Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Գարիկ Գալեյանը կմնա կալանքի տակ

Գարիկ Գալեյանը կմնա կալանքի տակ

Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝  Գարիկ Գալեյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է փաստաբանի բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։  Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը կալանավորվել է երկու ամսով սեպտեմբերի 9-ին։  Գարիկ Գալեյանի դեմ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
17:51 - 09 հոկտեմբերի, 2023
Հայկ Ալումյան․ «Կառավարությունն ընդամենը պետք է չխանգարեր, որպեսզի իրականացնեինք գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունը»
 |hetq.am|

Հայկ Ալումյան․ «Կառավարությունն ընդամենը պետք է չխանգարեր, որպեսզի իրականացնեինք գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունը» |hetq.am|

hetq.am:  2020 թ․–ի արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի բանտերում մեծ թվով հայ գերիներ կան, սակայն նրանց շահերը պաշտպանող և՛ անհատ փաստաբանները, և՛ Հայաստանի կառավարությունը միջնորդավորված հաղորդակցություն են ապահովում միայն ՄԻԵԴ-ի միջոցով։ Սա միա՞կ գործողությունն է, որ պետք է իրականացնի Հայաստանի կառավարությունը, և արդյոք դա բավարար է իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։  Երեք նշանավոր փաստաբաններ՝ Ռուբեն Սահակյանը, Ռուբեն Ռշտունին և Ռուսաստանում հայտնի փաստաբան Պոլինա Շապոշնիկովան, 1988–90թթ․–ին Բաքու և Սումգայիթ քաղաքներում պաշտպանում էին այդ քաղաքներում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի զոհ դարձած հայ ընտանիքների շահերը։ Ինչո՞ւ նույնը չի արվում հիմա. այդ մասին է մեր զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ։ Պրն Ալումյան, ՄԻԵԴ-ի միջոցով գերիների միայն ողջ լինելու վերաբերյալ հավաստիացումներ ստանալը, կարծես Ձեզ էլ չի գոհացնում։ Ֆեյսբուքի Ձեր էջում գրել եք, որ յուրաքանչյուր հայ գերու հետեւից Հայաստանից փաստաբան պետք է գնա։ Ինչո՞ւ այսօր տեղի չի ունենում այն, ինչը հնարավոր եղավ 1988–ին։ 2020թ․ պատերազմի ժամանակ և դրան հաջորդող ժամանակահատվածում ունեցանք իրավիճակ, երբ մեր բազմաթիվ հայրենակիցներ հայտնվեցին Բաքվի բանտերում։ Երբ համացանցում տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում էր, որ մեր հայրենակցին ադրբեջանցիները գերեվարել են, միանգամից դիմումներ ներկայացվեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Եվրոպական դատարանը միջանկյալ որոշում կայացրեց՝ Ադրբեջանից պահանջելով երաշխավորել այդ անձանց կյանքի իրավունքը։ Ում վերաբերյալ հաստատված ապացույցներ կան, որ կենդանի վիճակում հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի կամ պաշտոնական մարմինների ձեռքում, ժամանակին և ճիշտ գործողություններ իրականացնելու արդյունքում այդ մարդկանց կյանքի իրավունքը ՄԻԵԴ-ի կայացրած որոշումներով ապահովվեց։ ՄԻԵԴ–ը փաստեց, որ այդ մարդիկ Ադրբեջանի տրամադրության տակ են եղել, ողջ են եղել և պարտավորեցրեց ապահովել նրանց կյանքը։ Այն ժամանակ դա արվեց անհատ փաստաբանի նախաձեռնությամբ։ Ով իր կյանքում բանտարկված է եղել կամ շփվել է բանտարկված անձի հետ, լավ է հասկանում, որ նրա համար թիվ մեկ կարիքը նույնիսկ սնունդը չէ, այլ՝ փաստաբանի հետ զրուցելը, որովհետև մինչ այդ նրա մոտ կատարյալ անորոշություն է։ Այդպիսի իրավիճակում փաստաբանի հետ չշփվելն ինքնին դաժան վերաբերմունք է, եթե ոչ՝ խոշտանգում։  2021թ․ հունվարին ես Փաստաբանների պալատի նախագահին առաջարկ եմ ուղարկել, որում հայտնել եմ, որ պարտավոր ենք ապահովել Բաքվի բանտերում գտնվող գերիների պաշտպանությունը և առաջարկել եմ Հայաստանից փաստաբաններ մեկնեն Բաքու։ Անհրաժեշտ էր պարզել հայ գերյալների վիճակը, որոնք ոչ միայն կալանավորված են, ոչ միայն թշնամական շրջապատում են գտնվում, այլև կատարյալ անորոշության, անհուսության և անտեղյակության մեջ են։ Ադրբեջանցի փաստաբաններ նշանակվել են պետության կողմից, բայց հասկանալի է նաև, թե նրանք ինչ վերաբերմունք ունեն իրենց հայ պաշտպանյալների նկատմամբ, անկախ նրանից՝ բաց տեքստով կարտահայտվե՞ն, թե՝ ոչ։ Քանի որ իրենց հասարակության մոտ արտահայտված ատելություն կա հայերի հանդեպ, նույնիսկ եթե փաստաբանը բարեխիղճ է, միևնույն է, կալանավորված անձի ընկալման տեսանկյունից շատ մեծ տարբերություն կա, թե ով կլինի նրա փաստաբանը։ Այդ իրավիճակում ամենակարևոր բանը, որ մենք պարտավոր էինք անել՝ Հայաստանից փաստաբաններ պետք է գնային Բաքու և հանդիպեին նրանց։ Նրանք էլ պետք է տեսնեին, որ իրենց մասին մտածող կա, մարդիկ կան, որ պատրաստ են պաշտպանել իրենց շահերը։ Գերության մեջ գտնվող մարդիկ պատերազմի ժամանակ մեզ էին պաշտպանում, իսկ երբ հայտնվեցին գերության մեջ, մենք նրանց չպաշտպանեցինք։  Ո՞րն էր պատճառը, Հայաստանի կառավարությունն ի՞նչ է անում գերեվարված և առևանգված իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։  Սկզբում այս հարցի շուրջ քննարկումները ծավալվել են Փաստաբանների պալատում (ՓՊ)։ Երկար բանավեճ տեղի ունեցավ՝ արդյոք Ադրբեջանը թույլ կտա՞ տեսակցել, թե՝ ոչ։ Բոլորը հասկանում էին, որ Ադրբեջանի օրենսդրությունը մեզ թույլ չի տալու այնտեղ վարույթի մասնակցել, բայց հարցը չի ավարտվում Ադրբեջանի ներպետական օրենսդրությամբ։ Կա Եվրոպական կոնվենցիա, որին միացել է նաև Ադրբեջանը, և եթե մեկն ուզում է դիմել Եվրոպական դատարան, Կոնվենցիայի 34-րդ հոդվածն այդ պետությանը պարտավորեցնում է անհրաժեշտ պայմաններ ստեղծել դրա համար։ Անհրաժեշտ պայմանների մեջ մտնում են իր ցանկալի անձի հետ անարգել շփումները։ ԵԴ–ն այս հարցի վերաբերյալ մեծ թվով վճիռներ ունի, այդ իրավունքի ապահովումը շեշտված ընդգծել է նաև «Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում։ ՄԻԵԴ-ը հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի ցանկացած երկրում, ԵԽ ցանկացած այլ երկրի փաստաբան իրավունք ունի տեսակցել անձի հետ՝ ՄԻԵԴ դիմելու և այդ ընթացքում նաև խորհրդակցելու հետ կապված։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ երկիր է, հետևաբար ԵԽ–ի ցանկացած այլ երկրի փաստաբան իրավունք ունի անարգել տեսակցել Ադրբեջանի տարածքում գտնվող անձի հետ, եթե տեսակցելու նպատակը Եվրոպական դատարան դիմելն է։ Իսկ եթե արդեն դիմել է, հետագայում այդ դիմումի շուրջ քննարկումներ ծավալելու համար։ Ճիշտ է, երբ Ադրբեջանում իմացան այդ մասին, նրանց փաստաբանական կառույցի ղեկավարը հայտարարություն տարածեց՝ իբրև իրենց օրենսդրությունը թույլ չի տալիս։ Դա, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ նա հարցը այլ տեսանկյունից էր դիտարկում։ Հավանաբար մտածում էր, որ մենք պատրաստվում ենք այնտեղի քրեական գործերով պաշտպանություն իրականացնել։ Այնինչ, մենք նպատակ ունեինք գերիներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին հանդիպել՝ պարզելու համար, թե արդյոք Եվրոպական կոնվենցիայի խախտում չկա նրանց նկատմամբ։  Առնվազն պետք էր պարզել, թե Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտում կա՞։ Այսինքն, հիմքեր կա՞ն մարդուն շարունակական կալանքի տակ պահելու համար։ Երկրորդ՝ նրա նկատմամբ խոշտանգում կամ այլ անմարդկային, դաժան վերաբերմունք տեղի չի՞ ունեցել։ Մեր նպատակն էր՝ Բաքու գնալ այդ հարցերի համար և քննարկել ՄԻԵԴ դիմելու հարցը, և Ադրբեջանը պարտավոր էր դա անարգել թույլ տալ մեզ։  Իսկ եթե թույլ չտար։ Ֆեյսբուքի Ձեր էջում գրել էիք, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել փաստաբանի եւ ազատությունից զրկվածի անարգել շփումը, ինչպես նաեւ՝ փաստաբանի անձնական անվտանգությունը։ Դա լինում է այն դեպքում, երբ միջազգային կառույցները հետևողական են լինում, և պատժվելու սպառնալիքը կա։ Հայությանը վերաբերող հարցերում, ինչպես տեսնում ենք, միջազգային կառույցները նույն սկզբունքայնությունը չեն դրսևորում։ ԵԴ–ից համապատասխան ազդակ ստանալուց հետո էլ, եթե Ադրբեջանը խոչընդոտեր հայ փաստաբանների աշխատանքը կամ չերաշխավորեր նրանց անվտանգությունը,  կճանաչվեր 34-րդ հոդվածը խախտող։ Դրանից բացի, նաև անուղղակի կերպով կհաստատվեին բոլոր այն պնդումները, որ այնտեղ առկա են վատ վերաբերմունքի, ազատությունից անօրինական զրկելու դեպքեր և այլն։ Միգուցե հնարավոր կլիներ կասկածի տակ դնել նաև ամբողջ դատավարությունը։ Դատավարության ընթացքն էլ է պաշտպանվում Եվրոպական կոնվենցիայի 6–րդ հոդվածով։ Կարելի էր դատավարությանը վերաբերող մասով էլ այնտեղ հետազոտություն իրականացնել՝ հասկանալու համար՝ չի՞ խախտվում, արդյոք, մեր հայրենակիցների արդար դատաքննության իրավունքը։ Եթե հաստատվեր, որ խախտվում է, հետևանքն այն կլիներ, որ դատավարությունները կամ դրանց մի մասը կճանաչվեին Կոնվենցիային հակասող։  Դա հոյակապ հնարավորություն էր, անհրաժեշտ էր այդ հնարավորությունն օգտագործել, բայց չօգտագործվեց, թեև ՓՊ–ը, անձամբ ես և մի խումբ այլ փաստաբաններ մեզնից կախված ամեն ինչ արեցինք։ Մի քանի անգամ հանդիպումներ ունեցանք կառավարության ներկայացուցիչների հետ։ Նրանք ամեն անգամ գալիս էին ինչ–որ հակափաստարկներ պատրաստած, բայց ամեն անգամ համոզվում էին, որ մենք ճիշտ ենք, որ իրավունքը մեր կողմն է, որ միանշանակ իրավունք ունենք գնալու և գնալն ուղղակի անհրաժեշտ է։ Երբ հանդիպումներն ավարտվում էին, համոզվում էինք, որ ամեն ինչ նորմալ է, արդեն կստացվի, սակայն հաջորդ օրը տեղեկանում էինք, որ արգելքներ են առաջացել։ Մեզ պետք չէր, որ Կառավարությունը մեզ աջակցեր, մեզ ընդամենը պետք էր, որ Կառավարությունը մեզ չխանգարեր, որպեսզի իրականացնեինք գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունը։   Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում
09:46 - 04 հոկտեմբերի, 2023
Զորակոչել են որպես խոհարար, մարտական առաջադրանքի ուղարկել՝ որպես հետախույզ․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

