Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժոնաթան Լաքոտին. օրակարգում ֆրանսիական նոր բիզնես նախագծերն են

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժոնաթան Լաքոտին. օրակարգում ֆրանսիական նոր բիզնես նախագծերն են

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ 2018 թվականից ի վեր Ֆրանսիան հատուկ ուշադրությամբ է վերաբերվում հետհեղափոխական Հայաստանին` գնահատելով կոռուպցիայի դեմ տարվող հետևողական պայքարը: Արդյունքում, դեսպանի խոսքով, ֆրանսիական մի շարք ձեռնարկություններ հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով․ «Նրանք չեն գալիս Հայաստան այլ սուբյեկտիվ պատճառներով. նրանք գալիս են, որովհետև այստեղ կան իրատեսական հնարավորություններ», - ասել է Ժոնաթան Լաքոտը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները և նախարարի հետ միասին նախանշել առաջիկա անելիքները: Նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այդ ծրագրերի հաջողությունը էլ ավելի մեծ չափով կկամրջի երկու երկրների տնտեսությունները: Դեսպանն իր հերթին հավաստիացրել է, որ սպասվող խոշոր ապրանքանիշերի մուտքը Հայաստան կփոխի նաև ֆրանսիական ներդրումայի համայնքի վերաբերմունքը երկրի հանդեպ: Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի մանրամասները, որն, ըստ դեսպանի, ֆրանսիական ամենախոշոր ընթացիկ ծրագիրն է: «Այն նորարարական տեխնոլոգիաները և գիտելիքները, որ  պետք է փոխանցվեն մեր ֆերմերներին, կարևորագույն հենակետ են գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը բարձրացնելու համար: Դա նաև շատ լավ հնարավորություն է լուծելու փոքր տնտեսությունների խնդիրը»,- ասել է նախարարը: Կողմերը մտքեր են փոխանակել աշխարհագրական նշումներին առնչվող հարցերի վերաբերյալ: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է ստանձնած պարտավորությունների իրականացմանը և ընդգծել, որ կարևոր է նշումների ինստիտուտի կայացումը. «Մենք շարունակում ենք մեր քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ, որոնք պետք է առավելագույն օգուտ ստեղծեն: Մենք շատ ուշադիր ենք այս ծրագրի բովանդակության նկատմամբ՝ նախօրոք ճիշտ ձևակերպելով օրակարգը»,- նշել է նախարարը:Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում գործող ֆրանսիական կապիտալով ընկերություններին և նրանց առաջիկա ծրագրերին: Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վերջիններիս հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում ՝ քննարկելու առաջացող խնդիրները և ընթացիկ նախագծերը:
16:14 - 06 մարտի, 2020
Փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար

Փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում:Փոփոխությունները ներառում են նաև կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչև մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցում՝ ուղեկցողի առկայություն (իրենց անձնակազմի հետ միասին)։Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես ռիսկային գոտի ճանաչված տարածքներում գտնված տրանսպորտային միջոցների վարորդները փոխարինվում են այլ ֆիզիկական անձով, ով չի պատկանում ռիսկային խմբին։Մաքսային ծառայության լիազորված աշխատակցի հսկողության ներքո իրականացվում է տրանսպորտային միջոցի ամբողջական ախտահանում, իսկ բեռնատար փոխադրամիջոցի վարորդը (օտարերկրյա քաղաքացին), ով վարել է մեքենան սահմանը հատելիս, հետ է ուղարկվում կամ կլինիկական վիճակով պայմանավորված ենթարկվում է կարանտինի/ տեղափոխվում է բժշկական հաստատություն։Այժմ համապատասխան աշխատանքներ են իրականացվում տեխնիկական լուծումների ուղղությամբ՝ վերոնշյալ որոշման իրականացումն ապահովելու նպատակով»։
17:22 - 04 մարտի, 2020
Տիգրան Խաչատրյանը «Մուդիզի» փորձագետների հետ քննարկել է տնտեսության մրցունակության բարձրացման հարցերը

