Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Վճռաբեկ դատարանի 9 դատավորիների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի |24news.am|

Վճռաբեկ դատարանի 9 դատավորիների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի |24news.am|

24news.am: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9-ը դատավորիների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել ու այդ մասին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։ «Միջնորդությունն իմ կողմից ներկայացվել է հարգալից կերպով։ Մենք գնահատում ենք Վճռաբեկ դատարանի դերը և ջանքերը։ Այս միջնորդությունն ամենևին էլ նպատակ չունի նվաստացնել Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունը», - հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։Ինչու՞ է Վճռաբեկ դատարանի դատավորների հարցը հասել ԲԴԽ։ Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը որոշել է վարույթ չընդունել քաղաքացու հայցը։Այսպես, 2018 թվականի սեպտեմբերի 3-ին պատասխանողի ներկայացուցիչն անշարժ գույքի առքուվաճառքի գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է նույն թվականի հոկտեմբերի 3-ին՝ առաջարկելով շտկել իր որոշմամբ մատնանշված թերությունները և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնել:Բողոքը բերող անձը շտկել է թերությունները և կրկին ներկայացրել այն, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը մերժել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:Բողոք բերող անձի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Դավթյանը 2019 թվականի հունվարի 11-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների նկատմամաբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2019 թվականի ապրիլի 15-ին կայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու մասին որոշում:«Վճռաբեկ դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնել», - այսօր Բարձրագույն դատական խորհրդի նիստում հայտարարեց Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Միքայել Մինասյանը։Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում Վճռաբեկ դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնել։Մինասյանն ի պատասխան ասաց.«Այս պարագայում վարույթ չընդունելը հենց խոչընդոտել է արդարադատության իրականացմանը»։Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, որը նույնպես թիրախավորված դատավորների ցանկում է, նկատեց, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքը վարույթ ընդունելու հիմքեր չկան, մերժել է և հետաքրքրվեց՝ արդյոք սա արդարադատության իրականացումից հրաժարու՞մ է։Ի պատասխան Մինասյանն ասաց, որ վարույթ չընդունելով քաղաքացու բողոքը, Վճռաբեկ դառարանն ինքն իրեն սահմանափակում է, իսկ վարույթ ընդունելը մերժելը ամբողջությամբ վերջ է դնում գործընթացին։
13:32 - 06 հունիսի, 2019
Ինչու ՌԴ-ում ադրբեջանցու սպանած ՀՀ քաղաքացին չի տեղափոխվում Հայաստան. Արդարադատության նախարարության պարզաբանումը |tert.am|

Ինչու ՌԴ-ում ադրբեջանցու սպանած ՀՀ քաղաքացին չի տեղափոխվում Հայաստան. Արդարադատության նախարարության պարզաբանումը |tert.am|

