Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարի այցը մեր երկիր, որը լավ հնարավորություն է հայ-շվեդական գործակցության հեռանկարները քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և թափանցիկության ապահովման ուղղությամբ անշրջելի են և նոր հնարավորություններ են բացում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Շվեդիայի հետ կապերը խորացնելու համար, որն օրինակելի փորձ է կուտակել այս ոլորտներում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի բարեփոխումների մեծ օրակարգ և պատրաստ է ընդլայնել գործակցությունը ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Փիթեր Էրիքսոնը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը քննարկելու առիթի համար: Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարը ողջունել է մեր երկրում կատարվող փոփոխությունները, որոնք իրականացվում են ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողման և շուկայական տնտեսության զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ Շվեդիան պատրաստ է խորացնել Հայաստանի հետ կապերը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով, այդ թվում նաև «Արևելյան գործընկերության» շրջանակում՝ որպես 10 տարի առաջ «Արևելյան գործընկերությունը» նախաձեռնած երկիր: Նիկոլ Փաշինյանը Փիթեր Էրիքսոնի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով, ներառյալ՝ շրջակա միջավայրի պահպանության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում գործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկուստեք միջգերատեսչական մակարդակով համատեղ աշխատել Փոխըմբռնման հուշագրի մշակման շուրջ, որում նախանշված կլինեն համագործակցության կոնկրետ ուղղությունները և ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովեին:
14:09 - 21 մարտի, 2019
Առաջարկվում է վարկ, օրինակ, 15 տոկոսով, իրականում, ստացվում է 24 տոկոս. Նիկոլ Փաշինյան

Առաջարկվում է վարկ, օրինակ, 15 տոկոսով, իրականում, ստացվում է 24 տոկոս. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ քննարկման ժամանակ հարց բարձրացրեց, որ քաղաքացիների կողմից բողոքները կրկնվում են, երբ առաջարկվում է վարկ, օրինակ, 15 տոկոսով, տեղում պահանջում են որոշակի ծառայությունների վճարներ և, իրականում, ստացվում է տոկոսը 24 է: «Ասում ենք, որ վարկի տոկոսը իջավ, սակայն քաղաքացիների հետ շփումից ստացվում է, որ ծառայությունների վճարների միջոցով իրական տոկոսները չենք կարողանում արձանագրենք: Վարկը ստանալու պահին քաղաքացին ի՞նչ ծախսեր պետք է անի և այս գործընթացը որքանո՞վ է օրինական և տրամաբանական», - ասաց վարչապետը: Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ խոսքը էֆեկտիվ տոկոսոադրույքի մասին է և ընդունված սպառողական կրեդիտավորման մասին օրենքով քաղաքացիների շահերը պաշտպանված են: «Մինչև տասը միլիոնանոց սպառողական վարկերի դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի վճարները ներառի տոկոսի մեջ և ընդգծված ձևով ներկայացվի իր տոկոսը որքան է, կառավարման վճարը, գնահատման վճարը մտցնի քաղաքացու տոկոսի մեջ, գումարը ֆիքսի, թե որքան է մարելու, որից հետո միայն քաղաքացին վարկը ստորագրում է», - ասաց նա: Վարչապետը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ տոկոսի մասին հայտարարությունները այդ հաշվառումով անել, որպեսզի իմանան՝ շուկայում ինչ է կատարվում:«Մտավախությունն այն է, որ թվերը իրականությունը չեն արտացոլում և կարող ենք սխալ եզրակացությունների գալ», - նշեց վարչապետը:Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ հայտարարված տոկոսադրույքները բացարձակապես համապատասխանում է իրականությանը։ «Ձեր ասած խնդիրը գուցե մանր սպառողական վարկերին է վերաբերում, բայց, կարծում եմ, որ շուկան կկարգավորի, ԿԲ-ն էլ բավարար գործիքակազմ ունի, որ զսպի», - ասաց փոխվարչապետը։«Իմ խնդիրն է հասկանալ ճշմարտությունը, որ հինգ հարյուր հազար վարկի դիմաց պահանջում են հիսուն հազար դրամ, ստացվում է վատ դրության մեջ ենք դնում գյուղացուն», - նշեց Փաշինյանը։ Ավելին՝ aysor.am-ում
09:02 - 21 մարտի, 2019
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և հավելել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը: Նշելով մեր երկրի համար համատեղ ծրագրերի կարևորությունը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել Գերմանական զարգացման բանկի հետ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նոր ծրագրերի քննարկումն ու իրականացումը: Գերմանական կողմի ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենց երկիրը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Օլաֆ Զիմելկան նշել է, որ Հայաստանը տարածաշրջանային համատեքստում գտնվում է շահեկանորեն բարձր դիրքերում և մեր երկիրն ունի բացառիկ հնարավորություններ՝ բարձր տեմպերով զարգանալու համար: KfW-ի տարածաշրջանային տնօրենն անդրադառնալով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, ողջունել է այն, որ ՀՀ կառավարության կողմից բնապահպանության ոլորտին տրվում է մեծ նշանակություն: Նա համոզմունք է հայտնել, որ այդ բնագավառում համատեղ ծրագրերը կնպաստեն ոլորտի շարունակական զարգացմանը: Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, ջրամբարաշինության, ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:
18:56 - 19 մարտի, 2019
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ով ժամեր առաջ հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը՝ մնալով միայն երկրի անվտանգության խորհրդի նախագահի և իշխող՝ Նուր Օթան կուսակցության ղեկավարի պաշտոններին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ղազախստանի առաջընթացի և զարգացման ապահովման գործում նախագահ Նազարբաևի անգերագնահատելի դերակատարումը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների կայացման գործում ունեցած նրա մեծ ավանդը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական գործակցությունը և նախագահ Նազարբաևի հետ ձևավորված անձնական հարաբերությունները: Նա հաջողություններ է մաղթել նախագահ Նազարբաևին իր հետագա գործունեության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Աստանայում՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում:
18:38 - 19 մարտի, 2019
Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն երեք նախագահներին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա. Ն․ Փաշինյան

Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն երեք նախագահներին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա. Ն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում անհրաժեշտություն լինելու դեպքում պատրաստ է խոսել ՀՀ երեք նախագահների հետ։ «Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա»,-մամուլիսի ասուլիսին այսպես արձագանքեց վարչապետ Փաշինյանը, հարցին, թե արդյոք պատրա՞ստ է անհրաժեշտության դեպքում Արցախյան հակամարտության հարցում հանդիպել ՀՀ նախկին նախագահների հետ։ «Ընդհանրապես իմանալը, տեղեկանալը, սովորելը ինձ համար համարում եմ ամենակարևոր հատկանիշները: Մինչև հիմա դրա անհրաժեշտությունն, անկեղծ ասած, չի ծագել: Վարչապետ ընտրվելուց հետո Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում ենք խնդրել և ինքը ներկայացրել է բանակցային գործընթացը: Եթե դրա արդյունքում անհրաժեշտություն ծագեր, որ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հարցնեինք, բնականաբար, իրենից էլ կհարցնեիք: Կարողա վաղը ծագի տենց անհրաժեշտություն, կհարցնեմ, կարող է մյուս օրը 2004 թվականից հետ կապված անհրաժեշտություն ծագի, Ռոբերտ Քոչարյանին կհարցնեմ, կարողա մյուս օրը ծագի անհրաժեշտություն Լիսաբոնի կամ Բուդապեշտի գագաթաժողովի մասին, Տեր-Պետրոսյանին էլ կհարցնեմ: Կարողա անհրաժշտություն ծագի բոլորին իրար հետ հավաքել և հարցնել: Այստեղ ոչ մի բարդություն չկա: Իհարկե չգիտեմ՝ նրանցից ով կցանկանա իմ հարցին պատասխանել, ով ոչ, բայց ես կհարցնեմ, եթե անհրաժեշտություն լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումներին՝ Փաշինյանն ասաց, որ դրական է համարում այն երկխոսությունը, որ դեռ պիտի գա: «Երբ միջազգային հանրությունն ասում է՝ հանրություններին պիտի պատրաստել խաղաղության, ո՞վ պիտի դա անի: Միջազգային հանրությունը նկատի է ունենում, որ Հայաստանի վարչապետը պետք է Հայաստանի հանրությանը խաղաղության պատրաստի, Ադրբեջանի նախագահը՝ Ադրբեջանի հանրությանը: Ես կարծում եմ, որ այդպես հնարավոր չէ: Ինչպես Ստեփանակերտում ասացի՝ ես կարծում եմ, որ ես պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում և Ադբեջանի ղեկավարն էլ պետք ա մասնակցություն ունենա հայ հանրությանը խաղաղության նախապատրաստելու դեպքում: Ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի և Ղարաբաղի հանրությանը որևէ ասելու բան ունի՞, որ ուղիղ կարող է նրանց հետ խոսել: Ես, օրինակ, շատ բան ունեմ Ադրբեջանի հանրությանն ասելու», - ասաց Փաշինյանը։ hetq.am
12:46 - 19 մարտի, 2019
Հայաստանում մամուլի ազատության հետ կապված երբևէ պրոբլեմ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում մամուլի ազատության հետ կապված երբևէ պրոբլեմ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան

«Լրատվամիջոցներում հրապարակումներ են անում՝ այ, վարչապետը վրեժ է լուծում մամուլից։ Ժողովուրդ ջան, եկեք դուրս գանք էս տրամաբանությունից։ Ես ոչ մեկից երբևէ վրեժխնդիր ոչ եղել եմ, ոչ էլ պատրաստվում եմ։ Եթե վրեժխնդիր լինելու լինեի, ամենահարմար պահը բոլորի աչքի առաջ էր, զրո խոչընդոտ, հինգ րոպեում կարելի էր վրեժ լուծել, հաշվեհարդար տեսնել։Ամբողջ աշխարհում կա fake news-ի հետ կապված գլոբալ խնդիր։ Մենք գիտենք, որ մամուլի ազատությանը չի կարելի դիպչել, մամուլի դեմ հետապնդումներ չի կարելի անել։ Բայց մյուս կողմից մարդիկ չեն կարող լրիվ անպաշտպան մնալ, իրենք իրենց պաշտպանելու որոշ ձևեր են փնտրում, բայց սա չպետք է դիտարկել որպես լրատվամիջոցների դեմ արշավ, այլ գործընկերության հրավեր, որ եկեք փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորենք, միասին աշխատենք։Հայաստանում մամուլի ազատության հետ կապված երբևէ պրոբլեմ չի լիենու։ Մենք հակամամուլային գործողություն չենք անելու, բացառությամբ, երբ օրենքի կոպիտ խախտում լինի։Բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ․ մենք հիմա աշխատում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որ Հայաստանում լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ ստեղծվի՝ կառավարությունից անկախ։ Եթե մենք դա անենք բյուջեով, կստացվեր, որ էդ ֆինանսական լծակներով փորձում ենք վերահսկողության տակ պահել լրատվամիջոցներին։ Հիմա մենք ուզում ենք, չեզոք գործընկերների ներգրավվելով, հիմնադրամ ստեղծել, որ լրատվամիջոցներին որոշակի ֆինանսական աջակցություն ցույց տա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրատվական դաշտի ներկայացուցիչների մտահոգություններին։ 
11:16 - 19 մարտի, 2019
Շատ գոհ եմ ՊԵԿ-ի պարգևատրման սկանդալից․ դա ահավոր կարևոր խոսակցություն էր, որ պետք է ունենայինք․ Նիկոլ Փաշինյան

