական կողմի չի հանդիսանում  և որևէ խնդիր չունի, սակայն ունի լուրջ շահեր, ավելին՝ Սիրիայում գլխավոր խաղացողը հենց Ռուսաստանն է այս պահին։ - Չնայած որ լարված են հենց ռուս-թուրքական հարաբերությունները, երկու կողմերը չեն շեշտում այդ հանգամանքը, և թուրքական լրատվամիջոցները չեն թիրախավորում Ռուսաստանին և չեն նշում, որ կա ռուսական  միջամտություն։ - Հենց փետրվարի 27-ի հարցակումից հետո, երբ տարածվեց 33 զոհերի մասին տեղեկությունը, Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր դեսպանության առջև շատ մեծ  բողոքի ակցիա  է տեղի ունեցել՝ հակառուսական լոզունգներով։ Ավելին՝ Էրդողանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը ուղիղ եթերում մեղադրում է անմիջականորեն Ռուսաստանին և ասում, որ 16 անգամ պատերազմել ենք  և չպետք է խուսափենք ևս մեկ անգամ ռուսների հետ պատերազմելուց։ Ավելին՝ սպառնաց, նշելով, որ Ռուսաստանում կա 25 միլիոն մուսուլման, և Ռուսաստանին ներսից կպառակտեն։ Այսինքն՝ ոչ իշխանությունների բերանով, բայց իրենց արբանյակների միջոցով իրենք շեշտեցին, որ Ռուսաստանն է գլխավոր թշնամին։ Սոցկայքերում հակառուսական գրառումներ, տեսանյութեր, հակառուսական հիստերիա կա։ Իշխանությունը ուղղակի առաջին դեմքերի մակարդակով խուսափում է դրանից՝ թե՛ Էրդողանը, թե՛ Չավուշօղլուն, քանի որ հազիվ են կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Եթե միանգամից մեղադրեն Ռուսաստանին, բավականին մեծ հետընթաց կկատարվի։ - Արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային, և այս իրավիճակում ո՞րն է ԱՄՆ-ի շահը։ -Այս պահին Ամերիկան երջանիկ դիտորդի դերում է։ Սա Թուրքիայի համար դաս է։ Իհարկե, ԱՄՆ-ն Թուրքիայի դաշնակիցն է․ երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են։ Բոլոր օրենքներով ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիային։ Այս պահին Ամերիկան լրջորեն չի մասնակցում, քանի որ իրավիճակը դեռ շատ անկայուն է, և Ամերիկայի միջամտությունը կարող է էլ ավելի լարել ռուս-ամերիկյան առանց այն էլ ոչ բարվոք հարաբերությունները։ -Տարբեր աղբյուրներ և նաև փորձագետներ կարծում են, որ Թուրքիան ակնկալում է ՆԱՏՕ-ի աջակցությունը, սակայն, նշում էին, որ  ՆԱՏՕ-ի կանոնադրությունը նման հնարավորություն չի տալիս։ Կանոնադրական ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը։ -Այլ երկրի տարածքում նման հնարավորություն չկա։ Թուքրիան ՆԱՏՕ-ին դիմեց արտակարգ հավաք իրականացնելու համար, արտակարգ նիստը տեղի ունեցավ հաջորդ օրը։ ՆԱՏՕ-ն նշեց, որ, այո՛, մենք պաշտպանելու ենք Թուրքիայի անվտանգությունը իր սահմանների ներքո, բայց այս պահի դրությամբ Իդլիբը Թուրքիայի սահմաններում չէ, ավելին Իդլիբում ահաբեկչական կազմակերպությունները ոչ թե Թուրքիայի դեմ են, այլ Թուրքիայի ներսում են։ Այստեղ կա հակասություն, և ՆԱՏՕ-ն որևէ բան չի կարող անել։ Թուրքիան է շարժվում ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Սա շատ նուրբ հարց էր և Թուրքիան փորձեց օգտագործել , սակայն չստացվեց։ Իսկ ԱՄՆ-ի դեպքում, ինչպես նշեցի, դեռ ուղղակի սպասումներ են, իհրակե, ՆԱՏՕ-ն ինչ հայտարարեց ՝  նաև ԱՄՆ-ի վերաբերմունք էր ներառում։ ՆԱՏՕ-ն նույնպես ունի պատճառ Թուրքիային դաս տալու՝ կապված Ս-400-ների սկանդալային գործարքների հետ։ Դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ն չի շտապում Թուրքիային չափից ավելին աջակցություն հայտնել։ -Թուրքագետները ունեն նաև նման կանխավարկած, որ իրավիճակի սրման դեպքում  հնարավոր է լարվածություն գրանցել նաև Արցախի սահմանին։ Ձեր կարծիքով նման կանխավարկածներ կան այս առումով և ըստ Ձեզ մինչև ո՞ւր կարող է հասնել այս լարվածությունը։ -Տեսականորեն շատ արագ է փոխվում իրավիճակը, շատ արագ զարգանում է և ուղիղ երկու ամիս առաջ դժվար էր լինում պատկերացնել, թե ինչ կլինի երկու օր առաջ։ Արցախի հետ կապված տեսականորեն կարող է լինել նման կանխավարկած, սակայն ես  չեմ կիսում այդ կարծիքը, որ Սիրիայում ռուս-թուրքական լարվածությունը Թուքիան կփորձի Արցախ բերել։ Չմոռանանք՝ Թուրքիան մի քանի տարի առաջ ընդունել է այդ ճշմարտությունը,  որ Արցախի հարցում կարևորը Ռուսաստանի դերակատարումն է։ Արցախի հարցում Ռուսաստանը այլ երկրի միջամտություն թույլ տալ չի կարող։ Արցախում՝ Թուրքիայի կողմից ոտնձգությունները վերջինիս կդնեն անհարմար վիճակի մեջ։ Իհարկե, այս հարցում Թուրքիան միշտ  էլ սատարել է Ադրբեջանին, բայց այս դեպքում իրավիճակի սրման կանխավարկած չեմ տեսնում։ Ասպրամ Փարսադանյան            
17:52 - 05 մարտի, 2020
Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ Զոհրաբ Մնացականյան

Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ Զոհրաբ Մնացականյան

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության անդամներ-պատգամավորներ հարց ու պատասխանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 27 պատգամավոր։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, դիմելով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հիշեցրեց, որ 2 օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Թուրքիայի ԱԳՆ-ի հետ, եւ քննարկել որոշ հարցեր՝ ԼՂ-ի խնդրի կարգավորման վերաբերյալ։ Սիմոնյանը Մնացականյանից հետաքրքրվեց՝ արդյոք մեր ԱԳՆ-ն տեղյա՞կ է եղել, որ նման հանդիպում կայանալու է, ԱԳՆ-ն տեղյա՞կ է՝ ինչի մասին են խոսել ու քննարկել, որո՞նք են մեր քայլերը՝ այս խնդրի պարզաբանման հետ կապված։ ԱԳ նախարարը պատասխանեց, որ համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են հանդիպումներ՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ պետությունների, միջազգային կազամակերպությունների հետ՝ ըստ անհրաժեշտության, եւ այդ հանդիպումները նորություն չեն․ «Այստեղ արտառոց որեւէ բան չկա, այդ հանդիպումները պլանային են։ Համանախագահների հետ աշխատում ենք փոխվստահության պայմաններում, մենք գիտենք այդ պլանի մասին, գիտենք՝ ինչպես եւ ինչ մոտեցումներով են աշխատում, որովհետեւ մենք էլ ենք աշխատում նրանց հետ։ Սա առաջին հանդիպումը չէ։ Ի դեպ՝ դրանից առաջ էլ մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ են հանդիպումներ ունեցել։ Այստեղ որեւէ մտահոգություն չունենք համանախագահների մասով»։ Մնացականյանը նկատեց՝ Թուրքիայի կողմից մեկնաբանություն եղավ, բայց դրա մեջ էլ չկար որեւէ բան, որը նախկինում չէինք լսել, մենք էլ հանդես եկանք մեր հայտարարությամբ․ «Եւ, բնականաբար, այդ մոտեցումը նույնպես ծանոթ է բոլորին, որ ՀՀ-ի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ սա մենք ասել ենք եւ կրկնում ենք, մեր մոտեցումը հստակ է, շարունակում ենք իրակիանացնել մեր նպատակլաները, եւ աշխատել ՄԽ համանախագահների հետ»։
17:21 - 04 մարտի, 2020
Կոռուպցիոն հանցանքների հետ կապ չունեցող անձը չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում․ Ռուստամ Բադասյան

Կոռուպցիոն հանցանքների հետ կապ չունեցող անձը չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում․ Ռուստամ Բադասյան