tert.am: Օրերս Արդարադատության նախարարության շենքի դիմաց իրականացված բողոքի ցույցի վերաբերյալ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՌԴ-ում դատապարտված ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանի հարազատները դադարեցրել են բողոքի ցույցը։ Նշենք, որ Արման Առաքելյանը Ռուսաստանում սպանել է ադրբեջանցու, ով պատռել էր Շառլ Անզնավուրի նկարը՝ ասելով՝ սրանք չե՞ն ձեր հերոսները: ՀՀ Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե ինչու է մերժել ՌԴ-ում 18 տարի դատապարտված Առաքելյանին ՀՀ տեղափոխելու դիմումը: «ՀՀ արդարադատության նախարարությունում բազմիցս ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Արման Վալերիկի Առաքելյանին (ծնված՝ 21.01.1973թ.) պատժի մնացած մասը կրելու նպատակով ՌԴ-ից ՀՀ փոխանցելու հարցը: Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգի Պուշկինսկի շրջանային դատարանի 18.11.2016թ. դատավճռի համաձայն՝ Ա. Առաքելյանը դատապարտվել է 18 տարի ժամկետով ազատազրկման Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-րդ մասով (սպանություն) և 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով (մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ) նախատեսված արարքներ կատարելու համար: Ա. Առաքելյանն ունի 1530 ռուբլու ֆինանսական պարտավորություն՝ որպես դատական ծախս և 1,000,000 ռուբլու տուգանք՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, որը համաձայն դատապարտյալի շահերի ներկայացուցիչ Արթուր Դաշյանի՝ մարվել է: Հաշվի առնելով այն, որ դատապարտյալի հարազատների պնդմամբ Ա. Առաքելյանը դատապարտված է ազգությամբ ադրբեջանցու սպանության համար, իսկ վերջինիս Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի շրջանի թիվ 17 ուղղիչ հիմնարկում պահում են ադրբեջանցի դատապարտյալների հետ նույն խցում, ինչի հետևանքով, ազգային պատկանելությունից ելնելով, պարբերաբար բախումներ են տեղի ունենում Ա. Առաքելյանի և դատապարտյալների միջև, ՀՀ արդարադատության նախարարությունը համապատասխան գրություններով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով իրենց իրավասության սահմաններում պարզել արդյոք Ռուսաստանի Դաշնության թիվ 17 ուղղիչ հիմնարկի ղեկավարության կողմից դատապարտյալ Ա. Առաքելյանի նկատմամբ իրականացվում են ոչ իրավաչափ գործողություններ և միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացու իրավունքների հնարավոր խախտումը կանխելու և նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Նշված միջոցները կարող են ներառել ինչպես այցելությունները նշված դատապարտյալին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ հյուպատոսի կամ հյուպատոսական ծառայության ներկայացուցչի կողմից, այնպես էլ նրա պատիժը կրելու պայմաններին ծանոթանալու, վերջինիս անձամբ տեսնելու և զրուցելու միջոցով նրա իրավունքների պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու, հնարավորության դեպքում վերջինիս պաշտպանությունն ապահովելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին դիմելու և վերջինիս այլ ուղղիչ գաղութ տեղափոխելու գործողությունները: Այդուհանդերձ, ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության ձեռնարկած միջոցների, ՀՀ ԱԳՆ-ից ստացված դատապարտյալի որդու՝ Գուրգեն Արմանի Առաքելյանի դիմումի համաձայն՝ վերջինս խնդրել է «...Արման Վալերի Առաքելյանի գործին ընթացք չտալ», որի պատճառով դադարեցրել են իր հորը ՀՀ պետական մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում այցելելու և աջակցելու փորձերը: Հիշյալ դիմումից հետո դատապարտյալի որդին կրկին դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն պահանջելով դատապարտյալ Արման Վալերիկի Առաքելյանի տեղափոխումը Հայաստան: Վերոգրյալից հետևում է, որ դատապարտյալ Արման Առաքելյանը օտարերկրյա պետության տարածքում կատարել է առանձնապես ծանր հանցագործություն (անկախ անձի ազգությունից, ում նկատմամբ այդ հանցագործությունը կատարվել է), որի համար դատապարտվել է և պատիժ է կրում տվյալ պետությունում: Դատապարտյալների փոխանցումն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև իրականացվում է «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի Եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Դատապարտյալների փոխանցումը կարգավորող միջազգային պայմանագրերը ուղղված են դատապարտյալներին իրենց սոցիալական միջավայր վերադարձնելուն՝ վերջիններիս ինտեգրումը հասարակությանը դյուրացնելու նպատակով: Կոնվենցիայի բացատրական զեկույցի 10-րդ կետի համաձայն՝ Կոնվենցիան չի պարտավորեցնում Կողմերին թվարկել դատապարտյալների փոխանցման վերաբերյալ միջնորդության մերժման հիմքերը: Միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հարցը վերապահված է պայմանավորվող կողմերի (այսինքն՝ պետությունների) հայեցողությանը և դա նրանց իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Օտարերկրյա պետությունում հանցագործություն կատարելու համար դատապարտված անձին Հայաստանի Հանրապետություն փոխանցումը մերժելը ինքնին որևէ միջազգային պայմանագրով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չի կարող համարվել վերջինիս իրավունքների խախտում: ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար չի համարել դատապարտյալի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, սակայն քայլեր է ձեռնարկել վերջինիս իրավունքները պաշտպանելու և համապատասխան տեղեկություն ստանալու ուղղությամբ: Դատապարտյալի իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը կասեցվել են հենց դատապարտյալի հարազատների կողմից, ինչը հնարավորություն չի տալիս ՀՀ արդարադատության նախարարությանը օբյեկտիվ տեղեկություն ստանալ ՀՀ իրավասու մարմիններից դատապարտյալի պատիժը կրելու վայրում վերջինիս հարազատների կողմից մատնանշված խախտումների առկայության կամ բացակայության վերաբերյալ»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:
13:59 - 01 հունիսի, 2019
Արդարադատության նախարարությունը և Եվրոպական Միությունը մեկնարկում են նոր ծրագիր