Շատ գոհ եմ ՊԵԿ-ի պարգևատրման սկանդալից․ դա ահավոր կարևոր խոսակցություն էր, որ պետք է ունենայինք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում պատասխանեց հետևյալ հարցին․ «Այսօրվա պաշտոնյաներից շատերը եղել են քաղաքական պայքարի առաջնագծում, հեշտությամբ կարող էին դառնալ քաղաքական բանտարկյալներ։ Կառավարություն ձվավորելուց հետո այդ պաշտոնյաններից ոմանց հետ կապված դժգոհության ալիք կա, տպավորություն կա նույնիսկ, որ Դուք եք դժգոհ նրանց աշխատանքից։ Հաշվի առնելով այս մարդկանց անցած ուղին՝ արդյոք կաշկանդված չե՞ք նրանց ասելու՝ վերջ, ցտեսություն»։«Իհարկե կաշկանդված չենք։ Բայց երբ խոսում ենք դժգոհությունից, պիտի ասեմ, որ ինձնից ամենամեծ դժգոհը ես եմ։ Բայց երբ ասում են՝ այ փախողվել են, այ, էս են արել, մեկը կարո՞ղ է ասել, թե ինչի մեջ ենք ձախողվել։ Իմ արձանագրումն այն է, որ այսօր ըստ էության ոչ մի ոլորտում մենք ձախողում չենք ունեցել։ Ըստ էության՝ մեր պետական կառավարման համակարգում չկա մի պաշտոնյա, որ իրեն ասենք՝ Դու ձախոցվել ես։ Այլ  հարց է, որ կա արագության ու դանդաղության խնդիր։ Միայն մի ձախողում ենք ունեցել, և դա հանրահայտ ձախողում է։ Երբ որևէ մեկը ձախողվի, բացառված է, որ ես կաշկանդվածության խնդիր ունենամ։ Այո՛, կան թերություններ ու բացթողումներ, բոլորիս գործողություններում, նաև՝ իմ, բայց ի՞նչ է նշանակում, որ ամեն նման բացթողումից հետո պաշտոնյա փոխենք, որ նորը գա դողացող ձեռքերով ու մտածի՝ հանկարծ մեկին սխալ հայացքով չնայեմ։ Պետք է տեսնել՝ արդյոք մենք կարողանում ենք դասեր քաղել մեր իսկ սխալներից ու բացթողումներից։ Ես այս տարբերակի կողմանկիցն եմ։ Այն սկանդալները, որոնք կապված էին ՊԵԿ-ի հետ, մենք ունեինք պարզ ընտրություն՝ հանրային տրամադրությունները խաղաղացնեու համար հանել, ջնջել, թե հասկանալ իրավիճակը և հանրային ճնշումն օգտագործել այդ ոլորտի աշխատանքը բարելավելու նպատակով։ Այդ քավարանի միջով անցնող պաշտանյան շատ ավելի պատասխանատու է դառնում։ Եվ ես հիմա տեսնում եմ, որ ՊԵԿ-ի հետ մեր աշխատանքի բովանդակությունը լրիվ փոխվել է։ Ես ասել եմ, որ շատ գոհ եմ էս պարգևատրման սկանդալից, որովհետև դա ահավոր կարևոր խոսակցություն էր, որ մենք պետք է ունենայինք։Մենք ունեցել ենք թերություններ, էլի ենք ունենալու, դուք և բոլորն են ունենալու թերություններ, բայց մեր հիմնական խնդիրն է նաև՝ քննադատությունների ներքո թե՛ որպես կառավարություն, թե՛ անհատապես բարձրացնենք մեր գործունեության որակը։ Իսկ ինձ կաշկանդել հնարավոր չէ, հակառակ դեպքում չէինք ունենա հեղափոխությունը»։ 
10:42 - 19 մարտի, 2019
Պետք է ունենանք ուժեղ հակակոռուպցիոն մարմին, բայց պետության մեջ պետություն չստեղծենք. Ն. Փաշինյան |tert.am|

Պետք է ունենանք ուժեղ հակակոռուպցիոն մարմին, բայց պետության մեջ պետություն չստեղծենք. Ն. Փաշինյան |tert.am|

Իմ կարծիքն այն է, որ Հայաստանում պետք է լինի հնարավորինս գործունակ, ուժեղ հակակոռուպցիոն մարմին: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Մատենադարանում ընթացող մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կոռուպցիայի դեմ պայքարում ինձ համար որևէ սահմանափակում չկա: Հարցը, որ անընդհատ քննարկվում է, հետևյալն է՝ մենք պետք է այդտեղ լավ մտածված լուծումների գնանք, որպեսզի պետության մեջ պետություն չստեղծենք, այսինքն՝ իշխանության հավասարակշռության սկզբունքը չխախտենք»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պահին ուսումնասիրվում են տարբեր երկրների փորձերը. «Օրինակ՝ երկրներ կան, որոնք ընդհուպ մինչև հակակոռուպցիոն դատարան ունեն: Կառավարության ծրագրում շատ հստակ գրված է՝ հակակոռուպցիոն մարմին պետք է ստեղծվի, հիմա ինչու չի գրված, թե ինչպիսի մարմին, որովհետև դրա հետ կապված կա հսկայական բանավեճ»: tert.am
10:33 - 19 մարտի, 2019
Ավելի շատ պետք է կենտրոնանանք տնտեսական հեղափոխության, քան սահմանադրական փոփոխությունների վրա. վարչապետ |aysor.am|

Ավելի շատ պետք է կենտրոնանանք տնտեսական հեղափոխության, քան սահմանադրական փոփոխությունների վրա. վարչապետ |aysor.am|

