Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Ամփոփվել են Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները

Ամփոփվել են Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները

Հունիսի 27-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Հայկական կողմից նիստը համանախագահել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վրացական կողմից` Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին: Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին նիստի կազմակերպման, բովանդակալից քննարկումների և արդյունավետ աշխատանքի համար` փոխվարչապետ Ավինյանը նշել է, որ կարևոր այս միջոցառումը սահմանել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հիմնական ուղենիշները՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ուժերով կողմերը կկարողանան այս գործընթացին հաղորդել հետևողական և համակարգված բնույթ։ Տիգրան Ավինյանն ընդգծել է փոխվստահության մթնոլորտը, որը տիրում էր նիստի աշխատանքների ողջ ընթացքում՝ նշելով, որ հանձնաժողովի անդամների և փորձագետների միջև ձևավորված փոխհարաբերությունների այսպիսի բնույթը ևս նպաստում է ցանկացած հարցերի ու խնդիրների վերաբերյալ համաձայնեցված դիրքորոշումների՝ առավել արագ և արդյունավետ մշակմանը։ Միաժամանակ, նա ավելացրել է, որ շատ կարևոր է պահպանել այս տեմպը և առաջ շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունների արագ կյանքի կոչման ուղղությամբ, ինչին բնականաբար սպասում են հայ և վրաց ժողովուրդները: Նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար և բազմաթիվ այլ ոլորտներին վերաբերող հարցեր։ Նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության ստորագրման արարողությունը: Արձանագրության մեջ արտացոլված են երկու կառավարությունների այն հիմնական անելիքները, որոնք անհրաժեշտ հիմք կհանդիսանան երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։
16:04 - 27 հունիսի, 2019
Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա. Ավինյան |shantnews.am|

Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա. Ավինյան |shantnews.am|

shantnews.am։ Վրաստանի Հանրապետության փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Այսօր մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ հանձնաժողովի աշխատանքները երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության զարգացման համատեղ ջանքերի հերթական ապացույցն են:«Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, և մեր երկու երկրների վարչապետների հստակ հանձնարարականն է նաև տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունը հասցնել երկու հարևան և բարեկամ երկրներին հարիր մակարդակի: Այսօր գոհունակությամբ կարող ենք նշել, որ երկարատև ընդմիջումից հետո համատեղ ջանքերով կարողացանք վերսկսել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները»,- ասաց Ավինյանը: ՀՀ փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը կդառնա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծման արդյունավետ ձևաչափ:«Այսօր մեր հանձնաժողովի աշխատանքների հիմնական նպատակն է՝ մեր երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու համագործակցության նոր ուղղությունների մշակումը, ինչպես նաև երկկողմ հումանիտար կապերի ամրապնդումը»,- ասաց Ավինյանը:Բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, մշակույթ, կրթություն և առողջապահություն. Ավինյանը վստահություն հայտնեց, որ այս ուղղություններով համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն:
09:33 - 27 հունիսի, 2019
Հասնելու ենք այն ցուցանիշին, որ տարվա ավարտին ՀՀ-ում 330 կիլոմետր ճանապարհ վերանորոգվի. Տիգրան Ավինյան |tert.am|

Հասնելու ենք այն ցուցանիշին, որ տարվա ավարտին ՀՀ-ում 330 կիլոմետր ճանապարհ վերանորոգվի. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է կատարել վերաբաշխում 3 միլիարդ 284.9 միլիոն դրամի չափով՝ ՀՀ կառավարությունից ուղղելով նախարարությանը: Նախարարը նշեց, որ այդ գումարից 3,258.0 մլրդ դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար է, իսկ 26.88 մլն դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար: Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 32.5 կմ ավտոճանապարհ: Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ առաջարկվում է շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը (ՀԲՄ), տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ գնանշման հարցումը (ԳՀ), հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը (ՄԱ), իսկ նախագծային աշխատանքների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը (ՄԱ): Տիգրան Ավինյանն աաց, որ հասնելու են այն ցուցանիշին, որ տարվա ավարտին 330 կիլոմետր միջպետական, հանրապետական և միջհամայնքային ճանապարհ ՀՀ-ում վերանորոգվի:
11:21 - 20 հունիսի, 2019
Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբին

Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբին

Հունիսի 11-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն իրականացնող խմբին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Միջազգային տարբեր հեղինակավոր գիտակրթական հաստատությունների փորձագետները ներկայացրել են Հայաստանի կրթական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում իրականացված իրենց հետազոտությունների արդյունքները: ՀՀ կառավարության ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրվել հայկական ընկերությունների մրցունակության աճի, կրթություն-բիզնես կապի ամրապնդման, մասնագիտական կողմնորոշման հարցում միջնակարգ կրթության դերակատարության բարձրացման, թվային ուսուցման զարգացման և մի շարք այլ ուղղություններով հետազոտական խմբի առաջարկությունների վրա: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ իրականացված աշխատանքը` ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին, ինչի համար հատկապես կարևոր է կիրառական գիտությունների ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործումը ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ պետական կառավարման համակարգում: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` ուղղված կրթության, գիտության և տնտեսության ոլորտների փոխկապակցվածության զարգացմանը, ինչպիսին է, մասնավորապես, «Աշխատիր Հայաստան»-ը, ուստի՝ փորձագիտական խմբի եզրակացությունները կարող են օգտակար լինել այդ ծրագրերը կատարելագործելու առումով: Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված քայլերի շուրջ: Մասնակցիներն անդրադարձել են միջազգային լավագույն փորձի և Հայաստանի հնարավորությունների համադրմանը, ինչը կարող է ծառայել երկրի տնտեսական և գիտակրթական կարողությունների մեծացմանը:
12:00 - 12 հունիսի, 2019
Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել համահայկական յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել համահայկական յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել համահայկական յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեինախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները` նշելով, որ այս պահի դրությամբ աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով: Ֆեդերացիաների ներկայացուցիչները տրամադրել են տեղեկատվություն իրենց մարզաձևերի մասով կատարվող միջոցառումների մասին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա կազմակերպչական հարցերին լուծումներ գտնելու շուրջ: Փոխվարչապետը տվել է ցուցումներ խաղերը պատշաճ անցկացնելու նպատակով պետական մարմինների, մարզական ֆեդերացիաների և ՏԻՄ-երի համակարգված աշխատանքի վերաբերյալ: Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
06:15 - 12 հունիսի, 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին

Հունիսի 8-ին Դիլիջանում տեղի ունեցող «Մտքերի գագաթնաժողով»-ին մասնակցող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի էմիրության էկո-քաղաք «Մասդար Սիթիի» գործադիր տնօրեն Յուսեֆ Ահմեդ Բասելայբի հետ:Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և վերամշակվող էներգետիկայի ոլորտներում համագործակցություն զարգացնելու հնարավորությունները:Յ. Բասելայբը ՀՀ փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանում վերոնշյալ ոււղղություններով նախագծեր իրականացնելու մտադրության մասին:Տիգրան Ավինյանը, մասնավորապես, նշել է, որ կառավարությունը նպատակ ունի ավելացնելու վերամշակվող էներգետիկայի չափաբաժինը և պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերելու այդ ուղղությամբ օտարերկրյա ներդրումների իրականացմանը:ՀՀ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական THALES տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Ռեմի Փոլի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընկերության կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցերին:
13:09 - 08 հունիսի, 2019
Հանքերի իրական սեփականատերերը կարող են և չբացահայտվել |civilnet.am|