Զորակոչել են որպես խոհարար, մարտական առաջադրանքի ուղարկել՝ որպես հետախույզ․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ պահեստազորայինների կազմով որպես խոհարար զորակոչված Ալեքսանդր Բաբայանին մարտական առաջադրանքի են ուղարկել որպես հետախույզ։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր հայտնեց ինքը՝ Բաբայանը։ Նա «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործով տուժողներից է, սակայն՝ ոչ հենց Քիմիկների զորամասից (խոսքը ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի մասին է)․ 2020 թ․ սեպտեմբերի վերջից ծառայության է անցել Կապանի զորամասում, իսկ հոկտեմբերի 21-ին 11 այլ պահեստազորայինների հետ կցվել է Քիմիկների զորամասի՝ Մեղրիից Կապան ժամանած անձնակազմին եւ մեկնել առաջադրանքի։ Այդ օրը, հիշեցնենք, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանով 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Սակայն Մակարյանը, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով խումբը «Կիրի հանք» հասնելու նպատակով Արցախի Հանրապետության Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Գործի շրջանակում մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ ՌՔԿՊ զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ տուժողի՝ իրենք չեն տեղեկացվել, թե ով է իրենց անմիջական հրամանատարը Դատարանում ցուցմունք տալով՝ Ալեքսանդր Բաբայանը հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկն իր հրամանատարը չի եղել, նրանց քրեական գործից առաջ չի էլ ճանաչել։ Իր հրամանատարը եղել է մայոր Արտակ Վարդանյանը, որն էլ հենց հայտնել է մարտական առաջադրանքի մասին՝ ասելով՝ Զանգելանը մերն է, չթողնեն՝ գրավեն։ Ըստ Բաբայանի՝ հրամանատարը ասել է, որ Կովսականում 8 հոգու շարժ են նկատել, պետք է որպես հետախույզ գնան՝ «սանրման» աշխատանքների։ Հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը Դատավարության մասնակիցները այս դրվագի վերաբերյալ մի շարք հարցեր ուղղեցին տուժողին․ – Ե՞րբ դարձաք հետախույզ։ – Այդ օրը։ – Ինչի՞ց եք ենթադրել, որ հետախույզ եք։ – Եկան, էդպես ներկայացրին, ասացին՝ 12 հոգի որպես հետախույզ գնալու ենք, «չիստկա» անեք, շարժի մասին զեկույցներ անեք, իսկ որ բոյ եղավ, մնացածը քիմիկներն են անելու։ – Ի՞նչ է նշանակում «սանրման» աշխատանք։ – Ես չգիտեմ, ես չեմ էլ պատկերացնում, կյանքումս հետախույզ չեմ եղել, որ ինձ ներգրավել են,– ասաց Բաբայանը, որ ժամկետային զինծառայության ժամանակ հրաձիգ է եղել։ – Հարց ուղղեցի՞ք Ձեր վերադասին։ – Ոչ, մեր վերադասը դաժը քարտեզ․․․ Տարածքին չի ծանոթացրել, թե ուր ենք գնացել։ Ես կյանքիս մեջ Կապան չէի եղել, չեմ էլ պատկերացրել Կապանն ինչ է կամ Զանգելանը որտեղ է․․․ Ես նենց եմ հասկանում, որ էդ [«սանրման» աշխատանքը] «չիստկա» է, բարբառով ասած․․․ – Բա Ձեր մեջ հարց չառաջացա՞վ, որ Դուք, որպես հետախույզ, որեւէ դասընթաց էլ չեք անցել․․․ – Չէ, որովհետեւ էդ խառը վիճակը տեսնելով՝ ոչ մի բան կոնկրետ ինձ չէր հետարքրքում։ – Իսկ որ գնայիք, իջնեիք ավտոբուսներից, ի՞նչ պիտի անեիք։ – Կարողա մեկը հրահանգավորեր էդ ժամանակ, չեմ կարող ասել։ Հրամանատարը՝ Արտակ Վարդանյանը, զորքի հետ չի մեկնել։ Թե ինչու, տուժողին հայտնի չէր։ Միեւնույն ժամանակ նա պաշտոնատար այլ անձի անուն, ըստ տուժողի, չի տվել, չի հայտնել, թե ով է լինելու իրենց անմիջական հրամանատարը առաջադրանքի ժամանակ, ասել է միայն՝ այ սենց՝ ժպիտը դեմքներիդ, հետ գաք, տղե՛րք։ Ըստ տուժողի՝ իրենց տրամադրվել է զրահաբաճկոն, սաղավարտ, մեկական նռնակ եւ ԱԿԱ-74 տեսակի հրաձիգ՝ իր 4 փամփուշտատուփերով։ Կապի միջոցներ չեն եղել։ Լուսադեմին տագնապով շարվել են, ճանապարհ ընկել։  Թե ինչպես է ստացվել, որ իրենց զրահաբաճկոն տվել են, Քիմիկների զորամասի անձնակազմին՝ ոչ, տուժողը չգիտեր, ասաց՝ նրանց չեն ճանաչել, շատ չեն էլ շփվել։ Տուժողի խոսքով՝ առջեւից գնացել է վիլիսը (ըստ ամենայնի, ուղեկցողների մեքենան–հեղ․), որից հետո՝ 3 ավտոբուսները, յուրաքանչյուրում՝ մոտ 20-21 հոգի։ Ինքը եղել է առաջին ավտոբուսում, որտեղ նաեւ քիմիկների մի մայոր է եղել։ Թե ով, Բաբայանը չգիտեր։ Բաբայանի խոսքով՝ հակառակորդի հարձակումն անակնկալ է եղել, թվակազմը՝ զգալիորեն մեծ Ալեքսանդր Բաբայանը պատմեց, որ երբ հակառակորդը անակնկալ հարձակվել է, ավտոբուսը դեռ ընթացքի մեջ է եղել, մինչդեռ նախորդ նիստին հարցաքննված տուժողը՝ Արտակ Անդրեասյանը, ասել էր, որ ավտոբուսներից հանգիստ պայմաններում իջել են, մի քանի րոպե անց նոր՝ հարձակման ենթարկվել։ Այս հակասությունը Բաբայանը դժվարացավ պարզաբանել, ասաց՝ ինքն առաջին ավտոբուսում է եղել, մյուսներից տեղյակ չէ։ «Սարերի վրա շարժ նկատեցինք, սկսեցին կրակել, մի քանի հոգի տեսանք, ասեցինք՝ տղե՛րք, իրենք են, ու  զենքերը զարիժատ արեցինք, հենց սկսեցին ավտոբուսի վրա կրակել, կոպիտ ասած, շունը տիրոջը չէր ճանաչում, ով ոնց հասցրեց, իջավ»։ Մեղադրողի հարցին՝ մարտական առաջադրանքը, որ իրենք ստացել են, բովանդակային առումով ներառե՞լ է այն իրավիճակը, որին իրենք փաստացի ականատես են եղել, տուժողը բացասական պատասխան տվեց։ Մյուս հարցին՝ կռվի ժամանակ գործողությունների հրահանգավորում եղե՞լ է, նա դարձյալ բացասական պատասխանեց՝ նշելով, որ հիշյալ մայորն ասել է միայն՝ ինչքան կարողանում եք, շատ կրակեք, մեր վրա են գալիս։ Նրա խոսքով՝ 6-7 հոգով թաքնվել են ինչ–որ պատի հետեւում, իր կողքին եղել է իր համաքաղաքացի, մասիսցի Դավիթ Կատանյանը։ Մարտը տեւել է մոտ 1 ժամ․ «Բոյի ժամանակ, երբ էլ չէինք կարողանում դիմադրել, սկսեցինք նահանջել, մեքենա արդեն չենք նկատել․․․ Դեմից ավտոմատով էին կրակում, մենք 1 հատ նռնակ էինք շպրտում, իրենք 100 հատ էին շպրտում, զգալի շատ էին․․․ Նռնակը որ շպրտել են, ընկել եմ քարերի վրա, կոտրվածք եմ ստացել, դրանից հետո բան չեմ հիշում․․․ Հիշում եմ, որ տղերքը ինձ քարշ տվեցին, հանեցին, հետո մի հատ գետ էինք անցնում, էդտեղ էլի ընկա, գետից օգնեցին, հանեցին, էդ տղուն ասեցի՝  թող գնա, պետք չի՝ իմ պատճառով մարդ մեռնի, ստիպեցի, որ գնա, գնաց»,– ասաց տուժողը։ Դահլիճում գտնվող ծնողները հուշեցին՝ խոսքը Գեւորգ Եդիգարյանի մասին է։ «Քայլել ընդհանրապես չէի կարողանում, 10 օր սողեսող գետին հակառակ նահանջել եմ,  հոկտեմբերի 31–ին Որոտանի ափին ինձ գտել են ու գերեվարել»,– պատմեց տուժողը։ Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Կիրի հանք տեղանքը, որտեղ էլ հենց պիտի մեկներ անձնակազմը, նրան ծանոթ չէր, դրա մասին խոսակցություններ, կոնկրետ առաջադրանքներ չէր լսել։ Ճանապարհին ոստիկանական հենակետ նկատել էր, ասաց՝ վիլիսն էլ, իրենց ավտոբուսն էլ այնտեղ կանգնել են, բայց թե ինչ նպատակով, դարձյալ չգիտեր։ Դա հենց այն հենակետն էր, որտեղ, ըստ առաջադրանքի, անձնակազմը պիտի իջներ ավտոբուսներից։ Թե ինչու չեն իջել, ինչու են խորացել դեպի Կովսական, տուժողին հայտնի չէր, ասաց՝ հայրենադարձվելուց հետո՝ քննիչի մոտ է իմացել, որ իրենք այդտեղ պիտի իջնեին․ «Քննիչն ասել է՝ ձեզ առաջադրանք է տրվել, որ հանքը պահեք, ինչի՞ եք մտել Զանգելան, ասել եմ՝ գնա, հրամանատարներին այդ հարցը տուր, ես զինվոր եմ»։ Ալեքսանդր Բաբայանը խուսափեց հստակ որեւէ մեկին որպես մեղավոր նշել Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե ի վերջո, իր գնահատմամբ, կատարվածն ում մեղավորությունն է․ – Ես չեմ կարող որոշում կայացնել կամ ինչ–որ մեկին մեղադրել, եղածը եղած է, ինձ էլ ճիշտ հասկացեք, ես դնեմ ասեմ՝ Պողոսն է մեղավոր․․․–ասաց տուժողը։ – Դու պրծել ես, ուրեմն՝ եղածը եղա՞ծ է,– լսվեց ծնողներից մեկի ձայնը։ Մեղադրողը վերաձեւակերպեց հարցը․ – Ի՞նչ պատճառով այս ամենը տեղի ունեցավ․ մարտական խնդրի կազմակերպմա՞ն գործընթացքում կար որեւէ մեկի սխալը, իրագործմա՞ն ընթացքում կար, չպիտի՞ հայտնվեիք այդտեղ, պատճառները կարող են տարբեր լինել։ – Իրագործման ընթացքում, ավելի ճիշտ, քանի որ էստեղ ենք իմանում, որ Կիրի հանք պիտի պահեինք, բայց մեզ մտցրել են Զանգելան։ Էդ անփութության պատճառով է էդ ամենը եղել։ – Իսկ ո՞վ պիտի դա համակարգեր,– հարցրեց մեղադրողը։ – Ո՞ւմ էին հրամանատար նշանակել, ես չեմ պարզել, չեմ էլ ուզում, ես ունեի մի հրամանատար, հրամանը տվել էր, հասել էի էդտեղ,– ասաց տուժողը։ Տուժողների իրավահաջորդները Այս եւ նմանատիպ հարցերին ի պատասխան նա ամեն կերպ խուսափեց ամբաստանյալներից որեւէ մեկին որպես մեղավոր նշել՝ պատճառաբանելով, որ նրանց չի ճանաչել, այնտեղ չի տեսել։ Դահլիճում գտնվող տուժողների իրավահաջորդներից Հայկ Եղիազարյանը, դիմելով նրան, հարցրեց․ – Եթե կան նախորդող օրերի տեսանյութեր, որտեղ Ադրբեջանը ցուցադրում է, որ Զանգելանը գրավել է, եթե կա Ադրբեջանի նախագահի տեսանյութ, որ պաշտոնապես հայտնում է, որ Զանգելանը Ադրբեջան է, էն փաստը, որ Դուք խոհարար եք եղել, բայց Ձեզ տարել են հետախույզ, էն փաստը, որ դուք չունեք ձեր գլխին հրամանատար մարտի դաշտում, ճանապարհին, որ ձեզ հրահանգ, խորհուրդներ տա, էդ ամեն ինչը ձեզ մոտ կասկած չի՞ առաջացնում, քանի՞ հատ հանգամանք բերեցի, դրանից ավելի էլ ի՞նչ պիտի լինի։ – Դե, Դուք փաստեր ունեք, բայց ես էդ փաստերից տեղյակ չեմ եղել։ – Դուք պատկերացնում եք 8 հոգի, գնացել եք, 500 հոգի է եղել, այսինքն՝ ռազվետկեն ձեզ ոչ հավաստի տեղեկություն է տվել, չէ՞, ձեզ տարել են, որ փուռը տա՞ն, կոպիտ ասած։ – Բա տվել են, էլ ի՞նչ են արել,–պատասխանեց տուժողը։ Ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Վահան Հովհաննիսյանը Թե ով, նա դարձյալ չնշեց։ Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի հարցին ի պատասխան էլ՝ կարծիք հայտնեց, որ Աբգարյանն իր գերեվարության մեջ մեղավոր չէ, քանի որ ինքը նրան չի ճանաչում, այնտեղ չի տեսել։ Ի պատասխան դատախազի հարցին՝ նշեց՝ ամեն դեպքում, եթե կոնկրետ այդ կրակոցների վայր չհասնեին, իրավիճակը կարող էր այլ լինել։ – Մարտի դաշտում Աբգարյանն է եղել ձեր հրամանատարը, ծանոթացեք,– ասաց դահլիճում գտնվող իրավահաջորդներից մեկը։ Արձագանքելով սրան՝ Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե տուժողները մոլորության մեջ են․ «Դատական գործի նախապատրաստական մասում, եթե հիշում եք, դրա շուրջ որոշակի քննարկում տեղի ունեցավ, որ մենք հրապարակենք քրեական գործում առկա բոլոր փաստաթղթերը, որպեսզի հնարավորություն ունենանք տուժողներին հարցեր տալ, հիմա մենք չենք հրապարակել, եւ անում են արտահայտություն, որ ձեր հրամանատարը մարտի դաշտում եղել է Արսեն Աբգարյանը։ Եթե հրապարակեինք այդ նյութերը, պարզ կլիներ, որ Աբգարյանը չի եղել Արտակ Վարդանյանի հրամանատարը, եւ տուժողները մոլորության մեջ են, այ դրա համար էի ասում, հիմա ես ինչպե՞ս հարց ուղղեմ տուժողին,– դիմելով դատարանին՝ ասաց պաշտպանը։ Նշենք, որ դատակոչված անձանց կողմերը կարող են հարցեր տալ միայն դատարանում արդեն իսկ հետազոտված ապացույցների վերաբերյալ։ Պաշտպանի կողմից հիշատակված ապացույցները դեռ չեն հետազոտվել, դատարանը դրանց անդրադառնալու է տուժողների եւ վկաների հարցաքննությունների ավարտից հետո։ Դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ Բաբայանի հարցաքննությունն այսօր մնաց անավարտ։ Այն կշարունակվի հոկտեմբերի 6-ին։   Միլենա Խաչիկյան
22:50 - 02 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «3 տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց իր հայրենիքում ապրող Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, իրականացնելով զանգվածային ռազմական հանցագործություններ: Այս կործանարար գործողությունները մաս էին կազմում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի ծրագրված քաղաքականության։  Չնայած բազմաթիվ ուղերձներին և ջանքերին՝ տարածաշրջանում առկա խնդիրները կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ Ադրբեջանը շարունակեց իր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման գործելակերպը՝ խուսափելով միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունից: Այս երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է անմարդկային դժվարությունների միջով՝ շարունակաբար ենթարկվելով ռազմական հարձակումների, ահաբեկումների, 10 ամիս շարունակվող շրջափակման և սովամահության։  Միջազգային հանրության կողմից դեռևս երեք տարի առաջ ուժի կիրառման քննադատության և կոշտ արձագանքի բացակայության, 2020թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված անվտանգային երաշխիքների անարդյունավետության և ԼՂ-ում միջազգային հասանելիության բացակայության պայմաններում Ադրբեջանի հայատյաց գործողություններն ու քաղաքականությունը ոչ միայն չդադարեցին, այլև հասան իրենց նոր դրսևորման՝ սեպտեմբերի 19-ին ձեռնարկած զինված հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զգալի մասի՝ փաստացի բռնի տեղահանման, էթնիկ զտման: Այսօր Հայաստանի Հանրապետությունը ոգեկոչում է 2020թ․ 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող շրջանում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը։ Այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը»:
22:42 - 27 սեպտեմբերի, 2023
Ռուսաստանը մտադիր է շարունակել անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
 |armenpress.am|

