ՎԶԵԲ - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) հիմնադրվել է 1991 թվականին, ունի 30 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Բանկի առաքելությունը նախկին կոմունիստ երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն էր։ Բանկի հիմնական գրասենյակը Լոնդոնում է։
 
Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին։ ՎԶԵԲ-ի կապիտալում նրա բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո։ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։ 
45 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը

45 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համապատասխանաբար՝ 25 մլն և 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) շրջանառու կապիտալի համալրման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀԷՑ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Այս օժանդակութան նպատակն է ամրապնդել ու բարձրացնել ՀԷՑ-ի իրացվելիությունը, ապահովել ընկերության գործունեության շարունակականությունը՝ կենսական նշանակության ծառայությունների մատուցումը, աջակցել առանցքային ենթակառուցվածքներին համավարակից անկախ աշխատելու համար: Վարկային միջոցները հնարավորություն կտան պահպանել հուսալի և անխափան ծառայությունների մատուցման որակը համավարակի տնտեսական հետևանքների վերացման ուղղված պայքարի պայմաններում։ «Ներկայումս դիմակայում ենք մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերին: COVID-19-ի համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն նաև լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առջև է կանգնեցնում»,- նշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Մենք  մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱԶԲ-ի և ՎԶԵԲ-ի մեր գործընկերներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում իրենց հանձնառության և մեծ օժանդակության համար»:  ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի խոսքով. «Համավարակն իր ազդեցությունն ունի թե՛ տնտեսության, թե՛ հասարակության վրա: ՀԷՑ-ի աշխատանքը խիստ կարևոր է Հայաստանի էներգետիկ ոլորտի և տնտեսության համար: Մենք ուրախ ենք ՀԷՑ-ին՝ Հայաստանում մեր կարևոր գործընկերոջը, աջակցելու համար»: «ԱԶԲ-ն սերտ հարաբերություններ ունի ՀԷՑ-ի հետ, և ուրախ ենք այս աջակցությունը տրամադրելու համար: Կարծում ենք, որ այն նախադեպ կհանդիսանա ճգնաժամի տնտեսական հետևանքների նվազեցմանն ուղղված մասնավոր հատվածի հետագա միջոցառումների համար», - նշել է ԱԶԲ-ի մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Հարավային Ասիայի, Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման գծով տնօրեն Շանտանու Չակրաբորտին:  ՀԷՑ-ն ընդգրկված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում: «Տաշիր» ընկերությունների խումբը արդյունաբերական և շինարարական խոշորագույն դիվերսիֆիկացված ընկերություններից մեկն է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության մի քանի տնտեսական ոլորտներում: 2017թ-ին ԱԶԲ-ն և ՎԶԵԲ-ը 160 միլիոն ԱՄՆ դոլարի (յուրաքանչյուրն 80 միլիոն) վարկային միջոցներ են տրամադրել       ՀԷՑ-ին, որով նախատեսված է բարելավել էլեկտրաէներգիայի բաշխման որակը և բարձրացնել էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը: Էներգամատակարարման արդյունավետության բարձրացումը ՎԶԵԲ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Հայաստանում ՎԶԵԲ-ը առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է և ակտիվ գործում է տնտեսության բոլոր ոլորտներում: Հայաստանում իր գործունեությունն սկսելով 1992 թվականին՝ ՎԶԵԲ-ը 1.36 միլիարդ եվրոյի ներդրում է կատարել 178 նախագծում, որոնք ներկայացրել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտները, ընդ որում ներդրումների 90%-ը կատարվել է մասնավոր հատվածում: ԱԶԲ-ն նպատակ ունի հասնել  բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ձևավորմանը՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը՝ տարածաշրջանից։ 
13:03 - 02 հունիսի, 2020
Կորոնավիրուսի պատճառով 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով․ ՎԶԵԲ |hetq.am|

Կորոնավիրուսի պատճառով 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով․ ՎԶԵԲ |hetq.am|