Սահմանադրական բարեփոխումների այն շրջանակը, որի մասին խոսվել է մեր նախընտրական ծրագրում, այդ շրջանակի վերաբերյալ որոշակի քննարկումներ կան, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իշխանության օրակարգում կա՞ առաջիկայում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը։ «Մեր Սահմանադրության մեջ այսօր սփյուռքի ներկայացուցիչներին պետական կառավարման համակարգում ներգրավելու շատ խիստ սահմանափակումներ կան, և մենք կարծում ենք, որ այդ սահմանափակումները պատեհ չեն։ Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ կան։ Ես գիտեմ, որ քննարկումներ կան, որ խորհրդարանական համակարգը նախագահականի հետ փոխելու, սակայն ես այն կարծիքին չեմ, որ մենք հիմա այդպիսի անհրաժեշտության առաջ ենք կանգնած։ Մեկ տարի էլ չկա, որ այս համակարգը գործում է։ Պետք է հասկանանք՝ այն ի վերջո ինչ է իրենից ներկայացնում», - ասաց գործադիրի ղեկավարը։ Վարչապետի համոզմամբ, Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է, բայց ինքը չէր ցանկանա որևէ կանխորոշող հայտարարություն անել։ «Իմ անձնական կարծիքն այն է, որ մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ չունենք կոնկրետ փաստարկներ, թե ինչու է դա պետք անել։ Կարծում եմ՝ ավելի շատ պետք է կենտրոնանանք տնտեսական հեղափոխոխության, քան սահմանադրական փոփոխությունների վրա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ aysor.am
10:29 - 19 մարտի, 2019
Պատրաստ ենք փոխանակել մոլորվածին մոլորվածի հետ. |lragir.am|

Պատրաստ ենք փոխանակել մոլորվածին մոլորվածի հետ. |lragir.am|

Նախկինում պրակտիկա կար, որ Հայաստանը, Ադրբեջանը, Արցախը մեկ շաբաթվա ընթացքում սահմանը հատած մոլորվածներին վերադարձնում են, դա ընդհատվել է, երբ զինված մարդիկ մտել են մեր տարածք ու սպանություն արել: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Հայաստանի սահմանը հատած քաղաքացու և Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի փոխանակման հարցին և արդյոք հնարավոր է բոլորը բոլորի հետ փոխանակման տարբերակը: Փաշինյանը նշել է, որ պատրաստ ենք փոխանակել մոլորվածին մոլորվածի հետ: Հիմա մենք էլ ունենք մոլորված, բայց սպանության համար դատապարտվածը չի փոխանակվի մոլորվածի հետ: Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի քաղաքացու մասով քննություն կարվի՝ պարզելու նա դիվերսանտ է, թե մոլորված: Այն մարդկանց պարագայում, որոնց գործողության ժամանակ մարդ չի տուժել, պատրաստ ենք փոխանակման հարցը քննարկել, նշել է Փաշինյանը: lragir.am  
10:20 - 19 մարտի, 2019
Կառավարության դեմ սեւ հակաքարոզչությունն իրականացվում է երեք սենյակից, որոնց տեղը ես գիտեմ․ Փաշինյան |armtimes.com|

Կառավարության դեմ սեւ հակաքարոզչությունն իրականացվում է երեք սենյակից, որոնց տեղը ես գիտեմ․ Փաշինյան |armtimes.com|