Տիգրան Խաչատրյանը «Մուդիզի» փորձագետների հետ քննարկել է տնտեսության մրցունակության բարձրացման հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության փորձագետներ Քրիստիան Ֆանգին և Ջենե Ֆանգին: Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար և մանրամասներ ներկայացնել «Մուդիզի» փորձագետներին հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ: Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձել է տնտեսության և, մասնավորապես, արդյունաբերության մրցունակության և արտադրողականության բարձրացմանն ուղղված քայլերին՝ ներկայացնելով ձեռնարկությունների՝ նորարարական տեխնոլոգիաներ կլանելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է արտահանման կառուցվածքը և առաջիկա կանխատեսումները: Անդրադարձ է եղել նաև հանրային ներդրումների կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին, կապիտալ ծախսերի օրակարգին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն, իր հերթին, անդրադարձել է փոքր ու միջին բիզնեսի համար ֆինանսական աջակցության գործիքներին, կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող նոր ծրագրերին: Որակյալ աշխատուժի զարգացմանն ուղղված պետական քաղականության շրջանակներում քննարկվել են «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի սկզբունքներն ու նպատակները:
17:11 - 03 մարտի, 2020
էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է կապիտալի շուկայում հարկային արտոնությունների թեմայով քննարկմանը

էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է կապիտալի շուկայում հարկային արտոնությունների թեմայով քննարկմանը

 Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատը և «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիան փետրվարի 24-ին ԱՄՆ առևտրի պալատի անդամների համար կազմակերպել են «Հարկային արտոնություններ կապիտալի շուկայում. նոր հնարավորություններ բիզնեսի համար» թեմայով աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:  Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ բարեհաջող ընթացք է մաղթել միջոցառմանը և պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, հետագայում ևս կազմակերպել նման հանդիպումներ:  Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն իր ելույթում առանձնապես կարևորել է կապիտալում ներդրումների և կապիտալի շուկայի օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացումը որպես մրցունակ իրական հատվածի աճի նախապայման։ «Ոլորտում առկա խնդիրները բացահայտելու և դրանց համատեղ լուծումները գտնելո նպատակով նախաձեռնել և անցկացրել ենք տարբեր ձևաչափերով աշխատանքային հանդիպումների շարք՝ ոլորտին քաջատեղյակ և փորձառու մասնագետների մասնակցությամբ։ Ծավալուն աշխատանքի արդյունքում կազմվել և շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է կապիտալի շուկայի զարգացման աշխատանքային ծրագիրը։ Այն ճանապարհային քարտեզի ձևաչափով անդրադառնում է արձանագրված խնդիրներին և դրանց հավանական լուծումներին՝ առանձին-առանձին», - ասել է էկոնոմիկայի փոխնախարարը և թվարկել ծրագրի հիմքում որպես առաջնահերթություն սահմանված  հետևյալ նպատակները. տնտեսության իրական հատվածում ներդրումային գործունեության ակտիվացում՝ ֆինանսական ռեսուրսների մատչելիության ավելացման, ինչպես նաև կառավարման որակի բարձրացման միջոցով, ավելի թափանցիկ կառավարման մշակույթի զարգացում, Հայաստանի բնակչության կենսամակարդակի բարձրացում՝ ֆինանսական շուկայի գործիքների կիրառության միջոցով (տնտեսությունում ստեղծվող ավելացված արժեքի բաշխման հարթեցում)։ Նաիրա Մարգարյանը տեղեկացրել է, որ աշխատանքային ծրագիրը շրջանառվել է նաև պոտենցիալ ցուցակվող ընկերությունների շրջանում: Այնուհետև էկոնոմիկայի նախարարությունում այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ կազմակերպվել է հանդիպում, որի նպատակն էր հասկանալ, թե վերջիններս ֆոնդային բորսայում ցուցակման համար պետական աջակցության ի՞նչ ծրագրերի անհրաժեշտություն ունեն և ի՞նչ խոչընդոտներ են տեսնում այդ ճանապարհին։   Ըստ փոխնախարարի՝ այս ուղղությամբ լուրջ խթան էր հունվարի 24-ին Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունը, որի համաձայն 2024 թ․ դեկտեմբերի 31-ից ոչ ուշ ցուցակված արժեթղթերի դիմաց ստացված եկամուտները ազատված են եկամտահարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից։ «Օրենքի այս   փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա մարտի 1-ից, առանցքային նշանակություն ունի արժեթղթերի շուկայի կայացման համար, որի շնորհիվ ձեռնարկությունները կարող են ազգաբնակչությունից ուղիղ խնայողություններ ներգրավել։ Գաղտնիք չէ, որ ներքին խնայողությունները ցանկացած երկրի կայուն աճի հիմնական երաշխիքն են, ուստի՝ ստեղծված բարենպաստ միջավայրը հնարավորություն կտա բնակչության ներքին խնայողություններն ուղղել տնտեսության առաջընթացին», - իր խոսքն ամփոփել է Նաիրա Մարգարյանը՝ հորդորելով ներկաներն ակտիվորեն ներգրավվել կապիտալի շուկայի զարգացման ճանապարհային քարտեզի իրականացման  գործընթացին: Այնուհետև «Ֆինարմ»-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը մանրամասն ներկայացրել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները և հարկային արտոնությունները բաժնետոմսերի և պարտատոմսերի համար, իսկ Հայաստանի արժեթղթերի բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանն անդրադարձել է բորսայի գործունեությանը և հեռանկարներին,  նաև իր հերթին պարզաբանել, թե փոփոխված օրենսդրությամբ ինչպես կարելի է ստանալ հարկային արտոնություններ: Հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկությունները կամփոփվեն և կներառվեն կապիտալի շուկայի զարգացման ծրագրային գործողությունների ճանապարհային քարտեզում:
17:03 - 25 փետրվարի, 2020
Փաշինյանը ծանոթացել է Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը

Փաշինյանը ծանոթացել է Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող Ներդրումների աջակցման կենտրոն: Կառավարության ղեկավարը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և կենտրոնի ղեկավար Լևոն Օհանեսյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, այնուհետև տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել ներդրումների աջակցությանը միտված քայլերին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին: Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է. «Մենք արդեն բավականին երկար ժամանակ քննարկում ենք Հայաստանում ներդրումների աջակցության մեխանիզմների և բանաձևերի կիրառման հարցը, թե ինչ մեխանիզմներով մենք պետք է աջակցենք ներդրումներին: Իհարկե, մինչ այժմ էլ Հայաստանում գործել են այդպիսի ինստիտուտներ, համակարգեր և մենք խնդիր ունենք այդ համակարգերը դարձնել ավելի արդյունավետ ու այդ առումով վերջին մեկ տարվա ընթացքում կայացրել ենք որոշումներ: Իհարկե, որոշումներն իրենց կենսունակությունը պետք է ցույց տան պրակտիկայում, իրական կյանքում: Ինչպես հայտնի է, մենք Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի հիման վրա ստեղծել ենք Ներդրումների աջակցման կենտրոն և այսօր պետք է ծանոթանանք, թե ինչ հայեցակարգ են պատրաստել կենտրոնի մեր գործընկերները դրա հետագա զարգացման համար և մտքեր փոխանակենք, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ»: Լևոն Օհանեսյանը զեկուցել է, որ Ներդրումների աջակցման կենտրոնը Հաայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղական և օտարերկրյա գործարարներին տրամադրում է համալիր աջակցություն մի շարք ուղղություններով: Մասնավորապես, տեղեկատվություն է տրամադրվում Հայաստանի ներդրումային հնարավորությունների և պայմանների, այդ թվում՝ պետական խթանների և այլ ընթացակարգերի վերաբերյալ, ներդրողներին կենտրոնի ներկայացուցիչներն ուղեկցում են ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում, աջակցություն ցուցաբերում պետական մարմինների հետ աշխատանքներում: Խորհրդատվություն է տրամադրվում նաև ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, այդ թվում՝ առկա հողատարածքների և այլ անշարժ գույքի, օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքի, համաֆինանսավորման աղբյուրների և հնարավոր ռեզիդենտ գործընկերների վերաբերյալ: Հավանական ներդրողներին տրամադրվում են ներդրումային ծրագրեր՝ ըստ վերջիններիս հետաքրքրությունների շրջանակի, ներդրումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրներին ապահովվում է օպերատիվ արձագանք: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են օտարերկրյա ներդրողների սպասարկման փուլերը, հաճախ հանդիպող խնդիրները, ցուցաբերվող աջակցման տեղեկատվական գործիքակազմերը: Նշվել է նաև, որ աջակցություն է ցուցաբերվում հայաստանյան գործարարներին, մասնավորապես, արտահանման շուկաներ դուրս գալու ուղղությամբ: Հայ գործարարների համար արտերկրում կազմակերպվում են բիզնես ֆորումներ, ցուցահանդեսներ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է պոտենցիալ ներդրողներին անհրաժեշտ և լիարժեք տեղեկատվության տրամադրումը և այդ համատեքստում ընդգծել կենտրոնի հետագա գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այդ ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ և ճանապարհային քարտեզ՝ հետագա ծրագրերն առավել նպատակային իրականացնելու նպատակով:
18:09 - 24 փետրվարի, 2020
Կոտայքի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղաջակցության ծրագրերը