hetq.am: 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։ Ըստ ՎԶԵԲ-ի Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների նոր հրապարակման` «գլոբալ անորոշությունը և նվազող պահանջարկը, որոնք առաջացել են կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով և զուգակցվել պարենային ապրանքների գների անկայունության հետ, ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ կնվազի հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալը, ինչպես նաև անուղղակիորեն՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցության ու դրամական փոխանցումների հավանական կրճատման արդյունքում: Սոցիալական սահմանափակումների և ցածր շարժունակության երկարատև միջոցառումները վնաս կհասցնեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտին, որը մեծապես կախված է արտերկրում ապրող հայերի այցերից»: Վերականգնումը կախված կլինի երկրի ներսում վիրուսի տարածումը զսպելուն ուղված միջոցառումների աստիճանական թուլացումից և տարվա երկրորդ կեսին սովորական վիճակին վերադառնալու տեմպից: Այս տարի ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների տնտեսությունները, հավանաբար, միջինում 3,5 տոկոսով անկում կգրանցեն, իսկ 2021 թվականին հնարավոր է 4.8 տոկոս աճ, ասվում է զեկույցում՝ նախազգուշացնելով, սակայն, որ կանխատեսումները ենթակա են «աննախադեպ անորոշության»: Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ ճգնաժամը չափավոր ազդեցություն կունենա տնտեսական արդյունքների երկարաժամկետ հետագծի վրա, և աճը կվերսկսվի երրորդ եռամսյակի ավարտին, սակայն տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքները, հավանաբար, նշանակալի և երկարաժամկետ կլինեն։  «Եթե սոցիալական հեռավորության առումով սահմանափակումները ուժի մեջ մնան շատ ավելի երկար, քան կանխատեսվում էր, անկումը կարող է լինել շատ ավելի խորը, և այդ դեպքում հետագա տարիների ընթացքում չի հաջողվի հասնել 2019 թվականին գրանցված՝ մեկ շնչի հաշվով արտադրանքի մակարդակին», - ասվում է զեկույցում: ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում զսպման միջոցառումները ազդել են ներքին պահանջարկի և առաջարկի վրա: Արտաքին ցնցումները ներառում են պարենային ապրանքների գների կտրուկ անկում (ազդելով պարենային ապրանքներ արտահանող ընկերությունների վրա), գլոբալ արժեքային շղթաների խափանում, տուրիզմի կոլափս և դրամական փոխանցումների նվազում: ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում զարգացող տնտեսություններում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա, Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: ՎԶԵԲ-ի գործունեության գրեթե բոլոր երկրները, ամենայն հավանականությամբ, այս տարի տնտեսական անկում կապրեն, բացառությամբ փոքր թվով երկրների, ներառյալ Թուրքմենստանը և Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Եգիպտոսը: Կենտրոնական Ասիայի երկրներում, որոնք ճնշման տակ են ընկել պարենային ապրանքների գների և տրանսֆերտների կտրուկ անկման հետևանքով, այս տարի տնտեսական աճը կնվազի միջինում 1,2 տոկոսով՝ նախքան 2021 թվականին վերականգնվելը՝ գրանցելով 5,8 տոկոս աճ։ Ղազախստանն ու Ուզբեկստանը օգտագործում են իրենց հասանելի բուֆերները` տնտեսությանը զգալի խթան ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, ավելի փոքր երկրներում, ինչպիսիք են Ղրղզստանի Հանրապետությունը, Մոնղոլիան և Տաջիկստանը, անկում է գրանցվում ծայրահեղ սահմանափակ հարկաբյուջետային հնարավորությունների և զգալի պարտքերի պատճառով։ Կենտրոնական Եվրոպայում և Մերձբալթյան երկրներում սահմանափակումների խիստ միջոցառումները ներառում են բիզնեսների և դպրոցների զանգվածային փակում, մինչդեռ ընդհատված արժեքային շղթաները խոչընդոտում են արտադրության գործընթացը, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում, որն օրինակ՝ Սլովակիայի հանրապետությունում կազմում է արդյունաբերական արտադրության գրեթե կեսը: Կրճատված արտաքին պահանջարկը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի է հետաձգելու վերականգնումը: Կանխատեսվում է, որ 2020 թվականին արդյունքը տարածաշրջանում կնվազի 4,3 տոկոսով, սակայն 2021 թվականին կրկին կամրապնդվի՝ աճելով 4,5 տոկոսով: Զեկույցում նշվում է, որ Լեհաստանը, որն ունի Կենտրոնական Եվրոպայի և Մերձբալթյան տարաժաշրջանի ամենամեծ տնտեսությունը, հատկապես կայուն է եղել 2008-09 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Ակնկալվում էր, որ կորոնավիրուսային ճգնաժամն ավելի ուժեղ ազդեցություն կունենա երկրի ներսում բիզնեսի և զբաղվածության վրա՝ հաշվի առնելով Լեհաստանի բարձր մակարդակի ինտեգրումը գլոբալ արժեքային շղթաներին և առևտրի մեծ ազդեցությունը, հատկապես Եվրամիության (ԵՄ) շրջանակներում: Լեհաստանի տնտեսությունը 2020 թվականին 3,5 տոկոս անկում կապրի, իսկ 2021 թվականին կաճի 4,0 տոկոսով: Ըստ զեկույցի, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրները, ամենայն հավանականությամբ, խիստ ազդեցության կենթարկվեն կորոնավիրուսային ճգնաժամի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների խստացման, արտարժույթի ներքին շուկաների վրա ուժեղ ճնշման և արտահանման նկատմամբ արտաքին պահանջարկի նվազման հետևանքով: Պարենային ապրանքների գների անկումը լրացուցիչ բեռ է ստեղծել ածխաջրածիններ և մետաղներ արտահանողների` Ադրբեջանի, Ուկրաինայի և Հայաստանի համար, մինչդեռ տրանսֆերտների ակնկալվող նվազումը ճնշում է գործադրում տնային տնտեսությունների մեկանգամյա եկամտի վրա, հատկապես Մոլդովայում, Հայաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Զբոսաշրջությունից եկամուտների կորուստը լուրջ հարված կլինի Վրաստանի տնտեսության համար: Ուկրաինայում կրճատված արտաքին պահանջարկի և ներքին պահանջարկի անկման համադրությունը`պայմանավորված վիրուսի տարածումը զսպող հանրային առողջապահական միջոցառումներով, իր վնասը հասցրեց արտադրության և ծառայությունների ոլորտներին: Ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կնվազի 4,5 տոկոսով, իսկ 2021-ին կգրանցվի 5,0 տոկոս աճ։ Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանն ապրեց կրկնակի ցնցում․ թե՛ կորոնավիրուսային համավարակը, որը բերեց գլոբալ պահանջարկի նվազմանը, և թե՛ նավթի արդյունահանումը սահմանափակելու մասին համաձայնագրի ձախողումը, որոնք միասին հանգեցրեցին նավթի գների էական անկմանն ու գործունեության կտրուկ դանդաղեցմանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:32 - 13 մայիսի, 2020
ՎԶԵԲ-ը շարունակելու է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությունը՝ նախանշված ծրագրերն առաջ մղելու նպատակով