Հանքերի իրական սեփականատերերը կարող են և չբացահայտվել |civilnet.am|

civilnet.am: Փետրվարի 21-ին մեծ շուքով ազդարարվեց, որ Հայաստանում բացահայտվելու են հանքերի իրական սեփականատերերը։ Սակայն խորհրդարանի ընդունած օրենքը պարունակում է դրույթ, որը թույլ կտա հանքարդյունաբերող ընկերություններին խուսափել այս պահանջից։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթին մեկնաբանություն է տվել Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։Հանքերի իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը սկսվել էր 2017-ից, երբ Հայաստանը դարձավ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ։ ԱՃԹՆ ստանդարտը պահանջում էր, որ նախաձեռնությանը մասնակից երկրները հրապարակեն հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեեստր։ Այս տարվա փետրվարի 21-ին կառավարությունն ընդունեց օրենքի նախագծերի փաթեթ, որը ապրիլին սկսեց քննարկվել խորհրդարանում։Արդեն իսկ խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն՝ իրական սեփականատերեր են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք տիրապետում են իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսին։ Այլ կերպ ասած՝ հանքարդյունաբերական ընկերությունում մինչև 10 տոկոս բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիակական անձը ազատվում է այդ բաժնեմասի իրական սեփականատիրոջը բացահայտելու պարտադրանքից։ Սա էլ իր հերթին կարող է հնարավորություն տալ հանքարդյունաբերական ընկերությունում 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձին «մասնատել» բաժնեմասերը այնպես, որ դրանք ստացվեն 10 տոկոսից ցածր ու չվերաբերեն իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտությանը։Խորհրդարանում քննարկումների ժամանակ, սակայն, պատգամավորները այդ հարցով հիմնական զեկուցող, էներգետիկայի և բնական պաշարների արդեն նախկին նախարար Գարեգին Բաղրամյանից չհետաքրքրվեցին՝ ինչու է սահմանվել բաժնեմասերի նման սահմանաչափ։ Իսկ կառավարությունում այս հարցով քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ փորձեց հավաստիանալ, որ հանքերի իրական սեփականատերերի մասին ինֆորմացիան ամբողջական ու մատչելի է լինելու։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց՝ հանքերի իրական սեփականատերերի շղթան բացվելու է մինչև վերջին շահառու ֆիզիկական անձը։Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սիվիլնեթի հետ զրույցում, պատախանելով հարցին, թե ինչու է որոշվել իրական սեփականատիրոջ բացահայտման դրույթը սահմանել ընկերությունում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, ասաց, որ օրենքի բոլոր դետալներին չի տիրապետում։«Առհասարակ որևէ օրենքում սողանցքներ միշտ կարելի է գտնել։ Կարելի է ճիշտ կամ սխալ մեկնաբանել օրենքը, ու առաջ է գալիս օրենքի՝ իրական կյանքում կիրառելիության հարցը»,- նշեց Ավինյանը։ Նրա խոսքով՝ հնարավոր է այնպիսի ընթացակարգ սահմանել, որը շատ ու շատ կբարդացնի հանքերի իրական սեփականատերերին թաքցնելը։Շարունակությունը՝ civilnet.am
07:57 - 07 հունիսի, 2019
Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրենի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Մերսի Թեմբոնին և նոր տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:ՀՀ փոխվարչապետը բարձր է գնահատել տիկին Թեմբոնի ջանքերը Հայաստանի և ՀԲ-ի միջև համագործակցության զարգացման գործում՝ հաջողություն մաղթելով նրան իր հետագա առաքելության մեջ: Փոխվարչապետը շեշտել է, որ Համաշխարհային բանկը Հայաստանի ամենակարևոր զարգացման գործընկերներից մեկն է, որի հետ համագործակցությունը ծավալվում է այնպիսի առանցքային ոլորտային ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածնքները, կրթության, առողջապահության, սոցիալական և հարկային վարչարարության ոլորտներում իրականացվող իրավական ու ինստիտուցիոնալ բարեփոխումները: Իր խոսքում տիկին Թեմբոն գոհունակություն է հայտնել Հայաստանում ՀԲ-ի իրականացրած ծրագրերի հաջող արդյունքների կապակցությամբ: Ընդգծելով, որ ՀԲ-ն գլոբալ նշանակության կառույց է՝ նա նշել է, որ իր հետագա գործունեության մեջ Հայաստանի հետ համագործակցությունից քաղած փորձը շատ օգտակար կարող է լինել:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՀԲ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: 2019-2023թթ. Հայաստանի համագործակցության շրջանակի իրականացման համատեքստում կողմերը շեշտել են, որ այն համատեղ աշխատելու լավ հիմք է, որի արդյունքները շատ շուտով արդեն տեսանելի կլինեն:Ընդգծվել է նաև, որ վարկավորումից զատ Համաշխարհային բանկը Հայաստանի բարեփոխումների օրակարգին կշարունակի աջակցել խորհրդատվական և գիտելիքային գործիքների միջոցով: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ջրային ռեսուրսների և հանրային ներդրումների կառավարման ոլորտում համագործակցության ասպեկտներին: Քննարկվել են նաև մի շարք գործող վարկային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը:
07:14 - 06 հունիսի, 2019
Կառավարությունում քննարկվել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ 2-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Կառավարությունում քննարկվել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ 2-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Մայիսի 31-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն ընդունել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ 2-ի շինարարական աշխատանքներն իրականացնող ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչներին: Քննարկման առանցքում է եղել կապալառու ընկերության՝ իսպանական «Կորսան Կորվիամ»-ի, կողմից ենթակապալառու ընկերությունների հանդեպ չիրականացված պարտավորությունների հետ կապված իրավիճակը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շեշտել է, որ հարցը առաջնային տեղ է զբաղեցնում «Կորսան Կորվիամ»-ի հետ Կառավարության վարած բանակցությունների օրակարգում: Ձեռք է բերվել համաձայնություն հետևյալի մասին՝ 1. Ենթակապալառու ընկերությունները կառավարության հետ երկխոսությունում խուսափելու են վերջնաժամկետների առաջ քաշումից և փողոցներ փակելու գործելաոճից, 2. Կառավարության կողմից 1.5 ամսվա ընթացքում ուսումնասիրվելու են խնդրի լուծման տարբերակները և աշխատանքներ են իրականացվելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով:
15:05 - 31 մայիսի, 2019
Ենթադրում ենք, որ շատ շուտով ևս մեկ խաղացող կմտնի բենզինի շուկա, որը կբերի որոշ ընկերությունների գերիշխող դիրքերի թուլացման․ Տ․ Ավինյան |tert.am|