Կոտայքի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղաջակցության ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման նպատակով փետրվարի 21-ին հանդիպում են կազմակերպել Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Հանդիպման սկզբում Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է այս միջոցառման կազմակերպման կարևորությունը` հաշվի առնելով առաջիկայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքաների մեկնարկը: Փոխմարզպետնը հորդորել է համայնքապետերին նմանատիպ հանդիպումներ կազմակերպել իրենց համայնքներում և պետաջակցության ծրագրերի մասին տեղեկացնել բոլոր շահագրգիռ ֆերմերներին: Այնուհետև Իռա Փանոսյանը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերի պայմաններն ու արտոնությունները, որոշ ծրագրերում կատարված լրամշակումներն ու փոփոխությունները: Նա տեղեկացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում տեղադրված է յուրաքանչյուր ծրագրին մասնակցելու համար քայլերի հաջորդականությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հետարքրքրված անձանց առավել հստակ պատկերացնել յուրաքանչյուր ծրագրին մասնակցության ընթացակարգը:      Անդրադառնալով գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը` Իռա Փանոսյանը ներկայացրել է ծրագրում ներառված ապահովագրական պրոդուկտները, որոնցից կարող են օգտվել նաև Կոտայքի մարզի ֆերմերները: Նա նշել է, որ ծրագրից օգտվելու համար հարկավոր է դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ: Նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է նաև ապահովագրական պայմանգրեր կնքելու ժամկետները: Արթուր Բաղդասարյանն իր հերթին ներկայացրել է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի մանրամասներն ու ծրագրում կատարված փոփոխությունները: Ընդգծելով հանրապետությունում ոռոգման համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը` նա նշել է, որ Հայաստանի ջրային ռեսուրսների սակավության պայմաններում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրումը թույլ կտա տնտեսվարողներին ոչ միայն բարձրացնել բերքատվությունը, այլև ապահովել բարձրորակ բերք: Մարզերում իրազեկման միջոցառումները շարունակվում են:
18:08 - 21 փետրվարի, 2020
Սպանդանոցային ծառայության հասանելիությունն ապահովելու համար ՀՀ-ում անհրաժեշտ է ևս 36 սպանդանոց |armenpress.am|

Սպանդանոցային ծառայության հասանելիությունն ապահովելու համար ՀՀ-ում անհրաժեշտ է ևս 36 սպանդանոց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ձեռնարկել է անհրաժեշտ քայլելը, որպեսզի պետական օժանդակության ծրագրերով ավելի դյուրացվի սպանդանոցային մորթով զբաղվողների աշխատանքը և ապահովվի այդ ծառայությունների հասանելիությունը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում կա 272 հայտ սպանդանոցներ կառուցելու համար: Ներկայումս առկա է  ծառայություն մատուցող 18 սպանդանոց, անհրաժեշտ է ևս 36-ը: Այսինքն` ընդհանուր առմամբ պետք է 54 սպանդանոց»,- ասաց Գաբրիելյանը: Նախարարի տեղակալի խոսքով` ՍԱՏՄ-ի և սպանդանոցային մորթ կազմակերպող տնտեսվարողների միջև կնքվել է համաձայնագիր, որպեսզի կենդանական ծագման մթերքի տեղափոխումը սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացվի անվճար: «Դա հիմք ընդունելով  իրականացրեցինք քարտեզագրում առկա սպանդանոցների: Հաշվի առնելով այդ 30 կմ շառավիղը, նշեցինք այն վայրերը, որտեղ, կարծում ենք, պետք է լինեն կառուցվող սպանդանոցները»,- նշեց Գաբրիելյանը:
17:56 - 21 փետրվարի, 2020
Մշակող արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսական աճի հիմնական առաջատարը. նախարարի հարցազրույցը |armenpress.am|