Արդարադատության նախարարությունը և Եվրոպական Միությունը մեկնարկում են նոր ծրագիր

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ այսօր մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում նախատեսվող օրենսդրական մոտարկման գործընթացներին» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում նախատեսվում է վերլուծել ՀԸԳՀ-ում ներառված ԵՄ օրենսդրությունը, իրականացնել ՀՀ օրենսդրության հետ համեմատական վերլուծություն, հիմնվելով ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վրա՝ ներկայացնել վերջինիս իրականացման միջնաժամկետ գործողությունների ծրագիր, մշակել մոտարկման գործընթացի համապարփակ մեթոդաբանություն և ուղեցույց, իրականացնել ՀՀ համապատասխան պետական մարմինների աշխատակիցների վերապատրաստումներ և այլն: Ծրագրում ներգրավված են ԵՄ փորձագետներ, որոնք նախկինում ակտիվ մասնակցություն են ունեցել Եվրոպական միությանն անդամակցող պետություններում օրենսդրության մոտարկման աշխատանքներին: Ծրագրի մեկնարկի հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները: Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշել է, որ հաշվի առնելով այս Ծրագրի կարևորությունը ՀԸԳՀ-ում ամրագրված ներպետական օրենսդրության մոտարկման գործընթացներին աջակցելու տեսանկյունից՝ ՀՀ արդարադատության նախարարությունն ակնկալում է բոլոր շահագրգիռ պետական մարմինների ակտիվ մասնակցությունը Ծրագրով ամրագրված միջոցառումների իրականացմանը:
16:07 - 07 մայիսի, 2019
Իրավաբանական համայնքը քննարկել է Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր

Իրավաբանական համայնքը քննարկել է Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր

Ապրիլի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործման նպատակով երկօրյա քննարկում: Այն կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, Վերաքննիչ վարչական և Վարչական դատարանների դատավորներ, Ֆինանսների նախարարության, Դատախազության, Դատական դեպարտամենտի, ինչպես նաև միջազգային կառույցների՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և GIZ-ի ներկայացուցիչներ, փաստաբաններ, Հիմնադրամի փորձագետներ, քաղացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք: Արդարադատության նախարարի առաջին տեղեկալը, ողջունելով քննարկման մասնակիցներին, անդրադարձել է Նախարարության առաջնահերթություններին՝ նշելով, որ վարչական արդարադատության բարեփոխումները օրակարգի կարևորագույն հարցերից են: Արտակ Ասատրյանը հույս է հայտնել, որ ներկաները, իրենց փորձառությունից ելնելով, կարևոր առաջարկներ ու դիտարկումներ կներկայացնեն ամենօրյա աշխատանքում ի հայտ եկող թերությունները շտկելու նպատակով: «Ինչ վերաբերում է ոլորտի հետագա բարեփոխումներին, որպես ուղեցույց, վերցնելու ենք Բարձրագույն դատական խորհրդի մշակած «ՀՀ-ում արդարադատության արդյունավետության համալիր բարեփոխումների» հայեցակարգը, ինչպես նաև այս քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքներն ու առաջարկները»,- նշել է նախարարի առաջին տեղակալը՝ ներկաներին մաղթելով արդյունավետ քննարկում: ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և նշել, որ վերջին ժամանակահատվածում ակնհայտ է, որ Արդարադատության նախարարությունն ու Հիմնադրամը որևէ նախագծի շուրջ ստացած առաջարկը, կարծիքն ու դիրքորոշումը ոչ թե քննարկում են քննարկելու համար, այլ դրանց հստակ ընթացք են տալիս: Գևորգ Դանիելյանը տեղեկացրել է, որ Վարչական դատավարության օրենսգրքի գործող դրույթների վերաբերյալ ԲԴԽ-ի կողմից Նախարարություն են ուղարկվել 50 էջը գերազանցող եզրակացություն՝ հայեցակարգային դրույթների վերաբերյալ: Տիգրան Մարկոսյանի խոսքով, այլևս սահմանադրական մակարդակով հրամայական է բոլոր հիմնարար իրավունքների առնչությամբ օրենքի մակարդակով ամրագրել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր: «Այս առումով, վարչական արդարադատության ոլորտը չպետք է բացառություն լինի, քանի որ ոլորտում առկա խնդիրները խոչընդոտում են մեր նպատակներին հասնելուն»,- նշել է Տիգրան Մարկոսյանը՝ ընդգծելով, որ նման ձևաչափով քննարկումը բացառիկ է, քանի որ քննարկվում է ոչ թե մշակած նախագիծը, այլ մասնագիտական շրջանակը նախագծում է նախագիծը: Երկօրյա հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Վարչական դատավարության օրենսգրքի ընդհանուր դրույթներին, դատարանում գործի քննության ու լուծման ընթացակարգերին և այլ հարցերին: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի գնահատմամբ, հանդիպումն արդյունավետ էր, քանի որ վեր հանվեցին պրակտիկ գործունեության ընթացքում առաջացած խնդիրներ, որոնց սպասվող նախագծում լուծում կտրվեն:
12:26 - 06 մայիսի, 2019
Քրեակատարողական ծառայության պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է ՌԴ-ում