Եթե ընդդմիադիր խմբակցությունները գտնում են, որ կարող են այս նախագծից ավելի էֆեկտիվ նախագիծ  ներկայացնել մեր դատին , որը միարժամանակ չի հակասի Սահմանադրությանը, մենք այդ առաջարկները կընդունենք,-  այսօր Ազգային ժողովում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։  «Ես բազմիցս ասել եմ, որ վերթինգ, բարեվարքության սկզբունքներ և բազմաթիվ այլ տերմիններ տարբեր իրավական համակարգերում ունեն տարբեր նշանակություններ։ Մենք ինչ հայտարարել ենք, դա էլ արել ենք։ Հայտարարել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ ենք ձեռնարկելու»,- նշեց Բադասյանը։  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի  մասին հնչող բացասական կարծիքների վերաբերյալ, Բադասյանն ասաց․ «Սահմանաչափը որոշված է օրենքով՝ 25 միլիոն։ Այն, որ կոռուպցիոն հանցանքների հետ կապ չունեցող անձը չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում, բոլոր բարեխիղճ ձեռքբերողների շահերը պաշտպանված են»,- եզրափակեց նախարարը։ 
14:56 - 04 մարտի, 2020
Քննարկվում է դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը․ Ռուստամ Բադասյան

Քննարկվում է դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը․ Ռուստամ Բադասյան

ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ավարտի իր եզրափակիչ ելույթում նշեց, որ դատական օրենքի այս փաթեթը հնարավորություն է տալիս էֆեկտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ դատական համակարգում, միևնույն ժամանակ չխաթարելով դատական իշխանության անկախությունը։ «Պարոն Սիմոյանն ասում էր, որ սա կախյալ դատական համակարգ ստեղծելու փաստաթուղթ է և պետական մարմիններից կախվածության մեջ են լինելու անկախ դատավորները։ Ո՞ր մարմնից, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ բացարձակ մեծամասնություն են կազմում դատավորները։ Բարձրագույն դատական խորհրդի՞ց, որտեղ կա հինգ դատավոր անդամ կա, հինգ իրավաբան գիտնական և սահմանադրական արմին է։ Ոսումնական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ գերակշիռ մեծամասնությունը դատավորներ են, գնահատման հանձնաժողովի՞ց, որտեղ դատավորներն են ընգրկված։ Էլ ինչպե՞ս են լինելու կախյալ, ումի"ց են լինելու կախյալ»,- ասաց Բադասյանը։Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այն դիտարկմանը, որ նախագիծը  ավելի կոշտ կարող էր լիներ և մինչև նախագծի հաստատումը պետք է մաքրվեր դատական համակարգը կոռումպացված դատավորներից, նախարարը արձագանքեց՝ «Ինչպե՞ս մաքրեինք, ո՞ւմ մաքրեին, համ ասում եք, որ դատական համակարգի անկախության մասին , դատավորների արժանապատվությունից, հետո ասում եք՝ պետք է մաքրեք։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին և նաև պարոն Արման Բաբաջանյանին, առաջինից երկրորդ ընթերցմամբ բերեք ձեր տարբերակը, որը ավելի խիստ է, լուծում է դատական համակարգի առջև ծառացած խնդիրները՝ մենք անպայման կընդունենք, բայց մի պայման կա՝ պետք է չհակասի Սահմանադրությանը»։ Նախարարը նշեց, որ փոխվարչապետի հետ քննարկել ենք  դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը։
13:33 - 04 մարտի, 2020
Որոշ դատավորներ ՀՀ-ում  ստեղծել են դատական նիստերը հետաձգելու ծառայություն․ Սուրեն Գրիգորյան

Որոշ դատավորներ ՀՀ-ում ստեղծել են դատական նիստերը հետաձգելու ծառայություն․ Սուրեն Գրիգորյան