Մշակող արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսական աճի հիմնական առաջատարը. նախարարի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Տնտեսական աճի 7,6 տոկոս ցուցանիշը բավարարում է Հայաստանի կառավարության սպասելիքները: Այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով այն ոլորտները, որոնք մեծ չափով նպաստել են ՀՆԱ աճին: -Պարոն Խաչատրյան, 2019թ. համար արձանագրված 7,6 տոկոս տնտեսական աճը ամենաբարձրն է ոչ միայն ԵԱՏՄ, այլև եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Ինչ քայլերի շնորհիվ հնարավոր դարձավ նման ցուցանիշի արձանագրումը: -Մի քանի կարևոր արձանագրում դրա հետ կապված. նախ, շատ ուրախալի է, որ արդյունաբերության ճյուղը, որը մշտապես մեր ուշադրության և քննարկումների կենտրոնում էր տարվա ընթացքում, մեծ չափով է նպաստել Համախառն ներքին արդյունքի աճին՝ 10,2 տոկոսով։ Որ էլ ավելի կարևոր է, մշակող արդյունաբերությունը այս տարի աճել է՝ արձանագրելով ՀՆԱ-ի կառուցվածքում 2008 թվականից ի վեր ամենաբարձր կշիռը՝ 12,1 տոկոս: Սա շատ կարևոր ձեռքբերում է․ մշակող արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսական աճի հիմնական առաջատարը։ Կառավարության տնտեսական քաղաքականության գերակայություններից է, որ մշակող արդյունաբերությունը լինի մրցունակ, ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան և որակյալ աշխատատեղեր ստեղծող։ Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում այդ առումով։ Դա վկայող մեկ այլ ցուցանիշ է նաև ապրանքների և ծառայությունների 10,3 տոկոսով արտահանման աճը, որը ևս դարձավ աճ ապահովող հիմնական շարժիչներից մեկը: -7,6 տոկոս աճի ցուցանիշը համապատասխանում է արդյոք ձեր կանխատեսումներին: - Դա բավարարում է այն սպասումներին, որը կառավարությունն ուներ տարվա նկատմամբ։ Եվս մեկ կարևոր պարզաբանում ներկայացնեմ ՀՆԱ աճի 7,6 տոկոս ցուցանիշի առնչությամբ․ այս տարի կառավարությունը կայացրել էր մի շատ կարևոր որոշում՝ կազմակերպություններին վերադարձնելով նախորդ տարիներից կուտակված ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները։ Եթե այդ ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձված չլինեին, ՀՆԱ-ի աճը 2019 թվականի համար կլիներ առնվազն 0,4 - 0,5 տոկոսային կետով ավելի բարձր։ 7,6 տոկոսի փոխարեն կկազմեր 8 կամ 8,1 տոկոս, այսինքն՝ համահունչ այն կանխատեսումներին, որոնք հնչեցվել էին մեր կողմից վերջերս։  - Կա՞ն այլ ոլորտներ, որտեղ աճը ակնհայտ է։ - Կնշեմ զբոսաշրջությանն առնչվող մի ցուցանիշ՝ հանրային սննդի և գիշերակացի ծառայությունները, որոնք տարվա ընթացքում աճեցին ավելի քան 27 տոկոսով։ Արդեն արձանագրել էինք, որ 2019 զբոսաշրջությունն աճել է 14,7 տոկոսով։ Մեկ այլ հատկանշական փոփոխություն տնտեսական աճի առանձնահատկությունների առնչությամբ  ֆինանսական ոլորտի և ապահովագրական ծառայությունների ցուցանիշն է. աճում է տնտեսական միջնորդության դերը, և մենք գտնում ենք, որ դա այն հիմքն է, որ պետք է ամրանա և նպաստի հետագա աճի կայունությանը։ -Երբ կարող ենք արձանագրել, որ աճը նաև որակական բնույթ է կրում: -Որակական պետք է անվանենք այն զարգացումը, որը հեռանկարում կայուն է, իսկ տնտեսության հեռանկարի տեսանկյունից կայուն զարգացում սպասում ենք այն դեպքում, երբ մասնավոր հատվածի բոլոր կազմակերպությունները, անկախ գործունեության բնագավառից, լինեն մրցունակ աշխարհում, որն էլ չափվում է նրանց արտադրողականությամբ: Յուրաքանչյուրն իր տեղում պետք է գիտենա, որ կարող է անել ավելին՝ աշխատաժամանակը, ձեռքի տակ եղած ռեսուրսները տնօրինել ավելի արդյունավետ, լինել ավելի արտադրողական, միավոր ժամանակում ապահովել ավելի մեծ արդյունք և այսպիսով բարձրացնել թե' իր բարեկեցությունը, թե' իր գործունեության տնտեսական արդյունքները: Շարունակությունը՝ armenpress.am-ում
14:13 - 21 փետրվարի, 2020
Գարնանային ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանագիր կնքելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 21-ը