ՎԶԵԲ-ը շարունակելու է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությունը՝ նախանշված ծրագրերն առաջ մղելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Պարոն Չակրաբարտին ողջունել և դրական է համարել կոնորանավիրուսային համաճարակով պայմանավորված ՀՀ կառավարության հակաճգնաժամային լայն միջոցառումների իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը լիարժեք աջակցում է հայկական կողմի քայլերին ու ծրագրերին: ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ բանկն ակտիվորեն շարունակելու է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության օժանդակության ծրագրերը, ինչպես նաև երկրում ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, արտաքին առևտրի և այլ ուղղություններով մինչ ճգնաժամը նախանշված ներդրումային ծրագրերը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ենթակառուցվածքային կապիտալ ներդրումային ծրագրերը և շարունակելու է այդ ուղղությամբ գործողությունները՝ այդպիսով խթանելով տնտեսության ակտիվացմանը: Տեսակոնֆերանսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սումա Չակրաբարտին մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակի և դրա տնտեսական հետևանքների վերաբերյալ:
15:39 - 27 ապրիլի, 2020
Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է Գյումրու ճանապարհներն ու փողոցների լուսավորությունը արդիականացնելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը

Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է Գյումրու ճանապարհներն ու փողոցների լուսավորությունը արդիականացնելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Գյումրիի քաղաքապետարանը այսօր Ֆինանսների նախարարությունում ստորագրել են դրամաշնորհ ներգրավելու մասին համաձայնագիր: Ստորագրված համաձայնագրով ՎԶԵԲ-ը E5P հիմնադրամի միջոցներից 2 մլն եվրո գումարի դրամաշնորհ է հատկացնելու Գյումրի քաղաքի ճանապարհների, ինչպես նաև փողոցների լուսավորության արդիականացման համար: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և E5P տարածաշրջանային հիմնադրամում գլխավոր կառավարիչ Էվա Մանիկը: Դրամաշնորհի միջոցներով կտեղադրվի էներգախնայող նոր LED (լուսադիոդային) լուսավորություն, կառավարման և մոնիտորինգի համակարգ, կփոխարինվեն և կնորոգվեն սյուները, ինչպես նաև հոսանքի մալուխները: Կատարվելիք աշխատանքների արդյունքում կկրճատվի էներգիայի սպառումը, և նվազագույնի կհասցվեն շահագործման և տեխսպասարկման ծախսերը: Նոր LED լուսավորությունը զգալիորեն կնվազեցնի էներգիայի սպառման արժեքը, ինչի արդյունքում քաղաքապետարանը կտնտեսի էլեկտրանէներգիայի տարեկան ծախսը:
17:46 - 03 մարտի, 2020
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ տարվա աշնանը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր։ Դիմիտրի Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետաքրքրությունների շրջանակներում գտնվող արտադրության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների մասով, տրամադրել ծրագրային և ոլորտային գաղափարներ։ Նա տեղեկացրել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը բարձր մակարդակով կապահովի իր մասնակցությունը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովին։ Կողմերը կարևորել են ներդրումային համաժողովի նախապատրաստման  ընթացքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև հետագա և պարբերական հանդիպում-քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։
17:57 - 17 փետրվարի, 2020