 Պետք է հասկանանք, թե ինչ ժամանակաշրջանում ենք ապրում և ընկալենք, որ չունենք ստանդարտ իրավիճակ։ Ոչ մեկ չի ասում, որ կենսափորձը կարևոր չէ, բայց պետք է հասկանալ` մենք ինչ ժամանակաշրջանում ենք ապրում և ընկալել, որ չունենք այն ստանդարտ իրավիճակը, որ կա շատ երկրներում: ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դատավորների տարիքային շեմը 28-ից 25 դարձնելուն։ «ԱՄՆ-ում սահմանված է 50 տարեկանը, այսինքն այդ թվերը որոշակի իրողությունից են սահմանվել, որը մենք այսօր չունենք: Այսօր ցանկացած փաստաբանի հարցրեք՝ բա՞րձր տարիքի դատավորներից են ավելի գոհ, թե՞ ավելի երիտասարդ: Չի կարող լինել հարցի պատասխանը, որ ավելի շատ գոհ են բարձր տարիքով դատավորներից: Չի կարող, որովհետև դա ուղղակի այդպես չի, ինչ կանխավարած էլ լինի», - ասաց Գրիգորյանը: Անդրադառնալով պատգամավոր Արման Աբովյանի այն դիտարկմանը, որ 25 տարեկան՝ համալսարանը նոր ավարտած մարդը, չի կարող դառնալ դատավոր։ Գրիգորյանը հարց ուղղեց, թե որ համալսարանն են ավարտում 25 տարեկանում։ ««Բոլոր դատավորները կոռումպացված են»-ին, պարոն Մարուքյան , ստիպված եմ պատասխանել։ Ձեր ֆրակցիայի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ մի բանավեճի ժամանակ այս նույն արտահայտությունը նա արել է, ես ասել եմ՝ հղում տվեք, թե երբ է իշխանության որևէ ներկայացուցիչ նման բան ասել։Այսօր նորից ասում եք, ես էլ նորից ասում եմ հղում տվեք։ Ինչ վերաբերում է դատարանների կախյալ լինելուն՝ հարգելի գործընկերներ, մենք նույն Ազգային ժողովի պատգամավորներ ենք, երբ մենք փորձել ենք դատավորնի բարեվարքության կարգապահական պատասխանատվության  հարց բարձրացնել ,ՍԴ-ն իր որոշմամաբ դեֆակտո խլել է լիազորություն, որ այսուհետ մենք գործնականում այս հրացը չենք կարում բարձրացնել և դրան չի տրվել որևէ գնահատական ընդդիմադիր խմբակցությունների կողմից»,- իր խոսքում ասաց պատգամավորը։ Խոսելով դատարանների ծանրաբեռնվածության մասին, Գրիգորյանը նշեց, որ դա անհերքելի փաստ է, դատարանները ծանրաբեռնված են։  Պատճառներից մեկը դատավորների քիչ քանակն է։ Պատգամավորը նշեց, որ ծանրաբեռնվածությանը նպաստում է նաև դատավորների՝ դատական նիստերը երկարաձգելու գործընթացը։ «Այդ դատավորները Հայաստանի Հանրապետությունում ստեղծել են դատական նիստերը հետաձգելու ծառայություն։ Եթե այդքան չհետաձգեն, ծանրաբեռնվածության մակարդակը  այդքան բարձր չի լինի»,- եզրափակեց պատգամավորը։ 
12:58 - 04 մարտի, 2020
ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի  արտասահմանից փոստային փոխանցման միջոցով դեղեր ստանալ

ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի  արտասահմանից փոստային փոխանցման միջոցով դեղեր ստանալ

ԱԺ-ն ընդունեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Ըստ նախագծի ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի  արտասահմանից փոստային փոխանցման միջոցով դեղեր ստանալ։ Գործող կարգավորումներով ֆիզիկական անձինք իրավունք ունեն հանրապետության տարածք ներկրել անձնական օգտագործման դեղամիջոցներ, մասնավորապես թույլատրվում է ներկրել 3 տուփ 10 անուն դեղամիջոցներ։ Սակայն հեղինակի  խոսքով այս իրավունքը չի տարածվում փոստային փոխանցումների վրա։ «Հաճախ ֆիզիկական անձանց համար անհրաժեշտ փոստով ստացվող դեղամիջոցները ոչնչացվում են ՊԵԿ աշխատակիցների կողմից։ Դեղամիջոցների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 3 տուփը, բայց հիվանդի համար դեղամիջոցների ավելի մեծ ծավալի անհրաժեշտության մասին բժշկի եզրակացոթյան առկայության դեպքում առավելագույն չափը կարող է մեծացվել»,-նշեց Գաբրիելյանը։ ՊԵԿ-ը պետք է  վիճակագրություն վարի՝ ստացված միջոցների վերաբերյալ, կոռուպցիոն դրսևորումները բացառելու և  օրենքով նշված  ծավալները պահպանելու համար։
11:49 - 04 մարտի, 2020
ԱԺ-ն ընդունվեց խնամակալության նպաստ սահմանող նախագիծը