Հսկայական գումար է ծախսվում Հայաստանի կառավարության դեմ սեւ հակաքարոզչության վրա։ Սա որեւէ արդյունք չի տալու, քանի որ նախկին ռեժիմի գնացքը գնացել է։ Այդ մասին մարտի 19-ին մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, սա այն դեպքը չէ, որ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը, քանի որ «ես հաճախ մարդկանց հետ ուղիղ շփման մեջ եմ»: Փաշինյանն այս համատեքստում անդրադարձավ կառավարության գործունեության հասցեին հնչող քննադատություններին։ «Այն, որ փորձում են ասել, գրում են, որ երկրում ինչ-որ անկայունություն կա, տուրբուլենտության… էլի սկսվում է ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, թեժ աշուն, հեսա տեսեք ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու», - արձագանքեց վարչապետն ու հավելեց, որ մարդիկ կան, որ պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց գնացել է, եւ եթե հետեւից փորձեն «ֆեռարիով էլ հասնել, իրենց գնացքին չեն կարող հասնել: Իրենց էջը փակված է»: «Եւ իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնեն ժողովրդի առաջ եւ ապաշխարհեն, եւ ժողովրդից ներում հայցեն: Իրենք ուրիշ անելիք Հայաստանի Հանրապետությունու չունեն: Չնայած ասում եմ, իրենց բոլոր ցանկությունները՝ վարել քաղաքական, հասարակական, մենք երաշխավորելու ենք», - ասել նա: Վարչապետի խոսքով, այժմ հսկայական գումար է ծախսվում կառավարության դեմ սեւ հակաքարոզչության վրա. «Էն որ միլիոնավոր դոլարներ ամեն օր ծախսվում են կառավարության դեմ սեւ հակաքարոզչություն անելու համար եւ կառավարությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում, որովհետեւ մեզ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է»: Նրա խոսքով, այդ շրջանակները պետք է հասկանան, որ իրենք ՀՀ-ում այդ կարգի անելիք ունենալ չեն կարող, իրենք Հայաստանի ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող: «Ուզում ա միլիոն ծախսեն, ուզում ա միլիարդ ծախսեն», - ասաց նա ու հավելեց, որ երկրում անկայունության ու տորբուլենտության մասին լուրերը ստեղծվում են երեք սենյակներում, որոնց տեղը նա գիտի: «Այդ երեք սենյակների տեղը ես գիտեմ։ Այնտեղից ամեն օր գալիս ու մեզ են հայտնում, թե ինչ են անում», - ասաց վարչապետը։ Անդրադառնալով սոցիալական վիճակին՝ Փաշինյանը նշեց, որ բարձրացվել է 85 հազար մարդու սոցիալական նպաստներն ու թոշակները, 200 հազար մարդու աշխատավարձերը. «2019 թվականի հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսանոց աճ է արձանագրել։ Դա ցուցի՞չ է, թե ոչ։ Այո, Հայաստանում կան մարդիկ, որոնք ավելի լավ չեն ապրում, բայց հարց է՝ կա՞ն մարդիկ, որոնք ավելի վատ են ապրում։ Մենք մարդկանց համար պետք է հնարավորություններ ստեղծենք»: Նա նաեւ վստահեցրեց, որ այժմ կառվարող ուժի հեղինակությունը հանրության շրջանում շատ բարձր է եւ համոզմունք հանտնեց․ «Եթե վաղը լինի ընտրություն, ապա մեր ուժն վելի շատ ձայն կստանա, քան խորհրդարանական ընտրություններին»։ armtimes.com
10:12 - 19 մարտի, 2019
Եթե նախկին իշխանության ներկայացուցիչները փորձեն ժողովրդին ոտքի հանել, ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր․ Նիկոլ Փաշինյան

Եթե նախկին իշխանության ներկայացուցիչները փորձեն ժողովրդին ոտքի հանել, ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը պատասխանեց հարցին, թե Հայաստանում տեղի ունեցող ցույցերն ինչ-որ ուժերի կողմից ուղղորդված են արդյոք, թե ժողովրդն է ավելի պահանջկոտ դարձել։«Սա այն ամենի արդյուքն է, որ քաղաքացին սուբյեկտ է, և ինքն արդեն գիտի դրա մասին։ Ես դա նկարագրում եմ հետևյալ կերպ՝ պատկերացրեք ջրի ամբարտակ, բռնատիրության, ռեպրեսիաների, կոռուպցիայի ամբարտակ, որը անընդհատ զսպել է մարդկանց, չի թողել որ արտահայտվեն։ Հիմա հեղափոխթյունը այդ ամբարտակը ջարդուխուրդ է արել, և այդ ամբողջ կուտակվածը հեղեղում է Հայաստանը։ Սա մարդու ինքնազգացողության փոփոխությունն է, և ես այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Մարդիկ ասելիք ունեն, ասում են իրենց ասելիքը։ Բա մենք ժողովրդավարական երկիր ենք, ժողովուրդ»։ Հարցին, թե նախկին իշխանության ներկայացուցիչները չե՞ն կարող ժողովրդին ոտքի հանել ու ինչ-որ բան ապացուցել, վարչապետը պատասխանեց՝ բա էսքան ինչ էի ասում էս երկու ժամ ա։ «Իհարկե, չեն կարող։ Եթե նման փորձեր անեն, ինձ թվում ա՝ ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր»։ 
10:10 - 19 մարտի, 2019