Գարնանային ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանագիր կնքելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 21-ը

Հանրապետության մարզերում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները փետրվարի 18-ին Արագածոտնի  մարզպետարանում կազմակերպել են հանդիպում համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Ներկայացնելով ոլորտում իրականացվող պետաջակցության 12 ծրագրերը` Իռա Փանոսյանն առանձին անդրադարձ է կատարել նախարարության նոր նախաձեռնություններին, այդ թվում` ՀՀ-ում 2019-2024թթ․-ի տավարաբուծության զարգացման, փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և Հայաստանի Հանրապետությունում 2019-2023թթ.-ի ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերին։ «Սրանք այն ծրագրերն են, որոնք միտված են գյուղատնտեսության  ոլորտում ինտենսիվության և արտադրողականության բարձրացմանը։ Ծրագրերը կնպաստեն գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանը՝ հետագայում խթանելով նաև բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը», - իր խոսքում նշել է Իռա Փանոսյանը: Իր խոսքում նա հավելել է, որ մարզային այցերի ընթացքում ֆերմերներն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես նոր ծրագրերի հանդեպ: Անդրադառնալով գյուղատնտեսության ապահովագրության նոր ծրագրին` Իռա Փանոսյանն ընդգծել է, որ Արագածոտնի մարզի ֆերմերները կարող են ապահովագրել ծրագրում ընդգրկված բոլոր մշակաբույսերը: Նա նաև նշել է, որ ծրագրից օգտվելու համար հարկավոր է դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ: Նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ գարնանային ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանգիր կնքելու ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը: Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիրը, որի շրջանակում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղվող տնտեսվարողներին: Իրազեկման արշավը կշարունակվի հանրապետության այլ մարզերում:
12:16 - 19 փետրվարի, 2020
Շահառուներին ներկայացվել է «Կապիտալի շուկա. աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը

Շահառուներին ներկայացվել է «Կապիտալի շուկա. աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կապիտալի շուկայի զարգացման խնդիրներին նվիրված քննարկում, որին մասնակցել են իրական հատվածի զարգացման ներուժ ունեցող ավելի քան 30 ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Իր ներածական խոսքում Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է քննարկման մասնակիցներին, որ վերջին երկու ամսվա ընթացքում ոլորտին առնչվող շահագրգիռ պետական մարմինների և ֆինանսական կառույցների ղեկավարների ու փորձագետների հետ քննարկումների արդյունքում կազմվել է կապիտալի շուկայի զարգացման ծրագրային գործողությունների  ճանապարհային քարտեզ:  «Այսօր հրավիրել ենք ձեզ, որպես կապիտալի շուկայի պոտենցիալ մասնակիցների և կարևոր դերակատարների, ներկայացնելու մեր աշխատանքը և խոսելու առաջիկա անելիքների մասին։ Քննարկենք, թե ինչ հնարավորություններ կարող եք դուք ունենալ՝ դառնալով շուկայի մասնակից, ինչպես նաև լսելու ձեր կարծիքը և առաջարկությունները. ի՞նչ խնդիրներ և խոչընդոտներ եք տեսնում, ի՞նչ առաջարկություններ ունեք, ի՞նչն է խանգարում ձեզ կապիտալի ներգրավման գործընթացում և ի՞նչ փոփոխություններ է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ընկերությունների համար կապիտալի շուկան դառնա ավելի հասանելի», - ասել է էկոնոմիկայի նախարարը։ Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է «Կապիտալի շուկա․աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են կարծիքներ և առաջարկություններ քննարկվող հետևյալ հարցերի վերաբերյալ՝ կորպորատիվ կառավարում, թողարկման և ցուցակման կարգավորումներ, թափանցիկություն, ֆինանսական միջոցների առաջարկ և այլն։   Հնչեցված առաջարկություններում նշվել է օրենսդրական փաստաթղթերի վերանայման և համաձայնեցման, մասնավոր ներդրումային ֆոնդերի կարևորության, Ֆինանսական գործիքների ընկալումների մոտարկման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին ակտիվ մասնակցության համար և տեղեկացրել, որ կապիտալի շուկայի զարգացման ճանապարհային քարտեզը կլրամշակվի ներկայացված առաջարկություններով, հավելել, որ հանդիպումները շարունակական կլինեն։ «Յուրաքանչյուր կազմակերպության հետ պատրաստ ենք նաև առանձին քննարկել իրենց կողմից ներկայացվող խնդիրները և լինել առավելագույնս օգտակար: Առաջիկայում լրամշակված փաստաթուղթը կներկայացվի հաստատման: Իրագործման փուլում կրկին ձեզ հետ համագործակցությունը մեզ խիստ անհրաժեշտ կլինի, քանի որ դուք եք անմիջական շահառուները, և լավագույն ճանապարհները գտնելու համար ձեր օժանդակությունը չափազանց կարևոր է մեզ համար», - ասել է Նաիրա Մարգարյանը։
14:21 - 18 փետրվարի, 2020
Շիրակի մարզում «Առաջատար ֆերմա» և անասնաբուժական կետ է բացվել |armenpress.am|

