ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Կապանում «Թումո» կրթական ծրագրի իրականացման համար կառավարությունը անշարժ գույք կնվիրաբերի «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին

Կապանում «Թումո» կրթական ծրագրի իրականացման համար կառավարությունը անշարժ գույք կնվիրաբերի «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին

«Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ Կապան քաղաքի Երկաթուղայիններ փողոցի 18/6 հասցեում գտնվող 1332 քառ․ մետր մակերեսով հարթակները իրենց տրամադրելու խնդրանքով՝ «Թումո» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով։ Գույքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Շենքի շուկայական արժեքը 2023 թվականի հուլիսի 17-ի դրությամբ կազմել է 52 600 000 ՀՀ դրամ։ Հիմնադրամի ծրագրի համաձայն, այս գույքը հարակից տարածքում արդեն իսկ առկա կառույցների հետ կծառայի Կապան քաղաքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծրագրի իրականացմանը։ Այս նպատակով հիմնադրամը 2 տարվա ընթացքում 300 մլն դրամի ներդրում կկատարի, առաջին տարում՝ 140 մլն դրամ, երկրորդ տարում՝ 160 մլն դրամ։ 1332 քմ մակերեսով հարթակները, ինչպես նաև՝ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.3 հեկտար մակերեսով հողամասը ՏԿԵ նախարարությունը կնվիրաբերի հիմնադրամին։ Նվիրաբերության պայմանի խախտման դեպքում կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերաց­ված։ Նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապե­տու­թյանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին, որոնք փոխհատուցման ենթակա չեն։
12:51 - 14 դեկտեմբերի, 2023
2024-ին կապիտալ ծախսերը 2018-ի համեմատ կաճեն 300 տոկոսով