Ռուսաստանը մտադիր է շարունակել անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը մտադիր է շարունակել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև գոյություն ունեցող եռակողմ համաձայնության հիման վրա տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան  տարածած հայտարարության մեջ: «2020 թվականի ողբերգական իրադարձությունների սկզբի հիշատակի օրը մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհերի համար, մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- նշել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից՝ հավելելով, որ  ռուսական կողմի, այդ թվում՝ ռուս խաղաղապահ զորակազմի  գործունեության ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հումանիտար հրատապ խնդիրները։
20:52 - 27 սեպտեմբերի, 2023
«Սկոռին պիտի վիրավոր զինվորին տաներ, բայց Վահանյանն իր վերքը պոկել է, նստել, փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ

«Սկոռին պիտի վիրավոր զինվորին տաներ, բայց Վահանյանն իր վերքը պոկել է, նստել, փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ

2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ շտապօգնության մեքենան եկել է՝ վիրավորներին տանելու, սակայն Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, իր վերքը պոկելով, անձամբ է նստել մեքենան եւ հեռացել։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր ասաց Սուսաննա Համբարձումյանը, որը նույն գումարտակի՝ այդ ժամանակ ժամկետային զինծառայող Էրիկ Մարտիրոսյանի տատն է։  Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին մեկնել է Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, սակայն հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերում։ Սուսաննա Համբարձումյանի թոռը՝ Էրիկ Մարտիրոսյանը, Վանք գյուղի տներից մեկում թաքնված, պատերազմի ավարտից հետո հայտնաբերված եւ սպանված զինծառայողներից է։ Դատավոր Ջոն Հայրապետյանը Համբարձումյանը, որ դատարան էր ներկայացել Լոռու մարզի Ալավերդի քաղաքից, Վահանյանին տեսնելով, հուզվեց․ – Ինչի՞ էս լավ մարդկանց մեջ հանդիպեցի, նրանց խաթր չեմ կարողանում քեզ արժանի բառեր գտնել,– արտասվելով ասաց նա։ Դատավոր Ջոն Հայրապետյանը փորձեց հանգստացնել տուժողի իրավահաջորդին, բացատրել, որ դահլիճում գտնվող բոլոր ծնողներն էլ իրենց վիշտն ունեն․ – Մարդ կա՝ երկու որդի է կորցրել, պատկերացրեք՝ իր վիշտը ինչքան է։ – Ես էլ 6-ն եմ կորցրել,– ասաց Համբարձումյանը՝ նկատի ունենալով իր թոռանն ու նրա հետ շրջափակման մեջ զոհված 5 տղաներին։ Սուսաննա Համբարձումյանը թոռան հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 16-ը Սուսաննա Համբարձումյանը պատմեց, որ իր թոռը Ջրական է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 20-ին, սակայն կարանտինով պայմանավորված՝ սկզբում Մարտունիում է եղել․ «Իմ էրեխեն սկզբում հեռախոս չուներ, զանգեց ուրիշի համարից, թե լավ է, կնքվեցինք, տատի՛ ջան, սաղ ասավ՝ գումարտակի հրամանատար, սերժանտներ․․․ Հրամանատարը՝ Վազգեն Վարդանյանը (վաշտի հրամանատարն է,–հեղ․), էն ինչ մի բարի անձնավորություն էր, որ մեռնեմ էլ, սրտումս դաջվածք կանեմ էդ անունը, իր հեռախոսով զանգեց, ինքն էլ խոսաց, ասաց՝ տա՛տ ջան, ան, թոռիդ հետ խոսի, ասաց՝ կորոնայի ժամանակ որ գաք, կպատժվեք․․․ Իրիկունն էլ զանգում էր, թոռնիկիդ հետ խոսի, էդ ինչ յուրահատուկ մատուցում էր անում, թոռանս անունը «Խելոք» էր դրել, ասում էր ՝ Խելո՛ք, արի՛, ասում էի՝ խի՞ ես Խելոք ասում, ասում էր՝ էնքան խելոք ա, Խելոք ջան եմ ասում, ասեցի՝ ես էլ քեզ ջան կասեմ, Վազգեն ջան»։ Համբարձումյանը հայտնեց՝ հոկտեմբեր ամսին, երբ իր թոռն արդեն Հադրութում է եղել, հոսպիտալում տեսակցել է Վարդանյանին․ «Ասաց՝ ինձ գտաք, Էրոյին գտե՞լ եք, ասեցի՝ Վազգեն ջան, որտե՞ղ գտնեմ, դու էիր մեզ միջնորդը, ասաց՝ երնեկ ման գաք, գտնեք Խելոքիս»։ Դահլիճում գտնվող այլ ծնողներ, սակայն, հայտնեցին, որ Վազգեն Վարդանյանը վիրավորում չի ստացել։ Նշենք, որ նա նահանջի ժամանակ զորքի մի մասի հետ ճիշտ ուղղությամբ գնացած եւ փրկված սպաներից է։ Դատաքննության սկզբում Վարդանյանը ներկայացել է դատարան եւ պատմել նահանջի եւ դրան նախորդած իրադարձությունների մասին։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Համբարձումյանի խոսքով՝ ինքը թոռան հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 16-ը, օրական 3-4 անգամ խոսել են․ «Որ հարցրի՝ ինչի՞ եք անտառներում քայքայված․․․ Որովհետեւ․․․ [Վահանյանը] իջել է ներքեւ, որ սկոռուն բերի, վիրավոր տանի, սկոռին եկել է, թե չէ, վերքը պոկել է, նստել, գնացել է․․․ Ադոյան Դավիթին պիտի էդ սկոռին տաներ, ինքն է նստել, փախել, իմ բալեն է ասել»։ Դրա պատճառով, ըստ տիկին Սուսաննայի, զորքը ընկել է շրջափակման մեջ։ Իր թոռն ու համածառայակիցները, չցանկանալով լքել իրենց վիրավոր ընկերոջը, ողջ ընթացքում նրան իրենց հետ տեղափոխել են, մինչեւ վերջին րոպեն կողքին եղել։ Համբարձումյանն էլ այդ օրերին հեռախոսով կապի մեջ է եղել․ «Միամիտ էրեխեք էին՝ 2-3 ամսվա զինծառայող, մի ամիս հույս էինք տալիս, լույս էինք տալիս, մթնեց․․․ Ամբողջ գիշեր ես հեռախոսակապով էդ էրեխի (նկատի ունի՝ Դավիթ Ադոյանին,–հեղ․) տնքոցը լսեի, չքնեի․․․» Այդ գիշերը, ըստ տիկին Սուսաննայի, Ադոյանի վերջին գիշերն է եղել (նրա մոր հարցաքննությունը՝ այստեղ), 5 ծառայակիցները նրան հուղարկավորել են, դրանից հետո իրենք են հայտնաբերվել թշնամու կողմից․ «Իմ էրեխեն ասավ՝ տատ, [կամ] 6-ս պիտի ապրենք, [կամ] 6-ս պիտի մեռնենք»,– թոռան խոսքերը հիշելով՝ հուզված պատմեց Համբարձումյանը։ Ըստ Արմեն Ագանեսյանի՝ նորակոչիկներին առաջնագիծ տանող բոլոր պատասխանատուներն էլ մեղավոր են Այսօր հարցաքննված մյուս վկան Արմեն Ագանեսյանն էր՝ զոհված Հայկ Ագանեսյանի հայրը։ Վերջինս չէր ճանաչում Իշխան Վահանյանին, կատարվածի մասին շատ տեղեկություններ չուներ․ «էրեխուն մի ամիս չկար՝ ուղարկել էինք, չկա էրեխեն, վերջ, ես էլ ի՞նչ պատմեմ, ի՞նչ ասեմ, ասում են՝ հրամանատարները լրիվ էրեխեքին առաջին գծում թողել են, իրենք փախել են, էդքան բան գիտեմ ես»,– ասաց նա։                                                   Ագանեսյանի որդին եւս Ջրականում է ծառայել, սակայն կարանտինով պայմանավորված՝ ծնողները նրան չեն կարողացել այցելել, հստակ չգիտեն էլ՝ զինվորական երդում տվել է թե չէ։ Ձախից՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, տուժողի իրավահաջորդ Արմեն Ագանեսյանը Պատերազմի մեկնարկից հետո որդու հետ հեռախոսակապի մեջ են եղել, թե մինչեւ երբ, հայրը դժվարացավ հիշել․ «Խոսացել ենք մի քանի անգամ․․․ Ջաբրայիլը որ գմփացրին, իմացանք ստեղից–էնտեղից, որ էրեխեքին տարել են Հադրութ՝ բունկեր․․․ Բայց ոչ մի բունկեր էլ չեն տարել, գիտեմ, որ ինչ–որ դպրոց են եղել, էնտեղից էլ հանել, տարել են դիրքեր․․․ Ինքը մեզ ասել է՝ բունկերում ենք, պապ ջան, արխային եղի, ի՞նչ բունկեր, առաջին գիծ են եղել, սաղ սուտ էր․․․ Սպաներից մեկը վիրավորվել է թե խփել են, ուրիշ սպա են բան արել էդ ժամանակ, դա էրեխեքին թողել, փախել է, գնացել, կորել են, մտել են մի տուն, տան մեջ մնացել, ես այլ մանրամասներ չգիտեմ»։ Կատարվածի համար հայրը բոլոր պատասխանատուներին է մեղավոր համարում․ «Սաղ թողել, փախել են, ով կա–չկա, սաղ էլ մեղավոր են, որ էդ էրեխեն ավտոմատ բռնել չգիտեր, բայց գնացել է պոստ, կրակել գիտե՞ր էդ էրեխեն, որ տարել են պոստ, բոլորը մեղավոր են, բոլորը՝ Փաշինյանից բռնած»,– ասաց նա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 26-ին։   Գլխավոր լուսանկարում՝ Սուսաննա Համբարձումյանը Միլենա Խաչիկյան
22:56 - 22 սեպտեմբերի, 2023
Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը

Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը

Զոհված զինծառայողների ծնողները օրը փոխվելուն պես Եռաբլուր զինվորական պանթեոնում են՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը։ Վաղ առավոտյան այնտեղ են ժամանել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը։  Իրադրությունը լարվել է նրանց գալուց հետո։ Ծնողները նրանց թույլ չեն տվել մտնել պանթեոն։ Վիճաբանություն է սկսվել նրանց միջև։ Տեղում իրավիճակը փորձում էին հանդարտեցնել Ռազմական ոստիկանության ծառայողները։ Լրագրողի հարցին, թե ինչու են այսօր մենակ եկել, միշտ Նիկոլ Փաշինյանի հետ են գալիս, Աղազարյանը պատասխանեց․ «Կոնկրետ ես շատ բաներ անում եմ իմ խղճին համաձայն»։ Հիշեցնենք, որ 2022 թ․ սեպտեմբերի 21-ին, երբ մի շարք ծնողներ որոշել էին թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության տոնի առիթով այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն, Ոստիկանության ծառայողների եւ որդեկորույս ծնողների մասնակցությամբ միջադեպ էր տեղի էր ունեցել։ Վաղ առավոտից այնտեղ հավաքված մեծաթիվ ոստիկաննները բերման էին ենթարկել ծնողներին՝ ինչպես հետագայում պարզվեց, մարմնական վնասվածքներ հասցնելով։ Դեպքի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ ավելի ուշ՝ Քննչական կոմիտեում քրեական վարույթ նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով):
09:07 - 21 սեպտեմբերի, 2023
Հակառակորդի հարձակումից հետո ինչ-որ մեկը հայերենով ասել է․ «Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք», ապա սկսել է խոսել ադրբեջաներեն․ տուժողը՝ դատարանում

Հակառակորդի հարձակումից հետո ինչ-որ մեկը հայերենով ասել է․ «Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք», ապա սկսել է խոսել ադրբեջաներեն․ տուժողը՝ դատարանում