ԱԺ-ն ընդունվեց խնամակալության նպաստ սահմանող նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։  Նախագծով առաջարկվում է խնամակալության նպաստ սահմանել և այդ իրավունքը վերապահել 14 տարին չլրացած անչափահասների խնամակալներին, որոնք ֆիքսված են խնամակալության համակարգում։ Նախագծի համահեղինակ,  Նարեկ Զեյնալյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է 450 անձի։ Պետբյուջեի վրա ծախսը լինելու է շուրջ 140 մլն դրամ։ Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում քննարվում էր այս օրենքի նախագիծը։ Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, ով նշել էր, որ պետք է որոշակի կարգավորումներ ստեղծվեն, որպեսզի խուսափեն հնարավոր ռիսկերից։
11:38 - 04 մարտի, 2020
ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվել է առաջարկությունների ներկայացման փուլ

ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվել է առաջարկությունների ներկայացման փուլ

 «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորներ՝ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի  կողմից ներկայացված օրենքի նախագծը , որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ բացահայտելով իրական սեփականատերերին, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը չընդունվեց: Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները կդառնան թափանցիկ, կլինի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք: Քվեարկությունից առաջ համահեղինակ Արտակ Մանուկյանը կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել օրինագծին, որպեսզի նախագիծը գնա առաջին ընթերցման փուլ և  փոփոխություններ արվեն: Նախագիծն ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ:
11:30 - 04 մարտի, 2020
ԱԺ-ն ընդունեց սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմիններին առնչվող օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմիններին առնչվող օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը վերաբերում  է միասնական սոցիալական ծառայություններ մատուցելու համակարգի ներդրմանը: Նախագիծը  ընդունվեց 112 կողմ ձայնով:  Որոշում է կայացվել, որ սոցիալական աջակցություն և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինները վերադառնան սոցիալական պաշտպանության համակարգ, որպեսզի երաշխավորվի սոցիալական կարիքի գնահատման և մեկ պատուհանի միջոցով սոցիալական ծառայություններ մատուցելու սկզբունքը: Ներկայացված  օրենքներից հանվելու է ՏԻՄ եզրույթը.  որպես սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պփատասխանատու մարմին նշել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
10:53 - 04 մարտի, 2020
Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա․ Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի բնակիչների հետ։ Հայաստանի հետ հարց- պատասխանի փուլում վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին։Հարցին, թե արդյոք  Հայաստանի կառավարության կողմից որևէ ծրագիր կա՞ հայրենադարձության կազմակերպման համար, թե՞ կառավարությունը սպասում է հայերի ինքնաբուխ հայրենիք վերադառնալուն,  հույս է դնում  դրսում ապրող հայերի հայրենասիրության վրա, վարչապետը պատասխանել է՝ «Այսպիսի մի խոստովանություն պետք է անեմ, երբ ես հանդիպում եմ Գերմանիայի հայ համայնքի հետ և այնտեղ խոսք է գնում  հայրենադարձության մասին, դա ինձ համար շատ պարզ թեմա է։Ճիշտն ասած վրացահայերի հետ խոսում ենք հայրենադարձության  մասին խոսելը մի տեսակ խորթ է հնչում, որովհետև ես համարում եմ, որ թիֆլիսահայությունը ապրում է հայրենիքում։ Հենց դա նկատի ունեմ, ասելով, որ այո, Թիֆլիսի հայությունը և Վրաստանի հայությունը պետք է  հանդես գա, որպես Վրաստանի հպարտ քաղաքացի։ Մենք որպես ժողովուրդ պետք է շահագրգիռ լինենք, որ Վրաստանը լինի ուժեղ, կայուն, զարգացած պետություն և Վրաստանը պետք է շահագրգիռ լինի, որ Հայաստանը լինի կայուն, զարգացած և ուժեղ պետություն»։  Փաշինյանը նշեց, որ այս թեման շատ կաևոր  է և  Հայաստանի կառավարությւոնը քննարկվում է «Հայրենադարձության  մասին օրենքը»։ «Այդ պրոցեսի հետ կապված բազմաթիվ խնդիրներ և դժվարություններ կան։ Մենք կարգավորումներ ունենք, թե Հայաստան եկող, մշտական բնակություն հաստատող մարդիկ ինչ գույք կարող են բերել իրենց հետ։ Շատ հայրենակիցներ, ովքեր հայրենադարձվում են, սա հետ կապված խնդիրներ ունեն, որվհետև  կան սահմանափակումներ։ Խնդիրն այն է, որ դա ոչ թե Հայաստանի օրենսդրությամբ է կարգավորվում այլ ԵԱՏՄ օրենսդրությամբ։  Մենք պետք է հասկանանք ինչպես կարող ենք լուծել այդ խնդիրենրը։2018 թվականին, երբ մենք ասում էինք, որ հայրենադարձ եղած մարդկանց պետք է տրվեն արտոնություններ, օրինակ ավելի հեշտ դարձնենք վարկեր ստանալու գործընթացը, քննարկեցինք երկար և կանգնեցինք հետևյալ խնդրի առաջ։  Հայստանում ապրող մեր հայրենակիցները կարող են ասել՝ մենք ամբողջ կյանքում ապրել ենք Հայաստանում, հիմա գնանք Եվրոպայում ապրենք չորս տարի, հետ գանք, որ օգտվենք արտոնություններից։  Ես չեմ ասում ,որ միանշանակ է հարցը,- ասաց վարչապետը։  Վարչապետը  ընդգծեց, որ այսօր Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա, նույնիսկ կա լավ մասնագետների խնդիր՝ սկսած արհեստավորներից։ «Այսօր լավ արհեստավոր գտնելը դժվար է, որովհետեւ լավ արհեստավորը շատ պատվերներ ունի: Օրինակ ճանապարհների կառուցման ոլորտում պահանջարկ ունենք: Այսօր ճանապարհների կառուցման որակը նախկինի համեմատ շատ բարձր է, բայց հիմա եղած որակից ես էլի գոհ չեմ, այդ որակը պետք է դեռ կրկնակի բարձրանա»,- եզրափակեց Փաշինյանը:
18:28 - 03 մարտի, 2020
Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակցում են, մասնավորապես, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ փոխնախագահ լենա Նազարյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:     Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել Վրաստանի հայ համայնքի հետ:  Վարչապետը նշել է, որ պաշտոնական իր առաջին հանդիպումը Վրաստան եղել է 2018-ին, հայ-վրացական հարաբերությունները միշտ եղել են լավ և 2018-ի հանդիպմանը ցանկացել է, որ այդ հարաբերությունները կառուցվեն մի նոր բանաձևի վրա: «Իմ առաջարկն էր, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ, չունեն ոչ մի վատ մտադրություն Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ, ընդհակառակը, շահագրգռված են, որ Վրաստանը լինի զարգացած, կայուն երկիր և նույնը նաև պետք է այդ բանաձևին համապատասխան, Հայաստանը և հայ ժողովուրդը համոզված լինեն, որ Վրաստանն ու վրաց ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակահայկական դավադրության մեջ, չունեն որևէ նեգատիվ մտադրություն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, և, ընդհակառակը, շահագրգռված են, որ Հայաստանը լինի զարգացած, կայուն պետություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:  
17:43 - 03 մարտի, 2020
Սահմանադրական հանրաքվեն հետաձգելու մասին խոսելը դեռ վաղ է․ Հրաչյա Հակոբյան