2024-ին կապիտալ ծախսերը 2018-ի համեմատ կաճեն 300 տոկոսով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի, Ֆինանսների նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնատար այլ անձինք: Զեկույցներով հանդես են եկել  ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և նախարարի տեղակալները: Նախ ներկայացվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացված աշխատանքները: Նշվել է, որ նոյեմբերի 7-ին վարչապետի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշումը։ Միաժամանակ, Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 27-ամյակին ընդառաջ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը և դրա միջոցառումների ծրագիրը։ Վերջինս սպասված փաստաթուղթ է՝ որպես տեղական ինքնակառավարման համակարգի ինստիտուցիոնալ զարգացման ու արդիականացման հիմնարար ուղենիշ։ Հայեցակարգի ընդունմամբ էականորեն կբարելավվի տեղական ժողովրդավարության մակարդակը, զգալի կավելանա ՏԻՄ-երի ներուժն ու կարողությունները, կավելանան հանրային բնույթի ծառայությունների որակը, դրանք կդառնան ավելի հասանելի և մատչելի։ Եվ այս ամենը ստեղծում է ՏԻ համակարգի հետագա կայուն զարգացման ամուր հիմքեր։ Զեկուցվել է, որ հանրապետությունում շարունակվում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի աշխատանքների բարելավմանն ուղղված աշխատանքները։ Ներկա դրությամբ այն շահագործվում է հանրապետության 69 համայնքների (բացի Երևանից և Գյումրիից) կենտրոններում և այդ համայնքների մոտ 730 բնակավայրերի վարչական գրասենյակներում։ ՀԿՏՀ-ի միջոցով ՏԻՄ-ը հնարավորություն ունի էլեկտրոնային եղանակով բնակչությանը մատուցել համայնքային վարչական ծառայությունների գերակշիռ մասը։ Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում էապես բարելավվել է տեղական հարկերի հավաքագրման գործընթացը: 2021 թվականի հունվարի 8-ից գործարկվել է Համայնքների եկամուտների կառավարման համակարգը (https://e-community.am), որն այս փուլում իր գործառնական հնարավորություններով գրեթե ամբողջությամբ ավտոմատացրել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման և հավաքագրման գործընթացը։ Ներդրված համակարգը լիարժեք փոխգործելիություն ունի Կադաստրի կոմիտեի, Ճանապարհային ոստիկանության, գանձապետարանի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, բնակչության ռեգիստրի, բանկերի և վճարային համակարգերի էլեկտրոնային բազաների հետ, ինչը ՏԻՄ-երին, որպես տեղական հարկերի հավաքագրող մարմիններ, թույլ է տալիս առցանց ռեժիմով ծանոթանալ իրենց համայնքի իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող շարժական և անշարժ գույքին վերաբերող՝ մշտապես արդիական տեղեկատվությանը և առավել արդյունավետ իրականացնել հարկերի հավաքագրումը։ Տեղական հարկերի վճարման գործընթացի հեշտացման նպատակով՝ 2021 թվականի ապրիլից գործարկվել է https://pay.e-community.am հարթակը, որը նախատեսված է տեղական հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Այս հարթակի միջոցով ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ի դրությամբ կատարվել է 1․999 մլն էլեկտրոնային վճարում՝ ընդհանուր 34․5 մլրդ դրամի։ Նշվել է, որ ներկայումս Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ են գործում հանրապետության 56 համայնքների 75 բնակավայրերում, որտեղ բնակիչները հնարավորություն ունեն ՏԻՄ-երին վերապահված շուրջ 30 համայնքային ծառայություններ ստանալ առավել հարմարավետ պայմաններում։ Պատասխանատուները նշել են, որ ՔՍԳ-ների դերն ավելի է կարևորվում իրականացված վարչատարածքային բարեփոխումներից հետո՝ նոր ձևավորված բազմաբնակավայր համայնքներում ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման առումով։ 18 ՔՍԳ-ներում լիարժեք մատուցվում են նաև պետական ծառայություններ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Անշարժ գույքի կադաստր, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում (ՔԿԱԳ), Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ ոստիկանություն և Միգրացիոն ծառայություն։ 2023 թվականի ընթացքում 3728 քաղաքացի ստացել է ծառայություններ, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերում է անշարժ գույքի կադաստրին։ Զեկուցվել է, որ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում կառուցվել են հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը /Հրազդան բնակավայրում/ և երկու փոխաբեռնման կայանները /Ակունք և Մարտունի բնակավայրերում/։ Մշակել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները /յուրաքանչյուր բնակավայրում աղբամանների տեսակի, քանակի ու տեղադիրքերի, աղբատարների տեսակի, քանակի ու երթուղիների ներկայացմամբ/։ Ներկայումս ընթացքում են երկու մարզում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման համար աղբավայրը և փոխաբեռնման կայանները շահագործող, ինչպես նաև աղբատար մեքենաների ձեռքբերման գործընթացներն անգլիական և ֆրանսիական ընկերությունների հետ։ Նախատեսվում է, որ կմատակարարվեն մինչև 2024 թվականի հուլիս ամիսը։ Նախատեսվում է ևս 4 մարզում կառուցել նոր աղբավայրեր: Տեղեկացվել է, որ 2023 թ․ միավորված համայնքներին տրամադրվել է 4․4 մլն դոլարի աջակցություն, որի շրջանակներում համայնքներին տրամադրվել են կոմունալ և գյուղտեխնիկա, միկրոավտոբուսներ, արևային ֆոտովոլտային կայաններ, ինչպես նաև աղբամաններ։ Միջազգային գործընկերների հետ շարունակվել է համայնքներին զանազան բնույթի աջակցությունների տրամադրումը, որոնց մեջ մեծ թիվ է կազմում կարողությունների զարգացումն ու ուսուցումը։ Պետք է առանձնացնել խելացի ոռոգման ծառայության ներդրումը մի շարք համայնքներում և այլն։ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նախանշված 46 դպրոցներից կառուցվել և շահագործման է հանձնվել 16-ը։ Ներկայումս ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, 10 դպրոցների նախագծերը փորձաքննության փուլում են։ Զեկուցվել է, որ 2023 թ.-ին կատարվել է մարզպետների աշխատակազմերի կառուցվածքների վերանայում, որի արդյունքում շուրջ 20 տոկոսով կրճատվել են հաստիքային միավորները՝ 1047-ից դառնալով 838։ Հստակեցվել են մարզպետների աշխատակազմերի գործառույթները յուրաքանչյուր բնագավառում, դրանք դարձնելով առավել նպատակային և արդյունավետ: Շարունակվել են համայնքային ծառայողների վերապատրաստումները։ Վերապատրաստվել են նաև մարզպետի աշխատակազմերը։ 2024թ.-ից կվերապատրաստվեն նաև համայնքների ղեկավարների տեղակալները։ Նշվել է, որ սուբվենցիոն ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ սուբվենցիայի կարգում տարեցտարի կատարվում են փոփոխություններ։ Այս տարի կատարվել է ավելի քան 7 փոփոխություն։ 2023-ի ընթացքում իրականացվել է 382 ծրագիր և ենթածրագիր՝ շուրջ 51,3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով և ՀՀ 2023թ. պետական բյուջեից հատկացվել է 27,5 մլրդ դրամ, իսկ համայնքների ֆինանսավորումը կազմել է 23 մլրդ դրամ, այլ ներդրողների մասնակցությունը՝ 790,8 մլն դրամ է։ Ընդ որում, իրականացված ծրագրերի մեծ մասը՝ հիմնականում 2022-ին հաստատված և 2023թ. տեղափոխված սուբվենցիայի ծրագրերն են՝ 33,9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ 2018 թվականից սկսած համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման ծրագրի շրջանակներում ՀՀ համայնքներում իրականացվել է շուրջ 156 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, և ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 83 մլրդ դրամ։ 2023թ.-ին առաջատարն են համարվում Արարատի մարզը՝ 8,83 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, Կոտայքի մարզը՝ 8,6 մլրդ դրամ, Սյունիքի մարզը՝ 7,23 մլրդ դրամ և Գեղարքունիքի մարզը՝ 6,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Առաջատար ոլորտները շարունակում են մնալ ասֆալտապատումը (192 կմ), մանկապարտեզների կառուցումը (5,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով), ջրամատակարարման և ոռոգման համակարգերի կառուցման ու վերանորոգման ծրագրերը, համապատասխանաբար՝ 4,1 և 4,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքներով: 2023-ի ընթացքում 9 մարզերում իրականացվել է թվով 340 սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում, որից 181-ում հայտնաբերվել են թերություններ կամ խնդիրներ, որից էլ 120-ում դրանք վերացվել են, իսկ մնացածում թերությունների և խնդիրների վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են գտնվում: Կառավարության ծրագրով նախանշվող 2021-2026 թվականների ընթացքում կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող (վերանորոգվող) 500 մանկապարտեզների ծրագրի վերաբերյալ այս պահին ընթացակարգային տարբեր փուլերում է գտնվում թվով 470 մանկապարտեզ, որից 129-ում իրականացվող աշխատանքներն ավարտված են, 33-ում՝ կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ 309-ում աշխատանքները գտնվում են ընթացիկ տարբեր փուլերում։ Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում 9 մարզերին կապիտալ բնույթի 24 հրատապ, անհետաձգելի ծրագրեր իրականացնելու նպատակով հատկացվել է 2 մլրդ 766 մլն 920 հազ. դրամ: Այդ գումարից 1 մլրդ 441 մլն 760 հազ. դրամը հատկացվել է 8 կրթական, մշակութային և սպորտային բնույթի, 41 մլն 505 հազ. դրամը 5 առողջապահական բնույթի, 293 մլն 342 հազ. դրամը 5 ճանապարհաշինական բնույթի, 897 մլն 115 հազ. դրամը տեխնիկայի ձեռքբերման 3 ծրագրերի և 93 մլն 200 հազ. դրամը 3 այլ բնույթի ծրագրեր (Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 4 բնակելի տների կառուցման աշխատանքներ, Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքներ, Ջերմուկ համայնքի ճոպանուղու գլխավոր ճոպանի հիմնանորոգում) իրականացնելու նպատակով: Նշենք նաև, որ 24 ծրագրերից 15-ն ավարտված են, 9-ն ընթացքի մեջ են: Անդրադառնալով ճանապարհային ոլորտին՝ պատասխանատուները զեկուցել են, որ Ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ շարունակվել են հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքները, որոնց արդյունքում 2023թ.