Շիրակի մարզում «Առաջատար ֆերմա» և անասնաբուժական կետ է բացվել |armenpress.am|

armenpress.am: «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը (ՌԶԳ) ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում փետրվարի 17-ին կազմակերպել է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրում անասնաբուժական կետի և Ազատան համայնքում հիմնված «Առաջատար ֆերմա»-ի բացման հանդիսավոր արարողությունները: Այս մասին տեղեկացրին «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից: ««Առաջատար ֆերմա»-ի բացման արարողությանը հաջորդեց Շիրակի մարզում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի ձեռքբերումների/արդյունքների ներկայացումը (ծրագիրն իրականացնում է ՌԶԳ ՀԿ՝  Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:) Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Շիրակի մարզպետ՝ Տիգրան Պետրոսյանը, ծրագիրը համաֆինանսավորող Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար՝ Գերհարդ Շաումբերգերը ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության տարածաշրջանային ղեկավար՝ Դանիել Միույլին, ներկայացուցիչներ տեղական ու միջազգային կազմակերպություններից, ծրագրի շահառու վերամշակողներ և այլոք: Հյուրերը բարձր գնահատեցին ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող ծրագրային միջամտությունները Շիրակի մարզում՝ կարևորելով ծրագրի դերը համայնքների զարգացման գործում:  Միջոցառման ավարտին Շիրակի մարզպետ պարոն Տ. Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ՌԶԳ ՀԿ նախագահ պարոն Մ. Այվազյանին՝ ՀՀ Շիրակի մարզում անասնապահության զարգացմանն աջակցող ծրագրի իրականացման և կատարված լայնածավալ աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:07 - 17 փետրվարի, 2020
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ տարվա աշնանը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր։ Դիմիտրի Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետաքրքրությունների շրջանակներում գտնվող արտադրության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների մասով, տրամադրել ծրագրային և ոլորտային գաղափարներ։ Նա տեղեկացրել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը բարձր մակարդակով կապահովի իր մասնակցությունը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովին։ Կողմերը կարևորել են ներդրումային համաժողովի նախապատրաստման  ընթացքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև հետագա և պարբերական հանդիպում-քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։
17:57 - 17 փետրվարի, 2020
Կառավարությունը մշակել է լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ |armenpress.am|