2020 թ․ հոկտեմբերի 21-ին մարտական  առաջադրանքի մեկնելիս ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (ՌՔԿՊ, հայտնի է որպես Քիմիկների զորամաս) 62-հոգանոց անձնակազմը զրահաբաճկոններ չի ունեցել, համալրված է եղել միայն АКМ տեսակի ինքնաձիգով, սաղավարտներով եւ քնապարկերով։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում երեկ հայտնեց պատերազմի ժամանակ պահեստազորային Արտակ Անդրեասյանը՝ նշելով, որ իրենց ասել են, թե զրահաբաճկոն այդ պահին չկա։ Անդրեասյանը ներկայացել էր դատարան՝ որպես տուժող հարցաքննվելու Քիմիկների զորամասի վերաբերյալ քրեական գործով, որի շրջանակում քննվում են զորամասի 40 զինծառայողների՝ Կովսականի (Զանգելանի) տարածքում շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները․ նրանցից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Գործի շրջանակում, հիշեցնենք, մեղադրյալի աթոռին են նախկին եւ ներկա 4 զինվորական՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ ՌՔԿՊ զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ վարչության պատրաստության եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Տուժողների հարցաքննության մեկնարկից առաջ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը դահլիճում գտնվող տուժողների իրավահաջորդներին հորդորեց պահպանել դատական նիստի բնականոն ընթացքը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում դատարանը նրանց նկատմամբ կիրառելու է սանկցիաներ՝ նկատողություն, ապա՝ նիստերի դահլիճից հեռացում։ Նշենք, որ այս գործով նիստերը երբեմն անցնում են լարված մթնոլորտում, զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար նաեւ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ դատական նիստերի հաճախակի հետաձգման եւ գործի քննության ձգձգմամբ պատճառով։ Արտակ Անդրեասյանի խոսքով՝ իրենք հրահանգվել են մեկնել «սանրման» աշխատանքների, սակայն ընկել են մարտական գործողությունների մեջ Արտակ Անդրեասյանը 2006-2008 թթ ժամկետային ծառայություն է անցել Մատաղիսում, եղել է գնդացրորդ, 44-օրյա պատերազմին մասնակցել է պահեստազորի կազմով։ Նա պատմեց, որ հոկտեմբերի 1-ին մեկնել է Էջմիածնում գտնվող Քիմիկների զորամաս, այնտեղ մնացել մոտ 10 օր։ Դրանից հետո իրենց տարել են Ագարակ, մի քանի օրից՝ Մեղրի, այնուհետեւ՝ Կապան։ Հենց Կապանում են ստացել Կովսական մեկնելու մարտական առաջադրանքը․ «Գիշերը կամանդիրը (Արսեն Աբգարյանը,-հեղ․) մոտիկացավ, ասաց՝ մեր առաջ առաջադրանք են դրել, որ մոտիկանանք տվյալ տարածքները՝ Զանգելան, ու գյուղերի անուններ ասաց, որ սանրենք, ասաց՝ ով ցանկություն ունի, թող դուրս գա․․․ Լուսադեմ էր, որ զորքը պատրաստ էր, պետք է դուրս գայինք, Անդրանիկ Մակարյանը ժողովի կարգով ասաց՝ պետք է մտնեք, սանրման աշխատանքներ կատարեք, ռազվեդկան աշխատել է, դուք պիտի սանրեք, եթե տներում թաքնված մարդիկ լինեն, դուք ձեր գործողությունները անեք, ու եթե չեմ սխալվում, ասաց՝ մի քանի օրից կմոտիկանան ձեզ, դուք էդտեղից դուրս կգաք»։ Արտակ Անդրեասյանի խոսքով՝ առավոտյան հավաքվել են զորամասի բակում, նստել 3 ավտոբուսների մեջ եւ ճանապարհ ընկել։ Ավտոբուսների առջեւից գնացել է հրամանատար Արսեն Աբգարյանի մեքենան, եղել է նաեւ ուղեկցող մեքենա, որին ինքը «Կիրի հանք» կոչվող տարածքի մոտակայքում է տեսել։  Հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սամսոն Գալստյանը Երբ տուժողը մատնանշեց «Կիրի հանք» տեղանունը, հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հարցրեց՝ դրա հետ կապված մարտական կոնկրետ առաջադրանք, այդ տեղանքում կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություն կամ քննարկում եղե՞լ է։ Տուժողը բացասական պատասխան տվեց։ Մեղադրողը մի քանի անգամ վերաձեւակերպեց իր հարցը, տուժողի պատասխանը, սակայն, չփոխվեց։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել է, որ հրամանատար Արսեն Աբգարյանը իր անձնակազմով բնագիծ զբաղեցնի Արցախի Կովսական քաղաքի մերձակայքում գտնվող «Կիրի հանք» կոչվող տարածքում։ Անձնակազմը, սակայն, «Կիրի հանք» հասնելու նպատակով Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: Հարցաքննության ընթացքում տուժողն ասաց, որ ճանապարհին՝ մինչեւ «Կիրի հանք» հասնելը, ոստիկաններ նկատել է, սակայն նրանք իրենց չեն կանգնեցրել, որեւէ գործողություն չեն արել։ Ճանապարհին տեղանքի հետ կապված ճշգրտողական գործողություններ էլ ինքը չի նկատել ո՛չ համածառայակիցներից, ո՛չ սպաներից։  Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին, թե իրենց ավտոբուսները ինչու հենց քաղաքի սկզբնամասում կանգնեցին, տուժողը չկարողացավ հստակ պատասխանել, ասաց՝ ինքը երրորդ ավտոբուսում է եղել, եւ երբ իրենք հասել են, մյուս երկու ավտոբուսները արդեն այդտեղ կայանած են եղել, ինքն էլ ենթադրել է՝ եթե իջնում են, ուրեմն՝ հասել են։ Ըստ նրա՝ ավտոբուսներից իջնելիս իրավիճակը հանգիստ է եղել․ «Ավտոբուսներից իջնելու պահին, երբ շրջվել ենք դեպի Կապանի կողմ, արդեն տեսանք, որ բլուրի վրա դիրքավորված են, տղաները նկատեցին, որ շուն կա բլուրի վրա, որ շանը իջեցրին, խուճապը գնաց, որ մարդ կա վերեւը․․․ Ու էդ պահից սկսվել է իրենց շարժը․․․ Արսեն Աբգարյանն ասաց՝ թաքնվեք, ու էդ պահին ինքը շոշով վազում էր, դրանից հետո էլ ոչ մեկին չեմ տեսել․․․ էդտեղ թաքնվել ենք, որս որտեղ հասել է, դիրքավորվել է, կրակոցները սկսվել են»,- պատմեց Անդրեասյանը՝ հավելելով, որ իրենց ավտոբուսները դրանից հետո հեռացել են․ ուր՝ ինքը չգիտեր։ Թե մոտավորապես ինչ քանակությամբ է եղել հակառակորդը, տուժողը չկարողացավ ասել, նշեց միայն՝ մարտը տեւել է մոտ 30 րոպե։ Ըստ տուժողի՝ եթե «Կիրի հանք»-ի տեղանքում իջնեին ավտոբուսներից, հնարավոր էր ինչ-որ բան փոխել   Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հարցեր ուղղեց տուժողին․ - Աբգարյանը թաքնվելուց բացի այլ հրաման տվե՞լ է։ - Չեմ տեսել, կարողա առանձին ինչ–որ տեղ․․․ Ասաց՝ դիրքավորվեք, թաքնվեք․․․ - Դիրքավորվելն ի՞նչ է նշանակում եւ ինչո՞վ է տարբերվում թաքնվելուց։ - Դե էդ պահին դիրքավորվել էլի, նույն բանն է, ի՞նչ տարբերություն, թաքնվում ես, որ քո գործողությունն անես։ - Իսկ ասե՞լ է անցեք պաշտպանության։ - Կարողա մի քիչ էն կողմ, կոնկրետ իմ հատվածի վրա ես չեմ լսել։ - Ձեր նախաքննական ցուցմունքը Ձեր ձեռքո՞վ եք գրել։ - Տպել են։ - Տպելուց հետո ընթերցե՞լ եք։ -Այո։ - Աբգարյանը հրաման տվե՞լ է փախչելու, նահանջելու, զենքերը վայր դնելու, դիրքը թողնելու,- հարցրեց պաշտպանը։ - Ինձ՝ չէ,- պատասխանեց տուժողը։ Լուսանկարում՝ ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Վահան Հովհաննիսյանը Վահան Հովհաննիսյանը հարցրեց՝ տուժողը առհասարակ տեղյա՞կ է, թե ինչ քրեական գործով է եկել հարցաքննության։ Վերջինս բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ չի հետաքրքրվել։ Պաշտպանը ասաց՝ ոչ իրավաբանորեն կներկայացնի, որպեսզի եւս մեկ հարցադրում անի․  - Եկել եք էն գործով, որ օրինակ, Աբգարյանին մեղադրանք է ներկայացվել, որ իր անփույթ գործողությունների հետեւանքով Դուք գերի եք ընկել։ Հիմա հարցս․ ըստ Ձեզ՝ էդ իրավիճակում Արսեն Աբգարյանը կարո՞ղ էր ինչ–որ բան անել իրավիճակը փրկելու համար, որ չի արել,- հարցրեց Հովհաննիսյանը։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ իրենց երթուղին եւ վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու եւ այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու փոխարեն Արսեն Աբգարյանն անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել մարտական կանոնադրության մի շարք պահանջներ, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում, ընդունված որոշման հաստատակամ կենսագործման ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել, ինչի հետեւանքով ուղեկցողներ Համբարձում Փարամազյանը եւ Արման Նուրիջանյանը ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու հանգամանքը։  - Չեմ կարող ասել, այ, եթե «Կիրի հանք»-ում իջնեինք, կարողա ինչ–որ բան փոխվեր,- պատասխանեց տուժողը։ - Չէ, չեք իջել, էս