-ին ամբողջական ասֆալտապատվել է 493․2 կմ ճանապարհ, մինչ տարեվերջ կապահովվի ավելի քան 500 մ ավտոճանապարհի ասֆալտապատում։ Հիմնանորոգվել է 300 կմ (45,7 մլրդ), միջին նորոգման է ենթարկվել 148․7 կմ(3.9 մլրդ), Հյուսիս-հարավ ծրագրով կառուցվել է 30․9 կմ ճանապարհ (12.3 մլրդ), ՀՏԶՀ-ն նորոգել է 13,6 կմ ճանապարհ (4.3 մլրդ դրամ)։ Մեկնարկել են Դիլիջանի, Պուշկինի և Նալբանդի թունելների վերանորոգման նախագծման աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են։ Առաջիկայում կմեկնարկեն Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ 2023-ին շարունակվել են ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավման ուղղությամբ աշխատանքները, շուրջ 25 սև կետ է վերացվել։ Ճանապարհային ցանցի կառավարման շրջանակներում 1600 կմ ճանապարհի վիճակի գնահատում է կատարվել, գույքագրվել է 600 կմ ճանապարհ, արձանագրվել է 3420 թերություն։ Ճանապարհների ձմեռային սպասարկման համար ներգրավված է 420 միավոր մեքենա/տեխնիկա։ Տեղեկացվել է, որ 2023թ․ ընթացքում շարունակվել են միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները։ Գեղարքունիք, Շիրակ և Արագածոտն մարզերում մրցույթը պատրաստ է հայտարարման, Տավուշ և Լոռի մարզերում մրցույթները մշակված են։ Շարունակվել է Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը։ 2023-ին վկայագրվել է 256 հազար մեքենա։ Ստուգվել է 266 հազար գազաբալոն, որից 3000-ը խոտանվել է։ Մեկ ընկերություն ստացել է օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա։ Ընկերությունն օդանավակայանի տարածքում աշխատանքների համար ներգրավվել է 25 էլեկտրական շարժիչով մեքենա։ Կազմակերպության ընդհանուր ներդրման ծավալը կազմել է 430 մլն դրամ: Նշվել է, որ ներկայումս հայկական ավիացիոն շուկայում գործում են 6 տեղական օդանավ շահագործողներ, որոնք իրականացնում են առևտրային միջազգային չվերթեր։ Եվս մեկ օդանավ շահագործող իրականացնում է ներքին չվերթեր։ Շուկայում գործում են նաև ուղղաթիռ շահագործող և օդապարիկ շահագործող մեկական ընկերություններ։ 2023թ. 10 ամիսների ընթացքում ՀՀ օդանավակայաններում իրականացվել է 38 066 չվերթ, որոնցով տեղափոխվել է 4 մլն 675 հազար 270 ուղևոր (այդ թվում՝ մեկնող 2 մլն 332 հազար 328 ուղևոր և ժամանող 2 մլն 342 հազար 942 ուղևոր)։ 2022 թ. նույն ժամանակահատվածում իրականացվել էր 28 հազար 757 չվերթ, որոնցով տեղափոխվել էր 3 մլն 12 հազար 561 ուղևոր։ Ուղևորահոսքի աճը նշված ժամանակահատվածի համար կազմել է 55 տոկոս։ Հայկական ավիաընկերությունների փոխադրումների ծավալը կազմում է 1 մլն 607 հազար 186 ուղևոր, որը ընդհանուր փոխադրումների 34 տոկոսն է, նախորդ տարվա 23 տոկոսի դիմաց։ Սկսած 2023թ. ապրիլից Սյունիքի Կապան օդանավակայանում իրականացվել են տեխնիկական (փորձնական) թռիչքներ, իսկ օգոստոսի 21-ից սկսած «Նովէյր» ավիաընկերության կողմից մեկնարկել են կանոնավոր թռիչքները՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ։ Մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն իրականացվել է 14 չվերթ։ Նախատեսվում է օդանավակայանում իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնք թույլ կտան նաև վատ եղանակային պայմաններում ևս իրականացնել չվերթեր: 2023-ին նախորդ տարվա համեմատությամբ երկաթուղային ոլորտում ուղևորափոխադրումն ավելացել է 7․1 տոկոսով։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից իրականացվել են ներդրումներ թե ենթակառուցվածքներում, թե շարժակազմում: Մշակվել է Երևանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղի կառուցելու ներդրումային ծրագիր, որը կքննարկվի առաջիկայում: Կառավարությունը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի 2026-2036թթ երկարաձգման ծրագիրը (ՇԺԵ-2)։ Արժեքը գնահատվում է շուրջ 160 մլն դոլար, որը նախատեսվում է ֆինանսավորել պետական բյուջեից՝ ՀԱԷԿ ՓԲԸ-ին տրամադրվող վարկային միջոցներով։ Ավարտվել են Լիճքի, Աշնակի և Վանաձորի ենթակայանների կառուցման աշխատանքները։ Ընթացքի մեջ են Արարատ-2, Զովունի, Ագարակ, Շինուհայր ենթակայանները վերակառուցման աշխատանքները։ Նախատեսվում է Շահումյան-2, Եղեգնաձոր, Մարաշ ենթակայանների վերակառուցումը։ Նախատեսվում է մինչև 2030 թվականը կառուցել 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, իսկ 2040-ին այդ թիվը հասցնել 1500 ՄՎտ հզորության։ Անդրադարձ է կատարվել նաև Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ընթացքին: Միաժամանակ, 2023-ի հունիսին երկարաձգվել են Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի ժամկետները։ Ընթացիկ տարում ծրագրից օգտվել է 6800 քաղաքացի, 2022-ին այդ թիվը եղել էր 800: Վարկային միջոցները կազմել է 14․5 մլրդ դրամ, որից 800 մլն-ը սուբսիդավորվել է պետության կողմից։ 2023 թ.-ին ընդունվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որով սահմանվել են ոլորտի ուղենիշային սկզբունքները։ Հաստատվել է «Ազդակիր բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» ՏԿԵ նախարարի հրամանը, համաձայն որի 2024թ-ին համայնքների մասհանումը կկազմի 1,051 մլրդ դրամ։ Զեկուցվել է, որ ավարտվող տարվա համար ՀՀ պետական բյուջեից ՏԿԵՆ-ին հատկացվել է 276․1 մլրդ դրամ, որից ծախսվել է 221․1 մլրդը։ Այսինքն դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ ՏԿԵՆ կատարողականը կազմում է 80․1 տոկոս: Նախարար Գնել Սանոսյանը վստահեցրել է, որ մինչև տարեվերջ կատարողականը կաճի և կապահովել մինչև 95 տոկոս կատարողական։ Քննարկման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է համայնքների խոշորացմանը, մարզպետարանների գործունեությանը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մարզպետարանների աշխատակիցների, ավագանիների կարողությունների զարգացմանը և տվել համապատասխան հանձնարարականներ: Խոսելով աղբավայրերի կառուցման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է ունենալ հանրապետությունն աղբից մաքրելու կոնկրետ ծրագիր: «Այս ոլորտում էլ անհրաժեշտ է միջազգային գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակում»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է սուբվենցիոն և կապիտալ ծրագրերի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը և ընդգծել որակյալ աշխատանքներ ապահովելու անհրաժեշտությունը: «Թերությունների վերացման ուղղությամբ էլ պետք է լինի հաշվետվողականություն: Անհրաժեշտ է շատ լուրջ զբաղվել բոլոր շինարարությունների որակով»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա է տնտեսական պոտենցիալը մեծացնելու երաշխիքը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև միասնական երթուղային ցանցի ձևավորման, էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցի տարածվածության ու զարգացման, էներգախնայողության ծրագրերի իրականացման, էլեկտրաէներգիայի արտադրությունը նոր տեխնոլոգիաներով խթանելու, էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը մեծացնելուն ուղղված աշխատանքներին և կարևորել դրանց հետևողական իրականացումը: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, 2024 թվականին նույնպես խնդիր ենք դրել ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: Մեր կապիտալ ծախսերի մեծ մասն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խողովակով, և շատ կարևոր է, որ արդեն մրցույթները հայտարարված են: Պետք է մեր կապիտալ ծախսերի և տեմպի, և որակի մեջ փոփոխություններ անենք, որովհետև 2024 թվականի կապիտալ ծախսերը շատ մեծ են։ 2018 թվականի համեմատ ունենք կապիտալ ծախսերի 300 տոկոս աճ: Եթե մենք այդ կապիտալ ծախսերը որակով անենք` նաև հաջորդ տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը խիստ իրատեսական է: Մնում է, որ պատշաճ որակով այդ ծրագրերն իրականացնենք»։  
20:58 - 08 դեկտեմբերի, 2023
ԱԺ-ն ընդունեց օնլայն տաքսի ծառայություն մատուցողների համար պետական տուրք սահմանող նախագիծը
 |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց օնլայն տաքսի ծառայություն մատուցողների համար պետական տուրք սահմանող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ընդունված նոր օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի կանոնակարգել օնլայն տաքսի ծառայությունների գործունեությունը, կսահմանվի պետական տուրք նաև էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ստանալով 56 կողմ, 6 դեմ, 17 ձեռնպահ ձայներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշեց, որ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ: Օրենսդրական դաշտի չկարգավորման պայմաններում ոլորտում բացակայում են վերահսկողական հստակ մեխանիզմները: «Փաթեթով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության հասկացությունը՝ որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրում: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը սահմանել որպես ծանուցման ենթակա գործունեություն, սահմանել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության և պատվիրատուին էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Առաջարկվում է յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր տրամադրելու պահանջ, որի համար պետական տուրքը կկազմի ընդհանուր արժեքի կանխիկ վճարման դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 2 տոկոսի չափով, 2025-ի հունվարի 1-ից՝ 3.5 տոկոսի չափով, 2026-ի հունվարի 1-ից՝ 5 տոկոսի չափով, անկանխիկ վճարման դեպքում՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 1.5 տոկոսի չափով, 2025 թ հունվարի 1-ից՝ 2.5 տոկոսի չափով, 2026-ի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով»,-ներկայացրեց փոխնախարարը: Պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման լիազորությունը կվերապահվի էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններին: Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցման իրավունք ձեռք բերելու համար կսահմանվի 1 մլն դրամ պետական տուրքի պահանջ: Ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմեքենաներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը կթույլատրվի միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով:
13:30 - 08 դեկտեմբերի, 2023
Ապարանում նորակառույց շենքը կնվիրաբերվի քաղաքացիներին, որոնց շենքերը 4-րդ կարգի վթարային են |news.am|