Ենթադրում ենք, որ շատ շուտով ևս մեկ խաղացող կմտնի բենզինի շուկա, որը կբերի որոշ ընկերությունների գերիշխող դիրքերի թուլացման․ Տ․ Ավինյան |tert.am|

tert.am: Կառավարության կամ տարբեր գերատեսչական մարմինների կողմից ներկայացված տարբեր փաստեր չեն համապատասխանում իրար․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ Նա օրինակ բերեց բենզինի շուկան և ասաց, որ Կառավարության զեկույցում գրված էր, որ մոնոպոլիստական դիրքը 49%-ից 29%-ի է հասել է, իսկ ՊԵԿ-ի զեկույցում հակառակն է՝ տոկոսային մասնաբաժինը 52,6-ից 58,2 է դարձել։ Մյուս օրինակը վերաբերում էր դեմոգրաֆիկ վիճակին։ Նա ասաց, որ Կառավարության կողմից ներկայացվում է, թե դրական տեղաշարժ է եղել, որ ծնունդներն ավելի շատ են մահերից, մինչդեռ ԱՎԾ-ն ասում է, որ առաջին եռամսյակում բնակչության թիվը նվազել է 7200-ով։ «Առկա ինֆորմացիայից ո՞րն է ավելի վստահելի, ինչո՞ւ կա նման անհամապատասխանություն»,- հարցրեց նա։ Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նշեց, որ այս պահին կդժվարանա կոնկրետ հարցերին կոնկրետ պատասխանել, քանի որ ձեռքի տակ թվեր չունի, և համաձայնեց, որ վիճակագրության հավաքագրման հետ կապված խնդիր միանշանակ կա։  «Բայց դա նաև կապված է այն մեթոդաբանության հետ, որով հավաքվում է վիճակագրությունը»,-ասաց նա։ Տիգրան Ավինյանը բենզինի շուկայի վերաբերյալ ասաց, թե կարծում է, որ կառուցվածքային փոփոխություններ կլինեն մոտակա 6 ամսից մինչև մեկ տարվա ընթացքում։ «Ենթադրում ենք, որ շատ շուտով ևս մեկ խաղացող է մտնելու շուկա, որը կբերի որոշ ընկերությունների գերիշխող դիրքերի թուլացման»,- ասաց նա։
16:23 - 29 մայիսի, 2019
Տիգրան Ավինյանն ասել է, թե ինչու չի ընդունել ներդրողին |lragir.am|