իրավիճակում։ - Էս իրավիճակում՝ ինձ թվում է՝ չէ, որովհետեւ շրջափակված էինք․ համ գյուղի մեջ լիքը մարդ կար, համ գյուղի դեմից, համ վերեւից գալիս էին մեր կողմ,- պատասխանեց տուժողը։ Տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան Պաշտպան Վահան Հովհաննիսյանն ու հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հայտարարեցին, որ տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում հակասություններ կան, ուստի միջնորդեցին հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքից համապատասխան հատվածները։ Լսելով կողմերին՝ դատարանը բավարարեց միջնորդությունը։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Նախաքննական ցուցմունքը տուժողը տվել է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին։ Դրանում նա, մասնավորապես, ասել է․ «Զորամասից մենք մեկնել ենք 3 դեղին ավտոբուսներով, մոտ 60 անձնակազմով, մեր խմբի ղեկավարը հանդիսացել է Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, ավտոբուսների դիմացով երթեւեկել է Միցուբիշի մակնիշի ավտոմեքենա, որն ուղեկցել է մեզ, եւ ցույց տվել ճանապարհը, այդ մեքենայի վարորդը Արման անունով տղա էր։ Ըստ իմ տեղեկությունների՝ մենք պետք է գնայինք «Կիրի հանք»-ի մոտ, սակայն չգիտեմ ինչպես է ստացվել, որ «Կիրի հանք»-ի մոտ չենք կանգնել ու անցել ենք այն՝ մտնելով գյուղի մոտ։ Հասնելով Զանգելանի շրջանի գյուղ, որի անունը չեմ հիշում՝ մեքենաներից իջել ենք՝ դիմացը նկատելով հակառակորդի զորքի մեծ քանակությամբ անձնակազմ, ովքեր, մեզ տեսնելով, սկսել են կրակ արձակել մեր ուղղությամբ․․․ Կրակոցների ընթացքում Աբգարյանը մեզ հրաման տվեց դիրքավորվել եւ անցնել պաշտպանության, միաժամանակ ասաց, որ թաքնվենք անտառում կամ թմբերի տակ»։ Ցուցմունքի հրապարակումից հետո մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հարցրեց՝ ճի՞շտ է հրապարակվածը, նախքան ստորագրելը ինքն այն ընթերցե՞լ էր, ինչին տուժողը դրական պատասխանեց՝ պնդելով նախաքննության ժամանակ իր հայտնած տեղեկությունները, հավելեց՝ հիշողության հետ կապված խնդիրներ է ունենում, ամեն ինչ ամեն պահի չի հիշում։ Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ կատարված իրադարձություններից հետո ինքն ի վերջո ի՞նչ հետեւության է հանգել, ինչին ի պատասխան տուժողն ասաց, որ ինքը հետեւություն չունի։ Ըստ տուժողի՝ հարձակումից հետո ինչ-որ մեկը հայերենով ասել է․ «Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք», ապա սկսել է խոսել ադրբեջաներեն Շարունակելով իր ցուցմունքը՝ Արտակ Անդրեասյանը պատմեց, որ հարձակումից հետո, երբ տեսել են, որ BMP-ն է իրենց մոտենում, ինքն ու մեկ համածառայակից գնացել են գյուղի 2-րդ փողոցի կողմ․ «2-րդ փողոցից 2 հոգով մտել ենք մի հատ փոքր շինության մեջ, որովհետեւ դիմացից մարդ էր գալիս, եկել, հարձակվել են մեր վրա, 3 հատ գրանատ են գցել, էդտեղ ստացել ենք վիրավորում»։ Լուսանկարում՝ ձախից՝ պաշտպան Ամրամ Մակինյանը, մեղադրյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Գոռ Սաղոյանը - Դուք նռնակ երբեւէ տեսե՞լ եք,- հարցրեց Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ - Այո։ - Նետե՞լ եք։ - Չէ, զորամասում ուսումնական է եղել։ - Ձեր կարծիքով՝ ի՞նչ հեռավորությունից է հնարավոր գցել, որ հասնի նշանակակետին։ - Մոտիկ պատուհանից գցել են ներս։ - 3 նռնա՞կ։ - Այո, 3 տարբեր պահերի։ - Շինությունը ի՞նչ չափերի էր։ - Մոտ 1–ը 3–ի վրա։ - 1-ը 3-ի վրա տարածությունը Դուք պատկերացնո՞ւմ եք։ - Պատկերացնում եմ։ - Իսկ որ նռնակը գցեն 1-ը 3-ի վրա տարածքի մեջ, Ձեր կարծիքով ի՞նչ հետեւանք կարող էր լինել։ - Իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Աստված կարող է մարդուն նենց պահել, որ․․․ Ամենաուժեղ զենքն էլ իրեն պահի․․․- պատասխանեց տուժողը։ Դրանից հետո, ըստ նրա, իր համածառայակիցը փորձել է դուրս գալ, պանելների արանքով հեռանալ, սակայն նկատվել է թշնամու կողմից եւ սպանվել։ Ինքը տեղափոխվել է, գնացել 2-րդ եւ 3-րդ փողոցների արանքը․ «Մոշերի մեջ դիրքավորված եմ եղել, վիրավոր եմ եղել, լսել եմ, որ վիլիս է մոտենում, դրա միջից ոնց որ մարդ իջավ, թե չիջավ, չտեսա, լսեցի, որ դուռը բացվեց, մարդ մոտիկացավ, հայերեն խոսում էր, բայց չէի հասկանում, հետո լսում  էի, որ ասում էր՝ Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք, դրանից հետո սկսում են Ադրբեջանի լեզվով խոսել, հետո վիլիսը շարժվում, գնում է»։ Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվեց՝ այդ ձայնը իր համածառայակիցներից կամ սպաներից որեւէ մեկի ձայնին ինքը նմանեցրե՞լ է, ինչին տուժողը բացասական պատասխանեց։  Անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրն էլ՝ Անահիտ Ադոյանը, ասաց․  - Այսինքն՝ դու քո թաքնված տեղից հասկացել ես, որ տղերքին փուռն են տվել, պատրաստակամ տարել հանձնել են։ - էդ ա դուրս գալիս,- պատասխանեց տուժողը։ - Դուրս չի գալիս, տենց ա,- ասաց Ադոյանը։ Տուժողը 20 օր միայնակ թաքնվել է, ապա՝ հայտնաբերվել եւ գերեվարվել Անդրեասյանը պատմեց, որ այդ դեպքից հետո եւս 3 օր ինքը միայնակ մնացել է փողոցին մոտ՝ մոշերի մեջ թաքնված, ապա 17 օր՝ գյուղի մեջ, որից հետո հայտնաբերվել է տներից մեկում ու գերեվարվել․  «Անընդհատ նայել եմ չորս բոլորս, եղել է պահ, որ ուզել եմ դուրս գալ, ու ինչ–որ բան չի թողել էդ ճանապարհը շարունակել, գիշերը էդտեղ սկսել են կրակոցներ․․․ Ու եղել է մի պահ, որ մեր տղաներից ահագին մարդու հանել, տարել են, մեքենա մոտեցավ, մի հոգի դուրս եկավ, հայերենով ասաց՝ տղե՛րք, դուրս եկեք՝ հանձնվենք, Կարմիր Խաչը մեզ հետ կտանի, մի քանի անգամ կրկնեց, ահագին մարդ դուրս եկավ, մի մեքենա մոտեցավ՝ «Կամազ» կամ «Ուրալ», մեծ մեքենա, ու իրենց շարժից ես հասկանում էի, որ իրենց մտցնում են էդ մեքենայի մեջ, ու էդ տղաներին տարել են»։ Անահիտ Ադոյանը հետաքրքրվեց՝ այդ խոսող մարդը հա՞յ էր թե՞ ադրբեջանցի, սակայն տուժողը չգիտեր, ասաց՝ ոչ մեկին չի նմանեցրել նրա ձայնը։ Անդրեասյանը, թեեւ ունեցել է ջոկի հրամանատար, սակայն նրա անունը չհիշեց, ասաց՝ ինքը միայն Արսեն Աբգարյանին է տեսել ու նրա հրամանները լսել։ Անահիտ Ադոյանը փորձեց նաեւ հասկանալ, թե տուժողն ինչպես է առանց իր ջոկի հրամանատարի գործել․ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները - Դու առանց ջոկի հրամանատար ո՞ւր էիր գնում, բա չասացի՞ր՝ իմ հրամանատարն ուր է։ - Դե ջոկի կեսը մեր հետ է եղել, կեսը՝ չէ։ - Բայց դու ասում ես՝ քո ջոկի հրամանատարը ձեզ հետ եկել է։ - Հա, ես իրեն չեմ տեսել էդ պահին, կամանդիրներից մենակ Արսենին եմ տեսել։ - Հիմա ո՞ւր է քո ջոկի հրամանատարը՝ փախած, հրաշքով փրկված դասալիքների մե՞ջ է, թե՞ անհետ կորած է թե՞ զոհված։ - Չեմ հետաքրքրվել։ - Բա դու ինչո՞վ ես հետաքրքրվել։ - Ինձ ընդհանրապես հետաքրքրիր չէ էդ ամենը։ - Բա դու գիտե՞ս, որ քո ապրելն էլ մեզ հետաքրքիր չէ,- բղավեց տուժողի իրավահաջորդը։  Դահլիճում իրավիճակը լարվեց, նիստն ընդմիջվեց։ Ավելի ուշ տուժողին հարցեր հղեց նաեւ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հետաքրքրվելով, թե նա ռադիոկապի մասին պատկերացում ունի՞, «Կամո՛, Կամո՛» ասողը ի՞նչ հեռավորության վրա կարող էր խոսել։ Տուժողը, սակայն, չկարողացավ պատասխանել, ասաց՝ ռադիոկապից երբեւէ չի օգտվել: Նա չկարողացավ նաեւ հստակեցնել, թե արձակելով մենահատ կրակոցներ եւ կրակահերթեր՝ իր ինքնաձիգի 4 պահեստատուփերը ինչ ժամանակում է սպառել։ Պաշտպանական կողմը կասկած հայտնեց տուժողի որոշ խոսքերի առնչությամբ, միաժամանակ նիստի վերջում հետաքրքրվեց՝ նա որեւէ մեկից բողոք, դժգոհություն կամ պահանջ ունի՞։ - Չէ, ես բոլորին էլ ասել եմ՝ Աստծո կողմից են դատաստան ստանալու, ով էդ պահին կարող էր մեզ օգնել, բայց չի օգնել, ով ուզում է՝ լինի,- պատասխանեց Արտակ Անդրեասյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին։   Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Սարգիս Դադոյանը, տուժող Արտակ Անդրեասյանը Միլենա Խաչիկյան
18:20 - 13 սեպտեմբերի, 2023
Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և խուլիգանություն կատարելու համար

Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և խուլիգանություն կատարելու համար

2023թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը՝ 19:30-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Երևան քաղաքի Վարդանանց փողոցից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների կողմից ձերբակալվել է Գարիկ Գալեյանը (44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը-խմբ.)։ Վերջինս իր կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։  Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել է Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2022թ. հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, զոհված զինծառայողների ծնողների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ Երևանի 48-ամյա բնակիչ Գ.Գալեյանը, եղբոր և մի խումբ անձանց հետ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, օգտագործելով այն առիթը, որ վավերագրական ֆիլմի նկարահանումների իրականացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց գտնվող Դ.Ս.-ն չի կատարում նկարահանումները դադարեցնելու իր պահանջները, նրան ցուցարարների, լրագրողների, ոստիկանների մոտ ստորացնելու նպատակով, իր ձեռքում գտնվող շշի պարունակությունը ցուցադրաբար լցրել է վերջինիս գլխին: Այնուհետև իր եղբոր և մի շարք անձանց հետ հայհոյանքներ և այլ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ հարձակվել են Դ. Ս.-ի վրա, պատռել նրա վերնաշապիկը, բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Նշված հանցավոր արարքները կատարելու համար Գ. Գալեյանին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ Միացված վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023թ. սեպտեմբերի 8-ին Գ. Գալեյանին նոր մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 393-րդ հոդվածի 1-ին մասով։   Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա խախտել է ազատության մեջ մնալու պայմանը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    
17:35 - 08 սեպտեմբերի, 2023
Փաստաբանը հայտնել է, թե ինչի համար է մեղադրանք առաջադրվել Գարիկ Գալեյանին |tert.am|

Փաստաբանը հայտնել է, թե ինչի համար է մեղադրանք առաջադրվել Գարիկ Գալեյանին |tert.am|

tert.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ձերբակալել են երկու արարքի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Նա հստակացրեց, որ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար։   «Խուլիգանություն, որն արտահայտվել է նրանով, որ անցյալ տարի Գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողներն իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, և Գարիկ Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին: Այդ արարքը որակվել է որպես խմբով խուլիգանության կատարում, ընդ որում՝ ինձ համար պարզ չէ, թե խմբի մյուս անդամը ով է, հավանաբար, շիշը, քանի որ մեղադրանքից պարզ չի դառնում»,- ներկայացրեց փաստաբանը։   Գալեյանի պաշտպանը հարց բարձրացրեց, թե Ալեն Սիմոնյանի թքելը խուլիգանություն չէ՞ր, Գարիկ Գալեյանի ջուր լցնելը խուլիգանությո՞ւն է։ Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Գալեյանին մեղադրանք են առաջադրել թմրամիջոց պահելու համար։ Նա նշեց, որ իր պաշտպանյալը ներկայացված մեղադրանքը չի ընդունում և համարում է քաղաքական հետապնդում։ Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանն այսօր ձերբակալվել է։ ՔԿ մամուլի խոսնակը հաստատել էր տեղեկությունը, սակայն հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ չէին հայտնել՝ խոստանալով ավելի ուշ հաղորդագրություն տարածել։
14:28 - 08 սեպտեմբերի, 2023
Բռնի անհետացումների հարցն ամենածանր և երկարատև խնդիրներից է թե՛ հակամարտությունների ժամանակ և թե՛ դրանից հետո. ԱԳՆ

Բռնի անհետացումների հարցն ամենածանր և երկարատև խնդիրներից է թե՛ հակամարտությունների ժամանակ և թե՛ դրանից հետո. ԱԳՆ

13 տարի առաջ՝ 2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թիվ 65/209 բանաձևով սահմանեց բռնի անհետացումների զոհերի օրը՝ մտահոգություն հայտնելով «աշխարհի տարբեր հատվածներում բռնի կամ հարկադիր անհետացումների աճով, ներառյալ ձերբակալությունները, կալանավորումներն ու մարդկանց առևանգումները»: Կարևորելով պայքարը բռնի անհետացումների դեմ, այդ թվում՝ այս հանցագործության կանխարգելումն ու անպատժելիության դեմ պայքարը, Հայաստանը ստորագրել և վավերացրել է Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան:  Կոնվենցիան, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում միջազգային այլ հիմնարար փաստաթղթերը վերահաստատում են յուրաքանչյուր մարդու բռնությամբ անհետացման չենթարկվելու և տուժողների անհետաձգելի, արդար և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքը:  Բռնի անհետացումների հարցն ամենածանր և երկարատև խնդիրներից է թե՛ հակամարտությունների ժամանակ և թե՛ դրանից հետո: Այդ ողջ ընթացքում անհետ կորածների ընտանիքները շարունակում են սպասել, փնտրել և հավատալ իրենց հարազատների վերադարձին: Ցավալիորեն, այս խնդրից անմասն չի մնացել նաև հայ հասարակությունը։ 2020 թ. ադրբեջանական ագրեսիայի արդյունքում դեռևս նախորդ դարի 90-ականների հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացումների դեպքերին ավելացան նաև նորերը, երբ անգամ փաստագրված և տեսագրված ապացույցների պարագայում հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում։  Մտահոգված լինելով 44-օրյա պատերազմի ընթացքում հարյուրավոր անհայտ կորածների ճակատագրով՝ Հայաստանն ուշադրություն է հրավիրում նաև այն դեպքերի վրա, երբ ներկայացվել են բռնի անհետացումներն ապացուցող բազմաթիվ տեսանյութեր և վկայություններ, սակայն Ադրբեջանի կողմից վերոհիշյալ անձանց ճակատագրի և գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն մինչ օրս չի հայտնվել: Այս համատեքստում Հայաստանը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը միջազգային դատական ատյաններին խնդիրը ներկայացնելու համար, այդ թվում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնի անհետացումները որոշակի հանգամանքներում նաև միջազգային իրավունքով սահմանված մարդկության դեմ գործած հանցագործություն են: Բռնի անհետացումների միջազգային օրվա խորհուրդներից մեկը բոլոր պետություններին հիշեցումն է այն մասին, որ պետք է հարգվի ընտանիքների իրավունքը՝ իմանալ ճշմարտությունն իրենց հարազատների ճակատագրի մասին:  Օգոստոսի 30-ն այն օրն է, երբ մենք ոչ միայն անդրադառնում ենք բռնի անհետացումների դեպքերին, այլև վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտները՝ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար:
16:44 - 30 օգոստոսի, 2023
44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որ ենթակա անձնակազմը հրաժարվի զենքով գործելուց․ ՔԿ

44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որ ենթակա անձնակազմը հրաժարվի զենքով գործելուց․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որպեսզի ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց։ «Պարզվել է, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսներից մեկի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ բարձրաստիճան սպան, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի, այլ ղեկավար նորմատիվ ակտերի դրույթների համաձայն հանդիսանալով պետ ենթակա անձնակազմի համար, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ունենալով հրամաններ, կարգադրություններ տալու և դրանց կատարումն ապահովելու իրավասություն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ առանձնապես ծանր հանցանք կատարելու մասին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով փոխգնդապետ բարձրաստիճան սպայի հետ։ Համաձայնությունը կայացել է նրանում, որպեսզի դիտավորությամբ պայմաններ ստեղծեն, որ ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց: Փոխլրացնելով միմյանց գործողությունները, գործելով խմբի կազմում՝ վերջիններս 2020թ. հոկտեմբերի 19-ին զորամասի շտաբում ենթակա երկու ստորաբաժանումների հրամանատարներին հրաման են տվել խուճապ տարածել զորամասի զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ զորամասի զինծառայողները հրաժարվեն զենքով գործելուց։ Սակայն բարձրաստիճան սպաների կամքից անկախ հանգամանքներում դա տեղի չի ունեցել, քանի որ ենթակա ստորաբաժանումների հրամանատարները, հասկանալով տրված հրամանի ապօրինի լինելը, այդ մասին ենթակա զինծառայողներից որևէ մեկին չեն հայտնել: ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ և N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով փոխգնդապետ բարձրաստիճան սպաներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-380-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 43-546-րդ հոդվածի 2-րդ մասին): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Հայտարարվել է նախաքննության ավարտ, վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:48 - 30 օգոստոսի, 2023