Սահմանադրական հանրաքվեն հետաձգելու մասին խոսելը դեռ վաղ է․ Հրաչյա Հակոբյան

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ կորոնավիրուսի պատճառով Սահմանադրական հանրաքվեն  հետաձգելու վերաբերյալ խոսելը դեռ վաղ է։ « Դեռ մեկ ամիս ժամանակ կա և կախված է վիրուսի տարածմումից կամ նահանջից։ Եթե զգանք, որ ապրիլի սկզբին իրավիճակը վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել, բայց, եթե ավելի սրվի, կարծում եմ, կարելի է դիտարկել հետաձգման պրոցեսը», - ասաց Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում:  Դեռևս քննարկվում է նաև քարոզարշավներ իրականացնելու գործընթացը։ Անդրադառնալով այսօր Ազգային ժողովում  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիտարկմանը, որ իշխանությունները բավականաչափ քայլեր չեն ձեռնարկել կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխելու համար՝ Հակոբյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում «ոչ մի քայլ չձեռնարկեցին»: Բոլոր քայլերը ձեռնարկեցին, ուղղակի, ինչպես տեսնում եք, այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է ներթափացնել, ինչը եղավ նաև Հայաստանի դեպքում: Մենք մինչև անգամ սահմանը փակեցինք, ինչպես տեղեկացանք առաջին դեպքը հենց Իրանի հետ շփման արդյունքում էր , և ոչ թե օրինակ՝ Վրաստանի։ Այնպես որ, իրադրութունը վերահսկելի է եղել։ Ինչ վերաբերում է դեղատներում դիմակներ չլինելուն՝ կարծում եմ, որ որոշ դեպքերում այդ ամենը ուրճացված է»։ Խոսելով Ծաղկաձորում առաջացած խուճապին՝ պատգամավորը նկատեց, որ խուճապ չկա՝ ընդգծելով, որ օրերս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ գնացել են Ծաղկաձոր և տեսել՝ նման իրավիճակ չկար:   
16:15 - 03 մարտի, 2020
Քննարկվում է փոստային ծառայության միջոցով դեղորայքի ստանացումը թույլատրող օրենքի նախագիծը