Կառավարությունը մշակել է լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կառավարությունը լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ է մշակել: Այն գործադիրի փետրվարի 13-ի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: «Մենք կարգավորում ենք լիզինգի դաշտը և բացում ենք նոր հնարավորություններ լիզինգի ոլորտի զարգացման համար: Մեր գնահատմամբ՝ տվյալ փաթեթի ընդունման արդյունքում լիզինգի ծավալները ՀՀ-ում կարող են աճել մինչև երկու անգամ: Ներկայիս դրությամբ՝ ՀՀ-ում լիզինգի պայմանագրերը միշտ կնքվում էին եռակողմ, տվյալ փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի երկկողմ լիզինգի պայմանագրերի կնքումը: Սա թույլ կտա իրականացնել երկրորդային լիզինգի գործարքը»,- ասաց Ավանեսյանը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի ՀՀ Ազգային ժողովում:
13:02 - 13 փետրվարի, 2020
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը պատրաստակամ է Հայաստանում համագործակցել կանաչ տնտեսության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումային ծրագրերին. ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը պատրաստակամ է Հայաստանում համագործակցել կանաչ տնտեսության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումային ծրագրերին. ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի և ՄԱԶԾ-ի ոլորտային ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այս տարվա աշնանը նախատեսված ՀՀ-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Դմիտրի Մարիյասինը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ներդրումային համաժողովի թիրախային ոլորտների՝ կանաչ տնտեսության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումային ծրագրերի ներկայացման, պոտենցիալ ներդրումային ընկերությունների հետ համագործակցության և նրանց, ինչպես նաև ՄԱԶԾ-ի օտարերկրյա ներկայացուցչությունների՝ համաժողովի աշխատանքներին ներգրավման հարցում։ Կողմերը կարևորել են ներդրումային համաժողովի նախապատրաստման շրջանակներում ՄԱԶԾ-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հետագա և պարբերական հանդիպում-քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։
16:43 - 12 փետրվարի, 2020
Նախատեսվում է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի այցը Հայաստան

Նախատեսվում է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի այցը Հայաստան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա մարտին Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան նախատեսվող այցի հետ կապված օրակարգային և կազկակերպչական հարցեր։ Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության այցի հիմնական նպատակն է քննարկել հայ-ճապոնական արդյունավետ տնտեսական համագործակցության և գործարար կապերի ընդլայնման հեռանկարները: Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու ջանքերը և ամենայնս նպաստելու հայ-ճապոնական տնտեսական համագործակցության զարգացմանը։
16:47 - 10 փետրվարի, 2020
Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Բեռլինում

Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Բեռլինում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպան, Հայաստանում KfW բանկի ավագ համակարգող Բելլա Անդրիասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք։ Փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը Վարոս Սիմոնյանին փոխանցել է գերմանական կողմի պաշտոնական առաջարկությունը ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն ընթացիկ տարվա հուլիսի 21-ից 22-ը Բեռլինում անցկացնելու վերաբերյալ: Նա տեղեկացրել է նաև, որ նիստի անցկացմանն առնչվող հարցերը մանրամասն քննարկելու նպատակով առաջիկայում նախատեսվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պաշտոնյայի այցը Հայաստան։ Կլաուս Վենդելբերգերը նշել է Գերմանիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանի կառավարությանը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացում, հատկապես տնտեսական ոլորտում, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով «կանաչ տնտեսության» զարգացմանը և կարևորելով ՓՄՁ ոլորտը և զբոսաշրջությունը։ Վարոս Սիմոնյանը, որպես հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ընդունել է գերմանական կողմի առաջարկը նիստի անցկացման ժամկետի վերաբերյալ, նաև վստահեցրել, որ հայկական կողմը կնախապատրաստի նիստի քննարկման համար առաջարկվող հարցերի փաթեթը՝ գերմանացի գործընկերոջ այցի ընթացքում դրանք հանգամանալից քննարկելու համար: Էկոնոմիկայի փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերվող գործուն  աջակցության համար, շեշտելով դրանց կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար: Նա նաև հույս է հայտնել, որ հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կխթանի երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը: Հայաստանում KfW բանկի ավագ համակարգող Բելլա Անդրիասյանը համառոտ ներկայացրել է բանկի գործունեությունը Հայաստանում, ընդգծելով բանկի մասնակցությունը գյուղոլորտի զարգացման ծրագրերում, մասնավորապես գյուղատնտեսության ապահովագրության բնագավառում: Նշվել է նաև բանկի աջակցությունը Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման գործում: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպան, ներկայացնելով ընկերության առաքելությունը Հայաստանում, առանձնացրել է ՓՄՁ ոլորտում և զբոսաշրջության բնագավառում կատարած և ընթացիկ աշխատանքը: Հանդիպման ավարտին Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է հյուրերին, որ աշնանը նախատեսվում է ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի անցկացումը և գերմանական կողմին հրավիրել մասնակցելու այդ միջոցառմանը ինչպես շահագրգիռ պետական կառույցների, այնպես էլ մասնավոր ընկերությունների և կազմակերպությունների մակարդակով:
13:45 - 10 փետրվարի, 2020