Ապարանում նորակառույց շենքը կնվիրաբերվի քաղաքացիներին, որոնց շենքերը 4-րդ կարգի վթարային են |news.am|

news.am: Երբ մարդիկ մտնեն բնակարաններ՝  սոցիալական ցանցերում որակի հետ կապված տեսարններ չե՞ն հայտնվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօրվա նիստում որոշում կայացվեց Ապարան քաղաքում 43 բնակարան ունեցող նորակառույց շենքը նվիրաբերել այն քաղաքացիներին, որոնց շենքերը 4-րդ կարգի վթարային են: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլայնաը հայտնեց, որ շենքը շահագործման է հանձնվել 2022 թվականին և կարիք կա նորից շրջայց կատարել, որպեսզի խնդիրներ չլինեն։ Նիկոլ Փաշինյանը նախ դիտողություն արեց, թե եթե շենքը պատրաստ է 2022-ից, ինչու են հիմա բնակարանները տալիս բնակիչներին, ապա խոսեց նաեւ վթարային երկու շենքերը լիկվիդացնելու մասին: «Վթարային շենքը լիկվիդացնելու հետ կապված հարցերը պլանավորվա՞ծ են: Ես գիտեմ օրինակներ, երբ վթարային շենքի դիմաց մարդիկ բնակարան են ստացել եւ ընտնիքի մի մասը մնացել է հին շենքում, մյուս մասը տեղափոխվել է նոր բնակարան: Խնդիրը մնացել է եւ մենք ամեն օր ահուդողով սպասում ենք, որ եթե մի բան եղավ, շենքը փլուզվեց, ի՞նչ պատասխան ենք տալու: Հիմա երաշխավորե՞լ եք, որ նոր բնակարանները բաշխելուց հետո հին վթարային շենքերում ոչ մի մարդ չի մնալու: Ընդ որում, սա էս գլխից պետք է նախապատրաստել և ժամանակացույցով հստակ այդ շենքը հողին հավասարեցնել»,-ասաց Փաշինյանը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հավաստիացրեց, որ երբ բոլորը դուրս գան, Ապարան համայնքը 2 ամսում շենքը կքանդի:  «Մինչեւ որոշումը ստորագրելը ինձ կտաք կոնկրետ ամսաթիվ, թե երբ են այդ շենքերը քանդված լինելու»,-ասաց Փաշինյանը։
12:02 - 07 դեկտեմբերի, 2023
ՏԿԵՆ-ում Ֆրանսիայից ժամանած պատվիրակության հետ քննարկվել է ՀՀ համայքներին աջակցություն ցուցաբերելու հարցը