Քննարկվում է փոստային ծառայության միջոցով դեղորայքի ստանացումը թույլատրող օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված՝ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ներկայացրած օրենքի նախագիծով  առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով:   «Գործող կարգավորման համաձայն, անձը սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել դեղ, սակայն փոստային առաքման միջոցով արգելվում է ստանալ դա: Անգամ, եթե, օրինակ, հագուստի և այլ իրերի հետ մեկ տուփ գլխացավի դեղ է ուղարկվում, ամբողջ բեռը չի տրամադրվում քաղաքացուն, մինչև քաղաքացին չի գնում Մաքսային ծառայություն ու չի գրում ոչնչացման մասին հայտարարագիր»,-ասաց Սիսակ Գաբրիեյանը  և նշեց, որ դեղորայքի չափը կսահմանի կառավարությունը: Հիմա անձը սահմանը հատելիս  կարող է տեղափոխել մոտ 38 տուփ դեղ, այս տարբերակով քննարկվում է 9 տուփից ոչ ավելի թույլատրելու տարբերակը: Ռիսկերից խուսափելու համար մաքսային ծառայությունում  վիճակագրություն կվարվի, կգրանցվի, թե ում անունով է ստացվել դեղը:
14:35 - 03 մարտի, 2020
Մեկ բառով կպատասխանեմ՝ ապատեղեկատվություն․ Մասիս Մայիլյանը՝ ՌԴ իր մուտքը 5 տարով սահմանափակելու որոշման մասին

Մեկ բառով կպատասխանեմ՝ ապատեղեկատվություն․ Մասիս Մայիլյանը՝ ՌԴ իր մուտքը 5 տարով սահմանափակելու որոշման մասին

«Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է մի տեղեկություն, ըստ որի` ռուսական իշխանությունները Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրած Մասիս Մայիլյանի եւ ՊԲ նախկին հրամանատար, Մասիս Մայիլյանի թեկնածությունն աջակցող Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ «Հրապարակը» գրել է, որ երեկոյան չի կարողացել ճշտել տեղեկությունը, դրա համար պաշտոնական հարցում է ուղարկել։ Infocom․am-ը փորձեց Արցախի Արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանություն ստանալ հարցի վերաբերյալ, սակայն լուրը ո'չ հերքեցին, ո'չ հաստատեցին՝ նշելով միայն, որ այս մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը Infocom․am-ի հարցին՝ այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, այսպես արձագանքեց․ «Ես մեկ բառով կպատասխանեմ․ ապատեղեկատվություն»։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Սամվել Բաբայանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Անուշ Դոլուխանյանը Infocom.am-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ ժամանակը կգա, պաշտոնական հրապարակմամբ հանդես կգան։ Նա նշեց, որ այս պահին Բաբայանը ՌԴ գնալու մտադրություն չունի, բայց անհրաժեշտության դեպքում հաստատ կկարողանա մուտք գործել Ռուսաստան։ Մեր ճշտող հարցին՝  «հաստատ կկարողանա գնալ ՌԴ» պնդումն արդյոք նշանակո՞ւմ է, որ նման արգելք չկա, Դոլուխանյանը պատասխանեց, որ իրենք չեն հետաքրքրվել՝ արգելք կա՞, թե՞ չկա, որովհետեւ այս պահին դա իրենց չի հետաքրքրում, Բաբայանի մուտքը ՌԴ արգելելու որոշման վերաբերյալ էլ պաշտոնական տեղեկություն չի եղել։
13:09 - 03 մարտի, 2020