Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Սա բիզնեսի կողմից սպասված հարկային օրենսգիրք է. Տիգրան Ավինյան |lragir.am|

Սա բիզնեսի կողմից սպասված հարկային օրենսգիրք է. Տիգրան Ավինյան |lragir.am|

«Սա Հարկային օրենսգիրք է, որը, կարծում եմ, սպասված էր բիզնեսի կողմից: Եվ համոզված եմ, որ ինքը դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա»,- այսօր լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հարկային օրենսգրքի նախագիծը հեղափոխական է և կապահովի՞ տնտեսական հեղափոխություն: Ըստ Ավինյանի՝ Հարկային օրենսգրքի փաթեթը բավական ծավալուն է, և շատ հարցեր են արծարծվում դրանում: Հետևաբար, դրա վերաբերյալ խոսակցությունները և քննարկումները շարունակական են, արդեն իսկ տեղափոխվում են Ազգային ժողովի դաշտ, որտեղ ևս կշարունակվեն: Դիտարկմանը, որ գործադիրի և օրենսդիրի միջև ըստ էության անհամաձայնություն կա Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Ինչպես ես ասացի, փաթեթը շատ մեծ փաստաթուղթ է և այնտեղ շատ մեծ դետալներ կան, որ կառավարության ներսում շատ երկար քննարկումներ են անցել: Եվ ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն նաև Ազգային ժողովում: Բայց համոզված եմ, որ ընդհանուր կոնսենսուսային որոշումներ կլինեն»:  
07:29 - 18 մարտի, 2019
Բուլղարիայում հետաքրքրված են Հայաստանի IT ոլորտով. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում հետաքրքրված են Հայաստանի IT ոլորտով. Տիգրան Ավինյան

ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելիազկովի հետ հանդիպմանը նշել եմ, որ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացումը լավ հնարավորություն էր նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը: Ռոսեն Ժելիազկովն ասել է, որ ժամանել է ավելի քան 30 բուլղարական ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին, ինչը վկայում է Հայաստանի նկատմամբ Բուլղարիայում առկա զգալի հետաքրքրվածության մասին: Հանդիպմանը քննարկել ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես թվայնացման, օպտիկամալուխային գերարագ ցանցերի զարգացման և կիբեռանվտանգության ուղղություններով: Անդրադարձ ենք կատարել #ավիացիոն ուղևորափոխադրումների, ինչպես նաև մուլտիմոդալ բեռնափոխադրումների ոլորտներում համագործակցության հարցերին»:  
13:17 - 15 մարտի, 2019
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը

Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Տիգրան Ավինյանը նշել է, որ այցը լավ հնարավորություն է ընձեռնում քննարկելու Համաշխարհային բանկի հետ գործընկերության շրջանակներում իրականացվող ընթացիկ ծրագրերը և համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետը կարևորել է Բանկի հետ համագործակցությունը հատկապես մարդկային կապիտալի զարգացման, արտահանման խթանման ու մրցունակության, և բնապահպանության ու հանքային ռեսուրսների կառավարման ուղղություններով: Սիրիլ Մյուլերը նշել է, որ այժմ աշխարհում զգալի հետաքրքրություն կա Հայաստանի և երկրում ընթացող բարեփոխումների գործընթացի նկատմամբ ու ՀԲ-ն պատրաստակամ է աջակցել կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը: Տիգրան Ավինյանը և Սիրիլ Մյուլլերը կարևորել են, որ ՀԲ «Երկրի գործընկերության շրջանակ»-ի առաջնահերթությունները համահունչ են կառավարության ծրագրի հետ, հատկապես ներառական տնտեսական աճը խթանելու առումով: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործարար միջավայրի բարելավման խնդիրները: Տիգրան Ավինյանը այս առումով ասել է, որ դա կառավարության համար առաջնահերթություն է և գործուն քայլեր են իրականացվելու Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի բարելավման համար: Այնուհետև, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական ոլորտներում իրականացվող ծրագրերին և նոր նախաձեռնությունների հեռանկարներին: Այս համատեքստում քննարկվել են համալսարանից աշխատաշուկա անցման խնդիրները և կրթության ոլորտում բնական ու տեխնիկական գիտությունների ուսուցումն ամրապնդելու հնարավորությունները:
15:40 - 14 մարտի, 2019
«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել».Տիգրան Ավինյան

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել».Տիգրան Ավինյան

ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլ համալսարանների ուսանողները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ մարտի 24-ն է: Մրցույթի արդյունքների հրապարակումը տեղի կունենա ս․թ․ մարտի 29-ին: Պահանջները հետազոտողների համար.- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային հետազոտողները,- Հետազոտողները կարող են դիմել ինչպես անհատապես, այնպես էլ խմբով: Հետազոտական խմբի ղեկավարը պետք է ամբողջական դրույքով աշխատի հայաստանյան որևէ բուհում։- Նախապատվությունը տրվելու է հիմնականում համալսարանի աշխատակիցներից կազմված խմբերին,- Նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք հետազոտության իրականացման գործընթացում կներգրավեն ուսանողի,- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը մեկ տարի է։ Հետազոտությունը մեկ տարուց ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։ Պահանջներն ուսանողների համար- Դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանող,- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային ուսանողները,- Դիմողը պետք է ներկայացնի երաշխավորագիր ուսումնական հաստատությունից,- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։ Հետազոտությունը վեց ամսից ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։  
09:31 - 09 մարտի, 2019