ՏԿԵՆ-ում Ֆրանսիայից ժամանած պատվիրակության հետ քննարկվել է ՀՀ համայքներին աջակցություն ցուցաբերելու հարցը

ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների ասոցացիայի (AMRF) պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի համայնքապետերի նախագահ Միշել Ֆուղնիեղը, Կորդոռի համայնքների միության նախագահ Բրունո Բետհենոնը, Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Հակոբյանը, Համայնքապետերի միության քարտուղարուհի Էլեն Բղեգիեն։ Պատվիրակության այցի նպատակը Գործընկերության շրջանակային համաձայնագրի քննարկումն ու համաձայնեցումն էր։ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ հավելելով, որ ՀՀ համայնքերի խոշորացմամբ պայմանավորված ՀՀ համայնքների միությունը ձևավորման փուլում է, և ՀՀ ՏԿԵ նախարարությունը կանի ամեն բան համաձայնագրի լրամշակված տարբերակը կազմելու և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցացիայի (AMRF) հետ նոր համաձայնագիր կնքելու համար։ Պատվիրակության անդամներն իրենց կողմից ավելացրեցրել են, որ ունեն հստակ նպատակներ ՀՀ համայքներին աջակցություն ցուցաբերելու հարցում և պատրաստակամ են խորհրդատվական աջակցություն ցուցաբերել գյուղական համայնքների կարիքների գնահատման հարցում։ Ֆրանսիայի համայնքապետերեի նախագահ Միշել Ֆուղնիեղն ավելացրել է, որ իրենք ցանկանում են տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀՀ համայնքերին, և իրենց փորձը նկատի ունենալով՝ կանեն հնարավորը ՀՀ համայնքների տնտեսական զարգացմանը նպաստելու գործում։
11:07 - 28 նոյեմբերի, 2023
ՏԿԵ նախարարը դիտարկել է Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից:   Այս պահին այդ տարածքում կապալառու ընկերությունը իրականացնում է պայթեցումներ, որից հետո ժայռային հանույթը փխրեցնում է՝ հետագայում լիցք անելու և պատվածքի շերտերում օգտագործելու համար։ Ճանապարհի ամբողջ երկայնքով շարունակվում են հողային աշխատանքները։ Շինարարը նախարարին մանրամասն ներկայացրել է աշխատանքների ընթացքը, խնդիրները։   Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհահատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։   Նախարարի հաջորդ կանգառը Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34 կմ հատվածն էր (Աշտարակ-Թալին), որտեղ ևս մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին։   Շինարարը տեղեկացրել է‚ որ մեծ թվով շինտեխնիկա է աշխատում շինհրապարակում‚ և առաջիկայում նախատեսվում է ավելացնել մեքենասարքավորումների ու աշխատողների թվաքանակը։   Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի կառուցումն իրականացվում է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։   Նախարար Սանոսյանը մի քանի այլ կանգառներ է կատարել նշված ճանապարհահատվածների տարբեր շինհրապարակներում և հանձնարարել է աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։
18:58 - 27 նոյեմբերի, 2023
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունը, նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։  Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և հույս է հայտնել, որ այդ շրջանակներում ևս հարաբերությունները նույն տեմպով կզարգանան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է հնդկական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախագծերում։ Կարևորվել է նաև համապատասխան մասնագիտական խմբերի փոխադարձ այցերը Հայաստան և Հնդկաստան՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակով։
11:59 - 23 նոյեմբերի, 2023
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակության և ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության, ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետերի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավարի միջև: Նախարարության ներկայացուցիչները ողջունել են հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը ևս կխթանի հարաբերություններն ավելի ամրապնդելուն և սերտացնելուն: ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց մոտեցումները և հույս հայտնել, որ երկու երկրները, մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացնելով, կկարողանան ավելի դյուրին դարձնել երկրներ մուտքի և ելքի գործընթացները: Խոսելով ճանապարհային ոլորտի մասին՝ նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, մանրամասն խոսել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ռազմավարական կարևորության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս:
09:35 - 21 նոյեմբերի, 2023
Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթուղթը լրամշակման վերջնական փուլում է
 |armenpress.am|

Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթուղթը լրամշակման վերջնական փուլում է |armenpress.am|

armenpress.am: ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի կարծիքով՝ կառավարության ընդհանուր քաղաքականությունը բնականաբար ուղղված է ճանապարհների անվտանգ երթևեկության ապահովմանը։ Այս պահին ճանապարհային դեպարտամենտի կողմից կատարվում են որոշակի փոփոխություններ Հայաստանի ճանապարհային ցանցում, որոնք շուտով կընդունվեն կառավարության կողմից։ Ղալեչյանը «Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն՝ անվտանգ համակարգի մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողովում ներկայացրեց Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթղթի հիմնական դրույթները։  «Ճանապարհային ենթակառուցվածքների ամբողջությունը մենք դիտարկում ենք որպես անվտանգ, կայուն, հասանելի, թվային և հուսալի համակարգ։ Առհասարակ մեր տեսլականը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրի թիրախներին։ Անվտանգ ճանապարհներ ունենալու համար նախ և առաջ հանգամանորեն ուսումնասիրել ենք վիճակագրությունը։ Ռազմավարության մեջ ներառվել են մանրամասն վերլուծություններ և դետալացված նյութեր։ Վերջին տարիներին ավտոմեքենաների թվաքանակի աճի պատճառով հատկապես Երևանում բարձրացել է երթևեկության ծանրաբեռնվածությունը, ինչի արդյունքում ավելացել է ՃՏՊ-ների քանակը»,- տեղեկացրեց Ղալեչյանը։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները թույլ են տալու ավելի թիրախային քաղաքականություն վարել և առաջնահերթ ուշադրություն դարձնել ՃՏՊ-ների կանխարգելման աշխատանքներին։ Ռազմավարության տեսլականը ենթադրում է մինչև 2050 թվականը գրեթե զրոյացնել մահացությունների քանակը։ Հայաստանը միացել է նաև ստոկհոլմյան հռչակագրին, որով նախատեսված է մինչև 2030 թվականը հիսուն տոկոսով կրճատել մահացությունների թիվը։ Ըստ Ղալեչյանի՝ հենց սա է լինելու ռազմավարության գլխավոր թիրախը։ «Որպես ելակետ՝ ընտրվել է 2021 թվականին արձանագրված պատահարների վիճակագրությունը։ Ռազմավարությունը հիմնված է նաև «անվտանգ համակարգ» մոտեցման վրա, որում ներառված են ՄԱԿ-ի հինգ հիմնական նպատակներին համահունչ սկզբունքներ, այսպես կոչված՝ հենասյուներ։ Դրանք են ճանապարհային անվտանգության կառավարումը, անվտանգ ճանապարհները, անվտանգ երթևեկության մասնակիցները, ավելի անվտանգ մեքենաները և հետվթարային արձագանքը։ Այս ուղղություններով իրականացվող միջոցառումները մեզ օգնելու են հասնել թիրախային նպատակներին։ Երթևեկության անվտանգ համակարգը պետք է արտացոլվի նաև օրենսդրության մեջ համապատասխան բարեփոխումների տեսքով»,- ասաց Ղալեչյանը։ Նրա խոսքով՝ երթևեկության մասնակիցների վարքաբանական փոփոխությունն ամենաշատ քննարկվող թեման է։ Հիմնախնդիրների ընկալումը, վերահսկողության հետագա խստացումը նույնպես կարևոր ուղենիշներ են։ «Կառավարության կողմից իրականացվում են հսկայական ծրագրեր՝ ճանապարհային ցանցն ավելի բարվոք դարձնելու և անվտանգության ավելի արդյունավետ տարրեր ներդնելու ուղղությամբ։ Անվտանգության միջոցառումները պետք է ունենան բավարար և կայուն ֆինանսավորում՝ բացառելով ծախսերի կրճատումներն անվտանգության հաշվին։ Ճանապարհատրանսպորտային տվյալների հավաքագրման ու հաշվառման վերլուծական համակարգի արդիականացումը նույնպես առաջնային թիրախ է, որին միանալու է ճանապարհային դեպարտամենտը՝ տվյալների հիման վրա մշակելով հստակ քաղաքականություն»,- մանրամասնեց ՏԿԵ փոխնախարարը։ Ղալեչյանի փոխանցմամբ՝ նախատեսվում է մինչև 2030 թվականը վերացնել ճանապարհների վթարավտանգ հատվածները և յուրաքանչյուր փուլում իրականացնել ճանապարհային անվտանգության աուդիտ և ռիսկերի գնահատում, ինչի արդյունքում մեր ճանապարհները կունենան բարձր վարկանիշավորում։ Ըստ էության՝ նոր կոնցեպտուալ բնույթ է ստանալու «հանդուրժող ճանապարհային միջավայր» հասկացությունը։ Թիրախներից են նաև անվտանգ տրասնպորտային միջոցների ավտոպարկի թարմացումն ու տեխզննման համակարգի բարելավումը, ինչպեսև իրազեկման նպատակով կրթական ծրագրերի իրականացումը։ Կարևորելով վերջին բաղադրիչը՝ Ղալեչյանն ասաց, որ ճանապարհային երթևեկության կանոնները հանրակրթական դպրոցներում կդառնան մշտական ուսուցման առարկա, ինչն իրականացվելու է հանրային իրազեկման արշավ կազմակերպելու օրակարգի շրջանակում։ «Ռազմավարության հիմքում կարևոր նշանակություն ունի հետվթարային ծառայությունների բարելավման գործընթացը, որպեսզի կարիքավորներին հնարավորինս արագ հասցվի առաջին օգնությունը։ Բոլոր ուղղություններով ունենք հանգամանորեն մշակված միջոցառումների և գործողությունների ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների կողմից»,- եզրափակեց ՏԿԵ փոխնախարարը։ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանն էլ ընդգծեց, որ առաջարկվող ռազմավարությունը նախորդից տարբերվում է իր հեղափոխական մոտեցումներով։ «ԵՄ գրեթե բոլոր երկրներն անցել են տվյալների հավաքագրման նոր համակարգի, ինչը թույլ է տալիս կատարել ամփոփ վերլուծություն բոլոր ոլորտներում, որոնք վերաբերում են ճանապարհային անվտանգությանը։ Մասնավորապես կարևորվում են ԿԱԴԱՍ համակարգի չորս փոփոխականները, որոնք առնչվում են վթարների մասին տվյալների հավաքագրմանը, ճանապարհներին, տրանսպորտային միջոցին և հետիոտնին։ Համաշխարհային բանկը կատարել է ուսումնասիրություն՝ մեր համակարգը համեմատելով ԿԱԴԱՍ համակարգի հետ, ինչը ցույց է տալիս, թե ինչպիսի բացթողումներ ենք ունեցել նախկինում։ 2022 թվականին մեր ճանապարհային ոստիկանությունը կատարել է փոփոխություններ տվյալների հավաքագրման բազայում և մոտեցումներում, ինչի շնորհիվ արդեն ունենք ավելի բարվոք իրավիճակ։ Այդուհանդերձ դեռ կա զարգացման տեղ, առավել ևս, որ ռազմավարության մեջ ընդգրկված են կոնկրետ թիրախներ»,- ասաց Շահինյանը։  
18:03 - 15 նոյեմբերի, 2023
Նախաձեռնությամբ առաջարկվում է համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին հատկացնել լրացուցիչ 5 մլն դրամ
 |shantnews.am|