Տիգրան Ավինյանն ասել է, թե ինչու չի ընդունել ներդրողին |lragir.am|

lragir.am: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ չի ընդունել խոշոր ներդրում անելու ցանկություն հայտնած ներդրողին: Տեղեկություններ կան, որ հոլանդացի գործարարը ցանկացել է 90 մլն դոլարի ներդրումներ կատարել քաղավիացիայի ոլորտում, փորձել է հանդիպել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հետ, սակայն մերժել են հանդիպումը: «Պետք է հասկանալ, ներդրողն ինչու է ուզում ինձ հետ հանդիպել: Եթե այդ հարցի պատասխանն ունենանք, կարող է շատ դեպքերում հասկանանք, որ ներդրողը այնքան էլ իրական ներդրող չէ: Այսինքն՝ եթե ուզում է հանդիպել փոխվարչապետի հետ, դա կարող է ունենալ մի քանի պատճառ: Ենթադրաբար ինչ-որ արտոնություններ է պահանջում, որպեսզի այդ ներդրումն իրականանա»,- ասաց Ավինյանը: Նա նշեց, որ դա նշանակում է առհասարակ ավիացիոն շուկան խեղաթյուրել ու որոշ ընկերության ինչ-որ արտոնություն տալ:«Ես չեմ կարծում, որ մենք մեկ ընկերությանը յուրահատուկ արտոնություն կարող ենք տալ և մնացածի գործառույթները խաթարենք: Մենք պետք է հավասար արտոնյալ պայմաններ ապահովենք բոլորի համար»,- նշեց Ավինյանը:Նա ասաց, որ իր դռները երբեք փակ չեն եղել, եթե իրական ներդրողներն ունեն որևէ խնդիր, իրենք միշտ կարող են հայտնվել փոխվարչապետի սենյակում:
09:24 - 28 մայիսի, 2019
Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում․ Տիգրան Ավինյան |news.am|

Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում․ Տիգրան Ավինյան |news.am|

news.am։ Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում, որովհետեւ տեսել եմ իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ հենց այդ հայտարարություններից միանգամից հետո: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ընդդեմ դատական համակարգի կազմակերպված հանրահավաքին, որտեղ կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին հանդես էր եկել բռնության կոչերով:«Ղալաթ էին անում: Այսինքն պետք է բանտարկվե՞ր, վճիռ է կայացվել դատարանի, որ անձը մեղավոր է, եւ պետք է դատապարտվի: Պետք է լինի համապատասխան քննություն, եւ այդ քննությունը ցույց կտա, թե արդյունքներն ինչ կլինի»,- ասաց Ավինյանը եւ ավելացրեց, որ ինքը դավադրությունների տեսություններին չի հավատում: Ավինյանը չի հավատում, որ այդ ակցիան գուցե հատուկ էր կազմակերպված. «Շատ դեպքերում, երբ մեզ թվում է, թե որեւէ պայմանավորվածություններ կան, կամ որեւէ ստվերային գործարքներ, շատ մեծ հավանականությամբ, դա ուղղակի որոշ մարդկանց ինքնագլուխ, չմտածված որոշումների հետեւանքներն են»:
08:59 - 28 մայիսի, 2019
Հայ-բրիտանական առևտրատնտեսական հարաբերությունը զարգացնելու ներուժ կա․ Ավինյանը՝ Փրիթչարդին

Հայ-բրիտանական առևտրատնտեսական հարաբերությունը զարգացնելու ներուժ կա․ Ավինյանը՝ Փրիթչարդին

Մայիսի 24-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Ողջունելով հանձնակատարին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-բրիտանական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Այս կապակցությամբ փոխվարչապետը նշել է, որ ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավումը, ինչպես նաև միջազգային ինտեգրացիոն խոշոր միավորների հետ հարաբերությունները լավ հնարավորություններ են ստեղծում նաև Մեծ Բրիտանիայից ներդրումների ծավալի ավելացման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Փրիթչարդը ներկայացրել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև տնտեսական կապերի խորացման նպատակով իրականացվող աշխատանքները: Զրուցակիցները բարձր են գնահատել Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը: Հայաստանի պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող բարեփոխումների համատեքստում զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկու երկրների միջև գործակցության հնարավորությունները: Մարկ Փրիթչարդի խնդրանքով փոխվարչապետ Ավինյանը ներկայացրել է ներառական տնտեսական աճի ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև թվայնացման, կրթություն-աշխատաշուկա կապի, պետական ծառայությունների և այլ ուղղություններով արդյունավետ համագործակցություն ծավալելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
07:31 - 25 մայիսի, 2019