Քրեակատարողական ծառայության պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է ՌԴ-ում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի գլխավորած պատվիրակությունը 2019թ-ի ապրիլի 23-24-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբի փորձագետների 3-րդ հերթական նիստին, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև պենիտենցիար բժշկության ոլորտի փորձագետներ և գիտնականներ: Նիստի շրջանակներում քննարկվել են անազատության մեջ պահվող անձանց բժշկական սպասարկման ծառայությունների կազմակերպա-իրավական հիմնավորումները, բժշկական ծառայությունների անկախության երաշխիքների արդյունավետության վերաբերյալ մասնակից պետությունների փորձը, թմրամոլների և թմրամոլության նկատմամբ կախվածություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց բժշկական օգնության կազմակերպման առանձնահատկություններն ու ոլորտում արձանագրված հաջողությունները: Զեկույցով հանդես են եկել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հ.Քոչինյանն ու ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետ Ա.Հովհաննիսյանը, որոնք մանրամասն ներկայացրել են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական բժշկության ոլորտում առկա իրավակարգավորումները, մեկնարկած բարեփոխումներն ու հեռանկարային ծրագրերը: Մասնավորապես, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման հայեցակարգի, կազմակերպչական հիմքերի և պայմանների, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունում e-Penitentiary ժամանակակից էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները: Բարձր գնահատելով ՀՀ քրեակատարողական համակարգում և բժշկական սպասարկման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած բարեփոխումները՝ նիստին մասնակից բոլոր երկրների փորձագետներն արձանագրել են, որ բժշկական սպասարկման ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններ ստեղծելու և դրանք քաղաքացիական առողջապահական համակարգում գործող տեղեկատվական շտեմարաններին կապելու նախաձեռնություններն այլևս անհրաժեշտություն են, որոնք իրապես ունակ են ապահովելու պենիտենցիար բժշկության անկախությունն ու արդյունավետությունը: Առաջավոր փորձի փոխանակման և համապատասխան հետազոտությունների տեղեկատվական հարթակ ստեղծելու նպատակով նիստի շրջանակներում որոշում է կայացվել պենիտենցիար բժշկության ոլորտի առնչությամբ մասնակից երկրների կողմից ներկայացված զեկույցներով կազմել իրավա-տեղեկատվական մեթոդական ուղեցույց և հրապարակել այն: Փորձագետների խմբի նիստում քննարկվել են նաև 2019թ-ի հուլիսին Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ 4-րդ նստաշրջանի նախապատրաստման և օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր:
07:20 - 26 ապրիլի, 2019
Հայաստանի պետական սահմանը խախտած կալանավոր, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին վիրահատվել է

Հայաստանի պետական սահմանը խախտած կալանավոր, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին վիրահատվել է

Ապրիլի 24-ին «էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը: Ըստ Արդարաադատության նախարարության հաղորդագրության՝ բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին: Հիվանդը գտնվում է բժիշկների մշտական հոգածության և վերահսկողության ներքո, վիճակը կայուն է: Բոլոր գործողությունները իրականացվել են ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների և Կարմիր խաչի գրասենյակի սերտ համագործակցությամբ:Հիշեցնենք՝ 2019 թվականի մարտի 16-ին ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը։
05:46 - 26 ապրիլի, 2019