Նախաձեռնությամբ առաջարկվում է համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին հատկացնել լրացուցիչ 5 մլն դրամ |shantnews.am|

shantnews.am: «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է, որ եկամտային ցածր հնարավորություն, ինչպես նաեւ հեռավոր, բարձրադիր լեռնային, բնակչության որոշակի սեռատարիքային կազմ ունեցող համայնքները գործակիցների շնորհիվ հնարավորություն ունենան ստանալու ավելի շատ դոտացիաներ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ նախատեսվում է, որ մինչեւ 3500 բնակչություն ունեցող համայնքներին դոտացիոն ֆոնդից կտրամադրվի 50 մլն դրամ, իսկ համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին կհատկացվի լրացուցիչ 5 մլն դրամ: Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ նշելով, որ համահարթեցման դոտացիաների բաշխման հիմնարար քանակական ցուցանիշներից է բնակչության թիվը: Ընդգծվել է, որ բնակչության ու բնակավայրերի թվով է որոշվում համայնքի՝ ծառայություններ մատուցելու ծախսերի մասշտաբը: Ըստ Վաչե Տերտերյանի՝ տեղական ինքնակառավարման համակարգի ե՛ւ դոտացիաները, ե՛ւ ծառայությունները, ե՛ւ վճարները հաշվարկվում են հաշվառված բնակիչների քանակով. «Մենք այսօր այլ կատեգորիա, վարչական միավոր չունենք. չնայած լավ կլիներ ունենալ փաստացի եւ ժամանակավոր բնակիչ: Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ մեր բնակավայրերում մարդիկ ավելացել են, ծառայություններն ու ծախսերը շատացել են, բայց մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք օգտագործել հաշվառված բնակչություն եզրույթը»: Զեկուցողը նշել է, որ համայնքային բյուջեներ ուղղվող եւ օրենքով սեփական եկամուտ ամրագրված գումարները տնօրինվում են համայնքի ավագանու կողմից: Լրացուցիչ 5 մլն բնակավայրերին հատկացվելիք գումարները եւս կտնօրինվեն համայնքի ավագանու կողմից. «Ակնհայտ է, որ դրանք կուղղվեն այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք հատուկ են սահմանամերձ բնակավայրերին»: Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը: Նա տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից կարեւորել է ներկայացված փոփոխությունները: Պատգամավորի կարծիքով սահմանամերձ բնակավայրերում խնդիրները շատ են, եւ լրացուցիչ ֆինանսական հատկացումները զգալի աջակցություն կլինեն համայնքներին: Խորհրդարանը նոյեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
13:28 - 14 նոյեմբերի, 2023
Հայաստանի համար ավելացվել է բենզինի քվոտան, ՌԴ-ից կներմուծվի հավելյալ 60 հազար տոննա բենզին

Հայաստանի համար ավելացվել է բենզինի քվոտան, ՌԴ-ից կներմուծվի հավելյալ 60 հազար տոննա բենզին

Հայաստանի համար ավելացվել է բենզինի քվոտան, ինչը հնարավորություն է տվել ՀՀ ներմուծողներին այս տարի Ռուսաստանից գնել և Հայաստան ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին: Այդ մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 1-ին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված հավելվածով 2023 թվականի համար ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան, ինչը հնարավորություն է տվել ՀՀ ներմուծողներին ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին»,- ասված է հայտարարությունում։ Հոկտեմբերի 6-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր, որ հայկական կողմը դիմել է Ռուսաստանին բենզինի և դիզվառելիքի մասով քվոտաների ավելացման խնդրանքով․ «Յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով»։ Խնդրանքը մասնակի բավարարվել էր, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն էին ստացել Ռուսաստանից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք։
12:43 - 03 նոյեմբերի, 2023
Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը

Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը

Հոկտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ կառավարությունը շուրջ 15 մլրդ դրամ է հատկացրել Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի իրականացման նպատակով։ Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Ըստ նախարարության՝ այլ երկրների կառավարությունների, միջազգային կառույցների եւ այլ աղբյուրների կողմից Հայաստանին տրամադրված ֆինանսական աջակցության չափը դեռեւս հստակեցման փուլում է, ուստի սեպտեմբերի 19-ից մինչ օրս բոլոր ծախսերը կատարվել են միայն ՀՀ 2023թ. պետական բյուջեից։  15 մլրդ դրամն ուղղվել է տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների աշխատանքներին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ 2 մլրդ 839 մլն դրամ, որից 100 մլն դրամը հատկացվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց՝ Սյունիքի մարզում կեցության ապահովմանը): Այս գումարը տրամադրվել է «ՀՀ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին»՝ կեցության ապահովման գործառույթն իրականացնելու նպատակով։  ՏԿԵՆ-ին տրամադրված գումարից 360 մլն դրամը Կառավարության սեպտեմբերի 28-ի որոշմամբ հատկացվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ ծախսերի փոխհատուցման համար։ Այդ գումարից 50-ական մլն դրամ ուղղվել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի, իսկ 30-ական մլն՝ մյուս բոլոր  մարզպետարաններին։   Կառավարության հոկտեմբերի 5-ի որոշմամբ մարզպետարաններին նույն նպատակով հատկացվել է 600 մլն դրամ։ Արցախից բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար Արագածոտնի եւ Շիրակի մարզպետարաններին տրամադրվել է 30 մլն, Լոռիին՝ 40 մլն, Տավուշին՝ 45 մլն, Արմավիրին, Գեղարքունիքին եւ Վայոց Ձորին՝ 50 մլն, Սյունիքին՝ 65 մլն, Արարատին՝ 100 մլն, իսկ Կոտայքի մարզպետարանին՝ 140 մլն դրամ։ Նույն նպատակի համար Կոտայքի մարզեպատարանին Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ ուղղվել է եւս 300 մլն դրամ։ Կառավարության հոկտեմբերի 17-ի որոշմամբ մարզպետարանների աշխատակազմերին եւս 1 մլրդ դրամ է հատկացվել՝ դարձյալ բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար։ Մեկ այլ՝ հոկտեմբերի 19-ի որոշմամբ շուրջ 479 մլն տրամադրվել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին՝ բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման, հյուրանոցային, տրանսպորտային, վարձակալության եւ այլ ծառայությունների ծախսերի փոխհատուցման նպատակով։ Ընդհանուր շուրջ 15 մլրդ դրամից ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվել է 30 մլն դրամ։ Մասնավորապես, Կառավարության օգոստոսի 11-ի  որոշմամբ, այդ գումարը հատկացվել է առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց՝ որպես Արցախի բնակչության օգնության ծախսերի փոխհատուցում։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի համար (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ էլ 15 մլն 911 հազար դրամ է հատկացվել «ԱՍ ԹԻՄ» ՍՊԸ-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում Հումանիտար կայանը հիմնելու համար։  221 մլն 676 հազար դրամ էլ սեպտեմբերի 28-ի որոշմամբ հատկացվել է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի՝ Արցախի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալելու եւ կացության կազմակերպման ծառայություններն իրականացելու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրված ընդհանուր գումարից 10 մլրդն ուղղվել է բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական աջակցությանը՝ համաձայն կառավարության հոկտեմբերի 5-ի եւ հոկտեմբերի 17-ի որոշումների։ Առաջին որոշմամբ 8 մլրդ դրամ բաշխվել է 80 հազար շահառուի՝ մեկ անձի հաշվով 100 հազար դրամ, իսկ երկրորդով՝ 2 մլրդ դրամ բաշխվել է 20 հազար շահառուի։ Կառավարության հոկտեմբերի 19-ի որոշմամբ եւս 2 մլրդ դրամ է հատկացվել նախարարությանը՝ որպես բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցություն։ Այս գումարը բաշխվել է 40 հազար շահառուների միջեւ՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամ։ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ շուրջ 30 մլրդ դրամ նախատեսվում է տրամադրել շահառուներին 6 ամսվա կտրվածքով՝ 2023թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2024թ.-ի մարտը ներառյալ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի փոխհատուցման նպատակով: Հայարփի Բաղդասարյան
21:34 - 01 նոյեմբերի, 2023
Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվական. Գնել Սանոսյան
 |aysor.am|

Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվական. Գնել Սանոսյան |aysor.am|

aysor.am: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի, այդ նպատակի համար 2024-ին կհատկացվի 20.2 մլրդ դրամ, այս մասին  ԱԺ-ում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով` ատոմակայանի հետ կապված կա երկու գործընթաց: «Ունենք ատոմակայանում շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիր: Այդ ծրագիրը սկսվել և մի քանի տարի է արդեն, որ շարունակվում է: Այդ ծրագրի շրջանակներում հաջորդ տարի նախատեսված է 7 մլրդ դրամ՝ մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու համար: Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը համապատասխան լիցենզիաներով երկարացնել մինչև 2036 թվականը», - ասաց Սանոսյանը՝  նշելով, որ այդ նպատակի համար նախատեսվել է 20.2 մլրդ դրամ:
16:36 - 31 հոկտեմբերի, 2023
Ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացման համար կհատկացվի 20,2 մլրդ դրամ
 |1lurer.am|

Ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացման համար կհատկացվի 20,2 մլրդ դրամ |1lurer.am|

1lurer.am: Ատոմակայանի մասով ունենք 2 պրոցես. ծրագրերից մեկը վերաբերում է շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը, որն արդեն մեկնարկել է: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս, ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ վերջինիս շրջանակում 7 միլիարդ դրամ է նախատեսված մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու համար: Ըստ Սանոսյանի՝ մյուս ծրագիրը վերաբերում է ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացմանը:  «Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել [ատոմակայանի աշխատանքի] կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է, որպեսզի մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի համապատասխան լիցենզիաներով, թույլտվություններով մինչև 2036 թվականը: Ահա, հաջորդ տարի այդ նպատակի համար արդեն նախատեսվել է 20,2 միլիարդ դրամ»,- ասաց նախարարը:
15:11 - 31 հոկտեմբերի, 2023